ՑԱՅԳԱՆՎԱԳ

Պարզկա գիշերվան համատարած սպիտակ լույսերուն մեջ ո՛վ չզգար խորհուրդն անծայրածիր Գոյության. ո՛վ չի լսեր ձայները` որոնք միջոցին մեջ հավիտենության անծայրածիր գաղափարը կ’երգեն: Ծնունդի խորհրդասքող գիշե՜ր, ուր հոգիները կը վերածնին ու Մտածումները կը սլանան դեպ ի անհուն բարձունքը դարավոր խորհրդանիշին. ադամանդե երազունակ ու լայնալիճ նայվածք, որ հոգիներու վրա կը քրթի ու կը հալածե մշուշն անոնց ըստվերոտ ծալքերուն:

Զանգակները կը հնչեն, երգերը կոգևորեն, ու բոլոր ձայները ցնծագին համերգության մը մեջ կը միանան. հոգիներու ծնու՛նդն է:

Լուսավորները կը վառին, խունկերը կը բուրեն, լույսերն ոսկի բոցերով կը փայլին. հոգիներու ծնու՛նդն է:

Շրթունքները մեղմագին կ'աղոթեն, նայվածքները կը բոցափայլին, ու ձեռքերը կը վերանան. հոգիներու ծնունդն է:

Տաճարին մեջ, լուսավառ սեղաններու վրա, ոսկեհուռ թավիշե բահվանդներով միստիք գրքեր փակ ու լռին կ'աղոթեն. վայրկյանի լռություն մը հոգիներու մեջ անծանոթ դողեր կը թափանցե, ու նայվածքները, գութի ու գորովի տամկությունով լեցուն, կը պսպղան. հոգիներու ծնուննդն է:

...Երգերը կը վերսկսին, զանգակները դարձյալ կը հնչեն, մրմունջներն անդուլ կը բարձրանան, կնդրուկներն անընդհատ կը բուրեն, և սիրտերը միշտ, մի°շտ, անհուն սլացքներով, կը վերանան. հոգիներու ծնունդն է...

 

** *

Քու խորհուրդիդ վեհության առջև, ո՜վ սիրական ու պաշտելի գիշեր, կ'ըզգամ որ ձեռքերս, ներքին հզոր ազդեցությունե մը մղված, կը միանան, ծունկերս կը խոնարհին, շրթունքներս կը դողդոջեն, ու նայվածքներս կը մոլորին իրենց տենդահույզ թափառումներուն մեջ:

Ո՜վ սուրբ գիշեր, հոսեցուր սրտիս մեջ կաթը քու սպիտակ խորհուրդիդ և զիս քու անբիծ գորովանքիդ հավիտենությանը մեջ ապրեցուր, քու հրայրքիդ բոցավառ ծիածանը շողացուր հոգվույս խավարին մեջ և էությանս պարապը քու հույզերովդ, քու սուրբ ու կենսառատ հույզերովդ լեցուր:

Դուն որ Կյանքը տվիր ինծի, ո՜վ Տեր, ապրիլ սովրեցուր, ցողե իմ հոգիս ցողովն անհուն գթության, ու թող ձյունե սրտիս մեջ հավերժական սպիտակությունը քու սրբություններուդ, տու°ր ինծի, ո°վ Տեր, քաղցր մոռացոնքն աշխարհի մորմոքներուն և հետադարձ մոլորանքին ցավն ինծի խնայե:

Քու սատափե երազիդ գունագեղ շողերուն մեջը զիս թաղե, ո՛վ սուրբ գիշեր, և հագեցուր անսահման պապակն որ անդադար կ'այրե հոգիս: Մանուկը` որ կը նիրհե իմ հոգվույս խորը, արթնցուր և հնչեցուր դարձյալ վաղեմի ձայնը` որ լռած էր սրտիս մեջ:

Ո՛րքան քաղցր է սուզվիլ քու պայծառ խորհուրդիդ ջինջ անհունության մեջ. թո՛ղ որ հանգչեցնեմ հոգնաբեկ ճակատս սփոփանքիդ շողերով ու մոռնամ պահ մը անսահման խանդաղատանքիդ մեջ փանաքի վրդովումներն աշխարհի ունայնություններուն, ո՛վ սուրբ ու պաշտելի գիշերը հոգիներու Վերածունդին...