ԽՈՆՋ ԻՐԻԿՈՒՆՆ ԱՐԱԳՈՐԵՆ…

Խոնջ իրիկունն արագորեն կը խոնարհի դեպ ի խավար
Բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ,
Երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ հուզումնավար:

Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ,
Ցնցված ձայնեն ճոկաններուն` որոնք կու լան դուրսը անդուլ.
Պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ:

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
Ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.
Փա¯կ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անհամբեր դուրս կը նային.
Ա¯հ, լռությունն` որ կը տևե, և ըստվերներն ու կը քալե¯ն…

Շուրջիս անփույթ իրեն համակ հարցումերուս հանդեպ խուլ են,
Հանդիսատես կ’ըլլամ մտքիս պատկերներուն քայքայումին
Դու չե՜ս գիտեր թե ի՛նչ կըզգամ գուրգուրանքես երբոր իմին`
Քեզի համար տենդով հյուսած երազանքնե՛րս իսկ կը խըլեն…