ՂՈՂԱՆՋ ԱՆԱՌՆՕՐՅԱ

Եվ որտեղ երգը`
Այնտեղ էր հիմա և Կոմիտասը:

Նա, որ դեռ երեկ,
Իբրև մի ձայնեղ երգիչ-տիրացու,
Երգչախմբի մեջ վսեմ մեներգ էր միայն տարածում
Ու լսարանում հեզ պատասխանում սերտումի դասը,-
Հիմա դարձել էր խմբավար վանքի,
Դարձել էր հիմա երգի դասատու:

Թեթևանում էր երբ աշխատանքից,
Ծառայությունից օձիքն ազատում,
Հեռանում էր նա խուցից ու վանքից,
Գնում էր այնտեղ, ուր երգն էր հնչում:

Իսկ նա հնչում էր ամենո՜ւր ու մի՛շտ,
Ամենո՛ւր ու մի՜շտ –
Ուր հայն էր շնչում:

…Ինչպես աղջիկն է հանկարծ հարսնանում`
Գարունն էլ այդպես դառնում է ամառ.
Համբարձման տոնը պաղ հովն է տանում
Ու տեղ է բանում
Որ գա Վարդավառ:

Քանի չեն թոշնել կաթնառատ խոտեր,
Կանաչ ու ծաղիկ,
Գերանդիներն են սրվում-բթանում,
Եվ ծլարձակման հաղթ օրենքի դեմ
Կարճ հաղթանակ է վերստին տանում
Ոգին խոտքաղի:
Բայց քիչ առաջվա մարտում կատաղի
Յուրաքանչյուրը մի անգութ մարտիկ`
Հիմա տմարի
Նույն տղամարդիկ
Ասես գթության եղբայր են դառնում`
Իրենց ավշաքամ զոհերին առնում
Իրենց իսկ ուսին, իրենց շալակին,
Խնամքով դարսում սայլ-պատգարակին,
Ջորուն են բառնում
Կամ ավանակին,-
Եվ մեռած խոտեր, ծաղկունք մահացող
Գերեզմանի տեղ մարագ են գալիս,
Որ այնտեղ դառնան բույրի պահածո:

Շոգը, որ մինչ այդ հյուր էր ցանկալի,
Աներեսորեն դառնում է տանտեր
Ու կռվացնում կնկան ու մարդուն:
Անբոց վառվում են արոտ ու հարդեր,
Արծաթ է հալում վաղահաս գարին,
Այնինչ հանճարի,
Ցորենի արտում
Հասկերը հասուն
Հասկերը հոսուն,
Յուրաքանչյուրը մի հրե լեզու,
Ձգվում են վերև, կարծես թե ուզում
Մոտիկ երկնքի կապուտակ ծովից
Զովություն ըմպել,-
Բա չէ՜ մի` կըմպե՛ս,-
Չեն ըմպում սակայն,
Այլ միայն լիզում
Եվ անմիջապես քաշում են լեզուն,
Երբ հասկանում են բուսական խելքով,
Որ մինչև անգամ երկինքը ծավի
Նո՛ւյնպես կապտել է անհագ ծարավից…

Ամառվա շոգը այնպես է կիզում,
Որ արևի տակ –
Թեկուզ անկրակ –
Եթե ուզում ես` “իշխան” տապակիր:
Անշարժանում են լճեր ու լճակ,
Դառնում են ասես կապույտ ապակի,
Մինչդեռ նրանց տեղ
Օդն է ծփծփում ալիքով հրե,
Եվ օդի հետ էլ երգն է ալիքվում.
-Հո՜վ արեք, սարե՛ր…
Սարերը սակայն
Հովը պահում են հոտերի համար և սարվորների,
Որ գյուղը թողած`
Սար են բարձրանում:
Պղնձի նման հողն է կարծրանում,
Ու երգն էլ հիմա
Աղոթքի նման`
Երկինք է թռչում,
Ամպերին կառչում
-Մի քիչ զո՜վ արեք…

Ամպերը սակայն ինչպե՞ս զով անեն
Եվ ինչպե՞ս անձրև թափեն, ծով անեն,
Եթե բովանդակ երկնակամարին
Դեղի համար էլ ամպիկ չի ճարվի
Ո՛չ մի աչքաբաց-հունարով հեքիմ:

Եվ աշխատանքի ոգին է կրկին
Տիրում ամենքին:
Գյուղացիները, տղամարդ թե կին,
Հավ-աքլորի պես զարթնում են հիմա
Գիշերը դեռ կես և ոչ թե ծեգին
Եվ, աքլորների-հավերի նման,
Իրիկնանալիս` դեռ հացը բերնում`
Չեն թառում, օ չէ՜.
Հոգնած ու դադրած
Ոչ թե քնում են,
Այլ կարծես թե մեռնում –
Իրենց խշխշան անկողիններին
Քրիստոսի պես
Խաչվում են այնպես,
Որպեսզի շուտով
Հարություն առնեն
Եվ կիսամութով
Վերստի բռնեն
Նույն աշխատանքի
Վառվռուն պոչը
Ու նորից խառնեն
Հրդեհին ծեգի
Իրենց աչքերի հրավառ բոցը,
Եվ որ քրտինքի շիթը ծորացող
Անվերջ շտկվող – անվերջ կորացող
Իրենց թիկունքի վազի մանեման`
Ճամփան կորցրած մրջյունի նման:
Չէ՞ որ ամառվա ճռճռան շօգին
Մի բուռ ոսկի է ամեն կորած օր.
Մարդիկ կուզեին նույնիսկ դիակի
Ձեռքը տալ կոթը բահ ու թիակի,
Որ գնա բանի,
Աշխատանք անի:

Եվ աշխատում են քափ-քրտինք մտած,
Աչքերը հույսից ու երազից թաց,
Ու հետն էլ երգում.
-Սարե՜ր ջան, սարե՛ր…-
Հովից են երգում,
Զովից են երգում,
Որ շոգ ու տաքից շուտ չբեզարեն:

Իսկ շո՛գը, տա՜քը…

Թո՛ղ որ շները`
Բները մտած,
Շոգից շնչասպառ` լեզուն դուրս գցեն –
Իրենց կաս-կարմիր բոցաձև լեզուն,-
Կարծես սխալմամբ կրակ են կրծել
Եվ հիմա, իզո՜ւր,
Ետ տալ են ուզում…

Շոգի սիրահար դդումներ ցմփոր
Թո՛ղ որ թխսի պես նորից ետ տանեն
Փարթամ թևերը իրենց թաղերի
Եվ ճտերն իրենց ետևը գցած`
Չափարի վրա արևկող հանեն,
Թառեն էյվանի փայտե ճաղերին...

Ուրիշի աչքին խիստ ծիծաղեկի
Արևածաղկի մի պուճուր գնդիկ
Կապկելով հսկա մեր երկրագնդին`
Երկրագնդնի պես ծանրորեն ու լուրջ
Թո՜ղ որ պտտվի`
Ինչպես արևի,
Այնպես էլ նաև իր առանցքի շուրջ`
Անշարժ պահելով ծաղկատերևի
Դիրքը նախնական,
Մոռացած սակայն,
Որ դա երևի
Ոչ թե սեփական հունարն է որ կա,
Այլ... քամու իսպառ բացակայություն...

Թող որ շոգն իրոք չարամտորեն
Մարդկանց խեղդելու մահափորձ անի,
Եվ շուք ու շվաք տան վկայություն,-
Միևնույնը չէ՞ գյուղացու համար,
Թե նա մեռնի՛ էլ`
Պիտի գործ անի,
Քանի որ
Ամա՛ռ է, ամա՛ռ է, ամա՜ռ…

Խեղճ այրի կնոջ անծեփ-անսվաղ տանիքի նման`
Այգիների մեջ հասած պտուղն է անվերջ կաթկթում,
Պիտի հավաքել – փռել տանիքին
Շեկ ծիրանները`
Մանրակոտորակ արևների պես,
Սև սալորները`
Եզան աչքերի միամիտ փայլով,
Եվ կորիզահան դեղին դեղձերը`
Անանուն ծաղկի փերթերի նման:

Սայլը բեռնաբարձ`
Ծանր փրձերից խղճուկ ճռռալով`
Անիվի կունդից իր մաշված սռնու
Քիթն է մեկ հանում
Ու մեկ ետ տանում`
Աղուրի փոշում – լորձունքի նման –
Մազութ ծորալով:

Իսկ ջառջաջների սեպերը երկաթ,
Քար ատամները գիշատիչ կամի –
Ծամի՜ հա ծամի՜-
Հաշանն են ծամում, հաշանը ոսկե,
Որ չուզենալով դարանը խառնել
Սրսուռ ցորենի արևահամին`
Մի բան է տենչում –
Էրանի քամի՛.
-Սարե՜ր ջան, սարե՛ր,
Մի քիչ հո՜վ արեք…

Իսկ քամին
Կարծես մարդու գնացած աղջիկ է դարձել –
Քանի՜ ամիս է` հորանց չի գալիս,
Իսկ եթե եկավ`
Չի՛ ուզի գնալ…

Մղեղն է թառում պատահած տեղում
Եվ ամեն ինչի,
Մինչև իսկ վանքում կիսաբաց ննջող
Աստվածաշնչին.
-Մեղա՜ քեզ…
Ատված բարի՛ն կատարի:


Իսկ բարին`
Թառած դեզի կատարին,
Ծտի պարսերն է շեղջերից քշում.
Իսկ բարին`
Մաղված ցորեն-գարու հետ
Փայտե ամբարի դռնով է խշշում:
Մեծ կարասները
Ծույլ հորանջում են դատարկ մառանում,
Բայց ոչի՜նչ –
Արդեն խաղողի վազն է կրկին մայրանում.
Ճութը, ծոցի պես, ուռչում է հյութից
Եվ` օգոստոսյան եռացած օդից
Ու խեղդող տոթից
Շնչահատ արդեն`
Մի պահ զրկվելով աբուռ – ամոթից,
Անզգուշորեն կոճակն է բացում
Զմրուխտ թփերի.-
Հե՜րն էլ անիծած.
-Ի՞նչ անեմ, ադե՛,
Արևն ինձ կերի՜…