ՍԱՄԻՐՈՎ ՃԱՇ

Քաղաքից հեռանալով, ես բռնեցի Քանասարի ճանապարհը: Բայց հանկարծ վարանում եկավ վրաս: Դեպի ո՛ր կողմը գնալ: Բարձրանալ դեպի Սասուն, թե իջնել Մշո դաշտ: Դեպի Սասուն գնալու համար ես պետք է բարձրանայի Սիմ լեռան լանջերն ի վեր և նրա գագաթներից մեկով, որ ճանճիկ էր կոչվում, շրջվեի Շենիք և Սեմալ գյուղերի վրա: Մշո դաշտ գնալու համար՝ պետք է շարժվեի Քանասարի լանջերով՝ ուղղություն վերցնելով դեպի արևելք: Քանի որ բռնել էի վերջին ճանապարհը, որոշեցի շարունակել այն:
     Իմ ետևում մնաց Մուշ քաղաքը իր աղջկանց վարժարանի նորակառույց շենքով: Այդ շինության վրա մի ժամանակ ես էլ էի աշխատում, օգնելով իմ Հովհաննես հորեղբորը, որ որմնադիր էր այնտեղ: Քար ու շաղախ էի կրում, որ հայոց աղջիկները կարդան:
     Քանասարի վրա մի նշանավոր վայր կար, որ Ծծմակա Քիթ էր կոչվում: Ծծմակը քարքարոտ բազուկներից մեկն էր, որ կտրուկ իջնելով վերջանում էր Մշո դաշտի մեջ, Ալվառինջ գյուղի ետևում:
Երեք գյուղ կար Մշո դաշտում, ուր բնակիչները կաթոլիկ էին՝ Հավատորիկ, Բերդակ և Նորշեն:
     Ես աննկատելի հասել էի վերջին երկու գյուղի սահմանագլխին և պատրաստվում էի Ալվառինջի մոտով դեպի Ծըծմակ բարձրանալ, երբ տեսա երկու մարդ վազում են իմ ետևից: Մեկը նորշենցի էր, իսկ մյուսը՝ բերդակցի: Նորշենցին միջակից քիչ ցածր էր, բարակ կեռ բեղերով, ձեռքին մի կծիկ պարան կար և մի քանի ցցափայտ: Նա զայրացած վիճում էր բերդակցու հետ, որը ոչ մի կերպ չէր համաձայնում պարանի ծայրը բռնել: Նրանք մեկ-երկու տեղով կանգ առան, նորից վիճեցին և համաձայնության չգալով՝ շտապեցին իմ ետևից:
— Երևում է դու մշեցի ես և քաղաքից ես գալիս, մի եկ էս չվանի ծայրը պահիր՝ սահմանը որոշենք, — ասաց նորշենցին, որին կոչում էին Ֆրանկ-Մոսո, և իմ թևից քաշելով պարանի ծայրը զոռով դրեց բռիս մեջ:
— Դե հիմա գնա դեպի Բերդակ գյուղի Սալով աղբյուրի կողմը: Ես չվանը կամաց-կամաց կարձակեմ քո ետևից, որտեղ կասեմ՝ կանգնիր, կկանգնես, — ասաց Ֆրանկ-Մոսոն և իր մոտի ցցափայտերը ինձ տալով՝ հրամայեց, որ առաջանամ:
     Վերցրի ցցերն ու գլուխս դեպի նրա ցույց տված կողմը ուղղելով, շարժվեցի առաջ, իմ ետևից քարշ տալով պարանը:
— Էդտեղ կանգնիր, — գոռաց Ֆրանկ-Մոսոն իմ ետևից և դառնալով բերդակցուն՝ ասաց. — երկայնքը վաթսուն չվան է, իսկ լենքը եղավ քսան չվան ու կես: էլի՛ գնա, — հրամայեց նորշենցին, ու ես, պարանի ծայրը մեջքիս ետև բռնած, ցցերը թևատակիս շարժվեցի առաջ:
— Էդտեղ կանգնիր: էս եղավ հիսուներկու չվան ու կես, — ազդարարեց նորշենցին:
— Իսկ հիմա երեք չվան ետ արի ու գնա դեպի Նորշենի կողմը, — կարգադրեց բերդակցին՝ պարանի ծայրը նորշենցու ձեռքից բարկությամբ վերցնելով:
Այս անգամ ես կատարեցի բերդակցու հրամանը: Այդ մարդիկ ինձ այնքան տարան ու բերեցին մերթ դեպի Բերդակի, մերթ դեպի Նորշենի կողմը, որ ես հոգնեցի քարափից-քարափ գնալով, մի հանդից մյուսը վազվզելով:
     Նորշենցին ու բերդակցին նորից սկսեցին տաքացած վիճել: Բերդակցին բարկությունից նորշենցիներին անվանում էր “գրիրա (կրյա) ուտող), իսկ նորշենցին բերդակցիներին՝ “շաղգամ ուտող գավռցի”, և քիչ մնաց գործը տուրուդմբոցի հասներ”
Պատմությունը իմացա:
     Այս երկու գյուղերի միջև սահմանային վեճ կար: Մեկը մյուսի սահմանաքարերը հանելով՝ գիշերով գաղտնի փոխադրում էր մյուսի կողմը՝ հանած քարերի հետքերը վարպետորեն ջնջելով: Սահմանային այդ վեճը այնպիսի սուր բնույթ էր ընդունել, որ նույնիսկ կռիվներ էին տեղի ունեցել մեկ-երկու քարափի կամ խանդակի համար: Մի քանի անգամ պաշտոնական մարդիկ էին եկել կենտրոնից և չէին կարողացել հաշտություն կայացնել դրանց միջև:
— Չեղա՜վ, — ասել էր բերդակցին:
— Չեղա՜վ, — պնդել էր նորշենցին:
     Եվ ահա այս երկու հարևան գյուղերի ներկայացուցիչները համայնքների կողմից լիազորված իջել էին դաշտ՝ իրենց գյուղամիջյան սահմանը վերջնականապես ճշտելու: Եվ որովհետև բերդակցիները գավառի, այսինքն Սասունի կողմից գաղթած լեռնականներ էին և իրենց շաղգամի արտերը և խոտհարքները չափում էին պարանով, ինչպես իրենց պապերն էին արել, ուստի բերդակցին առաջարկել էր սահմանային վեճը լուծել անպայման պարանի օգնությամբ:
     Նորից ինձ տարան ու բերին քարափից-քարափ և այնքան վիճեցին, որ իրենք էլ հոգնեցին, ես էլ: Երբ չվանը տանում էի դեպի Բերդակի հողային տարածությունները, բերդակցին էր գոռում նորշենցու վրա, երբ Նորշենի կողմն էի տանում, նորշենցին էր նեղանում ու խռոված հեռանում:
— Չեղա՜վ, — ասում էր բերդակցին:
— Չեղա՜վ, — պնդում էր նորշենցին:
     Պաշտոնյաներից մեկը արել էր այսպիսի մի առաջարկություն. “Գնացեք ձեր տները, ամեն մեկդ ձեր ուզած ձևով մի ճաշ եփել տվեք, լցրեք հողե ամանների մեջ և նույն ժամին հավասար քայլով ճամփա ընկեք դեպի դաշտ: Որտեղ ձեր ճաշերը սառեցին, այնտեղ էլ կդրվի ձեր սահմանը”:
     Տեսան, որ համաձայնության չեն գալիս, որոշեցին հարցը այդ ձևով կարգավորել: Ինձ վկա գրեցին վիճելի սահմանի վրա, մոտս թողնելով պարանի կծիկն ու ցցափայտերը, իսկ իրենք գնացին, մեկը՝ դեպի Բերդակ, մյուսը՝ Ֆրանկ-Նորշեն:
     ճիշտն ասած, ես էլ դեմ չէի, որ հարցը այդ ձևով լուծվի, որովհետև այդ գյուղերի հանդերը չափչփելով այնպես էի հոգնել ու քաղցել, որ սիրով կուզենայի բաժին ունենալ նրանց եփած ճաշերից:
     Ես այդտեղ սպասեցի մինչև եղավ կեսօր: Մեկ էլ վեր նայեցի՝ տեսնեմ գալիս են, բերդակցին՝ Բերդակի կողմից, Ֆրանկ-նորշենցին՝ Նորշենի: Գալիս էին հավասար քայլով, ինչպես պայմանավորվել էին, և հանդիսավորությամբ, ամեն մեկի ետևից մի քանի մարդ և կին իբրև վկա, նաև երեխաներ, ամանով ճաշերը իրենց կրծքի առաջ երկու ձեռքով պահած:
    Հանկարծ Ֆրանկ-Մոսոն իրենց սահմանի մեջ շփոթված կանգ առավ: Նրա եփած ճաշը ձվածեղ էր և սառել էր դեռ չհասած նույնիսկ նախկին սահմանին: Իսկ բերդակցու կինը խորամանկ էր եղել և եփել էր սամիրով ճաշ: Սամիրը դեղին կորեկի տեսք ունեցող գավարսն է: Ծեծում են և նրանից եփում են թանով սամրե ճաշ, որ երկար ժամանակ տաք է մնում:
     Բերդակցին անցավ իրենց գյուղի նախկին սահմանը և Հաղթական շարժվեց դեպի նորշենցու կանգնած տեղը, մի քանի ոտնաչափ խորանալով հարևան գյուղի հողային տարածության մեջ: Ես ցիցը տարա և ամրացրի Ֆրանկ-Մոսոյի կանգնած տեղում:
Այդպես հաջորդաբար ամրացրի նաև մյուս ցցերը:
Ու սահմանը որոշվեց ժողովրդական հավատքի ուժով՝ համաձայն պայմանի:
Ձվածեղը բերդակցին կերավ, իսկ սամիրով ճաշը բաժին ընկավ ինձ:
— Վա՜յ, Կաքավ, Մոկնաց Հովհաննեսի աղջիկ, էս չվանի մեջ ավելի շատ խելք կա, քան քո գլխի, — բացականչեց Ֆրանկ-Մոսոն իր կնոջ հասցեին, պարանի կծիկն ու մնացած ցցերը իմ ձեռքից առնելով: — Աշխարհը քո սիրուն երեսին նայի, թե քո բռնած գործին:
— Կնոջ խելքը բնովի է և ոչ թե գնովի, — վրա թերեց բեր՜դակցին մանրիկ ծիծաղելով:
     Թեպետ հողային սահմանը երկու գյուղերի միջև վճռվեց իրենց պայմանավորված ձևով, բայց ես զգացի, որ Ֆրանկ-նորշենցիները դժգոհ մնացին արդյունքից և նրանցից մեկը նույնիսկ ոտքով աննկատելի զարկեց իմ ձեռքին, երբ ես կռացած վերջին ցիցն էի ամրացնում:
     Կողմերը շարժվեցին դեպի իրենց գյուղերը, բերդակցիներր ուրախ տրամադրությամբ, նորշենցիներր տխուր:
     Ամենից տխուրը Ֆրանկ-Մոսոն էր: սա քայլում էր գլուխը կախ, կարծես ամաչելով գյուղ մտնել:
Իսկ իմ մտքերը ուրիշ տեղ էին:
     Դաշտեցի այդ երկու հողագործների միջև ծագած վեճը ավարտված համարելով, ես իմ կապոցը վերցրի և Բերդակ գյուղի տակով քայլերս ուղղեցի դեպի Ծծմակի բարձունքները: