ԱՆԴԱՐՁ

Լուսնի լույսը ծառերեն ծաղիկի պես էր կախվեր.
Ապրիմ-մեռնիմ մը ձեռքըս` սիրույս ճամբան ես ինկա.
Ա՜հ, լսեի՜ր, տերևին հովը ինչեր կը հծծեր:

“Կը սիրե՛ զիս, չի սիրեր, քի՜չ մը, բընա՛վ… տարփագի՜ն…”
Մեկիկ մեկիկ փետտեցի, գաղձերուն հետ ձանձրույթիս
Եվ արյունող փուշին հետ սրտիս մխվող թախծանքին:

Ինչպե՜ս կրկնեմ բարբառը երիցուկին մարգարե,
Հե՜ք ծաղիկ, զոր խեղդեցի վայրկյանի մը մեջ անհույս`
Ուր ձեռքիս մեջ կը սուրար ձեռքիդ երազն համպարե:

Ինչպե՜ս կրկնեմ տաղերը նարկիսներուն ու վարդին,
Ու վիպերգը` կեռասե բադրոններուն վրա ձյունող
Ճերմակ բուրյան շափրակի բադիլներու մեղեդի՜ն:

Շամանդաղին մեջ` թել թել կ’իյնա ջրցայտքն անտարբեր.
Լուսնի լույսին կ’երկարին առվակի զույգ մը թևեր,
Ու շրջավայրը կ’ըլլա աղապատանք մը տարփոտ:

Ճամբուն վըրա կը կրկնե աղբյուրն անվերջ հեքեաթներ,
Գուռն հիացիկ մանուկի աչքի մը պես է բացվեր.
Ջըրաբքին մեջ կ’ուրվագրե լուսինն աղջկան մը պատկեր:

Թավուտին մեջ թևաբաց, ահա՜, տեսիլդ է կայներ.
Այծտերևին հոտևան մատերն հերքըդ կը շոյեն,
Ու տերևներ վահերոտ կու տան իրենց համբույրներ:

Մառախուղով կը լենա հի շրջագիծն երազիս,
Ուր ամբարձիկ մարմինիդ հըպարտ շուշանն է կեցեր.
Հոգվույդ կարմիր կարոտի, ա՜հ, պատարա՜գ ըրե զիա:

Ապրիմ-մեռնիմ մը ձեռքս` նորեն դաշտերն ես ինկա
Ու տենչանքներըս գրկած լացի մարմինդ ըսպիտակ.
Դարձիս` ճամբան` սառե՜ր էր` տամուկ` լո՜ւյս ու լուսինկա…