ՂՈՂԱՆՋ ՀՈՒՍՈ

Ութը հարյուր ութսունմեկ թիվ: Էջմիածին:
Միրգ ու փոշի: Անխիղճ արև:
Շողամրցում Մասիսների, Արագածի:
Սրբագործված հին-հին քարեր:
Եվ Մայր Արաքս, և Մայր Տաճար,
Տաճարի շուրջ սուրբ-սուրբ վանքեր,
Հնչո՜ղ,
Շնչո՜ղ,
Կանչո՜ղ զանգեր…

Եվ Ճեմարան` մտքի կաճառ –
Ուսումնատենչ երազների
Սառցակալում և տաքացում…

Ճեմարանի բակում արձակ`
Խոսվածքների, տարազների
Խայտաբղետ հավաքածու:
Ամեն մեկը` մի գավառից,
Եվ բոլորը` դեռ աղվամազ:
Ամեն մեկը խիտ խավարից`
Երազում է լույսի մի մաս:
Լույս է ուզում –
Ուսո՛ւմ, ուսո՜ւմ...

Ո՞վ կընդունվի,
Ոտ կդընի
Ճեմարանի դեռ փակ շեմքին
Հաջող կտա ո՞վ քննություն:

Մանուկների հուզված դեմքին`
Վա՛խ, սպասո՛ւմ, անքնությո՛ւն,
Խոսուն հետքե՛ր երազների:

Որտեղ էլ որ աչք ես ածում`
Խոսվածքների, տարազների
Զարմանալի հավաքածու:

Եվ նրանց մեջ սրա՛ն նայիր`
Հագին հալավ տաճկահայի.
Կարմիր շապիկ, կանաչ վարտիք`
Վրան պնդած մազե գոտիկ,
Նախշուն գուլպա` վրան զոլեր,
Ու պոչավոր մաշված սոլեր:
Դեմքը` գունատ, բայց խորոտիկ,
Իսկ հայացքը` քելե՜ր-վոլե՜ր…

Ամենքն իրար` մոտիկ-մոտիկ,
Իսկ նա` անվերջ մեն ու մենակ:

Թե զարնեին սրտին դանակ`
Մի պուտ արյուն դուրս չէր հոսի:
Ո՞նց չմնա նա մեկուսի,
Ո՞նց խառնըվի, ասի-խոսի,
Թե... հայերեն վատ է խոսում:
Բայց նա, մեկ էլ աստված գիտի,
Թե ինքն ինչպե՛ս, ո՜նց է ուզում
Ուսո՛ւմ, ուսո՜ւմ:

Սակայն նրան
Ո՞վ կընդունի, այն էլ… որտե՜ղ –
Մի հոգևոր ուսումնարան,
Որի սանը մի օր պիտի
Դառնա հայոց ժամտան տերտեր
Հագնի վեղար վարդապետի:
Իսկ նա...
......Եվ նա վաղը պիտի
Երգի ի լուր և ի վճիռ
Համայն Հայոց Հայրապետի...