ՂՈՂԱՆՋ ՄԵՂՍԱԿԱՆ

Իսկ ժամանակը իրենն է անում:

Ամիսը ամսին` անցնում են տարիք,
Եվ զգում է նա… այդ ինչի՞ կարիք...

Դեղնած գրքերի փոշին բերանում`
Նա դուռն է բանում իր խոնավ խցի
Ու դուրս է գալիս` փոքր-ինչ օդ ծծի:

Կանաչ Բնառվից անվայել թռնում
Եվ այգիների ճամփան է բռնում:

Ճամփան տանում է դեպի Արարատ,
Դեպի Մայր Արաքս` ճոխ դաշտի միջով:

Գարում է գալիս: Օդը` անարատ,
Բույրով ու թույրով, լույսով է առատ
Ու նրա ջահել սրտի պես` ճիչով:

Գարուն է գալիս:

Ձներն են լալիս,
Որ առու-առու`
Կրքից պղտորված
Իրար գիրկ վազեն:
Բացվող գարնան հետ
Վերադառնալիս`
Զույգեր են կազմում
Տատրակն ու բազեն:

Ծառեր ու խոտեր
Ծաղիկ են տալիս,
Ու բնազդական –
Բուսական սիրով
Իրար փոշոտեն:

Որսի դուրս գալիս
Եվ արածելիս
Քիչ է մնում թե
Գազաններն անգամ
Լափլիզող սիրուց
Իրար հոշոտեն:

Իսկ սի՛րտը, սի՜րտը…

Իսկ սիրտը մարդու`
Սիրո հովերից
Այլևըս արթուն`
Գարնան գետի պես
Մերթ` վարար հորդում,
Մերթ` անձրևի պես`
Լալի՛ս է, լալի՜ս.
Ուզում է մեկին
Ասել. „Ցանկալի՜ս”,
Ուզում է մեկին
Խեղդվելով ասել.
“Իմ երա՛զ ու սեր,
Դու ե՞րբ ես գալու…“:

Գարուն է, գարու՜ն:

Դաղձի բուրմունքից հարբել է առուն
Եվ ափերին է մի գլուխ զարկվում ութաձև քայլով`
Ինչպես հարբածն է խփվում պատերին:
Նայողի աչքը խտուտ են ածում գույնով ու փայլով
Խլվլան փնջեր կարմիր պուտերի,
Կապույտ անմոռուկ ու հորոտ-մորոտ:
Ճամփի եզրերին, կարճլիկ ու կոլոտ`
Բարեգութ դահճի ձեռքով գլխատված շարքն է թթերի.
Նախկին կոշտապատ ճյուղերի տեղակ
Թթենիները հիմա դալարուկ շիվեր են տվել`
Մեկի տեղ քսան ու դեռ ավելի
Եվ հեռվից հիմա նման են… արդյոք
Մի փայտե պոչով մեծ ցախավելի՞,
Որ հորիզոնից պիտի որ – ա՛յ-ա՛յ –
Ամենավերջին ամպերը ջնջի,
Թե՞ հսկայական – բուկը հուպ տված – մի կանաչ փնջի,
Որ – հոժարակամ – ուզում է իրեն անցորդին բաշխել`
Ով կկամենա՛, ով կվերցնի՛,
Կամ կոթի վրա տնկված վրձինի՞,
Որ մտադիր է
Լազուր երկինքը մուգ կանաչ նախշել:

Հիմա Բնառվից մյուս ափ թռած`
Առաջ է գնում նա ինքնամոռաց:

Հրավիրականչ շեփորի նման`
Հնչում է ցուլի կարոտի բառաչ...
Եվ ջրից թափուր սափորի նման`
Քամու շնչի տակ անբառ երգում է փչակը ծառի:

Այգիների մեջ թաղված Տաճարի
Գմբեթն է միայն հեռվից երևում
Ծաղկած ծառերի գլխավերևում`
Անհայտ թռչունի գլխիվայր շրջված մեծ բույնի նման:

Մի վաղուց ջարդված կավե հին աման.
Նա էլ չի փրկվել գարնան վարակից –
Նրա շուրջբոլոր
Մամուռն է քաշել կանաչ պարագիծ:

Վիրավոր սնձի բացված երակից
Տաք արյան տեղակ պաղ կաթ է ծորում:

Դեղձենիների անբոց կրակից
Կայծեր են թռչում դիմացի ձորում:

Գյուղի մեջ, գուռին,
Մի ծուռմեջք ուռի,
Ծեր մուրացկանի ձեռքերի նման
Այդ ի՞նչ հույսով է ճյուղերը մեկնել –
Որ ի՞նչ տան ախար, դիցուք, ողորման,
Ա՛յ դու փչակված-բնաքանդ ուռի...

Ու դաշտ են ելել հարս ու աղջիկներ,
Որը` սիբեխի, որը` դանդուռի:

Մերթ ցրվում են
Ու մերթ կուտակվում,
Մերթ կռանում են
Ու մերթ` շիտակվում,
Մերթ` ուրախ ճիչով,
Ասես կարոտով,
Իրար են պարզում լխտիկ թևերը,
Ցուցադրում են,
Կարծես թե դիտմամբ,
Փակ մարմինների բոլոր ձևերը,
Որ... աբեղայի սիրտը խռովեն,
Որ... աբեղային անհուր խորովեն,
Որ... Աստված ու նա կռվեն – խռովեն...
Եվ մի անօրեն,
Մի անվանելի՛,
Անանվանելի՜
ինչ-որ զգացում
Կպչում է նրա սրտին ու անձին`
Կաթի պես սնձի:

Նա շրթունքներն է ակամա կրծում,
Որ ցավը օգնի:
Իզուր է կարծում,
Թե ամենազոր գարնան դավերին
Կհաղթի ուժով ինչ-որ ցավերի:
Եվ, ճարահատյալ, աչքերն է գոցում,
Որ սատանեկան տեսիլքն ավերի,
Բայց մթությունը… սա էլ իր սևով
Նրանց վառվռուն ձևերն ընդգծում,
Մաքրագրում է, շեշտում ավելի:

Խաչակնքել է ուզում աբեղան,
Բայց նրա աջը շարժվել չի ուզում.
Ուզում է կանչել մի բերան “մեղա”,
Բայց… կապ է ընգնում և խոսնակ լեզուն:
Եվ, բնազդաբար,
Նա սիրտն է բռնում սև վեղարի տակ,
Նա սիրտն է սեղմում ափերով իր տաք,
Նա սիրտն է սեղմում,
Որ չտորոփի այդպես խենթորեն,
Որ չտորոփի և… չտրաքի`
Պղպջող գինու սափորի նման:

Մինչդեռ անվտանգ խուցի դարակին
Ննջում են տաղեր` կարոտ հորինման,
Մինչդեռ անփորձանք խուցի դարակին
Կարոտով նրա ճամփան են պահում
անլեզու խազեր:
Նա ետ է դառնում, ուզում է վազել,
Գնալ ու նորից վերածվել համառ,
Աչքի լույս մաշել
Այն հույսով անմար,
Թե ցավն աչքերի թերևըս մի օր
Փոխարկվի մի նոր
Ցնծուն հանդեսի`
Իր, ուրիշների… ականջի համար:

Նա ետ է դառնում իր ճամփի կեսից,
Որ գնա կրկին աչքի լույս մաշի
Եվ մի կերպ պրծնի իր սրտին կպած
Այդ կաթից սնձի,
սոսնձից,
խեժից, -
Եվ այդ վայրկյանին հանկարծ –
Սոնա՜ յար,
Սոնա՜ յար

Թնդում,
Ու երգը խնդուն
Ընկնում է ետքից ու հետապնդում,
Կախվում է նրա վեղարի փեշից,
Թառում է նրա փակված կոպերին,
Հալվում է նրա այրվող ափերին,
Ոտքերի առաջ թավալ է տալիս,-
Ճամփան է փակում ու հիշեցնում,
Թե Վարդավառն է վերստին գալիս –
Սոնա՜ յար,
Սոնա
...
Ցնծությամբ օծված ծաղիկ է ծնում,
Ծաղիկների պես դաշտերով ցանում
Ջանգյուլում կանչող հարս-աղջիկներին –
Սոնա՜ յար,
Սոնա՜
...
Քայլը հնչում է նո՛ւյն տակտով –
Սոնա՜
Կուրծքը շնչում է նո՛ւյն տակտով –
Սիրո՛ւն...

...Ու երբ, հոգնատանջ, աքլորականչին
Նա լուռ ննջում է`
Ինչ-որ մի Սոնա
Գալիս է թեքվում նրա ականջին
Ու շշնջում է,
Թե սարալանջին
Պառկած է քույրը` անունը Խումար,
Ու երեսն էլ բաց` տեսնելու համար:
...Շողերով հինված իր գորգը թողել,
Առվի արծաթով երեսը ցողել,
Կանգնել էր ճամփին մի շաղոտ Շողեր`
Բոլոր գլուխը պսակած ծամով,
Աչքերով նման սուրբ աստվածամոր:
-„Իսկ դու` անխելքդ, վախենամ քնես.
Վախենամ քնես, քնով ընկընես`
Արտերդ մնան առանց հերկելու.
Ու երբ վեր կենաս,
Վազեվազ գնաս`
Հա՜ կանչիր Խումար, Շողեր ջան, Սոնաս,-
Խումար-իդ առան,
Սոնա-իդ տարան,
Շողեր-ըդ մնաց առանց գրկելու“:

Մի խառմնակ երազ
Տանջում է նրան մինչև լուսադեմ:

…Նա մեկ տեսնում է, որ մի շեկ Սաթո
Թևերը կանթել,
Կանգնել է իրենց կալի պռնկին:
Քամին խլում է նրա մինթանան,
Որ նրա թմփլիկ ծնկները բանա
Ու ցույց տա խալը` ծալի մեջ ծնկի:
Հետո այդ խալը դառնում է հանկարծ
Մի պուտ սև թանաք`
Այն Շարակնոցում Սաղմոսավանքի,
Ուր այդ կաթիլից
Իրար են ձուլվել զարդախազերը…
…Ու մեկ էլ քամին
Քանդում է հարսի դեղձան մազերը,
Եվ այդ մազերը լարերի նման,
Ձգվում են մինչև ոտքերը նրա,
Ու շեկլիկ-մեկլիկ, աչքերով ծավի
Այդ հարսը հանկարծ… դառնում է տավիղ,
Եվ այդ ոսկելար, և այդ մսեղեն ծավիղի վրա
Քամին նվագում
Ու… վերծանում է մեռած խազերը:
Ուզում է որսալ ու ձայնագրել
(Ա՛յ, հիմա՜-հիմա՜ լռած խազերի
Մեռած գաղտնիքը նա պիտի պարզի
Եվ իր մեծ գյուտով աշխարհը սարսի),
Բայց… մինչ այս – մինչ այն`
Նախանձկոտ քամին այնպես է փչում,
Որ կտրատելով լարերը բոլոր`
Վերև է ցցում,-
Հիմա ո՛չ տավիղ,
Ո՛չ էլ վերծանվող մեռած խազերը...
Հիմա հուրհրան բոցեր են թվում դեղձան մազերը,
Դեղձան մազերը թվում են հուր վառ`
Բարակ ծխի հետ պարզված երկընքին:
Եվ հարսը հիմա դառնում է բուրվառ
Ու շուրջը փռում բուրմունքը խնկի:
Աղջիկը բուրվա՞ռ,- որտե՞ղ է լսված…
Բայց հանկարծակի քամին դադարում
Եվ, գունդուկծիկ, բարդուն է թառում
(Ի՜նչ անտանելի շոգ է, տե՛ր Աստված)…
Ու դարձյալ նրա մազերը դեղձան,
Ու ծուփ-ծուփ էին` ծալեծալ դարձան.
Բուրվառ չէր արդեն,
Այլ կրկին
Մի կին,
Բոցավառ մի հա՞րս,
Թե՞ խարտյաշ աղջիկ,
Եվ տղամարդու հայացքից ազդված`
Պտույտ է գալիս,
Որ թողնի փախչի
(-Էդ ո՞ւր, անհոգի, էդ ո՞ւր, անաստվա՛ծ)...
Մինչ տեսիլքով է աչքը հիանում`
Սուրացնող հարսը մինթանի փեշով
Պտտահողմի պես սյուն փոշի հանում
Եվ թեպետ – շո՜գ է – քիչ զով է անում,
Բայց մի սեղման բուռ փոշի է ցանում
Խեղճի աչքերը…
Ու նա քնի մեջ
Ձեռն ակամայից աչքին է տանում,
Որ կսկծում է ու մռմռում է:
Աչքերը ձեռքով նա ճմըռում է,
Քնից արթնանում…