ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Կը թռվըռա զանգակին վանկը թռչուն,
Ոսկի նափորտ հագած շաբաթ իրիկվան
Տիրանըվեր քըղանցքին տակ դողդոջուն,
Ու ծուխին մեջ մըթնշաղին երեկվան:

Անդոհության ալիք մը ներս կը խուժե
Պիրկ հորջանքեն պատուհանիս կիսաբաց.
Հովին ծեծեն, մարդուն քաղցեն խուսափած`
Թռչնիկ մըն է` որ իր ցավը կը գուժե:

Եկքանիկ մը` դեղնակիտված, հողմահար
Թևիներով` իրիկվան մեջ մոլորուն.
Անծայրածիր իրիկվան մեջ դողահա՛ր`
Կ’եղբայրանա խուցիս գըթած իրերուն:

Իրիկունս է խունկ ու ցավով միգամած.–
Խնկամանն է ծուխով, թռչնիկն ոգևար:
Հոգիիս մեջ կըզգամ շարժում մը դժվար.
Անդրաշխարհին հակող շարժում մը կամաց:

Նրբանցքին մեջ մայրս աղոթք մը կը հծծե,
Կ’ապրեցընե սիելիներն իր ամեն,
Լույսեու մեջ ընկողմանած` մեկնումեն
Վերջ իրիկվան` ժպտող, անտես մեկ խուցե:

Թռչնակն հոգին տախտակներուն կը ծեծե,
Ու պատերուն, ու հոգիիս վրդոված.
Թռչնակն` հոգին կ’ուղղե անտես մեկ գիծե`
Անծանոթին մեջ որոնել իր Աստված:

Խունկը ճամբա կ’ուզե անցքին անդրաշխարհ,
Հեք թռչնակին հոգի՜ն կ’ըլլա այդ ճամբան,
Ու թռչնակն ալ կ’ուզեր աննյութ մեկ դամբան,–
Խունկին ծուխը կը պարուրե իր նշխար:

Աներկրային, խաղաղ ձայնը կը լըսե
Մեռածներու հուշքին` հոգիս իմ հանգիստ.
Օ՜հ, ես չըկա՜մ իրիկվան մեջ լըռանիստ.
Հոծ իրիկվան մեջ այս երանգ ու լույսե:

Մայրս աղոթքեն վերջ արցունքը կը սրբե.
Խաչանիշմը կ’ըլլա թռչնիկն` օրհնական
Այս վայրկյանին` զոր կ’արծաթե լուսինկան`
Կ’ողջագուրե՜ իր ծոցին մեջ սատափե:

< 16 օգոստոս, 1907 >