ԾՈՎԱԿ

Ձա'յն տուր, ո՜վ ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս:
Շարժեցե'ք, զեփյո'ւռք, ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ:

Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա',
Մի՞թե միշտ այսպես կմնա Հայաստան
Փշալից անապատ, երբեմն բուրաստան:

Մի՞թե միշտ այսպես ազգը խղճալի,
Կլինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե աստուծո աթոռի մոտին
Անարժան է հայն ու հայի որդին:

Արդյո'ք գալո՞ւ է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք:

Դժվա'ր այդ. միայն տեսուչդ վերին,
Կենդանացրո'ւ հայության ոգին,
Ծագի'ր նոցա դու քո լույս գիտության,
Որով իբր էակ նոքա բանական
Կճանաչեն մարդուս կյաքի խորհուրդը,
Կլինին գործովք տիրոջ փառաբան: