(Քանթիլեն)
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու ինծի նըվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքս ուշացիր:
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ` ուր
Դողաց սիրո սարսուռն անցավ`
Ու թովանքը համբույրին հուր:
Եվ ըղձակաթ իմ հեք հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:
Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ: