ԱՇՆԵՐԳ

Ե. Պ.-ին

Սա՜րն ի վեր, թռա՛վ գնաց հոգիիս սպիտակ աղավնին. անու՛յշ հոգյակ. բայց իր թռիչքին ճերմակ աղոթքը, բայց իր նայվածքին մեղրիկ կաթիլքը, հոգվույս մեջ է դեռ. հոգվույս մեջ է դեռ:

Ամրան տաք երազիս, այս ճերմակ թռչունը, սահեցավ անցավ աշնահար ծառերուն սրսփուն հեծեծանքին մեջեն ու ծովուն ալեդող փրփուրներուն վրայեն. մինչև հորիզոնին ծայրը, ավելի անդին՝ հոգվույս հուսաբեկ դառնանույշ գալարումին վրա. ավելի՜ անդին՝ կորսված հորիզոնի մը ոսկեջինջ արշալույսին մեջ, օ՜հ, իմ երազիս ճերմակ աղավնի՜ն:

Հո՛վը, հովը՝ որ ահա պատուհանս փակեց. հովը, գիսախռիվ, մոլեկա°ն Սեպտեմբերին հովը՝ որ ահա՛ կ'իջնե մինչև հոգվույս ալ լոսոռոգ պատուհանները, մինչև ծիրանի ճրագները իղձիս, իր անձրևոտ, ցուրտ ու փրփրոտ շունչը նետելու համար հոն. հո՜վը, որքա՜ն մսեցուց արդյոք հոգյակդ, ա՜հ, որքա՜ն, որքա՜ն, երազանքիս սպիտակ աղավնին:

Ամպամած գաղջ իրիկուն մըն է հիմակ, հոգվույս համար, հոգվու՛յդ համար. լուսինը՝ տիրամոր քաղցր, թախծագին, լացող նայվածքի մը պես ժպտեցավ այս իրիկուն ամպերուն շեկ շղարշին մեջեն. ու մանրահատ անձրև մը ուրախության արցունքի քաղցրությամբ իջավ մինչև հոգվույս հուշքերուն մեջ, ուր սիրացոլ նայվածքներուդ ողկույզն է կախվեր՝ անշիջանելի՜: Այս իրիկուն, օ՜հ այս իրիկուն, ի՜նչ անբացատրելի քաղցրություն է որ կը ծորի լուսնին փախստյա նայվածքներեն, ի՜նչ երանություն, ինծի համար, որ լուսնին ուխտավորն եմ, երբ ան մթագին գիշերներու ապաշխարանքին մեջեն հանկարծ կը բացվի լիարծաթ, լիաբակ, վազքի մը պես՝ որ հորիզոնին ծայրը կը բարձրանա՝ աղոթավոր, քմայական, միստիք շրջագծով. օ՜հ, ի՜նչ քաղցրություն է այս՝ զոր անտես ցայտք մը սրտիս մեջ կը հոսեցնե. ա՜հ, այն ոսկի արշալույսին կուսությանը մեջ թառած, դու՛ն ալ, սպիտա՜կ աղավնիս, դու՛ն ալ լուսնին նայեցար...