Երբեմն
ամպոտ երկինք
մը` շո՜ւտ կը
պարզըվի,
Ու լեղակի
լիճ մը կ’ըլլա`
Հոգվույս շլացիկ
ծովուն դիմաց:
Եվ իրարու
կը ժպտին
Լիճն այն լեղակ
ու ծովն հոգվույս,
Քույր ծաղիկներ
անեկրային`
Զոր մերթ հովի
հոսանք մը
կույս`
Անզսպելի ինչպես
ալիք գորովի`
Կը խոնարհե
իրարու դեմ:
Ու լիճին վրա կապույտի,
Կը բողբոջի հանկարծ կղզյակ մը բուստե.
Ու կըղզյակին վրա, երփներփուն
Ամպիկ մըն ալ կը ցայտե,
Անջրածին ամեն գույնով կը ծպտի,
Ծաղիկ կ’ըլլա, թռչուն կ’ըլլա, կ’ըլլա նայվածք ու ժըպիտ:
Ու շիկնոտ Իղձս ալ, թիթեռնիկ բոցաթև,
Կը թըռչըտի ծաղկաստանին մեջ սրտիդ:
Ու գունագեղ ամպին ետև
Բուստ կղզյակին վրա ծըուն`
Չքնաղակա՜ն, կ’երևաս դուն:
Ու տեսլական ձևեր կ’առնե դեմքդ համբուն.
Մազերդ` անթոշ նաչկիս կ’ըլլան.
Ճակատըդ` ձյուն կատարներուն`
Զոր վարդագնեց արփն իրիկվան.
Եվ աչքերըդ կ’ըլլան զույգ մը ծառուղիներ`
Ուր կը ճըչե թռչնակն արձակ ու ճռվողուն
Իմ խայտանքիս. ու շուրթերդ ալ`
Ոսկեզօծ եզրը բաժակին`
Ուր կը հակին,
Վարդ ու հարսնուկ, կակաջ, նարդոս, գարնածաղիկ, նունուֆար…
10 ապրիլ, 1907