ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻՆ

Ե

ՀԵՐՈՍԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Մի քանի օր էր ինչ Գևորգ Մարզպետունին և Վահրամ սեպուհը վերադարձել էին Գառնի: Նրանց առաքելությունը, ինչպես իմացանք, ապարդյուն էր անցել: Ո՛չ Աբաս արքաեղբայրը, ո՛չ Աշոտ սպարապետը, ո՛չ Գագիկ Արծրունին չէին կամեցել միության մեջ մտնել: Աղձնյաց ու Մոկաց տերերն էլ` նրանց նայելով` մնացել էին ձեռնպահ:

Ի՞նչ պետք էր անել այժմ:

Այս մասին էր մտածում իշխ. Մարզպետունին, երբ լուր հասավ, թե Բեշիրը Բյուրականն առել, ավերել և բնակիչներին սրի է անցրել:

Այդ լուրը ծանր տպավորություն արավ իշխանի վրա:

Ուրեմն ավերումն սկսավ և մենք չկարողացանք դրա առաջն առնել...— մտածեց նա և խորը հառաչեց:

Դղյակի լուռ և մենավոր մի առանձնարանում ճեմում էր նա տխուր և մտախոհ: Հիշում էր մի քանի ամսից ի վեր յուր գործ դրած ջանքերը, անխոնջ աշխատությունները` բաժանված ու պառակտված ուժերը միացնելու, երկիրը օտարի բռնությունից, իսկ գահը կործանումից ազատելու համար... հիշում էր նաև յուր կրած անհաջողությունները, և հուսահատությունը պաշարում էր նրան:

Բայց չէ՞ որ այդ զգացմունքն անծանոթ էր մինչև այդ Մարզպետունի իշխանին: Չէ՞ որ նա հավատում էր Քրիստոսի այն խոսքին, թե “որ հայցե` գտանե, որ բախե` բացցի նմա...”: Իսկ ինքը շարունակ հայցեց և սակայն, ոչինչ գտավ, բոլորի դուռը բախեց և ոչ ոք բացավ նրան...

“Ուրեմն աստված կամենում է, որ այս ազգը կորչի, որ նրա հիշատակը երկրի երեսից ջնջվի... Այո՛, և այդ է պատճառը, որ նա իշխանների սիրտը կարծրացրել, թագավորին մոլորեցրել, թագուհուն վհատեցրել է... Թողնենք ուրեմն ամեն ինչ բախտի կամքին, հեռանանք, քաշվենք մենք էլ մի անկյուն և տեսնենք, թե աստված ինչպե՞ս է պատժում այս ապաբախտ ու նահատակ ժողովրդին...”:

Այս հուսահատ մտքերի մեջ էր իշխանը, երբ սեպուհը մտնելով` հայտնեց նրան մի ուրիշ նորություն:

— Սյունիքից դարձող մի զինվոր տխուր լուր է բերել մեզ, — ասաց նա Մարզպետունուն:

— Տարօրինակ կլիներ, եթե ուրախ լուր բերեր, որովհետև չենք սպասում նրան, — նկատեց իշխանը տխուր ժպտալով. — ի՞նչ է հայտնում զինվորը:

— Թագավորը Կաքավաբերդից հեռանալով` եկել, նստել է Սևան...

— Սևա՞ն, — զարմանալով հարցրեց Մարզպետունին:

— Այո՛, Սևան. և որոշել է չելնել այլևս այնտեղից:

— Իսկ թագուհի՞ն:

— Նա էլ թագավորի հետ է:

Իշխանը, որ մինչև այն նստած էր աթոռի վրա, վեր կացավ տեղից և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ: Նա ոչինչ չէր խոսում, բայց դեմքն արտահայտում էր հուզում և վրդովմունք:

Երկար անխոս ճեմելուց ետ նա կանգ առավ հանկարծ սենյակի մեջ և աչքերը սեպուհի վրա սևեռելով` հարցրեց.

— Վա՛հրամ, ի՞նչ ես մտածում այժմ անելու:

Սեպուհը չպատասխանեց, նա միայն ուսերը շարժեց:

— Ի՞նչ ես մտածում անելու. պատասխանի՛ր, — կրկնեց իշխանը:

— Եթե զորք ունենայինք, եթե իշխաններից գոնե մի երկուսը միանային...

— Զորք չունինք, և իշխանները չեն միանում... այդ արդեն գիտենք... Ուրիշ ի՞նչ գիտես, ա՛յն ասա:

— Էլ ուրիշ ի՞նչ ասեմ, մենք միայնակ ենք, “Մի ձեռը ծափ չի տալ”, “մի ծաղկով գարուն չի գալ”:

Իշխանը մի քայլ առաջ անցավ, ձեռքը դրավ սրին և գլուխը վեր բարձրացնելով` հպարտ-հպարտ նայեց սեպուհի վրա:

— Էլ ուրիշ ոչինչ չե՞ս կարող ասել, — հարցրեց նա կրկին:

— Ոչինչ, — պատասխանեց սեպուհը:

— Իսկ ես կասեմ, որ “մի ձեռը ծափ կտա” և “մի ծաղկով գարուն կգա”:

Սեպուհը ժպտաց:

— Անկարելի է, տեր Մարզպետունի:

— Հաստատուն կամքի և անձնվեր աշխատության առաջ անկարելի ոչինչ չկա:

— Մենք ամեն բան արինք և սակայն չշահեցանք ոչինչ:

— Մենք երկուսս միասին, այո՛, ամեն բան արինք. բայց ես, Մարզպետունի իշխանս, ամեն բան չարի, ես դեռ ուրիշ պարտք ունիմ կատարելու:

— Ի՞նչ է մնում քեզ այլևս անելու:

— Այդ մասին կհայտնեմ ես վաղը, հրապարակավ, բոլոր ամրոցական զորքերի և Գառնիին ապաստանող իշխանազունների առաջ:

Սեպուհը, ճանաչելով իշխանի բնավորությունը, հետամուտ չեղավ ավելի հարցուփորձելու. բայց հետաքրքրությամբ սպասում էր նրա վաղվա հայտարարության:

Հետևյալ առավոտ, իշխանի հրամանով, ժողովվեցան Տրդատա հովանոցի առաջ Գառնիում գտնվող բոլոր զորքերը` իրանց պետերով ու առաջնորդներով: Այստեղ հավաքվեցավ և Գառնո ժողովուրդը յուր հոգևորականներով: Եկան և բազմեցին հովանոցում նաև դղյակի իշխանազուն տիկնայքն ու երիտասարդները: Միով բանիվ, Գառնին ամբողջապես ամփոփվեցավ արքայաշեն հովանոցի առաջ գտնվող հրապարակում, իսկ դղյակը` հովանոցի մեջ:

Մարզպետունի Գևորգ իշխանը հագած էր այդ օրը տոնական զգեստ և զրահավորված ամբողջապես: Նա ծածկած էր պողպատյա, արծաթազարդ սաղավարտ, սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով, հագած էր պողպատյա վերտ, պղնձյա, փայլուն լանջապանակով և նույնպիսի բազպաններով, սրունքներին ամրացրած երկաթահյուս զանկապաններ և ոտքերին կարմիր, երկաթագամ կոշիկ: Ծանր, ոսկեպատ սուրը, որ քարշ էր ընկած նրա կողքից, լրացնում էր իշխանի զինվորական զարդարանքը: Եվ այդ ամենի մեջ նրա բարձր ու թիկնավետ հասակը` գեղեցիկ և պատկառելի դեմքով, իմաստուն և թափանցող հայացքով, հպարտ և շնորհալի շարժվածքով երևում էր ավելի հրապուրիչ` քան ուրիշ օրերն առհասարակ:

Երբ ամենքը իրանց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և աստիճաններից վերնագունի վրա կանգնելով, բարձր ու խրոխտ ձայնով խոսեց.

— Ազնիվ իշխաններ և իշխանուհիք, սիրելի զինակիցներ և ժողովուրդ: Անցան ահա մի քանի ամիսներ, հորմե հետե թագավորը բացակա է Ոստանից: Ապստամբ իշխաններին նվաճելու, համար նա հեռացավ այստեղից, բայց որովհետև անհաջողության հանդիպեց, ուստի քաշվեցավ Կաքավաբերդ և սպասում էր իշխանների օգնության: Ոչ ոք տեղից չշարժվեցավ, ոչ ոք յուր թագավորին չհիշեց: Ինձ թվում էր, թե եթե մինը մեզանից հանձն առնե միջնորդի պաշտոն և հորդորե բաժանված իշխաններին միանալու, անշուշտ նրանք արքայի շուրջը կժողովվին: Եվ ահա՛ այդ պաշտոնը հանձն առանք ես և ազնիվ սեպուհ Վահրամը: Երկար ճանապարհորդեցինք, ամբողջ Շիրակը, Աղձնիքը, Մոկաց աշխարհը և Վասպուրականը շրջեցինք, բոլոր իշխաններին այցելեցինք, ամենքին խնդրեցինք. հորդորեցինք, որ միանան և թև ու թիկունք լինին արքային, պաշտպան` հայրենիքին ու գահին. բայց ո՛չ ոք մեզ լսեց և ո՛չ ոք մեր խնդիրը հարգեց: Ամեն մի իշխան յուր զորքերով ու պաշարով ամրացած է մի անառիկ բերդի մեջ. ամեն ոք այդտեղ ապահով ապրում է յուր համար: Բայց թե երկրի ժողովուրդը մնացել է անխնամ ու անպաշտպան, թե գահը մնացել է թափուր և արքան դարձել աստանդական, այդ մասին ոչ ոք չէ մտածում: Նույնիսկ կաթողիկոսը միայն յուր փրկության համար հոգալով, շարունակ մի ամրոցից դեպի մյուսն է փախչում: Նա էլ զլանում է հասարակաց օգտի համար հոգալու: Եվ այս ամենի արդյունքը լինում է այն, որ ոստիկանը գրավում է մայրաքաղաքը, որ Բեշիրը քանդում ու ավերում է Այրիվանքը, գրավում է Բյուրականը, կոտորում ժողովուրդը, նահատակում է հոգևորականներին, և այսուհետև էլ գնալով ավելի պիտի ընդարձակե յուր ավերումների շրջանը:

Այս ամենը տեսնելով թագավորը, ավելի ես հուսահատվում և Կաքավաբերդից քաշվում է Սևան: Այն դյուցազնը, որ մի օր թշնամու ահն ու սարսափն էր, որ չէր ընկճվում ո՛չ մի զորության առաջ, որ չէր խուսափում ո՛չ մի վտանգից, այժմ ապաստան է որոնում հոգևոր հայրերի խուցերում, որովհետև այլևս հույս չէ տածում յուր զինակիցների վրա... Ամո՛թ մեզ, հայեր, ամո՛թ, ո՛վ զինակիցներ...

— Ի՞նչ անենք մենք, ի՞նչ կարող ենք անել... — ձայն տվին այս ու այն կողմից:

— Ի՞նչ կարող ենք անել... լավ հարց է. լսեցեք, ես պիտի պատասխանեմ: Մեր արդի դրությունը հայտնի է ձեզ բոլորիդ: Հայրենիքը, ժողովուրդը, արքայական և կաթողիկոսական գահերը վտանգի մեջ են. այդ գիտեք: Գիտեք և այն, որ ես ձեր բոլորի կողմից, ողջույն հայության կողմից դիմեցի կարող իշխանների օգնության, աղաչեցի, պաղատեցի նրանց` սպառնացող վտանգի առաջն առնել, ոչ ոք ինձ լսեց, ոչ ոք ինձ ընկերացավ: Դատապարտո՞ւմ եք այդ մարդկանց թե ոչ:

— Այո՛, Այո՛, դատապարտում ենք, — ձայն տվին այս ու այն կողմից:

— Բարի: Այժմ ուրեմն դառնում եմ դեպի ձեզ, ո՛վ Գառնո զինվորք և ժողովուրդ, դառնում եմ նույն խնդիրքով ու առաջարկությամբ, որ մեր իշխանները մերժեցին. այդ իմ վերջին պարտքն է, որ կատարում եմ. լսեցե՛ք: Գառնին ամուր է և անառիկ, թշնամին նրան վնասել չէ կարող, եթե միայն մատնիչները չդավաճանեն, և եթե պաշարը չսպառի: Մատնիչներ չեմ ճանաչում այստեղ, իսկ պաշար շատ ունինք: Թողնենք ուրեմն Գառնո մեջ միայն մի հարյուր պահակ. Մուշեղը նրանցով կարող է շատանալ: Իսկ մնացյալ զինվորներին, պետերին ու առաջնորդներին առաջարկում եմ հենց վաղվանից ընկերանալ ինձ և դաշտն իջնել: Ես ձեզ բոլորիդ խմբերի կբաժանեմ, առաջնորդներ կկարգեմ, հրահանգներ կտամ: Բեշիրը հրոսակների խմբեր է պատրաստում արքայական, գավառներն ավարելու համար, մենք դրանց կհանդիպենք և զատ-զատ կջարդենք: Չի անցնիլ մի ամիս, և մեր բանակը կստվարանա: Առաջին հաղթանակին կհաջորդե երկրորդը, երրորդը և հազարավոր զինվորներ ինքնակամ հոժարությամբ կգան, կժողովվին մեր դրոշակի տակ... Այնուհետև մեր հաջողությունը հույս կներշնչե նաև թագավորին, նա նորեն դեպի յուր գահը կդառնա, նորեն յուր զորքի գլուխ կանցնի, և իշխանները իրանք կմիանան նրան... Այս փառքը, օ՛ գառնեցիք, մենք կարո՛ղ ենք ժառանգել. օ՛ն ուրեմն, դեպի գործ...

Իշխանը լռեց և աչքերը հածեց այս ու այն կողմը, տեսնելու համար, թե ո՞վ է արձագանք տալիս իրան:

Բայց բոլորը միանման անխոս էին և անշարժ: Երկու հոգի միայն իրանց հրացայտ աչքերը հառել էին իշխանի վրա և շրջապատի լռությունից գրգռված` բոլորի փոխարեն, կարծես, կամենում էին թռչել դեպի նրան: Դրանցից մինը Գոռն էր, որ կանգնած էր զինվորականների հետ, և մյուսը` Շահանդուխտը, որ գտնվում էր իշխանուհիների խմբում:

Բայց Գևորգ իշխանը դրանց չէր որոնում, նա հինավուրց զինվորների և նրանց առաջնորդների ձայնին էր սպասում: Սակայն երբ տեսավ, որ նրանք լուռ են և շատերը, մինչև անգամ, աշխատում են իրանց հայացքը նրանից թաքցնել մեղմ ձայնով շարունակեց.

— Չէի սպասում, թե այստեղ, Գառնիումն էլ այսքան շատ երկչոտների կհանդիպեմ: Ուրեմն չկան ձեր մեջ գեթ հարյուր հոգի, որոնք ապացուցանեին, թե քաջերի զավակ են իրանք:

— Տե՛ր իշխան ի՞նչ կարող է անել հարյուրը: Թո՛ղ հազար զինվոր ունեցողը գոնե ասպարեզ իջնե, և մենք միանանք նրան, — ձայն տվավ մի երիտասարդ հարյուրապետ:

— Ո՛վ որ շատերի ուժն է պտրտում, ապացուցանում է, որ ինքը վատարանց մեկն է, — գոչեց Մարզպետունին: — Ո՛չ մի զինվոր, եթե իրոք նա զինվոր է, չպետք է սպասե ընկերին, երբ հայրենիքը վտանգի մեջ է գտնվում: Ո՛վ որ ուժ ունի կռվելու, ո՛վ որ կարող է հարված տալ թշնամուն կամ մի նետ ուղղել նրա կրծքին և սակայն թաքչում է պարսպի տակ կամ ձեռքը ետ քաշում, նա մի մատնիչ է: Կամենո՞ւմ եք ապրել, կամենո՞ւմ եք կյանք վայելել, բարի. էլ ինչո՞ւ համար եք զենք կրում, ինչո՞ւ անպատվում եք սուրն ու երկաթը: Դե՛ն ձգեցեք դրանց, առեք ձեռքներիդ մուրացկի եղեգը և գնացեք կանգնեցեք ամիրաների դռանը, գուցե նրանք շնորհ անեն ձեզ իրանց ստրուկների թվում կարգելու...

Զորքերն ու պետերը մնացին ապշած, նույնիսկ իշխանազունները չէին հավատում իրանց ականջներին: Ոչ ոք մինչև այդ չէր լսել իշխանից որևէ ծանր խոսք կամ մի վիրավորանք, ի՞նչ էր պատահել այժմ, ինչո՞ւ այդ աստիճան վրդովվել էր նա: Չգիտեին: Շատերն սկսան իրար նայել, մի քանիսը մինչև անգամ փորձ փորձեցին առաջ գալու և նրան իրանց դժգոհությունը հայտնելու: Բայց իշխանի հրացայտ հայացքը ամեն մի շարժում յուր տեղը մեխեց: Նա լռեց մի վայրկյան, շուրջ հածեց աչքերը և Վահրամ սեպուհին դառնալով գոչեց.

— Տե՛ր սեպուհ, երեկ ասում էիր ինձ, թե “մի ձեռը ծափ չի տալ”, “մի ծաղկով գարուն չի գալ”, քո խոսքը կրկնում են այժմ այս աբեղացուները, որոնք սխալմունքով զինվորական են դարձել: Այժմ ես կամենում եմ ապացուցանել, որ դուք ամենքդ էլ սխալվում եք:

Այս ասելով իշխանը սուրը հանեց և մի քայլ առաջ անցնելով որոտաձայն գոչեց:

— Ահա՛ ես միայնակ գնում եմ հագարացոց դեմ. ո՞վ է այն քաջը, որ կկամենա ինձ հետ միանալ, թո՛ղ առաջ գա:

— Ե՛ս, հայր իմ, — որոտաձայն գոչեց Գոռը և սուրը հանելով դիմեց դեպի նրան:

— Ի՛մ քաջ... — շշնջաց իշխանը և գրկախառնվելով որդուն, որ հուզմունքից շառագունել էր, համբուրեց նրան ջերմագին:

— Եվ ե՛ս, տեր Մարզպետունի, — ասաց Վահրամ սեպուհը և մոտեցավ նրան խաղաղ ժպտալով:

— Ազնիվ սեպուհը մի գունդ արժե ինձ համար, — պատասխանեց իշխանը և ձեռքը պարզեց դեպի նրան:

— Եվ ե՛ս, տեր իմ, — խոնարհությամբ մոտեցավ Եզնիկը:

— Եվ մե՛նք, — առաջ անցան սեպուհի չորս թիկնապահները:

— Ե՛վ ե՛ս... և մե՛նք... — այս խոսքերով հետզհետե մոտեցան իշխանին մի քանի գառնեցի, բասենցի և ոստանիկ զինվորներ:

Ընդհանուր թիվը եղավ տասնինը:

Վերջապես մոտեցավ Մուշեղ բերդակալը և գլխանոցը հանելով ասաց.

— Սպասում էի, տեր իշխան, որ ինձանից ավելի արժանավորները առաջ անցնեն: Այժմ տեսնում եմ, որ քաջերի թիվը լրացավ, ընդունի՛ր ուրեմն ինձ ևս իբրև վերջին ծառա այս անձնվեր և քաջասիրտ խմբի, որ քո հրամանի և դրոշի տակ պիտի կռվի:

— Արի՛, իմ սիրելի և հավատարիմ Մուշեղ, արի, տո՛ւր ինձ քո ձեռը: Քո աջակցությունը թանկագին է ինձ, զի դու ծերացել ես կռիվների մեջ: Անշուշտ, աստված մեզ կօգնե հայրենիքի թշնամուն հաղթահարելու, քանի քեզ նման արդարներն ընկերակցում են մեզ:

Իշխանի զինվորների թիվը եղավ քսան:

— Դուք արդեն բավական եք. ես հազարներ կջախջախեմ ձեզմով, — բացականչեց Գևորգ իշխանը և դիմելով Վահրամ սեպուհին` ասաց. — գնանք այժմ երդվելու:

— Ո՞ւր եք դիմում, եկեղեցին այս կողմն է, — նկատեց սեպուհը:

— Ո՛չ, մեր երդման սեղանը այստեղ է, — ասաց իշխանը և մոտեցավ Մաշտոց կաթողիկոսի շիրմին, որ գտնվում էր հովանոցի արևելյան անկյունում:

— Սիրելի զինակիցներ, — դիմեց իշխանը յուր խմբին, երբ վերջինս շիրիմը շրջապատեց, — մեզ պիտի երդվեցներ, մեր սրերը պիտի օրհներ հայոց հայրապետը, եթե նա յուր անձի փրկությունը որոնելով թափառում չլիներ այս ու այն կողմը: Բայց նա հավատարիմ չմնաց յուր կոչման, նա չնմանեց քաջ և անձնվեր հովվին, այդ պատճառով մենք այլևս նրա հոտը լինել չենք կարող: Այստեղ հանգչում են ամենից առաքինի և ամենից անձնվեր հովվի նշխարները: Դրե՛ք ձեր սրերը այս սրբազան շիրմի վրա և հենց այստեղ էլ երդվեց՛եք հավատարմություն ձեր ուխտին, որ է` այս վայրկենից իսկ լինել անձնվեր զինվոր և նահատակ հայրենիքի փրկության: Ձեր սրերը թո՛ղ օրհնե սուրբ Մաշտոցը և ձեր օգտին ու երդման թո՛ղ վկա լինին նրա նշխարները:

Զինակիցները հանեցին իսկույն սրերը և կաթողիկոսի շիրմի վրա դնելով` հավատարմություն ուխտեցին իշխանին, արքային և հայրենիքին:

Երբ ամենքը իրանց երդման խոսքն արտասանեցին, Գևորգ իշխանն առաջ անցավ և բարձր ձայնով ասաց,

— Սիրելի զինակիցներ, ես ձեր երդումը լսեցի, այժմ էլ դուք իմը լսեցեք. “Երդվում եմ ձեր առաջ, երդվում եմ հավիտենականի անունով, երդվում եմ իմ հայրենիքի արևով և այս սուրբ գերեզմանով, որ ես չեմ վերադառնալ այլևս իմ ընտանյաց գիրկը, չեմ մտնիլ իմ հարկի տակ, մինչև վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից: Թո՛ղ կործանե ինձ աստված, թո՛ղ քրիստոնյան ինձ Հուդա և հայը Վասակ անվանե, եթե ես երբեք դրժեմ իմ ուխտին ու երդմանը: Ես պիտի ապացուցանեմ, որ ամրոցների և իշխանական զորության մեջ չէ ամփոփվում հայրենիքի ուժը, այլ նրա որդիների անձնվիրության մեջ. պիտի ապացուցանեմ, որ քսան անձնազոհ նահատակներն ավելի արժեն, քան քսան հազար զինվորներից կազմած բանակը... Օ՛ն ուրեմն, հառա՛ջ... Հայի աստվածը մեզ օգնական, հայի խաչը մեզ ապավե՜ն...”:

Տակավին իշխանը չէր վերջացրել խոսքը, երբ օրիորդ Շահանդուխտը իշխանուհիների խմբից ելնելով իջավ հովանոցից և մոտենալով ս. Մաշտոցի շիրմին, մեղմ ու անուշ ձայնով բացականչեց.

— Տեր իշխան. ներիր իմ համարձակությանը, որ, սակայն, ներշնչեց քո հրավերն ու երդումը... Կանանց հրամայված չէ խառնվել արանց գործերին և ոչ էլ մասնակցել մարտի արհավիրներին... Բայց ոչ ոք չի արգելիլ նրանց հայրենիքի համար մեռնել... Ընդունիր և ինձ, աղաչում եմ քեզ, քո մարտիկների խմբում: Դու ասացիր, թե “ով կարող է հարված տալ թշնամուն կամ մի նետ ուղղել նրա կրծքին և սակայն թաքչում է պարսպի տակ կամ ձեռքը ետ քաշում, նա մի մատնիչ է...”, արդ` ես կարող եմ և՛ հարվածել, և՛ նետահարել, ուրեմն և չեմ թաքչիլ պարսպի տակ: Ընդունի՛ր ինձ քո խմբում, տեր ի՛շխան, եթե ես պիտանի չլինիմ իբր զինվոր, պիտանի կլինեմ իբր հոգածու քույր, ես կկապեմ քո զինվորների վերքերը, երբ երանք վիրավոր վերադառնան դաշտից...

Օրիորդը, որ հուզմունքից շառագունել էր, արդեն նմանում էր այդ վայրկենին մի հրաշագեղ դիցուհու, որ իջնում էր երկնքից յուր սիրած մահկանացուի անիրավ ճակատագիրը ջնջելու...: Նրա գեղանի աչքերը կրակ էին թափում, կարմրալար շուրթերը դեռ դողում էին, և պարկեշտ կուրծքը բարձրանում ու իջնում էր` տեղի տալով սրտի անհանգիստ տրոփյունին:

Այս անսպաս դիմումը այն աստիճան հուզեց իշխանին, որ նրա քարեղեն աչքերում արցունք ցոլացին: Նա բացավ թևերը, առավ գեղանան և սեղմելով կրծքին` ճակատը համբուրեց:

— Ո՛վ իմ դյուցազնասիրտ զավակ,-բացականչեց նա, հուզմունքից արտասվելով, — դու պսակեցիր մեր ուխտը, դու անպարտելի կացուցիր մեր սուրը... Եթե հայոց աշխարհը քեզ նման ծաղիկներ ունի, ապա այս քաջերը թույլ չեն տալ, որ թշնամին նրա սահմանը կոխոտե... Քեզ իմ խմբի մեջ, սիրեցյալ զավակս, ընդունել չեմ կարող, որովհետև քո քնքուշ սիրտը, որ այդպես շուտ հաղթահարվեց իմ խոսքերից և մանավանդ թե առ հայրենիքդ ունեցած սիրուց, անկարող կլինի տոկալ մարտի արհավիրքներին: Բայց ես քեզ կհանձնեմ մի պաշտոն, որ նույնչափ ծանրակշիռ է, որչափ և զինվորությունը, դու արժանի ես նրան:

Այս ասելով իշխանը բռնեց օրիորդի ձեռքից, և մինչդեռ ամենքը հիացած նայում էին դյուցազնուհուն, նա հանեց նրան աստիճանների վրա և դառնալով ժողովրդին, բարձրաձայն հայտարարեց...

— Զինվորք և ժողովուրդ Գառնո, այս մանկամարդ իշխանուհին ձեր ամենքի հանցանքը քավեց. հայրենիքի “փրկության համար նա յուր անձն է առաջարկում ողջակեզ... Անշուշտ դուք էլ ինձ նման չեք կամենալ, որ այդ զոհն ընդունենք, բայց նրա քույրերին խրախուսելու համար մենք նրան պիտի վարձատրենք. նա ապացուցեց, որ հարազատ ժառանգ է Սյունյաց դյուցազնոգի նախարարաց. մենք էլ պիտի ապացուցանենք, որ գիտենք մեծարգել հայկազանց հարազատ նախարարազնի անձնվիրությունը: Արքայի հրամանով ես Գառնո տերն ու բերդակալն եմ: Իմ բացակայության ժամանակ այդ պաշտոնը ես հանձնեցի Մուշեղին. իսկ Մուշեղը, որովհետև մեր ուխտի մեջ մտավ արդեն, ուստի բերդակալության պաշտոնը հանձնում եմ այժմ Սյունյաց դյուցազնասիրտ օրիորդ Շահանդուխտին, որ կհսկե և կհրամայե այս ամենոցին դղյակի իշխանազունների խորհրդակցությամբ: Շահանդուխտը իմ Գոռի հարսնացուն է, հետևապես և իմ տան ժառանգորդը, Գառնո այն զինվորը կամ բնակիչը, որ կհամարձակի նրա հրամանին անսաստեք այս սրին պատասխանատու կլինի...

Այս ասելով` իշխանը յուր սուրը կամարաձև բռնեց օրիորդի գլխին:

“Եվ մեր սրերի՛ն”, բարձրաձայն որոտացին ուխտի զինվորները և սրերը միանվագ շողացրին օդի մ՛եջ:

— Ապրի՛ Սյունյաց օրիորդը, — գոչեց ժողովուրդը և նրան մասնակցեցին Գառնո զինվորները, որոնք այս դեպքերից հետո մնացել էին ամոթահար:

Երբ իշխանը հրաման առավ նրանց հեռանալ, մի խումբ երիտասարդ զինվորներ մոտեցան նրան և խնդրեցին ընդունել իրանց ուխտի մեջ:

Իշխանը մերժեց նրանց խնդիրը` ասելով.

— Դուք հետևեցիք ոչ թե իմ, այլ օրիորդի օրինակին, ուրեմն մնացեք ամրոցում և ծառայեցեք նրան հավատարմությամբ: Ապագայում, եթե նա կմիջնորդե ձեր մասին, ես դարձյալ կընդունեմ ձեզ իմ դրոշի տակ:

Երբ իշխանի հրամանով ժողովուրդն ու պահակ զինվորները ցրվեցան, ուխտի անդամները բարձրացան հովանոցի սրահը: Այստեղ իշխանազունների խումբը շրջապատեց նրանց և սկսավ գովություններով քաջերի նվիրումը դրվատել: Տիկին Մարզպետունին և Մարիամ իշխանուհին գրկեցին և համբուրեցին Գոռին ու Շահանդուխտին, հայտնելով նրանց իրանց հիացումը այդպիսի անվեհեր ընթացքի համար:

Իսկ պատանի Գոռը, որ մինչև այն մի անբացատրելի հուզման, մի երանական հափշտակության մեջ էր գտնվում յուր հարսնացուի ցույց տված արիական վարմունքից, մոտեցավ հորը և համեստությունից շառագունելով, ասաց նրան.

— Սիրեցյալ հայր իմ, բոլոր Գառնո առաջ դու հանդիսաբար հայտարարեցիր, թե Շահանդուխտը իմ հարսնացուն է և նրան պատվելու համար մեծագույն պաշտոնը տվիր իրան և քեզ ժառանգորդ հռչակեցիր. իմ երախտագիտությունը այդ մասին անսահման է դեպի քեզ. դու ինձ աշխարհի մեջ ամենաբախտավորը և ամենազորավորը կացուցիր... Այժմ իրավո՛ւնք տուր ինձ, որ ես էլ իմ կողմից իմ նշանտուքի նվերը տամ իրան իբր առհավատչյա այն միության, որ դու պիտի օրհնես:

— Տո՛ւր, սիրեցյալ զավակս, նվիրի՛ր քո հարսնացուին ինչ որ հաճելի է քեզ... — պատասխանեց իշխանը խանդակաթ ձայնով:

Գոռը առաջ անցավ և լուծելով յուր մեջքից փոքրիկ ոսկեպատյան վաղակավորը, որ նվեր էր ստացել հորից, կապեց օրիորդի մեջքը` ասելով.

— Իմ սուրը բավական է ինձ. իսկ այս վաղակավորը թող ծառայե մեզ իբր նշանտուքի առհավատչյա և պաշտպանն իմ բերդակալ հարսնացուին դարանամուտ թշնամիներից:

— Կանայք սուր չեն կրում, Գոռ, բայց ես այս նվերը կկրեմ իբր հիշատակ քո սիրույն և կվերադարձնեմ քեզ այն ժամանակ, երբ դու քո արշավանքից կվերադառնաս հաղթական փառքով... — ասաց Շահանդուխտը ժպտալով և շառագունելով:

Գևորգ իշխանը, մայր-իշխանուհիները և ուխտի բոլոր անդամները օրհնեցին երիտասարդների նշանադրության այս հանդեսը և բարեմաղթություններ արին նրանց համար:

Իսկ Վահրամ սեպուհը, որ բարյացակամ էր ամեն մի հայի երջանկության, այնքան զգացվեցավ այս անակնկալ ու սրտաշարժ տեսարանից, որ տարածեց յուր հաղթ բազուկները և գրկելով երկուսին միասին, բացականչեց.

— Եթե հայրենիքն անգամ ինձ չոգևորե, ձեզ երջանիկ տեսնելու ցանկությունս արդեն բավական է, որ անպարտելի հարված դառնամ ես թշնամու համար: Եթե մեր երկրում շատ կան ձեզ նման սրտեր, ապա թո՛ղ բոլորը երջանկանան: Վահրամ սեպուհը չի մեռնիլ, մինչև որ սուրբ պսակի խաչը, ձեր գլխին չբռնե. իսկ ես այդ կանեմ այն ժամանակ, երբ վերջին հագարացին կհալածեմ այս երկրից...

— Այո՛, այո՛, վերջին հագարացին, — գոչեցին միաբերան ուխտի զինվորները, և ուրախությունն ու ոգևորությունը ամենքի սրտերը գրավեցին:

Երբ Մարիամ ու Գոհար իշխանուհիները իրանց օրհնության վերջին խոսքն ավարտեցին, Գևորգ իշխանը սուրը պատյանը դրավ և դիմելով զինակիցներին` ասաց.

— Սիրելի ընկերներ. մեզ մնում է դարձյալ մի վերջին պարտք կատարելու.-տիրասիրության և հավատարմության պարտք, այդ այն է, որ մենք, թշնամուն որոնելուց և նրան պատահելուց առաջ, գնանք մեր թագավորի մոտ և նրա հրամանն ու օրհնությունն առնենք մեր արշավանքն սկսելու համար: Որքան էլ նա հուսահատ, որքան էլ մեզանից հեռու, այսուամենայեիվ նա մեր թագավորն է, և նրա հրամանն ու ցանկությունը պիտի առաջնորդե մեր սրերին:

— Կեցցե՛ թագավորը, — գոչեցին միաբերան ուխտի զինվորները:

Եվ նույն ավուր երեկոյան ամենքը միասին զրահավորված ու զինվորված ելան Գառնո ամրոցից և ուղղվեցան դեպի Սևան:

Գեղանի բերդակալուհին, սյունեցի նժույգի վրա նստած և զրահավոր շքախմբով շրջապատած` ճանապարհ դրավ ուխտի զինվորներին մինչև մոտակա հանգրվանը, ուր, սիրահարներին սիրելի առանձնության մեջ, գրկախառնելով փեսացուին, ուղեկից տվավ նրան յուր անդրանիկ համբույրը և արտասվաթոր աչքերով նրա ճանապարհն օրհնելով վերադարձավ:

Ձ

ՎՇՏԵՐԻՑ ԾԱՆՐԱԳՈՒՅՆԸ

Լուսնի շառագույն սկավառակը երևաց Այծեմնասարի ետևից, և Գեղամա մթապատ ծովակն սկսավ լուսավորել: Երերուն դաշտի արևելյան կողմը հետզհետե վառվեցավ մութ բոսոր գունով, և մանրիկ, մեղմիկ մկանունքներն սկսան թավալել բյուր լուսնի գնդեր:

Սևանի վրա լռություն էր տիրում: Շարժումը դադարել, ճրագները հանգել էին: Անապատականները, օրվա բազմանվագ ժամասացություններից հոգնած, փակվել էին խոնավ խուցերի մեջ և քնո գիրկը մտել: Մատուռներն ու եկեղեցիները կարծես նիրհում էին նույնպես և ծովակի ափնածիր ծփանքը օրոր էր երգում նրանց համար:

Միայն կղզու արևելյան կողմը բարձրացող բլրակի վրա, ուր ս. Հարության տաճարն էր և ուր ցիրուցան ընկած էին մամռապատ խաչարձաններ, լուռ անցուդարձ էր անում մի բարձրահասակ մարդ: Կղզու աշխարհական բնակիչների՞ց էր նա, թե՞ հոգևոր, անկարելի էր որոշել, որովհետև ծածկած էր լայնաքղանց վերարկու, նման հոգևոր հարց գործածական սքեմին, և գլխին դրած հասարակ խույր, որպիսին ծածկում էին անապատականները իրանց խուցերում: Պարթև հասակը և սիգաճեմ գնացքը միայն ցույց էին տալիս, որ անծանոթը վանական մթնոլորտին անընտել մի անձնավորություն էր:

Երկար անցուդարձ անելուց հետո նա եկավ նստեց բարձրավանդակի այն ծայրին, ուր պարեխավոր ժայռերը ծովի միջից ելնելով` կուտակվում են միմյանց վրա և զորավոր ամբարտակներ կազմելով, պատում են կղզու արևելյան ու հարավային կողմերը, և այդպիսով անմատչելի կացուցանում նրան ոչ միայն լաստերին ու նավակներին, այլև մերկանդամ լողորդին:

Լուսինը այդ ժամանակ հուշիկ բարձրանում էր երկնակամարի վրա, և ծովակի մութ բոսոր գույնը փոխվում էր հետզհետե փայլուն արծաթի և ծավալելով տարածվում դեպի հեռավոր ափերը, որոնք շրջապատված էին` մի կողմից բարձրագագաթ բեռներով ու բլուրներով և մյուս կողմից` դաշտերով ու սարատափերով: Ամեն տեղ տիրում էր լուսնի խաղաղավետ լույսը: Խարակների բարձրության վրա նստած` անծանոթը դիտում էր ծովակի այդ տեսարանը, որ ակնապարար ու հանգուցիչ լինելուց զատ, դյութիչ էր և խորհրդավոր: Նրան թվում էր, թե հենց այդ վայրկենին, երբ աշխարհը նիրհում է խաղաղական քնով, ելնում են թաքստից չարության ոգիները կամ աշխարհ իջնում բարվո հրեշտակները և տկար մահկանացուի վիճակը տնօրինում` մինին բախտ և երջանկություն, մյուսին վիշտ կամ տանջանք սահմանելով... Նրան թվում էր, թե հենց այդ խորհրդավոր ժամերումն էլ ճակատագրվեցան իրան վշտեր ու դժբախտություններ... Եվ տխուր մտքերը պաշարեցին նրան. անցյալի հիշատակները կենդանացան յուր առաջ և երևակայությունը վառվելով` հանդես բերավ նախ գողտր ու հաճոյական և ապա դաժան ու հոգետանջ պատկերներ...

— Ինչո՞ւ, ինչո՞ւ հասա ես նվաստության այս աստիճանին... — գոչեց հանկարծ անծանոթը և ձեռքը դեպի ճակատը տանելով` կամեցավ կարծես վանել տխուր մտածմունքները, որոնք սևաթույր ամպերի նման` գալիս ժողովվում էին այդտեղ` յուր սիրտը հուզելու, յուր հոգին վրդովելու համար: Սակայն այդ մտածմունքները չէին ցրվում. տանջող պատկերները չէին հեռանում, ընդհակառակը, անհայտանում էին բնության հանգուցիչ տեսարանները — ծովակը` յուր արծաթե ալիքներով, լեռները` իրանց խրոխտ գագաթներով, լուսինը, յուր մեղմ, աղոտ շողերով... Նույնիսկ անուշ զեփյուռը, որ ծովակի ալիքները քերելով` գալիս, գուրգուրում էր քարափի խոտերն ու ծաղիկները, ոչ մի զովություն չէր բերում նրան. ժայռերի ստորոտը կոծող ալիքների ձայնն անգամ չէր լսում նա, որովհետև յուր հոգին այդտեղ, Սևանում չէր. նա թռչում, թափառում էր հեռավոր տեղեր, հեռավոր գավառներ...

Եվ ահա՛ մի քանի քայլ հեռավորության վրա լսվեցավ մի թույլ քայլատրոփ: Կարծես մոտեցողի կողմից մի գաղտնի զորություն եկավ, ցնցեց անծանոթին: Նա, որ ոչինչ չէր զգում և ոչինչ չէր լսում, սթափվեցավ հանկարծ և գլուխը դարձնելով տեսավ, որ մոտենում է իրան շղարշով ծածկված մի կին:

— Ո՞վ է սա... — ձայն տվավ նա և ապա իսկույն ճանաչելով` վեր թռավ տեղից. — թագուհի՛, այս դո՞ւ ես... — հարցրեց մեղմ ձայնով:

— Այո՛, իմ սիրեցյալ թագավոր... — պատասխանեց վերջինս գրեթե շշնջալով:

— Այստե՞ղ... միայնա՞կ, այս գիշերաժամի՞ն...

— Մի՞թե միայնակ եմ ես... չէ՞ որ ինձ մոտ է Աշոտ թագավորը...

— Բայց մինչև այստեղ գա՞լդ... Ո՞ւր են քո նաժիշտները:

— Ես ինքս ցանկացա միայնակ գալ այստեղ: Կամենում էի անպատճառ քեզ տեսնել: Մտա քո առանձնարանը, քո ննջարանը, ոչ մի տեղ չկայիր, բարապաններն ասացին... որ դու ամեն գիշեր զբոսնում ես այստեղ մի քանի ժամ...

Ես այդ չգիտեի...

— Այո՛, գեղեցիկ են այստեղի գիշերային տեսարանները... Բայց դու ինչո՞ւ կամենում էիր տեսնել ինձ անպատճառ... մի՞թե մի նորություն ունիս հաղորդելու:

— Նորությո՞ւն... ո՛չ:

— Հապա՞:

— Կամենում էի քեզ տեսնել:

— Ինձ տեսնե՞լ, ի՞նչ կնշանակե այդ:

— Խոսել քեզ հետ մի քանի վայրկյան:

— Չեմ հասկանում... չէ՞ որ ցերեկով տեսնում ես ինձ ամեն ժամ. կարող ես խոսել ամեն վայրկյան: Ինչո՞ւ կամեցար գիշերային հանգիստդ խանգարել:

— Հանգի՞ստ... մի՞թե հանգիստ ունեմ ես, մի՞թե կարող եմ հանգիստ ունենալ...

— Թագուհի՛...

— Այո՛, վաղո՜ւց կորել են ինձ համար հանգստյան ժամերը...

— Մեր երկրում ոչ ոք չունի այժմ հանգստություն:

— Այո՛, ոչ ոք, բայց երբ թշնամին հեռանա` բոլորը դարձյալ իրանց հանգստությունը կվայելեն...

— Նրանց հետ և դու:

— Ե՞ս... Ո՞ւր էր թե այդպես լիներ...

— Մի՞թե վախենում ես ապագա հարձակումներից: Նույնիսկ այսօր ոչ մի վտանգ չէ սպասում քեզ. Սևանն անառիկ է և անմատչելի:

— Իմ բերդն ու ամրությունները վաղո՛ւց առել ու կործանել է թշնամին... իմ հանգիստն ու խաղաղությունը կորել է հավիտյան...

— Ինչի՞ մասին է խոսքը. դու դարձյալ հին ցավե՞րն ես ակնարկում:

— Օ՛, թույլ տուր, որ խոսեմ քեզ հետ, գոնե այս անգամ. թո՛ւյլ տուր, որ բանամ քեզ իմ սիրտը, որ համարձակվեմ արտասվել քո առաջ...

— Թագուհի՛, դու հուզված ես, դու պետք է հանգստանաս:

— Թո՛ղ, աղաչում եմ քեզ. թո՛ղ որ հուզվիմ ու տանջվիմ. հանգստությունը միայն տանջանքների մեջ եմ գտնում ես...

— Բայց ի՞նչ է պատահել. մի՞թե մի որևէ մարդ մի նոր վիրավորանք հասցրեց քեզ:

— Նոր վիրավորա՞նք, ոչ: Հին վերքը, հին վիշտն է, որ շարունակ մաշում, կեղեքում է իմ սիրտը... և, ավա՜ղ, չկա մի ձեռք, որ դեղ կամ սպեղանի դնե նրա վրա, ես լքված, միայնակ եմ աշխարհում... բոլորովին միայնակ... Օ՛հ, չգիտես թե ինչպե՜ս ծանր, ինչպես դժվար է միայնակ ապրել աշխարհում...

Այս խոսքերի հետ թագուհին փղձկեցավ և սկսավ լալ:

— Այդ ի՞նչ է թագուհի, դու արտասվո՞ւմ ես... Այդ տղայություն է, ի՞նչ կասեն` եթե լսեն: Արի՛, արի՛ առաջնորդեմ քեզ դեպի քո կացարանը, դու պետք է հանգստանաս:

— Թո՛ղ որ մնամ ես այստեղ, և դու, ո՛վ սիրեցյալ թագավոր, մի՛ հեռանար ինձանից, նվիրիր քո թագուհուն, քո ապաբախտ ամուսնուն, գոնե մի ժամ. նա կամենում է խոսել քեզ հետ. մի՛ մերժիր նրան այդ չնչին խնդիրը:

— Սիրելի՛ Սահանույշ...

— Սիրելի Սահանո՞ւյշ... աստվա՛ծ իմ. մի՞թե դու ինձ այդ անունով կոչեցիր... արդյոք իմ ականջները սխալ չլսեցի՞ն... “Սիրելի” ասացիր, այնպես չէ՞. օ՛, ինչպես ուրախանում եմ այդ չնչին, այդ աղքատիկ խոսքով... սիրո մի փշրանքով... Ինչո՞ւ, ինչո՞ւ այսքան տկար է ստեղծել մեզ աստված... և դու, անշուշտ, խղճում ես ինձ, այնպես չէ՞. ասա՛, մի՛ ծածկիր... խղճում ես ինչպես մի մուրացկի... Օ՛, եթե գիտենայիր, թե որքա՜ն ծանր է այդ ինձ համար, որքա՛ն դժվարատա՜ր...

— Այսուամենայնիվ, սիրելի թագուհի, դու չես հանգստանում. դու շարունակ հուզվում ես, այդ քեզ կարող է վնասել: Գնանք, գնանք այստեղից:

— Օ՛հ, ոչ. ես այլևս չեմ հեռանալ այստեղից, չեմ հեռանալ իմ սերելի Աշոտից... Օ՛հ, ների՛ր ինձ. թույլ տուր, որ այս անունով անվանեմ քեզ... Այո՛, այժմ արդեն հանգիստ եմ. այժմ կարող եմ խոսել. ես այլևս չեմ հուզվիլ. միայն թե տո՛ւր ինձ քո ձեռը և խոստացի՛ր, որ համբերությամբ ականջ դնես ինձ:

Արքան աջը պարզեց առանց խոսելու:

Թագուհին առավ այն, սեղմեց յուր դողդոջուն ձեռներում և շարունակեց.

— Շնորհակալ եմ... Տեսնո՞ւմ ես, թե որպիսի փոքր շնորհով եմ ես գոհանում... Իմ անզուգական դյուցազնի, իմ վեհապանծ թագավորի սերն ու սիրտը կորցնելուց ետ, ուրախանում եմ, որ ներվում է ինձ նրա սառն ու անտարբեր աջը սեղմել... Եվ ես կարողանում եմ այդ քեզ ասել... Եվ գոռոզ Սահականույշը այդ խոստովանությունն անում է յուր թագավորին... Օ, ինչո՞ւ այսքան շատ նվաստացա...

Թագուհին նորեն հեկեկաց, և այլևս իրան զսպել չկարողանալով` բացավ դողդոջուն բազուկները և փարվեց թագավորին:

— Սահանո՛ւյշ... սիրելի՛ Սահանույշ, — շշնջաց թագավորը և սեղմեց նրան յուր կրծքին:

— Աղոթի՛ր, որ մահ հասնե ինձ այս վայրկենեն... Կամենում եմ մեռնել քո գրկի մեջ... Այս է իմ միակ տենչանքը... — մրմնջաց թագուհին, և արտասուքը նրա ձայնը խեղդեց:

Տիկնոջ հեկեկանքն ու արտասուքը հուզեցին թագավորին. նա մնաց տարակուսի մեջ և չգիտեր ինչո՞վ սփոփել ապաբախտ թագուհուն: Նա սկսավ ավելի ևս քնքշությամբ սեղմել նրան յուր կրծքին, զգալով, կարծես, որ այդ է միակ դարմանը, որ կարող է սիրող սրտի հուզումը դադարեցնել:

Երկար այս դրության մեջ մնալուց ետ, վերջապես թագավորը լռությունն ընդհատեց.

— Ինչո՞ւ, սիրելիս, այդքան շատ հուզվեցար:

Այս խոսքը, որ թեպետ մեղմով ու գրեթե շշնջալով արտասանեց թագավորը, այսուամենայնիվ կոշտ հնչեց թագուհու ականջին, նա յուր գլուխը արքայի գրկից հեռացրեց:

— Ինչո՞ւ... Եվ դու այդ հարցնո՞ւմ ես... Մի՞թե չգիտես, թե ինչից են թշվառ սրտերը հուզվում... մի՞թե իմ արտասուքները ամեն ինչ քեզ չպատմեցին...

Թագավորը ոչինչ չպատասխանեց: Նա զգուշանում էր թագուհու սիրտը նորեն հուզելուց: Ուստի դեպի խարակները հառաջանալով` նստեց ժայռի վրա և լուռ սկսավ դեպի ծովակը նայել:

— Դու ինձ այլևս չե՞ս կամենում լսել, — բեկված ձայնով հարցրեց թագուհին:

— Խոսի՛ր, սիրելիս, ինչ որ հաճո է քեզ. բայց անցյալից մի հիշեցնիր ինձ ոչինչ:

— Ոչինչ էլ չպիտի հիշեցնեմ, — հարեց իսկույն թագուհին, և կարծես գոհ թագավորի այս խոսքից (որի մեջ նա նրա խոստովանությունն էր կարդում` յուր դեմ գործած հանցանքների համար), մոտեցավ նրան և ինքն էլ ժայռի վրա նստելով շարունակեց.

— Մի քանի ամիս է, ինչ քեզ հետ եմ ես, սիրելի թագավոր, և սակայն բոլոր այդ ժամանակ չկարողացա խոսել քեզ այն, ինչ որ անհրաժեշտ էր խոսել և ինչի մասին որ եկել էի քեզ տեսնելու: Այժմ, սակայն, համարձակություն առա և կարող եմ խոսել: Խնդրում եմ միայն չխանգարել ինձ, եթե մինչև անգամ իմ զրույցն անհաճո լինի քեզ:

— Խոսիր, ես լսում եմ:

— Գառնիում կարծում էի, թե հաշտվել եմ արդեն իմ վիճակի հետ. ուստի որոշեցի մոռանալ իմ անձը և նվիրվել հասարակաց բարվույն: Այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն այն էր, որ գայի և միանայի քեզ հետ, սփոփեի անհաջողություններից ու իշխանների տիրադրուժ վարմունքից վշտացած քո սիրտը և ստիպեի քեզ վերադառնալ Ոստան, դեպի քո գահն ու արքունիքը... Այնուհետև արդեն հեշտ կլիներ վերսկսել խանգարված գործերը. ժողովուրդն ու զորքը քո դարձին էին սպասում, դու կարող էիր օգտվել նրանց ձեռնտվությունից:

Այս մտքով ահա՛ ոգևորված` ես եկա Կաքավաբերդ: Բայց քո սառն ընդունելությունը ինձ վշտացրեց: Դու կարծեցիր, թե ես եկել եմ ծաղրելու քո պարտությունը Ցլիկ — Ամրամից... Քո այդ կասկածը բավական եղավ, որ նորեն իմ սիրտը տակնուվրա լինի, որ հին վերքերը նորոգվին... Եվ քանի դու շարունակում էիր քո սառնությունն ու անտարբերությունը, այնքան ավելի վառվում ու բորբոքվում էր իմ մեջ նախանձի դժոխքը... Եվ դրա հետևանքն եղավ այն, որ ես քո սիրտը ցավեցնել ուզելով` պատմեցի, թե ինչպե՛ս մեր բոլոր աշխարհը գիտակ է քո հանցավոր սիրույն, թե զորքն ու ժողովուրդը գրգռված են քո դեմ, թե իշխանական ընտանիքները երես են դարձրել մեզանից, թե հոգևորականությունը դատապարտում է քո վարմունքը... Ավա՛ղ, ես կարծում էի, թե այս հայտնություններով պիտի զգաստացնեմ քեզ... բայց չարաչար սխալվեցա: Խոստովանում եմ` ես գործեցի իբրև թույլ կին, իբրև սիրող սրտի տեր: Չկարողանալով տանել քո սառնությունը, ես մոռացա իմ ուխտն ու նպատակը, ես խաղալիք դարձա նախանձի խռովյալ ալիքներին, որոնք անգթաբար կոծում, հարվածում էին իմ թշվառ սիրտը... Այս բոլորի հետևանքը եղավ այն, որ դու հուսահատվելով` ոչ միայն Ոստան չվերադարձար, այլև Կաքավաբերդից ելնելով` եկար Սևան, խարազանազգեստ կրոնավորների հետ ապրելու...

Ես ճանաչեցի իմ սխալը. տեսա իմ անխորհուրդ վարմանց հետևանքը և չարաչար զղջացի. բայց արդեն ուշ էր: Միակ միջոցը իմ հանցանքը քավելու այն էր, որ ես հետևեի քեզ, տեսնեի ամեն օր քո` դեպի ինձ ունեցած սառնությունը, դիտեի քո անտարբեր հայացքները և տանջվեի... Քանի՛-քանի՛ անգամ կամեցա մոտենալ և խոսել քեզ հետ, խոստովանել իմ հանցանքը և ներումն հայցել... Եվ սակայն դու շարունակ խույս էիր տալիս ինձանից, չէիր կամենում միայնակ ինձ հանդիպել, առանձնության մեջ իմ ձայնը լսել, իմ արտասուքը տեսնել... 0, եթե գիտենայիր, թե որքա՜ն տանջվել եմ ես...

Ամիսներ անցան այսպես և ես չկարողացա դեռ քեզ հետ խոսելու մի վայրկան գտնել: Բայց երբ գուժկան հասավ այստեղ և Բյուրականի առումն ու կոտորածը գուժեց, ես սարսափեցի. կարծես երկնային մի շանթ հարվածեց իմ հոգին. ես հիշեցի իմ ուխտն ու որոշումը. հիշեցի և իմ գործած հանցանքը... “Եթե նախանձի կիրքը ինձ չհաղթահարեր, Աշոտն այժմ յուր գահի վրա կլիներ, հայոց զորքը նրա շուրջը կգտնվեր, իշխանները զինակից կլինեին, թշնամու դեմ արդեն բանակ կշարժվեր...”, մտածեցի ես, և հուսահատությունը, քիչ մնաց, դեպի ծովակի խորը պիտի մղեր ինձ... Բայց հետո զգաստացա և որոշեցի գտնել քեզ անպատճառ քո միայնության մեջ և հարկ եղածը խոսել: Այս է ահա՛ պատճառը, որ այժմ եկա քո մենավոր զբոսանքը խանգարելու: Գուցե այս հետապնդությունը տհաճություն է պատճառում քեզ, բայց ես ստիպված այդ էի անելու, որովհետև վտանգը դռան մոտ է և հապաղել այլևս անկարելի է:

— Ի՞նչ է քո խնդիրն ինձանից, — հարցրեց թագավորը:

— Այն, որ վերադառնաս Ոստան, բազմես քո գահի վրա, փայլ տաս արքունյացդ, շուրջդ հավաքես ավագանին, զորքն ու բանակը կարգավորես, թշնամու առաջն առնես, երկիրը տագնապից ազատես...

— Միով բանիվ, դու կամենում ես, որ Աշոտ-Երկաթը թագավորե նորից:

— Այո՛, թագավորե այնպես, ինչպես որ թագավորում էր առաջ...

— Բարի է քո ցանկությունը, բայց կատարել նրան անկարող եմ ես:

— Ինչո՞ւ:

— Պատճառները բազմաթիվ են:

— Ծանոթացրու ինձ այդ պատճառների հետ, եթե կարծում ես, թե դեռ անծանոթ եմ նրանց:

— Թագավորը չպատասխանեց: Նա դեմքը դեպի ծովակը դարձրած մտածում էր:

— Մի՞թե այդ պատճառներն ավելի զորավոր են, քան Աշոտ-Երկաթի կամքը, — խոսեց նորեն թագուհին, կամենալով արքայի ինքնասիրությունը գրգռել:

— Աշոտ-Երկաթի կա՞մքը... Օ՛, նա այժմ ավելի անզոր է` քան հովտի եղեգը, որին տատանում է նույնիսկ հովի շունչը:

— Ինչո՞ւ, հուսահատեցնում ես ինձ, տեր իմ և թագավոր,-շշնջաց թագուհին սրտահույզ ձայնով:

— Քա՜վ, թե կամենամ քեզ հուսահատեցնել. ճշմարտությունն եմ խոստովանում:

— Բայց դու զորավոր էիր մի օր ինչպես անապատի առյուծը...

— Որի մռնչյունը դող էր հանում դրացի գազանների սիրտը, — ընդհատեց թագավորը:

— Այո՛:

— Եվ սակայն առյուծն էլ տկարանում ու մեռնում է:

— Անշուշտ. բայց այդ այն ժամանակ, երբ անցնում են նրա տարիքը, երբ հասնում է ծերությունը:

— Իսկ երբ որսորդի երեքթևյանը հարվածում ու ջախջախում է նրա սի՞րտը:

— Ո՞ր աննկուն որսորդն արդյոք այդպես ուժգին կարողացավ քեզ հարվածել, — հարցրեց թագուհին խորհրդավոր եղանակով:

Թագավորը չպատասխանեց. տխուր ժպիտը միայն նրա շուրթերը շարժեց:

— Դու չե՞ս կամենում խոսել — հարցրեց թագուհին:

— Չեմ կամենում քո սիրտը վշտացնել, — պատասխանեց թագավորը` շարունակ ծովակին նայելով:

— Աստվա՛ծ իմ, — բացականչեց թագուհին. — մի՞թե դու իմ սրտի մասին ես մտածում... այդ արդեն չափազանց է, սիրեցյալ ամուսին, ես ուրախությունից կարող եմ խելագարվել:

— Այո՛, մտածում եմ... Կան ճշմարտություններ, որոնք որքան էլ դառնագույն, այսուամենայնիվ, տղամարդը կարող է լսել համբերությամբ, բայց կնոջ ականջը չի հանդուրժիլ նրանց:

— Օ՛ն ուրեմն, փորձի՛ր իմ քաջությունը:

— Բարի, լսի՛ր ուրեմն ինձ:

Այս ասելով թագավորը դեմքը դարձրեց թագուհուն և շարունակեց.

— Մի փոքր առաջ հարցրիր, թե ո՞վ է այն որսորդը, որ այնքան ուժգին առյուծի սիրտը հարվածեց... այժմ պիտի ասեմ, թե ո՛վ էր նա: (Թագուհին լսողությունը լարեց): Այդ աննկուն որսորդը կնոջ սերն էր...

— Ո՞ր կնոջ...-ընդհատեց հանկարծ թագուհին:

— Դու արդեն քո քաջությունը կորուսիր, — նկատեց թագավորը:

— Շարունակի՛ր, ես այլևս չեմ խանգարիլ, — հարեց թագուհին և գլուխը կախեց:

— Մենք, սիրելի բարեկամ, թշվառ խաղալիքներ ենք բնության հզոր ձեռքում, — շարունակեց թագավորն. — իզուր են մարդիկ օրենքներ դնում և կարգեր սահմանում` կառավարելու համար այն, ինչ որ ինքը բնությունը պիտի կառավարե և որի միահեծան տիրապետն է նա... Մարդկային սրտերի մասին է խոսքը... Դու ինձ սիրում ես, այնպես չէ՞:

— Ինչո՞ւ համար է այդ հարցը:

— Պատասխանի՛ր, սիրո՞ւմ ես թե ոչ:

— Սիրում եմ անսահման սիրով:

— Բար՛ի. ի՞նչ կարող է անել դրա դեմ մարդկանցից սահմանված օրենքը:

Կարո՞ղ է հրամայել, որ սիրելուց դադարես:

— Օրենքն` ընդհակառակը, սրբագործում է իմ սերը, որովհետև ես սիրում եմ իմ օրինավոր ամուսնուն:

— Այդ մի դիպված է: Իսկ եթե հանկարծ սիրում լինեիր մի ուրիշի՞ն:

— Քրիստոնեական առաքինությունը, որին հետևլ եմ միշտ, չէր թույլ տալ ինձ մտածել ապօրինի սիրո մասին: Իսկ երբ մարդ չէ մտածում ապօրինության վրա, ապօրինի գործ էլ չէ կատարում երբեք:

— Մտածության համար սահման որոշելն անկարելի է: Ի՞նչ անե այն սիրտը, որին բնությունը հրամայել է սիրել նրան, որ օրենքով իրան չէ պատկանում:

— Այդ միևնույնն է, եթե ասես, “ի՞նչ անեն գողերն ու ավազակները, որոնց սիրտը ցանկացել է հափշտակել ուրիշի ունեցածը...”: Կարո՞ղ ես միթե արդարացնել այդ ավազակներին, երբ քո հարստահարյալ հպատակը հանե նրանց քո դատաստանի առաջ:

Այդ խոսքերը խոցեցին թագավորի սիրտը, որովհետև հարվածն ուղղված էր բուն վերքին... Նա լռեց մի քանի վայրկյան:

— Էլ ուրիշ ասելիք չունի՞ս, — հարցրեց թագուհին մեղմությամբ:

— Ուրիշ ասելի՞ք, ինչպե՛ս չէ, ունիմ:

— Խոսի՛ր ուրեմն:

— Լսի՛ր. դատավորը աչառո՞ղ պիտի լինի, թե՞ անաչառ:

— Անշուշտ` անաչառ:

— Ավազակին պետք է պատժե՞լ, թե՞ վարձատրել:

— Իհարկե պատժել:

— Ինչո՞ւ ուրեմն դու կամենում ես վարձատրել նրան, երբ անաչառ դատավորը հրամայում է պատժել:

— Ի՞նչ ես ուզում ասել, չեմ հասկանում:

— Չե՞ս հասկանում, բայց ես պարզ խոսեցի:

— Ո՞վ է ավազակը և ո՞վ դատավորը, ո՞ւմ համար եմ ես վարձատրություն պահանջում... — հարցրեց թագուհին տարակուսելով:

— Ես եմ այդ ավազակը. և ինքս էլ, ահա, իբր անաչառ դատավոր, պատժել եմ ինձ, հեռանալով արքայական գահից և ապավինելով այս անապատին... Ինչո՞ւ կամենում ես հանել ինձ այստեղից և նորեն դեպի Ոստան առաջնորդել:

— Դու չափազանցում ես:

— Չափազանցո՞ւմ... Բնա՛վ:

— Չափազանցում ես, իմ սիրեցյալ թագավոր:

— Մի՛ անվանիր ինձ ո՛չ սիրելի և ո՛չ թագավոր, ես մի չարագործ եմ, աստուծուց և մարդկանցից անիծված, ինչո՞ւ համար ես դու ինձ սիրում, ինչո՞ւ ինձ փառք հայթայթելու մասին ես մտածում:

— Հավիտյան պիտի սիրեմ... Մի՞թե կարող ես հրամայել ինձ մոռանալ իմ ամուսնուն...

— Ամուսնո՞ւն... Օ՛հ, մի՛ տանջիր ինձ: Ես չեմ կարող այդ նախատինքը տանել:

— Նախատի՞նք... մի՞թե ինձանից սիրվիլը նախատինք է քեզ համար:

— Ոչ, մեծափառ թագուհի, այլ նախատինք է այն, որ իմ անհավատարմությունը դու այդքան անսահման սիրով ես փոխարինում... Ես հպարտ եմ. ես չեմ կարող տանել այն բարիքը, որ հատուցվում է ինձ իմ գործած չարության համար:

— Ինձ ոչ մի չարիք չէ հասել քեզանից:

— Այդպիսի խոսքերը չեն կարող ինձ սփոփել: Ես այնքան անարի չեմ, որ իմ գործած հանցանաց չափով պատիժ կրել չկարողանամ: Եթե դու կամենում ես սփոփանք բերել իմ սրտին, ապա ատիր ինձ քո հոգվո բոլոր զորությամբ:

Միայն քո ատելությունը, միայն ծանր տանջանքները կարող են դյուրություն տալ իմ սրտին:

— Ես չեմ կարող քեզ ատել:

— Ատի՛ր, որովհետև ես չեմ սիրում քեզ:

— Օհ, մի՛ ասիր այդ...

— Չեմ կարող ստել, ես չեմ սիրում քեզ:

— Օ՛հ, անգութ...

— Միակ սիրածս կինը աշխարհում...

— Օ, մի՛ արտասանիր նրա անունը, — բացականչեց թագուհին` գրեթե ճչալով:

— Այո՛, միակ սիրածս կինը — այդ Ասպրամ իշխանուհին է, Սևորդյաց նահապետի աղջիկը:

— Անսի՛րտ... անգո՜ւթ, ի՞նչ շահ ունիս ինձ տանջելուց... Ինչո՞ւ չես խղճում մի թշվառ, մի լքյալ կնոջ... չէ՞ որ ես մի օր քո ամուսինն էի...

— Կամենում եմ սիրտդ խոցոտելով` դժոխային ատելություն ծնեցնել նրա մեջ. այդ կարող է մեղմել իմ ծանրագույն վիշտը:

— Մի՛ հուսար... ես չեմ կարող քեզ ատել, իզուր տեղը մի՛ տանջիր իմ հոգին... Ասա՛ միայն ո՞րն է քո ծանրագույն վիշտը, ես հնար կգտնեմ նրան թեթևացնելու:

— Ավելի վատ:

— Մի՛ համառիր, իմ սիրեցյալ թագավոր. ամեն մի հիվանդություն ունի յուր դարմանը և ամեն մի վիշտ` յուր սփոփանքը: Հարկավոր է միայն բժշկող ձեռք և սիրող սիրտ:

— Ո՞վ կարող է, օրինակ, բուժել այն հոգին, որ տանջվում է խղճի խայթերից: Ո՞վ կարող է սփոփել այն մարդուն, որ ճանաչում է յուր հանցանքի ծանրությունը, չափում է նրանից հառաջացած չարիքի մեծությունը և գտնում է իրան անզոր ու անկարող` այդ չարիքը դարմանելու...

— Ամենքը սխալական են աշխարհում:

— Եվ ամենին կարելի է ներել...

— Հետևապես և քեզ:

— Մի՛ ընդհատիր ինձ. ամենքին կարելի է ներել, բացի նրան, որ կոչված է մարդկանց բախտը կառավարելու, որ պաշտոն ունի ժողովուրդ հովվելու, առաքինության օրինակ ու առաջնորդ հանդիսանալու... հասարակաց բարվույն ու երջանկության հսկելու...: Ես այդպիսի մի պատասխանատու անձն էի. աստված ինձ պետ ու առաջնորդ էր կարգել այս ժողովրդյան: Բայց միթե պատկառ մնացի՞ ես իմ կոչման. մի՞թե իմ սրբազան պաշտոնը չանարգեցի, մի՞թե բազմաթիվ չարյաց պատճառ չդարձա... Ո՞վ կարող է ինձ ներել, և ինչո՞ւ պիտի ներե:

— Անցյալը հիշելով ոչինչ չես շահիլ, — ասաց թագուհին. — մոռացի՛ր այն և աշխատիր մեր ներկա վիճակը բարվոքել:

— Անցյալը մոռանա՞մ... մի՞թե կարելի, մի՞թե հնարավոր է այդ. — բացականչեց թագավորը: -երկնքի աստղերը կկողոպտեի` վարձատրելու համար այն մարդուն, որ կկարողանար մոռացնել տալ ինձ իմ անցյալը... որ յուր դեղերով կամ կախարդական հմայությամբ հնար կգտներ իմ հիշողությունները բթացնելու: Մոռանա՞լ... Այո՛, այդ եմ կամենում. այդ է իմ միակ փափագն ու ցանկությունը: Բայց ո՞վ կարող է լրումն տալ այդ ցանկության: Օ՛, ինչպես երջանիկ կլինեի, եթե կարողանայի չհիշել այլևս այն, ինչ որ կատարվել է... Այն, որի հիշատակը բազմագլխյան վիշապի պես կրծում, կեղեքում է իմ խիղճը... Կարո՞ղ եմ միթե մոռանալ, որ ես Սևադայի, իմ բարյացապարտ ազգակցի տունն ավերեցի` հորն ու որդուն միասին կուրացնելով... Կարո՞ղ եմ մոռանալ, որ ես Ամրամի, իմ հավատարիմ զինակցի ընտանիքը կործանեցի, նրա խաղաղության օթևանը դժոխքի փոխարկելով... Կարո՞ղ եմ մոռանալ որ ես քո կյանքը թունավորեցի` կաթոգին սերդ անարգելով, երջանկությունդ կապտելով... Ո՞րը նրանցից կարող եմ ես չհիշել կամ ո՞րն արդյոք մոռանալ... Գուցե ա՞յն` որ այս չարիքների շնորհիվ իմ իշխանների առ գահն ունեցած հավատարմությունը կորուսի և նրանց միությունը խանգարեցի, թե՞ այն, որ Ամրամի ապստամբությունը գրգռելով` հյուսիսային գավառներից զրկվեցա և թե վերջապես, այն, որ ռազմական ուժերս թուլացնելով` իմ երկրի սրտում հագարացոց բռնապետությունը հաստատեցի... Ասա՛, իմ սիրելի, սրանցից ո՞րը մոռանամ. կամ ինչպե՞ս չհիշեմ, որ այս ամենը կատարվել է մի հանցավոր սիրո, մի տմարդ օրինազանցության պատճառով... Ո՛չ, ես արժանի չեմ ներման. մի՛ աշխատիր մոռացնել տալ ինձ մեղքերով լի իմ անցյալը: Ես քրիստոնյա եմ և խիղճ ունիմ. այդ խիղճը տանջում է ինձ. նրա ձայնը խլացնում է իմ հոգվո լսելիքը, նա հրամայում է ինձ` հեռանալ արքայական գահից, փառքերից, պերճությունից և քաշվել, առանձնանալ մի անապատ, լալ այնտեղ իմ մեղքերը և խստամբեր ճգնությամբ քավել նրանց: Եվ ես ահա եկել, մտել եմ Սևան` իմ ապաշխարության վայրը: Իզուր ես կարծում, թե ես հեռացա Կաքավաբերդից նրա համար, որ դու իմ սառն ընդունելությունից վշտացած` պատմեցիր, թե աշխարհը գիտակ է իմ հանցավոր սիրույն, թե ժողովուրդը գրգռված է իմ դեմ, թե իշխաններն ու հոգևորականությունը դատապարտում են ինձ և այլն: Ո՛չ, դրանց պատճառով չհեռացա. ոչ էլ հուսահատությունն ինձ հալածեց: Այլ խիղճը, իմ ներքին մարդը... Հանգիստ լիներ խիղճս, արդար լինեին իմ գործերը, այն ժամանակ թեկուզ բոլոր աշխարհը կանգներ իմ դեմ, ես չէի ընկճվիլ. ոչ էլ հուսահատությունը կարող էր իմ հոգին հաղթահարել... Բայց խղճի անողոք խայթերին ես դիմադրել չկարողացա: Ինձ հալածեցին, մանավանդ, քո տխուր աչքերը, վշտալի հայացքը, դալկահար դեմքը... Ես փախուստ էի տալիս քեզանից. այո՛, բայց ոչ թե նրա համար, որ ատում էի քեզ, այլ նրա համար, որ ամեն մի քեզ տեսնելիս սիրտս տակնուվրա էր լինում, ամոթն ու խիղճը տանջում էին ինձ չարաչար: Վերջապես, ես եկա այստեղ իմ վշտերը թաքցնելու և հանցանքները լալու: Կարծեցի, թե այս անգամ կհեռանաս ինձանից և կերթաս Ոստան, ուր դու դեռ հավատարիմներ ունիս: Բայց իմ հույսը պարապ ելավ. դու չկամեցար թողնել ինձ իմ վշտերի հետ, դու հետևեցիր ինձ իբրև ամուսնասեր կին և ապացուցեցիր հարյուրերորդ անգամ, թե ես արժանի չէի քո սիրույն, թե բախտը իզուր էր կապել մեզ միմյանց հետ... Այս բոլորը գիտենալուց ետ, սիրելի տիկին, անկարելի է ինձ այլևս մտնել այն աշխարհը, որտեղից խիղճս ինձ հալածեց. թո՛ղ ինձ այս ապաշխարանաց վայրում. գուցե կարողանամ իմ մեղքերը քավել. գուցե կարողանամ իմ հոգին գեհենից փրկել...

— Միթե ավելի հաճելի չի՞ լինիլ աստծուն, եթե դու հանցանքդ քավես ուրիշներին բարիք անելով, — հարցրեց թագուհին:

— Ինչպե՞ս չէ, այդ ավելի հաճելի կլինի նրան. զի լավ է բարիք գործել` քան անօգուտ տեղը լալ:

— Է՛հ, ուրեմն դարձի՛ր աթոռդ, ձե՛ռքդ առ կառավարության ղեկը և փրկի՛ր ժողովուրդը` սպառնացող վտանգներից:

— Այդ պետք է անեմ իբրև թագավոր, այնպես չէ՞:

— Անշուշտ:

— Բայց ես արժանի չեմ համարում ինձ այլևս այն գահին, որի վրա Աշոտ առաջինը և հայրենասեր ու առաքինի Սմբատը բազմեցին. Սևանն է իմ արժանավոր կացարանը, այստեղ կապրեմ, այստեղ էլ կմեռնեմ:

— Իսկ արքայական գա՞հը:

— Թո՛ղ Աբասը պայազատե. նա է իմ օրինական ժառանգը:

Կարծես մի երկնային շանթ հաովածեց թագուհուն: Այդ խոսքը նա առաջին անգամէր լսում: Յուր սիրո կորստյան վրա, Այո՛, մտածել էր շատ, բայց դշխոյությունը կորցնելու մասին նա երբեք չէր երազել:

“Ինչպե՞ս թե Աբասը թագավորե. ուրեմն և Գուրգենդուխտը լինի թագուհի՞... Սևադայի դստեր կենդանության ժամանակ` ափխազաց Գուրգենի աղջիկը հռչակվի հայոց գահի դշխո՞... և հպարտ Սահականույշը փակվի Սևանի մեջ իբրև մի հպատակ, իբրև ափխազուհու մի թշվառ գերի՞ն... Եվ տեսնե, թե ինչպե՛ս հայոց իշխանները շրջապատում են նոր արքային, հաջողություններ են ստեղծում նրա համա՞ր... խոնարհում են գլուխները նոր թագուհու առաջ և քծնում ու խնկարկում են նրա՞ն... Օ՛, այդ արդեն ամենից ավելի դժվարատարն է...”, մտածեց ինքն իրան թագուհին, և կնոջ փառասիրությունն ու հակառակորդի ինքնասիրությունը նրա էությունը պաշարեցհն: Նա մոռացավ, մինչև անգամ յուր իսկական վիշտը, անարգանաց զգացումը գերակշռեց նրա մեջ սիրո զգացման և կնոջ հատուկ սրամտությամբ նա չափեց իսկույն յուր ներքին վշտի և արտաքին անպատվության մեջ եղած անջրպետը և համոզվեց, թե ավելի հեշտ է ներքին վշտերով տանջվիլ, քան արտաքին անարգանքներից նվաստանալ...

— Ո՛չ, իմ մեծափառ թագավոր. այդ որոշումը չպիտի կատարվի. Սևանում դու չպիտի մնաս. գահն ու ժողովուրդը քեզ են սպասում, և դու պիտի վերադառնաս Ոստան, — խոսեց թագուհին վճռաբար:

— Անկարելի է... Այդ անելու համար նախ պետք է սիրտս խլեմ իմ կրծքից և գանգս դատարկեմ ուղեղից... Այս սրտով և ուղեղով ես գահ բարձրանալ չեմ կարող:

— Չէ՛, դու պիտի գթաս քո ժողովրդին. նա նմանում է այժմ հովվից զրկված և անապատներում ցրված անտիրական մի հոտի. գայլերը չորս կողմից հալածում են նրան. մայրերի ու գառնուկների մայունը խլացնում է ձորերը...

— Այդ հոտը կժողովե Աբասը, նա ավելի պիտանի կլինի այժմ երկրին` քան ես:

— Մի՛ ասիր այդ. մի՛ տար Աբասի անունը. հայոց թագավորը կենդանի է դեռ:

— Ո՛չ, նա մեռել է վաղուց. նա մեռավ այն օրը, երբ Ցլիկ-Ամրամի երեսից փախուստ տվավ նվաստաբար...

— Մի՛ ասիր այդ խոսքերը. մի՛ հիշիր անցյալը, աղաչում եմ քեզ...

Այս ասելով թագուհին բռնեց թագավորի ձեռքը և քնքշաբար նայելով նրա աչքերին, որոնք անթարթ ուղղված էին լուսնին, կամացուկ ձայնով մրմնջաց.

— Աշո՛տ, իմ մեծափառ թագավոր, իմ սիրեցյալ ամոսին. մի՛ թույլ տար, որ ափխազուհին ծաղրե քո Սահականույշի հպարտությունը, թո՛ղ որ հայոց թագուհին յուր կոչման մեջ հանդիպե մահվան...

— Ա՛խ... ինչպե՛ս քիչ ես ծանոթ իմ վշտերին... — շշնջաց թագավորը և դեմքը դեպի ծովակը դարձուց:

— Խոսի՛ր, եթե դեռ մի ուրիշ ցավ ունիս, բա՛ց արա իմ առաջ սրտիդ վարագույրը...

Թագավորը չպատասխանեց, նա լուռ նայում էր ծովակին:

Եվ ի՞նչ պիտի պատասխաներ. ինչպե՞ս կարող էր նրա յուր սրտի վարագույրը բանալ... այն վարագույրը, որի ետևը ծածկված էր վշտերից ծանրագույնը... Կարո՞ղ էր միթե ասել` թե ինքը դեռ մտածում է Սևորդյաց իշխանուհու, յուր հանցավոր սիրո թշվառ զոհի վրա... թե ծանոթ է նրա ընտանեկան տանջանքներին, թե լսում է ամեն վայրկյան նրա արտասվող սրտի անեծքը, նրա ոգետանջ հառաչանքները... Ինչպե՞ս կարող էր նա այլևս գահի վրա բազմել, փառքի ու հաջողության հետևել, քանի որ ամեն վայրկյան պիտի հնչեին յուր ականջին նրա տխուր հեծությունները. քանի որ շարունակ նա պիտի տեսներ յուր առաջ նրա արտասուքները և ինքն իրան ասեր. — բոլոր աշխարհը փառաբանում է ինձ, հաջողությունները պսակում են իմ վերադարձը. ժողովուրդը ցնծության տոն է կատարում... Բայց այնտեղ, Սևորդյաց լեռների մեջ, Տավուշի մրապատ խորշերում հեծում է մի դժբախտ կին, սիրո հարվածներից ջախջախված մի սիրտ, որին թողել են ամենքը, որ կտրված, բաժանված է աշխարհից, որ ապրում է միայն յուր անարգանքի, յուր նվաստության հետ... Այդ կնոջ մրմունջը հասնում է մինչև իմ գահույքը, նա շշնջում է իմ ականջին դառն և սրտահույզ խոսքեր. “Մի՛ ծիծաղիր դու, երբ լալիս եմ ես, մի զվարճանար` երբ սգում եմ ես...”, ասում է նա ինձ, արդ ի՞նչ իրավունքով ես պիտի նորեն աշխարհ մտնեմ, կյանքի բարիքները վայելեմ, քանի որ յուր սիրտն ու էությունը ինձ նվիրող կինը կենդանի թաղված է անհայտության մեջ:

Այս մտքերը, որոնք վաղուց ի վեր տանջում էին թագավորին, այդ միջոցին այն աստիճան հուզեցին նրան, որ նա ինքն իրան մոռանալով բացականչեց.

— Ո՛չ, անկարելի է. ես չեմ կարող ապրել, քանի որ նա մեռնում է-...:

— Ո՞ւմ համար է խոսքդ, ո՞վ է մեռնողը... — հարցրեց թագուհին:

Թագավորը ցնցվեցավ և տեղից բարձրանալով աջը պարզեց թագուհուն.

— Գնա՛նք. լուսինն արդեն խոնարհում է... — ասաց նա խրոխտ ձայնով:

— Բայց ո՞ւմ համար էիր խոսում, — հարցրեց կրկին թագուհին:

— Անհայտության մեջ մեռնողի համար, — պատասխանեց թագավորը և առաջ անցավ:

Թագուհին հետևեց նրան, առանց այլևս խոսել իշխելու:

Է

ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ

Կեսօր էր: Ցամաքաբերդի ձկնորսները ուռկան էին ձգում ծովակը` Գեղամա համեղ ու բազմազան ձկներից որսալու, երբ Գևորգ Մարզպետունու հեծելախումբը հասավ այդտեղ: Իշխանը զարմացավ` տեսնելով, որ ձկնորսները փոխանակ լաստերով դեպի լճի խորը գնալու, շարունակ նրա եզերքն են պտտում, որով հաջողակ որս չպիտի կարենային անել: Բացի այդ, լճի վրա կամ եզերքում ոչ մի լաստ կամ նավակ չէր երևում: Այդ հանգամանքը շարժեց նրա հետաքրքրությունը, մանավանդ որ իրան այն միջոցին լաստ էր հարկավոր դեպի կղզին ուղղվելու համար:

Իշխանի հարցին` թե “ո՛ւր են ձեր նավակները”, ձկնորսները պատասխանեցին.

— Արքայից հրաման եկավ, որ ոչ ոք եզերքում լաստ կամ նավակ չպահե, այդ պատճառով ամեն ոք յուր ունեցածը ծածկել է գյուղում:

Իշխանը գուշակեց, որ թագավորի հրամանը տրված է` թշնամիների մուտքը դեպի Սևան արգելելու նպատակով: Այսուամենայնիվ պատվիրեց, որ իրանց համար նավակ իջեցնեն ծովը, բայց ձկնորսները դժվարացան:

— Թագավորը մեզ կկախե, եթե համարձակվենք նրա հրամանն անարգելու, — ասացին նրանք և խնդրեցին` չստիպել իրանց անհնազանդ, գտնվել արքայի առաջ:

Իշխանը չպնդեց, բայց հրամայեց նշան տալ կղզեցիներին` լաստ ղրկել իրանց համար, իսկ մինչ այդ հյուրսաիրել յուր հեծյալներին Գեղամա թարմ ձկներով:

Ծովափը պատող ժայռերի վրա ձկնորսները կրակ վառեցին իսկույն: Բոցը բորբոքվելով ծառացավ, բարձրացավ դեպի վեր: Այդ էր այն նշանը, որով կղզեցիներից լաստ էին խնդրում եզերքում եղողները: Շուտով կղզու պարիսպներից դուրս ելան երկու սևազգեստներ, որոնք դեպի նավամատույցը հառաջանալով` լուծեցին այդտեղ կապած լաստերից մինը և դեպի ծովի խորը մղեցին:

Մինչև լաստի մոտենալը, ձկնորսները իրանց որսած ընտիր “իշխաններից” ու “գեղարքունիներից” պատրաստեցին համեղ նախաճաշ և հյուրասիրեցին իշխանի հեծյալներին:

Միջօրեի ժամերգությունը նոր էին ավարտել կղզում, երբ իշխանը յուր խմբով հասավ այդտեղ:

Թագավորը զարմացավ` տեսնելով յուր առաջ Գևորգ Մարզպետունուն:

— Դո՞ւ էլ քո թագավորի հետ ճգնելու եկար, — հարցրեց նա իշխանին ժպտալով:

— Ո՛չ, տեր արքա. այժմ հանցանքներ գործելու և ոչ թե ապաշխարելու ժամանակ է, — պատասխանեց Մարզպետունին:

— Հանցանքներ գործելո՞ւ... — հարցրեց թագավորը. — մի՞թե հանցանք գործելու համար էլ որոշ ժամանակ է լինում:

— Այո՛, տեր արքա: Տասը պատվիրաններից մինը “մի սպանաներ” խոսքն է: Այժմ հասել է այդ պատվիրանի դեմ գործելու ժամանակը, մենք շարունակ պիտի սպանենք:

— Հույս ունիս` ինձ քո հանցանքին մասնակից անելու համար չես եկած:

— Եթե իմ զորքին թագավորն առաջնորդեր, ես քսան տարավ կերիտասարդանայի:

— Քո զորքի՞ն. մի՞թե զորք ունիս ժողոված,- — զարմանալով հարցրեց արքան:

— Այո՛, մեծափառ տեր:

— Որտե՞ղ է գտնվում բանակդ:

— Այստեղ, Սևանում:

— Սևանո՞ւմ, — ավելի ևս զարմանալով հարցրեց թագավորը:

— Այո՛, տեր արքա, Սևանում...

Թագունին, որ ներկա էր իշխանի խոսակցությանը, ընդհատեց նրան.

— Ես նայում էի իմ դիտանոցից, երբ քո լաստը մոտենում էր կղզուն. քեզ հետ միայն մի խմբակ կար, հազիվ քսան մարդուց բաղկացած, իսկ մնացածները ե՞րբ հասան այստեղ:

— Իմ բանակը կազմված է հենց քսան մարդուց, ես ավելին ձեռք բերել չկարողացա, — պատասխանեց իշխանը:

— Դու հիվա՞նդ ես, Մարզպետունի իշխան, — հարցրեց թագավորը` աչքերը նրա վրա սևեռելով:

— Գուցե կասկածում ես, թե խելագարվա՞ծ եմ, — ժպտալով հարցրեց իշխանը:

— Այո՛, ինձ այդպես է թվում, — հարեց թագավորը լրջությամբ: -Ասում ես, որ քսան մարդուց է բաղկացած բանակդ, և միևնույն ժամանակ փափագում, որ քո թագավորն առաջնորդե նրան: Ծա՞ղր է այդ, թե երգիծանք...

— Քա՛վ լիցի, եթե համարձակվեմ այդ չափ լրբանամ քո առաջ, տեր արքա... — պատասխանեց իշխանը հուզվելով:

— Ի՞նչ զորք է ուրեմն այն, որի անունով խոսում ես դու:

— Հենց հիշածս քսան հոգիներն են: Նրանք են իմ զորքն ու բանակը կազմում:

Թագավորն ու թագուհին զարմացած նայեցին իրար, կարծես կամենալով հարցնել միմյանց, թե “արդյոք այս մարդը չէ՞ խելագարվել...”:

Մարզպետունին թափանցեց նրանց սրտի խորքը և դառը ժպտալով ասաց.

— Իրավունք ունիք ինձ խելագար անվանելու: Այս ընդհանուր տագնապի օրերում, երբ զորեղ իշխանները իրանց հազարավոր զորքերով փակված են ամրոցներում, խելագարություն է, իհարկե, քսան հոգով բաց դաշտն իջնել` թշնամու հետ ընդհարվելու համար: Բայց ես այդ անում եմ, որպեսզի կարողանամ ամոթի կնիք դրոշմել բոլոր այն իշխանների ճակատին, որոնք հայության անունով խոսում, հայ տոհմականությամբ հպարտանում են, բայց հայրենիքը ճգնաժամում եղած միջոցին մատը չեն շարժում նրան օգնելու համար:

— Այդ դու կարող ես անել, եթե հաղթությամբ պսակես հանդուգն ձեռնարկությունդ, — նկատեց թագավորը. — բայց ի՞նչ կարող են անել քսան հոգիները թշնամու ահավոր զորության առաջ:

— Իմ քսան հոգիներից յուրաքանչյուրը կարող է վանել հարյուր հագարացի: Եթե հոգնախումբ բանակների դեմ կանգնել չկարողանանք, գոնե նրանց ուժը ջլատել կամ կարգը խանգարել կարող ենք միշտ:

— Այդպիսով շատ փոքր օգնություն կարող ես անել հայրենիքիդ:

— Ամեն մեծ գործ նախ փոքրով է սկսվում:

— Ուրեմն դու հույս ունիս, թե վերջ ի վերջո պիտի հաղթանակե՞ս:

— Երկուսից մինը. կա՛մ կհաղթանակեմ, կա՛մ թե իմ խմբով ի սպառ կջնջվեմ: Ես չեմ կարող նստել իմ բերդում և իմ կյանքը խնամել այնպիսի մի ժամանակ, երբ թագավորը գահը թողած` ճգնում է Սևանում, երբ կաթողիկոսը աթոռը կորցրած` թափառում է աստանդական, երբ ժողովուրդը, հազարներով ճարագ է դառնում թշնամուն... Եթե իմ եղբայրակիցները մեռնում են, ես ինչո՞ւ պիտի ապրեմ. մի՞թե նրանց կորուստը ողբալու համար: Այդ վայել է կանանց, երբե՛ք այն մարդուն, որի բազուկը դեռ կարող է սուր շարժել, որի ձայնը դաշտում կարող է որոտալ...

Թագավորն աչքերը հառած նայում էր իշխանի վրա, որ խոսում էր ինչպես մարմնացյալ հայրենասիրություն. նրա սիրտը հուզվում էր, նա կամենում էր գրկել և համբուրել այդ քաջին և միևնույն ժամանակ կամենում էր ասել. — “Որքան երջանիկ ես դու, Գևորգ իշ՛խան, որ կարող ես իբրև հասարակ զինվոր մարտնչել հայրենիքի համար... իսկ ես զրկված եմ նույնիսկ այդ մխիթարությունից...”:

— Ինչո՞ւ ուրեմն եկար Սևան, — հարցրեց թագավորը յուր հուզումը ծածկելով:

— Իմ արշավանքն սկսելուց առաջ արքայի հրամանն ու օրհնությունն ստանալու եկա:

— Իմ քա՛ջ և հավատարիմ իշխան. դու ուրեմն փառքն անգամ չես կամենում առանց քո արքայի հրամանին վայելել... Դու արժանավոր զինակից հանդիսացար ինձ, բայց ես, ավա՛ղ, քեզ անարժան թագավոր...

— Մի՛ ասիր այդ, տեր արքա. բախտը կարող է վանդակի մեջ փակել առյուծին, բայց նրա սիրտն ու կորովը կապտել չի կարող: Ապրիր դու այստեղ, մինչև որ քո ծառան վանդակը դարբնող ձեռքերը կփշրե...

— Իմ քաջ, իմ ազնիվ իշխան, վանդակը դարբնել են...

Նա կամենում էր ասել` “այնպիսի ձեռքեր, որոնց եթե փշրեիր, ինձ հավիտենական վիշտ պիտի պատճառեիր...”, բայց նա ընդհատեց խոսքը և վեր կացավ տեղից հանկարծ.

— Ո՞ւր են քո քաջերը. գնանք նրանց մոտ: Այդ հերոսներն արժանի են, որ թագավորը նրանց ընդառաջե և ոչ թե իրանք գան նրա կոչին:

Այս ասելով թագավորն առաջ անցավ և իշխանը հետևեց նրան:

Բարապանն արդեն ուրիշ ճանապարհով վազեց դեպի ուխտավորների կացարանը` խմբի անդամներին արքայի գալուստը հայտնելու:

Վահրամ սեպուհի հրամանով նրանք դուրս եկան իսկույն իրանց խուցերից և սպառազինված շարվեցան կղզու ծառազարդ տափարակի վրա:

Թագավորն ու իշխանը իջնում էին բլրի կողմից: Երբ նրանք հասան ս. Աստվածածնի տաճարին և խոտորվեցան դեպի տափարակը, ուխտի զինվորները միաձայն որոտացին` “Կեցցե՛ թագավորը”:

Այդ գոչյունը հուզեց արքային: Որքա՜ն ժամանակ էր, որ նրա ականջին չէր հնչել այդ ձայնը, որքա՜ն ժամանակ էր, որ նրան ոչինչ չէր հիշեցնում, թե ինքը` հայոց թագավորը, Հայաստանի իշխանապետն է, թե դեռ այդ երկրում կան մարդիկ, որոնք հավատարիմ են իրան և որոնց ինքը կարող է հրամայել... Ճգնազգյաց միաբանների ընկերակցությունը, նրանց հանապազօրյա պաշտամունքները, որոնց գրեթե միշտ ներկա էր լինում ինքը, կղզու անշարժ ու խաղաղիկ կյանքը և նրա հետ միասին էլ յուր ծանրագույն վշտերը` ամեն ինչ մոռացրել, ամեն կենդանություն մեռցրել էին յուր մեջ: Նրան թվում էր, թե բոլոր աշխարհը քնած է Սևանի պես, թե ոչ մի տեղ այլևս չկա կենդանություն, թե մահը յուր թևերը տարածել է արդեն համայն հայոց վրա...

Բայց ուխտի զինվորների աղաղակը կարծես վայրկենապես սթափեցրեց նրան. մի հաճոյական և կենարար դող նրա մարմինը ցնցեց և քաջազնական զգացմունքով հոգին ու սիրտը լցվեցան:

Թագավորը թեպետ ուներ կղզու մեջ հարյուրի չափ զինվոր, բոլորն էլ ընտիր, զինավարժ մարդիկ, բոլորն էլ քաջասիրտ և դիմագրավող, բայց նրանք էլ կղզում անգործ մնալով և արքայի նման հոգևոր պաշտամանց հաճախելով` թուլացել, թմրել էին արդեն և զենքերն ու զրահը մի կողմ ձգել: Նա տեսնում էր դրանց ամեն օր խուցերի առաջ նստած և կամ ուռկանը ձեռքներին կղզու շուրջը թափառելիս, և չէր վրդովվում, կարծելով թե` հենց այդ էլ պիտի լիներ դրանց զբաղմունքը: Բայց երբ նա տեսավ յուր առաջ Մարզպետունու սակավաթիվ, բայց գոտեպինդ, զրահազգեստ և զինավառյալ այդ խմբակը, պատրաստ, կարծես հարձակվելու և ամեն զորություն ու ընդդիմություն ընկճելու և կործանելու, նա մի տեսակ աշխույժ ստացավ և քայլերն արագացնելով հասավ զինվորներին:

— Ապրի՛ք, իմ քաջեր, — բացականչեց նա և խումբը նորեն որոտաց.

— Կեցցե՜ թագավորը:

Վահրամ սեպուհն առաջ անցնելով սաղավարտը հանեց և գլուխ խոնարհեց արքային:

Վերջինս աջը պարզելով` ողջունեց նրան ջերմագին:

Սեպուհին հետևեց Մուշեղ բերդակալը, որին թագավորը բարեհաճ խոսքերով ընդունեց:

Առաջ անցավ ապա Գոռ իշխանիկը: Թագավորը նրան տեսնելուն պես բացականչեց:

— Դու է՞լ այստեղ, իմ սիրեցյալ Գոռ... Դու է՞լ անձնվեր քաջերի խմբում:

Այս ասելով թագավորը թևերը բացավ և գրկախառնելով պատանուն, որ սաղավարտը ձեռին մոտեցել էր իրան, համբուրեց նրան սրտագին:

— Որի՞ պաշտպանության հանձնեցիր հարսնացուդ, Գոռ, — հարցրեց թագավորը ժպտալով:

— Յուր իսկ պաշտպանության, — պատասխանեց պատանին շառագունելով:

— Այո՛, հայրդ ինձ պատմեց: Նրա պաշտպանության է հանձնված և Գառնին: Սյունյաց օրիորդը արժանի է այդ պաշտոնին: Երբ այր մարդիկ կռվում են դաշտում, կանայք կարող են բերդերը պաշտպանել... Թեպետ ցավալի է, որ հայոց երկիրը միայն քսան տղամարդ է դաշտը հանում այսօր. բայց մյուս կողմից էլ ուրախալի է, որ այդ քսան քաջերին հետևում է մի կին. և որ այդ կինը իմ որդեգրուհին և Գոռի հարսնացուն է... Գնա՛, ի՛մ քաջ, արժանի՛ եղիր քո մրցանակին:

Այս ասելուց հետ թագավորը մոտեցավ մյուս զինվորներին, բոլորի հետ խոսեց, բոլորին էլ քաջալերեց և ապա դառնալով Մարզպետունուն, առաջարկեց նրան միացնել յուր խմբին Սևանում գտնված զինվորների կեսը:

Իշխանը հրաժարվեցավ արքայի առաջարկությունից, չկամենալով նվազեցնել նրա թիկնապահների թիվը:

— Վտանգի միջոցին մենք կարող ենք փախչել, — ասաց նա նրան, — բայց արքան այս կղզում խույս տալու տեղ չունի. անկարելի է մի զորական անգամ հեռացնել այստեղից:

Թագավորը գովեց յուր հավատարմի հոգածու զգուշությունը և ապա դառնալով նրան ու Վահրամ սեպուհին` ավելացրեց.

— Իմ իշխանները թողեցին ինձ միայնակ և ամոթահար, այդ պատճառով ես մտա Սևան իբրև կամավոր գերի: Եթե դուք կհաջողիք ձեր ձեռնարկության մեջ և կկարողանաք սրբել այն արատը, որ դրին մեր դրոշի վրա տիրադրուժ իշխանները, այն ժամանակ ես նորեն կելնեմ իմ բանտից և կպսակեմ ձեր հաջողությունը իմ արշավանքներով: Այս օրվանից իմ դրոշը ես կհանձնեմ ձեր խմբին, թո՛ղ նա ամեն տեղ ոգևորե այս քաջերին և հիշեցնե, որ թագավորը կալանավոր է Սևանում...

Այս ասելով թագավորը հրամայեց թիկնապահներին բերել արքայական դրոշը:

Խոր լռություն տիրեց: Ուխտի զինվորները ակնածությամբ սպասում էին թիկնապահների դարձին: Երբ դրոշը երևաց, ամենքն իսկույն սաղավարտները հանելով միաբերան գոչեցին. “Կեցցե՛ թագավորը”:

Վերջինս առավ դրոշակը թիկնապահների ձեռքից և հանձնելով այն Մարզպետունուն, ասաց.

— Այս դրոշի հետ միասին տալիս եմ քեզ իրավունք` գործել ամեն տեղ իմ կողմից և անունից: Այս դրոշը իմ փոխարեն կլինի քո խմբին և՛ առաջնորդ, և՛ զինակից:

Նույն օրը ուխտի զինվորներին սեղանակից արին իրանց թագավորն ու թագուհին: Իսկ հետևյալ առավոտ հեռացավ խումբը Սևանից` տանելով յուր հետ արքայական դրոշը և թագավորի, թագուհու և բոլոր միաբանության օրհնությունը:

Հասնելով Ցամաքաբերդ` ուխտի զինվորները ձիաները հեծան և Արարատյան դաշտի ճանապարհը բռնեցին: Նրանց նպատակն էր հանդիպել Բեշիրի հրոսակներին, որոնք զանազան խմբերի բաժանված` շրջում էին այդ դաշտի անպաշտպան գյուղերը և ավարի տալիս նրանց: Բյուրականի առումը և անխիղճ կոտորածն ավելի էր նրանց համարձակություն տվել և բարբարոսությունները գրգռել: Այժմ անարգել առաջ էին գնում նրանք, չակնածելով բնավ հայ իշխաններից, որովհետև գիտեին, որ դրանք բերդերից չպիտի իջնեն և շինականի գույքն ու կյանքը պաշտպանելու համար իրանց անձը վտանգի մատնեն:

Արդ, Մարզպետունի իշխանը կամենում էր հանդիպել այդ հանդուգն հելուզակներին, որովհետև հույս ուներ, թե առանձին-առանձին պատահելով նրանց` կարող է շատերին ոչնչացնել:

Բայց հազիվ յուր հեծելախումբը Հրազդան գետն անցավ և ահա՛ գաղթականների մի բազմություն ընդառաջեց նրան:

— Որտեղացի՞ եք և ո՞ւր եք գնում, — հարցրեց նրանց իշխանը:

— Գեղա բերդիցն ենք, տեր, — պատասխանեց հաղթանդամ ու բարձրահասակ առաջնորդը. — գնում ենք Սյունյաց լեռներում ամրանալու:

— Ուրիշները դիմում են դեպի Գեղ, իսկ դուք փախչո՞ւմ եք այնտեղից, ի՞նչ է պատահել. ո՞վ է հարձակվում ձեզ վրա:

— Բեշիրը, տե՛ր:

— Ո՞վ ասաց ձեզ:

— Դվինից լուր ղրկեց կաթողիկոսարանի վերակացուն:

— Է՜, լավ, էլ ինչո՞ւ եք փախչում, չէ՞ որ Գեղա բերդն ամուր է բավական:

— Ամուր է, բայց զորք քիչ ունի:

— Թշվառականնե՛ր, եթե ամենքդ այդպես կփախչեք այնտեղից, իհարկե զորք չեք ունենալ, ինչի՞ համար է այդ հաղթ հասակը, եթե տագնապի րոպեին տուն տեղ պիտի ձգես. ե՛տ դարձեք այս վայրկենին, թե չէ ամենքիդ սուր քաշել կտամ:

Առաջնորդը նայեց յուր ընկերներին, կանայք ծածկոցները բանալով սկսան դիտել խոսող իշխանին, իսկ երեխաները վախկոտ նայվածքով նրանց շուրջը կծկվեցան:

— Ե՛տ դարձեք, — կրկնեց իշխանը, — այստեղ եղող բոլոր տղամարդկանց պահակ պիտի կարգեմ Գեղա պարիսպների վրա:

Գաղթականներն սկսան աղաչել իշխանին` թույլ տալ իրանց շարունակել ճանապարհը, բայց Մարզպետունին մնաց անողոք:

— Տե՛ր, դու մեզ, ուրեմն, մատնում ես Բեշիրին, նա մի երկու օրից Գեղա բերդը պիտի գրավե, — խոսեց պառավ մի կին:

— Ես թույլ չեմ տալ, մայրիկ, որ Բեշիրը հասնե Գեղ. բայց եթե աստծուց վիճակված է քեզ մահ, ապա լավ է, որ տանդ մեջ մեռնես, քան թե օտարության մեջ:

— Ես ցավում եմ ոչ թե ինձ, այլ երիտասարդների համար:

— Նրանք թող իրանք պաշտպանեն իրանց:

Այս ասելով նա հրամայեց գաղթականների առաջնորդին ետ դարձնել ամենքին. իսկ ինքը յուր խմբին դառնալով ավելացրեց.

— Մեր ծրագիրը փոխվեցավ: Ուղեկցենք այս փախստականներին մինչև Գեղա ստորոտը, իսկ այնուհետև կդիմենք ուր որ հարկավոր է:

Հետևյալ ավուր երեկոյան իշխանը յուր հեծելախմբով բաժանվեց գաղթականներից. նրանք բարձրացան դեպի Գեղա լանջերը, իսկ ինքը բռնեց Դվնո դաշտի ճանապարհը:

Որովհետև մութը կոխում էր, իշխանն ու սեպուհը որոշեցին շատ չհեռանալ Գեղա սահմաններից: Ուստի ուղղվելով դեպի Ուրծաձոր, բարձրացան մի փոքրիկ լեռնագոտու վրա, որ ծածկված էր անտառով ու մացառուտով: Այդտեղ գտան նրանք ծառերով հովանավոր մի անքույթ ծածկարան, ուր և իջան հանգստանալու և գիշերելու:

Զինվորներից մի քանիսը զբաղվեցան իսկույն խմբի սակավապետ կերակուրը պատրաստելով, իսկ մի քանիսը փութացին ջուր բերելու: Լեռան լանջերի վրա աղբյուր չգտնելով, նրանք վայր իջան դեպի հովիտը այդտեղ հոսող գետակից ջուր վերցնելու: Դա Վեդիի վտակներից մինն էր, որ խոխոջալով իջնում էր Գեղա բարձունքներից: Հազիվ մացառուտից ելան զինվորները և ահա՛ հանդիպակաց լանջերի վրա զարկած տեսան բազմաթիվ վրաններ, որոնցից շատերի առաջ խարույկներ էին վառվում:

Դա հագարացիների բանակն էր:

Զինվորները վերադարձան և պատմեցին այս մասին իշխաններին:

— Դրանք ուրեմն Գեղն առնելու են գնում, — գուշակեց սեպուհը:

— Անշուշտ, — պատասխանեց Մարզպետունին:

— Ի՞նչ պիտի անենք այժմ մենք:

— Մի՞թե դեռ չգիտես:

— Գիտեմ. պիտի խանգարենք... բայց...

— Ուրիշ անելիք չունինք: Վայելենք մեր ընթրիքը և գործի սկսենք, — վճռաբար ասաց իշխանը և բազմեց խոտերի վրա, ուր բացված էր անպաճույճ սեղանը: Նրանք բոլորեցին ամենքը միասին, որովհետև, նրանց մեջ չկար այլևս իշխան ու ծառա. նրանք ամենքը եղբայրներ էին, մի խաչի ու դրոշի զինվորներ: Նրանց կերակուրը կազմում էին Սևանի եփած ձկները, մի քանի կտոր խաշած միս և Գեղարքունյաց ընտիր պանիր:

Ընթրիքի վրա ոչ ոք չէր խոսում. ամենքը լուռ ուտում էին: Բայց այդ` ոչ այն պատճառով, որ ուշադիր էին իրանց քաղցը հագեցնելուն, այլ այն, որ ամենքն էլ մտածում էին սկսելիք գործի մասին, որ կարի հանդուգն և վտանգավոր մի ձեռնարկություն էր:

Երբ ընթրիքը վերջացավ, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և ասաց.

— Սիրելի քաջերս. աստված թշնամին մատնել է մեր ձեռքը, պիտի օգուտ քաղենք այս հաջողությունից: Առավոտը` դեռ լույսը չբացված մենք կհարձակվենք թշնամու վրա: Այս արդեն վճռված է: Պառկեցեք ուրեմն և հանգստացեք, որպեսզի հոգնություններդ առնեք և վաղվա համար ուժերնիդ կազդուրեք, իսկ ես և Վահրամ սեպուհը կերթանք նախ թշնամու դիրքն ու բանակը հետազոտելու և ապա կբարձրանանք Գեղ, տեղացիներից հարկ եղած օգնությունը հայթայթելու:

— Թո՛ւյլ տուր, հայր իմ, որ ես ևս հետևեմ ձեզ, — ասաց Գոռ իշխանիկը:

— Ո՛չ, զավակս. դու էլ պառկիր և հանգստացիր, զինվորը չպիտի զատվի յուր ընկերներից, — պատասխանեց իշխանը լրջությամբ, կամենալով հասկացնել որդուն, թե ինքը ոչ մի առավելություն չունի մյուսներից և, հետևապես, պիտի հնազանդե հոր ձայնին, ինչպես յուր ընկերները:

Գոռը ժպտալով գլուխը խոնարհեց: Իշխանն ու սեպուհը թողնելով զինվորներին` ուղղվեցան դեպի բանակի կողմը:

Հովիտը, ուր զարկած էին թշնամու վրանները, ընկած էր երեք բարձրության մեջ: Նրա հյուսիսային կողմը բարձրանում էին Գեղա դարևանդները. արևմտյան կողմից ընկած էր այն լեռնագոտին, որի վրա գտնվում էին ուխտի զինվորները, արևելյան մասը փակում էին բարձրադիր բլուրներ, իսկ հարավից բացվում էր Վեդիի դաշտը, ուր խոխոջում էր համանուն գետը:

— Եթե հարձակվենք այս կողմից, — ցույց էր տալիս իշխանը ձորահովտի հյուսիսակողմը, — այն ժամանակ կստիպենք թշնամուն փախչել դեպի հարավ:

Մեր գործը պիտի լինի հանկարծակի բերել նրանց: Ուրեմն ամեն հնար գործ պիտի դնենք` շփոթել թշնամուն և թույլ չտալ, որ կարգի գան կամ ճակատեն, որովհետև նրանց թույլ ընդդիմությունն անգամ կարող է մեր գործը խանգարել:

— Գլխավորը ջահեր ձեռք բերելն է. հենց որ մի երկու վրան կարողանանք վառել, սարսափը կտիրե ամենքին, — խոսել սկսավ սեպուհը, — սակայն այդ պաշտոնը գեղեցիները պիտի կատարեն, իսկ մերոնք պիտի հարվածեն:

Երկար խոսելուց և այս ու այն կողմը հետազոտելուց հետ` իշխանն ու սեպուհը վերադարձան զինվորների մոտ: Նրանք ամենքն էլ քաղցր քուն էին մտել, բայց մի քանիսը եկողների քայլատրոփը լսելուց վեր թռան տեղներից: Արթուն էր միայն մի զինվոր, որ պահպանություն էր անում ձիաներին:

Գևորգ իշխանը տեսնելով Գոռին, որ գլուխը մի կոճղի հենած` անուշ մրափում էր, ակամա կանգ առավ նրա առաջ: Լուսինը, որ սահում էր երկնակամարի վրա, պայծառ շողերը ծառերի միջից թափանցելով` լուսավորել էր պատանու գեղեցիկ դեմքը, որ հանգչում էր այդ րոպեին մի հանգիստ և խաղաղ ժպիտ:

Պղնձե զրահը, որ պատում էր նրա առողջ կուրծքն ու թիկունքը, ոսկեդրոշ սաղավարտը, որ ծածկում էր տակավին նրա գեղեցիկ գլուխը, բայց չէր կարողանում ամփոփել յուր մեջ նրա հարուստ խոպոպիները, որոնք զարդարում էին պատանու ճակատն ու պարանոցը, և վերջապես կմբավոր, արծաթազարդ վահանակը, որ բռնած էր ձախ ձեռքում և որով, քնի մեջ անգամ, պաշտպանում էր նա յուր կուրծքը, փայլում էին լուսնի առաջ մեղմ ճաճանչներով:

Իշխանը սկսավ նայել որդուն, ծնողական սիրտը կարծես զգաստացավ մի երկարատև արբեցությունից, և մի տխուր զգացում սկսավ նրա սիրտը ճնշել:

“Գուցե իմ ձեռնարկությունը հաճելի չէ աստծուն, գուցե նա բարկանում է, որ ես հանդուգն մտքեր եմ հղանում և խաղաղ քուն վայելող արարածների վրա անակնկալ հարձակումն եմ գործում... Գուցե նա ինձ պատժելու համար հագարացիներից մինի սուրը մխե իմ այս միամոր որդու կողը և նրա կենաց արևը խավարեցնե... եվ ես հավիտյան զրկվեմ նրանից... իմ կյանքի այս միակ մխիթարությունից... Օ՛, և տեսնեմ նրան արյունաշաղախ, ժպիտը գեղեցիկ դեմքի վրա սառած և սիրուն աչքերը հավիտյան փակված... Ո՛չ, անկարելի է. ո՞ր աստվածը այնուհետև կարող է իմ կսկիծը փարատել... և ի՞նչ լուր տանեմ ես նրա մորը, ի՞նչ երեսով նրան երևամ... Արդյոք մի անգութ, մի բարբարոս չե՞մ ես. ինչո՞ւ չարգելեցի նրան Գառնիում... ի՞նչ ուժ պիտի ավելացներ նա ինձ համար, մի՞թե մի հասարակ զինվոր չէր կարող նրա գործը կատարել, ինչո՞ւ կամեցա Մարզպետունյաց Տան վերջին ճրագը խավարեցնել... Չէ, սա պիտի հեռանա այստեղից. և կամ մեր արշավանքը պիտի հետաձգենք”...

Այս մտքերն էին հուզում Մարզպետունու հոգին, երբ սեպուհը մոտենալով` զորավոր ձեռքը դրավ նրա ուսին և ասաց.

— Մենք ուշանում ենք, տե՛ր Մարզպետունի, այստեղ պառկած բոլոր զինվորները նույնպիսի մայրեր ունին, որպիսին ունի Գոռ իշխանիկը, գնա՛նք:

Սեպուհի այս խոսքը սասանեց իշխանին և նա կարծես անուրջից սթափվելով` բացականչեց.

— Գնա՛նք. թող բոլորի մայրերն էլ նահատակների ծնող հռչակվեն:

Համաձայն կանխավ արած որոշման` իշխանը պիտի բարձրանար Գեղ, նրանցից օգնական մարդիկ բերելու, իսկ սեպուհը պիտի իջներ Վեդի ավանը և, եթե այդտեղ չհաջողեր, անցներ ճերմանիս և այնտեղից մարդիկ հրավիրեր: Նրանց նպատակն էր` հայթայթել ոչ թե կռվող զորք, այլ միայն գոռացող ու աղմուկ հանող ամբոխ, որ գիշերային ժամում կարողանար սարսափ ազդել թշնամուն:

Ճիղին վտակի մոտ նրանք բաժանվեցան: Իշխանը լեռան լանջերը բարձրանալով, դարձյալ սկսավ Գոռի վրա մտածել: Բայց այս անգամ ոչ իբրև թուլասիրտ հայր, այլ իբրև հայրենասիրտ զինվոր:

“Մինչև այսօր բյուր մեզ նմանները զո՛հվել են թշնամու սրին. դրա պատճառը եղել է այն, որ ամեն մի իշխան, յուր տոհմն ապահովել մտածելով կամ սիրելիների կյանքը խնայելով` ձեռնպահ է մնացել ընդհանուր գործին մասնակցելուց: Երկրի ժողովուրդը զոհ է գնացել այն երկչոտ զգացմունքներին, որոնք մի ժամ առաջ պաշարել էին իմ սիրտը: Փրկության սեղանը դադարել է ազատություն բաշխելուց, որովհետև այդ սեղանի վրա զոհ մատուցանող չկա... Բայց ես հրապարակական խոստում արի. ես ահավոր երդում երդվեցա. ինչպե՞ս կարող եմ այդ երդման դրժել... Իմ Գոռը հավիտյան հո չի ապրելու, մահը վաղ թե ուշ պիտի փակե նրա աչքերը, կարող է պատահել, որ նա մեռնի հենց իմ հարկի տակ, մի ապիրատ դավաճանի թաքուն հարվածից... Ինչո՞ւ ուրեմն չկամենալ, որ այդ մահը հանդիպե նրան հայրենիքի համար մղած կռվի դաշտում: Ինչու չցանկանալ, որ անփառունակ մահվան փոխարենը` նա մարտիրոսական պսակը ստանա. ինչո՞ւ չմխիթարվել այն քաղցր մտքով` թե աշխարհի մեջ ունեցածս ամենաթանկագին հարստությունը իմ հայրենիքի ազատության նվիրեցի... և վերջապես մի՞թե իմ Գոհարը որդվո մահն լսելուն պես` չի կարող հերոս հելլենուհու նման ասել, թե “հենց դրա համար ծնեցի որդիս...”:

Այս մտքերն այնպես ոգևորեցին իշխանին, որ նա չզգաց, թե ինչպես անցավ Գեղա դարևանդները և հասավ ամրոցի պարիսպներին:

Դռան մոտ թակ չգտնելով, նա վերցրեց մի ահագին որձաքար և զարկեց երկաթապատ դռներին: Փեղկերը դղրդացին, բայց աշտարակից պահապանի ձայն չլսվեցավ: Իշխանը նորից կրկնեց յուր հարվածը և այս անգամ միայն պահապանը յուր խռպոտ ձայնը լսեցրեց:

— Բացե՛ք դուռը: Ինչ քնելու ժամանակ է, հիմարներ, թշնամին ձեր առջևն է, — գոչեց իշխանը:

Մարզպետունու ձայնը ծանոթ էր Գեղա պահակներին: Իսկույն իրար զարթեցնելով դիմեցին նրանք բերդակալին, որ և շտապեց դուռը բանալու:

Իշխանը ներս մտնելուն պես հրամայեց շեփոր հնչեցնել և ամրոցի բնակիչները զարթեցնել:

— Ի՞նչ կա, տեր իմ, մի՞թե թշնամին մոտենում է արդեն, — սրտատրոփ հարցրեց բերդակալը:

— Ամեն մեկի հետ զատ-զատ խոսելու ժամանակ չունիմ. հավաքիր այստեղ ժողովուրդը, ասելիքս թո՛ղ ամենքը լսեն, — պատասխանեց իշխանը:

Բերդակալի հրամանով զինվորներն իսկույն ազդարար շեփոր հնչեցրին ամրոցի անցքերում: Բնակիչները սարսափահար վեր թռան տեղներից և յուրաքանչյուր տան կարող անձինքները դուրս թռան փողոց:

Կես ժամվա մեջ արդեն Գեղի բոլոր ժողովուրդը, ի բաց առնելով կանանց ու երեխայոց, հավաքված էր բերդի դռան հրապարակը: Նրանցից շատերը մինչև անգամ զինված էին սրերով ու նիզակներով:

Այստեղ հասան և այն զինվորները, որոնք պահպանություն էին անում բերդին: Իշխանը հրամայեց նրանց ջահեր վառել, որպեսզի կարենային միմյանց երես տեսնել: Ապա բարձրանալով ժայռի մի բեկորի վրա, սկսավ խոսել.

— Այսօր վերադարձրի Գեղ այստեղից փախչող բազմաթիվ անձանց: Նրանք պատմած կլիեին ձեզ, որ մենք արքայի հրամանով եկած ենք թշնամու դեմ, որ բանակած է այժմ Վեդիի հովտում: Այսքան մոտ չկարծելով թշնամուն, մենք բուն բանակից առաջ անցանք (իշխանը դիտմամբ ստեց` ամբոխին սիրտ տալու համար). բայց որովհետև թշնամին վաղը պիտի հարձակվի ձեզ վրա, ուստի ես իմ խմբով որոշեցի շփոթել նրա բանակը հենց այս գիշեր: Այդ մենք կանենք մեր անակնկալ հարձակումով: Դուք ամենքդ մեզ պիտի օգնեք այս գործում, հավատացած լինելով, որ հաղթությունը մեր կողմը պիտի լինի: Հակառակ դեպքում Գեղը վաղվանից ավերակ կդառնա:

— Մենք այստեղից ելնել չենք կարող... մենք կռվելու ուժ չունինք... մենք զինվոր չունինք... — սկսան խոսել ու գոչել այս ու այն կողմերից:

— Լռեցեք. ինձ լսեցեք, — հրամայեց իշխանը:

Ժողովուրդը լռեց:

— Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք և ոչ զենք: Այլ միայն այն, որ բոլոր այստեղ եղողներդ հետևեք ինձ և Վեդիի հովիտը պատող բլուրների վրա կենալով ձեր գոռոցն ու աղաղակը միացնեք հարձակում գործող մեր զինվորների ձայնին: Եվ եթե կգտնվեն ձեր մեջ մի քանի քաջեր, որոնք կցանկանան թագավորի ու թագուհու շնորհակալության արժանանալ, նրանք էլ ջահերով թշնամու վրանները կկրակեն: Հենց որ աղաղակն ու հրդեհն սկսվին, թշնամին շփոթված պիտի փախչի: Այն ժամանակ կոտորածը կանեն իմ զորքերը, իսկ ավարը կմնա գեղացոց:

Իշխանի խոսքերն ազդեցին ժողովրդի վրա: Թեպետ նրանցից ոմանք դարձյալ ընդդիմության աղմուկ հանեցին, բայց իշխանի առաջարկությունն ընդունողների թիվը շատ մեծ էր: Մի հասարակ աղաղակի կամ որևէ մի վրան կրակելու համար արքայական շնորհաց արժանանալու հույսը շատերի եռանդը վառեց: Իսկույն խմբեր կազմվեցան. զենք չունեցողը զենք առավ վրան. պահակներից շատերը ջահեր պատրաստեցին, ոմանք էլ հողե ամաններով կամ փոքր տիկերով կպրաձյութ վերցրին: Կային և մարդիկ, որոնք զինվեցան տապարներով կամ բահերով, և այսպես ամենքը միասին խմբվելով` լուռ ու մունջ դուրս եկան բերդից և հետևեցին իշխանի ձիու սմբակներին:

Առաջին պայմանը անձայն ու անշշուկ ընթանալն էր, որին ամբոխը հետևում էր զգուշությամբ: Իսկ իշխանը դիտմամբ ծանր էր առաջանում, մտածելով` թե մինչև սեպուհի դարձը ինքը կարող է տեղ հասնել:

Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ ուխտի զինվորների կացած տեղը հասնելով` տեսավ, որ սեպուհը վաղուց սպասում է իրան և որ Վեդիից ու Ճերմանիսից բերած մի բազմաթիվ ամբոխ խլրտում է լեռնալանջի ծմակում:

Իսկույն սկսան իրանց կարգադրություններն անել: Ամբոխը բաժանեցին երեք հավասար մասի: Նրանցից ամեն մինը պետք է բռներ հովտի մի զառիվայրը: Ջահավոր պահակները գաղտուկ պիտի մոտենային վրաններին: Հարձակման նշանը պետք է տար Մարզպետունին, իսկ առաջին կրակը պիտի վառեր սեպուհը: Այնուհետև պիտի փրթեր սոսկալի աղաղակ, որին կմասնակցեին բոլորը, առանց ընդհատելու: Կոտորածը կսկսեին միայն ուխտի զինվորները, աշխատելով սակայն չփակել փախչողների ճանապարհը:

Գիշերից բավական անցել էր. առավոտյան աստղը ծագում էր արդեն և արևելքի մեջ խավարն սկսում էր լուսից բաժանվել:

Հագարացիների բանակը ընկղմած էր խոր քնո մեջ: Կրակները վաղուց հանգել, և շարժումն ու շշուկը դադարել էին: Չէր լսվում նույնիսկ պահապանների քայլատրոփը: Ըստ երևույթին ոչ մի երկյուղ չունեին նրանք հայերից: Եվ ո՞վ պիտի համարձակեր հազար մարդուց բաղկացած այդ բանակի հանգիստը վրդովել: Նույնիսկ Բեշիրի վրանի առաջ պահապաններն անուշ խռմփում էին, երազելով անշուշտ Գեղա ամրոցի առումը, բնակիչների կոտորածը և գեղեցիկ հայուհիների գերումը...

Հանկարծ հովտի մեջ որոտաց Մարզպետունու ձայնը.

— Հառա՛ջ, քաջերս, աստված մեզ օգնական...

— Կեցցե՛ թագավորը, — գոռացին ուխտի զինվորները և հարձակվեցան:

Բլուրների վրա և լեռնալանջերում ամբոխն սկսավ գոռալ: Արձագանքը որոտաց հովտի մեջ և բանակի վրանները սկսան վառվել: Հագարացիք սարսափահար եղած դուրս թռան վրաններից, աղմուկն ու շփոթը տիրեց ամեն տեղ և ուխտի զինվորները իրանց կոտորածն սկսան: Հետզհետե վառվող վրանների լույսն ընկավ բլուրների վրա և երևան հանեց ամբոխի խմբերը, որոնք իրանց գոռյուն-գոչյունով և զանազան շարժումներով նմանում էին այդ բարձրություններից իջնող ստվար բանակների: Հագարացիք կարծելով թե շրջապատված են արդեն բազմաթիվ զորքերով, սկսան իրար կոտորելով փախուստ տալ դեպի Վեդիի հովտաբերանը, ամեն ոք աշխատում էր յուր անձը փրկել, ձի ունեցողը ձիով էր փախչում, հետևակը հետիոտն էր վազում, ամենքը թեպետ սրերը մերկացրած, բայց գրեթե ոչ ոք հարված չէր կշռում, այլ վահանը գլխին բռնած` հարվածներից ազատվիլ էր աշխատում:

Չնայելով, որ Բեշիրը կատաղած դուրս թռավ վրանից, հեծավ իսկույն յուր ձին ու սկսավ գոռալ և կարգի հրավիրել զորքը, բայց լսող չկար: Կրակի և մթության խառնուրդում չէր որոշվում որոնք են հայերը և որոնք հագարացիք: Բեշիրին այնպես թվաց, թե մի հսկայական զորություն սեղմել է յուր գրկում հագարացոց բանակը, բայց և այնպես մի քանի թիկնապահների օգնությամբ նա սկսավ վանել յուր վրանի վրա հարձակվող քաջերին, որոնց թվումն էր Գոռը:

Արի պատանին, կամենալով հաղթության պսակներից թանկագինը գրավել, խիզախել էր մինչև զորապետի վրանը: Հսկա հագարացին ահագին սուրը բարձրացրած պատրաստվում էր յուր հարվածը կշռել պատանու գլխին, երբ Մարզպետունի իշխանը, որ աչքից չէր թողնում քաջ որդուն, ետևից որոտաց.

— Թշվառական, ո՞ւմն ես հարվածում:

Այս ասելով նա պողպատիկ սուրը իջեցրեց Բեշիրի զրահապատ թիկունքին այնպես սաստկագին, որ նա սասանելով գլորվեցավ ձիուց: Իշխանն առաջ վարեց նժույգը նրան կոխկրտելու համար, բայց Բեշիրի թիկնապահները յուր դեմն արձանացան, և նա ստիպված էր յուր սրի հարվածները նրանց գլխին իջեցնել:

Բեշիրը, չնայելով յուր հաղթանդամ հասակին, ճարպկությամբ դուրս սողաց խռնված մարտիկների միջից և մահը իրան հետամուտ տեսնելով, արագությամբ աշտանակեց թիկնապահներից մեկի ձին և սրարշավ դուրս փախավ հովտից:

Այնուհետև փախուստն ընդհանրացավ. էլ ոչ մի տեղ դիմադրող չկար, ամենքն իրանց կյանքը փրկելու վրա էին մտածում:

Այս տեսնելով բլուրների վրա եղող խուժանը` որոտընդոստ աղաղակով ընկավ փախչողների ետևից: Ուխտի զինվորներից ազատվողները զոհ էին դառնում նրանց բրերին և տապարներին:

Հաղթությունը կատարյալ էր:

Առավոտյան դեմ հալածողները ետ դարձան և զարմանալով տեսան, որ ամբողջ հովիտը ծածկված է թշնամու դիակներով: Նրանք չէին կարողանում հավատալ, թե այդ ահագին կոտորածն իրանք են արել:

Իշխանի առաջին գործը եղավ այն, որ շուրջը ժողովե ուխտի զինվորներին և տեսնե, թե այս անհավասար կռվի մեջ ի՞նչ կորուստ է ունեցել ինքը:

Նա համարեց բոլորին և ցավելով տեսավ, որ երեք հոգի պակասում էին յուրայիններից, նրանք ընկել էին կռվի մեջ:

Այսուամենայնիվ, հաղթությունն այնքան մեծ ու փառավոր էր, որ այդ երեք հերոսների կորուստը ծանր վիշտ չպատճառեց նրանց: Ինքը իշխանը սեպուհի և Գոռի հետ միասին որոնելով գտավ սպանված հերոսների մարմինները և իսկույն էլ հրամայեց վրաններից մեկի մեջ պատսպարել: Ապա կարգադրեցին, որ ամբոխը ժողովե ավարը մի կողմ, իսկ դիակները ծածկե հողով:

Իսկույն սկսան վրանները քակել, դիակները կապտել և ամեն ինչ ժողովելով բերել իշխանների մոտ:

Խուժանի այդ տենդային աշխատությունը դիտելով` Գևորգ իշխանը դարձավ սեպուհին.

— Հիշո՞ւմ ես, Վահրամ, այն խոսքը որ ասացիր ինձ Գառնո դղյակում:

— Ի՞նչ խոսք, — հարցրեց սեպուհը:

— Այն, որ ասում էիր, թե “մի ծաղկով գարուն չի գալ”:

— Հիշում եմ:

— Է՜, ինչպե՞ս եղավ, մի ծաղկով գարուն բացվեցա՞վ թե ոչ:

— Օրհնյա՛լ է աստված, բացվեցավ, — պատասխանեց սեպուհը, և ժպիտը խաղաց նրա խոշոր դեմքի վրա:

Ը

ԾՈՎԱՄԱՐՏ

Մարզպետունի իշխանը, յուր գիշերային հարձակումը հաջողությամբ պսակելուց ետ, սուրհանդակ ուղարկեց Սևան` արքայական դրոշի տարած հաղթությունը թագավորին ավետելու:

Նույնպիսի ավետյաց լուրով շտապեց Գառնի Գոռ իշխանիկը: Գեղանի բերդակալուհին, որ դիտանոցից արդեն նշմարել էր ուրախության հայտարար դրոշը, դիմավորեց փեսացուին ամրոցի դռներում: Ավետյաց լուրը կայծակի արագությամբ տարածվեց բերդում: Գոհար իշխանուհին, որ ամուսնու և որդու հեռանալու օրից ի վեր շարունակ տանջվում էր տխուր մտքերով, եկավ և փարեց որդուն ուրախության արտասուքով: Դղյակի և ամրոցի բնակիչները խռնվեցան իսկույն պատանու շուրջը` հաղթության մանրամասնությունները նրանից լսելու: Ապա ամենքը միասին մտան եկեղեցի` գոհություն մատուցանելու աստծուն` ուխտի զինվորների ձեռքով կատարած այդ հրաշքի համար: Այնուհետե օրվա մնացորդներն անցուցին նրանք տոնակատարությամբ:

Բայց Գևորգ իշխանը այդ միջոցին զբաղված էր ուրիշ գործով: Նա հաստատ գիտեր, որ Բեշիրը չի հանգստանալ, մինչև որ յուր կրած պարտության վրեժը չլուծե: Ուստի առանց ժամանակ կորցնելու սկսավ նորանոր պատրաստություններ տեսնել, որպեսզի ոչ միայն ապագա հարձակմանց դիմադրե, այլև ինքը, հագարացիների ուժը ջլատելու համար, նորանոր հարձակումներ գործե:

Այդ նպատակով, ահա՛ թշնամու թողած ավարը յուր զինվորների և կռվին մասնակցող խուժանի մեջ հավասարապես բաժանելուց հետ, նա անմիջապես քաշվեցավ Գեղ, յուր բանակն այդտեղ կազմակերպելու համար:

Եվ որովհետև հաջողությունը միշտ հաջողություն է ծնում, ուստի այս անգամ նրա կոչին շատերն եկան: Գեղա ամրոցի բոլոր զորքերը, Վեդի ավանի և Ճերմանիս գյուղի զինավարժ բնակիչները, Ուրծաձորի փախստականները և այլն, գունդագունդ հասան Գեղ և մտան իշխանի դրոշի տակ: Նույնպես Գառնո բերդապահ զորքերից շատերը խնդրեցին Սյունյաց օրիորդին` միջնորդել իշխանի առաջ, որպեսզի իրանք ևս ընդունվին նրա բանակի մեջ: Այդ միջնորդությունը տեղի ունեցավ, և Գառնո զինվորները Գոռի հետ միասին փութացին Գեղ: Այսպիսով Գևորգ իշխանի բանակն ստվարացավ: Այժմ նա հինգ հարյուրից ավելի զինվոր ուներ, որոնք կարող էին կռվել բաց դաշտի վրա:

Բայց Բեշիրը Մարզպետունու հետ ընդհարվելու միտք չուներ: Յուր պարտությունը, փախուստը և զորքերի կոտորածը այն աստիճան էին նրան կատաղեցրել, որ մի Մարզպետունու հաղթելը կամ նրա “հրոսակները” ցրվելը գոհություն չէր պատճառիլ նրան: Նա որոշել էր դիմել Սևան, առնել նրա բերդը և բռնել այդտեղ ապաստանող հայոց թագավորին: Այդպիսի արիության գործը միայն կարող էր մոռացնել տալ նրան յուր կրած նախատինքը և սրբել այն արատը, որ ինքը յուր ձեռքով դրել էր հագարացոց դրոշի վրա:

Այդ միջոցներին Նսըր ոստիկանը հեռացել էր դեպի Ատրպատական` Գաբավոնացիների ապստամբությունը ճնշելու համար: Նա Բեշիրին կարգել էր Դվինում իբրև լիազոր տեղակալ: Այդ հանգամանքը, մանավանդ, տանջում էր զորապետին, որովհետև հենց յուր այդ լիազորության օրերում նա ամոթալի պարտություն կրեց Մարզպետունու քսան զինվորներից: Այդ անլուր նախատինքը նա պիտի աշխատեր մեծագույն մի հաղթանակով ծածկելու:

Եվ ահա՛ նա հրամայեց ժողովել Դվին բոլոր հագարացի զորքերը, բերդերի պահակախմբերը, հետ դարձնել, մինչև անգամ, արաբացի հրոսակներին, որոնք մինչև այն ավարում էին անպաշտպան գյուղերը, և կազմել այդ բոլորից այնպիսի մի բանակ, որի տեսքից միայն թագավորը սարսափեր:

Երբ ամեն ինչ կազմ ու պատրաստ եղավ, նա ելավ Դվինից գիշերանց և ուղղվեցավ դեպի Սևան:

Եվ որովհետև դեռ երկյուղ էր կրում Մարզպետունու անակնկալ հարձակումից, այդ պատճառով նա Գեղա լեռներից չանցավ. այլ Մազազը պատելով` մտավ Կոտայք:

Գևորգ Մարզպետունին, ընդհակառակը, սպասում էր Բեշիրին Գեղա ամրոցում, որովհետև հավատացած էր, թե նա իրանից միայն պետք է յուր պարտության վրեժն առնե:

Երեք օրից հետ հագարացոց բանակը Գեղամա ծովափունքը բռնեց, զարկելով յուր վրանները ուղիղ Սևանա հանդեպ:

Բայց Բեշիրը, որ բնավ գաղափար չուներ այդ կղզու մասին, մնաց տարակուսած, երբ տեսավ նրան չորս կողմից շրջապատ:

— Ինչպե՞ս պիտի գրավենք այս տարօրինակ ամրոցը, — մտածեց նա ինքն իրան և խորհրդի հրավիրեց յուր գնդապետներին:

Նրանցից ոմանք խորհուրդ տվին լաստեր կազմել տալ և նրանց միջոցով զորքը հանել կղզին: Ոմանք ծովակի հատակը խոր չտեսնելով` առաջարկեցին հողով և քարերով լցնել այն անջրպետը, որ կղզին բաժանում էր ափից, և նրա վրայով հասնել մինչև ամրոցը: Իսկ մի ծեր զինվորական, որ ծանոթ էր հագարացիների դարեր առաջ Հայաստանում արած ավերածությանց պատմության, առաջարկեց զորապետին ծովակն արձակել:

— Ինչպե՞ս թե ծովակն արձակել,-զարմացած հարցրեց Բեշիրը:

— Այնպես, ինչպես որ երկու հարյուր տարի առաջ Մահմեդ Բ. ոստիկանն արավ,-պատասխանեց զինվորականը:

— Բայց նա ինչպե՞ս արավ:

— Երեք տարի շարունակ այս կղզին պաշարեց, բայց գրավել չկարողացավ, որովհետև կղզեցիները յուր բոլոր հնարները ի դերև էին հանում: Քանի՛-քանի՛ անգամ նա լաստեր շինեց և բազմաթիվ զորք հանելով նրանց վրա, կղզին շրջապատեց: Բայց հայերը քարընկեց մեքենաներով ժայռեր էին գլորում այդ լաստերի վրա և ջրի տակը խորասուզում նրանց: Շատ անգամ էլ երկաթե երկար կարթերով քաշում էին լաստերը դեպի կղզու ժայռերը և վառած նավթ ածելով զորքի վրա, ցրտկում նրանց: Ոստիկանը փորձեց մինչև անգամ երկարամյա պաշարմամբ սովամահ անել կղզեցիներին, բայց այդ էլ չկարողացավ, որովհետև նրանց վարժ լաստավարները ելնում էին կղզուց գիշեր ժամանակ և շրջակա ափերը հասնելով` առատ պաշար էին բերում կղզին այնպիսի ժամանակ, երբ հագարացիներից ոչ ոք չէր կարողանում խանգարել նրանց: Երբ ոստիկանը ամեն կողմից հույսը կտրած կամենում էր պաշարումը թողնել և հեռանալ, մեր արաբացի գիտուններից մինը, որ գտնվում էր այդ ժամանակ Մուհամեդի բանակում, եկավ և խնդրեց նրան հրաման տալ իրան կղզին առնելու մի նոր հնարք գտնել: Ոստիկանը շնորհեց արաբացուն այդ իրավունքը: Եվ նա մի քանի օր շարունակ ծովակի շուրջը պտտելուց հետ եկավ և հայտնեց ոստիկանին, թե գտել է ծովն արձակելու և Սևանն ափից բաժանող անջրպետը ցամաքեցնելու հնարը: Երբ Մուհամեդը զարմացած հարցրեց, թե “ո՞րն է այդ”, նա պատասխանեց. — Սևանա լիճը գտնվում է շատ բարձր լեռների վրա, և այդ լճից ելնում է Հրազդան մեծ գետը: Այդ հանգամանքը ցույց է տալիս, թե հնարավոր է Սևանը պատող ափերից մինը փլցնել և դեպի շրջակա ձորերը անցք բանալով` ծովակի ջուրը դատարկել:

Արաբացի գիտնականի գյուտը հավանական գտավ Մուհամեդը և հրամայեց իսկույն փորել այն ափը, որ հարմար էր գտնում հնարագետը: Մի քանի շաբաթվան ընթացքում արաբացի զորքերը պատրաստեցին մի հսկայական ջրանցք, որտեղից ծովակի ջուրն սկսավ հոսել դեպի յուր շուրջը պատող ահավոր ձորերը: Հոսանքը բանալուց երկու-երեք օր հետո այս անջրպետը, որ ահա մեր առջևն է, ցամաքեց բոլորովին և Մուհամեդի զորքը անաշխատ մտավ կղզին, գրավեց հինավուրց բերդը, որ, ասում էին, յուր հիմնարկության օրից ի վեր դեռ ոչ մի զորավոր թշնամի չէր կարողացել գրավել, ապա սկսան կոտորել բնակիչներին, կողոպտել գանձերով հարուստ եկեղեցիները, գերի վարել այդտեղ ապաստանած հայազն իշխանուհիներին...

— Այդպես էլ մենք կանենք, — ընդհատեց Բեշիրը զինվորականին: -Ո՛վ որ ձեզանից կարող է այդ հինավուրց ջրանցքը գտնել, թող շտապե, ես նրան ամենամեծ պարգևը կտամ:

— Այդ գիտնականը, տեր, իմ նախահայրերից մինն էր, — շարունակեց զինվորականը, — և այդ պատմությունը ավանդաբար մնացել է մեր ընտանիքում: Գուցե դարձյալ նախկին հնարագետի թոռներից մինին հաջողի այդ գյուտը, ուստի խնդրում եմ ինձ շնորհել այդ հետազոտության իրավունքը:

Բեշիրը զիջավ հնարագետի ժառանգին խնդրած իրավունքը, և նա յուր մի քանի ընկերներով շտապեց Գեղամա ծովափունքը հետազոտելու:

Բայց որպեսզի այդ հնարը չհաջողելուց ժամանակ չկորցնե, նա հոգաց նաև մյուս միջոցների մասին, այն է` փայտահարներ ղրկեց մոտակա անտառը, որպեսզի գերաններ կտրեն լաստերի համար:

Թողնենք այժմ հագարացիներին իրանց պատրաստությանց հետ և տեսնենք, թե ի՞նչ էին անում այդ ժամանակ Սևանա կղզում:

Առավոտ էր, երբ վանական հայրերից մի քանիսը ծովափն իջնող հրոսակների գնդերը նշմարեցին: Արաբական դրոշը ծանոթ էր նրանց, ուստի աճապարանոք խուցերը վազեցին` վանահորն ու միաբաններին այդ նորությունը հայտնելու: Երբ վերջիննները բլուրը ելան` ծովափը դիտելու, թշնամու հեծելագնդերը բռնել էին արդեն հանդիպակաց տափաստանները:

Մարզպետունու հաղորդած լուրը չէր հարմարում այս անակնկալ նորության: “Եթե Բեշիրը հաղթված էր, ապա ո՞րի զորքերն էին Սևանի վրա հարձակվողները...”: Այս միտքը երկյուղ բերավ միաբանների վրա:

Բայց երբ այդ մասին հայտնեցին թագավորին, նա ամենի կասկածը փարատեց` ասելով.

— Մարզպետունուց ջարդ ուտելու պատճառով է, որ Բեշիրը հարձակվել է մեզ վրա. նա իշխանի վրեժը կամենում է լուծել թագավորից:

— Ի՞նչ պիտի անենք այժմ, — սրտատրոփ հարցրեց թագուհին, որ միաբանների հետ միասին գտնվում էր թագավորի մոտ:

— Ոչինչ, — անհոգ եղանակով պատասխանեց թագավորը, — եթե արաբացիք կփորձեն մոտենալ մեր կղզուն, մենք կջարդենք նրանց լաստերը և իրանց էլ ջրի հատակը կխորասուզենք:

— Բայց ի՞նչ ուժով, մենք այստեղ ընդամենը հարյուր զինվոր ունինք, — հարցրեց թագուհին երկյուղագին:

— Հարյուր էլ միաբան, — հարեց թագավորը. — ով որ ազգի հացն ուտում է, ազգի համար էլ կարող է կռվել:

— Մենք պատրաստ ենք. մենք չենք փախչիլ կռվից, — դիտեց վանահայրը. — միայն թե զենք է պակասում մեր եղբարց:

— Զենք շատ ունին նրանք, — պատասխանեց թագավորը. — կղզին, փառք աստուծո, ժայռապատ է. իսկ լաստերի հետ կռվելու համար հարկավոր չէ սուր կամ նիզակ: Հրամայիր, որ քարհատները ժայռեր պոկեն կղզու խարակներից և ժողովեն նրանց ափերի մոտ: Մեր սուրբ հայրերը, կարծում եմ, քարկոծել կարող են. հետևապես, երբ իմ զինվորները կսկսեն նետահարել և կամ կարթերով լաստերը քաշել, նրանք էլ իրանց տարափը կտեղան:

— Այդ կարող ենք անել...

— Թույլ չենք տալ, որ կղզուն մի լաստ մոտենա...

— Բոլորին կխորասուզենք...

Այս ու այն կողմից եռանդով խոսեցին միաբանները:

Տակավին այս խորհրդի մեջ էին թագավորն ու կղզեցիք, երբ արքայի թիկնապահներից մինը ներս մտնելով հայտնեց, թե թշնամու կողմից զրկված մի նավակ գալիս է դեպի կղզին:

— Թո՛ւյլ տվեք, որ մոտենա, մի նավակը մեզ չարիք բերել չի կարող, — հրամայեց թագավորը: Ապա ելնելով յուր կացարանից` պատվիրեց թիկնապահներին սպառազինվել իսկույն և իջնել կղզու տափարակը: Նույն տեղ ժողովելու պատվեր տվավ նաև միաբաններին:

Երբ ամենքը հավաքվեցան, թագավորը նույնպես իջավ այդտեղ և զինվորները առաջից, իսկ միաբանները վերջից կարգերով, կանգնեցրեց նրանց կղզու մուտքի կամ պարիսպների առաջ այնպիսի մի ձևով, որ ափին մոտեցողը կկարծեր, թե կղզին լիքն է զորքերով:

Նավակը, որ վարում էր ցամաքաբերդցի մի հայ, մոտեցավ ափին: Նրա մեջ նստած էին երկու հագարացի իշխաններ և մի քանի զորական: Ելնելով ցամաք, նրանք հայտնեցին, թե Բեշիր զորապետի կողմից պատգամ են բերել հայոց թագավորին, ուստի կամենում են տեսնել նրան:

Արքայի հրամանով թիկնապահները առաջնորդեցին նրանց դեպի արտաքին տունը, ուր գտնվում էր այդ ժամանակ թագավորը: Նա չէր ցանկանում, որ օտարները կղզու ներսը տեսնեն, ուստի պատգամավորներին ընդունեց այդտեղ:

— Ի՞նչ բարի հրաման, — հարցրեց թագավորը ժպտալով:

Պատգամավորները գլուխ խոնարհելով պատասխանեցին.

— Բեշիր զորապետը բարեհաճեց յուր ողջույնն ուղարկել հայոց թագավորին և հայտնել, որ ամիրապետի հրամանով ու դրոշով նա եկել է Սևան կղզին առնելու և իրան, թագավորին, գերելու: Բայց որովհետև ինքը Բեշիրը ի ներքուստ բարեկամ է արքային, ուստի առաջարկում է նրան գալ յուր վրանը` խաղաղության ու բարեկամության դաշն կռելու, իսկ Սևանը առանց կռվի հանձնել իրան, իբրև ամիրապետի իշխանության պատկանող կալված: Հակառակ դեպքում, — ավելացրին պատգամավորները, — զորապետը չպիտի խնայե ո՛չ քո անձին և ո՛չ Սևանի բնակիչներին:

Թագավորը թեպետ խորը վիրավորվեցավ այս հանդուգն խոսքերից, բայց յուր սառնությունը պահել աշխատելով, ժպտալով պատասխանեց.

— Հայոց երկիրը ամիրապետինն է. ոչ ոք կարող է այդ ուրանալ, ուրեմն հարկ չկա կռիվ մղել այս կղզու դեմ, քանի որ նրա մուտքը փակված չէ ձեր առաջ: Իսկ ինչ վերաբերում է ինձ, հայտնեցեք Բեշիր զորապետին, որ շատ զգացված եմ նրա ողջույնի և ինձ առաջարկած բարեկամության համար: Ասացեք, որ վաղ առավոտ անձամբ կգամ նրան ողջանելու: Տեսությունս հետաձգում եմ մի օր այն պատճառով, որ կարողանամ պատրաստվել և պարտ ու պատշաճ մեծարանքով դիմավորել զորապետին:

Պատգամավորներն հիացան թագավորքի խոնարհ ու քաղաքավար պատասխանի վրա, որովհետև նրա սիրտը թափանցել չկարողացան, ուստի ուրախ — ուրախ իրանց նավակը դառնալով` դեպի բանակն ուղղվեցան:

Երբ Բեշիրը թագավորի պատասխանը լսեց, հրճվեցավ. նա հավատաց, որ թագավորը սարսափել է արդեն յուր զորքի բազմությունից և թե յուր տեսությունը հետաձգել է այն պատճառով, որ արժանավոր ընծաներ պատրաստե յուր համար:

Բայց թագավորը դառնալով յուրայինների մոտ, հայտնեց, որ պատրաստվին վաղը ևեթ թշնամու վրա հարձակվելու:

Արքայի թիկնապահները, որոնց թիվը հազիվ հարյուրի էր հասնում, մնացին ապշած:

“Ինչպե՞ս թե հարձակվել թշնամու վրա. ի՞նչ կարող ենք անել մենք այն ահագին բանակի դեմ...”, մտածեցին նրանք:

Թագավորն այդ իմացավ և զինվորներին դառնալով հարցրեց.

— Կուզե՞ք, որ ձեր թագավորը գերվի Բեշիրից:

— Երբե՛ք, — գոչեցին նրանք միաբերան:

— Պատրաստվեցեք ուրեմն կռվելու: Իշխան Մարզպետունին քսան հոգով ջախջախեց այս բանակը, մի՞թե դուք, հարյուր հոգիք, նույնը չեք կարող անել:

Մարզպետունու քաջերի անունը ցնցեց զինվորներին:

— Առաջնորդի՛ր մեզ, տեր արքա. մենք հետ չենք մնալ նրանցից, — գոչեցին նրանք եռանդով:

— Ես ձեզ հետ կլինեմ մինչև իմ վերջին շունչը, — ասաց թագավորը: Ապա դառնալով կղզու դարանապետին հարցրեց. — քանի՞ լաստի պատրաստություն ունի կղզին:

— Քսան, եթե գործածական նավակները չհաշվենք,-պատասխանեց դարանապետը:

— Այդ բոլորը թող հանվին դարաններից: Վաղ առավոտ, դեռ արևը չծագած, նրանք պատրաստ պիտի լինին ծովն իջնելու:

— Պատրաստ կլինին նույնիսկ այս գիշեր, — հարեց դարանապետը և գլուխ խոնարհելով արքային, հեռացավ:

Թագավորի ձեռնարկությունը ավելի քան հանդուգն էր: Մի քանի տասնյակ զինվորներով գնալ հազարավորների դեմ և այն` ջրերի խորքից նրանց հետ կռվելու համար, կնշանակեր` գնալ իսկական մահվան դեմ:

Վանքի միաբանները, որոնք ավելի լավ էին կշռում վտանգի մեծությունը, խոսեցին այս մասին թագուհու հետ, իսկ վերջինս եկավ արքային համոզելու, որ հետ կանգնե նա յուր մտադրությունից:

— Այս կղզու մեջ մենք կարող ենք ապահովապես պաշտպանվել, — ասաց նրան թագուհին. — մեր ունեցած զորքը և նրա հետ էլ վանքի միաբանությունը կարող են հաջողությամբ հետ մղել ափերից թշնամու լաստերը: Դրա համար կղզին ունի ամեն հարմարություն: Իսկ կղզուց դուրս` չկա քեզ համար հենարան, թշնամին յուր նետերի տարափով կծածկե քո հարյուր զինվորներին, այնուհետև կղզին կմնա արաբացոց կատաղության նշավակ:

— Երկու զորավոր պատճառներ ստիպում են ինձ այդ քայլն անելու, — պատասխանեց թագավորը, — առաջինը` իմ արքայական պատվասիրությունը: Այս գոռոզ հագարացին համարձակվեցավ պատգամավոր ուղարկել ինձ և Սևանը պահանջել, անվանելով նրան ամիրապետի կալված: Բացի այդ, նա ինձ հրավիրեց յուր բանակը բարեկամության դաշն կռելու, որ իրանց լեզվով կնշանակե` գերության շղթայով կապվելու... Այդ թշվառականը, որ ջարդ է կերել Մարզպետունու քսան զինվորներից, այնքան անզոր է համարում հայոց թագավորին, որ համարձակվում է այսօրինակ նվաստացուցիչ առաջարկություն անել նրան: Այժմ իմ պարտականությունն է հասկացնել նրան, որ առյուծը գառագղի մեջ էլ առյուծի սիրտ է կրում... Բացի այդ, Մարզպետունու օրինակը իմ առջևն է. որքա՛ն էլ իմ զինվորների թիվը նվազ, այսուամենայնիվ ես պիտի հարձակվեմ, որովհետև ամոթ է, որ Աշոտ-Երկաթը Գևորգ իշխանի չափ գոնե կորով չարտահայտե այս դեպքում: Երկրորդ պատճառը, որ առավել զորավոր է, այն է` որ կյանքը կորցրել է յուր արժեքը իմ աչքում, նա դարձել է ինձ համար տանջարան, ես աշխատում եմ փախչել նրանից... Այս մասին շատ եմ խոսել քեզ հետ. և դու գիտես, թե որքա՜ն իրավունք ունեմ ես մահվան փափագելու... Այժմ ահա՛ հասել է ժամը, և ես պիտի օգուտ քաղեմ նրանից... ես վայրկյան առաջ կամենում եմ ազատվել խղճի խայթերից, հոգվո անվերջ տանջանքներից... Եվ այս դեպքում ինձ մնում է տակավին մի մխիթարություն, այդ այն է, որ այս կռվի մեջ ստացածս մահը կարող է իմ անունը փառավորել: Ես, իհարկե, չեմ մտածում իմ հիշատակի, այլ հետնորդների մասին, իմ մահվամբ ես մի խրախուսական օրինակ կթողնեմ նրանց համար...

— Առաջին պատճառը և՛ հարգելի, և՛ իրավացի է. բայց երկրորդը` անիրավ, — պատասխանեց թագուհին: — Եթե կյանքը բեռն է դարձել քեզ համար, և դու կամենում ես նրանից ազատվել, դա քո իրավունքն է. բայց քեզ հետ միասին տանել մահվան դեմ ուրիշ հարյուր հոգի, անիրավացի է: Այդ մարդիկը գուցե կղզում պատսպարվելով ազատ մնային վտանգից, ինչո՞ւ աշխարհից ելնելու վայրկենին իսկ ծանրաբեռնվել հանցանքներով... Ինչո՞ւ պատճառ դառնալ ընտանիքների դժբախտության, զրկել նրանց կերակրող ձեռքերից...

— Այդ դեպքում արդեն թույլ չեմ տալ, որ ինձ մեղադրեն, ես արդեն չափել եմ, կշռել իմ քայլը և գիտեմ, թե նա ո՛ւմ կարող է վնասել: Այս հարձակումը գուցե մի զո՛հ ունենա, բայց այդ զոհը կլինի նա, ով հետամուտ է մահվան, մնացյալները հաղթանակով կվերադառնան:

— Տարօրինակ մի գուշակություն է այդ...

— Այդպես է. Բեշիրն այժմ անհոգ նստած յուր վրանում` սպասում է իմ անձնատուր լինելուն կամ մեր կղզու “մեծագին գանձերին”... Նրա պատգամավորներն այնպիսի պատասխան տարան այստեղից, որ նա ուրիշ բանի սպասել չի կարող: Ուրեմն անխորհուրդ կերպով չեմ ես այս քայլն անում, թող անհոգ լինին միաբանները, անհոգ լինի և թագուհին:

— Եվ թագուհի՞ն... Ուրեմն դու հավատում ես, որ նա կարող է անհոգ լինել, երբ թագավորը հետամուտ է լինում մահվա՞ն...

— Չէի կամենալ վիշտ պատճառել քեզ... Բայց իմ վճիռն անդարձ է: Ինչ հետևանք էլ որ նա ունենա, դու պիտի հաշտվես նրա հետ: Իմ երջանկության օրերում անգամ ես թույլ չեմ տվել, որ անձնասիրությունը գերակշռե իմ մեջ պատվասիրության, ի՞նչպես կարող եմ թույլատրել այդ ա՛յժմ, երբ դեպի իմ անձը տածում եմ միայն ատելություն...

— Օ՛, ինչպե՛ս անգութ ես... գոնե վերջին պատճառն ինձ չհայտնեիր, գոնե զգալ չտայիր ինձ, թե դիմավորում ես մահվան այն պատճառով, որ չունիս աշխարհում այլևս մեկը, որի համար կամենայիր դու ապրել...

Այս ասելով թագուհին հեռացավ թագավորից և վշտահար սրտով յուր կայանը դարձավ:

Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, լաստերը պատրաստ ջրի վրա էին: Թագավորի ներկայությամբ զինվորները նետաձգության փորձեր էին անում: Նա կամենում էր ստուգել, թե որո՞նք կարող են պիտանի լինել արշավանքին, որպեսզի լաստերի վրա անշահ մարդիկ չվերցնե:

Յուր հարյուր զինվորներից նա ընտրեց միայն յոթանասուն հոգի, որոնք կորովի, մազից չվրիպող նետաձիգներ էին: Դրանց բոլորին տեղավորեց տասը լաստի վրա, յուրաքանչյուր լաստին հատկացնելով յոթ զինվոր, իսկ լաստավարներ կարգեց միաբաններից, որոնք հաջողակ էին այդ գործում:

Ապա ընտրեց յուր համար մի թեթևաշարժ նավակ, ուր վարողներից զատ տեղավորեց նաև յուր ազատանի թիկնապահները: Այնուհետև հրաման տվավ կղզում մնացող զորքին և միաբանությանը, որ շարունակ դիտեն յուր շարժումը և նշան տալուն պես բոլորը նիզակներով զինված ելնեն լաստերի վրա և առաջանան դեպի թշնամին: Այդպես պիտի անեին նրանք, ցույց տալու համար, թե կղզուց նոր զորք է հասնում օգնության:

Երբ արևը, Այծեմնասարի ետևից ելնելով` բարձրացավ մի ասպարեզ, թագավորի փոքրիկ նավատորմը սկսավ մեղմ ընթացքով դեպի Բեշիրի բանակն առաջանալ: Արքայի նավակը, որ զարդարված էր դրոշակներով, գնում էր առջևից, իսկ լաստերը հետևում էին նրան զույգ-զույգ: Զինվորները թեպետ համակ զրահազգեստ, բայց ամփոփած ունեին նիզակներն ու վահանները, որպեսզի կարծել տան թշնամուն, թե զինվորված չեն գալիս իրանց մոտ: Հազիվ քանի մի հարյուր գրկաչափ հեռացան նրանք կղզուց և ահա Բեշիրի գունդերը եկան խռնվեցան ափերի վրա` հայոց թագավորի և նրա շքախմբի գալուստը դիտելու: Նրանցից շատերն անզեն էին. շատերը, մինչև անգամ, բոկոտն կամ կիսով չափ հագնված: Ոչ ոք նրանցից չէր սպասում հարձակման:

Իսկ Բեշիրը, որ ձգված էր յուր զարդարուն վրանում, երբ Աշոտ Երկաթի գալուստն իմացավ, հրամայեց, որ շքադիր խմբերը գան և վրանը պատեն, որպեսզի հայոց թագավորը տեսնե ամիրապետի զորավարին կատարյալ շքեղության մեջ: Ապա նա հագավ յուր հարուստ զգեստները, ծածկեց ոսկե ցցունքով զարդարուն ապարոշը, կապեց դամասկյան ոսկեզարդ սուրը և փառավոր օթոցի վրա բազմելով, սպասում էր հյուրին: Նա որոշել էր պատվով պահել թագավորին մի քանի ժամ. մինչև որ հետը բերած ընծաները նա կհանձներ յուր գանձապահին, իսկ հետո կհրամայեր շղթայի զարնել, որպեսզի Սևանն առնելուց հետո հետիոտն տաներ նրան Դվին:

Այն ժամանակ հայերը թո՛ղ ճանաչեն Բեշիրին, թո՛ղ սարսափահար լինին նրա անունը լսելուց, և այն սրիկա իշխանը, որ համարձակվեց գիշերանց իմ բանակի հանգիստը խռովել, թո՛ղ գա ծնկաչոք ներողություն խնդրելու և Դվինի զնդանում յուր դժբախտ գլուխը լալու...”:

Այս մտքերով էր զբաղված Բեշիրը, երբ Աշոտ արքայի տորմիղն սկսավ մոտենալ ափին: Հագարացի հրոսակները սկսան ավելի և ավելի խռնվել ավազուտի և ժայռերի վրա: Մոտեցող լաստերը իրանց զրահազգեստ զինվորներով` տեսնելու գեղեցիկ խաղալիքներ էին թվում նրանց:

Հանկարծ թագավորը, կապարճակրի ձեռքից արծաթե աղեղն առնելով, գոչեց.

— Ժամանակ է, քաջեր, նետերնիդ տեղացեք...

Զինվորները մի ակնթարթում վահանները ձեռք առան և լայնալիճերը լարելով սկսան արագ-արագ նետաձիգ լինել դեպի հագարացիները:

Մի զարհուրելի աղաղակ ու իրարանցում փրթեց ծովափին: Արաբացիք գլուխները կորցրած սկսան իրար հրելով և կոխկրտելով դեպի վրանները վազել, բայց քաջաձիգ հայերի նետերը սաստիկ արագությամբ տեղալով հետևում էին նրանց և թավալում շատերին ավազուտի մեջ, ժայռերի վրա կամ նույնիսկ վրանների առաջ: Ո՛չ մի նետ ապարդյուն չէր սլանում, ո՛չ մի ճայթյուն առանց զոհի չէր անցնում:

Բեշիրը տակավին գեղեցիկ երազներ էր տեսնում, երբ յուր բանակի մեջ փրթող զարհուրելի աղաղակը լսեց, նա շփոթված վեր թռավ տեղից և վրանի դռնում թիկնապահներին պատահեց, որոնք սրտատրոփ, այլայլված հայտնեցին նրան, թե հայերը հարձակվել են իրանց վրա:

— Օ՛ն անդր, ի զե՛ն, — գոռաց նա խռպոտ ձայնով և սուրը հանելով վազեց դեպի առաջ: Բայց փախչող զորականի խռանը պատահելով` ստիպված եղավ հետ մղվել դեպի յուր թիկնապահները:

Այսուամենայնիվ զորապետն իրան չկորցրեց, նա աշտանակեց իսկույն յուր ամեհի նժույգը, որ բերավ նրան թիկնապահներից մինը և ահավոր սուրը հանելով գոռաց.

— Արաբացի քաջեր, մի՛ թուլանաք, մի՛ շփոթվեք, օ՛ն, հետևեցեք ինձ... հառա՛ջ, սուսերավորներ, հառա՛ջ, նիզակավորներ... թշնամին սակավաթիվ է, հարձակվեցե՛ք, ջարդեցե՛ք նրան...

Բայց զորապետին քչերն էին հետևում, իսկ թիկնապահները գոռում էին.

— Թշնամին ծովի վրա է, տեր, ի՞նչ կարող են անել նրանց մեր սրերն ու նիզակները...

— Օ՛ն ուրեմն, հառա՛ջ, նետաձիգ քաջեր. ցույց տվեք անհավատներին ձեր բազկի զորությունը, ծովակուր արեք այդ սրիկաներին, — գոռում, գոչում էր զորապետը:

Նետաձիգները, արդարև, խմբվեցան նրա շուրջը և ասպարափակ կազմելով սկսան հառաջանալ դեպի ծովափը: Նրանցից շատերն սկսան քաջաբար աղեղները լարել, նետեր արձակել, բայց բնությունն ինքը օգնության էր հասնում հայերին: Արևը նրանց ետևը լինելով` յուր հրափայլ ճառագայթներով խտղտում էր արաբացի զինվորների աչքերը, այդ պատճառով նրանք չէին կարողանում իրանց նետերն ուղղել նպատակին, այլ մեծ մասամբ ձգում էին ծովի դատարկ տարածության մեջ: Մինչդեռ հայերն, ընդհակառակը, չէին շեղում նպատակից: Նրանց պողպատյա փքինները թափանցում էին թշնամու ասպարափակը, պատառում էին կաշվե վահանակները և անարգել ցցվում զրահապատ կրծքերի մեջ, խլում զորականի սաղավարտը, փշրում նրա երեսակալը կամ շամփրում ասպարից դուրս գտնվող սրունքները: Ծովափը հետզհետե ծածկվում էր դիակներով, և սակայն Բեշիրը դիմադրում էր համառությամբ, հուսալով վերջ ի վերջո վանել ծովի միջից հերոսաբար կռվող քաջերին: Բայց նրանք ընդհակառակը, զորանում և ավելի ու ավելի մոտենում էին ափին: Այդ հանգամանքը զարմացնում էր արաբացիներին:

Հանկարծ թագավորի նավակի մեջ բարձրացավ մի կարմիր դրոշ և սկսավ ծածանել օդի մեջ: Դա կղզեցիներին որոշ հրաման տվող նշանն էր:

Իսկույն կղզու առաջ սկսան երևալ նորանոր լաստեր, որոնք հետզհետե դուրս էին գալիս խարակների ետևից և առաջանում դեպի հայոց նավախումբը: Թշնամին պարզ տեսնում էր, որ նրանք լցված էին մարդակույտ բազմությամբ: Երկարաբուն նիզակները, որոնք ճոճում էին լաստերի վրա, ցույց էին տալիս, որ եկողները նոր զորախմբեր են: Պղնձե վահանները և բազմատեսակ զենք ու զրահները, որոնք փայլում էին այդ լաստերի վրա, մի առանձին սպառնական տեսք էին տալիս նրանց:

Բեշիրի զորքերն սկսան վախենալ, նրանցից շատերը, մինչև անգամ, որոշեցին նահանջել կամ միանգամայն փախչել: Որովհետև մտածում էին. “Եթե կռվող տորմիղը այսքան մեծ կոտորած է անում, ի՞նչ կլինի մեր դրությունը, եթե օգնական լաստերն էլ հասնեն”: Իսկ այս վերջիններն ավելի բազմաթիվ էին:

Զորապետը նկատեց զորքի այդ խլրտումը և ավելի սկսավ խրախուսել նրանց, բայց յուր ձայնն այլևս չէր ոգևորում լքվածներին: Իզուր նա գոռում և փրփրերախ նժույգն այս ու այն կողմն էր վազեցնում, երկյուղը հետզհետե պաշարում էր ամենքին: Նրա համհարզներից մինը, մինչև անգամ, մոտեցավ և խորհուրդ տվավ նրան նահանջի փող հնչեցնել:

— Այդ հայերը, տե՛ր, մեծ պատրաստություն ունին, — ասաց նա զորապետին. — փոքրիկ տորմիղով մեր դեմ խիզախելը միայն մի պատրվակ էր, որով նրանք կամեցան քաշել մեզ դեպի կռիվ և զբաղեցնել, զորավոր հարձակումը անշուշտ նոր պիտի սկսեն:

— Այդ եկողներին էլ կջարդենք մենք, — գոռաց զորապետը:

— Չենք կարող, որովհետև նրանց ուրիշները կհետևեն: Երբ ես պատգամավոր գնացի թագավորի մոտ, նրա կղզին լիքն էր զորքերով, մենք պիտի խույս տանք կոտորածից, — պնդեց համհարզը:

Նրանք դեռ այս վեճի մեջ էին, երբ նետաձիգների մի խումբ, որ հանդիպակաց էր կռվող լաստերին, չկարողանալով այլևս դիմադրել նրանց` երես դարձրավ և սկսավ փախչել:

Բեշիրը կատաղած ու այլայլված արշավեց դեպի նրանց, բայց հուսահատ խուժանին դիմադրել չկարողացավ: Սաստիկ հոսանքն առավ յուր մեջ նրա նժույգը և առաջ վարեց: Մյուս կռվող խմբերը, որոնք տակավին դիմադրում էին հայերին` տեսնելով զորապետին փախչող խուժանի մեջ, կարծեցին, թե նա խույս է տալիս ճակատից, ուստի իրանք էլ դիմադարձ եղան և սկսան փախչել: Նահանջն ընդհանուր դարձավ. Բեշիրը դադարեց գոռալուց և յուր գնդապետների հետ միասին հետևեց փախչող զորքին:

Բայց թշնամու նահանջը նոր եռանդ ներշնչեց հայերին: Նրանց լաստերն ալիքների վրա սուրալով` հասան եզերքին, մարտիկները իրար ետևից դուրս թռան ցամաք և ահագին աղաղակով ընկան թշնամու ետևից: Հասան շուտով և այն լաստերը, որոնք ահաբեկել էին թշնամուն: Դրանց վրա եղողները ոչ այլ ոք էին, եթե ոչ մնացորդ երեսուն զինվորները, որոնց թագավորը թողել էր կղզում, և Սևանի հոգևոր միաբանությունը: Վերջիններս արքայի հրամանով հանել էին վեղարներն ու խույրերը և ծածկել սաղավարտներ, իսկ ձեռքներին բռնել վահան և նիզակ: Նրանք, իհարկե, չպետք է մասնակցեին կռվին, և ոչ իսկ ափին մոտենային, այլ միայն զորագունդ կեղծելու պաշտոն ունեին: Այդ պատճառով նրանցից շատերը կրում էին միանգամայն մի քանի հատ տեգեր, որպեսզի հեռվից ավելի ահավոր երևան թշնամուն:

Թագավորի հնարագիտությունը հաջողեց: Երբ նրա մարտիկները դուրս ելան ցամաք, “խրտվիլակ” տորմիղն էլ հասավ այդտեղ: Երեսուն զինվորները և նրանց հետ միասին երիտասարդ աբեղաները փութացին, միացան կռվող քաջերին և ընկան փախչող հագարացիների ետևից: Հալածողներին ընկերացան մոտակա Ցամաքաբերդ, Վալսեր, Գոմաձոր, Նռակծին և այլ գյուղերի հայ բնակիչները: Նրանք թշնամու ցրված գնդերի մեծ մասը ջարդեցին և մնացյալները փախցրին դեպի հեռավոր լեռներն ու հովիտները:

Դառնալով բանակատեղը, հայ կտրիճները հավաքեցին թշնամու թողած ավարը, որ բավական հարուստ էր, կապտեցին ընկածների զենքերը և քակեցին բազմաթիվ վրանները, որոնց հետ նաև Բեշիրի հարուստ տաղավարը, և այդ ամենը միասին փոխադրեցին կղզին:

Թագուհին, որ սրտատրոփ սպասում էր կռվի վախճանին, յուր նաժիշտների հետ միասին իջավ կղզու ափը` հաղթական երգերով վերադարձող քաջերին դիմավորելու:

Հայերն այս կռվում կորուստ չունեցան, վիրավորվել էին մի քանի հոգի, որոնց` կղզին հասնելուն պես, թագավորը հրամայեց փոխադրել հարմար կացարան` զգուշությամբ խնամելու համար: Այնուհետև հոգևոր հայրերը մատուցին տաճարում գոհության պատարագ, որին ներկա էին թագավորը, թագուհին և բոլոր զինվորները: Ապա վերջինները կատարեցին հաղթության խրախճան, որին մասնակցեց շրջականերից ժողովված գյուղական ամբոխը:

Բայց թագավորը տխուր էր և դալկադեմ. նա ժամանակից առաջ քաշվեցավ յուր կացարանը, առանց զորքի ուրախության մասնակցել կարողանալու:

Այս հանգամանքը անհանգստացրեց թագուհուն և նա դիմեց արքայի մոտ` նրա տխրության պատճառն իմանալու:

— Ես վիրավորված եմ, — ասաց թագավորը մեղմ ձայնով:

— Վիրավորվա՞ծ... — բացականչեց թագուհին. — ինչո՞ւ ուրեմն չես հայտնում մեզ այդ... ո՞ւր է վիրաբույժը... կանչենք նրան այստեղ...:

— Թո՛ղ, ես չեմ կամենում զորքի ուրախությունը խանգարել... Մի օրից հետո էլ կարող ենք մենք այս վերքը դարմանել, — ընդհատեց նրան թագավորը:

— Բայց դու գունատ ես և թախծադեմ, անշուշտ խոր է քո վերքը...

— Ես տխուր եմ այն պատճառով, որ կենդանի վերադարձա այստեղ...:

— Աստվա՜ծ իմ... Դու դարձյալ նույն մտքերո՞վ ես զբաղված:

— Ես ցավում եմ, որ մահացու չէ վերքս:

— Խնայի՛ր ինձ, աղաչում եմ... — աղերսեց թագուհին:

— Այո՛, թշնամին արդեն նահանջում էր, երբ մի նետ եկավ և ցցվեց իմ կողերի մեջ... Ես ուրախացա... կարծեցի թե իմ զորքի հաղթանակը կպսակվի իմ մահվամբ. այդ պատճառով էլ իսկույն դուրս քաշեցի նետը, որպեսզի նրա հետ միասին ելներ և իմ հոգին, բայց ավա՛ղ... Արաբացու բազուկը չէր կարողացել Աշոտ-Երկաթին սպանելու չափ ուժով ձգել աղեղը...

— Օ՛հ, ինչպե՜ս անսիրտ ես դու, — մրմնջաց թագուհին, և այլևս համբերել չկարողանալով` դուրս եկավ իսկույն սրահը և դռան մոտ կանգնած բարապանին հրամայեց` վազել վիրաբույժի ետևից:

Վերջինս եկավ, քննեց արքայի վերքը, որ լայն բացված էր նրա կողերի մեջ. լվացավ այն զգուշությամբ, և վրան դարմաններ դնելով` կապեց խնամքով: Թագուհու հարցին թե`

— Որքա՞ն վտանգավոր է նա, — պատասխանեց.

— Փառք աստուծո, արքայի կյանքին վտանգ չէ սպառնում:

Բայց երբ թագավորը առանձին առնելով հրամայեց նրան ճշմարիտը խոստովանել, նա ասաց.

— Հարվածող նետը, տեր արքա, թաթախված է եղել թույնի մեջ. վերքի արագ բորբոքումը ծանր ապագա է գուշակում:

Թագավորի դեմքի վրա փայլեց գոհության մի ժպիտ, որ սակայն զարմանք պատճառեց վիրաբույժին:

Թ

ՋՐԻՑ ՓԱԽՉՈՂԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ

Մարզպետունի իշխանը այնքան շատ էր զբաղված յուր նորագույն պատրաստություններով, որ մինչև անգամ օրեր անցրեց առանց Դվինից տեղեկություն առնելու, թե ինչ էր կատարվում այնտեղ: Նա հավատացած էր, թե Բեշիրը Վեդիի հովտում կրած պարտությունից հետ` տակավին անշարժ նստած է Դվինում և թե առժամանակյա լռությունը պետք է վերագրել այն հանգամանքին, որ նա գաղտնի պատրաստություններ է տեսնում յուր վրա հարձակվելու:

Այս պատճառավ ահա` իշխանը բավականացել էր միայն պահապաններ կարգելով Գեղա բերդի սահմաններում, որպեսզի թշնամու գալուստը իմանալուն պես հարկ եղածը տնօրինե:

Բայց ո՛րքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ դետ կարգված պահապաններից մինը եկավ և հայտնեց, թե “Դվին դարձող կարավանները պատմեցին, որ Բեշիրը բազմաթիվ զորքով հասել է Գեղամա ծովը և Սևանը պաշարել...”:

“Հա՛, նա ուրեմն անակնկալ հարձակում է գործել, որպեսզի արքային հանկարծակի բերի, — մտածեց Մարզպետունին, — անշուշտ նա կամենում է ինձնից կրած հարվածի վրեժը լուծել թագավորից... Ուրեմն արքան ծանր դրության մեջ է, պետք է շտապենք նրան օգնելու”:

Այս մտածությամբ դուրս գնաց իշխանը, որպեսզի հրաման տա զորքին` ժամ առաջ պատրաստվելու և դեպի Սևան ուղղվելու:

Բայց հազիվ թե նա հանդես արավ զորքին և հայտնեց նրանց յուր դիտավորությունը, ահա՛ Սևանից հասավ արքայի բանբերը, որ ավետեց նրան թագավորի մղած կռվի և տարած հաղթության ուրախարար լուրը:

— Փա՛ռք ամենակարող աստծուն, որ հաջողում է մեզ... — բացականչեց իշխանը և սաղավարտը հանելով` աչքերը դեպի երկինք բարձրացրեց և զգացված ձայնով Դավթի սաղմոսը ասաց. “Տեր, զի բազում եղեն նեղիչք մեր և բազումք հարյան ի վերա մեր: Բազումք ասեին զանձնե մերմե, թե չիք սոցա փրկություն առ աստած յուրյանց: Այլ դու, տեր, օգնական մեր ես, փառք մեր և բարձրացուցիչ գլխո մերո... Ոչ երկիցուք ի բյուրուց զորաց նոցա, ույք շուրջանակի պատեալ պահեալ պաշարերն զմեզ... զի դու հարեր զամենեսյան` ույք էին ընդ մեզ թշնամությամբ ի տարապարտուց և զատամունս մեղավորաց փշրեցեր...”:

Ժողովուրդն ու զորքը ծնկան եկան, իսկույն գոհության աղոթք մրմնջացին աստծուն:

Ապա օրվա մնացորդը անցուցին նրանք ուրախ կերուխումով, որին մասնակցեց ինքը` իշխանը յուր համհարզներով և ուխտի անդրանիկ զինվորներով:

Մինչդեռ հայերը Սևանում ու Գեղում ուրախության տոն էին կատարում, Բեշիրը, իբրև վիրավոր վագր, զայրացած ու կատաղած դիմում էր դեպի Ոստան: Նա ժողովել էր յուր փախչող զինվորներին, կարգի էր բերել նրանց և գալիս էր չարյաց սկզբնապատճառ Գեղը կործանելու: Նա գիտեր, որ Մարզպետունին գտնվում է Ուրծաձորում, բայց չէր կարծում, թե բարձրացած կլինի Գեղ:

Այս պատճառավ, երբ համհարզներից մինը զգուշացրեց զորապետին Գևորգ իշխանի անակնկալ հարձակումից, նա պատասխանեց.

— Այդ սրիկան թափառում է կիրճերում, նա չի կարող բաց դաշտի վրա հանդիպել մեզ կամ մարդաշատ տեղերում ամրանալ: Եթե գիշերները զգուշանանք, ցերեկով նա չի համարձակիլ մեզ մոտենալ:

Այս հույսով Բեշիրը Կոտայքն անցավ և մտնելով Ոստան, բանակ դրավ Երանոս գյուղի առաջ Ազատի ափին:

Այստեղից նա բանբեր ուղարկեց Գեղ և պահանջեց բերդի բանալիները: Նրան թվում էր, թե գեղցիք, ապագա սրածությունից վախենալով, չեն ընդդիմանալ յուր հրամանին:

Բայց որքա՜ն մեծ եղավ նրա զայրույթը, երբ բանբերը հետ դարձավ բացասական պատասխանով:

— Մեր բերդի բանալիները խիստ ծանր են, — ասել էին գեղցիք բանբերին, — դու միայնակ տանել չես կարող, ասա՛ Բեշիրին, որ ինքը գա այն ստանալու:

— Նրանք ուրեմն իմ հրամանը ծաղրեցի՞ն,-գոռաց Բեշիրը:

— Այո՛, տեր. մինչև անգամ հայհոյանք արձակեցին քո դեմ...

— Հայհոյա՞նք... լավ. ես ջարդել կտամ այդ հայհոյող բերանները... Բայց... որքա՞ն զորք ունին այդ սրիկաները:

— Չգիտեմ, տեր, ինձ թույլ չտվին բերդը մտնելու, աշտարակի վրայից խոսեցին հետս, — պատասխանեց բանբերը:

Զորքի գլխավորները, վախենալով անհայտ ուժի դեմ հարձակվելուց, խորհուրդ տվին Բեշիրին իջնել Դվին, հանգիստ տալ զորքերին և ապա կազդուրված ուժով վերադառնալ Գեղ:

— Մինչև այն, մենք միջոց կգտնենք նաև գեղցիների ունեցած զորքի մասին տեղեկություն առնելու, — ավելացրին նրանք:

— Ո՛չ, ես կրկնակի պարտություն կրելուց հետ Դվին վերադառնալ չեմ կարող, — պատասխանեց զորապետը: — Ես սովոր եմ հաղթանակով մտնել Դվին և այդպես էլ կմտնեմ:

Կամակոր հագարացուն համոզել անկարելի էր. գնդապետները ստիպված էին նրա հրամանը կատարելու:

Մայիսյան առավոտ էր. բայց արև չկար, թանձր ամպերը պատել էին երկինքը: Այդ եղանակը հաճոյական էր Դվնո դաշտում, ուր միջօրեին կիզում էր արևը, իսկ զորքի համար հով էր հարկավոր: Բեշիրը ուրախացավ, նրան թվում էր, թե բնությունը հաջողություն է խոստանում իրեն` ծածկելով ամպերի տակ արևի ճառագայթները: Այդ պատճառով նա հրաման արավ պետերին անմիջապես պատրաստել զորքը և ուղղվել դեպի Գեղ:

Երանոսի գյուղապետը, համաձայն Մարզպետունու կարգադրության, ժամ առաջ արդեն մարդիկ էր ուղարկել Գեղ` հագարացոց գալուստը իշխանին հայտնելու: Վերջինս յուր զորքերով կազմ և պատրաստ սպասում էր Բեշիրին:

Եվ որովհետև հայերը երկու հաղթություններից արդեն քաջալերված էին, ուստի իշխանը որոշել էր չփակվել բերդում, այլ հարձակվել թշնամու վրա, հենց որ վերջինս Գեղա լեռան լանջերը կբարձրանար: Հայ զորքերը անժույժ սպասում էին պահանորդների ազդարար նշանին: Ամեն մեկը նրանցից որոշել էր մի որոշ սխրագործությամբ փառավորվել: Այլևս չկար այն երկյուղը, որ պաշարում էր հայ զորականին` հագարացու հարձակման լուրը լսելիս: Իշխան Մարզպետունու ձայնը գերբնական ուժ էր ներշնչում նրանց, ամեն մեկը հավատում էր, թե չի կարող հաղթվել այն զորքը, որ Գևորգ իշխանի հետ միասին է կռվում:

Երբ Բեշիրը Դվնո վտակն անցնելով` սկսավ դեպի Գեղա լանջերը բարձրանալ, տեսավ, որ լեռան կատարը բռնված է թանձր մառախուղով: Գեղա բերդը չէր երևում ամենևին, իսկ լեռան վերին լանջերը ծածկված էին մշուշով:

Այս հանգամանքը երկյուղ ազդեց նրա սրտին. բայց յուր շրջապատողներին ոչինչ չասաց: Նա լուռ, քաջալանջ առաջ էր վարում նժույգը և ոսկե ցցունքը հպարտ-հպարտ ծածանում էր յուր սպիտակ ապարոշի վրա:

Հագարացիք արդեն հասել էին լեռան կեսը և մտնում էին մառախուղի սահմանը: Համհարզներից մինը հիշեցրեց զորապետին մշուշի վտանգավոր լինելու մասին: Բայց Բեշիրը աներկյուղ պատասխանեց:

Հազիվ զորապետը յուր խոսքը վերջացրեց, և ահա հանկարծ հայոց գնդերի աղաղակը որոտաց: Ինչպես զայրացած մի հեղեղ թափվեցան նրանք հագարացիների վրա և աննահանջ կատաղությամբ սկսան կոտորել: Հարձակումը անսպաս էր. թշնամին գլուխը կորցրեց և պատրաստվում էր փախչելու բայց Բեշիրի աղաղակը և գնդապետների խրախույսը արգելք եղան նրան: Առանց տեղն ու դիրքը ճանաչելու և հարձակվողների որքանությունն իմանալու, հագարացիք ճակատ կազմեցին լանջերի վրա և սկսան պաշտպանվել, բայց դիմադրությունը հուսահատական էր: Նրանք կռվում էին միայն զորավարի ներկայությամբ, բայց հենց որ նա հեռանում էր մյուս կողմը, սկսում էին քայլ առ քայլ նահանջ տալ դեպի զառիվայրերը: Իսկ հայերի թափը այնքան զորավոր և հարվածները բազմաձեռն էին, որ մի ժամվա ընթացքում լեռնալանջը դիակներով ծածկվեցավ: Նրանցից շատերը ձիաների գեշերի հետ միասին գլորվում էին դեպի ձորերը:

Մարզպետունու զինակիցները, այն է` Վահրամ սեպուհը, Գոռ իշխանիկը և ծերունի Մուշեղը կռվում էին յուրաքանչյուրը մի կետի վրա. նրանց գնդերը, անտառի մեջ փրթած փոթորկի նման, ավերում էին իրանց շուրջը, շարունակ դեպի վայր մղելով ընդդիմականներին: Հզոր դիմադրություն էր ցույց տալիս միայն Բեշիրը մի խումբ արաբացի քաջերով, որոնց կատաղի նժույգները ծառանում, սլանում էին լեռնալանջի այս ու այն կողմը` աշխատելով ոտնահար անել սուսերամերկ կամ նիզակավոր հայ մարտիկներին:

Գևորգ իշխանը, որ հերոսաբար կռվում էր սարատափի վրա, տեսավ Բեշիրի շահատակությունը և նրա խմբի ճիգը` դեպի վեր բարձրանալու:

Կարծես մի նոր զայրույթ բռնկեց նրան: Ճեղքելով հանդիպակաց խմբերը` նա խոյացավ դեպի զորապետը:

— Դեպի ո՞ւր, թշվառական, — որոտաց նա ահավոր ձայնով և մոտ հասնելով` ուղղեց նիզակը հագարացու կրծքին: Նրա աշտեն, սակայն, չթափանցեց պողպատե ասպարը, որով զորապետը դեմ դրավ հարվածին, այլ սահելով ցցվեցավ նժույգի կրծքում: Երիվարը թավալվեց, բայց Բեշիրը թռավ դեպի հետ: Խռնվեցան իսկույն նրա թիկնապահները և մեջ առին Մարզպետունուն: Փոքր մի ևս և մահը անխուսափելի էր իշխանի համար, որովհետև նրա մի հարվածին պատասխանում էին մի քանի ուրիշները: Բայց այս անգամ հորը օգնության հասավ որդին, նա յուր զինակիցների հետ միասին իջավ վերին լանջերից ինչպես արծիվ և ընկավ շրջապատող խմբակի վրա: Նիզակներ էին, որ շամփրում էին, և սրեր, որոնք արագ-արագ իջնում էին մարտիկների գլխին կամ թափանցում նրանց կուրծքն ու կողերը:

Արաբացոց այս խումբն էլ երկար չդիմադրեց. նա հետ նահանջեց դեպի վայր, որոնելով զորապետին: Բայց Բեշիրը չէր երևում ոչ մի տեղ. նա ձորակի ճանապարհով խույս էր տվել դեպի Դվին, որովհետև յուր զորքի պարտությունն ակներև տեսել էր. ուստի փութացել էր գոնե յուր կյանքն ազատելու:

Այս հանգամանքը վհատեցրեց վերջին դիմադրողներին, և նրանք հետզհետե նահանջելով` հասան լեռան ստորոտը և այդ տեղից սկսան փախուստ տալ դեպի Դվնո դաշտը:

Այս անգամ Մարզպետունին չհետևեց փախստականներին, հաշվելով, թե Դվինը մոտ է և այստեղից կարող են օգնության հասնել փախչողներին: Նա ժողովեց յուր քաջերին, ստուգեց ընկածների թիվը, որոնք միայն մի քանի տասնյակ էին, ապա գոհության աղոթք կարդաց աստծուն նույնիսկ ճակատի տեղը, և աշտանակելով նժույգը` վերադարձավ Գեղ: Նրան հետևեցին յուր զինակիցներն ու զորքը, ցնծության աղաղակներով և հաղթական երգեր երգելով:

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Ա

ԱՆՀԱՆԳԻՍՏ ՄԱՐԴԸ

Ախուրյան գետի արևմտյան ափի վրա, այնտեղ, ուր Տեկորի վտակը խառնվելով` գործում է ջրապարփակ մի եռանկյուն, կառուցած էր հինավուրց մի քաղաք: Հարավային կողմից, որ միակ դյուրամատույցն էր, պատում էին նրան բարձր պարիսպներ և հզոր աշտարակներ, արևելյան և հյուսիսային կողմից ձգվում էր Ախուրյանի խորաձորը, որի հատակում մռնչում էր գետը ահավոր ձայնով, իսկ արևմուտքից պատում էր նրան մի ահագին անդունդ, որի ափերի վրա բարձրանում էին լեռնաձև ժայռեր ու անհեթեթ ամբարտակներ և ձգվելով տարածվում մինչև միջնաբերդը, որ թառած էր քաղաքի հյուսիսային կողմը գտնվող մի ահեղ բարձրության վրա:

Ութ դար առաջ այդ քաղաքը դիցապաշտական մի վեհավայր էր: Այդտեղ էին ժողովված հեթանոս հայերի գլխավոր սրբությունները, այդտեղ էին գտնվում նշանավոր կուռքերն ու նրանց մեհյանները և այդտեղ էին կատարվում կրոնական հանդեսներն ու մեծածախ զոհագործությունները: Դա նշանավոր Բագարանն էր, Երվանդ Բ.-ի ձեռակերտը: Այդտեղ կռոց տաճարներից զատ գտնվում էին նաև հոյակապ ապարանքներ, որոնց մեջ ապրում էին արքայազն քրմապետները` իրանց դրանիկներով և հարյուրավոր ծառաներով. այդտեղ վխտում էին քուրմեր ու քրմուհին, որոնք բնակիչների մեծագույն մասն էին կազմում: Հեթանոս ժողովուրդը դիմում էր այդ քաղաքը Հայաստանի հեռավոր սահմաններից, զոհում էր մշտավառ բագինների վրա և մատուցանում աստվածներին առատ նվերներ, որոնցով օրըստօրե հարստանում էին մեհյանները և քրմապետների գանձարանը: Երեք դար շարունակ կանգնած էին այդտեղ դիցական պատկերներ և շուրջ երեք դար աղոթում էր նրանց առաջ հայոց ժողովուրդը, բայց այդ ժամանակ դժբախտ չէր Բագարանը, նա երկյուղ չէր կրում թշնամիներից, և նրա պղնձապատ դռները չէին փակվում հարձակվող հրոսակների առաջ: Այդտեղ ապրում էին միայն աղոթելու և զվարճանալու համար:

Անցան այդ դարերը: 925 թվականին Բագարանը ուրիշ պատկեր էր ներկայացնում: Չկային այլևս կռոց մեհյաններ, չէին երևում կռապաշտական հիշատակարանների հետքերը, դրանց փոխարեն զարդարում էին Բագարանի բարձունքը հոյակապ եկեղեցիներ և գեղաշեն մատուռներ: Հեթանոսական պաշտամանց փոխարեն լսվում էր դրանց մեջ բարեպաշտ քրիստոնեի աղոթքն ու մրմունջը, մարդիկ պաշտում էին այդտեղ ճշմարիտ աստծուն, բայց նրանք այժմ բախտավոր չէին այնպես, ինչպես որ էին իրանց հեթանոս նախահայրերը... Նախկին ազատությունն ու խաղաղ կյանքը անծանոթ էին այժմ Բագարանին: Նա շրջապատված էր ամրություններով, բարձր պարիսպներն արգելում էին ժողովրդի ազատ ելումուտը, մռայլ աշտարակները նայում էին իրանց շուրջը ահարկու աչքերով, իսկ Ախուրյանի խորաձորը տխրեցնում էր անցորդին յուր ամայությամբ:

Այստեղ այդ միջոցին ամրացած էր թագավորի հորեղբայր Աշոտ սպարապետը յուր զորքերով ու գանձերով: Այստեղից նա զգուշությամբ հսկում էր յուր կալվածներին և սեփական հպատակներին, բայց զլանում էր յուր պաշտպանությունը նրանց, որոնք թագավորի հպատակներն էին: Տարիներ առաջ թագ ստանալով Յուսուփ ոստիկանից, սպարապետն աշխատեց հեռացնել գահից յուր եղբորորդուն — հարազատ թագավորին և նրա տեղն անցնել, բայց նպատակին չհասավ և միայն երկիրն ավերեց ու տակնուվրա արավ. այդ պատճառով ժողովուրդը “բռնակալ” անունը տվավ նրան: Իսկ նա այդ օրից անտարբեր աչքով էր նայում իրան հպատակ չեղող ժողովրդի թշվառության վրա և ուրախանում էր արքայի անհաջողությունները լսելով:

Այս ամենը, սակայն, չարգելեց Հովհաննես կաթողիկոսին ապաստան որոնել ազգից անարգված “բռնավորի” մոտ: Նա, ինչպես տեսանք, փախավ Բյուրականից հենց այն ժամանակ, երբ Բեշիրը զորքով գալիս էր յուր դաստակերտի վրա և երբ յուր ներկայությունը կարող էր Բյուրականի առումը խափանել: Բայց նա յուր մերձավորներով դիմեց Բագարան և ապավինեց “բռնավորի” պաշտպանության:

Այդ օրից սկսած սպարապետը հովանավորում էր կաթողիկոսին, և վերջինս կատարյալ հանգստություն էր վայելում նրա մոտ:

Բայց, ահա՛, մի գեղեցիկ օր Բագարանի խորաձորն իջավ սպառազեն հեծյալների մի խումբ, որ գալիս էր վեհափառ հոր` ամիսներից ի վեր վայելած հանգստությունը խանգարելու:

Խմբի պետը Գևորգ Մարզպետունին էր. նրան ընկերակցում էին յուր թիկնապահները:

Բայց ինչո՞ւ համար էր նա դիմում Բագարան:

Պատճառը իշխանի մի նոր դիտավորությունն էր:

Անցել էին ամիսներ: Մարզպետունու տարած հաղթությունները իրանց արդյունքը բերին: Հագարացիք հետզհետե հայաբնակ գավառներից չքացան. Բեշիրը յուր ունեցած զորքով փակվեց Դվինում` առանց այնտեղից ելնել համարձակվելու: Բերդերում ամրացած հայ իշխանները սիրտ առան Մարզպետունու օրինակից և, թողնելով պաշարված դրությունները, հարձակվեցան իրանց սահմաններում որջացող արաբացի հրոսակների վրա և վանեցին նրանց ամեն տեղից: Նորեն խաղաղություն տիրեց, ժողովուրդը շունչ առավ և շինականն ու քաղաքացին սկսան իրանց առտնին գործերով զբաղիլ:

Բացի այդ, պետական զորախմբերը, որոնք արքայի երկարատև բացակայության և, մանավանդ, միմյանց հաջորդող անհաջողությանց պատճառով ցրվել էին զանազան կողմեր և կամ այս ու այն իշխանի դրոշի տակ մտել, լսելով Մարզպետունու հաջողությունները և իմանալով, որ նա գործում է թագավորի հրամանով` գունդագունդ եկան և միացան նրա զորքին: Այսպիսով Մարզպետունու բանակը ստվարանալով` զորքերի թիվը հասավ հազարների:

Եվ ահա՛ հաջողությունները նոր միտք ծնեցրին իշխանի գլխում: Նա որոշեց ձեռնարկել այնպիսի մի զորավոր միջոցի, որով կարողանար միանգամայն երկիրը հագարացիներից ազատել և գահի հաստատությունն ընդմիշտ ապահովել: Նա կամենում էր հարձակվել Դվինի վրա, գրավել մայրաքաղաքը և հալածել այդտեղից Բեշիրին, քանի ոստիկանը չէր վերադարձել Ատրպատականից:

Բայց որովհետև յուր այդ ձեռնարկությունն ավելի դժվարին էր քան առաջինները, ուստի մտածեց ավելի հիմնավոր պատրաստություններ տեսնել դրա համար: Նա խորհուրդ արավ յուր զինակիցների, այն է` Վահրամ սեպուհի, Մուշեղ բերդակալի և Գոռ որդու հետ և որոշեց, որ զորաբանակը մնա տակավին Գեղա լեռներում, ուր Մազազի, Ոստանի և Ուրծաձորի ժողովուրդը առատ պաշար էր հոգում նրա համար, իսկ ինքը գնա Բագարան` խորհուրդ տալու կաթողիկոսին` վերադառնալ յուր աթոռը-Դվին, ապա անցնե Երազգավորս` հորդորելու արքաեղբայր Աբասին` հաշտվել թագավորի հետ և սիրով ընդունել նրան, եթե վերջինս վերադառնալու լիներ յուր աթոռանիստը` Երազգավորս: Այնուհետե նա պիտի դիմեր Սևան` թագավորին ու թագուհուն հրավիրելու, որպեսզի Դվինի վրա հարձակված ժամանակ Ոստանում գտնվեր թագավորը և օգներ իրան յուր մասնակցությամբ կամ խորհուրդներով:

Կեսօր էր: Իշխանը յուր խմբով Ախուրյանն անցնելով` սկսավ դեպի Բագարանի լանջիվերը բարձրանալ: Այդ վերելքը, որ դյուրագնաց էր, սկսում էր գետաձորից և աստիճանաբար բարձրանում մինչև քաղաքի հարավային սահմանը, ուր կանգնած էին պարիսպները, նրանց վրա շրջում էին պահանորդներ, որոնք ուշադրությամբ դիտում էին մոտեցողներին:

Նժույգներն ընթանում էին արշավասույր, և նրանց ասպազենը փայլում էր արևի առաջ: Խմբի համարձակ ընթացքից գուշակեցին պահապանները, որ եկվորները բարեկամներ են: Ուստի ամրոցի երկաթապատ դռներն անարգել բացվեցան նրանց առաջ:

Իշխանը դիմեց ուղղակի սպարապետի ապարանքը` յուր առաջին ողջույնը նրան մատուցանելու: “Բռնավորը”, որ տակավին թագավոր էր անվանում իրան և նույն անունով ճանաչվում թե՛ Շիրակի դաշտում և թե՛ Արշարունյաց ձորում, ընդունեց իշխանին արժանավայել մեծարանքով:

— Եթե իմանայի, որ հաղթող Մարզպետունին պիտի մեզ այցելե, շքախումբ կուղարկեի նրան դիմավորելու, — ասաց սպարապետը ժպտալով:

— Քո խոնարհ ծառան, մեծափառ, տեր, գոհ է արդեն այս ընդունելությամբ, որին, գուցե և, արժանի չէ, — պատասխանեց իշխանը համեստությամբ:

— Արժանի՞... ի՞նչ ասացիր դու. — հարցրեց իսկույն սպարապետը. — քեզ դափնիներով պիտի պսակեն և հաղթական կամար կանգնեն ամեն տեղ: Բեշիրը փախուստի վրա է մտածում, իսկ Դվինի, ամիրաները դողալով են քո անունն արտասանում... Ինչո՞ւ այդ աստիճան սարսափեցրել ես դու նրանց:

Մարզպետունին ժպտաց և այդ ժպիտի տակ թաքցրեց յուր կասկածը, որով նա վերաբերվում էր դեպի սպարապետի անկեղծությունը: Նա գիտեր, որ այդ գովությունները տրվում են իրան առերես, և յուր զենքի հաջողությունը բնավ ցանկալի չէ “բռնավորին”:

— Կփափագեի իրավամբ արժանանալ այդ դրվատյաց... բայց որքա՜ն հեռի եմ ես նրանցից, — նկատեց իշխանը լրջությամբ:

— Օ՛, մի՛ ասիր այդ. իմ եղբորորդին բախտավոր է, որ քեզ նման զինակից ունի, — բացականչեց սպարապետը. — բոլոր Երասխաձորը կնվիրեի նրան, ով քեզ զուգատիպ մի համհարզ կգտներ ինձ համար:

Իշխանը սևեռեց յուր հայացքը սպարապետի աչքերին, կամենալով, կարծես, թափանցել նրա սրտի մեջ և դուրս կորզել այդտեղից չարակամության ու նախանձի ոգին: Նրան թվում էր, թե հենց այդ ոգին է, որ խոսում է յուր հետ այդ վայրկենին. նա խոր վիշտ զգաց և հոգվոց հանեց...

Եվ ինչպե՞ս չվշտանար: Յուր առաջ կանգնած էր Սմբատ թագավորի հարազատ եղբայրը, պարթև հասակով, գեղեցիկ դեմքով, քաջալանջ և հաստաբազուկ. նրա ձայնը որոտում էր, երբ խոսում էր յուր հետ, և գետինը թնդում, երբ քայլում էր նրա վրա: Եվ այս հզոր մարդը փոխանակ թագավորի, հետևապես, և հայրենիքի պաշտպանը լինելու, նրա թշնամին ու հակառակորդն էր. փառամոլությունը փակել էր նրա հոգու աչքերը, օտարի նենգամտությունը հիմարացրել էր նրան և մահմեդական մի ոստիկանի տված ունայն թագը մեռցրել էր նրա սրտում զգացմունքներից ազնվագույնը` սերը դեպի հայրենիքը... Եվ այս զորավոր հսկային փոքրացնում, ոչնչացնում էր չարակամության զգացումը, նրա լեզուն չէր կարողանում “թագավոր” անունը տալ Աշոտ Երկաթին, նրա մասին խոսելիս` նա ասում էր “իմ եղբորորդին”, կարծես վախենալով, թե միգուցե “արքա” կամ “թագավոր” անվանելով նրան` զրկե իրան աշխարհի բոլոր բարիքներից... Եվ սակայն գովաբանում, բարձրացնում էր նրա հավատարմին, աշխատում էր գրավել Մարզպետունու սիրտը, որպեսզի հարմար դիպվածում կարող լինի նրան կապել յուր հետ և կամ հեռացնել հարսպատ թագավորից:

Այս ամենը հասկանում էր իշխան Մարզպետունին, կարդում էր նրա սիրտը յուր իսկ դեմքի վրա, այն դեմքի, որ այնքան վեհ ու հպարտ էր երևում արտաքուստ, ոի ստեղծվել էր կարծես հարգանք ու ակնածություն ներշնչելու համար, բայց որին նսեմացնում էին փոքրոգության ստվերները... Ինչպե՞ս ուրեմն չվշտանար, ինչպե՞ս չհառաչեր հայրենասեր հոգին:

Սակայն սպարապետը իշխանի հայացքից խուսափելու համար շտապեց հարցնել նրա գալստյան պատճառը:

— Բագարանը, իշխան, դու չես սիրում բնավ, անշուշտ ունիս դու մի կարևոր խորհուրդ, որ ստիպել է քեզ մեզ այցելելու, — ավելացրեց նա ժպտալով:

— Այո՛, ունիմ,-պատասխանեց Մարզպետունին և հայտնեց նրան յուր գալստյան պատճառը, որ էր` դարձնել կաթողիկոսը յուր աթոռը:

— Ինչո՞ւ համար ես կամենում զրկել մեզ Վեհափառի հովանավորությունից, — հարցրեց սպարապետը խորհրդավոր եղանակով:

— Նրա համար, որ այսօր կամ վաղը ոստիկանը պիտի վերադառնա Ատրպատականից և եթե անտեր գտնե կաթողիկոսարանը, անշուշտ կհափշտակե նրան, որպեսզի դրանով Բեշիրի կրած պարտության վրեժը լուծե մեզանից:

— Բայց ի՞նչ կշահե նա դրանով:

— Ինչ կշահե՞... մի՞թե հայտնի չէ քեզ այդ: Հարյուրավոր վանքեր ու միաբանություններ կերակրվում են կաթողիկոսարանի կալվածոց հասույթով:

— Այո՛, այդ ուշադրության արժանի կետ է: Վանքերը կորուստ կունենան... — պատասխանեց սպարապետը և ապա մի խորհրդավոր հայացք ձգեց Մարզպետունու վրա: Նրան թվում էր, թե իշխանը ուրիշ գաղտնի դիտավորություններ էլ ունի, որոնք, սակայն, ծածկում է իրանից, բայց չէր կարողանում գուշակել, թե ի՞նչ դիտավորություններ են դրանք:

Ինքը` Մարզպետունին էլ ոչինչ չհայտնեց և զգուշանում էր ավելին խոսելուց:

— Կարո՞ղ եմ այժմ տեսնել Վեհափառին, — հարցրեց իշխանը, կարծելով թե հայրապետը գտնվում է սպարապետի ապարանքում:

— Ինչո՞ւ չէ. բայց կցանկանայի, որ հանգիստ առնեիր մի փոքր. Վեհափառի տան ճանապարհը բավական հեռի է և դժվարագնաց, դու կարող ես հոգնել, մանավանդ որ արևը սաստիկ այրում է:

— Մի՞թե նա այստեղ, քո ապարանքում չէ՞,-զարմացած հարցրեց իշխանը:

— Ո՛չ:

— Ուրեմն քաղաքացիներից մինի տա՞նն է ապրում:

— Դարձյալ ոչ, նա լինում է միջնաբերդում, — պատասխանեց սպարապետը ժպտալով:

— Միջնաբերդո՞ւմ... ի՞նչ է շինում նա այնտեղ, — բացականչեց Մարզպետունին:

— Այն օրից ի վեր, որ դու քո խմբերով սկսար անհանգիստ անել հագարացիներին, Վեհափառը փախավ միջնաբերդը, նա չէ վստահանում յուր պաշտպանությունը նույնիսկ իմ զորքերին:

— Ահա՛ մի մարդ, որ աստուծո տված պարգևը գնահատում է ըստ արժանվույն, — հեգնական ժպիտով նկատեց Մարզպետունին:

Ապա ուղղելով հայացքը դեպի միջնաբերդը, որ ահարկու հսկայի նման բազմած էր հանդիպակաց բարձրության վրա, հարցրեց.

— Ո՞ւմ կհրամայեք առաջնորդել ինձ, տեր. ես կամենում եմ այժմ ևեթ ներկայանալ Վեհափառին:

— Իմ թիկնապահների պետը քեզ կընկերանա, եթե կհաճիս ընդունել, — պատասխանեց սպարապետը:

Իշխանը շնորհակալություն արավ և յուր թիկնապահների ու ցույց տված առաջնորդի հետ ուղղվեցավ դեպի միջնաբերդը:

Ճանապարհը, որ տանում էր միջնաբերդը, անցնում էր ապառաժուտ դար ու փոսերի վրայով: Նա մերթ քերում էր խորաձորի ժայռերը և մերթ բարձրանում թումբերի վրա: Այդպիսով ուղին դառնում էր դժվարագնաց, իսկ շատվոր մարդկանց համար անանցանելի: Այս պատճառով իշխանն ու յուր հետևորդները գնում էին շատ տեղ միմյանց ետևից, կազմելով այդպիսով մի երկար շարք:

Վեհափառն այդ միջոցին եպիսկոպոսներից մինի հետ կանգնած էր դղյակի պատշգամբում: Նրա առաջ բացվում էին գեղեցիկ տեսարաններ` մինը մյուսից գեղեցիկ, մինը մյուսից հաճելի, բայց նա չէր նայում նրանց վրա: Ո՛չ գեղեցիկ Արագածը, որ ամբառնում էր արևելյան-հյուսիսից, յուր չորս բրգաձև գագաթներով, ո՛չ կապույտ լեռը, որ եզերում էր հորիզոնը հարավից և ծածկում յուր հետևում Երասխի ալիքները, ո՛չ Արշարունյաց ձորահովիտը, որ բացվում էր արևմուտքից, ո՛չ գեղադիր Բագարանը, որ տարածվում էր յուր առաջ հարուստ շինություններով և գմբեթազարդ եկեղեցիներով, ո՛չ արագահոս Ախուրյանը, որ խորաձորի ժայռերը կոծելով մռնչում էր յուր ոտքերի տակ և վիշապի նման գալարվելով` բերդի շուրջը պատում, և ոչ, վերջապես, ահարկու քերծերն ու խարակները, որոնք կախվում էին անդունդների վրա, կամ սեպաձև ցցվում խորաձորի ափերին, չէին գրավում այդ րոպեին վեհափառ հոր ուշադրությունը: Նա յուր հայացքը սևեռել էր ապառաժուտ կածանով հառաջացող խմբի վրա:

“Ովքե՞ր են արդյոք դրանք, ինչո՞ւ են դեպի միջնաբերդը դիմում և այն` միջօրեի ժամանակ, երբ արևը կիզում է վերևից, իսկ ջերմացած խարակները ներքևից”, մտածում էր Վեհափառն ինքն իրան, սակայն եկվորների ով լինելը չէր կարողանում գուշակել:

Բայց ահա՛ վերջապես նրանք մոտեցան բերդի լանջին, մի քանի քայլ ևս, և նրանց ով լինելը կիմացվեր:

— Այդ նա՛ է, այո՛, նա ինքն է. ի՞նչ ունի այստեղ...— բացականչեց հանկարծ կաթողիկոսը, ճանաչելով Մարզպետունի իշխանին, որ մեծաքայլ ու քաջալանջ դիմում էր դեպի բերդի դռները:

— Ո՞վ, Վեհափառ տեր, — հարցրեց եպիսկոպոսը, որ մինչև այն խոսակցում էր նրա հետ:

— Նա՛, այն անհանգիստ մարդը... որ ստեղծվել է հավիտյան թափառելու համար... — շշնջաց կաթողիկոսը, վախենալով, կարծես, թե յուր ձայնը կհասնե մինչև բերդի ստորոտը:

— Բայց ո՞վ է նա, — հարցրեց եպիսկոպոսը երկրորդ անգամ և բարձրացավ տեղից եկողներին նայելու:

— Մարզպետունի իշխանը, անշուշտ անհաճո մի նորություն է բերում մեզ... — հարեց կաթողիկոսը, գուշակելով, որ իշխանը գալիս է յուր հանգիստը վրդովելու:

— Ինչո՞ւ անպատճառ անհաճո նորություն, — հարցրեց եպիսկոպոսը:

— Չգիտեմ, ինձ այսպես է թվում... — պատասխանեց Վեհափառը և սենյակը քաշվեցավ:

Մի քանի վայրկենից ճռնչալով բացվեցան բերդի երկաթյա դռները, որոնք գտնվում էին երկու աշտարակների մեջտեղում և հանդեպն ունեին հաստատահիմն պատվար: Բարձր պարիսպները, որոնց գրկում էին լայնադիր աշտարակներ, ներսից ավելի անմատչելի էին կացուցանում բերդը: Իշխանը, նայելով յուր շուրջը և տեսնելով այն զորությունը, որ հավաքել էր այնտեղ սպարապետը, ակամա ժպտաց: Յուր այդտեղ գալը նա անմտություն համարեց:

— Մի՞թե կարելի է գաղտնիք վստահանալ մի մարդու կամ անձնվիրություն պահանջել մի հոգևորականից, որ դողում է յուր կյանքի վրա և յուր անձը այսպիսի ամրությունների մեջ է խնամում... — շշնջաց նա ինքն իրան և առաջ անցավ հուսահատ սրտով:

Վեհափառը, սակայն, ընդունեց իշխանին սիրով ու օրհնությամբ. և բազմեցնելով կողքին յուր գոհությունն ու անսահման հիացումը հայտնեց այն քաջագործությանց համար, որ նա կատարել էր միայնակ:

— Ես կամեցա ապացուցանել մեր իշխաններին և քեզ, Վեհափառ տեր, թե մեծ գործեր կատարելու համար հարկավոր չեն մեծ ուժեր, այլ միայն հաստատուն կամք, թե հայրենիքը փրկելու համար չպետք է սպասել հաջող հանգամանքների, ոչ էլ իշխանների ձեռնտվությունը մուրալ, այլ պետք է հուսալ միայն աստուծո և սեփական բազկի վրա և անձը նվիրելու չափ հայրենասիրություն ունենալ: Ես ապացուցեցի այդ կարծյաց ճշմարտությունը, այժմ ձեզ է մնում հետևել իմ օրինակին, — նկատեց իշխանը, օգուտ քաղելով կաթողիկոսի խոսքերից:

— Ի՞նչ պիտի անենք մենք, — հարցրեց կաթողիկոսը անհանգստանալով:

— Ձեզանից յուրաքանչյուրը պիտի կատարե յուր պարտքը:

— Այսի՞նքն:

Իշխանը հայտնեց նրան մի քանի խոսքով Դվինը գրավելու համար ունեցած յուր դիտավորությունը, այլև Վեհափառի յուր աթոռը դառնալու մասին ունեցած ցանկությունը:

— Դու կամենում ես Դվինը գրավե՞լ... — զարմացած հարցրեց Վեհափառը:

— Այո՛, և որքան կարելի է` շուտ:

— Եվ դու չե՞ս վախենում ամիրապետի բարկությունից, արաբական հզոր քանակներից:

— Ո՛վ է ամիրապետը, մենք մեր թագավորն ունինք, — բացականչեց իշխանը եռանդով:

— Բայց Դվինը նրա կալվածն է. նա տիրում է Ոստանի մեծ մասին, ճակատքը, Կոգովիտը, մինչև անգամ Ծաղկոտը նա համարում է Տուրուբերանի մասն, որին և տիրում է ամբողջապես:

— Եվ դրանք ուրեմն գարշելի հագարացու սեփականությո՞ւն են...-բարկացած հարցրեց իշխանը:

— Առ այժմ այո՛, — պատասխանեց կաթողիկոսը հանգիստ ձայնով:

— Ո՛չ, հազար անգամ ոչ, — բացականչեց իշխանը. — հայոց երկիրը հայերին է պատկանում: Դվինը Խոսրով թագավորի ձեռակերտն է. Ճակատքը, Կոգովիտը, Ծաղկոտը մեր արքայանիստ նահանգի գավառներն են. Տուրուբերանը Մամիկոնյան տան սեփականություն է. Հայաստանի ամեն մի գավառը մի հատոր պատմություն ունի, ո՞վ կարող է այն ուրանալ, դու որ հայ ազգի պատմություն ես գրում, ինչպե՞ս ես կարողանում այդ վկայությունը տալ գարշ արաբացու համար: Եթե այս րոպեին երևութանար այստեղ պատմաբաններիդ նախահայր Խորենացու ոգին, կկարողանայի՞ր արդյոք կրկնել նրա առաջ այդ վկայությունը...

— Ես ասացի “առ այժմ”...

— Ո՛չ առ այժմ և ո՛չ առհապա... — ընդհատեց իշխանը. — արաբացին Արաբիայում պիտի իշխե և ոչ թե հայոց երկրում:

— Թո՛ղ այդպես լինի, ես չցանկացողը չեմ:

— Այդպես կլինի, Վեհափառ տեր, եթե չես հապաղիլ խնդիրս կատարելու:

— Ի՞նչ խնդիր:

— Մի վայրկյան առաջ հայտնեցի, դու պիտի վերադառնաս քո աթոռը:

— Դվի՞ն:

— Այո՛:

— Բայց ի՞նչ օգուտ ունի քեզ համար իմ վերադարձը, ես կռվող չեմ, ոչ էլ զորախումբ ունիմ, որով կարողանայի քեզ օգնել: Եթե դու մտադիր ես Դվինը գրավել և հույս ունիս քո զորության վրա, գրավի՛ր նրան, ազատի՛ր քաղաքը հագարացիներից, այն ժամանակ ես կվերադառնա՛մ իմ աթոռը` քո կյանքը լիաբերան օրհնելով:

— Կամենում ես անիծիր ինձ, միայն վերադարձիր այժմեն իսկ, քանի ոստիկանը բացակա է Դվինից և քանի իմ զորքերը չեն պաշարել նրան:

— Բայց ի՞նչ օգուտ ունի իմ վերադարձը, բացատրի՛ր վերջապես:

— Բացատրե՞մ:

— Այո՛:

— Արդյոք իզուր չի՞ անցնիլ իմ գաղտնիք հայտնելը, քանի դու գտնվում ես այս բերդում:

— Ո՛չ, ես իսկույն կհեռանամ, թե համոզվիմ, որ անհրաժեշտ է այդ:

— Բարի: Օգուտն ա՛յն է, Վեհափառ տեր, որ ինձ այս միջոցում հարկավոր են Դվինում հավատարիմներ: Իմ մարդկանցից չեմ կարող ոչ ոքին մտցնել այնտեղ. Բեշիրը նրանց մուտքը կարգելե: Մինչդեռ դու ազատորեն կարող ես քո աթոռը վերադառնալ և այդ, մինչև անգամ, կշոյե ոստիկանի ինքնասիրությունը: Քեզ հետ վերադարձող հոգևորականների հետ ես կմտցնեմ քաղաք իմ մի քանի հավատարիմներին...

— Ոչ մի աշխարհականի թույլ չեն տալ անցնել Դվինի դռներով, — ընդհատեց կաթողիկոսը:

— Գիտեմ, բայց նրանք կմտնեն իբրև վեղարավորներ...

— Աստվա՛ծ իմ... դու ուրեմն ոստիկանի սուրը կախում ես իմ գլխի՞ն... — բացականչեց կաթողիկոսը երկյուղից այլագունվելով:

— Մի՛ վախենար, Վեհափառ հայր, ես թույլ չեմ տալ, որ ոստիկանը յուր սուրը մերկացնե, ո՛ւր մնաց թե կախե քո գլխին:

— Ի՞նչ պիտի անեն քո հավատարիմները:

— Հարկավոր դեպքում խրամատ պիտի փորեն կաթողիկոսարանի նկուղներից մինչև արտաքին պարիսպը:

— Օ՛ն և օ՛ն... չեմ կարող ես միանալ այդ խորհրդին: Նա, որ հրամայեց մեզ` “տալ զաստուծույնն աստուծո”, նույնը հրամայեց` “զկայսերն տալ կայսեր”... — խոսեց կաթողիկոսը վճռական ձայնով:

— Ո՞վ է քո կայսրը, — հարցրեց իշխանը բարկությունից դողալով:

Վեհափառը չպատասխանեց:

— Դու մի թագավոր ունիս, որին և պարտավոր ես հարգել. դա Աշոտ Երկաթն է, — շարունակեց իշխանը: -Հագարացին իրավունք չունի այս երկրի վրա. նա մի հափշտակիչ, մի ավազակ է: Այն հայը, որ տիրապետ է անվանում նրան, մի դավաճան է, իսկ դավաճանին իրավունք ունի մեռցնել առաջին զինվորը, առանց արդարության դեմ մեղանչելու:

— Ես փախչում էի բռնակալի վրեժխնդրությունից, — խոսել սկսավ կաթողիկոսը. — դու ինչո՞ւ ուղարկում ես ինձ այդ վրեժխնդրության առաջ: Ի՞նչ օգուտ կարող է բերել քեզ իմ մահը:

— Մի՛ ասիր “քեզ”, այլ ասա՛ “հայրենիքին”: Եթե կարծում ես, թե քո վերադարձը մահ պիտի պատճառե քեզ, ապա ուրեմն ուրա՛խ եղիր: Մի՞թե ավելի լա՛վ չէ Ղևոնդյանց հետ դասվիլ, քան անհիշատակ ոչնչանալ...

Իշխանի խիստ լեզուն փոխանակ Վեհափառի բարկությունը գրգռելու, ընդհակառակը, ճնշում, մեղմացնում էր նրան: Նա տեսնում էր, որ այդ մարմնացյալ եռանդը խոսում էր ոչ թե յուր, այլ հայրենիքի օգտին. ինչպե՞ս ուրեմն զայրանար նրա դեմ: Չէ՞ որ ինքն էլ պակաս չէր սիրում այդ հայրենիքն ու նրա ազատությունը, բայց ի՞նչ աներ, որ աստված չէր տվել իրան Մարզպետունու սիրտը, Մարզպետունու հոգին, նա վախենում էր վտանգներից, սարսափում էր արաբական սրերից... Կկամենար, այո՛, ծառայել փրկության գործին, կկամենար, մինչև անգամ, զոհվել... բայց չէր կարող, բնությունը զրկել էր նրան այդ քաջությունից:

— Ղևոնդյանց հետ դասվիլ ասացիր, — խոսել սկսավ Վեհափառը, — կցանկանայի, այո, արժանանալ այդ փառքին, բայց մի՞թե կարող եմ:

— Կամենալը` կարենալ է: Եվ հարմար առիթը, ահա՛ հրավիրում է քեզ: Քա՛ջ եղիր, արհամարհի՛ր անցավոր կյանքը, կատարի՛ր այն` ինչ որ քարոզում ես աշակերտներիդ և քո հիշատա՛կը եկող սերունդները կօրհնեն...

— Ի՞նչ պիտի լինի իմ գործը Դվինում, — հարցրեց Վեհափառը:

— Պիտի հովանավորես այն մարդկանց, որոնք քո հոգևոր ծառաների անունով կապրեն կաթողիկոսարանում: Ցերեկը նրանք պիտի քնեն, իսկ գիշերը գործեն:

— Իսկ եթե մատնիչները մեզ խանգարե՞ն:

— Այն ժամանակ մի քանի մարդկանց մահ կհասնի, նրանց թվում, գուցե, և հայրապետին. բայց այդ զոհերն անհրաժեշտ են:

— Ծանր պայման է այդ...

— Ի՞նչ, մեռնե՞լը: Կա՞ միթե ավելի դյուրին և սիրելի բան քան հայրենյաց համար մեռնելը:

— Քաջի և հայրենասերի համար, այո, դյուրին է, բայց...

— Դու քաջ չես, Վեհափառ տեր, այդ գիտեմ, բայց հայրենասեր ես, այդ չես ուրանալ:

— Թո՛ղ կատարվի քո կամքը, սիրելի իշխան, եթե աստված մահ է որոշել ինձ համար, կընդունեմ նրան հոժարությամբ: Մարտիրոսների կարգը չեն դասիլ ինձ, գիտեմ, բայց անեծքը գոնե չի մոտենալ իմ շիրմին, — խոսեց Վեհափառը վճռական եղանակով:

— Աստուծով ազատ կմնաս փորձությունից, Վեհափառ տեր. բախտն արդեն ծիծաղում է մեզ, անկարելի է, որ այս վերջին ձեռնարկությունը ևս չհաջողե նա մեզ, — հուսադրեց իշխանը կաթողիկոսին:

— Տեսնենք, գուցե աստված լսե արդարների աղոթքը:

Իշխանը վեր կացավ տեղից, համբուրեց Վեհափառի աջը, և շնորհակալություն անելով նրան յուր խնդիրը չմերժելու համար, հարցրեց, թե ե՞րբ կհաճի մեկնել Բագարանից:

— Նույնիսկ վաղը, եթե անհրաժեշտ է շտապել, — պատասխանեց կաթողիկոսը:

— Այո՛, անհրաժեշտ է. յուրաքանչյուր ավուր կորուստը անփոխարինելի վնաս կարող է բերել մեզ:

— Ուրեմն մի կամ երկու օրից, եթե սպարապետը չի ստիպիլ ինձ ուշանալ:

— Սպարապե՞տը... Այո՛, ես մոռացա: Այս գաղտնիքների մասին, վեհափառ տեր, չպիտի հայտնես նրան ոչինչ:

— Ի՞նչ պատճառ բերեմ ուրեմն Բագարանից հեռանալուս համար:

— Ես արդեն պատճառը հայտնեցի նրան: Դու գնում ես Դվին` կաթողիկոսարանը ոստիկանի հափշտակությունից ազատելու համար:

Վեհափառը բավարար գտավ այդ առարկությունը և պայման դրավ իշխանի հետ` ելնել Բագարանից երրորդ օրը: Իսկ մինչև այն իշխանը պիտի պատրաստեր յուր մարդիկը, որոնք կմիանային կաթողիկոսի հետևորդներին Ծննդոց անտառում և նրանց հետ միասին կուղևորվեին Դվին:

Նույն օրը ևեթ հրաժեշտ տվավ Մարզպետունին Աշոտ սպարապետին և յուր թիկնապահների հետ ուղղվեցավ դեպի Գեղա լեռները:

Բ

ԵՐԵՔ ԿԵՏԻ ՎՐԱ

Հազիվ Մարզպետունի իշխանը հեռացավ Բագարանից, և ահա սպարապետը դիմեց միջնաբերդ, նրա գալստյան բուն պատճառը կաթողիկոսից իմանալու: Բայց որովհետև համոզված էր, թե վերջինս նույնպես կարող է ծածկել այդ իրանից, ուստի որոշեց դիմել խորամանկության:

— Իշխանի մտադրությանը ես չեմ համակրում, — ասաց նա կաթողիկոսին, առանց որոշակի հարցեր անելու, — դու պիտի զգուշանաս այդ մարդուն գործիք դառնալուց:

— Ի՞նչ, նրա մտադրութունն արդեն հայտնի՞ է քեզ,-միամտաբար հարցրեց կաթողիկոսը:

— Ինչպե՛ս չէ. սկզբում նա ծածկեց ինձանից, բայց երբ քո մոտից վերադարձավ, ես ստիպեցի նրան, և նա յուր ծրագիրը բացավ իմ առաջ:

— Մի՞թե... Բայց նա ինձ զգուշացնում էր...

— Ինձ ոչինչ չհայտնել, այնպես չէ՞, — հարցրեց սպարապետը` խորամանկ ժպիտով:

Կաթողիկոսը մի տարակուսական հայացք ձգեց սպարապետի վրա և լռեց, նա չգիտեր ի՞նչ պատասխանել:

— Մի՛ ծածկիր ոչինչ, վեհափառ տեր. նա արդեն ամեն ինչ ինձ խոստովանեց: Միայն չկարծես, թե իմ արքայական ճաշը կամ ազնիվ գինիները նրա սիրտը բացին, ո՛չ. ես նրան խոստացա իմ զորագնդերն ուղարկել յուր օգնության... Նրա վերջին մտադրությունը կարոտ է աջակցության:

— Ինչպե՞ս, դու խոստացա՞ր, և այդ խոստմունքը կկատարե՞ս... — հարցրեց կաթողիկոսը անհանգիստ ուրախությամբ:

— Անշուշտ, ընդհանուր հայրենիքի շահը այդ է պահանջում:

— Կեցցես, մեծափառ տե՛ր, այդպիսով դու կազատես քո կաթողիկոսին անարգ գործ կատարելուց: Չէ՞ որ երկու տարի առաջ Դվինը միասին գրավեցիք, այժմ էլ կարող եք նույն ձևով գրավել:

— Անարգ գո՞րծ... Այո՛, դու չպիտի կատարես, ես այդ թույլ չեմ տալ:

— Ես կաղոթեմ քո և իշխանի համար, կաղաչեմ աստծուն, որ նա անպարտելի կացուցանե ձեր բանակը, բայց կաթողիկոսարանի մեջ դավադրություն սարքել անկարող եմ...

— Միթե իշխանը քե՞զ հանձնեց այդ գործը:

— Այո՛. “Դու հովանավորիր, ասում է, այն մարդկանց, որոնք հոգևորականի հագուստով ծպտյալ կապրեն կաթողիկոսարանում և նրա նկուղներից խրամատ կվարեն մինչև արտաքին պարիսպը...”: Միթե այդ կարելի՞ է:

Սպարապետն իմացավ արդեն ինչ որ պետք էր. մի ներքին ուրախություն նրա էությունը տոգորեց:

— Ո՛չ, այդ անարգ գործին չպիտի մասնակցես դու: Ես թույլ չեմ տալ, որ հայոց կաթողիկոսը դավադիր հռչակվի աշխարհում, իմ բազուկը դեռ զորավոր է, և նա կգործե քո փոխարեն: Ես կմիացնեմ իմ գնդերը իշխանի զորքերի հետ, և մենք Դվինը կգրավենք բռնի ուժով, այդպես էլ ես ասացի նրան:

Կաթողիկոսը, որ արդեն այդպիսի մի առիթ էր որոնում խոստացած վտանգավոր քայլից հետ կանգնելու, ուրախությունից իրան կորցրեց և Գևորգ իշխանի` յուր հետ ունեցած բոլոր խոսակցությունը մանրամասն պատմեց սպարապետին:

Վերջինս, կրկին և կրկին միամտացնելով Վեհափառին, վերադարձավ յուր ապարանքը գոհ սրտով:

“Ոչ, այդ չի հաջողիլ քեզ, Մարզպետունի իշխան, — սկսավ խոսել ինքն իրան սպարապետը, ճեմելով յուր գեղազարդ դահլիճի մեջ: — Դու կամենում ես արդեն մեռած և Սևանում թաղված թագավորին հարություն տալ. կամենում ես նորեն աթոռի վրա բազմեցնել նրան, բայց այդ թույլ չի տալ քեզ օրինավոր թագավորը:

Եթե հայ ժողովուրդը խաղաղություն է կամենում, թող նա ինձ խոնարհի և իմ բազկին ապավինե: Աշոտ Սմբատյանը չի կարող փրկել նրան, երբ Աշոտ Շապուհյանը այդ չի կամենում... Այո՛, ես եմ հայոց գահի պայազատը, ինձ են խոնարհում ոստանիկ զորքերը, սեպուհների գունդը, դրանիկ վաշտերը... Եթե Աշոտ Երկաթը թագավոր է, ինչո՞ւ է Սևանում ճգնում: Ինչո՞ւ չէ յուր թշնամիները հալածում: Եվ դու կամենում ես իմ փառքը կապտել և տալ ճգնավորի՞ն: Չէ՛, բարեկամ, այդ նվաստությունը կրելու համար չենք ծնվել աշխարհում, ոչ էլ դրա համար ենք այս հասակն առել, պատերազմներում ծերացել, թագ ու գավազան ձեռք բերել... այո՛, մեր թագը խուցերում չի ծածկվել, նա կփայլե աշխարհի առաջ, օրինավոր թագավորի գործը ամենքը կտեսնեն, պատմությունները կարձանագրեն...”:

Այդ մտածություններով ոգևորված նա մտավ առանձնարանը, կանչեց դպրին և նրանից մագաղաթ ու մելան ստանալով` նստեց և սկսավ գրել մի նամակ: Ըստ երևույթին գաղտնի հաղորդագրություն էր այդ, որովհետև դպրին չհանձնեց գրելու, բացի այդ, նա չպիտի ուղղեր այն որևէ մի հայի, ըստ որում գրում էր արաբերեն:

Ավարտելով յուր գործը, նա արքայական կնիքը դրավ ստորագրության փոխարեն, փակեց և տվավ դպրին կնքելու: Ապա կանչելով յուր հավատարիմ քաջերից մեկին, հանձնեց նամակը նրան և պատվիրեց մինչև երեք օրը հասցնել պատկանելույն:

— Մինչև երեք օրը, տեր, դժվար է հասնել Ատրպատական, — ասաց բանբերը:

— Մինչև երեք օրը տեղ պիտի հասնե այդ նամակը, — կրկնեց սպարապետը:

Բանբերը չպատասխանեց, նա գլուխ խոնարհեց և դուրս գնաց:

Արշարունյաց ձորի արևելյան գոգում, մոտ այն տեղերին, ուր կառուցած էր գեղեցիկ Երվանդակերտը և ուր Ախուրյանը խառնվում էր Երասխի հետ, գտնվում էր մեծ անտառ: Կապույտ լեռան ստորոտից սկսած` տարածվում էր նա մինչև Երասխի ափերը: Դարերից ի վեր ապրում էին այդտեղ հսկահասակ կաղնիներ, մայրեր ու կաղամախներ, որոնց կատարները ծրարում էին ամպերի մեջ: Ցերեկը նրանք արգելում էին արևի ճառագայթները, իսկ գիշերն ստեղծում անթափանցելի խավար: Չկային այդտեղ անցքեր և ուղիներ, ծառերն ամեն տեղ աճել էին վայրենի դրությամբ և իրանց ստվերապատ ու անհեթեթ բուներով վաղեմի ճանապարհները ծածկել:

Դա հիշատակաց արժանի Ծննդոց անտառն էր, Երվանդ թագավորի տնկած որսարանը: Թեպետ արքայաշեն պատվարները չէին պաշտպանում այլևս նրա սահմանները, բայց անտառն աճել, զորացել էր, ավերող ձեռքերը չէին կարող այլևս վնասել նրան: Արքայի ժողոված էրեների սերունդները բազմացել, լցրել էին նրա ծմակները, բայց արքայազն որսորդներ չէին որսում այլևս նրանց մեջ: Երկրի անապահով դրությունը, միմյանց հաջորդող խռովությունները և ներքին ու արտաքին ընդհարումները ցամաքացրել էին իշխանների սրտում զվարճասիրության աղբյուրը: Հազիվ երբեմն շինական որսորդի նետը անհանգստացնում էր այդ անտառի խաղաղակյաց բնակիչներին կամ այդտեղ թաքչող դասալիք մի զինվորի գեղարդը պատահմամբ տապալում յուր առջևից փախչող էրեին: Ուրիշ զվարճասերներ չէին այցելում այդ անտառը, որովհետև վաղուց նա դարձել էր հագարացի ավազակների բուն: Այդտեղ նրանք թաքչում էին` թե՛ անցորդներ կողոպտելու և թե՛ հետամուտ զորքերից փախուստ տալու համար:

Բայց մի քանի օր էր ինչ այդ հրոսախմբերը անհետացել էին Ծննդոց անտառից կամ գուցե, նրա խորքերը քաշվել: Այդ ավազակների տաղավարներում բնակվում էին այժմ մի խումբ հայ զինվորներ, որոնք տիրել էին այդ ծածկարաններին բռնությամբ, հալածելով այդտեղի նախկին բնակիչներին և նրանց մի մասը կոտորելով: Զինվորներից ոմանք զբաղվում էին այդտեղից որսորդությամբ, որպեսզի դրանով կերակրեն իրանց և ընկերներին, իսկ ոմանք պահպանություն էին անում անտառի մուտքի մոտ և այդտեղից դիտում Դվնո դաշտը տանող ճանապարհները:

Դրանք Մարզպետունու մարդիկն էին, որոնք սպասում էին այդտեղ կաթողիկոսի գալստյան, որպեսզի, նրա հետևողների հետ միանալով` դիմեն դեպի Դվին:

Բայց օրերը հաջորդում էին միմյանց, և կաթողիկոսը չէր երևում: Զինվորները իրանց ձանձրույթը փարատելու համար պարապում էին երբեմն զինվորական մրցությամբ և երբեմն իրանց կատարելիք գործի վերաբերմամբ փորձեր էին անում: Նրանք փորում էին խրամատներ, կապում էին ստորերկրյա կամարներ կամ ներքնուղիով ռազմամթերք փոխադրելու վարժություններ էին անում: Դրանցից էլ ձանձրանալով` ստեղծում էին զվարճալի խաղեր, հագնում էին իրանց հետ բերած վարդապետական սքեմները, ծածկում էին խույրեր և վեղարներ և այդպիսով ստեղծում վարդապետների մի խումբ, որ տարօրինակ պատկեր էր ներկայացնում մենավոր անտառի մեջ:

Եվ սակայն այդպիսով շաբաթը լրացավ, բայց Բագարանից լուր չեկավ իրանց:

Զինվորներից ոմանք ցանկություն հայտնեցին ուղարկել Բագարան իրանցից մեկին և կաթողիկոսի ուշանալու պատճառն իմանալ: Բայց մյուսներն արգելք եղան, հայտնելով, թե իշխանը հրամայել է իրանց սպասել, ուրեմն և պիտի սպասեն, որպեսզի ոիևէ սխալ քայլ անելով` իշխանի դիտավորությունները չխանգարեն:

Բայց որտե՞ղ էր այդ միջոցին ինքը` Մարզպետունին:

Նա գտնվում էր Երազգավորսում, Աբաս արքաեղբոր մոտ: Դվինի գրավելու մասին հարկ եղած որոշումն անելուց և նախնական պատրաստությունները տեսնելուց հետո, նա դիմել էր Աբասին, նախ` թագավորի հետ նրան հաշտեցնելու և ապա այդ քաջի աջակցությունը ձեռք բերելու յուր մտադրյալ գործի համար:

Աբասն այդ ժամանակ ապրում էր յուր հոր` Սմբատ թագավորի կառուցած ապարանքում: Յուր եղբոր պես նա էլ գեղեցիկ, բարձրահասակ, ամուր կազմվածքով և, մանավանդ, ազդեցիկ դեմքով մի տղամարդ էր: Թեպետ տարիքով ավելի փոքր էր քան թագավորը, բայց նորից ավելի խոհեմ և շրջահայաց էր: Բացի այդ, նա ավելի պարկեշտ և բարոյասեր էր, քան Աշոտը. և հենց այդ պատճառով էլ սրտմտած էր եղբոր դեմ, որ նա առաքինի հորից ժառանգած գահի պատիվն արատավորել էր յուր ապօրինի ընթացքով:

Արքաեղբոր այդ սրտմտությունից օգուտ քաղեցին յուր ժամանակին նրա աներ ափխազաց իշխանը և հորեղբայր Աշոտ բռնակալը և միացրին նրան իրենց հետ` թագավորին դավով գահընկեց անելու համար: Այդ դավադրությունը, ինչպես յուր տեղը իմացանք, անհաջող անցավ: Թագավորը չկամենալով եղբորից վրեժ առնել` ափխազաց Գուրգենի երկիրն ավերեց, որով Աբասին ավելի գրգռեց: Ապա երբ յուր սուրն Աշոտ բռնակալի վրա դարձուց, սա կեղծավորաբար հաշտվեց նրա հետ, արքաեղբայրը, սակայն, չմոտեցավ թպգավորին, ոչ էլ հաշտվելու փորձ արավ, որովհետև յուր գժտության պատճառը բոլորովին տարբեր էր Գուրգեն-Ափխազի և Աշոտ բռնակալի ունեցած պատճառներից, նա անգործ նստել էր Երազգավորսում և այլևս ոչնչի չէր խառնվում: Նա, մինչև անգամ, մերժեց Մարզպետունու խնդիրը, երբ վերջինս մի քանի ամիս առաջ եկավ խնդրելու իրան` միանալ դաշնակցել ցանկացող իշխանների հետ:

Եվ այժմ, երբ նա նորեն մտավ Երազգավորս` Աբասին յուր եղբոր հետ հաշտեցնելու դիտավորությամբ, մտածում էր, թե անկարող պիտի լինի դարձյալ համոզել նրան: Միակ վստահությունը ներշնչում էին իրան յուր վերջին հաղթությունները: Դրանք իրավունք էին տալիս նրան ավելի ազատ խոսելու և այդ իշխանապետներից պահանջներ անելու: Այդ վստահությամբ նա դիմեց կաթողիկոսին և այդ վստահությամբ էլ մտավ Երազգավորս: Բայց այս անգամ, երբ նա ներկայացավ Աբասին` բոլորովին կերպարանափոխ գտավ նրան: Նա ոչ միայն ընդունեց իշխանի առաջարկությունը` թագավորի հետ հաշտվելու, այլև հայտնեց, թե պատրաստ է յուր զորքերը նրա հրամանատարության հանձնելու:

— Քո կատարած գործերն ամաչեցրին ինձ, — ասաց նա իշխանին անկեղծորեն: — Երբ ես իմացա, թե դու Ուրծաձորում հարձակվել ես Բեշիրի զորաց դեմ միայն քսան հոգով և նույն հարձակումը կրկնել ես Գեղա ամրոցի մոտ և երկու անգամ էլ հաղթություն տարել, այն օրից արդեն ուխտեցի միանալ քեզ հետ: Այստեղ, Երազգավորսում ես ունիմ բարեկարգ բանակ, առաջնորդիր նրան, ուր որ ցանկալի է քեզ: Իսկ թագավորին ես կպարզեմ իմ աջը անկեղծ հաշտությամբ և կընդունեմ նրան այստեղ արժանավայել փառքով: Հարցն այն է, թե կելնե՞ նա Սևանից թե ոչ, — ավելացրեց արքաեղբայրը:

— Եթե նա իմանա, թե դու հաշտության ձեռք ես պարզում իրան, նա ուրախությամբ յուր աթոռանիստը կդառնա:

— Այո, ես հաշտվում եմ նրա հետ, ես ներում եմ նրան յուր թուլությունները, որոնք ներելի չէին իբրև թագավորի... Այո՛, ներում եմ. բայց վախենում եմ, թե նա համառի յուր որոշման մեջ, չվերադառնա Երազգավորս: Իսկ ես սրտանց կամենում եմ տեսնել նրան նորեն յուր աթոռի վրա... իսկ թագուհին շատ վիշտ է կրել, պետք է նրան սփոփել...

Մարզպետունին զարմացավ` տեսնելով Աբասի խոսքերի մեջ այսքան մեղմություն ու գորով: Ի՞նչ էր պատահել արդյոք, մի՞թե զղջացել էր նա եղբոր դեմ ունեցած գժտության համար, թե՞ աներոջ հետ գործած դավաճանության հիշատակը տանջում էր նրա խիղճը:

— Ես կերթամ թագավորի մոտ, կխնդրեմ նրան իմ և քո կողմից, — ասաց Մարզպետունին. — հույս ունիմ, թե նա կհարգե մեր խնդիրը:

— Ես նույնպես կընկերանամ քեզ, — ասաց Աբասը:

— Դո՞ւ, մեծափառ տեր, — հարցրեց Մարզպետունին բոլորովին զարմացած:

— Այո՛, ե՛ս. մի՞թե տարօրինակ է թվում քեզ իմ ցանկությունը:

— Ո՛չ թե տարօրինակ, այլ ընդհակառակը, շատ բնական... Միայն թե չգիտեմ ինչո՞ւ հանկարծ այսպես...

— Ի՞նչ:

— Փափկացավ քո սիրտը, որին ես այնքան անողոք էի գտնում միշտ:

— Իշխա՛ն, հարազատ եղբորը դժվար է մոռանալ:

— Իսկ ես ավելին կասեմ, անկարելի է մոռանալ...

— Այո՛, թագավորն ինձ ինքնագիր նամակ է գրել...— ընդհատեց Աբասը` աչքերը տխրությամբ գետնին հառելով:

— Նամա՞կ, — հարցրեց իշխանը զարմանալով:

— Այո՛, տխուր նամակ, մեծ ցավ պատճառեց նա ինձ յուր այդ գրությամբ:

— Ի՞նչ է գրել, ինչո՞ւ է ցավ պատճառել, — հետաքրքրությամբ հարցրեց իշխան Մարզպետունին:

— Նա հիվանդ է:

— Հիվա՞նդ, ինչո՞ւ:

— Չէ՞ որ Բեշիրի հետ ունեցած կռվում վիրավորված է եղել:

— Մի՞թե, այդ ես չգիտեի, — հարեց իշխանը վախենալով:

— Այո՛, վիրավորվել է թունավոր նետով, վիրաբույժը, ասում են, հուսահատված է արդեն:

— Օ՛, այդ մի դժբախտություն է, — բացականչեց իշխանը.— անկարելի է ուրեմն թողնել նրան Սևանում, շտապենք բերել այստեղ:

— Վաղը ևեթ կարող ենք ճանապարհվել:

— Իսկ թագավորի նամակը չէի՞ր հաճիլ տալ ինձ կարդալու, — ակնածությամբ հարցրեց իշխանը:

— Դու արքայական տան հավատարիմն ես, ի՞նչ պիտի ունենանք մենք քեզանից ծածուկ, — պատասխանեց Աբասը վստահորեն. — ահա՛ նամակը, կարդա՛:

— Այս ասելով նա մոտեցավ պահարանին և հանելով այնտեղից արքայի գրությունը, տվավ իշխանին կարդալու:

Նամակը հետևալն էր.

“Հայոց Աշոտ ապաբախտ թագավորից յուր սիրեցյալ եղբոր Աբաս արքայորդուն`

Ողջույն:

Նախախնամության աջը, սիրեցյալ եղբայր, ծանրացավ արդեն ինձ վրա: Իմ գործած հանցանքների համար նա պատժեց ինձ չարաչար: Ես տեսա իմ երկրի ավերումը, տեսա սիրեցյալի երեսդարձությունը, տեսա իմ թագի նսեմանալը:

Արժանի՞ էի ես այդ ամենին թե ոչ, չգիտեմ, միայն գիտեմ, որ նախախնամությունն անարդար ոչինչ չէ տնօրինում: Պիտի խոնարհիմ ուրեմն նրա սուրբ կամքի առաջ և օրհնեմ նրա անունը գոնե այն մխիթարության համար, որ նա տվավ ինձ իմ տանջանքների մեջ:

Դա այն աներկյան հույսն է, թե քիչ ժամանակից հետ պիտի բաժանվիմ աշխարհից և դադարեմ այլևս տանջվելուց:

Բեշիրի դեմ մղած ճակատամարտում մահ էի որոնում ես, բայց միայն վերք ստացա, և այն այնպիսին, որ երկար ինձ տանջեր և հանցանքներս հիշեցնելով` կեղեքեր իմ հոգին: Անշուշտ այս էլ աստուծո տնօրինությունն էր. օրհնում եմ նրա կամքը: Բայց որովհետև վիրաբույժս հուսահատած է արդեն և գուշակում է, թե շուտով պիտի մեռնիմ, ուստի շտապում եմ դիմել քեզ, սիրեցյալ հարազատ, և խնդրել, որ փութաս քո հաշտության համբույրն ինձ բերելու: Ես որոշել եմ մեռնել Սևանում, իմ մարմինը, հարկավ, կտանեք Բագարան իմ հայոց դամբարանում ամփոփելու, բայց հոգիս պիտի ավանդեմ այս ապաշխարանաց վայրում, այդ կարի ցանկալի է ինձ: Ուրեմն լսիր իմ վերջին խնդիրը և կատարի՛ր նրան:

Ես մեռնում եմ անզավակ, դու ես մնում պայազատ իմ թագի և գահի, որոնց և պիտի ժառանգես իրավամբ: Բայց կամենում եմ, որ դու տիրանաս նրանց ոչ իբրև իմ հակառակորդ, այլ իբրև եղբայր: Բե՛ր ինձ ուրեմն քո հաշտության համբույրը և դրա փոխարեն ստացիր ինձանից քո օրինական ժառանգությունը: Նրա հետ միասին ես կամենում եմ հանձնել քո ձեռը մի ավանդ, որի պահպանությունը կարող եմ վստահիլ միայն քեզ, իբրև իմ միակ հարազատին”:

Վերջին խոսքերն ավարտելուց հետ իշխանն անհամբերությամբ հարեց.

— Ե՞րբ ստացար այս նամակը, տե՛ր:

— Երեք օր առաջ, — պատասխանեց Աբասը:

— Եվ մինչև այս րոպեն կարողացար համբերե՞լ:

— Համբերեցի տանջվելով: Եթե թագավորը միայն հաշտության մասին խոսեր, ես իսկույն ևեթ կշտապեի նրա մոտ, բայց նա հիշում է նաև իմ ժառանգությունը... Մի՞թե այդ ժառանգության համար պիտի հաշտվեմ նրա հետ...

— Եթե ա՛յդ է միակ տանջող մտածմունքդ...

— Այո՛, միայն այդ. ծանր է այժմ ինձ երևալ նրա առաջ: Չէ՞ որ նա կկարծե, թե ժառանգությունս ստանալու համար եմ այցելել իրան:

— Մի՛ հոգար այդ մասին, տե՛ր, հապաղելն ավելի ցավ կարող է պատճառել քեզ, — ասաց Մարզպետունին և խորհուրդ տվավ նրան շտապել, ճանապարհվել կարելվույն չափ փութով:

Մի քանի օրից հետ Աբաս արքաեղբայրն ու Մարզպետունի իշխանը ելան Երազգավորսից և ուղղվեցան դեպի Սևան: Նրանց ուղեկցում էր հազար հոգուց կազմված և գեղեցկապես սպառազինված մի բանակ, որի մի մասը արքաեղբոր և մյուսը` Մարզպետունու զորքերից էին:

Կամենալով մի փոքր ոգևորել գավառներում ապրող ժողովրդին, նրանք Շիրակից չանցան դեպի Գուգարք, թեպետ կարճ ճանապարհն անցնում էր նրա միջով, այն է` Աղստև գետի ուղղությամբ, այլ իջան դեպի հարավ, մտան Արագածոտն և՛ ապա անցան Նիգ և Վարաժնունիք գավառները: Այդպիսով շրջան անելով` ամեն մի շենի կամ ավանի մոտեցած ժամանակ` հնչեցնել էին տալիս նրանք փողեր ու շեփորներ, անցնում էին հաղթական ընթացքով և պատրաստում էին ժողովուրդին իրանց մոտալուտ հարձակմանց աջակցելու: Իսկ ինքը, ժողովուրդը, դիմավորում էր նրանց ուրախությամբ, սրտագին ցույցերով, հարգանք էր մատուցանում արքայական դրոշին, որ կրում էին այդ զորքերը, և քաղցր հյուրասիրությամբ պատվում էր վերջիններին:

Այս ամենը տեսնելով արքաեղբայրը հուզվում և դառնալով Մարզպետունուն` հարցնում էր.

— Եթե ժողովրդի մեջ այսպիսի սիրտ ու հոգի կա, ինչո՞ւ մենք մնացել ենք անզոր, ինչո՞ւ չենք օգտվում այս պատրաստի ուժից:

— Որովհետև անձնական գժտությունները ժամանակ չեն տալիս ձեզ աչք բանալու և ժողովուրդը տեսնելու, որովհետև անձերնիդ պաշտպանելու հոգսը գրավել է ձեր բոլոր ուշադրությունը... — պատասխանեց իշխանը. — ժողովուրդը, այո՛, ուժ ունի, ժողովուրդը մի հեղեղ է, որ թե զորացավ, կարող է թումբեր կործանել, ամբարտակներ տապալել: Բայց պակասում է մեզ մարդ, որ կարողանա ժողովրդի սրտի հետ խոսել, ոգիներ վառել, հեղեղ պատրաստել:

— Ո՞վ կարող է լինել այդ մարդը, — հարցրեց արքաեղբայրը:

— Նա, որ կկարողանա բոլորանվեր կերպով զոհել յուր անձը հայրենիքին, — պատասխանեց իշխանը եռանդով:

— Այդպիսի մեկին ճանաչում եմ ես, տեր Մարզպետունի:

— Ո՞ւր է նա, — հետաքրքրությամբ հարցրեց իշխանը:

— Ահա` այստեղ, իմ առաջ... Այդ դու ես, — ասաց Աբասը ժպտալով, և ապա ձեռքը պարզելով իշխանին, ավելացրեց. — երկրորդը, ահա՛ գալիս է քեզ միանալու, նա կլինի քո անբաժան և անձնվեր զինակիցը:

— Եվ իմ տերն ու իշխանապետը, — բացականչեց Մարզպետունին և ջերմությամբ արքաեղբոր աջը սեղմելով` ավելացրեց. — այս օրվանից ուրեմն ծագում է նոր արև. նա կջերմացնե սառած սրտերը և կառաջնորդե յուր ժողովրդին:

Այն միջոցին, որ արքաեղբայրն ու Մարզպետունին ոտք էին կոխում Սյունյաց նահանգի հյուսիսային սահմանածայրը, նույն նահանգի հարավային մասում ուրիշ գործ էր կատարվում: Նսըր ոստիկանը տեղեկանալով Աշոտ բռնավորի նամակից, որ արաբացոց զորքերը ջարդող Մարզպետունին մտադիր է Դվինը պաշարվել կամ դավադրությամբ գրավել, ժողովեց իսկույն յուր զորքերը, կազմեց նույնպես Ատրպատականի պարսիկներից բազմաթիվ հրոսախմբեր և նրանց հետ միասին ելնելով այն երկրից` մտավ Վասպուրական: Եվ որովհետև որոշել էր յուր մուտքը դեպի հայկական նահանգները հաղթական և ահարկու կացուցանել, ուստի փորձ փորձեց Վասպուրականի մի քանի ավանները գրավել: Բայց Գագիկ Արծրունու մշտապատրաստ զորքերը հետ մղեցին նրա հրոսակներին: Նսըրը տեսնելով, որ յուր ուժը Վասպուրականում կարող է թուլանալ, եթե կռվի բռնվի Գագիկ թագավորի հետ, խույս տվավ նրա երկրի հյուսիսային կողմից և շտապավ Երասխն անցնելով` մտավ Սյունիք:

Նա գիտեր, որ այդ նահանգի տեր երեք եղբայրներից երկուսը, այն է` Սահակ և Բաբգեն իշխանները, բանտարկված են յուր ձեռքով Դվինում, մնում էր ուրեմն մինը, այն է` Սմբատ իշխանը, որ միայնակ չէր խիզախիլ յուր դեմ: Ուստի հանդուգն արշավանքով մտնելով Երնջակ, դիմեց դեպի նույնանուն բերդը: Նա կամենում էր գրավել նրան և ընդդիմացողներին ջարդել: Այդ ձևով մտածում էր տիրել յուր ճանապարհի վրա գտնվող բոլոր ավաններին և շուրջը ահ ու սարսափ տարածելով հասնել մինչև Դվին:

Բայց որքա՛ն մեծ եղավ նրա սարսափը, երբ Դարվա լեռներում յուր հանդեպ ելան Սմբատ իշխանի սպառազինված գնդերը:

Մարզպետունու օրինակը քաջալերել էր հայ իշխաններին, ամեն տեղ նրանք պատրաստված էին արդեն, իսկ Սյունյաց քաջ իշխանն ավելի ևս:

Իմանալով որ Նսըրի բանակն անցել է Երասխա հունը, Սմբատ իշխանը, որ հենց այդ միջոցին գտնվում էր Երնջակում, հրամայեց զորքերին առաջանալ դեպի թշնամին, որովհետև գիտեր` նա առանց վնաս պատճառելու չի անցնիլ Սյունիքից: Եվ ահա Դարվա լեռնաձորում հանդիպեցին նրանք միմյանց:

Իշխանը, որ յուր գնդերով գտնվում էր լեռնալանջի վրա, պատգամ ուղարկեց Նսըրին` ասելով.

“Աստուծո վրեժխնդիր աջը առաջնորդել է քեզ դեպի այս լեռնաձորը, դու, որ խաբեությամբ բանտարկեցիր իմ եղբայրները, պետք է ուրեմն նրանց տված տանջանքների վրեժը լուծես այս ձորում: Քո զորքերն այս վայրկենին շրջապատված են իմ քաջերով, ո՛չ մի արաբացի ողջ չի ելնիլ այստեղից, եթե ես չկամենամ. ուստի իբրև փրկանք քո անձի և զորքերի` ես առաջարկում եմ, որ Դվին հասնելուդ պես ազատես իմ եղբայրները բանտից և վերադարձնես նրանց այստեղ: Դրա համար ես պահանջում եմ, որ դու տաս ինձ երդման գիր, այլև պատանդներ` քո գլխավոր իշխաններից: Հակառակ դեպքում Դարվա այս ձորը գերեզման կդարձնեմ քո բանակի համար”:

Եվ իրա՛վ, արաբացոց բանակը վտանգի մեջ էր: Սյունեցիք ստիպել էին նրանց կանգ առնել այնպիսի նեղ ձորում, որի մի մասը բռնած էր Երնջակա գետը, իսկ մյուս մասի վրա հազիվ զետեղվում էր արաբացոց այրուձին: Երկու կողմից բարձրանում էին Դարվա լեռնալանջերը, որոնց ամբողջապես բռնած էին սյունեցիք: Նրանց սպառնալից դիրքն ու դեմքերը սարսափ էին ազդում արաբացիներին: Սրանք տեսնում էին, որ այդ քաջերը ժայռերի տարափով միայն կարող էին ջարդել իրանց մի ժամվա մեջ. իսկ իրանք փախչելու ոչ մի ելք չունեին:

Ոստիկանը նույնպես, տեսնելով յուր վիճակը և հակառակորդի զորությունը, դիմեց իսկույն մահմեդականի հատուկ խորամանկության: Նա սիրով ընդունեց իշխանի պատգամավորներին: Համաձայնվեցավ Դվին դառնալուն պես` ազատել իշխանի եղբայրները և դրա համար յուր կնիքով կնքած երդմնագիր, այլև պատանդներ տալ նրան: Այս պատճառով իշխանն իջավ ոստիկանի բանակը, տեսնվեցավ նրա հետ բարեկամաբար և խոստացված երդմնագիրն ու պատանդներն առնելով, տվավ Նսըրին թանկագին նվերներ և ուղեկցեց նրան մինչև Երնջակա սահմանը:

Բայց ոստիկանը, շտապով Նախիջևանի գավառն անցնելով, մտավ Շարուր և ապա Ուրծաձոր, որոնք յուր կալվածներն էին համարվում, և այս վերջինում ասպատակել տվավ հայաբնակ գյուղերը, որովհետև դրանց բնակիչները աջակցություն էին ցույց տվել Մարզպետունուն: Ի վերջո մուտ գործելով Դվին, ոչ միայն չազատեց Սյունյաց իշխաններին, ինչպես որ խոստացել ու երդվել էր, այլև ավելի խստացրեց նրանց կապանքները:

Բացի այդ, հաշիվ պահանջելով Բեշիրից արաբական զորքի կրած վնասների համար, գտավ, որ դրանք անթիվ են, ուստի և ի տրիտուր այդ վնասուց գրավեց իսկույն կաթողիկոսարանը: Նրա կարծիքով, հասած վնասների սկզբնապատճառը հայոց կաթողիկոսն էր. որովհետև եթե նա շարունակ փախուստ տված չլիներ իրան հետամուտ եղող ոստիկանական զորքերի երեսից, վերջինները առիթ չէին ունենալ կռվի բռնվել Մարզպետունու կամ արքայի զորքերի հետ: Եվ ահա այս պատճառով, իբր թե ամենից առաջ պիտի տուժեր ինքը կաթողիկոսը: Նրա ապարանքը ոստիկանը դարձրեց յուր ծառաների բնակարան, իսկ կաթողիկոսարանի անունով նա գրավեց եկեղեցական իշխանապետության պատկանյալ բոլոր կալվածները, որոնց հասույթով կերակրվում էին հարյուրավոր միաբանություններ:

Այս ամենը լսեց Սմբատ իշխանը և շատ զղջացավ, որ ազատ է թողել ուխտադրուժ հագարացուն: Բայց սխալն ուղղել այլևս անկարելի էր: Մնում էր նրան մխիթարվել այն միակ մտածությամբ, թե յուր եղբայրները մահից և կապանքից ազատելու համար գործեց այդ թուլությունը:

Եվ որովհետև նա հաստատ գիտեր, որ Բեշիրը չէր խնայիլ յուր հարազատներին, եթե նա ջարդեր հագարացոց բանակը, ուստի այդ մտածությունը մեղմեց նրա վիշտը:

Այսուամենայնիվ նա ուխտեց տուժել տալ հագարացուն ուրծաձորցիների վնասը և ազատել նույնիսկ կաթողիկոսարանը, եթե աստված հաջողեր իրան հանել յուր եղբայրները բանտից:

Բագարանի միջնաբերդում նստած խոսակցում էին կաթողիկոսն ու Աշոտ բռնակալը: Վերջինս եկել էր մխիթարելու Վեհափառին այն ծանր կորստի համար, որ կրել էր եկեղեցական իշխանապետությունը կաթողիկոսարանի գրավմամբ:

Բայց Վեհափառն անմխիթար էր: Նա տանջվում էր, մանավանդ, խղճի խայթերից:

— Եթե ես լսած լինեի Մարզպետունու խորհրդին, եթե կատարած լինեի նրան տվածս խոստումը, կաթողիկոսարանը չէր վտանգվիլ, նրա կալվածները չէին հափշտակվիլ, — ասում էր նա և կշտամբում, մանավանդ, Աշոտ բռնավորին, որ պատճառ դարձավ յուր հապաղելուն:

— Ընդհակառակը, ես ազատեցի քեզ անպատվությունից և անխուսափելի մահից, — պատասխանեց բռնավորը: — Դու արդեն մի քանի անգամ փախուստ ես տվել ոստիկանի երեսից, ուրեմն այս վերադարձով չպիտի կարենայիր նրա սիրտն ամոքել: Վաղ թե ուշ, նա կձերբակալեր քեզ և, գուցե, զնդանի մեջ էլ մեռցներ: Այդպիսով Մարզպետունու տված խորհուրդը մահ և անպատվություն միասին պիտի բերեր քեզ:

— Այժմ էլ արդեն մեռած ու անպատված եմ, — պատասխանեց կաթողիկոսը, — ի՞նչ իրավունք ունիմ այլևս ապրելու և ինձ գահակալ անվանելու, քանի որ եկեղեցվո սուրբ հայրերից ինձ ավանդ տրված հարստությունը հափշտակության մատնեցի իմ թուլությամբ:

— Ոչ թե քո, այլ նրա՛ թուլությամբ, որ իրան հայոց թագավոր է հռչակում, բայց երկյուղից կծկվել է Սևանի խուցերում: Եթե թագավորը, որ զենք ունի ձեռքին և զորք յուր ետևում, փախչում է թշնամու երեսից, մի՞թե նույնն անելու իրավունք չունի մի հոգևորական, որի զենքն աղոթքն է միայն:

— Ո՛ւր էր թե այդպես մտածեր և իմ ժողովուրդը, բայց նա ամեն հանցանք ինձ վրա պիտի բարձի, մանավանդ` “երբ “անհանգիստ իշխանը” մեղադրե ինձ ամենքի առաջ...”

— Մարզպետունի՛ն:

— Այո՛, ես սարսափում եմ նրանից: Ի՞նչ պատասխան պիտի տամ արդյոք, եթե նա վերադառնա այստեղ:

— Եվ ո՛չ մի պատասխա՛ն, ո՞վ է նա և ի՞նչ իրավունք ունի քեզ վրա:

— Նա արքայի հավատարիմն է և գործում է նրա հրամանով: Նա բարի խորհուրդ տվավ ինձ և ես չլսեցի...

— Կամենո՞ւմ ես, Վեհափառ տեր, ազատվել անհաճո զրույցներից, — հարցրեց հանկարծ բռնավորը:

— Օ՛, շատ կցանկանայի, բայց ինչպե՞ս կարող եմ:

— Հեռացի՛ր Բագարանից:

— Հեռանա՞մ, և ո՞ւր կարող եմ դիմել. Այրարատում այլևս չկա ինձ համար հանգստյան անկյուն:

— Դու կաթողիկոս ես ոչ միայն Այրարատի, այլ համայն հայոց համար, և ուր էլ որ լինի քո աթոռը, հայերը պարտավոր են պաշտոն մատուցանել նրան:

— Բայց ո՞ւր կարող եմ հեռանալ, ո՞վ այլևս կպաշտպանե ինձ, — հարցրեց կաթողիկոսը վշտալի ձայնով:

— Նա, որ այնքան հաճախ հրավիրում էր քեզ յուր մոտ, որ կամենում էր քեզ հովանավորել, բայց որի խնդիրը մերժում էիր դու:

— Ո՞վ... — հարցրեց Վեհափառը, չկարողանալով մտաբերել ակնարկած անձին:

— Գագիկ թագավորը:

— Գագիկ թագավո՞րը... — բացականչեց հանկարծ հայրապետը. և նրա տխրամած դեմքը ներքին ուրախությունից զվարթացավ:

— Այո՛, գնա՛ Վասպուրական, Գագիկ Արծրունու մոտ. նա քեզ կհովանավորե և կպաշտպանե: Եթե Արծրունյաց ոստանում ապրել չկամենաս, կարող ես քաշվել Աղթամարա կղզին, թագավորն այնտեղ անառիկ բերդ, գեղեցիկ դղյակ և հրաշալի եկեղեցի է կառուցել: Հաստատիր աթոռդ այդ կղզու մեջ, որ Հայաստանի սիրտն է. Ժողովի՛ր շուրջդ նոր միաբանություն, ծաղկեցրո՛ւ այնտեղ հավատո ուսումը և ծերությանդ օրերն անցցրու հանգստության մեջ:

Բռնավորի խոսքերն այն աստիճան հաճո թվեցան կաթողիկոսին, որ սա հուզվելով բռնեց նրա աջը և ջերմագին սեղմելով բացականչեց.

— Աստված, ուրեմն, չէ թողնում ինձ, տե՛ր. նա քո բերանավ խոսում է ինձ հետ և փրկության ճանապարհ է ցույց տալիս: Շնորհակալ եմ քեզանից, անչափ շնորհակալ, պիտի օրհնեմ կյանքդ, քանի կենդանի եմ: Այո՛, կերթամ Վասպուրական. կքաշվեմ Աղթամարա կղզին, ուր իմ ականջին չեն հասնիլ այլևս անհաճո զրույցներ: Եվ հայոց կաթողիկոսի գահը թող անխախտ մնա այնտեղ և իմ հաջորդները օրհնեն քո հիշատակը, որ պատճառ եղար Լուսավորչի աթոռը ապահով վայրում հաստատելու: Եվ այդտեղ, այո՛, կհաստատեմ նոր ուխտ, կժողովեմ իմ շուրջը սուրբ գրոց աշակերտներ և հավատո ջահը կվառեմ Աղթամարում... Բա՛վ է որքան աստանդական թափառեցի, գտնեմ այժմ մի անկյուն, որ կարողանամ իմ գլուխը հանգչեցնել:

— Եվ այդտեղ կավարտես քո Հայոց պատմությունը... — հիշեցրեց բռնավորը:

— Այո՛, այո՛, իմ պատմությունը, որ ցայսօր մնաց թերի... Որքա՞ն երախտագետ պիտի լինիմ քեզ, եթե ավարտեմ այն, — բացականչեց կաթողիկոսը:

Եվ այդ բանով նա այնպես ուրախացավ, ինչպես մի մանուկ, որ գտնում է հանկարծ յուր կորցրած խաղալիքները: Կարծես այլևս չէր մնում ուրիշ ցավ, որ կարողանար տանջել յուր հային կամ թե հայ ազգի դժբախտությունը պիտի վերանար, եթե նա յուր թերի պատմությունն ավարտեր:

Մի քանի օրից հետ կաթողիկոսը յուր հավատարիմներով ելավ Բագարանից և իջավ դեպի Երասխաձոր:

Ծննդոց անտառում սպասող հայ զինվորները տեսան հեռվից Վեհափառի գալուստը և ուրախացան: Նրանք արագ-արագ հագան իրանց վարդապետական վերարկուները և վեղարները ծածկեցին: Այդպիսով կազմեցին նրանք կղերականաց մի ստվար խումբ, որ փայլ պիտի տար հայրապետական գնացքին, եթե Վեհափառը միանար նրանց հետ և այդպիսով մուտ գործեր Դվին:

Բայց որքա՛ն մեծ եղավ զինվորների տխրությունը, երբ կաթողիկոսը հայտնեց նրանց, թե ոստիկանն արդեն հասել է Դվին, հափշտակել է կաթողիկոսարանը և հետևում է իրան ձերբակալելու: Հետևապես, չկարողանալով այլևս վերադառնալ յուր աթոռը և ոչ էլ մնալ Բագարանում, նա փախուստ է տալիս դեպի Վասպուրական` Գագիկ թագավորին ապավինելու:

Զինվորներն, իհարկե, տխրությամբ լսեցին այդ նորությունները, որոնք ոչնչացնում էին իրանց հույսերն ու գեղեցիկ ծրագիրները և տխրությամբ էլ բաժանվեցան Վեհափառից: Միակ մխիթարությունը, որ տանում էին իրանց հետ` այն էր, որ արժանացան կաթողիկոսի աջը համբուրելու: Նրանք վերադարձան Գեղա լեռները, որտեղից էլ Վահրամ սեպուհի հրամանով ուղևորվեցան Սևան, իշխան Մարզպետունուն այս նորությունները հաղորդելու:

Իսկ կաթողիկոսը ամենայն ապահովությամբ Երասխն անցնելով` մտավ Ճակատք գավառը, այդտեղից իջավ Բագրևանդ, ապա Կոգովիտ և վերջապես հասավ Վասպուրական նահանգը, որի սահմանի վրա դիմավորեցին նրան Գագիկ թագավորի մշտապատրաստ զորքերից մի քանի գունդ և պատվով առաջնորդեցին նրան դեպի Արծրունյաց հին ոստանը` Վան: Վասպուրականի ժողովուրդը մեծ շքով ընդունեց յուր հայրապետին, իսկ Գագիկ թագավորն ընդառաջեց նրան յուր իշխաններով մի քանի փարսախ ճանապարհ: Նրա ուրախությունն այժմ կատարյալ էր, որովհետև յուր թագավորության միակ պակասը լրանում էր Վեհափառի գալստյամբ: Այն է` հանուր հայոց հայրապետական աթոռը փոխադրվում էր յուր երկիրը, և այդ մեծ պատիվ էր յուր համար:

Բայց մենք թողնենք կաթողիկոսին այս հակաթոռ թագավորի երկրում և վերադառնանք Սևան, հարազատ թագավորի մոտ: