ԻՐԻԿՎԱՆ ՄԵՋ ԽՈՐԻՆ…

Իրիկվան մեջ խորին,
Երբ օդահած կը թռչի,
Ծիրանեծաղիկ փետուր անուրջի`
Հիր ճառագայթն արևին`
Հեծքն է աղբյուրին մեջն ամեն ճիչի:
Իրիկվան մեջ խորին,
Երանգներ երբ ջուրին
Մեջը մարմըրին,
Ու թանձրամած ժըխորին
Իյնան թևերը մեկեն.
Իրիկվան մեջ խորին`
Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ`
Հովիկ նաժիշտն` իր ջուրին
Խաժ հանդերձը փոթելու:
Եվ իրիկվան մեջ խորին,
Ծանըր ինչպես ալելու,
Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ,
Դեռ համեցող հոտն ըսպիտակ
Գառնուկներուն`
Որոնք հեռո՜ւն`
Մըթնշաղին մեջ կ’իյնան
Բադիլներուն պես ձյունին:
Եվ իրիկվան մեջ խորին,
Իրիկվան մեջ ծավալական ու բուրյան,
Կարկաջն աղբյուրին,
Իր շրջակայքի
Հովանոցներուն մեջ կը պըտուտքի,
Հոն ծաղիկներուն ու տերևին հետ,
Ըսպասելու որ ծագի
Լույսն առաջին լուսավորին: