ԼՈՒՍՆԱԿ ՔՈՒՐԻԿԻՍ

Ա

Երեկ գիշեր մոռցեր էիր,
Լուսնա՜կ, գիտե՞ս,
Երեկ գիշեր մոռցեր էիր պատուհանիկս իմ համեստ.
Պատուհանիկս իմ անտես`
Ուր մութ մը գորշ վիժակի պես էր կախվեր:
Հոգ չէ՜ր, այդ մութն ըրի խորան հսկումի`
Որ պաշտանքի ո՛չ մեկ ծաղիկ կը թոռմի,
Ուր մութի տակ լոկ նինջ մը կա լուսանվեր:
Երեկ գիշեր անցար քովես,
Անցար, գո՜ւցե անգիտակ,
Անցար` և ես`
Քու հեռավոր պերճանքներուդ շլացքին տակ`
Ջուրի ցայտքի մը պես զըվարթ հծծեցի:
Օ՜հ, պարտեզը չէ՜ մեռցեր,
Եվ արիշն ու սարբինան
Իր լույսերովն է օծեր:
Ու նայեցա հանդիպակաց ծաղկաստանին ալ վըրան,
Լելակներուն վրա կապույտ,
Չքնաղ, պչրոտ ու անփույթ`
Դաստակդ էիր երկարեր:
Ու դիտեցի,
Չէիր մոռցեր սա ծըխանն ալ դըրացի,
Չէի՛ր մոռցեր և ճամբաներն ամայի,
Չէի՜ր մոռցեր…
Չէ՛, այսօր ալ զիս մոռնայիր,
Եթե այդպես պետք էր ըլլար, որպեսզի
Արծաթեիր շուրջս անխըտիր
Ամեն դալար ու ծաղիկ:
Որովհետև ես քեզի
Մտքիս թևո՜վն ալ կը հասնեմ երջանիկ.
Քանզի նույն իսկ եթե ըլլաս
Ամպին ետին ալ պահված`
Ես կը հասնիմ անկասկած,
Քու պերճ կայքիդ` հեք իրերուն համար անհաս:
Ես կը հասնիմ անկասկած,
Քեզի՜, քեզի՜, քո՜ւյր աստված,
Եթե երբեք իմ հոգվույս
Լուսախորշին մեջ պահված
Վերջին նըշույլն ալ` անլույս
Խոռոչի մը ծոցն իյնա.
Վերջին նըշույլն այն ցոլքերեն` զոր գիշերներն եմ ժողված.
Լիալուսնի արծաթաշող գիշերնե՜ր…

 
Բ

Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն
Սարսռացի լույսիդ մեջ երանական.
Եվ հոգիիս մեջ ինկան
Խայտանքի նոր թիթեռներ.
Ծիածանի սանդուխեն վեր`
Նոր երանգներ տարորեն:
Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն,
Մոռցըված երգի ծըվեն,
Կամ անուն,
Անհուշություն ոլորտներուն
Միգամածին մեջ կորսըված`
Դուն` ծաղիկներ ցնծության
Նըշուլեցիր հեղակարծ,
Հոգվույս մեկ փըլուզակին վերև,
Հինավուրց որմի մը բացատքեն:
Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն,
Մեկ լուսեղեն վայրկյանով,
Տարագրեցիր հոգվույս մըռայլն համորեն:
Օ՜հ, աս ի՜նչ ճախրանք, օ՜հ, աս ի՜նչ գորով,
Այս գիշեր, նորեն,
Պատուհանես ներս սահեցար հուլորեն.
Շոշափեցիր վարագույրներն ըսպիտակ,
Եվ աշտանակն արույրե,
Եվ հայլիին մեջ վառեցիր նոր ճըրագ:
Եվ ամեն մեկ հըպումիդ
Հոգի՜ս է որ ինկավ լազվարթ ձեռքիդ տակ:
Ներե՛, ա՜հ, ներե՜,
Որ վայրկյան մը վերջ, հիմակ,
Սեղանին վրա նյութե լամպարս եմ վառեր,
Ըսելու համար թե քեզ չե՛մ մոռնար, թե չե՜մ մոռցեր…