Ասում են ինձ
անգութ և չար,
Եվ իմ լեզուն
է մեղավոր.-
Անսիրտ, անհաշտ
և կռվարար,
Եվ իմ լեզուն
է մեղավոր:
Ես չեմ կարող
չասել խոսքեր,
Որ ճշմարիտ են
և տեղին,
Բայց ինձ վրա
նստում են թանկ,-
Եվ իմ լեզուն
է մեղավոր:
Ես չեմ կարող
ասել խոսքեր,
Որ սնամեջ են,
անիմաստ,
Բայց ասողին
բերում են փառք,-
Եվ իմ լեզուն
է մեղավոր:
Խայթել եմ շատ
և անտեղի,
Իմ սիրածին տվել
եմ ցավ,
Մեծավորիս կոչել
համբակ,-
Եվ իմ լեզուն
է մեղավոր:
Սիրում եմ կյանքը
և մարդկանց,
Սափոր է սիրտս
բարության,
Եվ մնացել է համր
ու փակ,-
Եվ իմ լեզուն
է մեղավոր: