ՏԵՐԳԵՂԱՆՔԻ ԳԻՇԵՐԸ

Ծծմակի գագաթի մոտ մի բարձր քարաժայռ կար: Մագլցեցի վեր և նստեցի այդ ժայռին: Կողքիս մի խոր կիրճ էր բացվում, երևում էին վիհեր, անձավներ: Այդ կիրճն ու վիհերը համարվում էին Մշո դաշտի բուք ու բորանի որջերը: Այդտեղից էին ամպրոպն ու մրրիկը որոտմունքով խուժում դաշտի վրա:
     Ծծմակը հայտնի էր իր կաքավներով, որոնք վաղ արևածագից մինչև ուշ մայրամուտ կվկվում էին ձորերի ու ծերպերի մեջ, իրենց գունագեղ փետուրները ժայռերին թափելով:
     Վարժապետ Սենեքերիմը պատմում էր, որ երբ Մշո դաշտի հեթանոս տաճարները կործանվեցին, նրանց քրմերն ու քրմուհիները քարակաքավներ դարձան ու թռան դեպի ապառաժոտ բլուրները: Նրանց մի մասը թաքնվեց Ծծմակա Քթի ծերպերի մեջ:
     Ահա նրանք խմբերով բխում են Ծծմակի քարուտներից և, խախաբալով ու զգույշ պտույտներ գործելով արևի տակ՝ մայրամուտից առաջ շտապում են թաքնվել իրենց խոռոչներում: Մի քանիսը ուղղակի իմ ոտքի տակից թռան և ոլորապտույտ գլորվեցին դեպի ձորը: Ես նայում եմ նրանց և մի տեսակ սրբազան ղող է պատում ինձ. մի՞թե իսկապես դրանք այն հին քրմերի ու քրմուհիների վերափոխված մնացորդներն են:
     Բարձր քարաժայռին նստած ես երկար նայեցի Մշո դաշտին: Բայց դաշտի առաջին բնակիչները, ըստ ավանդության, եղել է Սիմ նահապետի սերունդը, որ ջրհեղեղից հետո բնակություն է հաստատել Մշո թիկունքի լեռներին, որոնք նրա անունով այնուհետև կոչվեցին Սիմ: Սիմ նահապետի կրտսեր որդի Տարբանին բաժին ընկավ այդ լեռների առաջ տարածված հարթությունը. այն էլ նրա անունով կոչվեց Տարբանի կամ Տարոնի դաշտ:
     Մի ուրիշ բան էլ էր պատմում պարոն Սենեքերիմը: Ոչ, սխալվեցի, այդ պատմողը Մելքոն վարժապետն էր, “Ռանչպարների կանչի” հեղինակը: նա ասում էր, որ Մաշտոցի գրերից առաջ Հայաստանում եղել են քարե հեթանոս մատյաններ: Երբ թշնամին մտել է Տարոն և սկսել է դրանք ջարդել, նրանց միջի բոլոր գրերը մի ակնթարթում դարձել են մեղուներ և աղմկալի դուրս փախչելով քարե մատյաններից՝ պարս են կապել Ծծմակի և Ծիրնկատարի ապառաժներին:
— Գնացեք դեպի Ծծմակի կողմերը: Առաքելոց վանքի ճանապարհին, ուր Արաբոյի քարն է, — աչքերը սրբելով ասաց մի անգամ Մելքոն վարդապետը, — իր մոլեգին սլացքի մեջ անշարժացած մի գագաթ կա թուխ ժայռերով, որ կոչվում է Մեղրի քարեր: Դա մեղրաճանճեր դարձած մեր հին ու հալածական գրերի հավերժական բնակավայրն է: Իմաստության փոխարեն նրանք այժմ որձաքարերի խոռոչներից կախված մեղր են շինում մարդկանց համար:
     Ծծմակա Քթի մեծ ժայռին նստած նայում եմ Մեղրի քարերին: Մեղուները մայրամուտի ցոլքերի մեջ վերջին պտույտներն են գործում իրենց քարե փեթակների շուրջ:
     Ալվառինջ գյուղը իմ աչքի առաջ է: Դեպի աջ Տերգեվանքն է, իմ մորաքրոջ գյուղը: Գինեվարդ մորաքույրս խաշած ցորեն է փռել տանիքին: Սարի կողերով շինականներ են իջնում դեպի գյուղ: Առաքելոց վանքից են գալիս: Գնացել են մոմեր վառելու Դավիթ Անհաղթի գերեզմանին: Մորաքույրս ինձ մի օր վանքում տեսնելով՝ ասաց. “Դու էլ մի մոմ կպցրու Անհաղթի խաչքարին”: Ես ասացի՝ թող տերգեվանքցիք կպցնեն, իրենց գյուղումն է ծնվել: “Ինչի, դու հայ չե՞ս”, նեղացավ վրաս Գինեվարդ մորաքույրս և մի դեղնամոմ վառելով՝ տվեց ձեռքս, ինձ տանելով դեպի վանքի արևելակողմը և չոքեցնելով մի հին խաչքարի առաջ:
Այնքան հափշտակված էի Ծծմակից դեպի Մեղրի քարերը և Ալվառինջ ու Տերգեվանք գյուղերը բացվող տեսարանով, որ աննկատելի իջավ երեկոն: Նախ թանձր մթնեց, ապա երկնքի չորս կողմը առկայծեցին աստղերը, ասես իրարից լույս առնելով:
Գեղեցիկ է գիշերը Մշո դաշտում:
     Ահա իմ գլխավերևում կանգնած է Հակոբի ցուպը: Կաթնագույն Հարդագողի եզերքին հետզհետե կամար կապեցին Լուծքն ու Կշեռքը: Մեկը Հավատամք լեռան ետևից ելավ, մյուսը՝ Մանազկերտի բերդի: Լուծքի աստղերը ես հիանալի զանազանում եմ իրարից: Դրանք յոթ սանամոր աստղերն են՝ Մեծ Արջը: Յոթից առաջինը Մաճկալն է, մի զույգ գոմեշ և մի զույգ եզ լծած: Վեցերորդը՝ Հոտաղն է Լուծքին նստած, իսկ յոթերորդը՝ զատվորն է, որ մաճկալի և հոտաղի համար հաց է բերել դաշտ: Զատվորի կողքին հազիվ նշմարվող մի ուրիշ աստղիկ էլ կա, դա էլ զատվորի շնիկն է:
Շուտով կերևա Բույլքը:
     Ուղիղ իմ դիմաց կարմրավուն փայլով շողշողում է մի սիրուն աստղ, որ մի քիչ առաջ Նեմրութի թիկունքից ցատկեց երկինք: Դու նրան մի շփոթիր Լուսաստղի հետ: Դա Քարվան-Կորուսն է, որով շատերն են մոլորվել ճանապարհներին:
     Ցուլի պարանոցի վրա վառվեցին Բույլքի աստղերը: Լուսինն ու Լուսաստղը ելան: Ծծմակի քթին նստած տեսնում եմ, թե ինչպես Լուծքն ու Կշեռքը, Լուսաստղն ու Քարվան-Կորուսը փայլփլելով դանդաղորեն շարժվում են Մշո դաշտի վրայով:
     Մի աստղիկ դեմ է առել Մեղրի քարերին և շունչը պահած նայում է Սիմ լեռան քերծերից իրեն ժպտացող մի ուրիշ աստղի:
     Ուշ գիշեր է: Ինչ-որ մեկը իր արտն է վարում դիմացի լանջին: Երևի Ալվառինջի շինականներից է: Այնպես պարզ լսվում է գութանի ճռռոցը գիշերային խաղաղության մեջ: Եզները հոգնած շարժվում են լեռան կողերով: Ես տեսնում եմ նրանց կարճ ու կեռ եղջյուրները, որ մերթ ստվերի մեջ են ընկնում և մերթ ուժգին փայլում լուսնի տակ:
     Գնացի բռնեցի գութանի մաճը և մինչև լուսադեմ վարեցի: Բույլքը այնպես պայծառորեն շողում է երկնքում: Այդ այն ժամն է, երբ ուղևորները ասում