Ի՜ՆՉ ԱՐԲԵՑՈՒԹՅԱՄԲ…

Գեղամ Բարսեղյան բարեկամիս

Ի՜նչ արբեցությամբ, ծառեր, լույսին մեջ,
Ծառեր հովին մեջ և անձրևներուն,
Վարսավոր ծառեր, ծառեր երկնուղեշ,
Ու ծառեր մատաղ` ծովածուփ կանանչ
Ցորենի ցանքին գոգն ինկած շվարուն`
Ամենն ալ կյանքին կ’ըմպեն հորդ ճաճանչ:
Ի՜նչ արբեցությամբ խոտն` որ հողեն վեր
Կ’ելլե, ըզմայլո՜ւն` կը բանա լույսին`
Վայրկյան մը ապրող իր ցողե աչքեր:
Ի՜նչ արբեցությամբ ծաղիկներ շաղին,
Ծաղիկներ լույսին, մտերիմ ձեռքին,
Ըսպասումներուն մեջ կը նըվաղին:
Ի՜նչ արբեցությամբ ամենմեկ արոտ,
Ամենմեկ բլրակ` իր կանանչ ճակտին
Կը կապե երփնած ծաղկե նարոտ:
Ի՜նչ արբեցությամբ դաշտերեն խորոտ,
Եվ հարս հովիտեն` կարմըրոտանի
Կ’առնե արագիլն իր դարձին կարոտ:
Ի՜նչ արբեցությամբ սարյակներն, արթուն,
Լո՜ւյսը կը ծըծեն, լո՜ւյսը կը հծծեն,
Մրգաստաններու մեջեն սաղարթուն:
Ի՜նչ արբեցությկամբ ձյուն ճայեր, ծըփին,
Բարձրեն` օդաճեմ լյուղ կու գան. արփին
Մեջ կ’ոսկեզօծին ու կը թևանան:
Ի՜նչ արբեցությամբ տատրակն հարսենի,
Առագաստ ըրած ծառի հովանին`
Կըսպասե տարփոտ իր վարուժանին:
Ի՜նչ արբեցությամբ թիթեռն է բացեր,
Լելակի մանրիկ լիճին վրա փրփրուն`
Առագաստաշեն իր կաթ թևիկներ:
Ի՜նչ արբեցությամբ ծիրանի դաշտին
Շեկ ծաղիկներուն մը վազե մեղուն,
Ծըծել իգայի պտկունքներն հեշտին:
Ի՜նչ արբեցությամբ ծովերն են կապույտ,
Գետերն` հորդաջուր, աղբյուրներ` զեղուն,
Լիճեր` խաժագույն, առուն` շուտափույթ,
Լոռածամ առուն` որ կ’անցնի քովեն
Ուռեստաններու գեջ լսնակապույտ:
Ի՜նչ արբեցությամբ ամպեր կը թոթվեն
Հրաշալի հեղուկն իրենց ըստինքին`
Որ զերթ ասղանի վար կը սողոսկի`
Մարելու երկրին պասուքը ոսկի:
Ի՜նչ արբեցությամբ զայն կո՜ւշտ կը խըմե
Համագրավ տապեն սարսատած հողին
Ծընունդներն ամեն, ծակտիքներն ամեն:
Ի՜նչ արբեցությամբ հոգին կ’ընդգրկե
Ալյակն հորդահոս` ծայրիի բույրին,
Ծաթրին, անանուխ, վայրի ռեհանի
Բազմաբուրումներն ըստաշխ ու խունկե:
Ի՜նչ արբեցությամբ կ’ընդգրկե անի.
Բոլոր ձևերն ու երանգներն ամեն,
Բոլոր գոյությանց, բոլոր տարրերուն
Իր մեջ անդրադարձ ծիածանում են`
Աստվա՜ծն` որ եղավ` չե՜ս գիտե ուրկե՜…