ՂՈՂԱՆՋ ԲՆԱՇԽԱՐՀԻԿ

Սակայն դարդը գյուղացու
Եթե անգամ
Ծովն ընկավ,
Ծովը դարդին գյուղացու
Կարծես դիտմամբ յուղ ածում,
Ոչ թե ծանըր աղաջուր –
Կարծես յուղով է օծոմ,
Որ այդ դարդը չընկղմի`
Որս չդառնա չար տղմի:
Ալիքների մոլի ծա՛փ,
Կոհակների խաղացո՜ւմ,
Եվ նույն դարդը ողջ-առողջ
Շպրտվում է նորից ափ
Ու… կպչում է գյուղացուն,
Ինչպես շապիկը` մեջքին,
Տաք քրտինքից թաց մեջքին –
Եվ ի՛նչ քրտինք... աղաջո՜ւր:
Զուր է գեղջուկն աղաչում
Եվ հույսի շողն իր աչքի
Նետում երկնի հրաշքին:
Վերում` աստված ծանրականջ,
Ցածում` աղոթք ու զուր կանչ,
Արտեր պատառ-պատառիկ`
Սարի լանջին կարկատան.
Ծխոտ-մրոտ պատ-առիք,
Բոբիկ ոտեր, հին քաթան,
Եվ հազար ու մի կարիք,
Հազար ու մի ծակ ու ծուկ,
Պիտի ուզեն հարսնացու,
Առնեն շոր ու մատանիք,
Պիտի փոխեն ծածկը տան,
Պարտքը մարեն, հարկը տան`
Ու կաշառեն ջրպետին,
Նաև պիտի… դեռ պիտի…
Պիտի վարեն ու հերկեն,
Վարեն-հերկեն
Ու երգեն.

-“Օրհնյա՜լ է Աստված
Հիշյա՜լ է Աստված…
Աքլորը կանչեց գոմի դռանը,
Դեռ նոր է բացվում աղոթարանը:
-Աստվա՛ծ, փառքդ շա՜տ...
Եզարած տղան թող անուշ քնի,
Գութանավորը վեր կենա բանի:
-Աստվա՛ծ, փառքդ շա՜տ...
Գութանն է գնում – գութանն է գալիս.
-Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ…
Ուրախությունից ակերն են լալիս.
-Այ ճը՛լ-վը՜ստ, ճը՛լ-վը՜ստ…
Հո՜ արա, Շեկո՛,
Շո՛ արա, Լաչի՛ն.
-Մեջը կորդ մնաց:
Քշի՜ր հա, Նիկո՛,
Դաղիր սատկածին.
-Գնաց հա՜ գնաց:
Գնաց հա՜ գնաց.
-Ոտդ լեն արա,-
Էն էլ ո՜նց գնաց:
Գնաց հա՜ գնաց.
-Տղա՛ ձեն արա,-
Էլ բա՜ն չմնաց:
Չո՛ռ ուտես, Ծիրա՜ն,
Ի՜նչ ես կախ ընկել.
-Դե, քաշի՛, քաշի՛,
Հագնեմ քո կաշին:
Տո՛, տղա Տիրա՜ն,
Մաճկալի ընկեր.
-Աչքդ բաց արա,
Կքնես ճաշին:
Արտը լեռ քար է,
Առը երկար է.
-Բայց խոփն էլ սուր է:
Քաղցած ենք, ծարավ,
Ա՛յ հարս, ի՜նչ դառավ.
-Բա գալըդ ո՞ւր է:
Է-հե՜յ, հորիվար, ճիպոտի՛ն տուր,
Սևին հո՜ արա, Կապտի՛ն տուր.
-Կապույտ եզ, չսատկե՜ս հա:
Թե հո ես անում` լավ արա,
Բերան չես բանում, ավարա՛.
-Վարել ենք արտի վատ կեսը:
Թթվել ես ոնց հերվա մածուն,
Լծի տակ եզդ է արածում.
-Սատկածին տեսա՞ր:
Ես քեզ եմ ասում, էյ Վաչե՛,
Կլորիկ զոքանչիդ պաչեմ.
-Ա՜յ դու շան փեսա:
Ծիր տանք հա՜ ծրենք,
Մեր դարդը ցրենք.
-Ես քեզ եմ ասում,
Սրապ ջան,
Հողը սևանա:
Հացն եկավ: Բանանք,
Ուտենք կշտանանք,
Որ, քեզ եմ ասում,
Արաբ ջան,-
Ուսդ հովանա:
Քեզ` խոտի լավը,
Մեզ էլ` փլավը.
-Հորովե՜լ հո:
…Դե, ելեք լծենք,
Խոփը հող գցենք.
-Հո՜ հորովե՛լ:
Նո՛ր ակոս բացենք,
Խո՛ր ակոս բացենք
Է՜լ առավել:
Հաջող է տարին.
Նամուսով վարի`
-Մեկին տաս կտա:
Խոտի տեղ դու, տե՛ս,
Չոր ճիպոտ կուտես
-Ա՛յ եզ անպիտան:
Գիտե՛մ, ոտմաշ ես,
Ոտների՛դ մատաղ:
Բա ե՞ս, Ծիրան ջան,
Իմ սի՜րտն է մաշած:
Քրտընքախա ես,
Իմ համե՜ղ հոտաղ,
Բա ե՞ս, Տիրան ջան,
Իմ սի՜րտն է խաշած:

Ականջ մի՛ դրեք.
-Հո՜ արեք,
Դարդներդ ցրեք,
-Շո՜ արեք:
Դարդը քա՞ր կանի`
Աստված ճա՛ր կանի.
-Հորովե՜լ:
Աստված ինչ չանի`
Մարդը դի՜նջ կանի.
-Առավե՛լ:
Թող չկտրվի ակի ճռինչը,
Գութանի անուշ ճլվստիկ ճենը.
-Իր ձենի՛ն մատաղ:
Առանց գութանի աշխարքը ի՞նչ է,
Նրա վրա է աշխարքի շենը.
-Իր շենի՛ն մատաղ:
Հո՜ արա, եզո՛ ջան, հորովե՜լ,
Ծարավ ես` ես էլ եմ ծարավել,
Դադրած ես` ես քեզնից առավել,
Ինձ էլ է արևը խորովել.
-Հորովե՜լ:
Թե մեզնից Աստված է խռովել`
Աստըծուն ձեն կտանք առավել.
-Օրհնյա՜լ է Աստված,
Հորովե՜լ.
Հիշյա՜լ է Աստված,
Հորովեեեե՜լ...”