ԿԱՅԾԵՐ

Հոգվույս դափ ու թմբուկի
Կ’իջնե ծիծաղն այս գիշեր.
Ծնծղաներու պես ցնծուն՝
Ծափ կը զարնեն իմ հուշեր:

Բամբիռներու երգին հետ
Քու շահենի աչքերուդ
Ծիրանեծին բոցն հըրուտ
Կ’այրի հոգվույս մեջ նորեն:

Գինով՝ աննյութ նեկտարեն
Համբույրներուն ծաղկանույշ՝
Հոն խոլաբար կը պարեն
Շարժուձևեր բամբիշի:

Ցայգն համրորեն կը մաշի՜,
Ա՜հ, քի՜չ մըն ալ, քի՜չ մըն ալ,
Կ’ուզե հոգիս գինովնալ
Նայվածքիդ մեջ հրահոսան: