Շերամատան
մեջ կը հնչեն
բոժոժները
զիլ` դափին,
Որուն հուշիկ
կ’ընկերանա
ձայնն երգեցիկ
կիներու,
Եվ կը մարի
մերթ ճարճատուն
ծիծաղներուն
մեջ ծափին,
Պատուհանեն
լուսնի լույսի
շափրակներ
ներս կը թափին:
Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին`
Խածումն որուն` կը քթքթա տերևուտքին մեջ դալար.
Ու սատափներ, ու զյումրյութներ, ու շողակներ… միասին.
Մեկ փաղփի մեջ կը նույնանան շերամ, տերև ու լուսին:
Երազանուրբ անասնիկին օրհասն ու մահը ըսպիտակ,
Վերջին քունն ալ դափ ու ծափով պիտի տոնեն վաղ գիշեր,
Օդանույշի ձեռքով բանված զանակածոպ լույսին տակ
Հինգ աղջիկներ հուսկ օրորը պիտի երգեն վաղ գիշեր…