ՂՈՂԱՆՋ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ

Հետևում է տարին տարուն, չի ուշանում,-
Եթե սան էր` դառնում է նա լսարանցի:
Սովորում է, երազում է և ուսանում
Ամենքի պես` ամենքի հետ, և առանձին:

Հետևում է տարին տարուն, միտքը` մտքին,
Հետևում է դեռ նոր գտած ելքը մուտքին:
Ապրում է նա աչքը` գրքին,
ուշքը` երգին:

Ե՜րգ և ուսո՛ւմ,
Շարակնոցնե՜ր ու Մանրուսո՜ւմ…
Մինչ օրերն են համըր հոսում`
Մտքի հետ է միտքը խոսում.
Խազե՜ր, խազե՜ր,- թող փորձ անի,
Գուցե մի օր և վերծանի –
Ու ժողովուրդն ապերջանիկ
Նախանձելի բախտ ստանա,
Աղքատաղած մի ընտանիք
Ծով գանձերով հարստանա:
Խազե՜ր, խազե՜ր,- թող փորձ անի,
Գուցե մի օր և վերծանի:

Բայց խազն է խազ ու գիրքը` գիրք:
Իսկ գրքից զատ կա կյանք ու գիրկ,
Իսկ խազից զատ կան խաղ ու տաղ
Կենսաթրթիռ, լուսաթաթախ,
Որ ապրում են, շնչում, հնչում
Մարդկանց շրթին, իր ականջում.
Որ կենդանի մարդն է հյուսում
Ու կենդանի մարդուն հուզում.
Որ հոսել են ու տեղ հասել
Ու չեն դարձել դեռ Մանրուսում,
Ու չեն դարձել մեռած խազեր...

Ո՞ւր են դրանք, ո՞ւր են սակայն:
Այսօր թե կան`
Վաղը չկան.
Շուրջն ամեն տեղ
Երգվում են դեռ,
Բայց երգվելուց թե դադրեցին,
Խազերի պես, մեկ էլ տեսար,
Համրացան ու քար կտրեցին:

Որտեղի՞ց են դրանք գալիս,
Եվ ի՞նչ ճամփով, ո՞ւր են գնում,
Ի՞նչն է անցնող փրփուր տալիս
Եվ ջրի պես ի՞նչն է մնում:

Ի՞նչն է այնտեղ ոգեվորիչ,
Ինչո՞վ է խորթ և հարազատ,
Ինչո՞վ մոտիկ, ինչո՞վ է զատ
Աշխարհիկը հոգևորից:

Ի՞նչն է պայծառ, ի՞նչը` մթար,
Ո՞րն է քոնը, ո՞րն է օտար,
Ի՞նչն է եղծված կամ անվթար,
Ի՞նչն է կոպիտ կամ նազելի…

Իսկ թե հանկարծ այնտե՞ղ գտար
Բանալիքը մունջ խազերի…