ԻՐԻԿՎԱՆ ՁԱՅՆԵՐ

Կ’ալեկոծին տարփոտ ձայներն իրիկվան,
Հորձանքին մեջ հոգնակոհակ հովերուն.
Անրջածուփ, նըվաղ բույրերն երերուն
Վերջալույսին մեջ ոսկեզօծ` կը հևան:

Խըրախության աղաղակներ հեշտալուր
Կը պլլըվին այդ ցնծագին նըվագին.
Ու կ’անհետին` մեջն այդ ծըփուն հորձանքին`
Հեշտերգությանց թույլ ծըվեններ կցկըտուր:

Զիլ գեղգեղներ ու նըվագներ վրդովիչ,
Ու ջութակի սարսուռին գիծը կարմիր…
Արևմարքին ծաղիկն, որ չի՜ թառամիր,
Ինքն ալ գինով ըզգլխանքեն այս թովիչ:

Աղմըկահար սույլն ու արշավն հովերուն,
Հծծյունները ծաղիկներուն խատուտիկ,
Բարտիներու խարշափն ու ծափն հանդարտիկ,
Եվ համերգը խանդոտ` գետին մոլորուն:

Կըստվարանա ալիքն հրճվոտ այս ճիչին,
Ու կը բախղի հոգվույս պորփյուր քարափին,
Ու կ’ոռոգե զիս փրփուրին մեջ ծըփին
Երբ խնկագույն լույսերն ինձմե կը փախչին:

Արծաթ լույսերն հիմակ տակավ կը ծաղկին,
Ու կը ցայտե թավ հեծեծանքն ուտերուն,
Լազվարթ ժամեր լուսնի շիթ շիթ կաթիլքին
Մեջ կը թրթռան իրենց համբույրն անանուն…

Եվ հոգիներ կ’իյնան անոնց ծնրադիր,
Սիերգությանց ըմպած հըմայքն հըրեղեն.
Պայեր անոնց միստիք ճամբան կը պեղեն,
Ու կը ցնծան լույսով` զենիթ ու նատիր:

Ու կը բացվի փալփլուն` գիշերն երջանիկ,
Արձագանգներ կը խաղան դեռ հոս ու հոն.
Քերթված մըն է ցայգն համորեն, ջի՜նջ գեղոն`
Որ կ’երփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ: