ԱՇՆԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ

Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն.
Լըքված, անտերունջ հոգիներուն պես.
Կը ցընդի անոնց բույրն անույշ ու վես,
Հոգեվարք սիրտի հուսկ շունչին հանգույն:

Գոս տերևներուն հետ, արագ արագ,
Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն.
Սիրազեղ բույրն ու թովքն իրեն հոգվույն,
Կը մեռնին, հովուն հեծքերեն վայրագ:

Արևուն վերջին ցոլքերն աննըշույլ
Կը մարին գոգը ամպին մըթագույն.
Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն,
Օր մըն ալ ձյունեն սառելով բույլ-բույլ:

Եվ հուզված սիրտն ալ սիրատանջ մարդուն
Անըզգայության ձյունին տակ, ավա՜ղ,
Կը սառի օր մ’ալ, ինչպես որ դեռ վաղ
Կը մեռնի՜ն աշնան ծաղիկներ տըժգույն…

< Բերա, 1903 >