ՄՈՒԹԻՆ ՏԱԿ

(Սոսկում)

Կիսալուսինն հազիվ թե շող մը արձակած,
Թաղվիլ կ’երթա մութ-գույն ամպերուն ետին,
Տարտամություն մը կը պատե խորհրդազդած,
Լուսավորներն և հուսկ իրերն ալ հետին:

Այդ անորոշ, տարտամագին մութին մեջ
Գորշ ցցունք մը կողին վրա սեգ սարերուն
Կը ներարկե երակներուս դող մ’անշեջ,
Մութ սոսկում մը արհավիրքով պատատուն:

Ու կ’ունենամ անդրադարձում մը կյանքիս,
Լույսերն երկնի կ’ըսեմ հույսերս էին վառ,
Որոնք սիրտիդ բաղխելով քու համակ սառ,
Անհետացան` թողլով միայն մո՜ւթ` սիրտիս:

Սարին ցցունքն ալ այդ մթին, ըստվերոտ,
Մտաբերել կու տա լքումդ ինձ անգութ,
Բաժնվեցանք մենք իրարմե, օ՜հ, շատ փույթ
Ըսկսած դեռ, հազիվ, սիրույն մեր կյանքոտ:

190<1>, Սվազ

 
1902