Կը դառնա
ժիր կախիլներն
իմ ապրըշումե
անրջանքիս,
Ոլորելով դեղին,
ճերմակ մահն
երբեմնի շերասներուն.
Խըռովանքիս
մեջ կըսպասեմ,
ո՞ւր, արդյոք
ո՜ւր պիտի
հանգի
Կույս ու ծաղիկ
երազներուս
դեղձան շառափը
մարմըրուն:
Դառն հրճվանքով ես կը դիտեմ խելխոլ շրջպարն այդ դարձդարձիկ,
Գիրկն անդորրիս կիսամըրափ և անձկանքիս մեջ ամրափակ,
Տենչ մը դալար բաղեղի պես կը պլլըվի հոգվույս բաղձիկ`
Զոր տենդագին կը գալարեր հուր սերերուն ուժգին պապակ:
Հապօ՜ն, անցի՜ր, ծըծե՛ հեշտին համբույրն անույշ լելակներուն,
Ու թևաբախ սուրա հոն` ուր զույգ մը դաշտեր բիլ սմբուլի
Քեզ կըսպասեն` խնկապատար ցայգուն ցողովը թաթավուն,
Իրենց անհուպ միայնության մեջ` սըգավոր ու հեշտալի:
Շրջանն ըրե մարմանդներուն ու ծաղկածին հովիտներուն,
Անցիր տըմույն ըստվերներու մեջ աղոթող անտառներեն,
Գոտի հյուսե շուրջն ալևոր քարշեպներուն ու գալարուն
Գետին վըրա` որ կը վազե հըռնդալեն ու հևալեն:
Անցիր փաղփուն հյուսիսայգին բորբ աչքերու շամանդաղին,
Մինչև երդեմն արտորսրազօծ` կանացի բոց հոգիներուն,
Ըսե կրակոտ նայվածքներուն թե մանո՜ւկն եմ իրենց խաղին
Ու տար անոնց դողն ըստվերոտ պաղատանքիս իմ մոլորուն:
Այս իրիկուն, լուռ, անշըշուկ, օրհասին հետ բզզյուններուն,
Ու խաղաղիկ հորձանքին մեջ թռչուններու ցագանդորրին,
Այս իրիկուն, թե՜լն անուրջիս, գընա՛, անցի՜ր, հուշիկ հեռո՜ւն`
Լուսածըրար երկինքներու ճամբաներեն լայն ու լըռին:
Խոլ դարձիդ մեջ, գընա՛ պահ մը կայքն ադամանդ աշխարհներուն,
Ժապավենիդ վրա շարելով անոնց արցունքը գունագեղ.
Խորասուզե ծոպդ ոսկեզօծ` ծովածիծաղ ու թրթըռուն
Քընարին բիլ նայվածքներուն ծփծփանքին մեջ հորդազեղ:
Ու շնչահատ վազե մինչև միգամածներն ոսկեփոշի,
Ու ցնծագին անցիր անոնց մըշուշապատ շավիղներեն,
Բայց անոնց բյուր շըլացքներեն քու ճղճիմ հուրքդ երբոր մաշի,
Փոթով ինծի՛, փոթով ինծի՛, փութով ինծի՛ դարձիր նորեն…