ՋՐՏՈՒՔ

Հոյհո˜յ, գետը կը թրջե ցայգուն քամակն արծաթված,
Իր հորձքին մեջ ծեծելով անդուլ խարակն ու խութրե,
Հոյհո˜յ, առուն հորդառատ դալարին ծոցն է նետվեր
Գաղջ տափանքովն իր ջուրին` ուր արևը կապրի դեռ:

Հակուրջի մը առկախված գյուղակն անդին կ’օրորեն
Անրջական հյուսվածքով խումբ մը ժայռի ըստվերներ.
Վանքին բակը` կ’աղոթեն հսկա ծառեր տարորեն`
Վանքին տամուկ շուքին մեջ Աստվածամարն է կայներ:

Ու գյուղակին դեմ նստած, երիտասարդ ու պչրոտ,
Պարտեզները` վերեն վար վազեղ ջուրին կըսպասեն.
Ա˜լ հափրացած խոլ գետին անարգավանդ դարպասեն,
Ու լըռությունը խածնող լուտանքներեն արհավրոտ:

Գիշերային ջրտուքի ժամն է. լույսին մեջ կայնած,
Մըշակն անքուն կըսպասե˜, ոտքը բոպիկ, բահն ուսին.
Պարտեզներուն վրա կ’իջնե թեթև քողք մը միգամած,
Ու ծղրիդներ` լուսնակով արբշիռ` անվերջ կը խոսին:

Ու կ’երկարի լուսարծաթ ժապավենն այդ բարբառին,
Ինչպես փախչող ասուպի կոթունները կաթնավետ.
Ավազին վրա ջուրերու կ’իյնա շառաչը վետվետ,
Խարույկները` ոսկեբաշ` ուրեք ուրեք կը վառին:

Հոյհո˜յ, առուն կը հասնի ցանկապատին քովերեն
Եվ երգի քուղ մը կու գա պլլըված իր գոտիիեն.
Սյուք մը կ’անցնի, տերևներ ծա˜փ կը զարկեն ցնծագին.
Վարեն ջուրը կը խայտա, կը խնդա լույսն ալ վերեն:

Թումբերն անդուլ կը բացվին, ջուրն անդադար կ’ոռոգե
Վարդենիքը, թըթաստանն և ածուները բոլոր.
Բահի երկու հարվածով նայիս առուն կը թեքե
Օձաճապուկ ձևերով հեղուկ իրանն իր ոլոր:

Ջուրն անընդմեջ կը հոսի, ածուները կը լենան,
Ու, դարձուցե˜ք, կը կանչե ծեր մը մութին ընդմեջեն.
Խիճերուն ու սիկին մեջ, բահերը` խու˜լ կը հնչեն,
Ու դարձուցե՛ք, դարձուցե՛ք, կը կոչե ձայնն անխափան:

Աղջնակ մը, արիշին տակ նստած, շե˜ր կը կանչե,
Ու հոգնաբեկ մըշակին օրորի մը պես կու գա.
Հողը ծըծեց ջուրերուն տարփանքն` որ դեռ կը հնչե,
Եվ հիմակ` թա˜ց` կը խոկա իր երկունքին ապագա: