Նորի՛ց մեջս խոսեց ֆրանսիացին

Նորի՛ց մեջս խոսեց ֆրանսիացին...
Եվ ակամա, նորի՜ց, ես չանսացի
Իմ պապերի ձայնին` խոհեմությա՛ն,
Հայր Սուրբ Խոհեմության,
Որին պիտի
Հիմա խոստովանեմ իմ մեղքերը:
Հա՛յր Սուրբ, Ես կուզեի կյանքի˜ս գնով
Ջնջել "զգույշ" բառը:
Մեծ մե՞ղք է սա:
Հա՛յր Սուրբ, ես կուզեի դարձնել կանոն
Անկանոնությունը:
Մեծ մե՞ղք է սա:
Կարելի չէ՞, Հա՛յր Սուրբ, որ ոտքերը,
Գեթ ոտքե՛րը լինեն ինքնագլուխ,
Գեթ ոտքե˜րը, Հա՛յր Սուրբ, ո՛չ գլուխը...
Թե՞ մեծ մեղք է դա էլ:
Եվ մահի չափ հոգնած մի կա˜րճ պահի
Կարելի չէ՞ արդյոք "մարդ եմ" բառին
Չհագցընել ոչ մի նեղ ածական...
Թե՞ մեծ մեղք է դա էլ:
Հա՛յր Սուրբ, եթե մարդը հավատացյալըդ չէ.
Որտե՞ղ պիտի նա իր մեղքը խոստովանի:
Խո՛ս-տո՛-վա՛-նո՛ւ-թյա˜ն եմ կարոտ, Հա՛յր Սուրբ`
Չներվելո՛ւ գնով
Եվ բանադրվելո˜ւ:
Որտե՞ղ խոստովանեմ,
Եվ ո՞ւմ խոստովանեմ,
Հա՛յր Սուրբ Խոհեմություն
... Ո՛չ սուրբ և ոչ էլ հայր..