ԲԱՂՁԱՆՔ

Արտաշես Հարությունյան բանաստեղծին

Բաղձանքներու լայնշի ճամբան ըլլայի,
Որ ծաղկահյուս կողերե վեր կը մագլի,
Ու գագաթին հասած` նոր ու հեշտալի
Հորիզոնին սնդուս գիծին կը նայի:
Ու տանեի հոն հոգիներն ըսպառած,
Ձանձրույթն` որոնց ոլորտին վրա կը փլչի,
Ու ցույց տայի` լայն հորիզոն անուրջի`
Բերրի դաշտերն ու ճամբաներն անմոռաց`
Ուր քաղցրությունն հոգվույն կ’ըլլա հակուրջի:

Կատարներուն հագած երանգ հինայի,
Մրգաստանին այգինեուն, դաշտերուն
Մեջ պարագնաց հովին խմբերգն ըլլայի:
Եվ ըլլայի ձայներիզը թրթըռուն,
Աղբյուրներուն, կապուտաչվի ակերուն,
Լիճին խաղաղ, ծալծալ մրմունջն երերուն,
Շառարն հըզոր` օվկիանին, գետերուն,
Համայնական Ձայնն ըլլայի, Ձայնն անհուն
Ու խնծիղովս անպարագիծ կայտառուն
Քերթողներուն լեցվեր հոգին ամայի:

Անտառներու մենության մեջ սխրալի,
Ամբարձուղեշ ծառերու մորճ թևերուն
Վըրա թառող լըռությունն ես ըլլայի.
Կամ ըլլայի արահետը խնկագույն,
Ծառաստվերի մութ ձորձին մեջ պլլըվող.
Կամ ըլլայի կոհակուռույց ալելուն
Հարևանի հեղեղատին լուսաշող,
Ու քերթողին տաղես վանկեր ես տայի:

Երգն ըլլայի թռչուններուն ծնծղաձայն,
Ու դառնայի ուրախության ճիչ մը լայն,
Բանաստեղծի հոգիներուն մեջ նըկուն,
Ուր կը թախծի խոհանքն ամպոտ, անանուն`
Ինչպես որի` թառած շիրմի մը գլխուն:

Եվ ըլլայի Լույս, Ձև, Երանգ, Թրթըռում,
Կյանքի փաղփուն պատմուճանը ծիրանի,
Կենսաբաղձիկ հոգվույն երազն անպատում.
Եվ անձրևեն վերջ անարև ու տրտում,
Հառաչաձայն անձրևեն վերջ երբեմնի,
Նըշուլեի ես վայրկյաններ երջանիկ,
Արևաշող ժըպիտ, ծափեր ու խնդում`
Բանաստեղծի հոգիներուն մեջ մենիկ: