ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ 

Ա

ԱՅՐԻՎԱՆՔՈՒՄ

Այս հրաշակերտ վկայարանը, որ ամփոփում էր յուր մեջ հայ ազգի կռապաշտական և քրիստոնեական կենաց բազմադարյան հիշատակարանները և որ երկար ժամանակ հարգվել էր այդ ժողովրդից թե՛ իբր դիցական պաշտպանած վեհավայր և թե՛ ինչպես քրիստոնեական կրոնի սրբարան, գտնվում էր ժայռապատ Գեղարդասարի լանջին, Գառնո ամրոցի հյուսիս-արևելյան կողմը: Նրա առջևից հոսում էր Ազատ գետի երկրորդ վտակը, որ հսկայակերպ դարևանդներից իջնելով շառաչում էր քաղցրակարկաչ և յուր ախորժալուր աղմուկով ահավոր ձորն ու շրջակաները լցնում: Նախաջրհեղեղյան սասանությունները, երկրի ծոցից հրահոսան հեղեղներ ժայթքելով` կազմակերպել էին այստեղ խոշոր, քարակարկառ բլուրներ, ահավոր ամբարտակներ, միապաղաղ ժայռերի անհեթեթ զանգվածներ, բազալտյան սյունաձև բուրգեր, որոնք, միմյանց հաջորդելով կամ իրար վրա ամբառնալով` շրջապատում էին Այրիվանքը և անհարազատ այցելուների համար դարձնում նրան անմատչելի: Բնությունը կարծես յուր զորավոր ձեռքով տիտանական լեռների ավերակներն ի մի ժողովելով` միացրել էր այստեղ սքանչելին և ահավորը` տկար մահկանացուին յուր անհաղթ զորությունը ցույց տալու համար:

Այստեղ, հսկայակերպ լեռան ծոցում, միապաղաղ ժայռերի մեջ փորված էին հին ժամանակներից բազմաթիվ այրեր, խուցեր ու մատուռներ, շրջապատած պարիսպներով և հզոր աշտարակներով: Դրանցից ոմանք ծառայում էին մի օր հայ թագավորներին իբր արքայական գանձարան, իսկ ոմանք իբրև աղոթից տուն կամ զոհաբերությանց տաճար:

Քրիստոնեության սուրբ նշանը տնկեց այստեղ առաջին անգամ ինքը` Լուսավորիչը, խափանելով, անշուշտ, հեթանոսական պաշտամունքները: Այդ նշանի հովանվույն ներքո ժողովվեցան բազմաթիվ անապատականներ, որոնք Այրիվանքը դարձրին խաղաղության ու ճգնության օթևան:

Այստեղ հանգիստ որոնեց Հայաստանյաց բարերար մեծն Ներսեսը, անշուշտ, հայրենիքի բարօրության համար գործ դրած երկարամյա աշխատություններից հետո: Այստեղ առանձնացավ նրա արժանավոր որդի մեծն Սահակ` յուր վաթսուն խարազանազգեստ աշակերտներով, ազգի լուսավորության գործը ժայռերի ծոցում դարբնելու համար:

Մեր նկարագրած ժամանակում նույնպես գտնվում էր այստեղ հոգևոր հայրերի հարուստ միաբանություն, որ բարեկարգել ու ծաղկեցրել էր Այրիվանքը: Այդտեղ էր այդ ժամանակ և հայոց հայրապետը` Հովհաննես կաթողիկոսը, որ արաբացոց ոստիկանի հետապնդությունից վախենալով` թողել էր Դվնո կաթողիկոսարանը և յուր հավատարիմ պաշտոնյաներով ու հայրապետական գանձերով ապաստանել Այրիվանքի ամրություններին:

Երկու օր էր ինչ լուր էին բերել հայրապետին, թե Նսըր ոստիկանը, որ Տուսուփից հետո տեղակալ էր կարգված, և որ մինչև այն նստում էր Ատրպատականում, հասել է արդեն Նախիջևան և հառաջանում է դեպի Դվին: Ոստիկանին հայտնի էին հայոց թագավորի անհաջողությունները, հայ իշխանների խռովությունները և երկրի անտերունչ դրությունը: Եվ ահա՛ նա շտապել էր օգուտ քաղել հաջող հանգամանքից:

Կաթողիկոսն իմացավ, որ Նսըրը հետամուտ է կաթողիկոսարանը և նրա կալվածները գրավելու, իսկ այդ նպատակին հասնելու համար նախ կցանկանար ձեռք ձգել իրան` կաթողիկոսին և հայրապետական գանձերը հափշտակել և ապա թե հանցանքներ բարդելով նրա վրա` կաթողիկոսարանը գրավել:

Այս պատճառով հայրապետը, որ մինչև այն ապրում էր Այրիվանքի ներքին այրերում, այն է` անապատականների միաբանության մեջ, ուր վիմափոր եկեղեցիներն ու ընդհանուր կացարաններն էին, ելավ, քաշվեցավ յուր հավատարիմներով դեպի վերին Վանքը, ուր անասուններն էին պահում:

Այդտեղ անբնակ և խավարչտին այրերի մեջ թաքնվելով` կաթողիկոսը հույս ուներ ազատ մնալ Նսըրի հետապնդությունից և փրկել յուր հետ բերած հայրապետական հարառությունները, որոնք մեծ մասամբ սրբությանց ժողովածուներ և նախնի գահակալներից ժառանգած թանկագին իրեր էին:

Կաթողիկոսի կարծիքով թշնամին չէր մոտենալ այդ անշուք վայրերին, ուր գրաստներ էին դարմանում, և ուր մուրացիկ խուժանն էր ապրում:

Բայց երբ հետզհետե հասնող լուրերից երկյուղը զորացավ, նրա մերձակաները խորհուրդ տվին իրան հեռանալ Այրիվանքից և ապաստանել Գառնո ամրոցին, ուր այդ ժամանակ ապրում էր թագուհին:

Կաթողիկոսին հաճելի էր հետևել այդ խորհրդին, բայց յուր Դռան եպիսկոպոս Սահակը, որ լուրջ և իմաստուն մարդ էր, հակառակեց նրան` ասելով.

— ժողովուրդն արդեն բամբասում է քեզ, Վեհափառ հայր, թե դու անտեր ես թողել Դվնո կաթողիկոսարանը և քո անձի ապահովության համար ապաստանել Այրիվանքի ամրություններին: Այժմ էլ եթե Գառնի փոխադրվես, կգրգռես քո դեմ նույնիսկ կղերի զայրույթը:

— Եթե մի անգամ արդեն հեռու եմ կաթողիկոսարանից, կարող եմ լինել և Գառնիում. ինչո՞ւ այս առթիվ պիտի կղերը գրգռվի, — հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

— Այստեղ մնալու համար դու պատրվակ ունիս, Վեհափառ տեր. այդ այն է, որ դու հովանավորում ես Այրիվանքի հռչակավոր և բազմամարդ ուխտին:

Իսկ Գառնիում ապրում են թագուհին և ազատանի կանայք, նրանք պետք չունին քո հովանավորության:

Կաթողիկոսը գլուխը կախեց և սկսավ մտածել: Եպիսկոպոսի առարկությունը արդարև բանավոր էր: Կաթողիկոսը պարտավոր էր յուր ուխտի հետ լինել և ոչ թե ամրոցաբնակ տիկնանց: Բայց մոտալուտ վտանգի երկյուղը ճնշում էր նրա սիրտը: Նրա բարեկազմ, հաղթանդամ և արտաքուստ զորավոր մարմնի մեջ ապրում էր մի տկար սիրտ և երկչոտ հոգի: Նա թեպետ սրտագին սիրում էր յուր հոտը և միշտ աշխատում էր նրա բարվույն համար, բայց դրա հետ միասին սիրում էր յուր անձը և հետևապես վտանգի չէր ենթարկում նրան, եթե հոտի շահը պահանջում էր այդ: Նա հայրենիքի հարազատ որդին և նրա երջանկության անկեղծ բարեկամն էր: Բայց եթե այդ երջանկությունը ձեռք բերելու համար պետք էր լինում զոհել թագավորող անձի կամ զորեղ իշխանի դեպի ինքն ունեցած բարեկամությունը, նա տատանում էր և, վերջ ի վերջո, այդ բարեկամության կորուստը խնայում: Նա ազգի օգտին գործում էր բարիքներ երբեմն միայն փառք վաստակելու համար, իսկ շատ անգամ էլ` որպեսզի յուր փառքը չաղարտե, նա արգելք չէր դնում հասնող չարիքներին: Նա չուներ ո՛չ զորեղ կամք, ո՛չ հաստատ բնավորություն, և այդ պատճառով էլ նրա վրա հավասար ազդեցություն ունեին թե՛ մեծը և թե՛ փոքրը, թե՛ տկարը և թե՛ զորավորը, թե՛ խարդախ բանսարկուն և թե՛ իմաստուն խորհրդականը: Զորավոր մարդու կամ դեպքի յուր վրա արած ազդեցությունը ջնջում էր միշտ զորավորագույնը: Իսկ շատ անգամ էլ պատահում էր հակառակը, նայելով թե ո՛րն է վերջին անգամ յուր ուժը փորձել նրա վրա:

Յուր Դռան եպիսկոպոսի վրա, սակայն, կաթողիկոսը մեծ համարում ուներ, նա հարգում էր նրան իբրև առաքինի և իմաստուն մարդու: Եվ այդ պատճառով, չնայելով, որ արհավիրների մասին հասնող լուրերն անհանգստացնում էին իրան, այսուամենայնիվ որոշեց լսել նրա խորհրդին և մնալ Այրիվանքում յուր հոգևոր ուխտի հետ:

Բայց ահա` հասավ այդտեղ կաթողիկոսարանի Գևորգ անունով սարկավագը, որ հաղորդեց Վեհափառին տխուր և սպառնական նորություններ:

— Նսըրն եկել է արդեն Դվին, կապած բերելով յուր հետ Սյունյաց Սահակ և Բաբգեն մեծ իշխաններին, որոնց և դրել է բանտում: Նա կալանավորել է նույնպես Դվնո հագարացի իշխաններին` թվով քառասուն հոգի, — ասաց սարկավագը:

Կաթողիկոսը երկյուղից այլագունեց: Կապյալները հայտնի և նշանավոր իշխաններ էին. ինչպե՛ս կարող էր Նսըրը կալանավորել նրանց, մանավանդ Դվնո իշխաններին, որոնցից ոմանք ամիրապետի սիրելիներն էին: Այդ նշան էր, թե ոստիկանը հրահանգներ ունի ստացած հալածանքներ հարուցանելու:

— Ո՞ւր և ինչպե՞ս կալանավորեց նա Սյունյաց իշխաններին, — հարցրեց կաթողիկոսը սարկավագին:

— Ոստիկանի Նախիջևանում եղած ժամանակ, — ասաց սարկավագը, — Բաբգեն իշխանն ընծաներով եկել էր նրա մոտ և բողոքել յուր եղբոր` Սահակի դեմ, իբր թե վերջինս զրկել է իրան ժառանգությունից և խնդրում էր Նսըրին` օգնել, վերադարձնել իրան հայրենի ժառանգությունը: Ոստիկանն ուրախությամբ ընդունում է Բաբգենի խնդիրը և հրավեր է ուղարկում Սահակ իշխանին` գալ իրան այցելության: Վերջինս կասկած չունենալով Նսըրից, ընծաներով գալիս է նրա մոտ: Ոստիկանը երկու եղբորն էլ սիրով պահում է Նախիջևանում մի քանի օր և ապա առաջարկում նրանց յուր հետ միասին գնալ Դվին, որպեսզի այդտեղ վերջացնե նրանց ժառանգության գործը: Իշխանները համաձայնվում են: Բայց հենց որ ելնում են Սյունյաց նահանգից և հասնում Դվին, այդտեղ ոստիկանը, փոխանակ ժառանգության գործը վերջացնելու, երկուսին էլ կալանավորում ու բանտարկում է:

— Անշուշտ նրանց երկիրը գրավելու նպատակով, այսպես չէ՞, Սահակ սրբազան, — դարձավ կաթողիկոսը դեպի Դռան եպիսկոպոսը, որ կանգնած լսում էր սարկավագի բերած նորությունները:

— Այդպես է, վեհափառ տեր. ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր:

— Հարկավ, չէ՞ որ ազատ իշխանը կարող է զորք ժողովել, պատերազմել... Բայց նրանք զրկվեցան այժմ ազատությունից, սա մի մեծ դժբախտություն է մեր երկրի համար... նույնիսկ թագավորի և ինձ համար...

— Իսկ քեզ համար, Վեհափառ տե՛ր... — կցեց սարկավագը:

— Հա՛, ինձ համար ի՞նչ, — շտապով ընդհատեց կաթողիկոսը:

— Քեզ համար էլ ոստիկանը որոգայթներ է լարում:

— Այսի՞նքն:

— Կամենում է կալանավորել:

— Ի՞նձ...

— Այո՛, Վեհափառ տեր:

— Ինչպե՞ս իմացար այդ, — հարցրեց կաթողիկոսը երկյուղագին:

— Ոստիկանը կանչեց յուր մոտ կաթողիկոսարանի վերակացուին և պատվիրեց նրան հրավիրակ ուղարկել այստեղ...

— Իմ ետևից, այնպես չէ՞:

— Այո՛, Վեհափառ տեր, քեզ հրավիրելու համար:

— Ի՞նչ ունի ինձ հետ ոստիկանը, Սահակ սրբազան, — կասկածավոր եղանակով դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

— Աստծուն է միայն հայտնի, տե՛ր, — պատասխանեց սրբազանը:

— Վերակացուին ասել է, թե կաթողիկոսը յուր կաթողիկոսարանում պիտի նստե և ոչ թե լեռներում ամրանա,-հարեց սարկավագը:

— Նա ուրեմն գիտե՞, թե ես որտե՛ղ եմ գտնվում:

— Այո՛, Վեհափառ տեր:

Կաթողիկոսի գույնը թռավ:

— Եթե ես այստեղից չհեռանամ, նա այսօր կամ վաղը զորք կուղարկե իմ ետևից, — ասաց հայրապետը դիմելով եպիսկոպոսին:

Վերջինս լուռ էր:

— Դու այդպես չե՞ս կարծում, սրբազան եղբայր, — հարցրեց կաթողիկոսը:

— Նա զորք կուղարկե և այն ժամանակ, երբ հեռացած կլինես, տեր:

— Բայց այդ ժամանակ նա չի կարող կալանավորել ինձ:

— Կկալանավորե և կկոտորե Այրիվանից միաբանությունը...-ծանրությամբ հարեց սրբազանը:

Կաթողիկոսը հասկացավ եպիսկոպոսի դիտողության նշանակությունը և լռեց:

— Բայց դու, սրբազան, մի վայրկյան առաջ ասացիր, թե ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր, — խոսեց կաթողիկոսը րոպեական լռությունից հետո:

— Այո՛, Վեհափառ տեր, ասացի:

— Ուրեմն նա մեր կաթողիկոսարանն էլ կգրավե, եթե ինձ ձերբակալե:

— Անշուշտ:

— Եվ եթե ես այստեղ մնամ, այդ միևնույն է, թե մատնեմ ինձ Նսըրի դահիճներին:

Եպիսկոպոսը չպատասխանեց:

Այդ միջոցին հասավ կաթողիկոսարանի նվիրակը, որ Նսըրի կողմից հրավիրում էր կաթողիկոսին մայրաքաղաք:

Վեհափառն այլևս երկար խորհուրդների չսպասեց: Նա որոշեց հեռանալ Գառնի: Ուստի հրամայեց Գևորգ սարկավագին ձի նստել իսկույն և շտապել ամրոցը` բերդակալին ու թագուհուն յուր գալուստը հայտնելու: Նա մտածում էր ելնել վանքից հենց միևնույն գիշերը, որովհետև համոզված էր, թե ոստիկանը, նվիրակի վերադառնալուց հետ, զորք կուղարկե անշուշտ իրան կալանավորելու համար:

Գևորգ սարկավագը փութաց Վեհափառի հրամանը կատարելու:

Այդ լուրը հուզեց Այրիվանքի միաբանությանը: Շատերն սկսան տրտնջալ, բայց կաթողիկոսին դժգոհություն հայտնել չհամարձակվեցան, որովհետև տեսնում էին, որ Դռան եպիսկոպոսը նույնպես լուռ է: Այդ նշան էր, թե նա հույս չունի այլևս Հայրապետի վրա ազդելու, որովհետև երկյուղն ամեն կողմից պաշարել էր նրան:

Կաթողիկոսի ձեռնարկությունը քաջալերում էին միայն նրա մերձավորները, որոնք հոգում էին նաև իրանց ապահովության համար: Նրանք գիտեին, որ հագարացիք Այրիվանքը գալով ամեն ինչ պիտի ավերեն և գուցե սրի անցցնեն միաբանությունը և ահա այդ պատճառով աշխատում էին հեռացնել այդտեղից կաթողիկոսին, որպեսզի իրանք էլ նրա հետ հեռանային:

Երբ երեկոյացավ, հայրապետը յուր հավատարիմներով իջավ Ներքին Վանք տաճարում աղոթելու և միաբաններին յուր հրաժեշտը տալու համար:

Տեղվույն վանահայրը խնդրեց այստեղ կաթողիկոսին հետաձգել յուր ուղևորությունը գեթ մի ժամով, որպեսզի վերջին անգամ ընթրիք վայելե յուր միաբանության հետ: Կաթողիկոսը սիրով համաձայնեցավ և սեղան նստավ վանքի միաբանական ուխտի հետ:

Ըստ սովորության` սեղանատան ամբիոնը բարձրացած կարդում էր սուրբ գիրքը Մովսես անունով մի երիտասարդ վարդապետ: Նա ընթեռնում էր առաքելոց գործերը: Երբ ընթրիքը մոտեցավ յուր վախճանին, նա բացավ Հովհաննու ավետարանը և բարձր ձայնով կարդաց հետեյալը.

“Ես եմ հովիվն քաջ. հովիվ քաջ զանձն յուր դնե ի վերա ոչխարաց: Իսկ վարձկանն, որ ոչ հովիվ, որո ոչ յուր են ոչխարքն, իբրև տեսանե զգայլն զի գա` թողու զոչխարսն և փախչի. և գայլն հափշտակե զնոսա և ցրվե: Քանզի վարձկան է, և չէ փույթ նմա վասն ոչխարացն...”:

Դեռ վերջին խոսքերը չէր արտասանել վարդապետը, երբ կաթողիկոսը դենջակը ձգելով` այլայլված բարձրացավ աթոռից և բացականչեց.

— Օ՛ն և օ՛ն, թե վարձկան լինիմ ես, ո՛վ Այրիվանից հավք: Գայլից փախչում էի, Այո՛, բայց ոչ թե ձեզ նրա ձեռքը մատնելու, այլ ինձ հանձնված սրբություններն ազատելու համար: Որովհետև այդ զգուշությունը վարձկանի անուն պիտի վաստակե ինձ համար, ապա ուրեմն այս վայրկենից իսկ թողնում եմ ես այդ սրբությունները բախտի կամքին և հանձնում եմ այն ձեր երաշխավորության: Ես այևս չեմ հեռանում այս ուխտից:

Բարի վանահայրը, որ երիտասարդ վարդապետի կողմից չէր սպասում երբեք այդպիսի նախամտածված և համարձակ քայլ, մնաց բոլորովին ապշած: Հայրապետի խոսքերն ավելի ևս շփոթեցին նրան և խեղճը վազելով ծունկ չոքեց վեհափառի առաջ:

— Աստվածարյալ տեր,-բացանանչեց նա, այս վարդապետը իմ միաբանների մեջ հայտնի էր յուր համեստությամբ և առաքինությամբ, բայց փորձիչը երևի գայթակղել է նրան: Հրաման տուր այս վայրկենին իսկ կարգալույծ անել նրան և արտաքսել այն հարկից, որ նա անպատվեց յուր անպարկեշտությամբ:

— Չէ, սիրեցյալ եղբայր, — պատասխանեց կաթողիկոսը. — այդ վարդապետն անպարկեշտ ոչինչ չասաց. նա կրկնեց ավետարանի ճշմարիտ խոսքերը. նա հիշեցրեց ինձ իմ պարտքը, հնչեցնելով իմ ականջին Անմահ և Քաջ հովվի պատվերը...: Իսրայելի հանցավոր առաջնորդներին աստված կոչում էր ուղղության ճանապարհը մարգարեների բերանով: Գուցե նա կամեցավ մարգարե հարուցանել և մեր մեջ: Չդատապարտենք այս մարդուն, որ ճշմարտությունը խոսելու չափ քաջություն ունեցավ:

Մովսես վարդապետը կանգնած էր այդ վայրկենին ամբիոնի առաջ լուռ և անշարժ, նրա դեմքը խաղաղ էր և հայացքը հանգիստ: Բոլոր միաբանությունը, որ ոտքի վրա էր այդ միջոցին, նայում էր նրան ասես թե մի աչք դարձած, բայց երիտասարդ հայրը բնավ չէր խռովում այդ հայացքներից: Նա գիտեր, թե ինչո՛ւ համար կարդաց Հովհաննու ավետարանը և համոզված էր, որ դրանով յուր պարտքը կատարեց: Իսկ թե այնուհետև վա՞րձք թե պատ՛իժ կչափեին իրան, բնավ հոգը չէր:

Բայց վանահայրը կաթողիկոսի խոսքերովն անգամ չհանգստացավ որովհետև վախենում էր, թե գուցե Վեհափառը յուր նենգամտության վերագրե այս դիպվածը, նա հարցրեց վարդապետին բարձր`

— Եղբայր իմ, ո՞վ պատվիրեց քեզ այդ ավետարանը:

— Նա, որ աներևութաբար բազմած է այս րոպեին մեր մեջ և որ կառավարում է մեր սիրտն ու հոգին, — պատասխանեց վարդապետը խաղաղ ձայնով:

— Անշուշտ նա է պատվիրողը, — հարեց Դռան եպիսկոպոսը, — եթե ճշմարիտ է, որ ծառի տերևը չի շարժվում առանց նրա կամքին, ապա այս սրբազան ակմբի մեջ խոսողը նույնպես ներշնչված է նրա զորությամբ: Աստված կամենում է, որ վեհափառ հայրն ապրե յուր ուխտի հետ և մասնակցե նրա ուրախության ու վշտերին: Ո՞վ կարող է հակառակել նրա կամքին:

— Ես չեմ հակառակում, — ասաց կաթողիկոսը: -Ես կամենում էի, Այո՛, գիշերն օգնության առնել ինձ և թշնամուց անտեսանելի կերպով հեռանալ, բայց հենց այդ գիշերվա շնորհիվ իմ ալևորությունն արգելվեցավ: Ուրեմն ես կմնամ:

Այն սրբությունները, որոնց ես կամենում էի թշնամու հափշտակությունից ազատել, իրանք ուրեմն թող պաշտպանեն իրանց: Եվ եթե աստծուն հաճելի լինի իմ հեռանալը, նա պայծառ արևի ժամանակ էլ գիշեր կստեղծե ինձ համար:

Այս ասելով կաթողիկոսը հեռացավ յուր հանգստարանը: Իսկ Դռան եպիսկոպոսը նոր բանբեր ուղարկեց Գառնի` հայտնելու համար բերդապահին` չսպասել այլևս կաթողիկոսի գալստյան:

Հետևյալ առավոտ, շատ վաղ, կաթողիկոսը խորհրդի հրավիրեց յուր մոտ միաբանության գլխավորներին, որպեսզի նրանց հետ միասին հագարացիների հարձակման դիմադրելու կամ հարձակվողների հափշտակությունից վանական ու հայրապետական հարստություններն ազատելու մասին խորհրդակցե:

Որոշվեցավ նախ բոլոր մեծագին իրեղենները, եկեղեցական սպասներն ու սրբությունները և մանավանդ Սուրբ Գրոց ու այլ մատենից ժողովածուները ծածկել հեռավոր և խավարչտին այրերի մեջ: Երկրորդ` բոլոր միաբանության մասնակցությամբ կատարել թափոր և ապա մնացորդ օրը անցնել աղոթքով ու հսկումով, որպեսզի աստված խնայե անպաշտպան միաբանությանը և չմատնե նրան յուր թշնամու ձեռքը:

Եվ, արդարև, անապատականների այս ընկերությունը թաքչելուց ու աղոթելուց զատ չուներ պաշտպանության մի այլ զենք: Թագավորն զբաղված էր ապստամբ իշխանների հետ կռվելով, իսկ զորք ունեցող իշխաններն ամրացած էին իրանց բերդերում: Այդ պատճառով վանքերն ու միաբանությունները մնացել էին անպաշտպան: Թշնամու երեսից փախչող խուժանը, որ չէր վայելում արքունական զորաց կամ որևէ իշխանի պաշտպանությունը, խուճապելով խռնվում էր դարձյալ այդ վանքերի մեջ և այդպիսով ավելի ևս ծանրացնում միաբանության դրությունը: Որովհետև վերջինս ստիպված էր լինում ոչ միայն նրանց պաշտպանելու, այլև կերակրելու հոգն ստանձնել, որ շատ անգամ կապված էր լինում մեծամեծ դժվարությունների հետ:

Աշնանային գեղեցիկ առավոտ էր: Վճիտ և անամպ երկնակամարի վրա սահում էր արևի հրափայլ գունդը, կարծես, ավելի լուսավոր և ավելի ճառագայթարձակ, քան ուրիշ օրեր: Գեղա լեռան լանջերն ու բարձունքները, որոնց վրա թոշնել ու դեղնել էին արոտն ու թավուտը` վառվում էին արդեն երփներանգ գունով: Այրիվանից ժայռերը, բուրգերն ու ամբարտակները, որոնք իրանց քարեղեն կրծքում սեղմում էին, կարծես, տխուր մենաստանը, ազատվում էին հետզհետե ժայռապատ լեռան ստվերներից, և առավոտյան անուշ հավերը, որոնք Գեղա լեռան լանջերը քերելով` մտնում էին Այրիվանից ձորը` Ազատի ալիքները համբուրելու համար, մեղմում էին արևի տապը, որ սկսում էր արդեն զգալի դառնալ այդտեղ: Մենաստանի շուրջը բուսած ծառերի և կարկաչահոս գետի ափունքը հովանավորող թուփերի մեջ սկսել էին թռչուններն իրանց վաղորդյան ճռվողյունը, որ խառնվելով գետի քաղցր խոխոջի հետ, լցնում էր շրջապատը մի ախորժալուր աղմուկով:

Եվ ահա վիմափոր տաճարի դռներից դուրս եկան սպիտակազգեստ դպիրները անդաստանի քաղցրանվագ շարականը երգելով: Նրանց հետևում էին ուրարակիրները, սարկավագները, աբեղաների խումբը, վարդապետները և վերջապես բարձրաստիճան եպիսկոպոսները, շրջապատած Վեհափառ հայրապետին: Նրա առջևից դեմ առ դեմ գնում էին երկու սարկավագներ, արծաթե բուրվառները ձեռքներին, որոնք և շարունակ խնկարկում էին կաթողիկոսին: Սկսած աբեղաներից մինչև եպիսկոպոսները` ամենքն էլ ծածկած էին սև փիլոններ, որովհետև ոսկեթել շուրջառները և այլ թանկագին սպասները թաքցրել էին արդեն այրերի մեջ: Միայն կաթողիկոսն էր կրում սպիտակ, ոսկեթել շուրջառ, որ մի առանձին շուք ու վայելչություն էր տալիս նրա բարձր ու գեղապատշաճ հասակին և քաղցր ու բարի դեմքին, որ զարդարված էր սպիտակափառ և կուրծքը հովանավորող մորուսով:

Հասնելով վանքի պարսպապատի մեջտեղը, շրջան կազմեց միաբանությունը թափորն սկսելու համար: Բայց հազիվ սկզբնական աղոթքները կարդացին և գրքերի ընթերցումն սկսան, ահա՛ երկնքի վրա կատարվելիք մի հրաշքի նշանները երևացին: Լուսավոր երկնակամարը գորշ-կանաչագույն ստվեր առավ յուր վրա: Նրա մեջ, զանազան կետերում, սկսան աստղեր նշմարվիլ: Օդի մեջ հանկարծ ցրտություն տիրեց, և քամին ընդհատ կերպով սկսավ շառաչել: Թռչունները, որոնք մինչև այն ուրախ ու զվարթ ճռվողում էին, ձայներնին քաշեցին և սկսան վախեցած այս ու այն կողմն ընկնել: Թափոր կազմող միաբանությունը պաշարվեց բնազդական մի երկյուղով, և գիրք կարդացող վարդապետն զգաց, որ յուր աչքերի տեսությունը նվազում է:

Հանկարծ կաթողիկոսը, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, բացականչեց.

— Ո՛վ ահավոր և ամենակարող աստված, ի՞նչ հրաշք է այս, որ ցույց ես տալիս դու քո արարածներին...

Բոլորը կարծես այդ ձայնից զարհուրած դեպի վեր նայեցին և սարսափելով տեսան, որ արևի պայծառ գունդը կիսով չափ ծածկվել է ստվերով, և հրավառ սկավառակը խավարում է արդեն:

Մի քանի րոպեից տվնջյան պայծառ լույսը խավարեց բոլորովին: Ամենքն մնացին սառած, և միայն երկյուղի ու զարմացման բացականչություններ էին, որ լսվում էին չորս կողմից:

Հանկարծ Դռան եպիսկոպոսն առաջ գալով բարձրաձայն աղաղակեց.

— Վեհափառ տեր. աստված ահա՛ բացահայտ կերպով ցույց է տալիս յուր կամքը Այրիվանից ուխտին, որ ցանկացավ պահել քեզ յուր մոտ և յուր գրկում պատսպարել հայ եկեղեցվո սրբազան հարստությունը: Դու չընդդիմացար և ասացիր. “Եթե աստծուն հաճելի լինի իմ հեռանալը, նա պայծառ արևի ժամանակ էլ գիշեր կստեղծե ինձ համար”: Եվ ահա՛ աստված լսեց քո խոսքը, նրա ամենակարող աջն սկսեց ստեղծել ցանկալի գիշերը, խավարելով տվնջյան պայծառ լուսատուն: Նա ուրեմն կամենում է, որ դու հեռանաս այս ուխտից և քո անձն ու հայրապետական սրբությունները փրկես վերահաս վտանգից: Հեռացի՛ր, Վեհափառ տեր, հեռացիր այստեղից, որովհետև այդ է աստուծո անքննելի կամքը:

— Հեռացի՛ր, հեռացի՛ր, մենք օրհնում ենք քո ճանապարհը, — գոչեցին ամեն կողմից միաբանները:

— Հնազանդվում եմ աստուծո կամքին, — ասաց կաթողիկոսը և ծունկ չոքելով սկսավ աղոթել:

Բոլոր միաբանությունը հետևեց յուր հայրապետի օրինակին:

Երբ արևի խավարումն անցավ, նրանք ջերմեռանդ սրտով թափորի կարգը շարունակեցին և ավարտելով վերադարձան տաճարը:

Այստեղ Մովսես վարդապետը, որ ընթրիքի ժամանակ կարդացել էր Հովհաննու ավետարանը և դրանով կաթողիկոսի ուղևորության արգելք դարձել, սարսափահար ու վշտաբեկ եկավ ընկավ հայրապետի ոտքերը` թողություն խնդրելու:

— Ես հանցանք գործեցի քո դեմ, Վեհափառ տեր, — ասաց նա արտասվելով, — ինձ թվում էր, թե աստված է ներշնչել ինձ քո ուղևորությունն արգելելու միտքը, բայց այժմ տեսնում եմ, որ ես գործել եմ սատանայի թելադրությամբ:

Ների՛ր ինձ և աղոթիր, որ քո նվաստ ծառան ազատվի փորձչի կապանքներից:

— Դու գործել ես աստուծո թելադրությամբ, սիրելի որդի, — ասաց նրան կաթողիկոսը մեղմ ձայնով, — աստված ինքն է ներշնչել քեզ այն` ինչ որ դու արիր, որպեսզի ցույց տա մեզ այսօր յուր ահավոր զորությունը: Գնա՛ և գոհության աղոթք կարդա նրան, որ արժանի արավ քեզ այդ շնորհին:

Վարդապետը հոգվով չափ մխիթարվելով այս խոսքերից, գլուխ խոնարհեց և հեռացավ:

Քիչ ժամանակից հետո կաթողիկոսը յուր հավատարիմներով ու հետևորդներով ելավ Այրիվանից և ուղղվեցավ դեպի Գառնի:

Հայրապետի հեռանալուց հետո միաբանության երկյուղն ավելի սաստկացավ: Նրանք հավատում էին, որ աստված, երկնքի վրա ցույց տված այդ հրաշքով, հայտնել էր իրանց թշնամիների մոտալուտ հարձակումը: Ուստի բոլոր այն անապատականները, որոնք թշնամու հարձակման կամ նրանից չարչարանք կրելու չափ քաջություն չունեին, խույս տվին լեռները և կամ պատսպարվեցան հեռավոր այրերում: Նրանց հետևեց և Այրիվանքին ապաստանած խուժանը:

Մենաստանում մնացին ծերունի վանահայրը և մի քանի կորովասիրտ ու անձնվեր վարդապետներ, որոնք ավելի լավ համարեցին մեռնել վանքի պարիսպների մեջ, սրբազան տաճարի դռան առաջ, քան թե իրանց անձի ազատությունը որոնելով` թողնել վանքը բարբարոսների ձեռքում:

Թեպետ նրանք հագարացիներին դիմադրել չէին կարող և դրա համար չէին իսկ երազում, բայց որովհետև գիտեին, որ այդ խուժադուժները եթե ամայի և անմարդաբնակ գտնեին վանքը, չարաչար պիտի պղծեին ու ավերեին նրան, որպեսզի փախչողների սիրտը կսկծացնելով` վրեժ լուծեին նրանցից, ուստի կարևոր համարեցին մնալ վանքում, գուցե թշնամու բռնություններն իրանց վրա դարձնելով ազատեին վանքը նրա բարբարոսություններից:

Մնացողների թվումն էր և երիտասարդ Մովսես վարդապետը, որ փախչողներին ու թաքչողներին զանազան ճանապարհներ ու թաքստյան վայրեր ցույց տալուց և նրանց տեղավորելուց հետ, վերադարձավ վանահոր և նրա ընկերների մոտ, գալիք հարվածներից յուր բաժինն ստանալու համար:

Երեկոյան դեմ գուժկան հասավ վանքը` թշնամիների հարձակման լուրը գուժելու:

— Ոստիկանը մի քանի գունդ զորք ճանապարհեց այստեղ կաթողիկոսին կալանավորելու և միաբանությունը սրի անցցնելու համար,-ասաց նա վանահորը. — կաթողիկոսարանի վերակացուն զրկեց ինձ այս տխուր նորությունը ձեզ հաղորդելու համար:

— Աստված երկնքից ավելի շուտ լուր հասցրեց մեզ, որդի, — պատասխանեց վանահայրը, — կաթողիկոսը և միաբանության մեծ մասն ազատված են արդեն, իսկ մենք մնացինք այստեղ վանքի դռանը մեռնելու համար:

Գուժկանի հեռանալուց հետ վանահայրը ժողովեց յուր հետ եղողներին և մտավ տաճարն աղոթելու և հսկումն կատարելու համար:

Նրանք դեռ ծնկաչոք աղոթում էին, երբ մի զարհուրելի աղաղակ վիմափոր տաճարի կամարները թնդացրեց:

Վանահայրը վեր թռավ տեղից և մեղմ ձայնով Քրիստոսի խոսքերն արտասանեց.

— “Արիք, երթիցուք, զի հասեալ է ժամ...”: — Եվ նա այլևս չկարողացավ շարունակել, բայց առաջացավ խրոխտ քայլերով:

Բոլորը հետևեցին նրան: Երբ տաճարի գավիթը հասան, նա նորեն դարձավ միաբաններին և հուզված ձայնով ասաց.

— Մենք նվիրված ենք մեր ժողովրդի և այս սուրբ տաճարի սպասավորության և դրա համար ուխտ ունինք դրած նախ աստուծո և ապա մարդկանց առաջ. այդ ուխտին դրժելու իրավունք չունինք. գնանք ուրեմն դեպի զոհի այն սեղանը, որի ողջակեզը մեր անձը պիտի լինի. գնանք ուրախ և անտրտունջ և հավատանք, որ զոհելով մեր կյանքը այս անցավոր աշխարհում, պիտի վերստանանք նրան անանց և հավիտենական թագավորության մեջ:

— Գնանք մեր սրբազան պարտքը կատարելու, — հարեց եռանդով Մովսես վարդապետը: — Մենք ոչինչ չենք զոհում այստեղ և ոչինչ էլ չենք կորցնում:

Վաղ թե ուշ պիտի մեռնեինք. հավիտենական չէր լինելու մեր կյանքը: Օրհնենք աստծուն, որ արժանի արավ մեզ շահավոր կերպով մեր մահկանացուն կնքելու: Եթե այս տաճարի հիմքերը մեր արյամբ ներկվելով ավելի պիտի ամրանան, եթե գալոց սերունդները` շեն գտնելով այս կամարները` պիտի աղոթեն նրանց մեջ և այդ աղոթքը երկնքից պիտի իջեցնե հայ երկրի վրա հավիտենականի օրհնությունը, ապա ուրեմն երջանիկ ենք մենք, որ դարձանք “ընտրության անոթ” և այս անցավոր աշխարհում ապրեցինք ավելի իմաստնաբար` հավիտենական բարիքը անցավորից գերադասելով:

— Գնա՛նք, գնա՛նք, թշնամին մեզ չի ահաբեկի. գնա՛նք մեր պարտքը կատարելու, — բացականչեցին մյուս վարդապետները և խմբովին բակը դուրս եկան:

Հագարացիք հասել էին արդեն վանքի պարիսպներին և շրջապատել նրան: Դռները փակ գտնելով` նրանք զայրացել, կատաղել էին: Այդպիսի հանդգնություն չէին սպասում մի խումբ հոգևորականներից: “Ուրեմն այդտեղ պաշտպանող զորքեր կան”, մտածում էին նրանք և իրանց գոռում-գոչումով վանքի այրերը թնդացնում: Նրանք հրամայում, հայհոյում, սպառնում էին: Ահագին ժայռեր գալիս, զարկվում էին պարսպապատի դռանը` նրան ջախջախելու համար: Քարագնացները վանքի ետևից բարձրացող ժայռերի վրա ելնելով` քարեր էին գլորում այդտեղից, իսկ նախահարձակները պարսպին սանդուղքներ հենելով` պատրաստվում էին ելնել նրանց վրա կամ իջնել վանքի բակը:

Վանականների խմբակը կանգնած էր այդտեղ անզեն, անպաշտպան, ինչպես անմեղ էրեների մի խումբ` արյունռուշտ որսորդներով ու բարակներով շրջապատված: Հրոսակների վայրենի աղաղակները և երկաթապատ դռան բոմբյունը դող ու թունդ էին հանում նրանց սրտերը. և որքան էլ նրանք պատրաստված` կամավոր հոգով իրենց անձը զոհելու, այսուամենայնիվ նրանք դողում, սարսափում էին. մսից ու արյունից կազմված մարդը ընկճվում էր նրանց մեջ. բնազդումը գործում էր ավելի, քան հոգեկան կորովը. և նրանցից ամեն մինն աղոթում էր աստծուն` անցնել իրանից դառնության այդ բաժակը: Միայն Մովսես վարդապետը կարծես խլացել, անզգայացել էր. զորքի աղաղակը, դռան ճարճատյունը, լեռնալանջից գլորվող քարերը նրան ո՛չ շփոթում, ո՛չ սարսափեցնում էին. նա անվրդով նայում էր այդ ամենին, կարծես սպանելով, որ հասնե շուտով կատարման ժամը:

— Մենք իզուր ենք կատաղեցնում այդ մարդկանց, — դարձավ նա վանահորը. — ավելի լավ է բանանք պարսպի դռները և ընդունենք նրանց, վաղ թե ուշ պիտի ներս խուժեն նրանք:

— Ոչ, ոչ. գուցե աստված դեռ կամենում է մեզ փրկել, գուցե անցնում է փորձության ժամը... — պատասխանեց վանահայրը, որ երկյուղից գունաթափվել էր արդեն:

Այդ ժամանակ պարսպի և աշտարակների վրա բարձրացան զորքերը և զարմանալով տեսան, որ բակի մեջ կանգնած էին միայն մի խումբ վանականներ: Չկային այդտեղ դիմադրող զորքեր և ոչ էլ կռվի կամ պաշտպանության պատրաստություն: Այդ անակնկալ հայտնությունն իջեցրեց նրանց կատաղության եռանդը: Մի քանիսը միայն իրանց սվինները ձգեցին դեպի խմբակը, այն էլ կարծես ոչ թե հարվածելու, այլ վանականներին վախեցնելու համար:

Բայց երբ պարսպապատի դուռը, ժայռերի հարվածին չդիմանալով, ահագին ճարճատյունով գլորվեցավ ընկավ, և զորքը բարձրագոչ ներս խուժեց բակը, վանականները խմբով փախան դեպի գավիթը:

Վայրենի հրոսակներն ընկան նրանց ետևից և մի ակնթարթում շրջապատեցին բոլորին: Սրերն ու սվիններն սկսան շողալ: Մի վայրկյան ևս ամենքը պիտի ջնջվեին: Բայց խմբապետներից մինն առաջ անցնելով` զորավոր ձայնով գոռաց.

— Ոչ ոքին չսպանեք, այս է զորապետի հրամանը:

Կարծես կատաղի գայլերի բերանից հանկարծ որսը խլեցին:

— Ինչո՞ւ չեք թողնում սատակել բոլորին, — գոռացին նրանք միաբերան և սկսան մռմռալ, սպառնալ և անլուր հայհոյանքներ թափել վանականների գլխին:

Բայց շուտով այդտեղ հասավ Բեշիր զորապետը, նստած արաբական ամեհի նժույգի վրա և վերջ դրավ զորականի վայրենի եռանդին:

Դա մի հաղթանդամ և զորավոր մարդ էր, խոշոր և թուխ դեմքով, հրացայտ աչքերով, հարուստ, գորշախառն մորուքով, որ իջնում էր մինչև, գոտին. գլխին փաթաթած էր սպիտակ ապարոշ, որի մեջ ծածանում էր մի ոսկե ցցունք: Հագած էր թանկագին ասվի և նրա վրա պղնձե զրահ, կողքից կախած ոսկեզարդ, աղեղնաձև թուր, իսկ ձեռքին բռնած փոքրիկ, փայլուն վահանակ:

— Ո՞րն է ձեր մեծը, — հարցրեց նա վանականներին, հառաջանալով դեպի նրանց:

— Ես, խոնարհ ծառադ, — առաջ անցավ վանահայրը:

— Որտե՞ղ է ձեր կրոնապետը, — հարցրեց Բեշիրը:

— Նա գնաց Գառնի:

— Գառնի՞:

— Այո՛, տեր:

— Ինչպե՞ս համարձակվեցավ: Միթե Դվինից հրաման չբերի՞ն նրան մեծ ոստիկանի ոտքը գալու:

Վանահայրը չպատասխանեց, նա տատանում էր և չգիտեր ի՞նչ ասել:

— Ինչպե՞ս չէ, բերին, — հառաջ անցավ Մովսես վարդապետը:

— Ինչո՞ւ ուրեմն նա այդ հրամանը անսաստեց:

— Նրան կարելի էր խնդրել, բայց երբեք` հրամայել:

— Դու համարձակվում ես այդ լեզվով խոսի՞լ ինձ հետ:

— Ամեն լեզու իրավունք ունի ճշմարտությունը խոսելու:

— Եվ չե՞ս վախենում, որ այդ ճշմարտախոս լեզուն արմատից հանեմ:

— Մենք սպասում էինք արդեն մեռնելու համար:

— Կյանքը երևի շատ է ձանձրացրել քեզ, թշվառական:

— Ոչ միայն ձանձրալի է, այլև նվաստացուցիչ է այն կյանքը, որ մարդ վայելում է յուր թշնամու առաջ խոնարհելով, մահն այդպիսի կյանքից ավելի գերադաս ենք համարում մենք:

— Հրամայեցե՛ք, տեր, որ այս ապերասանի կառափը ջախջախեմ, — գոռաց մի զորական, սուրը երիտասարդ վարդապետի գլխին շողացնելով:

— Թո՛ղ միայն դա ապրի յուր ընկերներից, որպեսզի կյանքի նվաստություններից չարաչար տանջվի, — պատասխանեց զորապետը և ապա վանահորը դառնալով հարցրեց, — որտե՞ղ են գտնվում ձեր վանքի և կրոնապետի գանձերը:

— Մենք գանձեր չունինք, — պատասխանեց վանահայրը:

— Մի՛ համարձակվիր ստել իմ առաջ:

— Ես չեմ ստում, ոչ թե նրա համար, որ վախենում եմ, այլ որ մեր կրոնն արգելում է այդ: Մենք գանձեր չունենք, որովհետև անապատականներ ենք. իսկ անապատականը սեփականություն չի կարող ունենալ: Մենք պահպանում ենք միայն մեր ժողովրդի մեզ տված ավանդները և այն գործադրում ենք դարձյալ նրա օգտին, երբ կարիքը պահանջում է:

— Դե՛հ ուրմեն, հայտնի՛ր ինձ այդ ավանդների տեղը, — հրամայեց զորապետը:

— Ես իրավունք չունիմ, — պատասխանեց վանահայրը:

— Ես հրամայում եմ քեզ:

— Ես պիտի անսաստեմ քո հրամանին:

— Կապեցեք դրանց բոլորին և ձգեցեք մի անկյուն, — հրամայեց զորապետը. — իսկ դուք մտեք սրանց կացարանները, աղոթարանները, պտրեցեք, որոնեցեք ամեն տեղ, քրքրեցեք ամեն անկյուն, հանեցեք ծածկած իրերը, դուրս քաշեցեք թաքնվածներին:

Զորապետը դեռ չէր ավարտել յուր խոսքը, որ զորքերն իրար անցան: Կարծես ոսկե բեռներ հափշտակելու հրաման տրվեցավ իրանց: Բայց Բեշիրը թույլ չտվավ, որ ամեն ցանկացող ներս մտնե վանքը: Նա գիտեր, որ զորականը խիղճ ու օրենք չունի, հետևապես գտած թանկագին իրերը պիտի ծածկեր և սեփականեր: Ուստի ընտրեց մի քանի խումբ խուզարկուներ և նրանց ուղարկեց դեպի ծածկարանները:

Զորքերը խուժեցին վիմափոր տաճարը, փոքրիկ մատուռները, միաբանական խուցերը, ելան լեռան լանջերում փորված այրերը, միով բանիվ` թափանցեցին ամեն տեղ, ուր որ մի ծածկված հարկ կամ գաղտնի անկյուն գտան: Նրանք տենդային եռանդով խուզարկում էին այդ տեղերը, քրքրում էին ծակամուտները, փորում էին գետինը, թափում էին փայտերի կույտը կամ ցրում աղյուսը, կարծելով, թե նրանց տակ թաղված պիտի գտնեն մեծամեծ գանձեր: Բայց երբ մեծագին ոչինչ չգտան, դուրս բերին և ժողովեցին բակի մեջ եկեղեցու հասարակ շապիկներ, փիլոններ, զանազան հնոտիք և խուցերից հավաքած ցնցոտիներ ու կարպետներ:

Բեշիրն այդ տեսնելով սկսավ կատաղել: Խուզարկուները մինչև, անգամ չէին գտել վանքի մեջ գործածվող պղնձեղենը, որ, յուր իմանալով, ահագին քանակության էր հասնում: Հարուստ Այրիվանքում, ուր մի քանի հարյուր միաբաններ կային, ուր ինքը կաթողիկոսն էր ապրել, չգտան մինչև անգամ մի պղնձե գավաթ, մի սկուտեղ: Բակի մեջ ընկած էին միայն մի քանի հատ փայտյա խաներ, ափսեներ և հողե ամաններ:

— Եվ այդպես, դուք ուրեմն ամեն ինչ ծածկե՞լ եք, — զայրացած հարցրեց զորապետը` դիմելով վանահորը:

— Ծածկել ենք ա՛յն ամենը, ինչ որ այս մենաստանին և ոչ թե ձեզ է պատկանում, — պատասխանեց ծերունին:

— Այս րոպեիս պիտի հայտնես տեղը, գարշելի ծերուկ, — գոռաց Բեշիրը և մտրակի ծանր հարված իջեցրավ վանահոր գլխին:

Արջառի ջիղը, որից հյուսած էր մտրակը, գալարվելով դիպավ ծերունու դեմքին, որից նրա դալկահար երեսի վրա կապեց գորշ-կապույտ պալար: Ծերունին երերաց և հենվեցավ եկեղեցու պատին:

Մի երիտասարդ աբեղա սաստիկ գրգռվելով այդ բանից, առաջ անցավ և աներկյուղ ձայնով գոչեց.

— Դո՛ւ, որ զառամյալ ծերունուն խնայելու չափ խիղճ չունիս, արժանի չես զորապետի անվան: Աստված կպատժե քեզ մի օր, վախեցիր նրա բարկությունից:

Բեշիրը դեռ չէր պատասխանել, որ մի ծանր սրի հարված իջավ աբեղայի գլխին, և նա արյունաթաթախ գլորվեցավ գետին:

Գազան զորականը, որ այդ հարվածն իջեցրավ, արժանացավ զորապետի գովության:

— Այսպիսի հարված կստանաք ամենքդ, եթե կհամառեք գանձերի տեղը ծածկել, — սպառնաց Բեշիրը. — հայտնեցեք ինձ ամեն ինչ ճշտությամբ, և դուք կազատվեք մահից:

— Մենք չենք մատնիլ ձեզ` ո՛չ մեր եղբայրներին և ո՛չ մեր սրբությունները, արեք մեզ հետ ինչ որ հաճելի է ձեզ, — պատասխանեց մի ուրիշ վանական:

— Դո՛ւ էլ նույնն ես կրկնում, երիտասարդ կրոնավոր, — դարձավ Բեշիրը Մովսես վարդապետին:

— Այո՛, տեր, մատնությունը գարշելի գործ է, և մեզանից ոչ ոք չի մատնիլ ձեզ ոչինչ: Ծածկված մարդիկը մեր եղբայրներն են, ծածկված իրերը` մեր սրբությունները կամ ժողովրդի գույքը: Մենք նրանց ձեզ հանձնելու իրավունք չունինք: Մեր սեփականը, ահա՛, այս մարմինն է. դուք կարող եք նրան անշնչացնել, բայց ընկճել մեր հոգին` երբեք:

Տարեք, տանջեցեք այս մարդկանց ամենասոսկալի տանջանքներով, մինչև որ նրանք կհայտնեն ձեզ ծածկված գանձերի տեղը, — հրամայեց զորապետը և հեռացավ:

Նրա գլխում շարունակ պտտվում էր այն միտքը, թե Այրիվանքը մեծ գանձեր ունի, և ինքը պիտի հափշտակե նրանց: Վանականների համառությունն է՛լ ավելի էր գրգռում նրա ախորժակը:

Բայց վերջինները համառում էին գլխավորապես այն պատճառով, որ այն ծածկարաններում, ուր վանքի և կաթողիկոսի գույքերն էր զետեղված, պատսպարված էին և շատերը իրանց կարգակիցներից: Իրեղենների տեղը հայտնելով` պիտի մատնեին նրանք և թաքնված մարդկանց, որոնց և թշնամու սուրն անխնա պիտի ջնջեր: Այս պատճառով ավելի լավ համարեցին միայն իրանք զոհվել, քան իրանց եղբայրներին էլ մասնակից անել մահվան:

Անխիղճ զորքերը քաշկռտեցին միաբաններին այս ու այն կողմը: Նրանցից մինին ծառի վրա պրկելով սկսան հարվածել, մյուսին ձիու պոչից կապելով, քաշքշեցին գետնի վրա, երրորդին մերկացնելով` սկսան խարաններով այրել, չորրորդի մարմինը սվիններով ծակծկեցին, հինգերորդինը` աքցաններով պոկեցին, և այլն և այլն: Բայց և այնպես արիասիրտ միաբաններից ոչ ոք հանձն չառավ զորապետի հրամանը կատարելու:

Այն ժամանակ Բեշիրը նորեն եկավ տանջվողների մոտ. տեսավ թե ինչպե՜ս տված չարչարանքներն արյունոտել, այլանդակել էին թշվառ զոհերին. կարծես խիղճը զարթեցավ բարբարոսի մեջ և նա հրամայեց, նրանց տանջանքները կարճելու համար, միանգամից սրի անցնել բոլորին:

Զորապետի հրամանը մի ակնթարթում կատարվեցավ. բոլորին էլ միանվագ գլխատեցին: Կենդանի մնաց միայն Մովսես վարդապետը, որին Բեշիրը, ըստ յուր խոստման, հրամայեց ողջ պահել, որպեսզի նա յուր վերքերից տանջվի շարունակ: Բացի այդ, զորապետը հրամայեց նրան շտապել Գառնի և, խարաններով ու աքցաններով կեղեքած յուր մարմինը կաթողիկոսին ցույց տալով հայտնել նրան, որ իրան էլ զորապետը այդ օրին պիտի հասցնե, եթե յուր կամքով չկամենա Դվին վերադառնալ և ոստիկանին հնազանդություն երդվել:

Այնուհետև Բեշիրը հրամայեց զորականին ավերել վանքը, չթողնելով այդտեղ նույնիսկ խեցիի մի կտոր:

Զորքերը հափշտակեցին ինչ որ գտան. թե՛ հավաքած իրեղենները, թե՛ հավ ու ճիվը, թե՛ մեղվի փեթակները, որոնք խիստ բազմաթիվ էին, և թե մինչև անգամ անասունների համար ամբարած խարն ու պաճարը:

Միաբանների նահատակությամբ զորքերը իրանց զրկանաց վրեժը հանած լինելով, ուրիշ ավերումներ չարին տաճարի կամ մատուռների մեջ: Այդպիսով անապատականների անձնվիրությունը յուր օգուտը բերավ: Այրիվանից ճարտարապետական բարեզարդությունը մնաց անաղարտ:

Բ

ՆՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ

Արևի խավարումը ծանր տպավորություն էր թողել Գառնո դղյակում: Իշխանուհիները թագուհու մոտ ժողովված` զանազան գուշակություններ էին անում բնության այդ խորհրդավոր երևույթի մասին: Նրանք հավատացած էին, որ արևի խավարումը նշան է մոտալուտ մի պատուհասի կամ ծանր դժբախտության: Բայց թե ի՛նչ պատուհաս կամ դժբախտություն պիտի լիներ այդ, չգիտեին, և գուշակություններն ահա` դրա մասին էին:

— Թագավորը պիտի հաղթվի, և այդ պարտությունը նոր անհաջողության դուռ պիտի բանա մեզ համար, այս է արևի խավարման նշանակությունը,-որոշեց վերջապես թագուհին:

Բայց իշխանուհիներից ոմանք չհամաձայնվեցան նրա հետ: Եվ այդ ոչ թե նրա համար, որ չէին հավատում այդ գուշակության, այլ նրա համար, որ թագուհու սիրտը վշտացնել չէին կամենում:

— Արևը ծագում է շատ երկիրների վրա, բայց բոլոր այդ երկրները միաժամանակ չեն դժբախտանում, — նկատեց Սյունյաց Մարիամ իշխանուհին, — եթե արևի խավարումը գուշակ է դժբախտության, ինչո՞ւ ուրեմն միևնույն երկրում թագավորը պիտի հաղթվի, իսկ Ցլիկ-Ամրամը հաղթե, մինը դժբախտության և մյուսը` հաջողության հանդիպե: Այդ ապացուցանում է ուրեմն, թե արևի խավարումը միայն չարիք չէ բերում մարդկանց, այլև երբեմն բարիք:

— Եվ գուցե այս անգամ բարիքը մեզ վիճակվի, — հարեց Մարզպետունի իշխանուհին:

— Գուցե, — պատասխանեց թագուհին: Բայց նա այդ հույսը չուներ: Նա գիտեր, որ աստված չարիքը չափում է հանցավորին, իսկ բարիքը` արդար մարդուն, գիտեր, որ յուր թագավոր ամուսինը հանցավոր էր Ամրամի առաջ, և հետևապես պիտի հաղթանակեր վերջինը: Բայց նա այդ մասին ոչինչ չխոսեց, որովհետև չէր կարող խոսել:

Մի քանի ժամից այստեղ հասավ Հովհաննես կաթողիկոսը: Ամբողջ Գառնին յուր հոգևորականներով ընդառաջեց հայրապետին: Մուշեղ բերդակալը, որ օգտվում էր ամեն դեպքից յուր հարգանքը Վեհափառին ցույց տալու համար, դուրս հանեց մարտկոցներից ու աշտարակներից բոլոր ամրոցաբնակ զորքերը և կատարյալ սպառազինությամբ ու դրոշակներով տարավ նրանց կաթողիկոսի առաջ: Թագուհին յուր իշխանուհիներով դիմավորեց հայրապետին ամրոցի դռների մոտ և նրա հետ միասին մտավ եկեղեցի:

Երբ կաթողիկոսը յուր աղոթքը կարդաց և մուտքի մաղթանքն ավարտեցին, թագուհին հրավիրեց նրան դղյակ, ուր Հայրապետի և յուր հետևորդների համար պատրաստված էր օթևան:

Վեհափառի ատելությունն ուրախացրել էր գառնեցիներին. ժողովուրդը ցնծության մեջ էր: Բայց դղյակում, ընդհակառակը, տխրել էին ամենքը:

Կաթողիկոսը հայտնել էր թագուհուն յուր գալստյան պատճառը: Ոստիկանի Դվին հասնելու լուրը տարածվել էր դղյակի մեջ: Ամենքն սկսել էին վախենալ և այս ու այն անկյունը ժողովված` խորհրդածություններ անել: Իշխանուհիներին հուսադրում և սիրտ էր տալիս Գոռ իշխանիկը: Եվ նրա խոսքերը, արդարև, հանգստացնում էին թե՛ հասակավոր տիկնանց և թե՛ դեռատի օրիորդներին:

— Գառնին չէր կարող գրավել ոչ միայն Նսըրի, այլև ամիրապետի զորքերը, — ասում էր նա նրանց: — Եթե մեր պահակ գնդերը չկռվին անգամ, դարձյալ Գառնո ամրությունը կմնա անխախտ: Թշնամին չի կարող վնասել նրա ժայռերին, իսկ Տրդատաշեն պարիսպներն ու աշտարակները կդիմադրեն թե՛ բաբաններին և թե՛ բաղիստրի ռումբերին:

Մուշեղ բերդակալը, սակայն, ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցել: Նա մինչև անգամ կաթողիկոսի մոտ չմնաց, թեպետ և կցանկանար ամբողջ ժամերով կանգնել նրա առաջ և Հայրապետի սուրբ խոսքերը լսել... Այդ, արդարև, մի մեծ բախտավորություն կլիներ նրա համար: Բայց նա պարտաճանաչ մարդ էր և գիտեր, որ իրավունք չունի յուր պարտքը զվարճության զոհելու: Այդ պատճառով հենց որ նա Վեհափառի բերած լուրն իմացավ, անմիջապես դեպի զորանոցները դարձավ և առանց մի վայրկյան դանդաղելու` սկսավ ամրոցը պաշտպանելու մասին հարկ եղած կարգադրություններն անել:

Նա ռազմագետ մարդ էր, և բազմամյա փորձառությունից գիտեր, որ թշնամին հասնում է շատ անգամ այնպիսի ժամանակ, երբ ոչ ոք չէ սպասում նրան: Այդ պատճառով ցանկանում էր պատրաստել զորքը ժամ առաջ, որպեսզի հանկարծակի գալով վտանգի չենթարկե ամրոցը, որին ապաստանած էին այդ միջոցին հայոց երկրի ամենաթանկագին գլուխները, — թագուհին և կաթողիկոսը:

Նա զինավորեց բոլոր զորքը, բաժանեց նրանց զանազան խմբերի, որոնցից ոմանք պատնեշների, ոմանք աշտարակների և ոմանք պարիսպների վրա պիտի հսկեին կամ կռվեին: Կազմել տվավ մի քանի կետերում ահագին քարակույտներ, որով պետք է պարիսպների վրա բարձրացած զորքը հարվածեին կամ նրանց սանդուխտները ջախջախեին: Պատրաստեց մեծ քանակությամբ ճարպ, կպրաձյութ և ուրիշ դյուրավառ նյութեր, որոնցով պետք է պաշարողների վրա կրակ թափեին: Միով բանիվ` հոգաց այն ամենը, ինչ որ կարևոր էր հանկարծահաս թշնամուն դիմադրելու կամ ամրոցի սահմաններից նրան հալածելու համար:

Բայց անցավ երկու օր, և տակավին թշնամու հարձակման մասին լուր չեկավ բերդակալին: Այդ հանգամանքը սակայն չթուլացրեց նրա եռանդը: Գիշեր-ցերեկ նա զորքի հետ էր և շարունակում էր յուր պաշտպանողական պատրաստությունները:

Եվ ահա մի երեկո նա նկատեց մի խումբ հեծյալներ, որոնք իջնում էին Գեղա լեռան բարձրություններից: Այդ նորությունը երկյուղ պատճառեց նրան:

“Թշնամին, ուրեմն, մի քանի կետերից է կամենում հարձակվել ամրոցի վրա”, մտածեց նա և մարդիկ ուղարկեց շրջակաները լրտեսելու:

Բայց անցավ բավական ժամանակ և երևացող հեծելախմբին չհետևեց որևէ ուրիշ խումբ: Հեծյալները հետզհետե առաջանալով իջան Ազատի ձորը և խոտորեցին դեպի Գառնի:

Որքա՛ն մեծ եղավ բերդակալի ուրախությունը, երբ նա այդ խմբի մեջ ճանաչեց իշխան Մարզպետունուն: Մի երկնային զորություն օգնության հասավ իրան ծանր ճգնաժամի վայրկենին:

Իսկույն լուր տարան թագուհուն իշխանի գալստյան մասին:

Հեծելախումբը, որի առաջնորդները Մարզպետունին ու Վահրամ սեպուհն էին, կազմված էր մի քանի տասնյակ վանանդացիներից, որոնք սեպուհի հետ միասին գնացել էին Աղստև` թագավորին օգնելու համար: Գևորգ իշխանը թողեց նրանց բերդակալի մոտ և ինքը սեպուհի հետ միասին գնաց թագուհուն ներկայանալու:

Բայց իշխանի գալստյան լուրը թագուհուն ոչ թե ուրախություն, այլ հուզմունք պատճառեց: Մի քանի օր առաջ նա, արդարև, սպասում էր նրան սրտի անձկությամբ: Նա ժամերով նստում էր Տրդատա հովանոցում և դիտում այն ճանապարհը, որով պիտի վերադառնար իշխան Մարզպետունին: Նա կամենում էր, այո՛, տեսնվել և խոսել նրա հետ ժամ առաջ, կամենում էր բանալ նրան յուր սիրտը և դարման խնդրել նրանից յուր վշտերի համար, որովհետև այդ իշխանի մեջ էր տեսնում արքայական ընտանիքի միակ հավատարմին:

Բայց այժմ, քանի որ Սեդան պատմել էր նրան ամեն բան, քանի որ ինքը գիտեր, թե Մարզպետունին վաղուց ծանոթ է եղել յուր վշտերին և սակայն նրանց մասին ոչինչ չէ հայտնել իրան, այժմ այլևս չէր կամենում հանդիպել նրան իբրև մտերմի: Նա մտածում էր, թե այդ իշխանն էլ անշուշտ ծիծաղել է մի օր յուր միամտության վրա, ինչպես այդ արել են յուր պալատի կանայքն ու նաժիշտները, և այդ միտքը ճնշում, նվաստացնում էր իրան յուր իսկ աչքում:

“Ի՞նչ, միթե նա այժմ պիտի ներկայանա ինձ` իբրև յուր թագուհո՞ւն... իբրև յուր թագավորի ամուսնո՞ւն... մի՞թե նա չգիտե, որ ես իրավունք չունիմ այլևս այդ անունը կրելու, քանի որ թագավորն անարգել, արհամարհել է ինձ...”, մտածում էր ինքն իրան թագուհին և փափագում, որ իշխանը չներկայանա իրան, չերևա բնավ յուր աչքին:

Բայց մի՞թե այդ հնարավոր էր: Չէ՞ որ ինքը մինչև այն վայրկյաններն էր հաշվում, թե ե՞րբ արդյոք լուր կհասներ իրան Ուտիքից, չէ՞ որ նա ցանկանում էր և պարտավոր էր իմանալ, թե ի՛նչ հետևանք ունեցավ արքայի արշավանքը, հաղթե՞ց նա արդյոք թե՞ հաղթվեցավ: Երկու դեպքումն էլ նա շահ ուներ յուր անձի համար, մեկում` իբրև թագուհի, մյուսում` իբրև ամուսին...

Երբ սենեկապան սպասուհին հայտնեց թագուհուն, թե Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը թույլտվություն են խնդրում իրան ներկայանալու, նա շփոթվեցավ և չգիտեր, թե որի՞ն արդյոք ընդունել:

— Թող գան, — ասաց սպասուհուն: Բայց հենց որ վերջինս կամեցավ հեռանալ, — չէ՛, չէ՛, թո՛ղ միայն իշխանը ներկայանա, — հրամայեց նա նորեն և սպասուհին դուրս գնաց Մարզպետունուն հրավիրելու:

Թագուհու սիրտն սկսավ տրոփել, մի ներքին անհանգստություն պաշարեց նրան, և դեմքի խաղաղ արտահայտությունն անհետացավ:

Նա վեր կացավ տեղից, նայեց արծաթի հղկված հայելուն և տեսավ, թե ինչպե՜ս այլայլվել է ինքը: Նրա շրթունքները դալկացել, այտերը գունատվել և աչքերը խառնվել էին:

— Ի՞նչ պատահեց ինձ... — հարցրեց նա ինքն իրան և սակայն յուր հարցին պատասխանել չկարողացավ: Նրա մեջ այդ րոպեին զարթել էին երկու հակառակ, իրար դեմ մրցող և իրար ճնշող զգացումներ, դրանք թագուհու պատվասիրությունը և ամուսնու անձնասիրությունն էին: Երկուսն էլ իրավատեր, երկուսն էլ զորավոր... Հարկավ, դրանցից մինը պիտի հաղթանակեր, բայց դեռ մինչև այդ` որչափ հուզմունք, որչա՜փ ալեկոծություն պիտի խռովեին նրա հոգվո ծովը...

“Ի՞նչ լուր կբերե ինձ արդյոք իշխանը...”, մտածում էր նա. և այս մտածմունքը թունդ էր հանում նրա սիրտը: Նա կամենում էր, այո՛, լսել, թե թագավորը հաղթեց, թե Ամրամի ապստամբությունը` ճնշվեցավ, թե արքայի զորքերը նորեն Ուտիքն ու Սևորդյաց աշխարհը գրավեցին... Այդ լուրը կգգվեր յուր դշխոյական պատվասիրությունը, որովհետև այդ հաղթությամբ թագավորը կզորանար, նրա անունը կփառավորվեր, հայոց զորքը կքաջալերվեր, թշնամիները հետ կքաշվեին: Այդ հաղթությունը կժողովեր նորեն արքայի շուրջը վհատյալ իշխաններին, սիրտ, հոգի կներշնչեր նրանց, դրանով ոստիկանի դեմ ուժ կկազմվեր, որով նորեն Դվինը կգրավեին, կաթողիկոսարանը կազատեին...

Այս բոլորը ճիշտ էր:

Բայց երբ նա հանկարծ մտաբերում էր, թե ի՛նչ պատճառից է առաջացել Ամրամի ապստամբությունը, երբ մտածում էր, որ թագավորն այս հաղթությամբ ավելի ևս պիտի համառի յուր մոլորության մեջ, և Սևորդյաց երկիրը նորեն գրավելով հաճախ պիտի այցելե Ասպրամ իշխանուհուն, և, հետևապես, բոլորովին թողնե, լքանե իրան... այն ժամանակ ցանկանում, ի սրտե փափագում էր, որ Մարզպետունին հայտնե իրան, թե թագավորը հաղթվեցավ, թե արքայական զորքերը ջարդվեցան, թե Ցլիկ-Ամրամը վերջնականապես տիրապետեց Ուտիքն ու Սևորդյաց ձորը, ուր այլևս Աշոտ Երկաթը չի կարող յուր ոտքը դնել, յուր սիրեցյալ Ասպրամին այցելել...

“Օ՛, գուցե այդ զոհաբերության գնով` ես նորեն գտնեմ իմ անգին կորուստը... գուցե նա մտածե` թե յուր հանցավոր սիրո համար պատժեց իրան աստված, և խղճահարվելով վերադառնա նորեն դեպի ինձ, դեպի յուր ամուսինն ու թագուհին, դեպի այն սիրտը, որ այնքան ջերմագին սիրեց նրան և որ տակավին շնչում է` յուր կորած կեսը նորեն գտնելու հուսով...”:

Այս մտածմունքների մեջ էր թագուհին, երբ սենեկապանը նրա առանձնարանը մտնելով հայտնեց, թե իշխանն սպասում է իրան:

Թագուհին դուրս գնաց դահլիճ առանց նաժիշտների ընկերակցության:

Գևորգ իշխանը, որ կանգնած էր մուտքի առաջ, տեսնելով թագուհուն` ողջունեց նրան խոր գլուխ տալով և ապա եկավ ձեռքը համբուրելու:

Իշխանի լուրջ և խաղաղ դեմքը հանգստացնող տպավորություն արավ թագուհու վրա:

— Երկա՜ր սպասեցինք քեզ, իշխան, անշուշտ մեզ համար ուրախ լուր ես բերել, — ասաց նա սառը ժպտալով և աթոռի վրա բազմելով:

— Ուրախ լո՞ւր... Այո՛, կցանկանայի բոթաբեր չլինել, բայց աստված...

— Ի՞նչ պիտի գուժես, — հարցրեց թագուհին անհանգստությամբ, աչքերն իշխանի վրա սևեռելով:

— Թագավորն ազատված է. պետք է փառք տանք աստծուն:

— Ի՞նչ կնշանակե այդ, իշխան, ուրեմն արքայական զորքերը ջարդվեցա՞ն:

Ամրամը հաղթանակե՞ց...

— Նա չհաղթանակեց, բայց մենք ամոթալի պարտություն կրեցինք:

— Չեմ հասկանում քեզ:

— Ամրամը մեզ պաշարեց մի կրճի մեջ: Թագավորը փախչելով ազատվեցավ. իսկ զորքերի մեջ կռիվ չեղավ:

— Պատմի՛ր ավելի մանրամասնորեն, — հրամայեց թագուհին:

Եվ իշխանը սկսավ մի առ մի պատմել թե՛ յուր դիմումների և թե՛ արքայի սպառազինման ու անհաջող ընդհարման բոլոր պատմությունը, ծածկելով, իհարկե, ա՛յն ամենը, ինչ որ ինքը կարևոր չէր համարում հայտնել նրան` թե՛ իբրև թագուհու և թե՛ իբրև ամուսնու:

Երբ նա վերջացրեց, թագուհին շունչ առավ և կարծես գոհ իշխանի պատմածներից` ասաց.

— Ուրեմն արյուն չթափվեցավ... և սակայն թագավորը փախավ, գլխակո՞ր... ամոթահա՞ր... այնպես չէ՞: Փառք ամենակարող աստծուն, նա դատում է արդարությամբ ...

Եվ թագուհու դեմքի վրա փայլեց գոհության մի ժպիտ, որից սակայն անբաժան էր դառնության կսկիծը:

— Մեծափառ տիկին, դու ինձ ապշեցնում ես. մի՞թե արքայի պարտությունը ուրախություն է պատճառում քեզ, — հարցրեց Մարզպետունին թագուհու խոսքերից բոլորովին շփոթված:

— Այո՛, Մարզպետունի՛ իշխան:

— Բայց այդ պարտության նախատինքը վերաբերում է արքայական գահին և...

— Եվ թագուհուն, այնպես չէ՞. այդ չէի՞ր ուզում ասել:

— Այո՛, մեծափառ տիկին:

— Թագուհին այլևս հետամուտ չէ փառքի, այլ հոգվո հանգստության...

Անցան այն ժամանակները, երբ իմ իղձերի լրումը Աշոտի հաղթություններն էին կազմում, երբ իմ հոգին սավառնում էր նրա հաղթական դրոշի շուրջը... Այդ ժամանակ, Այո՛, փառքի մեջ էի որոնում իմ երջանկությունը, որովհետև երիտասարդ էի և անփորձ: Իսկ այժմ այդ փառքն ատելի է դարձել ինձ, որովհետև նրա շնորհիվ իմ ամենաթանկագին երջանկությունը կորցրի:

— Մի՞թե մի դժբախտություն է հասել իմ թագուհուն, — հարցրեց Մարզպետունին տարակուսելով:

— Դժբախտությո՞ւն... Ո՛չ. ես շատ երջանիկ եմ. այդ գիտես դու, գիտե Մարզպետունի իշխանուհին, գիտեն իմ պալատի կանայքը, իմ նաժիշտները... Այո՛, դուք ամենքդ գիտեք, բայց կամենում էիք, որ ես չիմանամ.... Այնպես չէ՞, տեր Մարզպետունի, — հարցրեց թագուհին հեգնաբար ժպտալով:

— Ես... չգիտեմ... մեծափառ տիկին, ինչի մասին է խոսքը:

Թագուհին սևեռեց յուր աչքերը իշխանի վրա և մի վայրկյան լուռ նայելուց հետ` մեղմ ձայնով ասաց.

— Ուշ է արդեն, իշխան, մի՛ հոգար այլևս իմ սրտի անդորրության մասին: Ես կարող էի տանել իմ վիշտը, եթե իմանայի, թե նա անհայտ է աշխարհին: Բայց քանի որ աշխարհն ինձանից առաջ է ծանոթացել նրան, ծածկելն այլևս օգուտ չի բերիլ: Դու մի՛ զարմանար, որ քո բերած լուրն ինձ ուրախացրեց: Այդ ուրախությունը խավարող հուսո վերջին ճառագայթն էր, որ փայլեց իմ երեսին, գուցե, վերջին անգամ...

— Հուսո՞... ի՞նչ հույս ունիս դու անհաջողության վրա, մեծափառ տիկին, — հետաքրքրությամբ հարցրեց իշխանը:

— Ինչ հո՞ւյս, լսի՛ր քեզ կասեմ: Մինչև այժմ իմ ամուսնու մեջ ես թագավորն էի որոնում, նրա հաջողություններով ուրախանում, նրա փառքերով պարծենում... Կարծում էի, թե դրանք են միայն, որ երջանկություն պիտի բերեն ինձ: Բայց այժմ... այժմ տեսնում եմ, թե որքա՜ն խաբված եմ եղել ես, թե ինչպե՜ս հաղթանակների աղմուկը, դափնիների փայլը, գահույքի շուքը, արքայական պերճությունները հատել, ցամաքեցրել են իմ երջանկության աղբյուրը. թե ինչպե՜ս այդ ամենի մեջ ես կորցրել եմ իմ ամուսնուն, համայն աշխարհի մեջ միակ սիրածս Աշոտին... Եվ այժմ, երբ տեսնում եմ, թե բախտը երես է դարձրել նրանից, երբ տեսնում եմ, թե հանցավոր սիրո պատճառով աստված նախատինք է ղրկում նրան, ես ուրախանում եմ, որովհետև հավատում եմ, թե գուցե հաղթված թագավորի, անարգված գահակալի մեջ գտնեմ վերջապես իմ կորցրած ամուսնուն, զարթեցնեմ նրա մեջ խիղճը... շունչ տամ, թերևս, նրա մեռած սիրուն...

— Երբեք, մեծափառ տիկին, երբեք չէի հուսալ, թե մեր ընդհանուր դժբախտության միջոցին դու քո վիշտը կհիշեիր... — նկատեց Մարզպետունին, ցանկանալով թագուհու տխուր զրույցն ընդհատել:

— Օ՛, դու զարմանո՞ւմ ես, ուրեմն, սիրելի իշխան, որ ընդհանուր դժբախտության ժամանակ ես իմ անձն եմ տեսնում և իմ թշվառությունը ողբում: Զարմանո՞ւմ ես, որ թագավորի պարտությամբ հայրենիքին հասանելիք վտանգը ինձ չէ սարսափեցնում. որ անտերության մատնվող ժողովրդի թշվառությունն իմ սիրտը չէ հուզում... Մի՛ զարմանար, անբնական ոչինչ չկա այստեղ: Ես մի սիրտ ունեի, որ նվիրված էր Աշոտ դյուցազնին: Նա այդ սիրտը ջախջախեց` իմ սերը դավաճանելով: Այդ դեպքից հետո ես դարձա անզգա. իմ կրծքի տակ, սրտի փոխարեն, թաքնված է այժմ մի դիակ. միթե կարելի՞ է պահանջել, որ դիակը շնչե, կամ զգա... Ես, Այո՛, սիրում էի իմ ժողովուրդը, սիրում էի իմ հայրենիքը ջերմ, անսահման սիրով. պատրաստ էի զոհել նրան ամենը, ինչ որ ունեի թանկագին և անփոխարինելի. պատրաստ էի զոհել նրան նույնիսկ իմ կյանքը... Բայց այդ ժամանակ Աշոտն ինձ հետ էր. նրա շունչը բոցավառում էր դեպի հայրենիքն ունեցած իմ սերը. նրա հոգին թևապարում էր իմ շուրջը և մարմնավորում իմ լավագույն մտածությունները... Այժմ նա չկա. Աշոտը մեռավ ինձ համար, և նրա հետ միասին կործանվեց այն աշխարհը, փլեց այն երկինքը, որ ամփոփում էի ես այդ դյուցազնի մեջ... Օ՛, մի՛ մեղադրեք ինձ, մի՛ նախատեք իմ թշվառությունը և մանավանդ թե` խնայեցեք... Ոչինչ, ոչինչ մի՛ պահանջեք մի թշվառ, լքյալ և նվաստացյալ կնոջից...

Այս խոսքերի վրա թագուհին հանկարծ փղձկեցավ և թաշկինակն աչքերին սեղմելով սկսավ արտասվել:

Իշխանը նայում էր նրան լուռ և տխուր, զգում էր խեղճ կնոջ վշտի մեծությունը, նրա ներքին, հոգեկան տանջանքները և սակայն չէր կարողանում նրան մխիթարել:

Երկար լուռ սպասելուց հետ նա վերջապես հիշեց, որ Վահրամ սեպուհն սպասում է իրան և որ ինքն ու նա խորհուրդ ունեին թագուհուն հայտնելու: Խնդրի կարևորությունը և ժամանակի սղությունը չէին ներում իրան թագուհու վշտերով երկար զբաղվելու. ուստի նա մի քայլ առաջ անցավ և համոզկեր ձայնով սկսավ խոսել:

— Քո վշտերը, մեծափառ թագուհի, վաղուց հայտնի էին ինձ. բայց դրանց մասին քեզ հետ խոսել չէի համարձակվում, որովհետև ինձ արգելում էին նախ` պատշաճից օրենքը և երկրորդ` այն միտքը, թե խոսելով ոչ մի շահ չպիտի բերեմ իմ տիրուհուն: Եթե այս մտածությունը մի հանցանք է եղել, ապա հրամայիր պատժել ինձ ամենածանր կերպով. իսկ եթե ոչ, լսի՛ր քո ծառայի խոնարհ խորհրդին...

— Ի՞նչ ես կամենում ասել, — հարցրեց թագուհին` թաշկինակը արտասվաթոր աչքերից հեռացնելով:

— Վշտերի մասին հիշել ու տխրելն ավելորդ է այլևս, մեծափառ տիկին. ով որ կարողանում է արիաբար համբերել, նա էլ ընկճում է բախտի կամակորությունը: Անցյալն անդարձ է, այդ դու գիտես, այժմ ապագայի մասին պիտի հոգանք...

— Ի՞նչ, դու կարծում ես, թե նորեն պիտի կարողանա՞ս արքայիդ յուր ընտանիքի գիրկը դարձնել, — ընդհատեց հանկարծ թագուհին:

— Յուր ընտանիքի գի՞րկը, այո՛:

— Ի՞նչ ձևով, ի՞նչ եղանակով, նա ինձ չէ սիրում...

Իշխանը կանգ առավ և սկսավ տարակուսական հայացքով դիտել թագուհուն:

— Գուցե դու մի ուրիշ բան գիտես, գուցե նա քեզ խոստովանել է, որ զղջում է արդեն, գուցե... ասա՛, իշխան, ասա՛, ոչինչ մի՛ ծածկիր ինձանից:

— Մենք միմյանց չհասկացանք, մեծափառ թագուհի:

— Ինչպե՞ս, արքայի մասին չէ՞ քո խոսքը:

— Այո՛:

— Ուրե՞մն...

— Ես ասացի, թե ապագայի մասին պիտի հոգանք, դու ինձ ընդհատեցիր, ապա կամենում էի հարել, թե այժմ մեծ ցավեր ունինք, նրանց հոգը պիտի քաշենք:

— Ասացիր` արքային յուր ընտանիքի գիրկը պիտի դարձնես...

— Այո՛, մեծափառ տիկին, այդպես ասացի, բայց չէ՞ որ աստված նրա ընտանիքի սահմանն ընդլայնել է շատ. արքայի ընտանիքը համայն ազգն է կազմում: Նրա գիրկը պիտի դառնա նա:

Թագուհին մի անհանգիստ շարժում արավ և աթոռի մեջ ուղղվելով դժգոհ եղանակով հարցրեց.

— Մի՞թե թագավորն այդ ընտանիքի գրկում չէ գտնվում այժմ:

— Ո՛չ:

— Ինչպե՞ս, չասացի՞ր, թե նա Ամրամի հետապնդություններից փախչելով հասել է Կաքավաբերդ և նստել այնտեղ:

— Այդպես ասացի:

— Է՜, Կաքավաբերդը Սյունիքում չէ՞. Սյունիքը Հայաստանի նահանգը չէ՞:

— Այդպես է, մեծափառ տիկին. բայց թագավորը չէ կամենում այլևս վերադառնալ Ոստան, նա քաշվել է Կաքավաբերդ` այստեղից երբեք չելնելու պայմանով:

— Ի՞նչ նորություն է այդ, չեմ հասկանում:

— Թագավորը հուսահատ է սաստիկ. Ամրամի երեսից փախուստ տալը ամոթահար է արել նրան. “Այսուհետև, ասում է, ես ո՛չ սուր կհանեմ, ո՛չ գահույք կբարձրանամ. իմ իշխանները ամոթապարտ կացուցին ինձ աշխարհի առաջ, թո՛ղ նրանք ուրեմն պատասխանատու լինին իմ երկրի ավերման”:

— Իշխանները... մի՞թե իշխանները ամոթապարտ կացուցին նրան, — դառնությամբ հարցրեց թագուհին:

— Հապա էլ ո՞վ... Եթե նրանք միաբան լինեին թագավորի հետ, Ցլիկ-Ամրամը չէր համարձակվիլ ապստամբել, ափխազցիք չէին միանալ նրա հետ...

— Ինչպե՜ս մոռացկոտ ես դու, իշխան. — ընդհատեց թագուհին. — մի՞թե չես հիշում մոտիկ անցյալը: Չէ՞ որ երկու ամիս առաջ ամենքն արդեն արքայի հետ էին: Աբաս տագրս ու Աշոտ սպարապետը հաշտված էին, նախարարները բարեկամ էին. և այդ ընդհանուր միության շնորհիվ էր, որ թագավորը կրկին Դվինն առավ և հագարացիներին այդտեղից հալածեց: Դուք մինչև անգամ հաղթության տոներ կատարեցիք Դվինում: Եվ սակայն Ամրամը հենց այս հաջողության ժամանակ ապստամբեց... Ի՞նչն էր պատճառը:

Մարզպետունին լուռ նայում էր գետնին:

— Դու չե՞ս կամենում պատասխանել. — ես կասեմ. — պատճառն այն էր, որ իմ և քո թագավորը հեռացել էր արդեն առաքինության ճանապարհից, որ նա անխղճաբար կործանել էր յուր և ընկերոջ ընտանիքը, և աստված պատժեց նրան հենց այն ժամանակ, երբ նա կարծում էր, թե ինքն արդեն ամենազոր է և թշնամիներից ապահովված, թե նա կարող է գործել ամեն չարիք և մնալ անպատիժ: Նույնիսկ այն միջոցին, երբ բախտը հաջողեց նրան մայրաքաղաքն այլազգիներից թափելու, նա, փոխանակ աստծուն գոհության պատարագ մատուցանելու, փոխանակ դեպի ծրազգավորս, յուր ընտանիքի գիրկը վերադառնալու, և այս թշվառ, խոցոտյալ սիրտը մի փոքր մխիթարելու, նա դարձյալ դիմում էր դեպի Ուտիք, որպեսզի Դվնո մեջ ունեցած հաջողությանց խրախճանին մասնակից անե Ցլիկ-Ամրամի կնոջը, Սևորդյաց Ասպրամին... Եվ ահա հենց այդտեղ աստուծո ձեռը ծանրացավ նրա վրա. դեռ Ուտիքին չհասած` լսեց, որ Ամրամն ապստամբել է իրանից... Այդ գույժը նրան չվախեցրեց. նրա հպարտ հոգին աստուծո առաջ չխոնարհեց, նա դիմեց եգերացիներին և զենքի ուժով կամեցավ վանել այն արդար ձեռքը, որ պատիժ էր չափում իրան... բայց սխալվեցավ. նա չէր կարող կռվել աստուծո հետ: Եվ այդ էր պատճառը, որ վերջ ի վերջո ընկճվեցավ և ամոթահար փախավ յուր իսկ զորքերի ձեռքից: Այժմ, ասում ես, Կաքավաքար նստած` մեղադրական է կարդում յուր իշխանների դեմ: Բայց իզուր, նա իրավունք չունի մեղադրել ուրիշներին, նա ինքն է թե՛ յուր և թե՛ մեր դժբախտության պատճառը... Եվ անշուշտ ինքն էլ խոստովանում է այդ և, երևի, գուշակում, որ աստված այլևս չպիտի հաջողի յուր ոչ մի ձեռնարկությունը. այդ պատճառով ինքն իրան դատապարտել է անգործության...

— Այդ բոլորը ճիշտ է, մեծափառ տիկին, բայց ի՞նչ անենք այժմ, ձեռքերնիս ծալած նստե՞նք: Չէ՞ որ երկիրը տագնապի մեջ է:

— Արեք, ինչ որ կարող եք:

— Կանենք, բայց դու մեզ պիտի օգնես:

— Ե՞ս:

— Այո՛, մեծափառ թագուհի:

— Ի՞նչ կարող եմ անել: Քեզ ասացի, թե մի թշվառ կին եմ ես, ոչինչ մի՛ պահանջեք ինձանից:

— Իսկ ես միայնակ կարո՞ղ եմ գործել: Թագավորն անշարժ նստած է Կաքավաքարում. Աշոտ սպարապետն ամրացել է Բագարանում. Աբաս արքաեղբայրը Քաշվել է Երազգավորս. Մոկաց տերն ու Անձևացյաց նահապետը պաշտպանում են միայն իրանց լեռները. Գագիկ Արծրունին Վասպուրականից դուրս հայություն չի ճանաչում, կաթողիկոսը փոխանակ միջնորդ լինելու և իշխանները համախմբելու, եկել, ապաստանել է Գառնիին. դու էլ ահա՛ հրաժարվում ես գործակցությունից, իսկ այս ընդհանուր անշարժության ժամանակ Նսըրն եկել, գրավել է Դվինը և յուր ասպատակները սփռել ամեն կողմ... էլ ի՞նչ ունինք մտածելու, կործանենք ուրեմն արքայական գահը և գնանք խոնարհենք արաբական դրոշակի առաջ:

Մարզպետունին յուր խոսքերն արտասանեց այնպիսի մի բացականչությամբ, որ թագուհին ցնցվեցավ:

— Ի՞նչ է իմ անելիքն, իշխան, — հարցրեց նա ճնշված ձայնով:

— Գործելու օրինակ տալ նրանց, որոնք նստած են անգործ:

— Իմ սիրտն այնքան հուզված և միտքս այնպես խռոված է, որ ոչինչ գուշակել չեմ կարող: Ասա՛ պարզ` ի՞նչ է իմ անելիքը:

— Ես վերադարձել եմ այստեղ Գարդմանա բերդակալ Վահրամ սեպուհի հետ: Մեզ հավատարիմ մնացող իշխանների մեջ դա ամենից անձնվերն է. աչքի առաջ ունենալով մեր արդի ճգնաժամը, մենք որոշեցինք սեպուհի հետ միասին դիմել ամրոցաբնակ իշխաններին և ամեն մեկից մի կամ երկու գունդ զորք առնելով` բանակ կազմել և դաշտն իջնել: Ինչպես գիտես, բերդերի մեջ եղողներն ապահով են թշնամու հարձակումից, բայց անամրոց քաղաքները, գյուղերն ու ավանները մնացել են անպաշտպան, երկրի ժողովուրդը գտնվում է ուղղակի մերկ սրի առաջ. պետք է շտապել օգնության հասնելու նրան:

— Ես չեմ խանգարում ձեզ. գնացեք, աստված թող օրհնե ձեր ճանապարհը:

— Աստված կօրհնե. նա մեզ կաջակցե. բայց ամենից առաջ թագուհին պիտի զրկվի յուր մի քանի վաշտերից:

— Ի՞նչ, դու կամենում ես Գառնին յուր պահակներից զրկե՞լ:

— Քանի որ մեր բանակի նպատակն է թշնամու ուշադրությունը յուր վրա դարձնել, Գառնին կամ մյուս բերդերը պաշտպանության մեծ կարիք չեն ունենալ:

— Թշնամու զորությունը մեծ է. նա կարող է միաժամանակ թե՛ ձեզ հետ կռվել և թե՛ բերդերը պաշարել:

— Նա այդ չի կարող անել, մենք թույլ չենք տալ նրան, — պատասխանեց իշխանը վստահաբար:

Թագուհին լռեց և սկսավ մտածել. “Կատարե՞լ արդյոք իշխանի խնդիրը, թե՞ ոչ”:

Մի քանի վայրկյանից հետ նա հարցրեց.

— Ուրիշ ումի՞ց հույս ունիս զորք առնելու:

— Սպարապետից, Աբասից, Սյունյաց տերերից, Անձևացիներից...

— Իսկ եթե նրանք մերժե՞ն:

— Եթե թագուհին առաջին օրինակը չտա, ոչ ոք չի համարձակիլ:

— Ես չեմ մերժում, դատարկիր թեկո՛ւզ բոլոր Գառնին, — վճռաբար պատասխանեց թագուհին:

Իշխանը խոր գլուխ տալով շնորհակալություն հայտնեց նրան:

Ապա իրավունք խնդրելով` հրավիրեց դահլիճ Վահրամ սեպուհին, որին թագուհին ընդունեց սիրով ու քաղցրությամբ: Նրանք երեքը միասին սկսան խորհուրդ անել ապագա ձեռնարկության համար և գործելու եղանակները որոշել:

Տակավին խորհրդակցության մեջ էին նրանք, երբ սենեկապան սպասուհին ներս մտնելով` հայտնեց թագուհուն, թե կաթողիկոսը կամենում է ներկայանալ իրան:

— Թո՛ղ շնորհ բերե, — ասաց թագուհին և ապա իշխաններին դառնալով ավելացրեց. — անշուշտ Վեհափառն էլ կօգնե մեզ մի խորհրդով:

— Անշուշտ, — հարեց Վահրամ սեպուհը:

Բայց Մարզպետունին չպատասխանեց: Նա նկատել էր, որ սպասուհին ներս մտավ դահլիճ այլայլված դեմքով և այդպես էլ դուրս գնաց: Երևի կաթողիկոսը գալիս էր հայտնելու մի տխուր նորություն, որ հայտնի էր արդեն դրսում եղողներին: Նա սկսավ անհանգստանալ: Բայց այդ անհանգստությունը ոչ թե յուր, այլ թագուհու համար էր: Նա վախենում էր, թե միգուցե Վեհափառը հայտնե տիկնոջը այնպիսի մի նորություն, որ իսկապես պիտի ծածկվեր նրանից:

— Հրամայի՛ր մեզ, տիրուհի, ընդառաջել Հայրապետին, — ասաց Գևորգ իշխանը` տեղից վեր կենալով: Նա կամենում էր շտապել և մի վայրկյան առաջ տեսնվել կաթողիկոսի հետ:

— Ընդառաջեցեք, — ասաց թագուհին:

Բայց հազիվ թե իշխանն ու սեպուհը հասան դահլճի դռանը, և ահա՛ ներս մտան Վեհափառի գավազանակիրը, ավագ, սարկավագները, ապա ինքը` կաթողիկոսը, Դռան եպիսկոպոս Սահակը և մի քանի ուրիշ վարդապետներ: Դրանց հետ միասին գալիս էր և մի անապատական` դեմքն ու ձեռները արյունոտ, վիրակապերով փաթաթած և վեղարն ու քուրձը պատառոտած: Նրա տխուր, գունաթափ դեմքը ծանր տպավորություն էր անում տեսնողի վրա:

— Այս ի՞նչ է, — բացականչեց Մարզպետունին և առաջ անցավ, կարծես կամենալով անապատականի մուտքն արգելել:

— Թո՛ղ դրան, իշխան, թո՛ղ որ թագուհին մեր թշվառությունը տեսնե, — արգահատական ձայնով խոսեց կաթողիկոսը:

— Այդ ի՞նչ է, — առաջ գալով բացականչեց թագուհին:

— Գազան հագարացիները Այրիվանքը քանդել, ավերել և միաբաններին զարհուրելի տանջանքներով նահատակել են: Միայն սրան` այս ապաբախտ վարդապետին թողել են կենդանի, որ թե՛ յուր վերքերի ցավից տանջվի և թե՛ լուր բերելով մեր սիրտը կսկծեցնե, — խղճալի ձայնով հայտնեց կաթողիկոսը և աջը համբուրելու տալով թագուհուն և իշխաններին, բազմեց նախագահ աթոռի վրա:

— Ինչպե՞ս պատահեց այդ. ինչո՞ւ ոստիկանը բերդերը թողած` Այրիվանքի վրա է հարձակվում, — շտապավ հարցրեց Մարզպետունին:

Կաթողիկոսը չպատասխանեց, նա նայում էր թագուհուն, կարծես հուսալով, թե վերջինս ավելի անմեղ հարց կանե իրան:

— Ինչպե՞ս պատահեց այդ — բոլորը, պատմիր, — դիմեց թագուհին վիրավոր անապատականին:

— Պատմի՛ր, Մովսես վարդապետ, պատմի՛ր մեծափառ թագուհուն գազանների բոլոր արարքը, — հրամայեց կաթողիկոսը, անհանգիստ շունչ քաշելով:

Մովսես վարդապետն առաջ անցավ և չնայելով յուր վիրավոր ու անկար վիճակին, սկսավ իրան հատուկ աշխուժով պատմել հագարացիների հարձակման և յուր ընկերների նահատակության բոլոր պատմությունը, չմոռանալով մինչև անգամ արի նահատակների մահվան ժամում արտասանած վերջին խոսքերը, որոնք հուզեցին բոլոր լսողներին:

Երբ վարդապետը յուր պատմությունն ավարտեց, Գևորգ իշխանը մոտենալով կաթողիկոսին` հայտնեց, թե առանձին խոսելիք ունի, ուստի և խնդրեց նրան` հեռացնել դահլճից յուր հետևորդներին, բացի Դռան եպիսկոպոս Սահակ սրբազանից և Մովսես վարդապետից:

Վեհափառը կատարեց իշխանի խնդիրը:

Երբ ավելորդ անձինքը հեռացան, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և թույլտվություն խնդրելով թագուհուց ու կաթողիկոսից` հետևյալը խոսեց.

— Այս հոգևոր հայրերը կատարել են այնպիսի մի գործ, որ մեզանից ոչ ոք իրավունք չուներ նրանցից պահանջելու: Նրանք խմբովին մատնվել են թշնամու սրին, իրանց եղբարց կյանքն ու Այրիվանից սրբությունները պահպանելու համար: Այս անզեն հոգևորականները ցույց են տվել աշխարհին բոլորանվեր անձնազոհության մի օրինակ, ապացուցելով, թե քաջ հովիվներ են և գիտեն “դնել սանձինս ի վերայ ոչխարաց...”: Այսպիսով նրանք բարձրացրել են հայ եկեղեցվո փառքն ու պատիվը, և հետևելով Ղևոնդյանց շավղին, դարձել են մեզ համար պարծանաց աստեղ... Այս բոլորը լավ. բայց մենք ի՞նչ ենք անում. մե՛նք, ժողովրդյան առաջնորդներս. մե՛նք, որոնց ձեռքը աստված սուր է տվել և կառավարելու ու պաշտպանելու իրավունք:

Իշխանը նայեց կաթողիկոսին և ապա թագուհուն, նրանք երկուսն էլ հառած էին աչքերը յուր վրա:

— Մենք ոչինչ չենք անում,-շարունակեց նա եռանդով. — կամ անում ենք այն, ինչ որ ամոթ և նախատինք է բերում հայ անվանը: Մենք քաշվել, նստել ենք մեր բերդերում, շրջապատել ենք մեզ պահակ գնդերով, ապահովել ենք թշնամու հարձակումից, իսկ ժողովուրդն ու եկեղեցիները թողել անտերունչ, անպաշտպան կամ ավելի ճիշտն ասած, մատնել նրան թշնամու սրին... Ա՞յս է արդյոք առաջնորդի իրավունքը:

Իշխանն այս ասելով սևեռեց աչքերը կաթողիկոսի վրա:

Վերջինս հասկանալով նրա հայացքի նշանակությունը` շտապով հարցրեց.

— Ո՞ւր է մեր թագավորը, նա պետք է առաջնորդե զորքին:

— Ուր է թագավո՞րը, — վրդովված բացականչեց Մարզպետունին. — կասեմ, թե ուր է նա: Թագավորը յուր իշխաններից թողված, ապստամբներից հալածված` նստած է Կաքավաքար: Նա այնտեղից դուրս չի գալ, նա է՛լ սուր չի մերկացնիլ, էլ դրոշ չի բարձրացնիլ. հուսահատությունն ընկճել, խոնարհել է նրան... Բայց ո՞ւր է կաթողիկոսը, հայոց հայրապետը, մեր հոգևոր զինվորության վեհափառ գլուխը...

— Իշխան... տեսնում ես, որ նա քո առջևդ է... — ծանրությամբ, բայց ընկճված ձայնով նկատեց կաթողիկոսը:

— Իմ առջև, այստե՛ղ, Գառնիում. այնպես չէ՞... Բայց ինչո՞ւ համար...

— Ո՞ւր կկամենայիր, որ նա լիներ:

— Դվինում, մեր կաթողիկոսարանում:

— Բայց ոստիկանը ծարավ է իմ արյանը. նա կամենում է ինձ սպանել:

— Նա հետևում է քեզ միայն այն պատճառով, որ դու խույս ես տալիս նրա երեսից: Նա քեզ չէր վնասիլ, եթե դու փառոք նստած լինեիր հայրապետական գահի վրա, և, մինչև անգամ, միջնորդ հանդիսանայիր նրա և հալածվող ժողովրդի մեջ: Քո երկչոտ փախուստով դու գրգռել ես նրա զայրույթը և ստիպել, որ նա բարկության թույնը թափե անպաշտպան անապատականների վրա:

— Ես չէի կամենում հեռանալ Այրիվանքից, բայց աստված ինձ հրամայեց:

— Աստվա՞ծ, — զարմացած հարցրեց իշխանը:

— Այո՛, աստված, այդ ամենքը գիտեն. այդ գիտե և թագուհին, ես պատմեցի նրան:

— Այո՛, իշխան, աստված հրամայեց, — խոսեց Դռան եպիսկոպոսը և սկսավ պատմել կաթողիկոսի Այրիվանքից հեռանալու և արևի խավարման բոլոր պատմությունը:

Երբ նա վերջացրեց, իշխանն ասաց.

— Հավատում եմ այդ հրաշքին և խոնարհում աստուծո զորության առաջ: Բայց դուք էլ պիտի հավատաք, որ եթե աստված այսպիսի օրում խնայում է առաջնորդի կյանքը, խնայում է միայն նրա համար, որ այդ կյանքը նա գործ դնե ժողովրդի օգտին: Իսրայելացի մանկանց ընդհանուր կոտորածի ժամանակ նա Նեղոսի ալիքներից հրաշքով ազատեց մանուկ Մովսեսին և պատսպարեց նրան փարավոնի պալատում միայն նրա համար, որ վերջը նա եգիպտացոց գերությունից յուր ժողովուրդը փրկե: Այսպե՞ս է թե ոչ:

— Այդպես է, իշխան, — պատասխանեց կաթողիկոսը, — բայց աստված Մովսեսին հրաշքներ պարգևեց. և նա նրանցով յուր ժողովուրդը փրկեց, իսկ ես չունիմ այդ շնորհը, չեմ կարող հրաշք գործել:

— Կարող ես, Վեհափառ տեր. Մովսեսը գավազանը օձ էր շինում, դու էլ նույնը կանես: Այնտեղ, ուր ուժը չի հաղթահարում, խոհեմությունը, լեզուն, անուշ խրատները կարող են հաղթել: Թո՛ղ այսօրվանից Գառնին և դարձիր Երազգավորս, իջի՛ր Բագարան, անցի՛ր Աղձնյաց ու Մոկաց երկիրները, մտի՛ր Վասպուրական. խոսիր Աբասի, Աշոտի, Արծրունի եղբարց և այլ իշխանների հետ, խրատիր ու հորդորիր նրանց. համոզիր, որ առնեն իրանց զորքերը և գան հավաքվին արքայի դրոշակի տակ, կռվեն միասնական ուժով և վանեն թշնամուն երկրի երեսից, փրկեն ժողովուրդը վերահաս վտանգից. այդպիսով նրանք ուժ կտան արքային և ուժ կառնեն իրանք. կհալածեն մեջտեղից բաժանման ոգին և ընդհանուր հայրենիքը պաշտպանելով` կպաշտպանեն նաև իրանց երկիրները, հայրենի կալվածները, տունն ու ընտանիքը...

— Բանավոր է իշխանի խորհուրդները, Վեհափառ տեր, — ասաց Սահակ սրբազանը:

— Եվ անհրաժեշտ` հետևել անմիջապես այդ խորհրդին, — հարեց թագուհին:

Բայց կաթողիկոսը լուռ էր, աչքերը դահլիճի դռան հառած:

— Ոչ ոք ինձ չի լսիլ, ոչ մի իշխան զորք չի անջատիլ յուր բերդերից, — խոսեց վերջապես կաթողիկոսը, իշխանին դառնալով:

— Թող Վեհափառը կատարե յուր պարտքը, և երբ նրան չեն լսիլ, այն ժամանակ “արյուն ձեր ի գլուխ ձեր” ասելով կհեռանա, — նկատեց Մարզպետունին:

— Ոստիկանի հրոսակները բռնած են Շիրակի ճանապարհները, որտեղի՞ց կարող եմ ես անցնել և գնալ Երազգավորս, Բագարան կամ իջնել Աղնձյաց երկիրը, — պատճառաբանեց կաթողիկոսը:

Վահրամ սեպուհը, որ մինչև այն լուռ նստած էր, վեր թռավ տեղից և աշխուժով բացականչեց.

— Ես կընկերակցեմ քեզ, Վեհափառ տեր, իմ վանանդացի քաջերով. ո՛չ մի հագարացի չի համարձակվիլ ձեռք բարձրացնել քեզ վրա:

Կաթողիկոսը նայեց սեպուհին և չկարողանալով ուրիշ առարկություն անել, ասաց.

— Թող մեծափառ թագուհու և իշխանների կամքը կատարվի, միայն թե խորհելու ժամանակ տրվի ինձ: Ծանր մի գործ է այդ միջնորդությունը, անկարելի է անխորհուրդ կերպով ձեռնարկել նրան:

— Խորհի՛ր որքան հաճելի է քեզ, Վեհափառ տեր, միայն թե կատարի՛ր մեր առաջարկությունը, — ասաց Մարզպետունին: -Երկրի փրկությունը կախված է այժմ իշխանների միությունից և այդ միությունը պետք է ստեղծել` զոհաբերության ի՛նչ գնով ուզում է լինի:

— Կաշխատեմ, — ասաց կաթողիկոսը և խոստանալով հայտնել շուտով յուր որոշումը, բարձրացավ աթոռից, ողջունեց թագուհուն ու իշխաններին և հեռացավ Սահակ սրբազանի ու Մովսես վարդապետի հետ: Վահրամ սեպուհը հետևեց նրան մինչև վեհարանը:

— Բնավ հույս չունհմ Վեհափառի վրա, — ասաց Գևորգ իշխանը, միայնակ մնալով թագուհու հետ:

— Այս անգամ, ընդհակառակը, պետք է հուսալ, — պատասխանեց թագուհին. — նա արդեն զգում է, որ Դվինից հեռանալով` դժգոհություն է պատճառել ամենիս, այժմ կաշխատե, որ մի բանով պիտանի լինի մեզ:

Բայց կաթողիկոսը, որ վիրավոր վարդապետին բերել էր թագուհու և իշխանների մոտ` իրական փաստով ապացուցանելու համար, թե ի՛նչ մեծ վտանգից է փախել ու ազատվել ինքը, շատ տխրեց, երբ տեսավ, թե հակառակ կերպարանք առավ գործը: Նա կամենում էր Այրիվանքի սրածությունը առիթ առնելով յուր փախուստն արդարացնել, այլև, յուր Գառնիում մնալն ապահովել, այժմ ընդհակառակը, նոր պաշտոն էին հանձնում իրան և ուղարկում, համարյա, թշնամու հանդեպ: Չէ՞ որ յուր ուղևորության միջոցին հագարացիք կպատահեին նրան մի որևէ տեղ և կձերբակալեին: Ի՜նչ կարող էր անել այդ բանի դեմ Վահրամ սեպուհը յուր մի խումբ վանանդացիներով: Հարկավ` ոչինչ: Կաթողիկոսը ձերբակալելուց ետ` կաթողիկոսարանն էլ կգրավվեր: Այնուհետև ամեն ինչ կկորչեր անդարձ:

Այդպես էր մտածում կաթողիկոսը, և այդ մտքերը խռովում էին նրան: Շուտով նա խորհրդի հրավիրեց յուր մերձավորներին և հայտնեց, թե մտադիր է մերժել թագուհու և իշխանների առաջարկությունը, որովհետև դրա կատարելու մեջ նա վտանգ է տեսնում աթոռի նկատմամբ:

Ոչ ոք չընդդիմացավ Վեհափառի կամքին, որովհետև արևի խավարման հայտնի հրաշքը տեսնելուց հետ, նրա ցանկությունները երկնքից ներշնչված էին համարում: Բայց որովհետև հիշյալ առաջարկությունը մերժելով` նա այլևս չէր կարող մնալ Գառնիում, ուստի որոշվեցավ, որ Վեհափառը հեռանա Սևան, ուր անապատականների մեծ միաբանություն կար: Այդտեղ նա կլիներ յուր հոգևոր զինվորների հետ. նրան այլևս չէին բամբասել: Բացի այդ, Սևանը ուներ անառիկ բերդ և ջրապարփակ լինելու պատճառով` անմատչելի էր թշնամիներին:

Որքա՜ն մեծ եղավ թագուհու զարմանքը, երբ նա իմացավ, թե կաթողիկոսը հեռանում է Սևան: Վահրամ սեպուհը զայրույթից մինչև անգամ ողջերթ մաղթելու չգնաց: Իսկ Մարզպետունի իշխանը, որ Մուշեղ բերդակալի հետ միասին ճանապարհ դրավ նրան մինչև Ազատի կամուրջը, շատացավ միայն մի դիտողությամբ.

— Դու որ այդքան հոգում ես քո անձի համար, — ասաց նա կաթողիկոսին, — կփրկես միայն քեզ: Իսկ կաթողիկոսական աթոռը ժառանգություն կմնա նրանց, որոնք կարող կլինեն նրան պաշտպանել:

— Ես հեռանում եմ միայն այդ աթոռը պաշտպանելու համար, — ասաց կաթողիկոսը:

— Չէ՛, Վեհափառ տեր, այսուհետև քո պաշտպանածը կլինի Հովհաննես կաթողիկոսի` բայց երբե՛ք Լուսավորչի աթոռը: Դու կորցրիր նրան այն օրից, որ հեռացար Դվինից:

Կաթողիկոսն, իհարկե, չհավատաց իշխանի գուշակության և յուր ճանապարհը շարունակեց:

Սևանում ընդունեցին նրան մեծ ուրախությամբ:

Բայց Գևորգ իշխանը վերադառնալով Գառնի, նորեն խորհուրդ կազմեց թագուհու մոտ: Երկրի ճգնաժամն անցնելու միակ ելքը բաժանված իշխանները միացնելու մեջ էր գտնում, ուստի ի՛նչ կերպ էլ որ լիներ` նա պետք է գլուխ բերեր այդ գործը: Կաթողիկոսի վարմունքը ո՛չ միայն չհուսահատեցրեց, այլ, ընդհակառակը, ավելի ևս ոգևորեց նրան յուր մտադրությունն առաջ տանելու:

— Այժմ մենք պետք է մեզ վրա դնենք մեր հույսը, — ասաց նա յուր խորհրդակիցներին և որոշեց, որ թագուհին առաջվա նման մնա Գառնիում, որպեսզի արքունական տունը գոնե համարվի Ոստանում: Այդ անհրաժեշտ էր միության գործի համար: Որովհետև եթե իշխաններն իմանային, թե Ոստանը, որ երկրի սիրտն էր, ամբողջապես գտնվում է հագարացոց ձեռքում, այն ժամանակ հազիվ թե համաձայնվեին միանալ նրանց դեմ:

Ինչ վերաբերում էր իրան ու Վահրամ սեպուհին, որոշեցին` որ ինքը դիմեր Աթաս արքաեղբորը և Աշոտ սպարապետին, իսկ սեպուհը` Աղձնյաց ու Մոկաց իշխաններին: Դրանց համաձայնությունն առնելուց հետ նրանք պիտի դիմեին նաև Վասպուրականի տերերին:

Կաթողիկոսի հեռանալուց մի օր հետո դուրս եկան Գառնիից Մարզպետունի իշխանը և Վահրամ սեպուհը, յուրաքանչյուրը թիկնապահների մի փոքրիկ խմբով և դիմեցին դեպի իրանց առաքելության վայրերը:

Գ

ՄԻ ԴԱԼԱՐ ԲՈՂԲՈՋ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԻ ՄՈՏ

Մարզպետունի իշխանի հեռանալուց հետո թագուհու վրա մի տարօրինակ անտարբերություն եկավ: Նա, որ մինչև այն աչալրջությամբ հսկում էր ամրոցի պահպանության, անձամբ այցելում էր պահականոցները, ներկա էր լինում զորականի վարժությանց կամ թե դիտում էր պաշտպանության պատրաստությունները, հանկարծ հեռացավ, քաշվեցավ այդ բոլորից և է՛լ ուշադրություն չէր դարձնում ոչ մի բանի վրա:

Բնակակից իշխանուհիները զարմանալով հարցնում էին իրար, թե “ի՞նչ է պատահել արդյոք թագուհուն”:

Եվ նրանք իրավունք ունեին զարմանալու, որովհետև այդ կինը, որ այնքան շատ հոգում էր թե՛ յուր և թե՛ ամրոցականների ապահովության համար դեռ այն ժամանակ, երբ ո՛չ մի տեղից վտանգ չէր սպառնում երկրին կամ երբ թագավորը դեռ չէր հանդիպել ձախորդության, ինչո՞ւ ընդհակառակն, անուշադիր էր թողել ամրոցը այն միջոցին, երբ ոստիկանն արդեն նստած էր Դվինում և ամեն վայրկյան կարող էր հարձակվել յուր վրա:

Պատճառը պարզ էր: Հուսահատությունն ընկճել էր նրա կանացի հոգին:

Մինչև այն, որքան էլ ծանր վշտերի մեջ, նա դարձյալ հոգում էր յուր և շրջապատողների վիճակի մասին, որովհետև նա սպասում էր արքայի վերադարձին, որովհետև հույս ուներ, թե գուցե Ամրամի ապստամբությունը մի նոր և յուր համար շահավոր փոփոխություն առաջ բերե թագավորի մեջ... Բայց Մարզպետունու բերած լուրերը նրա հույսերը փշրեցին: Մանավանդ թագավորի Կաքավաքար քաշվիլը և երկիրը բախտի կամքին թողնելը նրան ավելի վհատեցրեց: Եթե Աշոտ-Երկաթը հուսահատվում ու հեռանում էր, ո՞վ էր ինքը, որ համարձակվեր ավելի երկար տոկալու: Նա նմանվում էր այժմ մի խեղդվող մարդու, որ ալիքների հետ երկար կռվելուց ու ոգորելուց հոգնած, հանձնում է իրան վերջապես հոսանքի կամքին...

Ճշմարիտ է, Մարզպետունու` Գառնիում եղած ժամանակ նա համակերպվեց նրա խորհրդներին, ցանկություն հայտնեց գործակցել նրան, բայց այդ ամենը նա արավ առանց ինքն իրան հաշիվ տալու, առանց մի ներքին բնական եռանդից առաջ մղվելու: Կյանքը նրա աչքում կորցրել էր արդեն յուր նշանակությունը, նա նրան այլևս չէր հրապուրում. էլ ինչո՞ւ ուրեմն նոր հոգսերի ենթարկվեր, նոր ցավերով բեռնավորվեր: Թող կատարվի, ինչ որ կատարվելու է, ինչ որ նախասահմանված է... Մարդկային ձեռը չի կարող ջնջել այն ճակատագիրը, որ գծագրել է հավիտենականի ձեռքը...

Այսպես էր մտածում թագուհին և մի տեսակ թմրության անձնատուր եղած` փակվում օրերով դղյակի սենյակներում և կամ միայնակ զբոսնում Տրդատա հովանոցում:

Մյուս կողմից, սակայն, Մուշեղ բերդակալն ու Գոռ իշխանիկը ծանր հոգսերի մեջ էին. պատրաստություններ էին տեսնում ապագա հարձակմանց դիմադրելու համար, ավելացնում էին ամրոցի պաշտպանության պարագաները և ամբողջ օրերով աշխատեցնում էին զորքը:

Այդ ամենը տեսնում էր թագունին, նայում էր այդ աշխատությանց վրա սառն, անտարբեր աչքով և երբեմն հարցնում ինքն իրան, թե “ինչո՞ւ համար է այս ամենը. ինչո՞ւ մարդիկ կամենում են երկար ապրել, քանի՞ օր կարող են նրանք բախտավոր լինել իրանց կյանքում... և միթե վերջ ի վերջո չպիտի՞ մեռնին”:

Մի լուսընկա երեկո, երբ թագուհին Տրդատա հովանոցում, յուր սովորական բազմոցի վրա նստած` հենց այսպիսի մտքերով էր զբաղված, հանկարծ հովանոցի աստիճանների մոտից անցնողի մի շշուկ յուր ուշադրությունը գրավեց: Նա բարձրացավ բազմոցից և նայեց դեպի վար:

Այնտեղից մի նեղ կածան, որ փորված էր ժայռերի մեջ, իջնում էր դեպի մի փոքրիկ, տափարակ գահավանդ, որ տարվա մեծ մասը ծածկված էր լինում կանաչով: Նրա շուրջը գտնվում էին հինավուրց ուռենիներ, որոնք արևի ժամանակ գեղեցիկ հովանի էին անում նրա վրա. իսկ գահավանդի կողքից բխում էր մի վճիտ աղբյուր, որ հեզասահ ոռոգում էր ուռենիները և ապա քաղցրակարկաչ դեպի ժայռերը գահավիժելով` թափվում էր խորաձորում շառաչող Ազատի մեջ: Այդ գահավանդակը յուր գեղեցիկ դիրքի պատճառով վաղուց արժանացել էր հոգածու ձեռքերի խնամքին: Ո՛վ գիտե, գուցե հենց հովանոցի անդրանիկ տիրուհու` հայոց թագածին օրիորդ Խոսրովդուխտի հրամանով հարդարված էր նա իբրև զբոսանոց ճեմարան: Գուցե նա ինքն այդտեղ անցուցել էր մենավոր մտածությանց ժամեր, կուսական նվիրական հափշտակության վայրկյաններ կամ, թերևս, չարաբաստիկ սիրո տանջանաց օրեր... սիրո, որ դատապարտեց նրան հավերժական կուսության...

Ինքը` Սահականույշ թագուհին, սիրում էր հաճախ նստել այդտեղ և զրույց անել իշխանուհիների հետ կամ վայելել երբեմն մի բացօթյա նախաճաշ:

Անցնող անձը, հովանոցի ստորոտը քերելով, խոտորեց դեպի այդ գահավանդակը տանող ուղին: Թագուհին զարմացավ` տեսնելով, որ դա մի նորատի աղջիկ է, անշուշտ դղյակի բնակչուհիներից մինը և այն` իշխանազուն օրիորդ, որովհետև ծածկած էր մետաքսյա շղարշ և գլխին ուներ ասեղնագործ հյուսկեն, որի ծակոտիներից երևում էր լուսնի առաջ փայլող նրա ոսկե ծամակալը: Բայց ո՞վ էր նա իսկապես և ինչո՞ւ միայնակ դեպի ժայռերի գահավանդն էր առաջանում, թագուհին չիմացավ, որովհետև նա անցավ ինչպես այծյամ, և ինքը նրա դեմքը չնշմարեց:

“Միգուցե գաղտնի վշտերից տանջվող թշվառի մեկն է, որ գնում է իրան դեպի քարաձորը գահավիժելու. անշուշտ ե՛ս չեմ աշխարհում միակ թշվառը...”, մտածեց ինքն իրան թագուհին և առաջացավ դեպի հովանոցի աստիճանները: Նա կամեցավ նախ կանչել սպասուհիներին, որոնք հովանոցից հեռու սպասում էին յուր հրամանին, և ուղարկել նրանց հեռացողի ետևից. բայց մեկ մտածելով, թե գուցե այդպիսով շտապեցնե վտանգը, որոշեց անձամբ հետևել անցնողին: Նա շտապ-շտապ իջավ սանդուղքներից և կամացուկ քայլերով ուղղվեցավ դեպի ժայռերի գահավանդակը:

Չնայելով որ աշնանավերջ էր, սակայն օրը մեղմ ու տաքուկ լինելով, ախորժելի էր կացուցել երեկոն: Երկինքը պարզ էր և աստեղազարդ, լուսինը պայծառ շողերով լուսավորում էր Գեղա լանջերը և Գառնո ձորը, թույլ չտալով, որ սեպացած ժայռերն ու ամբարտակները թաքցնեն ստվերի մեջ Ազատի հոսանքը; Գիշերային տեսարանը գեղեցիկ էր և հրապուրիչ. բայց թագուհին չէր հետաքրքրվում նրանով: Այդ րոպեին իրան զբաղեցնողը խորհրդավոր երիտասարդուհին էր, որ ստվերի նման անցավ ժայռերի վրայից և ծածկվեց մթության մեջ:

Հազիվ հասել էր թագուհին նրբուհու կեսը և ահա՛ մի խոսակցության շշուկ հասավ յուր ականջին:

“Ուրեմն ժայռերից գահավիժելու չէր գնում անծանոթուհին”, մտածեց թագուհին և քայլերը ծանրացրեց: Պարզ էր, որ գաղտնի մի ժամադրության պիտի հանդիսատես լիներ ինքը: “Բայց հառաջանա՞լ, թե վերադառնալ”, մտածեց նա և կանգ առավ մի վայրկյան:

“Տեսնենք ովքե՞ր են և ի՛նչ են խոսում”, շշնջաց թագուհու ականջին “կնոջ հետաքրքրությունը” և նա առաջ անցավ: Բայց յուր քայլերը փոխում էր այնպես, որ խոսակիցները ոչինչ չլսեն և մանավանդ, թե իրան չնշմարեն:

Երբ հասավ հաստաբուն ուռենուն, որի խիտ ճյուղերը ծածկում էին իրան գահավանդակի խոսակիցներից, նստավ նա ժայռի վրա:

Որքա՜ն մեծ եղավ թագուհու զարմանքը, երբ խոսակիցների մեջ նա ճանաչեց երիտասարդ Գոռ իշխանին և օրիորդ Շահանդուխտին:

Նրանք սիրում էին միմյանց. այդ գիտեր թագուհին, գիտեին և դղյակի մյուս բնակիչները: Բայց որ մենավոր ճեմանոցում ժամադիր լինեին կամ թաքուն տեսակցեին, այդպիսի բան չէր սպասում նրանցից թագուհին:

Այդ հանգամանքը ա՛յն աստիճան գրգռեց տիկնոջ հետաքրքրությունը, որ նա որոշեց ականջել նրանց:

“Երևի կարևոր գաղտնիք ունեին միմյանց հաղորդելու”, մտածեց թագուհին և լսողությունը լարեց:

Բայց մենք թողնենք նրան յուր ժայռի վրա և ծանոթանանք օրիորդ Շահանդուխտի հետ:

Ո՞վ էր այդ աղջիկը, որի անունը մի անգամ միայն հիշեցինք մենք մեր պատմության սկզբում:

Դա արքայի հորաքեռ թոռը, Սյունյաց մեծ իշխան Վասակի դուստրն էր, որ հոր մահվանից հետո յուր իշխանուհի մոր հետ միասին ապրում էր արքունիքում:

Մի քանի տարի առաջ ամիրապետը Յուսուփ ոստիկանին կալանավորելով` վերակացու էր կարգել յուր մասի հայկական գավառներում Ըսբուք անունով մեկին, որ յուր նախորդներից ավելի թույլ և խաղաղասեր մարդ էր:

Դրա ժամանակ դեռևս Սյունյաց Նահանգի Գողթն գավառը յուր Երնջակ ամրոցով գտնվում էր մի պարսիկ ամիրայի ձեռքում: Յուսուփ ոստիկանը Սմբատ թագավորին նահատակելուց հետ` Երնջակ ամրոցը գրավելով հանձնել էր այդ ամիրային` Գողթան գավառի հետ միասին:

Արդ` երբ Յուսուփի տեղ Ըսբուքը նշանակվեցավ, Սյունյաց իշխանները հարմար ժամանակ գտան հայրենի կալվածքը ամիրայի ձեռքից ազատելու: Ուստի բոլոր չորս եղբայրները` Վասակ, Սահակ, Սմբատ և Բաբգեն միանալով զորք ժողովեցին և հարձակվեցան ամիրայի վրա: Պատերազմի ժամանակ սյունեցի զորքերը ջարդեցին հագարացիներին: Բայց Վասակ իշխանի հետ եղող սկյութացի զինվորները, որոնք իբր հայերին օգնելու էին եկած, բայց իսկապես կաշառված էին ամիրայից, ետևից զարկելով սպանեցին իշխանին, որ կռվում էր աննահանջ:

Երեք եղբայրները թողեցին իսկույն ճակատը և քաջ ու աննման եղբոր մարմինն առնելով Գեղարքունիք դարձան և մեծ սուգ արին նրա վրա:

Լսեցին այդ գույժը Աշոտ թագավորը ու Սահականույշ թագուհին և լացին դառնապես:

Բայց ինքն արքան, որ իշխանի կենդանության ժամանակ անիրավաբար բանտարկել էր նրան Կայյան բերդում, ծանր վշտից զատ տանջվեցավ նաև խղճից: Նա հիշեց Վասակ իշխանի արած բարիքները, յուր և Աշոտ բռնավորի մեջ հաշտություն ստեղծելը, արքայական գահին ցուցած ծառայությունները և ի վերջո յուր նրան փոխարինած ապերախտությունը և վշտացավ: Նա որոշեց քավել մի բանով յուր հանցանքը: Եվ այդ որոշման արդյունքն եղավ այն, որ նա որդեգրեց նրա դուստր Շահանդուխտը, որին և յուր մոր` Մարիամ իշխանուհու հետ միասին առավ յուր խնամոց ներքո:

Այնուհետև օրիորդը ապրում էր արքունիքում իբր արքայադուստր. նրան սիրում և փայփայում էին ինչպես մի հարազատ զավակի թե՛ թագավորը և թե՛ թագուհին: Նրան սիրում էին նույնպես իշխանուհիները:

Բայց այդ բոլոր սիրողների մեջ մինը պաշտում էր նրան:

Այդ Գևորգ Մարզապետունու որդին` Գոռ իշխանիկն էր:

Ինչպե՞ս սկսվեցավ նրանց սերը, այդ ոչ ոք չգիտեր և նույնիսկ, իրանք չգիտեին: Գոռը առաջին անգամ պատահեց այդ սևաչյա, գանգրահեր, գեղեցկադեմ և աշխույժ աղջկան Երազգավորսի արքունիքում, երբ դեռ նոր էին բերել նրան Սյունիքից, և սիրեց նրան, բայց սիրեց ինչպես մի քրոջ և առաջին անգամից էլ քույր անվանեց նրան: Շահանդուխտը, որ եղբայր չուներ, հաճությամբ լսեց այդ քաղցր անունը և Մարզպետունյաց միամոր ժառանգ, գեղահասակ, գեղեցկադեմ և գեղաչյա Գոռին եղբայր ընդունեց իրան: Այնուհետև նրանք քույր և եղբայր էին և երկուսը միասին կազմում էին արքունիքի զարդը:

Բայց որքան էլ սկզբնական այդ սերը անմեղ էր ու մանկական, այսուամենայնիվ արքունիքում գուշակում էին, որ մի օր նրանք “քույր” և “եղբայր” անուններից ավելի գողտր ու անուշ անուն պիտի տան միմյանց: Այդ գուշակությունը ուրախացնում էր նրանց մայրերին, որովհետև ո՛չ Գոհար իշխանուհին կարող էր ավելի լավ հարսնացու ընտրել յուր Գոռի համար ե ո՛չ Սյունյաց տիկինը` լավագույն փեսա յուր դստեր համար:

Բայց և այնպես մայրերից ոչ մինը չէր ցանկանում, որ այդ խանդը վառվեր նրանց սրտում պատշաճավոր տարիքին հասնելուց առաջ: Գևորգ իշխանը, մանավանդ, շատ խիստ էր այդ մասում. նա պահանջում էր, որ յուր Գոռը փեսացու լինելուց առաջ` լինի դեռ զինվոր, հայրենիքի ծառա, հետևապես և օրինավոր մարդ: Այդ պատճառով, բացի խիստ կրթությունից, որ տվել էր որդուն, նա աշխատեցնում էր նրան ծանր գործերի մեջ, ընկերացնում էր շատ անգամ հասարակ զինվորներին, իսկ յուր բացակայության միջոցին` հանձնում էր նրան կշիռ ունեցող պաշտոն, որպեսզի որդին չվարժվի անգործության, որ մայր է ամեն չարյաց:

Գոռը կատարում էր իրան հանձնված ամեն մի պաշտոն արիությամբ, առանց տրտնջալու: Նա հնազանդում էր հոր հրամանին` ինչպես յուր աստուծո ձայնին: Հետևապես նա պարապ չէր մնում երբեք:

Բայց և այնպես այդ բոլորն արգելք չեղավ երիտասարդ սրտերին մոտենալու և մտերմանալու միմյանց այնքան, որ չիմանային, թե իրանք ստեղծված են իրար պաշտելու համար: Վաղուց նրանց հայացքները դադարել էին “եղբոր ու քրոջ” հայացքներ լինելուց. վաղուց նրանց աչքերում ցոլանում էին սիրո այն կայծերը, որոնք այրում, տոչորում են սրտի թաքուն խորշերը... Սակայն արքունիքում դեռ չէին նշմարում այդ:

Բայց երբ ձախողակ հանգամանքների շնորհիվ արքայական ընտանիքը տեղափոխվեց Գառնի և Գևորգ իշխանը գնաց դեպի Ուտիք, երիտասարդ զույգի ազատության համար բացվեց լայն ասպարեզ, և նրանց հարաբերության պայմանները դյուրացան: Նրանք երկուսն էլ ապրում էին այժմ դղյակում և տեսակցում ավելի հաճախ: Չնայելով, որ Գոռը օրվա մեծ մասը գտնվում էր աշխատությանց մեջ, բայց և այնպես նա չէր զրկում իրան և այն այցելություններից, որոնք միջոց էին տալիս իրան յուր սիրուհին տեսնելու կամ գեթ նրա հետ մի լուռ հայացք փոխանակելու: Շատ անգամ նա այցելում էր թագուհուն կամ Սյունյաց տիկնոջը առանց կարևոր պատճառի: Նրա նպատակն էր լինում պատահել Շահանդուխտին մեկի կամ մյուսի մոտ և երբ այդ չէր հաջողում իրան, նա սաստիկ տխրում էր, չկարողանալով հաղորդ անել նրանց յուր ներքին զգացմունքներին:

Այդ ամենը տեսնում էր թագուհին և լուռ զվարճանում: Երբեմն նա կատակով հիշեցնում էր երիտասարդին Շահանդուխտի անունը: Գոռը շառագունում և գլուխը կախում էր, ինչպես մի ամոթխած աղջիկ: Նա չէր համարձակվում հայտնի կերպով յուր սերը խոստովանել, որովհետև այդ սերը ուրիշ բնավորություն ուներ այժմ, և իրան թվում էր, թե այլևս իրավունք չունի նրա մասին խոսելու:

Այս էր ահա պատճառը, որ թագուհին զարմացավ, երբ գահավանդակին հասնելով, լսեց նրանց զրույցը: Այդ դեպքն այնքան տարօրինակ և անակնկալ էր յուր համար, որ նա չկարողացավ հետաքրքրությունը զսպել և չլսել նրանց:

Բայց ի՞նչ էին խոսում ժամադիր սիրահարները:

— Ծնկներս արդեն դողում են, ինչպե՞ս պիտի վերադառնամ, — ասում էր Գոռին Շահանդուխտը. — առաջին անգամն է, որ պաշարում է ինձ այսպիսի երկյուղ:

— Երկյո՞ւղ. ինչո՞ւ համար, մի՞թե հանցանք գործեցիր:

— Անշո՜ւշտ. չէ՞ որ ամեն մի գործ, որ կատարվում է գաղտուկ, հանցանք է ըստինքյան: Ես կամեցա անցնել հովանոցի մոտով այնպես, որ մայր-թագուհին ինձ չտեսնե:

— Թագուհի՞ն, մի՞թե նա հովանոցումն էր:

— Այո՛. նա դեռ նստած էր յուր բազմոցի վրա տխուր, մտախոհ... Ինչո՞ւ այդքան տխրամած է նրա դեմքը, Գո՛ռ, սիրտս ճմլվում է ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան:

— Ինքս էլ չգիտեմ, ասում են, որ վիշտ ունի և այդ վիշտը ծածկում են մեզանից:

— Ծածկո՞ւմ են. ոչ ոք ոչինչ չէ ծածկում, ուրիշ ի՞նչ վիշտ կարող է դառնագույն լինել. քան հոր ու եղբոր կուրությունը, քան վշտահար մոր մահը...

— Անշուշտ չկա դառնագույնը:

— Եվ չի կարող լինել. այդ ամենից սարսափելին է:

“Չի կարող լինե՞լ... Օ՛, ինչպե՜ս անմեղ, ինչպես երջանիկ եք դուք, սիրասուն զավակներ, երանի՜ թե երբեք էլ այդ վիշտը չզգաք, այդ դառնությունը չճաշակեք...”, շշնջաց ինքն իրան թագուհին և ձեռքը սեղմեց կրծքին, որ ալիքի պես ելնում ու իջնում էր:

— Քո դիմավորումը լցրեց իմ սիրտը բերկրությամբ, — շարունակեց Գոռը, — աշխարհի ամենամեծ փառքերը չէին — կարող բերել ինձ այն ուրախությունը, որ ճաշակեցի ես այս վայրկենում: Բայց եթե այդ շնորհն ինձ անելու պատճառով քո սիրտն անհանգստացել է մի վայրկյան, ես կցանկանայի, որ դու չհանդիպեիր ինձ այստեղ:

— Չհանդիպե՞լ... մի՞թե կարող էի. մի՞թե համբերություն կունենայի... Այն օրից ի վեր, որ դու պահականոցներից հեռացել և աշխատում ես կրճերում, ես գրեթե այլևս չեմ տեսնում քեզ: Դու առավոտը վաղ հեռանում ես դղյակից, ամբողջ օրը հոգնում ու վաստակում ես դրսում և երեկոյան ուշ վերադառնալով` հազիվ խոնջացած մարմնիդ հանգիստ ես տալիս: Էլ ե՞րբ և ո՞ւր տեսնեմ քեզ...

Ամեն օր բարձրանում եմ դղյակի աշտարակը և ժամերով կանգնած նայում եմ կրճերին, ուր զորականի հետ միասին աշխատում ես դու: Լարում եմ տեսությանս ուժը, աշխատում եմ քեզ տեսնել... սակայն հազիվ նշմարում եմ քո սաղավարտի ցցունքը և արծաթե Գարդմանակը, որ փայլում է արևի առաջ: Օ՛, ինչպես այդ վայրկենին կամենում եմ ես թռչել դեպի քեզ. կամենում եմ գալ և նայել միայն քեզ վրա կամ... սրբել իմ ձեռքով քո քրտնաթոր ճակատը... Եվ սակայն թռչում է միայն հոգիս, որ չի կարողանում բերել քեզ իմ սիրտը, նա մնում է աշտարակի մեջ փակված, ինչպես վանդակի թռչնիկը, որին թույլ չեն տալիս օդի մեջ ճախրելու... Դժվար դրություն է այս, Գո՛ռ, այնպես չէ՞. խոսի՛ր, ինչո՞ւ ես լռում...

— Խոսիր դու, իմ աննման Շահանդուխտ. խոսի՛ր միայն դու. քո ձայնը հնչում է ավելի քաղցր, քան այս առվի կարկաչը, քան գարնան սոխակի առավոտյան մեղեդին...

— Այո՛, ես այլևս չկարողացա համբերել. տեսա, որ եթե բախտի կամքին հանձնվեմ, շատ պիտի չարչարվիմ, ուստի որոշեցի այս հանդուգն քայլն անել... Օ՛, ների՛ր ինձ, Գո՛ռ, եթե մեղանչեցի ես համեստության դեմ... չգիտես, թե որքա՜ն շատ տանջվել եմ ես:

— Ներե՞լ, մի՞թե հանցանք է սիրելը. դու հնազանդել ես քո սրտին:

— Այո՛, իմ սրտին: Ահա՛, մի քանի օր է, ինչ տեսնում եմ, որ դու կրճերից վերադառնալով` բարձրանում ես ժայռերը և այս գահավանդակից անցնելով` քերում մեր աշտարակի ստորոտը... Այդ ժամանակ ես արդեն լինում եմ ննջարանում. պատուհանի նեղ անցքից տեսնում եմ քեզ...

— Տեսնում ես, որ հայացքս վեր սևեռած` անցնում եմ համրաքայլ...

— Այո՛, և աշխատում ես ինձ տեսնել: Դժբախտաբար դղյակի պատուհաններն այնքան անձուկ են, որ նրանց միջից գլուխ հանելն իսկ անկարելի է... Եվ ահա՛ այդ պատճառով ես այս հանդուգն միտքը հղացա. որոշեցի գալ և սպասել այստեղ քո դարձին:

— Իսկ դղյակի սպասուհինե՞րը...

— Ոչ ոք ինձ չտեսավ, ես խուլ սանդուղքներից իջա:

— Եվ եկար ինձ դիմավորելո՞ւ. այստե՞ղ... մենա՞կ... Օ, որքա՜ն բարի, որքան սիրելի ես դու...

Այս ասելով Գոռը բացավ յուր բազուկները և կամեցավ գրկել սիրուհուն, բայց նա բռնեց երիտասարդի երկու ձեռներից և քնքշաբար ետ մղելով նրան` ասաց ժպտալով.

— Ո՛չ, սիրեցյալդ իմ Գոռ, նախարարազուն երիտասարդները այդպես չեն պաշտպանում բարձակից օրիորդներին...

— Շահանդո՛ւխտ...

— Այո՛, մենք մենակ ենք. դու ինձ պիտի պաշտպանես քո դեմ:

— Օ՛, ինչպե՜ս խիստ, ինչպե՛ս ահավոր ես դու:

— Ես եկա միայն մի խոսք ասելու քեզ, որովհետև առանձին չենք պատահում միմյանց, իսկ երրորդի ներկայությամբ ասել չեմ համարձակվում... Ես իսկույն պիտի վերադառնամ:

— Ա՛խ, ինչպե՛ս կփափագեի, որ քո ճանապարհի վրա լեռներ բուսնեին այս վայրկենին...

— Այո՛, միայն մի խոսք... Եկա քեզ խնդրելու, որ երեկոները արևի մուտքից գեթ մի ժամ առաջ վերադառնաս տուն... որպեսզի ամեն օր պատշգամբից կարողանամ քեզ ողջունել և քո ողջույնն առնել...

— Միայն ա՞յդ:

— Այո՛, միայն այս. և այս արդեն շատ է ինձ համար, մինչև որ...

— Մինչև որ ի՞նչ...

— Մինչև որ դու քո աշխատությունները կավարտես և կվերադառնաս դղյակ:

— Օ՛, իմ աշխատությունները չպիտի ավարտին, քանի որ...

— Քանի որ ի՞նչ:

— Քանի որ Շահանդուխտը գտնվում է Գառնո ամրոցում:

— Ի՞նչ կնշանակե այդ:

— Այդ կնշանակե ա՛յն, որ ես դողդողում եմ քո անձի համար, քո ապահովության համար:

— Ինչպես և այն բոլորի, որոնք գտնվում են այս ամրոցո՞ւմ:

— Ոչ. այս բոլորի համար ես ուրիշ կերպ կմտածեի, բայց քեզ համա՛ր... ի՞նչ ասեմ...

— Խոսի՛ր, ինչո՞ւ ես լռում:

— Այո՛, իմ անգին օրիորդ, եթե թշնամու հրոսակները Գառնին շրջապատելով` ոչ մի կռվան չգտնեն ժայռերի վրա բարձրանալու, եթե նրանց սանդուղքների ու փայտակերտ մարտկոցների տակ հողը փլչելով` վերեն վայր կործանե ամենքին, եթե կպրաձյութի կրակված հեղեղները լափեն խիզախներին ոչ միայն պարիսպների տակ, այլև զառիվայր ճանապարհներում, եթե հագարացհք ամիսներով շարունակ պաշարեն մեր բերդը և սակայն վերջին գյուղացուն չկարողանան յուր խորակից ղրկել կամ իշխանուհիների սովորական զբոսանքը խանգարել, իմացիր, որ այդ ամենը լինում է քո շնորհիվ... որ Գառնին անպարտելի է դարձնում Սյունյաց օրիորդը, որ շատերն այստեղ իրանց կյանքը պարտական են մնում իմ հարսնացուին...

— Ի՞նչ կնշանակե այդ, Գո՛ռ, ես քեզ չեմ հասկանում:

— Այդ կնշանակե այն, որ քանի դու Գառնիումն ես, Գոռը հանգստություն չունի: Գեղամ նահապետի գտած այս հսկայական ժայռերը փխրուն են երևում իմ աչքում: Տրդատա կառուցած հաստահիմն պարիսպները թվում են ինձ անզոր. մեզ շրջապատող այս խորաձորը երևում էր իբրև հովիտ, դյուրամատույց ամենքին... վերջապես մեր զորքերի թիվը ես գտնում եմ նվազ. մարտիկների եռանդը` ոչ բավական դյուրավառ, բերդակալի աշխույժը` գրեթե մարած... Այդ պատճառով ահա՛ դադար չունիմ օր ու գիշեր, աշխատում եմ ինքս, աշխատեցնում եմ զորականին: Այն միտքը, թե Շահանդուխտը գտնվում է Գառնիում և թե պետք է նրա թանկագին կյանքը ապահովել, լցնում է իմ սիրտը արիությամբ: Երբ արշալույսին ելնում եմ դղյակից, զգում եմ իմ մեջ մի անպարտելի ուժ, մի անսպառ զորություն: Ես հասնում եմ աշխատությանց վայրը զորականից շատ առաջ: Դիտում, քննում, հետազոտում եմ այն բոլոր անցքերը, որոնք կարող են մատչելի լինել թշնամուն և աշխատում եմ, որ այդ բոլորը կորստյան գուբեր ու անդունդներ դարձնեմ նրա համար: Կամենում եմ, որ Գառնո պարիսպները կրկնապատիկ ստվարացնեմ, որ բուրգերն ու աշտարակները կրկին չափով բարձրացնեմ, որ ամեն ինչ և ամեն վայր դառնա անառիկ ու անմատչելի... Եթե դու մի անգամ մեր ամրոցն ու պահակավայրերը շրջագայես, կտեսնես, թե որքա՜ն շատ գործեր են կատարվել, որքա՛ն մեծ զորություն է ամբարվել դրանց շուրջը... Եվ այս բոլորը միայն քեզ համար... իմ անգին, իմ աննման Շահանդուխտ...

Եվ այս ասելով երիտասարդը առավ նազելի օրիորդի աջը և երկյուղածությամբ սեղմեց յուր շրթունքներին: Նա չընդդիմացավ:

“Միայն քեզ համար... աննման Շահանդուխտ... Օ՛, որքան երջանիկ եք դուք...”, շշնջաց դարձյալ թագուհին, և արտասուքի կաթիլները գլորվեցան նրա դալկահար դեմքի վրա:

— Բայց ինչո՞ւ միայն ինձ համար. չէ՞ որ դղյակում ապրում են թագուհին, քո և իմ մայրերը, ուրիշ իշխանազն տիկնայք ու օրիորդներ և, վերջապես, չէ՞ որ Գառնին լիքն է ժողովրդով, — նկատեց օրիորդը ժպտալով:

— Այո՛, դրանց բոլորի կյանքը թանկ է ինձ համար, նույնիսկ վերջին գեղջկուհին պիտի վայելե իմ պաշտպանությունը, ինչպես իմ հարազատ քույրը. բայց ոչ մեկը դրանցից չէ ներշնչում իմ հոգուն այն բարձր զորությունը, որով կարծում եմ, անպարտելի պիտի մնամ ես թշնամու առաջ. այն զորությունը, որ հասարակ արարածին հերոս և աննշան զինվորին` դյուցազն է դարձնում... Իմ թագուհու համար ես կարող էի լինել անձնվեր հպատակ. մեր մայրերի համար` անձնազոհ որդի. ժողովրդի և հայրենիքի համար` աներկյուղ զինվոր: Բայց քեզ համար... չգիտեմ, ի՞նչ անուն տամ ինձ... Քեզ համար չեմ զոհիլ իմ անձը... բայց չէ՛. ի՞նչ եմ ասում, իհարկե կզոհեմ. նույնիսկ իմ հոգին կմատնեմ գեհենին, եթե այդ հարկավոր է... Բայց ես չեմ մեռնիլ, որովհետև պիտի ապրեմ քեզ խնամելու և պաշտպանելու համար: Ինձ թվում է, որ եթե հագարացիների ամբողջ բանակն անգամ հարձակվի ինձ դեմ` քեզ իմ գրկից հանելու համար, դարձյալ անզոր պիտի լինի ինձ հաղթահարելու: Երբ մտածում եմ, թե Շահանդուխտը այստեղ Գառնիումն է, և նա հույս ունի իմ պաշտպանության վրա, կարծես առյուծ է ծնվում իմ սրտի մեջ, և բազուկներս դառնում են երկաթ: Ինձ թվում է, թե ամեն խոչ ու խութ պիտի կործանեմ, ժայռ ու ամբարտակ փշրեմ, տապալեմ, եթե համարձակվին երբևիցե արգելել ինձ քեզ պաշտպանելու... Այո՛, ուզում եմ ապրել միայն քեզ համար և սիրում ամենքին` միայն քո պատճառով...

— Միայն իմ պատճառո՞վ... Օ՛, Գոռ. չէի կամենալ, որ այդպես խոսես դու... Մի՞թե սինլքոր արարածին մինը պիտի դառնայիր, եթե ես չլինեի...

— Ա՛խ, ոչ. այդ չէի կամենում ասել...

— Հապա ի՞նչ:

— Կամենում էի ասել, որ քո սերը կրկնապատկում է իմ մեջ ամեն բան` և՛ ապրելու իղձը, և՛ հոգվո արիությունը, և՛ սրտի կորովը, և՛ դեպի իմ եղբայրակիցներն ու հայրենիքն ունեցած սերը... Քեզմով աշխարհը երևում է իմ աչքին վարդալիր, արևն` ավելի հրատապ, լուսինը` ավելի պայծառ... Դու ամեն ինչ ես ինձ համար` և՛ կյանք, և՛ գանձ, և՛ զորություն, և՛ փառք...

“Ո՜վ, բավական է, էլ ոչինչ չեմ ուզում լսել... Անշուշտ մի չարության ոգի առաջնորդեց ինձ այստեղ` իմ ծանր վերքերը նորոգելու համար”, մրմնջաց թագուհին և բարձրանալով տեղից` հուշիկ քայլերով հեռացավ դեպի հովանոցը:

Այստեղից նա ուղղվեցավ դղյակը միայնակ, առանց նաժիշտների ընկերակցության, ինչպես անում էր նա երբեմն, և գնաց, փակվեցավ յուր առանձնարանում:

Քիչ ժամանակ անց բաժանվեցան նաև սիրահարները: Գոռը իհարկե խոստացավ յուր հարսնացուին կատարել նրա խնդիրը և ամեն երեկո վերադառնալ դղյակ արևի մուտքից առաջ:

Բայց թագուհու վրա մեծ ազդեցություն արավ այս դեպքը: Նրա վերքերը, արդարև, նորոգվեցան: Սիրահարների զրույցը դեռ հնչում էր նրա ականջին, նա կարծես տակավին ուռենու մոտ նստած` լսում էր նրանց և մերթ ընդ մերթ որոճում այն սիրաշունչ խոսքերը, որ արտասանել էին Գոռը կամ Շահանդուխտը:

“Ապրեցեք, ապրեցե՛ք միմյանց համար, երջանի՛կ արարածներ, ապրեցեք, զի սիրում եք կաթոգին, զի աստծո աջը հովանի է ձեր սիրույն... — խոսում էր ինքն իրան թագուհին: — Ավա՜ղ. ինձ թվում էր, թե այլևս սեր չկա ոչ մի տեղ, թե նա ցամաքել, չորացել է ամենի սրտում, ինչպես հովտի այն ծառերը, որոնց զարնում է խորշակ, որոնց չէ ջրում առուն կամ ցող չէ տալիս երաշտի գիշերը... այդպես եղավ մեր սերը. չորացավ, գոսացավ... ի՞նչ էր մնում մեզ անել,եթե ոչ` “հաստանել զայն և ի հուր արկանել...”: Բայց ահա՛ հենց այդ չորացած ծառի մոտ ես տեսնում եմ մի դալար բողբոջ` ոստիկներով ու տերևով զարդարուն. ի՞նչ անել նրան. մի՞թե չորի հետ միասին կտրել ու այրե՞լ... Ո՜հ, ոչ. թո՛ղ նա ապրի, խնամվի, թող արևը ջերմություն և առուն ջուր պարգևե, թող խորշակը յուր թունավոր շնչով երբեք նրան չզարնե. թո՛ղ նա մեծանա, ուռճանա, գուցե նրա հովանվույն ներքո ապրին ու սնանին սիրո ուրիշ բողբոջներ... Այո՛, սերը չէ մեռել աշխարհում, նա կա, նա ապրում է: Բայց էլ ինչո՞ւ ծաղրում են ինձ. ինչո՞ւ ամենքը միացած կամենում են խեղդել այդ զգացմունքը իմ չարաբաստ սրտում. ինչո՞ւ զարմանում են, որ ես նրա մասին ավելի եմ մտածում քան այն բոլորի` ինչ որ կատարվում է իմ շուրջը. ինչո՞ւ ինձ հեգնում են, երբ իմ կյանքն ու երկինքը նրա մեջ եմ տեսնում, նրա մեջ որոնում. ինչո՞ւ կամենում են, որ իմ աշխարհի այդ միակ արևը խավարի. չէ՞ որ այնուհետ՛և հուսահատությունը պիտի ինձ տիրե...

Բայց ի՞նչ եմ ասում. նա արդեն ինձ տիրել է... ահա՛ ես քաշվել, ապաստանել եմ այս խորշերին. լռությունն ու միայնությունը դարձել են իմ միակ ընկերները, անգործությունը` իմ միակ զբաղմունքը... ի՞նչ եմ անում ես, տեր աստված. ոչինչ այլևս ինձ չէ հետաքրքրում. ոչինչ իմ սիրտը չէ ջերմացնում... թշնամին հասել, նստել է իմ դռան մոտ. բայց այդ էլ ինձ չէ սարսափեցնում. աշխարհի վրա նայում եմ կարծես դագաղի միջից... Մի՞թե ես ապրում եմ...”:

Եվ թագուհին նայեց հանկարծ յուր շուրջը, տեսավ յուր միայնությունը և խոր հառաչեց:

“Այսպես չէի ապրում ես. այսպես չէր անցնում իմ կյանքը. քանի նա սիրում էր ինձ...”, — շշնջաց նա և լռեց:

Մի քանի վայրկյանից նրա հայացքն ընկավ առանձնարանի պատուհանին: Երևացին Գեղա լեռան լանջերը` լուսնի լուսով լուսավորված: Նորեն հիշեց թագուհին սիրահար զույգը, նրանց զրույցները, Շահանդուխտի սիրախոսությունը, Գոռի ոգևորությունը և ինքն էլ կարծես երիտասարդացավ նրանց հետ (թեպետ երիտասարդ էր, և վշտերն էին միայն յուր սիրտը ծերացրել):

“Չէ՛, այդպես չպետք է լինի, դեռ կարելի է ապրել, կամ, գոնե, ուրիշներին ապրեցնել: Մենք իրավունք չունենք մեզ շրջապատող մահը տարածել ամեն տեղ, կամ ամենքին մեզ հետ միասին մեռցնել: Ի՞նչ իրավունքով պիտի զրկեմ իմ Շահանդուխտին սիրո անուշ վայելքներից կամ պատանի Գոռին` կյանքի բարիքներից: Ես տեսա իմ աչքով, լսեցի իմ ականջով... նրանք սիրում են և երջանիկ են... Ինչո՞ւ չօգնել նրանց, որ երկար, շա՜տ երկար երջանկանան... Նրանք մեր սիրելիները, մեր որդիներն են, բայց մի՞թե մենք մի կամ երկո՞ւ որդի ունինք... քանի՛-քանի՛ նմանօրինակ բախտավորներ կան մեր աշխարհում, որոնք կամենում են ապրել, կյանքի քաղցրությունները վայելել... Ինչո՞ւ զրկել, ինչո՞ւ չօգնել նրանց... Բայց մենք զրկում ենք, բարբարոսություն ենք անում. “Մենք դժբախտ ենք, դուք էլ դժբախտ եղեք...”, այսպես ենք ասում, այսպես ենք մտածում... Մեր անձնական վշտերի պատճառով մենք ձեռքներս լվացել, հետ ենք քաշվել. թագավորը նստել է Կաքավաբերդ, իսկ ես փակվել եմ այս դղյակում. “Թշնամին թո՛ղ անե, ինչ կամենում է. թո՛ղ նա հարվածե, հալածե. երկիրը տակն ու վրա անե, մեզ ի՞նչ փույթ, մենք հո չենք ապրում, ուրիշներն էլ թո՛ղ դժբախտանան...”: Այո՛, այդպես ենք մտածում: Բայց չէ՞ որ սա մի ոճիր, մի չարագործություն է, երկնային անեծքի արժանի...”:

Այս նորածին մտքերն այնպես հուզեցին թագուհուն, որ ոչ միայն նրա վհատությունն անցավ, այլև մի նոր և մինչև այդ իրան անծանոթ ոգևորություն եկավ վրան: Նա որոշեց իրական մասնակցություն ունենալ երկրի պաշտպանության գործում: Բայց ի՞նչ պիտի աներ, դեռ չգիտեր, նա մտածում էր դրա վրա:

Հանկարծ նրա դեմքը պայծառացավ, և գեղանի շրթունքների վրա շողաց մի առույգ ժպիտ:

“Ես կերթամ Աշոտի մոտ. կառնեմ նրան նորեն իմ գիրկը. կջերմացնեմ նրա սիրտը իմ հրատապ շնչով... Կհիշեցնեմ նրան մեր անցալը. կոգևորեմ յուր քաջության և փառքի նախկին հիշատակներով... Այո՛, կհանեմ նրան Կաքավաբերդից և կդարձնեմ Ոստան... Նա նորեն կանցնի հայ քաջերի գլուխը, նորեն կորոտա ինչպես մրրիկ և կահաբեկե յուր թշնամիներին... Այն ժամանակ խաղաղության հովանվույն ներքո թո՛ղ ծլին, ծաղկին սիրո բույսերը... Թո՛ղ մեր աշխարհի երիտասարդ սրտերը վայելեն նրա անուշ պտուղները... Այո՛, որոշված է, ես կերթամ: Ոչ ոք ինձ չի խանգարիլ: Ամեն մարդու առաջնորդում է մի միտք: Մարզպետունի իշխանը ոգևորվում է ընդհանուր հայրենիքի սիրով, նա աշխատում է նրա ամբողջության, գահի հարստության և հետևապես, ժողովրդի բարօրության համար: Նրա որդին` Գոռը, ոգևորվում է այդ ամենով` միայն Շահանդուխտի համար. թո՛ղ ուրեմն ինձ էլ ոգևորե Գոռի և Շահանդուխտի բախտը, թո՛ղ ես էլ աշխատեմ այն սրտերի համար, որոնք սիրում են և ցանկանում են սիրազուրկ չլինեի...”:

Եվ թագուհին վեր կենալով, իսկույն ձայն տվավ նաժիշտներին:

Նրանք ներս եկան:

— Կանչեցեք այստեղ Սեդային, — հրամայեց նա:

Մի քանի վայրկենից ներս մտավ դայակը:

— Սե՛դա, պատրաստվիր, մենք վաղը ևեթ պիտի ճանապարհվենք:

— Ո՞ւր, մեծափառ տիկին, — զարմանալով հարցրեց դայակը:

— Կաքավաբերդ:

— Կաքավաբե՞րդ. թագավորի մո՞տ:

— Այո՛:

— Ինչո՞ւ, տիրուհի:

— Ինչպե՞ս թե ինչո՞ւ, գնում եմ իմ ամուսնու և թագավորի մոտ. մի՞թե տարօրինակ ցանկություն է այս:

— Բնա՛վ. աստված թո՛ղ օրհնե այդ ցանկությունը և քո ճանապարհը... կամենում էի իմանալ, թե ինչո՞ւ հանկարծ...

— Այսպիսի որոշումն արի...

— Այո՛:

— Դրա համար հետո, խոսելու ժամանակ շատ ունենք:

— Իսկ այժմ ի՞նչ կհրամայես:

— Կարգադրիր, որ վաղ առավոտվանից պատրաստ լինին երկու պատգարակ, զույգ ջորիներով: Մեզ հետ կլինեն երկու սպասուհի և երկու ծառա: Իմ պահանորդները թող ժամ առաջ ելնեն ամրոցից և սպասեն մեզ ճանապարհին: Դղյակում լինելիք կարգադրությանց մասին հարկ եղածը կհանձնարարեմ Գոհար իշխանուհուն: Իսկ ամրոցում բերդակալից զատ ո՛չ ոք չպիտի իմանա մեր հեռանալը:

Սեդան գլուխ խոնարհեց թագուհուն և դուրս գնաց:

Դ

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՌՈՒՄԸ

Դեռ նոր արևելքն սկսել էր շառագունել, երբ Սևանա վանուց միաբանությունը առավոտյան ժամերգությունն ու պատարագն ավարտելով, դուրս եկավ և ս. Առաքելոց եկեղեցուց և ցրվեցավ դեպի բլրակի խուցերը:

Հովհաննես կաթողիկոսը, որ չորրորդ օրն էր, ինչ գտնվում էր այդտեղ, աղոթում էր նույնպես միաբանության հետ: Թողնելով եկեղեցին, նա փոխանակ դեպի վեհարան դառնալու, Սահակ եպիսկոպոսի հետ միասին բարձրացավ բլրի գագաթը: Չնայելով, որ ցուրտն զգալի էր արդեն, այսուամենայնիվ նա ցանկացավ դիտել այդտեղից արևի ելքը, որ կղզու գեղեցիկ տեսարաններից մինն էր կազմում: Նա կանգ առավ Սևանա անդրանիկ եկեղեցու, այն է` ս. Հահարության տաճարի առաջ, օր կառուցած էր բլրի գագաթին, և սկսավ դեպի արևելք նայել: Կապուտակ ծովակը, որ պարփակում էր կղզին, խաղաղ էր այդ վայրկենին և միապաղաղ, ինչպես բյուրեղ: Միայն փոքրիկ մկանունքները գալիս, կոծում էին ժայռապատ եզերքը: Համատարած կապուտակի վրա ձգվում էին զանազան ուղղությամբ սպիտակ ու երկնագույն շերտեր, նման երկարաձիգ ժապավենների, որոնք տակավ առ տակավ փոխում էին իրանց գույնն ու ձևը, համակերպելով առավոտյան շողերին:

Եվ ահա Այծեմնասարի ետևից ծագեցին արևի առաջին ճառագայթները, և հրափայլ սկավառակը, ինչպես մի հրահոսան անոթ, սկսավ բարձրանալ երկնակամարի վրա: Նրա կենարար ճառագայթները ոսկեզօծեցին ափնածիր լեռները, Սևանա բարձունքն ու ժայռերը և արևմտյան կուսի կանաչազուրկ դաշտերը: Բայց ամենից գեղեցիկ և սխրալի տեսարանը ներկայացնում էր Նահապետի ծովակը: Նրա մուգ կապուտակը փոխվում էր հետզհետե բաց երկնագույնի. ժապավենները նվազում կամ անհետանում էին. ծովակի մակերևույթը մի տեղ վառվում էր բաց բոսորագույն, մի ուրիշ տեղ փայլում գորշ-արծաթագույն, իսկ բյուրավոր մկանունքները, որոնց փոքրիկ հովը հետզհետե ալիքների էր փոխվում, փայլփլում էին արևի առաջ ինչպես ադամանդ և կամ ջրածին, շրջուն աստղիկներ:

Կաթողիկոսը նայում էր այդ բոլորին, նայում էր և զմայլում:

— Ինչպե՜ս գեղեցիկ, ինչպե՜ս հրաշալի է մեր երկիրը, — բացականչեց նա հանկարծ. — ինչո՞ւ, ինչո՞ւ չենք կարողանում հանգիստ սրտով ապրել այստեղ, ինչո՞ւ անիրավ ճակատագիրը հալածում է մեզ...

Եվ նա հոգով սլացավ դեպի հին դարերը, դեպի այն երջանիկ, անդրանիկ օրերը, երբ այդ տեղերին տիրում էր Գեղամը յուր թոռներով, անխառն ընդոծիններով, երբ այդտեղ լսվում էր միայն հարազատի բարբառը, երբ մարդիկ այդտեղ անծանոթ էին օտարին, նրա լուծին ու բռնության:

Նա հիշեց և այն բախտավոր ժամանակը, երբ հզոր Տրդատը հրամայում էր այդ երկրին. երբ Լուսավորիչը խաչը ձեռին այցելեց այդ ծովակին. երբ քրիստոնեության նորընծա զինվորները Սևան ամրոցը մտնելով` հալածեցին այդտեղից քրմերի խումբը և Սյունյաց տոհմական զռոց տաճարը ճշմարիտ աստուծո տուն դարձնելով` “Սուրբ Հարություն” անունը տվին նրան: Նա պատկերացրեց յուր առաջ այն վայրկյանը, երբ Հայաստանյաց լուսատուն Քրիստոսի խաչը հինավուրց կռատան բարձունքը հանելով` նրա հովանվույն ու խնամոցը հանձնեց Գեղամա ծիծաղախիտ ծովակը` յուր համր ու խաղաղ բնակիչներով, յուր գեղազարդ ափերով...

Իսկ ա՞յժմ... Այո՛, այժմ էլ այդ ծովակն ու կղզին Սյունյաց տերերի կալվածն էին. նա գտնվում էր հայոց թագավորի հովանավորության ներքո: Բայց եթե հանկարծ հագարացիք շրջապատեին նրան, եթե արաբացոց վայրենի և գարշադեմ զորքը խուժեր այդ կղզին, ավարի առներ նրա սրբությունները, սրի անցներ միաբանությունը, գերի վարեր իրան` կաթողիկոսին, ո՞վ արդյոք պիտի դիմադրեր նրանց...

Այս մտքերը հուզեցին կաթողիկոսի սիրտը, և մի հանկարծական երկյուղ պաշարեց նրան:

— Մի՞թե այստեղ ապահով ենք մենք թշնամու հարձակումից, — հարցրեց նա Սահակ սրբազանին:

— Ապահով ենք, եթե աստուծո աջը հովանի է մեզ... — պատասխանեց եպիսկոպոսը:

— Բայց հովանի՞ է արդյոք:

— Մեզ մահկանացուներիս հայտնի չէ ոչինչ: Կարելի է միայն հուսալ, թե այս բազմաթիվ միաբանության մեջ կգտնվին սուրբ մարդիկ, որոնց շնորհիվ և նա կազատե մեզ փորձանքից:

— Այո՛. “եթէ գտանիցի անդ տասն, ոչ կորուսից և վասն տասանցն”, այդպես ասաց աստուծո հրեշտակը Աբրահամհի, երբ գնում էր նա Սոդոմը կործանելու: Բայց կգտնվի՞ն մեր մեջ տասն արդար մարդիկ:

Դեռ Վեհափառը չէր վերջացրել խոսքը, երբ նա նշմարեց մի լաստ, որ Ցամաքաբերդի կողմից հառաջանում էր դեպի կղզին:

— Ովքե՞ր են հյուր գալիս մեզ այսպես առավոտանց, — հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

— Գուցե ուխտավորներ, — պատասխանեց վերջինս:

Բայց Վեհափառը, որին անհանգստացնում էր կղզուն վերաբերյալ ամեն ել ու մուտ, դարձավ իսկույն դեպի վեհարան և հրամայեց եպիսկոպոսին մարդ ուղարկել և եկվորների ո՞վ լինելն իմանալ:

Կես ժամից հետ ներկայացավ կաթողիկոսին Դվնո կաթողիկոսարանի սպասավոր Թեոդորոս սարկավագը, որ կղզին մտնողներից գլխավորն էր և հայտնեց Վեհափառին` թե Բեշիր զորապետը պատրաստվում է մեծ զորքով գալ Սևան և պաշարել նրան կղզու մեջ:

Կաթողիկոսը գույնը նետեց:

— Այստե՞ղ էլ հանգիստ չեն տալիս ինձ, — բացականչեց նա երկյուղագին, և ապա դիմելով Սահակ եպիսկոպոսին ասաց. — տեսա՞ր, սրբազան, ուրեմն տասն արդար էլ չկա մեր մեջ;

— Գուցե... Բայց ինձ թվում է, թե աստված “կորուսանե զարդարն ընդ ամբարշտին”, — կրկնեց եպիսկոպոսը Աբրահամու խոսքերը:

— Ո՞վ է այդ ամբարիշտը, — հարցրեց կաթողիկոսը:

— Ո՞վ գիտե. գուցե ես. գուցե նա, որ իրան արդար է համարում, — պատասխանեց սրբազանը. — անկարելի է, որ այս չարիքները հասնում չլինին մեզ մի Հովնանի պատճառով...

— Բայց ո՞վ է այդ Հովնանը. ո՞ւր է գտնվում նա. ասա, թող բռնենք և ծովը նետենք, գուցե այդպիսով աստուծո բարկությունն անցնի:

Եպիսկոպոսը չպատասխանեց:

— Ինչո՞ւ լռել ես, սրբազան, — հարցրեց կաթողիկոսը:

— Հովնանի տեղը ես չգիտեմ, յուրաքանչյուր մարդ կարող էր յուր գործերը քննելով ասել, թե որքան հեռի է Հովնան լինելուց: Բայց ես մի բան գիտեմ. այդ այն է, որ Վեհափառը պիտի հեռանա Սևանից, որպեսզի այստեղի միաբանությունն էլ Այրիվանից հայրերի բախտը չճաշակե:

Կաթողիկոսը հասկացավ Սահակ եպիսկոպոսի ակնարկությանց նշանակությունը և խոր հառաչեց.

— Ուրեմն իմ երկրի մեջ չկա մի անկյուն, ուր ես գլուխս դնել կարողանամ... ուր հանգչելու իրավունք ունենամ...-խոսեց ինքն իրան կաթողիկոսը և ապա դիմելով Թեոդորոս սարկավագին` հարցրեց. — ի՞նչ են խոսում իմ մասին Դվինում:

— Քո որոշումները, Վեհափառ տեր, ոչ ոք անխորհուրդ չի համարում, բայց, ասում են, որ եթե դու աթոռավայրում լինեիր, ոստիկանը չէր հանդգնիլ քեզ հալածել:

— Իմ աթոռավայրո՞ւմ... Լավ. ես երկու օրից այնտեղ կլինեմ.... Կհասնենք, այնպես չէ՞, սրբազան, — դիմեց կաթողիկոսը եպիսկոպոսին:

— Դվի՞ն:

— Ո՛չ, Բյուրական ամրոցը. չէ՞ որ նա էլ իմ աթոռավայրն է: Այդտեղ լինելով ես մոտ կլինիմ կաթողիկե եկեղեցուն: Ոստիկանը գիտե, անշուշտ, որ Բյուրականը իմ դաստակերտն է, որ ես այդտեղ դղյակ ու եկեղեցի ունիմ կառուցած և տարվա մեծ մասն անցնում եմ այդ ամրոցում:

— Կարող ենք երկու օրից հասնել:

— Ուրեմն այսօր ևեթ ճանապարհվենք: Թո՛ղ մարդիկ լուր տանեն Դվին, թե կաթողիկոսը ելավ Սևանից: Թշնամին անշուշտ էլ չի դիմիլ այստեղ:

Եվ նույն ավուր երեկոյան կաթողիկոսն յուր հետևորդներով ու մերձավորներով ելավ Սևանից և ուղղվեցավ դեպի յուր ձեռակերտ ամրոցը` Բյուրական:

____

Մի քանի օր հետո ներկայացան Նսրին կաթողիկոսի նվիրակները Դռան եպիսկոպոսի առաջնորդությամբ և հանձնեցին ոստիկանին կաթողիկոսի ձեռագիր մի նամակը և դրա հետ միասին` թանկագին ընծաներ:

Կաթողիկոսը յուր նամակով շնորհավորում էր նախ ոստիկանի գալուստը և աղոթում նրա հաջողությանց համար և ապա յուր ընծաներն առաջարկելով` խնդրում էր նրանից ապահովության հրովարտակ` թե՛ յուր անձի և թե՛ աթոռի համար.

Ոստիկանին դիմելու այս խորհուրդը տվել էին կաթողիկոսին Բյուրականում եղող յուր մերձավորները:

Բեշիրը այնքան տագնապով հետևում էր Հայրապետին, որ միայն Նսըրի միջամտությունը կարող էր նրա հետապնդության առաջն առնել: Այս պատճառով կաթողիկոսը չմերժեց մերձավորների խորհուրդը, որ արդարև, բարերար հետևանք ունեցավ:

Ոստիկանը գրավվելով ոչ այնքան կաթողիկոսի քաղաքավար նամակից, որքան նրա ղրկած ընծաներից, շնորհեց Հայրապետին ազատության հրովարտակ, թույլ տալով նրան ապրել` ուր որ ինքը ցանկանում էր:

Վեհափառը, իհարկե, յուր ձեռակերտ Բյուրականը գերադասեց Դվինից: Որովհետև, գիտեր, որ մահմեդական իշխանավորի խոսքն ու ստորագրությունը չէին կարող ապահովել յուր անձը մայրաքաղաքում, այդ պատճառով մնաց Բյուրականում, մինչև որ տեսնե, թե տերը ի՛նչ է հաջողում հայոց թագավորին:

Բայց Բեշիրը կատակեց, երբ Նսըրի հրամանը հասավ, որով ոստիկանը պատվիրում էր նրան հանգիստ թողնել հայոց կաթողիկոսին:

Նա գիտեր, որ ոստիկանը ստացել է արդեն նվերների մի բաժին, և այդ է պատճառը, որ բարեկամացել է կաթողիկոսի հետ: Բայց չէ՞ որ ինքն էլ յուրը պիտի ստանար. չէ՞ որ Այրիվանից ձեռնունայն վերադառնալով` նա որոշնլ էր յուր վրեժը Սևանից առնել, իսկ եթե այդ չհաջողեր` ապա Բյուրականից:

Բայց ահա ոստիկանը խանգարում էր նրան: Ի՞նչ անել ուրեմն:

Նա դիմեց իսկույն Դվին, մահմեդական կրոնապետի օգնության:

Վերջինս որովհետև մեծ ազդեցություն ուներ ինչպես յուր ժողովրդի, նույնպես և ոստիկանի վրա, ուստի խոստացավ Բեշիրին` ոչնչացնել տալ ոստիկանի հրովարտակը և նորեն կաթողիկոսին յուր վրեժխնդրության հանձնել:

Մինչդեռ Դվինում այս հոգսերով էին զբաղված, և հայոց կաթողիկոսը անցնում էր յուր ձմեռը խաղաղությամբ, մեր երկու առաքյալները, այն է` Վահրամ սեպուհն ու Մարզպետունի իշխանը թափառում էին հայոց մեծ ու փոքր իշխանների գավառներում, մի բերդից անցնելով մյուսը, մի ամրոցից` դեպի մի ուրիշը:

Բայց նրանց առաքելությունը անցնում էր ապարդյուն, և խոսքն ու հորդորը պտուղ չէր բերում:

Աղձնյաց իշխանն, օրինակ, խոստանում էր միացնել յուր զորքը արքայական բանակին, եթե միացած կտեսներ նրան Աշոտ սպարապետի զորքը և Աբաս արքաեղբոր գնդերը: Մոկաց իշխանը նույն համաձայնությունն էր տալիս, եթե հիշյալների հետ միասին կգար պատերազմելու Վասպուրականի թագավորը: Աշոտ բռնավորը խոստանում էր մտնել դաշնակցության մեջ, եթե արքայական հրովարտակով յուր իշխանության կհանձնվեին Արարատի հինգ գավառները: Աբաս արքաեղբայրը, ընդհակառակը, ավելորդ էր համարում կազմել մի դաշնակցություն, որ պիտի կռվեր Աշոտ-Երկաթի դրոշի տակ: Նրա կարծիքով թագավորն արդեն վհատված ու հեռացած էր. պետք էր ուրեմն թույլ տալ նրան հանգստանալ մի ամրոցում, իսկ գահը հանձնել օրինավոր ժառանգին, այն է` իրան: “Այնուհետև, ասում էր, կարիք չի լինիլ, որ Գևորգ իշխանն ու Վահրամ սեպուհը զորք մուրան իշխաններից և կամ միության միջնորդ հանդիսանան, զի քաջ թագավորին կմիանան միշտ քաջերը”:

Այս բանակցություններն ամիսներ տևեցին: Աշունն ու ձմեռը անցան, և սկսավ Հայաստանի գեղեցիկ գարունը:

Եվ սակայն միջնորդ իշխանները ոչ մի միություն ստեղծել չկարացին:

Բայց Դվինի հագարացի կրոնապետը Բեշիր զորապետին արած յուր խոստումը կատարեց: Որքան էլ ոստիկանը համառ էր ու ինքնակամ, այսուամենայնիվ դենպետը կարողացավ համոզել նրան, թե նա մեծ նախատինք է հասցրել Մահմեդի կրոնին, ապահովության գիր տալով հայոց կաթողիկոսին:

— Աստված այդ սուրը տվել է քեզ նրա համար, որ դրանով մեր կրոնը անհավատների մեջ տարածես, որ Մահմեդի քարոզած ճշմարտությունն աշխարհին ծանոթացնես, որ այդ ճշմարտության հակառակորդներին փշրես ու ջախջախես: Բայց դու, ընդհակառակը, խնամում ու հովանավորում ես մեր կրոնի թշնամուն, Մահմեդի հայհոյչին, սրբազան ղուռանի անարգող մարդուն:

Այս և սրանց նման զրույցներ շարունակ անում էր կրոնապետը, մինչև որ ոստիկանը համոզվելո՞ւց, թե՞ ձանձրանալուց հրաման տվավ Բեշիրին` հետևել նորեն կաթողիկոսին և դարձնել նրան Դվին:

Բեշիրի ցանկությունն էլ այդ էր: Ամբողջ ձմեռը նա Դվինում մաշվել էր անգործությունից: Այժմ ահա՛ գարնան գեղեցիկ օրերի հետ, հասավ իրան ոստիկանի ավելի ևս գեղեցիկ հրամանը: Ի՞նչ էր մնում նրան անել, եթե ոչ զորքերը հավաքել և դիմել Բյուրական:

Այդպես էլ նա արավ: Մի քանի օրվա մեջ կազմեց, պատրաստեց յուր հզոր բանակը և հրաժեշտ տալով բարերար ոստիկանին, դիմեց դեպի ծերուկ Արագածը:

Գարնան սկիզբն էր: Չնայելով որ Արագածը, Արայի լեռը և նույնիսկ Եռաբլուրը պատած էին դեռ ձյունով, այնուամենայնիվ Անբերդու գավառը ծածկվել էր կանաչով: Նրա սիրուն դաշտերը, գեղեցիկ հովիտները, սարավանդներն ու լեռնալանջերը զարդարվել էին ընտիր ու գույնզգույն ծաղիկներով: Աղբյուրները բազմացել, առուները հորդացել և գետերը վարարել էին: Խաշնարածները իրանց ձմեռային հանգիստը թողնելով` բարձրանում էին դեպի Արագածի լանջերը, որպեսզի նրա հովասուն արոտներում իրանց հոտերն ու նախիրը արածացնեն:

Արարատյան դաշտի վրա դեռ խաղաղություն էր տիրում, և գեղջուկն ու երկրագործը սկսել էին զբավիլ դաշտային աշխատություններով:

Հանկարծ Ոստանից լուր հասավ, թե հագարացիք ստվար բանակով հառաջանում են դեպի Անբերդ: Նորեն փախուստն ու թաքուստը սկսավ:

Կաթոողիկոսը սակայն դեռ հանգիստ նստած էր Բյուրականում, այլև զբաղված յուր դաստակերտի բարեկարգություններով: Այն օրից ի վեր, որ նա ոստիկանից ստացել էր ապահովության հրովարտակ, բազմացել էին Բյուրականում ոչ միայն հոգևոր կոչման տեր անձինք, այլև, աշխարհական ընտանիքներ, որոնք ապաստանել էին այդ տեղին` ինչպես կաթողիկոսի հովանավորությունը վայելող մի ամրության:

Ահեկի (ապրիլի) գեղեցիկ առավոտներից մինն էր: Վեհափառը յուր դղյակի պատշգամբում բազմած դիտում էր այն փառավոր ու ակնապարար հորիզոնը, որ շրջապատում էր հովասուն Բյուրականը: -Նրա հյուսիսային կողմից բարձրանում էր լայնադիր ու քառագագաթ Արագածը յուր ծաղկածին սարատափերով, լեռնային լճակներով և ձյունապատ ստինքներով: Հյուսիս-արևելյան կողմից երևում էր Արայի լյառը յուր կանաչազարդ լանջերով: Արևմտյան կողմից փակում էին հորիզոնը Բարդողի ձյունապատ կատարները, իսկ հարավից ձգվում էր մի դաշտահովիտ, որ Եռաբլուր լեռան ստորոտը բերելով` հասնում էր մինչև Քասախի խառնուրդը և ապա դաշտանալով` տարածվում մինչև Մասիս: Այդ դաշտահովտի վրա ընկած էին բազմաթիվ գյուղեր ու ավաններ, որոնց իշխում էր հիշատակաց արժանի Օշականը, որ ամփոփում էր յուր մեջ Հայաստանյաց երկրորդ լուսատուի, այն է` սրբույն Մեսրոպա թանկագին նշխարները: Մի փոքր հեռու երևում էր քաղաքամայր Վաղարշապատը, իսկ նրա մոտ հայոց եկեղեցիների թագուհին` նախաթոռ Էջմիածինը, սուրբ Գայանեի վանքը, Մարիանե կույսի Շողակաթը և վերջապես հզոր արքայի սերն ու վիշտը մերժող հրաշագեղ Հռիփսիմեի հոյակապ վկայարանը: Այս բոլորից հետ ամբառնում էր վեհապանծ Մասիսի սպիտակափառ կատարը, ծածկված հավիտենական ձյունով ու սառույցով, որ կարծես իշխում էր Արարատյան լայնածավալ դաշտի վրա իբրև հզոր ու անպարտելի միապետ:

Այս գեղեցիկ տեսարանները, որոնք գրեթե ամեն օր գրավում էին կաթողիկոսին և զբաղեցնում նրան վերացական մտածություններով, այսօր, կարծես թե, կրկնապատկել էին իրանց հրապույրը: Նա զվարճանում էր, որ կարողացել էր յուր դաստակերտի համար ընտրել այսպիսի մի գեղավայր, և որոշում էր ընդարձակել նրան նորանոր շինություններով, ամրացնել մարտկոցներով և բազմացնել յուր մենարանի միանձանց թիվը:

Բայց ահա հենց այդ ժամանակ գուժաբերը հասավ Բյուրական: “Բեշիրը գալիս է” խոսքը կայծակի արագությամբ տարածվեց բոլոր ամրոցում և ամենքին սարսափահար արավ: Ամրոցի դռները ճռնչալով փակվեցան, պատրաստի եղած զորքերը զինվեցան, ամրոցում գտնվող և զենք կրել գիտցող մարդկանց զենքեր բաժանվեցան, ի բաց չառնելով նաև երիտասարդ հոգևորականները:

Բայց ի՞նչ. մի՞թե այդ տկար ուժերով պիտի կռվեին նրանք հագարացիների դեմ. իհարկե ոչ. դա հուսահատ դիմադրության պատրաստություն էր:

Հետզհետե հասնող լուրերը հավաստեցին, թե Բեշիրը գալիս է ոչ թե Բյուրականը գրավելու, այլ կաթողիկոսին ձերբակալելու: Եվ ահա այդ պատճառով նորեն խնդիր ծագեց Վեհափառի փախստյան համար: Նրա այն մերձավորները, որոնք վախենում էին, թե Բեշիրը կաթողիկոսին ձեռք, ձգելուց հետ իրանց էլ պիտի կալանավորե, խորհուրդ տվին նրան Բյուրականից հեռանալ: Բայց Սահակ եպիսկոպոսը, Մովսես վարդապետը և տեղվույն միաբանության գլխավորները հակառակեցան այդ խորհրդին:

— Չպետք է մի անձի պատճառով շատերին զոհել, — ասում էին նրանք,-կաթողիկոսի փախստյան համար տեղ չի պակսիլ. բայց նրա ամեն մի փախուստը բազմաթիվ զոհեր է տալիս թշնամուն: Եթե աստված Վեհափառի համար մահ է որոշել, ապա նա չպիտի վարանի այդ որոշման հնազանդել. ըստ որում ո՞ւր որ էլ փախչե, դարձյալ պատուհասը կհասնե նրան, իսկ եթե չէ որոշել, ապա Բեշիրի հարձակումը չի կարող վնասել նրան:

Բայց այս զրույցները չփարատեցին կաթողիկոսի և նրա մերձավորների երկյուղը: Կայացավ մի գաղտնի խորհուրդ, որ որոշեց Բյուրականի բախտը, այն է` համոզել կաթողիկոսին հեռանալ շուտով դեպի Բագարան, Աշոտ սպարապետի մոտ, և ազատել յուր անձը վտանգից: Սպարապետը ոչ միայն մեծ զորք ու անառիկ ամրություն ուներ, այլև վայելում էր ոստիկանի բարեկամությունը: Հետևապես Վեհափառը կապահովեր իրան, եթե ապավիներ այդ իշխանին:

Երբ կաթողիկոսը հայտնեց Սահակ եպիսկոպոսին յուր որոշումը և առաջարկեց նրան “խույս տալ աստուծո բարկությունից” յուր հետ միասին, սրբազանը պատասխանեց.

— Ես կմնամ իմ ժողովրդի հետ: Ե՛րբ նա կռվե, ես կաղոթեմ, երբ մեռնի, կմեռնեմ նրա հետ միասին...

Նույն որոշումն արին կաթողիկոսի հետևորդներից Մովսես վարդապետը, Թեոդորոս սարկավագը, երկու եղբայր` Մովսես և Դավիթ քահանաները իրանց աշխարհական եղբոր` Սարգսի հետ, և մի քանի ուրիշներ:

Բայց և այնպես նույն ավուր գիշերը կաթողիկոսը, յուր երկչոտ մերձավորները ժողովելով, նրանց հետ միասին խույս տվավ դեպի Բագարան:

Հետևյալ առավոտ մի քանի գունդ զինվորներ հառաջանում էին դեպի Բյուրական: Ամրոցականները, հեռվից նրանց տեսնելով` կարծեցին, թե թշնամու հառաջապահներն են և սկսան տագնապով դեպի մարտկոցները վազել: Բայց երբ այդ գնդերը մոտեցան, նրանք զարմանալով նկատեցին ոստանիկների դրոշակները և ուրախությամբ լցվեցան: Եկողները ոչ թե թշնամիներ, այլ հայ զորքեր էին. բայց ո՛ր իշխանի զորքերը, ոչ ոք չգիտեր:

Երբ նրանք Բյուրականի պարսպներին հասան, ամրոցականները զարմանալով տեսան, որ մի քանի հարյուր հոգուց բաղկացած այս զորագունդը ոչ պետ ունի, ոչ գլխավոր, այլ մի ինչ-որ խարազանազգեստ մարդ, խաչանիշ դրոշը ձեռին, առաջնորդում է նրանց:

Երբ ամրոցի դռները բացին օգնության հասնող զորքը ներս ընդունելու, Սահակ սրբազանը դեպի դրոշակակիր առաջնորդը առաջանալով, ասաց.

— Այս ի՞նչ եմ տեսնում... հայր Սոլոմոն: Ճգնավորը զորապե՞տ է դարձել...

— Այո՛, սրբազան, եկեղեցվո ազատությունը պաշտպանող զորքին ճգնավորները պիտի առաջնորդեն, — պատասխանեց խարազանազգեստ հայրը և պատմեց նրան, թե ինչպե՞ս էր ժողովել այդ զորագունդը:

Սոլոմոն ճգնավորը Սագաստան աքսորված մի հայ քահանա էր, որ բախտի բերմամբ ազատություն գտնելով` վերադարձել էր հայրենիք և յուր օրերը վանքերում անցկացնում էր ճգնությամբ:

Լսելով Այրիվանքի կոտորածը և հայոց կաթողիկոսի կրած հալածանքները, նրա մեջ վառվեց ազգակիցներին օգնելու նախկին եռանդը և նա սկսավ թափառել շեներն ու ավանները և հորդորել ժողովրդին զենքի դիմելու և իրանց պաշտպանելու, քանի որ իշխանները մերժում էին նրանց այդ պաշտպանությունը:

Ճգնավորին ընկերացան մի քանի ազատ զինվորներ, որոնց շնորհիվ նա հետզհետե կազմակերպեց մի գունդ, որ օգնության էր հասնում հարձակման ենթարկվող գյուղացիներին: Երբ լուր տարածվեց, թե Բեշիրը դիմում է Բյուրական` կաթողիկոսին ձերբակալելու, ճգնավորը հրավեր կարդաց յուր գնդին` գնալ հայրապետին օգնության, որովհետև, նա էլ նույնչափ լքյալ ու անօգնական էր, որքան գեղջուկ ժողովուրդը:

Այս հրավերը սիրով ընդունվեցավ գնդի կողմից:

Բացի այդ, ճգնավորի խմբին միացան նաև ավաններում գտնվող ուրիշ ազատ զորքեր, որոնք “մինչև այսօր երկրի իշխանների համար կռվեցինք, այժմ էլ եկեղեցվո իշխանի համար կռվենք” ասելով, հարել էին խաչանիշ դրոշին և դիմել Բյուրական:

Ճգնավորի հետ եկած զորքը վեհարանի շուրջը պատած սպասում էր, որ Վեհափառը ելնե և օրհնե իրանց: Այդ մի բնական և իրավացի ցանկություն էր այն զորականի համար, որ ինքնակամ եկել էր յուր եկեղեցին և նրա պետը պաշտպանելու: Բայց որքա՜ն մեծ եղավ Սոլոմոն հոր ցավը, երբ Դռան եպիսկոպոսը հայտնեց նրան, թե Վեհափառը խույս է տվել Բագարան:

— Իմ զորքերը կցրվեն, եթե այդ իմանան,-ասաց նա եպիսկոպոսին, — նրանք եկել են այստեղ Վեհափառին պաշտպանելու: Իսկ եթե նրանց հայտնվի, թե կաթողիկոսը ձգել է միաբանությունը յուր անձն ազատելու համար, նրանք գուցե վերադառնան հենց այս վայրկենին:

— Ի՞նչ անենք ուրեմն. մենք կարոտ ենք այդ զորքի օգնության, — հարցրեց եպիսկոպոսը:

Փոքր մտածելուց ետ ճգնավորը պատասխանեց.

— Պետք է հայտնել նրանց, թե Վեհափառը հիվանդ է և ելնել չէ կարող:

Այս անմեղ սուտը օգուտ կբերե մեզ:

— Չէ՛, հայր Սոլոմոն, չկա մի սուտ, որ հանցանք չհամարվի, և չկա հանցանք, որ անպատիժ մնա, — նկատեց եպիսկոպոսը, — ես այդ տիրասեր զորքին խաբել չեմ կարող: Ավելի լավ է հայտնենք նրան ճշմարտությունը, իսկ մեր պաշտպանության գործը թողնենք նրա խղճին:

— Այդ միևնույն է, թե մենք մեր ձեռքով Բյուրականը հանձնենք թշնամուն:

— Ի՞նչ անենք ուրեմն, — հարցրեց եպիսկոպոսը տարակուսելով:

— Ոչինչ այլևս անելու չունենք, մնում է, որ ես ինքս գործեմ այդ հանցանքը, եթե արդարև դա մի հանցանք է, — ասաց ճգնավորը: Ապա դուրս գալով Վեհարանի բակը, հայտնեց զորքերին, թե “վեհափառը հիվանդ է և իմ բերանով ուղարկում է ձեզ յուր հայրական օրհնությունը”:

Զորքը, իհարկե, հավատաց ճգնավորին և շատերը նրանցից եկան այն համոզման, թե թշնամու հարձակման լուրը վախեցրել է կաթողիկոսին:

Այս համոզումը մինչև անգամ բորբոքեց նրանց մեջ վրեժխնդրության կրակը:

Նույն օրն ևեթ զորքերը կարգավորեցին: Թե՛ ամրոցում եղածները և թե՛ նորեկները բաժանեցին մի քանի խմբերի, որոնց և կարգեցին զանազան տեղերում, այն է, ոմանց` աշտարակների մեջ, ոմանց` պարիսպների վրա և մնացյալներին` դռների առաջ կամ գաղտնի ծածկարաններում:

Ընդհանուր հրամանատարությունը հանձն առան տեղական զորքերի վրա` Թեոդորոս սարկավագը, որ քաջ զինաշարժ էր, իսկ եկվորների վրա` Սոլոմոն ճգնավորը:

Արդեն ամեն ինչ պատրաստ էր, երբ թշնամին երևաց, որ նստաջանում էր Վաղարշապատի կողմից:

Իսկույն ամեն մի մարդ յուր տեղը բռնեց:

Սահակ եպիսկոպոսը հրամայել էր, որ ամրոցի հոգևորականներից նրանք, որոնք զենք չէին կրում, ժողովվին եկեղեցի և հսկումն կատարեն: Այդ հսկումը պիտի շարունակվեր բոլոր ժամանակ, քանի զորքը կռվում էր: Կոչնակի ձայնն առնելուն պես եկեղեցին աղոթողներով լցվեցավ: Այդտեղ էին ինչպես հսկումն կատարողները, նույնպես և այն կանայք ու ծերունիք, որոնք զորքին պիտանի լինել չէին կարող: Ինքը` եպիսկոպոսը առաջնորդում էր աղոթողներին:

Թշնամու զորքը մոտենալուն պես հարձակումն սկսավ: Բեշիրը կարծելով, թե կաթողիկոսը ամրոցումն է և թե վերջինս թափուր է պաշտպանության միջոցներից, որոշել էր հանկարծական հարձակումով վախեցնել կաթողիկոսին և ստիպել նրան ինքնակամ անձնատուր լինելու: Գոռոզ հագարացին ավելորդ էր համարում մինչև անգամ բանակցություն սկսել նրա հետ: Նա մտածում էր, թե իրավունք ունի հարձակվելու և կալանավորելու նրան, ինչպես յուր վերջին ծառային. ի՞նչ հարկ կար քաղաքավարական ձևեր գործ դնելու:

Բայց որքա՜ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ, որ Բյուրականում այնպես չեն հանդիպում իրան, ինչպես Այրիվանքում, որ ամրոցի պարիսպներից ու աշտարակներից տեղում է յուր զորքի վրա նետերի սաստիկ տարափ և հարյուրավոր սվիններ ու գեղարդներ օդի մեջ թռչելով` շամփրում են հարձակվողների կրծքերն ու թիկունքը: Այս դեռ բոլորը չէր: Բերդի դռան աշտարակից թափվեցավ դուռը ջախջախել ճգնող զորքի վրա կպրաձյութի կրակվող հեղեղ, որ շատերին տեղն ու տեղը այրեց:

— Ուրեմն մենք գործ ունինք ո՛չ թե անպաշտպան կաթողիկոսի, այլ զինավառյալ մի ամրոցի հետ, — ասաց Բեշիրը յուր մերձավորներին. — ետ քաշվենք, բանակ դնենք և կանոնավոր հարձակման պատրաստվենք:

Այս ասելով նա նահանջի փող հնչեցրեց, և զորքերը պարիսպներից հեռացան: Ամրոցականներն ուրախության աղաղակ բարձրացրին և սկսան ծաղրել հագարացիներին, անվանելով նրանց “երկչոտ ու կնամարդի”:

Թշնամին ոչինչ չէր պատասխանում, նա միայն կրճտում էր ատամները և վրեժխնդրություն սպառնում:

Նույն ավուր երեկոյան Բյուրականի պարիսպների վրա վառվեցան հարյուրավոր կրակներ, և զորքն ու ժողովուրդը սկսավ ուրախության տոն կատարել:

Բայց թշնամու բանակում ուրիշ գործի վրա էին: Բազմաթիվ վարպետներ զբաղված էին բաբաններ, պալիստրներ և ուրիշ պարսպահար գործիքներ պատրաստելով: Կառուցանում էին, մինչև անգամ, մի կրիա և փայտե շարժական աշտարակ: Զորքը պարապած էր կախարաններ ու վերելակներ պատրաստելով, իսկ ինքը` Բեշիրը անձամբ հսկում էր այդ աշխատությանց վրա:

Հետևյալ առավոտ ամրոցականները տեսան, որ թշնամին մի գիշերվա մեջ բավական գործ է կատարել, և որ շարունակվող աշխատությունները հետզհետե սպառնացող կերպարանք են առնում: Բայց այդ բաներից նրանք չվախեցան, այլ իրանք էլ իրանց կողմից սկսան համապատասխան պատրաստություններ տեսնել: Ամենից առաջ աշխատեցին հրանյութի պաշարն ավելացնել և պարիսպների տակ գաղտնի անցքեր բանալով` կրիան այրելու կամ աշտարակը կործանելու մասին հարկ եղածը հոգա: Դարբիններն զբաղված էին երկաթե կարթեր կամ ջախջախող գործիքներ կռելով: Կանայք հնոտիներից գնդակներ էին պատրաստում և եռացրած ճարպի կամ ձյութի մեջ թաթախում: Զորքն այդ ամենը փոխադրում էր պարիսպների կամ աշտարակների վրա: Ամեն տեղ աշխատանքը եռում էր. ամենքն էլ մասնակցում էին մի որոշ գործի:

Երեք օրից հետ վերջապես թշնամին նորեն սկսավ մոտենալ և առաջ վարել ռազմական գործիները: Մի հարյուր հոգի զբաղված էին տափարակ ու լայնադիր կրիան գլանների վրա գլորելով, մի հարյուրը առաջ էր վարում անիվների վրա հաստատած եռհարկյան աշտարակը: Մի խումբ բերում էր բաբանն ու խոյը, մի ուրիշը պալիստրները, մի երրորդը` ջրով լի տիկերը, որոնցով պետք է պարիսպներից թափվող կրակը հանգցնեին, իսկ զենք շարժող զորականն սկսում էր ամրոցի շուրջը պատել:

Այդ միջոցին Բյուրականի եկեղեցում հանդիսավոր պատարագ էր մատուցանում Սահակ եպիսկոպոսը: Ժողովրդի հետ միասին գտնվում էր եկեղեցում նաև զորքը: Նա եկել էր վերջին անգամ պատարագ տեսնելու, վերջին անգամ յուր սուրբ նախահարց հոգեբուխ երգերը լսելու ս. Փրկչի կենարար մարմնին ու արյանը հաղորդվելու:

Բացակա էին միայն պահնորդ զորքերը, որոնք հսկում էին ամրոցի դռներին և թշնամու շարժմանը:

Զորքին հաղորդություն տալուց առաջ Սահակ եպիսկոպոսը խոսեց նրա հետ բեմի վրայից.

— Չորս հարյուր յոթանասուն տարի առաջ, ով իմ սիրելի զավակներ, պատրաստվեցան թշնամու հետ կռվելու վարդանանց քաջերը: Նրանք էլ ձեզ նման նախ աստուծո օգնության և ապա իրանց բազկի զորության դիմեցին: Նրանք էլ աշխարհային փառքի կամ անձնական շահու համար չէին կռվում, այլ հայրենիքի և եկեղեցու ազատության համար: Ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ, թշնամին կամենում էր այդ ազատությունը խլել, հայ ազգն ստրկացնել, բայց Վարդանանց քաջերը թույլ չտվին նրան այդ անելու: “Ավելի լավ է ազատ մեռնենք, քան ստրուկ ապրենք”, ասացին նրանք և անկեղծ սրտով հարձակվեցան թշնամու դեմ, որ կրկնապատիկ զորավոր էր իրանցից: — “Չվախենաք հեթանոսների բազմությունից, մահկանացուի ահավոր սրից, — ասում էր Վարդանը յուր զորքերին, — զի եթե աստված մեզ օգնե, մենք նրանց կսատակենք և ճշմարտության կողմը կբարձրանա: Բայց եթե հասած է մեր մեռնելու ժամը, ապա ավելի լավ է, որ մեռնենք սուրբ կռվի մեջ և քաջության հետ վատություն չխառնենք...” Եվ նրանք քաջաբար կռվեցին, բազմաթիվ թշնամիներ սատակեցին և իրանք էլ քաջությամբ մեռան` սրերը ձեռքներին, հարվածները կրծքի մեջ... բայց նրանց անունը անմահ մնաց մինչև այսօր և անմահ պիտի մնա հավիտյան... Ո՞վ կիմանար աշխարհում, թե եղել են Վարդանանք, եթե նրանք երկչոտությամբ միայն իրանց անձն ապրեցնեին: Չէ՞ որ նրանցից առաջ և հետո ապրել և մեռել են միլիոնավոր մարդիկ, ո՞վ է դրանց անունը հիշում: Իսկ Վարդանանց քաջերին չեն մոռանում, որովհետև նրանք կռվել ու մեռել են ամենասուրբ գործի` հայրենիքի ազատության համար: Դուք էլ ահավասիկ կամենում եք հավասարվել Վարդանանց, դուք էլ նրանց նման պատրաստվել եք եկեղեցու և հայրենի ազատությունը պաշապանելու, դուք էլ կամենում եք անմահ անուն ժառանգել ազգի մեջ... Ուրեմն մի՛ վախենաք թշնամու զորությունից, նրա ահավոր պատրաստությունից: Ձեր դատն արդար է և կռիվն իրավացի, իսկ աստված զորավիգ է լինում արդարության: Եթե մինչև անգամ մահ հասնե ձեզ այս կռվում. ուրախությամբ ընդունեցեք նրան, զի դրա փոխարեն երկնքում անանց կյանք, իսկ երկրում անմահ անուն պիտի ժառանգեք: Այս հանդիսավոր ժամուն ս. աստուծո սեղանի առաջ ես էլ կրկնում եմ սուրբ Ղևոնդ երեցի այն խոսքերը, որ նա ուղղեց Վարդանանց քաջերին. “Մի՛ թուլությամբ լքանիցեմք, եղբարք, այլ պնդությամբ սրտիվ և հաստատուն հավատով կամակար հարձակեսցուք ի վերա թշնամյացն, որ հարուցյալ գան ի վերա մեզ: Մեր հույս մեզ կրկին երևի. եթե մեռանիմք` կյանք, և եթե մեռուցանեմք, մեզ նույն կյանք առաջի կան...”: Մոտեցեք ուրեմն ճշմարտության և սուրբ իրավանց համար մեռնող Փրկչի մարմնին ու արյանը. հաղորդվեցեք նրան և այդ հաղորդությունը թող արիացնե ձեր սրտերը, ուժ տա ձեր բազկին և հաղթություն` ձեր սրին...

Երբ պատարագիչ սրբազանը ս. հաղորդության սկիհը ձեռին խոնարհեց բեմի վրա, զորքերը կարգով առաջ եկան և հաղորդվեցան: Նրանց հետևից ամրոցի ժողովուրդը սկսած փոքրից մինչև մեծը, որովհետև ամենքն էլ պատրաստվում էին օրհասական կռվի:

Փոքր ժամանակից հետ զորքերն արդեն պարսպի և մարտկոցների վրա էին:

Արևն արդեն բարձրացել էր, երբ թշնամու նախահարձակ գնդերն ամրոցի շուրջը պատեցին և սկսան նետաձիգ լինել դեպի պարսպի հայ զինվորները: Վերջիններս պատասխանեցին նրանց նույն զենքով:

Ապա հետզհետե մոտեցան կանոնավոր խմբերը, որոնց մի-մի շարքը ասպարափակ անելով` ծածկում էր թե՛ իրան և թե՛ հետևող խմբերին: Վերջիններս այդպիսով պատսպարված` նետաձիգ էին լինում անընդհատ: Այդ դեպքում պաշարյալներին պաշտպանում էին միայն պարսպի ատամները:

Մի առ ժամանակ հակառակորդներն զբաղված էին այս հանգիստ տուրևառով: Բայց ահա մոտեցրին պարսպին մի ստվարագլուխ խոյ: Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի ահագին գերան, որ հաստ շղթաներով կախված էր անիվների վրա ամրացրած մի ծածկի առաստաղից և գլխին հագցրած մի հաստ ու սրածայր երկաթ: Այդ կախարանավոր գերանը պարսպին մոտեցնելով` նրա ետևից չվանով քաշում էին տասնյակ մարդիկ և հանկարծ բաց թողնելով` երկաթե գլուխը զարկում պատին: Այդպիսով նրանք քարերը խախտելով աշխատում էին պարիսպը կործանել:

Ուրիշ կողմերից մոտեցնում էին բաբաններ ու պալիստրներ` լարած արջառի ամուր ջիղերով: Դրանց վրա դնում էին ահագին քարեր և ուժգին թափով զարկում պարսպի շուրթերին:

Պարսպահար գործիների շուրջը վխտում էին բազմաթիվ զորքեր: Նրանցից ոմանք գործիներն էին շարժում, ոմանք գործավորներին պատսպարում և ոմանք գործիների դեմ խիզախող մարտիկները վանում:

Բայց հազիվ առաջին խոյը սկսել էր յուր հարվածները և ահա պարսպի վրայից թափեցին նրա վրա կրակված կպրի հեղեղ և նավթով թաթախուն խոտի խրձիկներ, որոնք խոյի տախտակե ծածկը վառելով, ահագին հրդեհ առաջացրին: Չնայելով որ հրշեջները իրանց տկերը դատարկելով աշխատեցին հրդեհը հանգցնել, այնուամենայնիվ բոցը լափեց խոյի ծածկն ու կախարանը և գործին անպիտանացած ընկավ գետնի վրա:

Ոչնչացած խոյին փոխարինեց մի ուրիշը, որի ծածկը պատած էր թրջած թաղիքով և տամկացած կաշիներով: Ամրոցականները նրա դեմ էլ սկսան մրցել համապատասխան հնարներով:

Իսկ քարեր արձակող պալիստրների դեմ միայն մի միջոց ունեին նրանք, այն է` չվաններով կապում ու կախում էին պարսպից խոտի ահագին խուրձեր, որոնց դիպչելով` պալիստրի ռումբը կորցնում էր յուր թափի զորությունը և այդպիսով անվնաս դառնում պարսպի համար: Բայց թշնամին յուր երկարաբուն ջահերով վառում էր այդ խուրձերը, որից հետո ամրոցականները չվանը կտրելով` վայր էին ձգում հրդեհված խոտը և ուրիշ խուրձեր փոխարինում նրանց:

Մինչդեռ թշնամին մի կողմից յուր պարսպահար գործիներով աշխատում էր պարիսպներն ու պատնեշները փլցնել, մյուս կողմից նրա ավելի խիզախ խմբերը սանդուղքներ ու վերելակներ էին ամրացնում պարսպի ու աշտարակների վրա և աշխատում էին դեպի վեր բարձրանալ: Նրանք վահանները գլխներին և սուրը ձեռքներին բռնած` մագլցում էին այդ սանդուղքները և զարմանալի արիությամբ դեպի վեր սուրալով` աշխատում էին զոռով ներս թռչել դեպի ամրոցը:

Բայց հայ զինվորները ժամանակ չէին տալիս այդ քաջերին: Երկաթե ահագին ձողերով, սվիններով ու նիզակներով շարունակ հարվածում, վայր էին գլորում նրանց կամ երկաթե ժանիքավոր կարթերով նրանց գլուխն ու մարմինը շամփրելով` դեպի վեր էին քաշում և չարաչար սատակում: Շատ տեղ էլ սանդուղքները գլորելով` գետին էին թոթափում վրան մագլցողներին:

Թշնամու հարձակումն անընդհատ շարունակվում էր: Թե՛ դրսից և թե՛ ներսից կռվում էին կատաղությամբ: Ոչ մի կողմը տեղի չէր տալիս մյուսին: Նետերի տարափ էր, որ տեղում էր վերից վայր և հակառակ, սվիններ ու գեղարդներ էին, որ շարունակ թռչում էին օդի մեջ. սանդուղքներ էին, որ ջախջախվում, նիզակներ, որ փշրվում, վահաններ, որ ջարդվում էին:

Իսկ բոցն ու կրակը ինչպես մի լանածավալ հրդեհ պատում էր պարիսպները, պատնեշները և աշտարակները:

Բեշիրը տեսնելով, որ բյուրականցիների ընդդիմությունը ահագին կոտորած է անում յուր զորքի մեջ, հրամայեց նրան նահանջել այդ օրը: Պարիսպների տակ կուտակված էին ահագին թվով դիակներ, որոնց թշնամին ժողովելով` հազիվ մինչև երեկո թաղել կարողացավ մի ընդհանուր փոսի մեջ:

Այս հանգամանքը կատաղեցնում էր Բեշիր զորավարին, նա փրփրում և ատամները կրճտում էր: Բայց ի՞նչ կարող էր անել: Պաշարյալները իրանց պարտքն էին կատարում և պաշտպանվում էին հերոսաբար:

Մի վայրկյան նա մտածեց թողնել Բյուրականին բռնությամբ տիրելու որոշումը և առաջարկել կաթողիկոսին անձնատուր լինել խաղաղությամբ: Նա հավատացած էր, թե կաթողիկոսը ամրոցումն է և թե ինքը վերջ ի վերջո պիտի տիրե նրա դղյակին և ձերբակալե նրան: Բայց մեկ էլ մտածելով, որ պաշարյալները կարող են յուր առաջարկությունը մերժել, իրան էլ այդպիսով ծաղրել ու վիրավորել, թողեց այդ որոշումը:

— Զենքի ուժով կառնեմ և կհատակեմ այս ամրոցը, — ասաց նա, վերջապես և հրաման տվավ զորքին` նոր և սաստկագույն հարձակման պատրաստվելու:

Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, Բեշիրը նորեն յուր զորքերով դեպի բերդը դիմեց: Նորեն նետաձիգներն ու պարտզահարները իրանց գործն սկսան: Բացի այդ, պաշարյալները երկյուղով տեսան, որ փայտակերտ աշտարակն ու ահագին կրիան, որոնց նախընթաց օրը թողել էին պարիսպներից հեռու (որովհետև հույս ունեին ավելի թեթև գործիներով պարիսպները փլցնել), արդեն մոտեցնում են` առաջինը պարիսպներին, իսկ երկրորդը` բուրգերից մինին: Նրանց երկյուղը ոչ թե աշտարակի ու կրիայի տալիք հարվածներից էր, այլ այն մտադրությունից, թե չլինի՞ այդ գործիները չմոտեցնեն այն տեղերին, ուր ցանկալի էր, այսինքն` ուր որ դարան էին լարել իրանք: Այս պատճառով ինչպես նախընթաց, նույնպես և այդ օրը հայ զինվորները չմոտեցան պարսպի այն մասին, որ ամենից թույլն ու դյուրամատույցն էր, կամենալով մոլորեցնել թշնամուն: Իսկ վերջինս, որ օր առաջ արդեն նկատել էր ինչպես այդտեղի հարմարությունը` աշտարակից կամուրջ ձգելու համար, նույնպես և այն, որ զորքերը չեն պաշտպանում այդ մասը, եկել էր այն եզրակացության, թե ներսից ուրեմն կռվան չունի պատվարը, և այդ է պատճառը, որ զորք չէ կանգնում այդտեղ: Ուստի շուտով եռհարկյան մարտկոցը անիվների վրա տատանելով սկսավ մոտենալ պարսպի այդ մասին: Պաշարյալների ուրախությանը չափ չկար: Որովհետև նա կանգ պիտի առներ հենց այնտեղի վրա, ուր իրանք փորել էին ընդարձակ գետնափոր, որի վերին երեսը պահպանվում էր ներսից զարկած և հենարանների վրա հաստատած մի տախտակամածով: Այդ գետնափորի մեջ տեղ-տեղ դարսված էին նավթով թաթախուն խռիվ ու խրձիկներ: Եթե աշտարակը կանգնեցնեին գետնափորի վրա, իրանք հենարանները հանելով` տախտակամածը պիտի քանդեին: Այդպիսով հողի ծածկը աշտարակի ծանրության չդիմանալով` պիտի փլչեր, որով և մարտկոցը վայրահակ կործաներ: Այնուհետև խոտն ու խռիվը կրակելով` պիտի այրեին նաև աշտարակը:

Պաշարյալների ակնկալությունն ի դերև չեղավ: Փայտակերտ մարտկոցը կանգնեցրին պարսպի դյուրամատույց տեղի մոտ, իսկ և իսկ գետնափորի վրա: Հագարացիների մարտիկները աշտարակը մտնելով իրանց գործն սկսան: Նրա ներքին հարկից սակրերով ու նիգերով փորփրում էին պարսպի հիմքը: Երկրորդ հարկից` փոքրիկ խոյերով խախտում էին նրա պրգունքի քարերը: Այդ երկու բաժանման աշխատավորներին պաշտպանում էր պաշարյալների հարվածներից տամուկ կաշով պատած հաստ տախտակամածը, որ երկրորդ հարկի հատակից բացվելով` կառչում էր պարսպին և այդպիսով ծածկում պարսպահարներին:

Հայ զորքերի մի ստվար խումբ վազեց իսկույն աշտարակի կողմը և սկսավ կռիվ մղել նրա երրորդ հարկի մարտիկների դեմ, որոնք աշխատում էին երկաթապատ կամուրջը պարսպի վրա իջեցնել:

Երկու կողմից էլ կատաղի կռիվ սկսավ: Նետերը տեղում էին աջ ու ձախ. նիզակները ճոճում ու հարվածում, ժանիքավոր սվինները խփում ու միմյանց կառչում, բայց կռվողներից ոչ մինը տեղի չէր տալիս մյուսին:

Հանկարծ երկաթե ձողապատ կամուրջն աշտարակի բարձունքից ճռնչալով իջավ պարսպի վրա, և հագարացի մարտիկները միմյանց ետևից սկսան նրա վրայով խուժել դեպի պարիսպը:

Այստեղ փրթեց հուսահատ կռիվ. ներսինները դիմադրում էին հերոսաբար, դրսինները խիզախում համարձակորեն: Նիզակներ էին` որ փշրվում, վահաններ` որ ջախջախվում, սրեր` որ շողում կամ թռչում էին աջ ու ձախ, և մարտիկներ, որոնք կամրջի ու պարսպի վրայից թոթափվում էին դեպի վայր: Հագարացի ընկած զինվորներին շարունակ փոխարինում էին նորերը, որոնք ներքին հարկից վազում էին դեպի վեր դիվական ճարպկությամբ մինչդեռ հայ զորաց թիվը գնալով նվազում էր: Որովհետև մյուս կողմերի վրա կռվողներից սրանց օգնության հասնել չէին կարող. ամեն մի խումբ յուր դիմադիր հակառակորդն ուներ: Բայց և այնպես այդ սակավաթիվ քաջերը կռվում էին հուսահատ կատաղությամբ և միևնույն ժամանակ զարմանում կամ զայրանում, որ աշտարակը այդքան ժամանակ կանգուն է մնում յուր տեղը:

Փոքր մի ևս և հայ կտրիճները պիտի հաղթահարվեին, և աշտարակի զորքերը վերջին հարվածը տալով նրանց, պիտի խուժեին պարսպից ներս: Բայց ահա` հանկարծ լսվեց մի բոմբյուն, ապա մի դղրդոց, և փայտակերտ աշտարակը, ալիքների մեջ ընկղմող հսկայական նավի նման ճոճալով ու տատանելով սկսավ մի կողմից խրվել գետնի մեջ և մյուս կողմից հակվելով` զարնել պարսպին: Կամուրջն ու ներքին տախտակամածը փշրվեցան, վերին հարկը մյուս երկուսից բաժանվելով կործանվեցավ, իսկ վերջիններին շրջապատեց մի սոսկալի հրդեհ, որ առաջացել էր գետնափորի մեջ նավթով ողողած խռիվների վառվելուց:

Հագարացիները այդ տեսնելով հուսահատության աղաղակ բարձրացրին, մինչդեռ հայերն ուրախության ու ցնծության ձայներ էին արձակում: Թեպետ հրշեջների խումբը շրջապատեց իսկույն վառվող աշտարակը և թափեց նրա վրա յուր այծատիկների ջուրը, սակայն կրակը հանգցնել չկարողացավ: Բոցեղեն լեզուները, որոնք գետնի միջից անընդհատ ծառանալով շրջապատել էին աշտարակը, գրեթե կես ժամում այրեցին ու մոխիր դարձրին նրան` յուր մեջ ունեցած զենքերով ու զորքերով:

Աշտարակից ավելի լավ բախտի չհանդիպեց կրիան, որ գլխավոր բուրգին մոտեցնելով` կամենում էին նրա ներքին հարկը խրամատել: Կրիան մի քառակուսի և լայնադիր տախտակամած էր, մի քանի կանգուն բարձրությամբ, հաստատված ութ ստվար անիվների վրա և չորս կողմից պատած անեփ ու թաց կաշվով, որ նրան վերին կողմից ազատ էր պահում հրդեհից: Այդ ծանրաշարժ գործին առաջ էին մղում գլանների վրա ձգած տախտակների վրայով: Բուրգին կամ պարսպին մոտեցնելուց հետ, նրա տակ մտնում էին մի քանի տասնյակ մարդիկ, որոնք և թրերով ու նիգերով սկսում էին քանդել պատվարը, չվախենալով ամրոցական հարվածներից, որովհետև հաստաշեն տախտակամածը պաշտպանում էր նրանց:

Սակայն բյուրականցիք ուրիշ հնար էին մտածել նրան կրակելու համար: Հենց որ հագարացիք առաջին փոքրիկ խրամատը բացին, իրանք այդ տեղով սկսան թափել ահագին քանակությամբ թեփախառն նավթ: Հեղուկը հոսելով լճացավ կրիայի տակ. ապա մի ակնթարթում կրակեցին նրանք այդ հեղուկը հենց խրամատի բերանում: Բոցը ծավալվելով մտավ կրիայի մեջ: Պարսպահար գունդն սկսավ փախչել, շատերն էլ կրակից բռնվեցան, իսկ կրիան մնաց բոցեղեն լեզուների մեջ: Այդ միջոցին բուրգի վերևից սկսավ տեղալ նետերի սաստիկ տարափ այն խիզախ խմբերի վրա, որոնք կարթավոր չվանները ձեռքներին մոտենում էին կրիային` կրակների մեջքից նրան ազատելու համար: Այդ անել, իհարկե, թույլ չտվին նրանց հայերը, և կրիան հետզհետե այրվելով դարձավ մի մոխրակույտ:

Զորապետի կատաղությանը չափ չկար: Արաբական նժույգը հեծած, սուսերամերկ և սրարշավ նա դիմում էր մերթ այս և մերթ այն կողմը, և ահեղ որոտալով` առաջ էր մղում մարտիկներին, ոմանց թշնամանում, ոմանց խրախուսում էր. հայ կտրիճներին օրինակ էր տալիս նրանց, վառում, բորբոքում էր պատերազմը: Բայց բոլորն իզուր, բոլորն ապարդյուն: Հայոց նետերն ու կրակը ահագին կոտորած էին անում նրա զորքի մեջ: Շատերը նրանցից ձգում, փախչում էին և զորավարի հրամանն ու սպառնալիքը չէր վերադարձնում դասալիքներին:

Վերջապես մի քանի ժամվա կատաղի կռվից ու խիզախ հարձակումից հետ Բեշիրը հրաման արավ զորքին նահանջ տալու և բանակատեղը դառնալու:

Այդպես էլ կատարվեցավ:

Իսկ բյուրականցիք ուրախության աղաղակներով ծաղր ու ծանակ էին անում նրանց:

Այդ գիշեր թշնամու բանակը կարծես սուգի մեջ էր, մինչդեռ Բյուրականը ջահերով ու ղամբարներով լուսավորված` հաղթության տոն էր կատարում:

Հետևյալ երկու օրը թշնամին հարձակում չարավ, որովհետև զբաղված էր յուր վնասները դարմանելու և նոր զորախմբեր կազմելու հոգսերով:

Երրորդ և հետևյալ օրերը նա շարունակ հարձակվում և մի քանի ժամ անհաջող կռիվ մղելուց ու հարյուրավոր հոգիներ կորցնելուց հետ վերադառնում էր բանակ:

Յոթ օր անցավ այսպես և սակայն Բեշիրը չկարողացավ Բյուրականն առնել: Ութերորդին` նա պատրաստվում էր բանակը վերցնել և հեռանալ, երբ մի դժբախտ ու անակնկալ դեպք հայոց բախտի անիվը դարձուց:

Սոլոմոն ճգնավորի բերած զորքերից երկու հոգի, որոնք պահանորդ խմբից էին, վեճի բռնվեցան կաթողիկոսարանի թիկնապահների հետ: Վեճը կռվի փոխվելով` բյուրականցիները նորեկներին ծեծեցին: Վերջիններս առանց իրանց առաջնորդի խնդիրն ու թախանձանացը ուշադիր լինելու` դիմեցին վեհարան` կաթողիկոսին գանգատվելու: Սահակ եպիսկոպոսը դիմավորեց նրանց և յուր քաղցր խոսքերով ու հորդորներով աշխատեց զինվորների սիրտը ամոքել, բայց վերջիններս անդրդվելի մնացին, նրանք կամենում էին կաթողիկոսին տեսնել:

Երբ վերջապես եպիսկոպոսը հայտնեց, թե կաթողիկոսը Բյուրականում չէ, հետևապես նրան տեսնել չեն կարող, պահանորդ զինվորները կարծես սառեցան:

“Ի՞նչ, ուրեմն մենք մեր կաթողիկոսին չէի՞նք պաշտպանում, ուրեմն մեր անձը վտանգի էինք ենթարկել մի քանի թշվառ, բյուրականցիների՞ համար...”, ասացին նրանք եպիսկոպոսին և առանց այլևս ուշադիր լինելու նրա խոսքերին, իրանց տեղը վերադարձան:

Նույն ավուր երեկոյան սև խորհուրդ հղացան այդ երկու հայերը, որոնք, դժբախտաբար, պահանորդ լինելով` ո՛չ եկեղեցումն էին գտնվել, ո՛չ եպիսկոպոսի քարոզը լսել և ո՛չ հաղորդություն առել: Նրանց սրտերը ոչնչով չէին փափկացել այդ օրհասական օրերում: Ընդհակառակը, դեռ ավելի խստացել ու անգթացել էին թե՛ պատերազմի արյան գոլորշիներով և թե՛ կաթողիկոսարանի թիկնապահներից կրած վիրավորանքով:

— Կաթողիկոսն ինքը փախել է Բագարան, իսկ յուր ժողովուրդը թողել թշնամու առաջ, օրինավո՞ր բան է այս, — հարցնում էր զինվորներից մինը մյուսին:

— Իհարկե, ոչ:

— Ինչո՞ւ ուրեմն մենք մեր գլուխը մահուն ենք տալիս: Բեշիրը երբ էլ լինի Բյուրականն առնելու և մեզ ամենքիս սուր է քաշելու: Եթե կաթողիկոսը, որ հայր ու խնամակալ է, թողնում է ամենքին ու փախչում, մենք ինչո՞ւ չպիտի հետևենք նրա օրինակին: Ո՞վ կպահե մեր կինն ու զավակները, եթե մենք սպանվինք: Իհարկե` ոչ ոք:

— Ի՞նչ անենք ուրեմն, փախչե՞նք այստեղից, — հարցրեց ընկերը:

Առաջին զինվորը մի փոքր մտածեց և ապա շշնջալով ասաց.

— Մենք կարող ենք մինչև անգամ վրեժխնդիր լինել մեզ ծեծողներին:

— Ինչպե՞ս:

— Մինչև անգամ կարող ենք մեզ հարստացնել...

— Բայց ի՞նչ պիտի անենք:

— Բեշիրը հո ամրոցը վերջ ի վերջո պիտի առնե:

— Այո՛:

— Հո բոլորին պիտի կոտորե:

— Այո՛:

— Է՜, եթե մենք կենդանի մնանք, բյուրականցիներին ի՞նչ վնաս:

— Իհարկե ոչինչ:

— Ուրեմն ես կերթամ այս գիշեր Բեշիրի մոտ:

— Հետո՞:

— Կխոսեմ նրա հետ: Եթե նա կհամաձայնի տալ մեզնից յուրաքանչյուրին հարյուրական ոսկի, այլև Ոստանում հարյուր արտավար հող, մենք ամրոցը կհանձնենք նրան...

Պահանորդ զինվորի աչքերն ուրախությունից փայլեցին: Ո՛չ խիղճը, ո՛չ եղբոր թշվառությունը չշարժեցին այդ վայրկենին նրա սիրտը, որ հրճվում էր ապագա հարստության ու երջանկության հուսով:

— Գնա՛, իսկ ես կբանամ աշտարակի փոքրիկ անցքը... Ամրոցում ո՞վ կարող է իմանալ, թե մենք առաջնորդեցինք Բեշիրին... չէ՞ որ շատ տեղերում կան անցքեր և պահանորդներ...

Ասացին և կատարեցին:

Կես-գիշերվա մեջ հագարացիների փողը հնչեց ամրոցում: Հայոց զորքն ու ժողովուրդը, որ հանգիստ քնած էին, և չէին երազում, թե հաղթված թշնամին կհամարձակի մոտենալ բերդին, սարսափահար վեր թռան տեղներից: Աղմուկն ու աղաղակը բռնեց ամեն տեղ. հագարացիները կոտորել սկսան... Չնայելով, որ հայոց զորքը զենքի դիմեց իսկույն, չնայելով որ Թեոդորոս սարկավագն ու Սոլոմոն ճգնավորը սրերը ձեռքներին զորքի առաջն անցան, ահավոր ձայնով խրախույս կարդացին և սկսան կռվել ներս խուժողների դեմ, այսուամենայնիվ նրանց ընդդիմությունը չկարողացավ ընկճել թշնամու զորությունը, որ գնալով աճում և ամեն տեղ գրավում էր, որովհետև ամրոցի մեծ դռները բացված էին արդեն և հագարացիք գունդագունդ ներս էին թափվում:

Անցան մի քանի ժամեր օրհասական կռիվն ու հուսահատ ընդդիմությունը վերջացավ... Ամրոցն ամբողջապես ողողվեցավ արյունով, փողոցներն ու տները լցվեցան դիակներով, որքան զորք ու ժողովուրդ կար ամրոցում, ամենքը գրեթե նահատակվեցան. բայց կրկին չափով հագարացիներ ջնջվեցան, որովհետև ամեն մի հայ զինվոր` մեռնելուց առաջ` սատակում էր մի քանիսին:

Երբ արյան գոլորշիներից արբած հրոսակները ներս խուժեցին եկեղեցին, Սահակ եպիսկոպոսը հսկումն էր կատարում այդտեղ: Նրան շրջապատել էին ծերունի միաբանները, անզոր կանայք և զառամյալ ծերունիք: Աղոթք ու պաղատանք, լաց և կոծ իրար միախառնված դղրդեցնում էին տաճարը: Հանկարծ շրջապատեցին նրանց սուսերամերկ զինվորները, ահարկու դեմքերով, արյունռուշտ հայացքներով և վայրենի աղաղակով:

Սակայն ո՛չ սրերի շողալը և ո՛չ դահիճների սպառնանքը չվախեցրին աղոթող նահատակներին: Կարծես թե հենց դրան էլ սպասում էին նրանք: Ժողովրդի մի մասը դուրս փախավ եկեղեցուց, մի մասը տեղն ու տեղը սրի ճարակ դարձավ, իսկ եպիսկոպոսին ու միաբաններին դուրս քաշեցին իրանք, կատաղի զինվորները, և բերին կանգնեցրին Բեշիրի առաջ:

— Ո՞ւր է ձեր կաթողիկոսը,-հարցրեց նրանց զորապետը:

— Գնաց Բագարան, — պատասխանեցին նրան:

— Այս անգա՞մ էլ ուրեմն փախավ նա իմ ձեռքից...— գոչեց Բեշիրը կատաղությամբ... և ապա ատամները կրճտելով մռմռաց, — հոգ չէ, մենք Բագարան էլ կերթանք... Այժմ դեռ դուք տուժեցեք:

Այս ասելով նա հրամայեց զինվորներին մերկացնել բոլորին և ծանր տանջանքներով ու անարգ առականքով կոտորել նրանց:

Զինվորները կատարեցին իսկույն զորապետի հրամանը: Առաջին և դառնագույն մահը հասավ Սահակ եպիսկոպոսին, ապա մյուս միաբաններին:

Այդ օրը, որ 924 թվականի ապրիլ 17-ն էր, միաժամանակ նահատակվեցան բոլոր այն գլխավորները, որոնք հակառակելով կաթողիկոսի հեռանալուն, իրենք մնացել էին Բյուրականում: Դրանց թվումն էին Մովսես վարդապետը, Դավիթ և Մովսես քահանաները, նրանց զինվորական Սահակ եղբայրը և Սոլոմոն ճգնավորը:

Թեոդորոս սարկավագը, որ վիրավոր ընկած էր դիակների մեջ, մահվան հարված ստացավ մի սինլքոր զորականից:

Բեշիրը Բյուրականն ավերելուց ետ մեծ ավարով ու բազմաթիվ գերիներով վերադարձավ Դվին:

Ներկայացնելով ոստիկանին երկու հայ մատնիչներին, զորապետը խնդրեց Նսըրին` վարձատրել նրանց:

Եվ Նսըրը, արդարև, ըստ արժանվույն գնահատնց այդ թշվառականների մատուցած ծառայությունը:

— Ձեր վարձատրությունը կլինի այն, ինչ որ ստանում են առհասարակ բոլոր մատնիչները, — ասաց նա զինվորներին. — դուք, որ չկարողացաք հավատարիմ մնալ ձեր տերերին ու հավատակիցներին, հարկավ, մեզ ավելի ևս անհավատարիմ կլինիք:

Այս ասելով նա հրամայեց դահիճներին իսկույն ևեթ գլխատել նրանց: