ՄԹՆՇԱՂՆԵՐ

Վերջալույսին աղջիկն է իր կուսության մեջ քրքում.
Ինչո՞ւ մինակ մընացի երազիս հետ թախծագին.
Թմբիներու բույրին տակ, նուռիներու ծաղիկին`
Ա՜հ, ինչո՜ւ ես մընացի գիրկն երազին այս տրտում:

Ո՜վ դուն հիրիկ ծաղկանույշ, երբ անցար հետ լույսերուն,
Բան մը փըլավ հոգվույս մեջ, քայքայումով ողբագին.
Դարձիդ քի՜չ մըն ալ ժպտե սա՛ լուսաբաղձ հիվանդին`
Որ քիչ առ քիչ կը մեռնի՜ կառչած իր խոլ հույսերուն…

Մութը կ’իջնե հոգվույս` ուր վաղո՜ւց գիշեր է արդեն.
Ըսպասումի՜ ցայգ` ուր դեռ չըշողաց լո՜ւյսն երազին.
Հազիվ քիչ մը բույր ծըծած մոռացումին ես վարդեն
Նորեն քեզի՜ կը դառնամ, ա՜կն արևիս ոսկեծին:

Լուսնի պայծառ տիվին տակ պիտի համրեմ անդադար
Բուստե զարկերն ոգևոր` առույգ սիրո երազին.
Ա՜հ, քիչ մը լո՜ւյս, ժըպի՜տ մը` որ կյա՜նք ինծի պիտի տար,
Եվ փարատեր լըքումն` որ կը ծանրանա իմ ուսին:

Եկո՜ւր, արդեն կը մըսի՜ն հեք երազներն իմ որբուկ,
Ա՜լ հոգնած եմ անցնելեն կածաններե մենավոր,
Անձրև կ’իջնե հոգվույս մեջ, կը զգամ մահվան սրսըփուք,
Ձեռքս է պարապ մընացեր դատարկին մեջ սըգավոր: