ԽԵՆԹԵ՜Ր

Ա

Մթնաշաղին բոցերուն մեջ երփնագույն,
Երկու ձեռքը կը կարկառե, և իսկույն
Կ’ուզե բռնել` հասկերուն վրա ցորենի`
Փախչող լույսին թռչնակները ծիրանի:

Կ’ուզե թրջել ճակատն` ինչով բոցարծարծ`
Ճերմակ թռչնիկ ծփանքներուն վրա ծովուն.
Վարազի պես կը խոյանա վրդովուն`
Բայց մոր գի՜րկն է որ կը բանտե զինքն հանկարծ:

Խե՜նթն է, կ’ըսեն, անխի՛ղճ գութով, և հանգույն
Ասուպներու` իրենց խոկին կը դառնան.
Հորիզոնի դալկության մը պես տժգույն`
Մայրն անդոհով կու լա պտուղն իր գարնան:

Մայրը կու լա երջանկությունն իր զավկին.
Ու կը կարծե փուշեր ժողվել, ուր վարդեր,
Արձակունակ ծաղիկներու քաղցրագին
Եդեմներ նոր` տըղուն անուրջն է գըտեր:

Տըղուն` որ գո՜հ փակեց թևերն ու կարծես
Կը հավատա անհունություն մը գրկել:
Կ’ուզե մինակ ըլլալ. վազե՜լ անարգել
Անրջական ի՜նչ կույսի մը ոսկեգես…

Ու ջուրերուն եզրը կեցած, երբեմն ալ,
Երկա՜ր ատեն, կը բաղձա հոն մենանալ,
Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն,
Երկու թևը պարզած` խաչի մը հանգույն:

Խա՜չ` որուն ցավն ու ըստվերները գորշգույն
Կ’ադրադառնան` ինչպես մըռայլ ուրվական`
Լուրթ ջուրերուն վրա ծով հոգվույն մայրական,
Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն:

Բ

Մութնուլուսուն պատըշգամբին վրա է.
Եղյամին վրա, ոտքը բոպիկ, գլուխը բաց.
Սըրինգ մը անտես իր շուրթերուն է հըպած,
Եվ ջուրերու թույլ շրշյունին կ’ունկնդրե:

Պի՜շ կը նայի ծովեն անդին, լրջացած
Հորիզոնին. կը կարծե ի՛նք կերպեր է,
Իր անանուն սրինգով` բոլոր դաշն ու ցած
Ձայնաշարը` զոր սյուքն հեզիկ կը բերե:

Մեծ, ճշմարիտ ու նախնական այդ ձայնով,
– Իր նըվագով,– ա՜յնքան կ’ըլլա ինք գինով,
Որ կը պատե գրկած արևը ծագող:

Բայց առաջին նայվածքներեն, ինչպես գող,
Ներս կը սուրա ընդոստ խուցեն. իր շուրջի
Մարդաձայնեն ինք զինքն հիշած` կը փախչի…

 
Գ

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան,
Զոր ցանցեր է շրջուն թալուկն անդունդին.
Կ’ուզե նայիլ անգա՛մ մըն ալ իր չորսդին,–
Քաղցրություններն արդյոք կու գա՞ն, ա՜հ, կու գա՞ն:

Համակրության պզտիկ բառ մը մեղրանույշ,
Պզտիկ ճըրագ մը գորովի բոցարծարծ`
Որ նշմարել տա խավարին մեջ հանկարծ
Հին սիրական ուղին, հոգ չէ՛, ա՛յսքան ուշ…

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան
Քարշեպին վրա. վարեն մըթար ջուրերուն
Զինք կը կաթե շարժող տեսիլն ուրվական.
Վարե՞ն. մըռայլ տարփի ձայներ կը վըժան…

Փնտռեցե՜ք այս տըղան, ո՞ւր եք, ո՜վ սուրբեր.
Թողե՛ք անկյունն` ամուլ ձեր գութն ու մատյան.
Աստվածն ա՛ն է, ա՛ն` որ արցունք է սրբեր,
Ա՜հ, քաղցրություն, գոնե շի՜թ մը քաղցրություն:

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան,
Նըշույլներո՛ւն դեռ` դեռ սիրաշարժ շրթունքին,
Դեռ սիրածագ բոցին` աչքի մը անգին…
Դեռ կյա՜նք կ’ուզեմ անոնք Մա՜հն իր կը կարդան:

Սև լաթի մը պես կը նետեն երեսին
“Խենթ” բառն անհուն. բառ անգորով ու դաժան.
Ու կը դառնան ապրիլ իրենց կյանքն ոսին,
Սև եղբայր մը մատնած ցավին անբաժան:

Դեռ կըսպասե՜ պզտիկ բառ մը մեղրանույշ,
Դեռ կըսպասե՜ գորովանքի ճրագն արծարծ
Դեռ կըսպասե՜ որ խավարին մեջ հանկարծ
Հին սիրական ուղին ցույց տան, ա՜յսքան ուշ…