ՈՐԹԻՆ ՏԵՐԵՎԸ

Իրիկնավերջը դալկոտ տերևի մը պես հողմավար անցեր է. բացաստանին մեջ գիշերը թևաբաց կ'ընկողմանի. գաղջ, բուրումնացան նազելի գիշերը: Աշխետ զամբիկս նյուսը կը թոթվե ու քվքվալով կ'անցնի այգեստանին մեջեն, ուր խաղողին զգլխիչ բույրը, գինիին նախերգանք, ու ցորեկվան արևին եղկ շոգոլին կը բարձրանան:
Հեռաստանին մեջ հարսենի, գեղանի լեռը նստեր է տարփատենչիկ շարժուձևով, մշուշի տարտամորեն հոգնաթույր քցաբ մը ուսն ի վար կ'իջնե. զույգ մը ծառեր թխլիկ դաստակներու պես արևակեզ իրաննին կ'երկարեն, և իրենց տերևունքը կը բացվի. լերան դալար ափն է ան, ուր ահա՜ լիալուսինը կը զետեղվի, շառագույն նրբարվեստ հողմահարի մը պես, որ հետզհետե կ'երփներփվի` ոսկեթույր, խնկաթույր, քրքում ու արծաթ:
Կ'անցնիմ, կ'անցնի՜մ անվերջ այգեստաններուն մեջեն, ուր անտես <գետի> մը մշկենի ալիքը կը ծփծփա. ու պտղառատ լիաբերրի հողին արգավանդ ծոցը կ'ուռի, գոյության եթերածին երակ մը անդադրում կը բաբխե. ա՜հ, վայրկյանին քաղցրությունը:

 
*
* *

Գյուղ կը դառնամ, ատեն ատեն կը շոյեմ ճայիկիս բաշը, որ լուսնի ծիածանումին մեջ կը փալփլի. ան սուրալով կ'անցնի դեղնորակ ճամբաներեն փոշիե ուրվականներ հորինելով, ատեն ատեն սանձը կը քաշեմ, ու կը կենա. պահին գեղեցկությունը շարժումի գաղափարը կը մոռցնե, ու տիեզերքի սրտին մեջ բաբախող րոպեներուն ու վայրկյաններուն զարկը ա՜լ չզգացվիր. ամեն ինչ իր սքանչացումին մեջ կ'արձանա. հովը, ծաղիկը, տերևը, մարդը. օ՜հ, վայրկյանին երանությո՜ւնը: Շրջանկարը կը դիտեմ անկշտում. գյուղակները` մանուկներու պես նստեր են բլրակներու ծունկին, հովիտներու գոգը, կամ գետին քղանցքին մոտ. զավակներ, զոր արգասավոր ամոլ մը ցանցեր է հոս հոն: Ահա՜ հեռուներեն սպիտակ իրան մը կը ցցվի, կ'ուռի. հովիտին աղջի՜կն է, գետը, իմ սիրականս, իմ տարփուհիս, որ լուսինեն արծաթ թռաններ կը քաղե իր ծփանուտ քղանցքին համար: Բայց պահը անցավ, ու ես ձիս խթանելով կը հառաջանամ, վայրկյանին արձանիկ դադարեն վերջ, ուր հավիտենությունը կը մղվեր կը խտանար. հիմակ աշ######ժով կը լսեմ դարձյալ իրերուն ձայնը, կյանքին աղաղակը, րոպեներուն ուժգին զարկը:

 
 
*
* *

Դեռ չհասա. տափաստանը այնքա՜ն ընդարձակ է, ա՜յնքան ծայրածավալ, որ գավազանի չափ երևացող ճամբան, առաձիգ, քմահաճ, ոլորված տրեզի պես հետզհետե կը քակվի, կ'երկննա: Ճամբուն վրա ալոճիներու, ընկուզիներու պզտիկ կայաններ կան. շուրջս, այգիները, այգիները, անվերջ այգինե՜րը. որթի տերևներ, ամե՜ն կողմ. գետնին վրա ու կապտորակ օդին մեջ ալ, որթի խնկագույն տերևներ. դիմացս, ետիս, գլխուս վրա, շուրջս, ամե՜ն դի, անրջային թիթեռնիկներու պես պարանցիկ կը դառնան. ի՜նչ երազի մեջ եմ: Ու այս տերևի բույլերուն մեջեն, հեռո՜ւն, հա՛տ մը, գեղեցիկ, հսկայական, լուսաշող, շե՛շտ կը նկարվի, իր դրասանգներուն շուրջը բիլ երիզ մը կը պտուտկի. ու իր երակիկները, մեղրամոմի պես տժգույն, իր դալար ծոցին մեջ կը խաղան. տեղ տեղ հրանյութ կայծեր, ոսկի աչքեր կը քթթին. կոթունը, փոշեգույն, պիրկ կը շեշտվի. ես այդ տերևին, ես այդ տեսիլքին կ'երթամ գրկաբաց. ու ինքն ալ, ժպտուն, խանդաղատ, ինծի կըսպասե, զի՜ս կը կանչե կարծես. ա՜հ, ի՜նչ երազի մեջ եմ:
Կը քալեմ, կը քալե՜մ, կը քալեմ և ահա՜ մոտեցա. մոտեցա ու կը բարձրանամ, փոշեգույն կոթունն ի վեր, կաթոգին, սրտազեղ. և ահա՜ կոթունին ալ ծայրն եմ արդեն ու պիտի սուզվիմ դալարին մեջ:
– Բարև՛, տնաշե՛ն:
– Բարին արևի՜դ,– կ'ըսեմ, ու տեսիլքը հալեր փախեր է արդեն. մոմագույն երակները սակայն դեռ կը խաղան քիչ մըն ալ ու կ'այլափոխվին հանկարծ. գյուղիս փողոցներն են, սալարկված միափայլ փողոցները. ու կոթունն ալ զոր մագլցեցա, գյուղիս ճամբան էր, տերևաձև գյուղիս ճամբան:
Վա՜խ, տեսիլքը փախե՜ր է, բայց ա՜հ, իրականությունը հոն է. իմ մշկենի, ծաղիկ ու ծափ գյուղս հո՛ն է: Երազը գնաց, բայց խանդաղատանքը դեռ կը մնա...