ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ

Լօ՜, լօ՜, լօ՜, - Սիփանա սեգ սարի վրա,
Կտրիճները շտապով գալիս են միանում,
Այնտեղ անվախ որդիք հսկա լեռան վերա,
Զենք ու զրահի են ընթանում:
Ահա' վառվում են՝ զինվում,
Սանձակոծ ձի հեծնում անհամբեր,
Արյունը նըրանց բորբոք սրտի մեջ եռում,
Թռչում, անցնում անհամբեր,
Զերթ Սիփանա պինդ քամին,
Սլանում են դեպի ցած,
Դաշտի միջին թշնամուն
Պատահում են - և մեծ վրեժ անմոռաց,
Ահեղ կռվում նրանից առնում,
Հատու սուսերը հանում,
Ցեղապետին են սպանում,
Եվ զերթ կիզող հուր վառվում:
Այժմ բոլոր ցեղն ոտի կանգնած՝
Թշնամու դեմ մահառիթ մարտի է կանչում,
Արյան մեծ վրեժը թշնամուց պահանջում,
Եվ թշնամին մարտըված՝
Թողնում փախչում սարե-սար՝
Հետ ձգելով մեծ ավար:
Արյուն թափեցին փոխանակ արյան,
Արյուն քամեց ծարավի սուսեր,
Նրան հագեցած՝ դրեցին պատյան,
Ելնում են ի լեռ՝ սեգ Սիփանն ի վեր,
Սեգ Սիփանա կանաչ գլխին հաղթող
Ցեղն անում է մեծ խնդում,
Եվ ամպերի թանձրության միջից
Հըսկա Սիփանն ամբողջ թնդում.
Էլ չե'ն գալիս մեզ մոտ թշնամիք,
Սուր տեսան մեր պողպատիք: