ԻՐԻԿՈՒՆՍ

Բանաստեղծ Վահրամ Թաթուլին

Իրիկունս է բարի՜, բարի՜, ու լիաձեռ ու հոտևան,
Ոսկի ուղ մը` կամուրջ եղած ընդմեջ տիվին ու գիշերվան:
Վարսադիտակ ծառերուն տակ կը կղկաթիմ լույսին համար.
Արևին պերճ լույսին համար` որ կը փաղփի քրքմանըկար
Մեջն հոտևան ծայրիներու ծայրածավալ ծաղիկներուն`
Ուր դիցանվեր բաժակներու քամեց ամբրոսն անհագ մեղուն:
Ծառոց ետին ճաճանչավուխտ պաստառ մըն է արևն ոսկի,
Ուր ծաղկածին ուղեշներու ճամուկ հյուսքը կը սողոսկի:
Ու զեփյուռն ալ, կայտռուն համբույր, մանկություն մ’է վերադարձած,
Ու ջրցայտքն ալ` փսփսուքն է բարեկամիս` մըտերմասաց:
Սյուքն աղջընակ` որ հյուսիսեն կը քնքշանա հոգվույս վըրան.
Ու ջըրցայտքն` որ լաջակ կըլլա նարկիսներու գլխուն դեղձան,
Կամ արտասուք` աչքերուն մեջ շահպրակներու հույլին ցիրցան
Ու քաղցրությամբ կ’օծե մենիկ ծաղիկներու այդ լըռարան:
Ու թերթիկներ` շահարիկի շընորհք` կ’իյան ափերուս մեջ,
Բաց ափերուս` որ կ’երկարին լույսի խուրձին փողփողենէջ:
Ահա՜ կ’անցնի, մըշուշված բիլ կազով տեսիլ մ’ալ զերթ ալիք.
Զարմանուհի մ’է վարսագեղ, կաթ ու վարդի՜ հըրաշալիք…
Հավերժահարս կաթ ու վարդե, ծաղիկ, ճաճանչ, ջուր ու զեփյուռ…
Շա՜տ էր լեցուն հոգվույս, ո՜վ Տեր, բազմազեղումն այս շրջասփյուռ… 88;…