ՏՂՈՒ ՄԸ ՄԱՀԸ

Գարուն է, ծիլ առին ծաղիկն ու դալար,
Կը շողա լույսն եթերին մեջ կապուտակ.
Ձըմրան խոժոռ երկինքը որ միշտ կու լար`
Բիլ հըրճվանքով մը կ’ողողվի ա՛լ հիմակ:

Կյանքի գարնան մեջ դուն ծաղի՜կ նորածիլ.
Աղետաբեր խորշակով մը խամրեցար.
Մանուկ հոգիդ ալ – հեշտ բուրում մը – հածիլ
Գընաց կապույտ անհունին մեջ լայնատարր:

Անվերադարձ մեկնումդ, ավա՜ղ, մենք կու լանք
Խուլ հեծքերով ու արցունքով դառնագին,
Եվ կը մարի մեր սըրտին խինդն ու տենչանք

Քու արևիդ շիջումին հոծ շուքին տակ `
Չըխորհելով թե անըստվեր քու հոգին
Զըվարթումի վերացում մ’է ա՜լ հիմակ: