ԵՐԳ

Քո՛ւյր, մոտեցի՛ր կըրակին,
Ծըխե տերևն այս բուրյան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե հոտն արյան:

Քո՛ւյր, մոտեցի՛ր դարակին
Ու բեր հեղուկն հընծանյան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե համն արյան:

Քո՛ւյր, մոտեցի՛ր ճըրագին,
Մարե՛ զայն, թո՛ղ լուսինկան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե գույնն արյան:
Քո՛ւյր, մոտեցի՛ր նըվագին,
Երգե՛ դաշտերն ու ցորյան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե ձայննն արյան:

Քո՛ւյր, մոտեցո՛ւր իմ ձեռքին
Աստվածաբոցն հըացան,
Զի ամե՜ն բան ինձ կրկին
Կը հիշեցնե վրե՛ժն արյան…