ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ազատն Աստուած այն օրից ,
Երբ հաճեցաւ շունչ փչել
Իմ հողանիւթ շինուածքին ,
Կենդանութիւն պարգեւել .
Ես անբարբառ մի մանուկ ՝
Երկու ձեռքս պարզեցի ,
Եւ իմ անզօր թեւերով
Ազատութիւնն գրկեցի ։
Մինչ գիշերը անհանգիստ ՝
Օրօրոցում կապկապուած ,
Լալիս էի անդադար ,
Մօրս քունը խանգարած ,
Խնդրում էի նորանից
Բազուկներըս արձակել .
Ես այն օրից ուխտեցի
Ազատութիւնը սիրել ։
Թոթով լեզուիս մինչ կապերն
Արձակուեցան , բացուեցան ,
Մինչ ծնողքըս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան ,
Նախկին խօսքն , որ ասացի ,
Չէր հայր , կամ մայր , կամ այլ ինչ .
“ Ազատութի՜ւն ” դուրս թըռաւ
Իմ մանկական բերանից ։
“ Ազատութի՞ւն ” ՝ ինձ կրկնեց
Ճակատագիրն վերեւից .
“ Ազատութեան դու զինուոր
Կամի՞ս գրուիլ այս օրից ։
Ո՛հ , փշոտ է ճանապարհդ ,
Քեզ շատ փորձանք կը սպասէ .
Ազատութիւն սիրողին ՝
Այս աշխարհը խիստ նեղ է ” ։
- Ազատութի՜ւն , - գոչեցի , -
Թող որոտայ իմ գլխին
Փայլակ , կայծակ , հուր , երկաթ ,
Թո՛ղ դաւ դնէ թշնամին .
Ես մինչ ի մահ , կախաղան ՝
Մինչեւ անարգ մահու սիւն ,
Պիտի գոռամ , պիտ կրկնեմ ,
Անդադար՝ Ազատութի՜ւն ։