ՑԱՅԳՆ Է ՊԱՅԾԱՌ

Ցայգն է պայծառ անհունորեն
Ցոլցըլանքովն իր խոլապար.
Օդանույշներ` որ մեղմաբար
Քնքշանքով զիս կը պարուրեն:

Բուստ համբույրով` որուն կարմիր
Կարոտովն իմ հոգիս կուլար,
Ինչպես փանդիռ մը մեղմալար`
Պոնդերու տակ մեղկ ու ցանցիր:

Պարզկա ցայգուն անուրջին մեջ
Լըվալ կ’ուզեմ հիմակ հոգիս,
Եվ հըրահրել երբեմնի շեջ
Աշտանակներն իմ երազիս:

Մըտածումըս կ’անցնի նորեն
Շավիղներեն իր լուսավետ,
Հեշտություններ հոգվույս հավետ
Բերելով իր ճամբաներեն:

Գինո՜վ եմ ես ծաղկանց բույրեն,
Տարաշխարհիկ ու գըրավիչ,
Ու ձայներն ալ` որ քիչ քիչ
Իմ երազներըս կ’օրորեն:

Եվ անծանոթ աշխարհներուն`
Անեզրին մեջ խորհրդազեղ`
Կ’անդրադառնա մեջն իմ հոգուն
Կրկներևույթը գունագեղ:

Պիտի ըզգա՜մ ես տևաբար
Բուրումն անոնց ծաղիկներուն,
Որոնք հեշտին կը դառնան պար`
Լուսացնցուղ ցողով լեցուն:

Պիտի ծըծե՜մ ես անդադար
Հոծ երազանքն անոնց բալին,
Ու շողերն` որ կը փալփըլին`
Ոսկեպաղպաջ` ինչպես նեկտար:

Պիտի անցնի՜մ ես խանդավառ
Այդ լուսոռոգ ուղիներեն.
Ես` ուխտավոր ուղեմոլար`
Խորհրդածուփ թափառելեն:
Պիտի անցնի՜մ ես Անհունին
Հավերժալուռ երկինքներեն,
Մինչև հույզերս ամեն թոշնին`
Ու ես երկիր դառնամ նորեն: