ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ

“Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ”:
“Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված”:
“Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի”
“Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո'ղ փողփողի թշնամու դեմ,
Թո'ղ կործանվի Ավստրիան”:
“Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
Պատերազմի գործերում
Կարե օգնել յուր եղբորը,
Զանց չարեցի քո սիրու”:
“Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
Շուտ ձի հեծի'ր քաջի պես,
Գնա' փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդես”:
“Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կը զոհվի”:
“Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա', թեև չեմ կարող գայ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր”:
“Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին”:
Ասաց. տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
ՈՒր երեք գույն կան որոշ:
Եղբայրն առավ և ողջունեց
Յուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր:
- Քույրի՜կ, - գանչեց քաջ պատանին, -
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:
Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
Հայրենիքի նվիրված:
Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի'ր որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի:
Ասաց, վազեց դեպի հանդես
Ավստրիացոց հանդիման,
Յուր արյունով գնել հավերժ
Ազատություն իտալյան:
Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշե,
Ո՜Ւր մեր տիկնայք փափկասուն:
Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛... թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են: