ՏԿՃՈՐԻՆ ԵՐԳԸ

(Արձակ բանաստեղծություն)

Իրիկնալույսին ծիրանի ծովուն մեջ կղզիացած արտասվող ուռիներու շուքին տակ, հովիտին խորը, ահա՛վասիկ իմ երգս, արոտներուն շունչովը լեցուն. ահա՛վասիկ իմ երգս, առվեզերքի աննուխին ու ռեհանին խունկովը օծուն. ահա՛վասիկ իմ երգս, հնձված արտերուն ու հերկված հողերուն բույրովը, արևեփ խաղողներուն ու մեղրացած թուզերուն անուշույքովը ակաղձուն. իմ երգս` իղձի մը, արցունքի մը պես պարզ ու վճիտ, որ իրիկվան ոսկի հրեշտակին հետ թև առած կը թռչի, սարերն ի վեր, կապու՜յտն ի վեր:
Ավանները, անշարժ անդորրիկ իրիկվան մեջ, իրենց ծխնելույզներեն փթթող ծուխի մանիշակները կ'ոսկեջրեն. տարածուն ու դաշնավոր քաղցրություն մը կը մշշանա անդաստաններուն վրա, ջուրերուն վրա, գյուղակներուն վրա: Իրիկունը, շեկլիկ, հերարձակ, առույգ արքենի իրիկունը շահասպրամներով, մանիշակներով, վարդերով զարդարված, իրիկունը, ոստոստուն, կը սահի կ'անցնի քովես: Ես իրիկվան տարփավորն եմ. ու իմ երգս պարզ, պարզ, իմ երգս, անանուն դողերով, անհամար թրթռումներով լեցուն է հիմակ, ուռիներու շուքին տակ, հովիտին խորը:
Ցերեկվան արևին հուրքովը գինովցած պարտասու՛ն հոգիներ, ճերմակ լաթերով դաշտի՜ մշակներ, եկեք ունկնդրել իմ երգիս. իմ երգիս, որ բյուրազան բուրմունքներու խուրձ մըն է. իմ երգիս, որ ձեր քրտինքին, ձեր երանությանց ու ցավերուն աղաղակը, ձեր սիրական հովերուն, ձեր սիրական ջուրերուն, ձեր սիրական, մտերիմ, դրացի արագիլներուն ու թռչուններուն համերգությունը կա թառած: Ահա՜ կ'անցնի իրիկվան բամբիշը. ահա՜ անցան իրիկվան օդանույշներ, ջրանույշներ, ա՜լ թողեք բահը. հերի՛ք հերկեցիք, հերիք հողին նայեցաք, հերի՜ք անոր հակեցաք այսքա՜ն ատեն. ստվերները կը լճանան տակավ. իրիկուն է. անգամ մըն ալ վեր նայեցեք, դեպի կապույտին փառքը. ու ձեր մտածումը, հողին գորշութենեն հափրացած, թո՛ղ սավառնի հոն. եկեք շարվիլ ծառերու շուքին տակ. թո՛ղ երազնիդ վազե` անծանոթ նազելի հուրիներուն ետևեն, դեպ ի անտես նիփարաններ. նայեցեք անծայր, անծիր դաշտերուն, ծավալական ջուրերուն, մինչև որ հեռապատկերներուն հոգնութենեն ձեր կոպերը խտղտին, պրկվին փակվին, ու փակաչք ունկնդրեցեք` իմ երգիս: Ո՜վ բարի մշակներ, ականջ դրեք իմ երգիս, ուռիներու շուքին տակ, հովիտին խորը:
Ահա՛ ծիծեռնակներու պարը. սարերեն վար իջնող ստվերի փերթերուն հետ, ծիծեռնակները` իրենք ալ թանձրացած մարմնացած ստվերներ` խուսափական լույսերուն հետ գրկված կը պարեն իրենց իրիկնային պարը. կը դառնան, կը դառնան և իրենց շրջշրջումին մեջ երբեմն ա¯յնքան կը մոտենան, կը հպավորին իմ կուրծքիս, ա՜յնքան, ա՛յնքան որ` նոր անծանոթ հորձանք մը իմ երգս կ'ալեկոծե. և անոնց թռիչքին երգը, պլլված իմ նվագիս, իրիկնավերջի սղոխին փայփայուն դաշնակության հետ, վիտակ վիտակ կը գծգծվի ասմազուն միջոցին մեջ, որ հետզհետե կ'ամպարծաթի: Ես պիտի թրթռամ, տերևներուն հետ, թռչուններուն հետ, բոլոր բուրումներուն հետ, ես տակավին պիտի սարսռամ հոս իմ երգս, ուռիներուն շուքին տակ, դալարստվեր հովտին ծոցը:
Դարձե՜ք ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք, բարի՜ մշակներ. գիշե՜ր. կիսալուսինը ոսկեզօծ. ձեր միգապատ տներուն ծիրանեցոլ բիբերը կը փթթին բլուրին կատարեն. ձե՜զ կը կանչեն. դարձե՜ք, դարձե՜ք, և ահա՛ տանիքներուն վրա ձերինները կը պարեն, ձեռքերնին իրենց ճակտին քիվ ըրած, հորիզոնին լուսալիճ անդորրին մեջ երազուն ձեր սիլուեթներուն ետևեն թափառելով. ամբողջ տունը թևաբաց կըսպասե ձեզի, դարձե՜ք, դարձե՜ք: Երդիքին ետին, արուսյակը մշտածիծաղ կը թարթափի, հեռավո՜ր, պայծառ ու լուսարձակ` ինչպես ձեր խղճին ձայնը, որ ձեր աշխատանքին արևոտ տիվեն վերջ, ձեր գոհունակ հոգիներուն զովասուն երջանիկ գիշերին մեջ կը ճառագայթե: Օ՜ն, դարձե՜ք, ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք: Տունը դեռ գրկաբաց կըսպասե ձեզի: Տունը, որ գիտե ձեր հոգնությունները, ամբողջ օրվան մը ձեր չարքաշությունները, ձեր բովանդակ հոգերն ու հոգին. և ինչպե՜ս գիտե ժպտիլ, ամոքել, սիրե՜լ: Դարձե՜ք, դարձե՜ք, ու երբ տանիքներու վրա փռված ձեր անկողիններուն մեջ, լուսավորներու աննյութ անձրևումին տակ անդորրավետ քնանանք, կիսալուսնին ոսկելույս համայիլն ալ պիտի առկախվի, մնա հոն` ձեր երդիքներուն վրա: Օ՜ն, դարձե՜ք ձեր օրվան աշխատութենեն, դարձե՜ք. որովհետև իմ երգս ալ ահա՜ գիշերվան մեջ կը հալի՜, կը հատնի. որովհետև չեմ ուզեր ա՜լ փեթռտել երջանիկ լռություններուն ծաղիկ ցայգերգը` որ թո՜շ` կը բացվի հովիտին խորը, ուռիներու շուքին տակ: