ԱՇՆԱՆ ԾՈՎ

Տառապագին, աշնան հըզոր ծովը լըքուն,
Երազողն է, միշտ այլայլված, ու միշտ դաժան.
Իր տենդահար ալքերուն մեջ կա վիշտ մ’անհուն,
Զոր ալիքներ մերթ հուզումով դուրս կը պոռթկան:

Դեպ ի բարձունքն ամպերու գորշ գուլաներուն,
Իր դողահար նայվածքները կը հառե ան.
Լըքվա՜ծ, սիրող, տենչանքներով, հույզով եռուն,
Որ կ’երազե միշտ դալուկ մը ճակտին վրան:

Ու իր ցավը կըտանի լուռ խարակներուն,
Որոնք ընդմիշտ կ’արհամարհեն զայն անտարբեր,
Փափաքելով կարծես անկե խոսիլ հեռուն:

Ծովեզերքեն մարդիկ կ’անցնին միշտ անգիտակ.
Անկարեկիր` լայն ցավին որ զինքն է լափեր.
Մեծ տառապողն ա՜լ երազուն է միս մինակ…

< 1903, հունիս >