ՋՈՒՐԻՆ ԴԱՐՁԻՆ

Երբ բըլուրն ի վար
Աղբյուրեն դարձին,
Իր վասքի խուրձին
Մեջը սողոսկի
Նուրբ մատիկն ոսկի
Արևի լույսին.
Հին սափորն ուսին
Երբ բըլուրն ի վար
Աղբյուրեն դարձին,
Մեղմով ծածանի
Լաջակն հողմավար`
Թևով թռչունի.
Ու ծիածանի
Թույրով պսպըղա
Աչքն իր գեղանի.
Եվ երբոր ցնծա
Հնչյունը` ծնծղա
Զարդոսկիներուն.
Տենչանքով անհուն
Հոգիս պիտ’ ըղձա
Գանձեր` զոր չունի:
Ծարավ շիղին պես
Պիտ’ ըղձա անի
Երկու կաթիլ ջուր
Շուրթերուն իր կեզ:
Եվ իր ճակատին`
Զովացքը ցրտին,
Ճակատին կըրակ`
Զովացքը ցրտին,
Կարմիր սափորի
Ջուրին սառնորակ
Ցողովը բերրի`
Կակաջ ձեռքերու…
Ա՜հ, այս իրիկուն
Սափորն իր ուսին
Աղբյուրեն դարձին`
Սիրույս անանուն
Ջերմ սարսուռներով
Կը դողա սոսին…