ՄԱՆԿԱԿԱՆ ՃՈՃԻ

Կապույտ կապարի մենակության մեջ անծեր երկնքի
Թռչնակները իրենց երգն են չստացնում:
Մինչդեռ լեռների պղնձապատ մթության մեջ
Ավելացնում եմ ես էլ աչքերից թացությունը տաք:

Եւ հորիզոնը ամառվայ տաքից՝
Դարձել է կարծես մանկական մի ճոճի:
Ա¯խ, երանի թէ նա ինձ քնացներ.
Եւ կամ ստիպեր,
Որ ուրախության ճիչեր ճչայի:
Սակայն այդ ճոճքից
Ուժեղանում է միայն ու միայն գլխապտույտը
Որով մի հսկայ զէրո է գծվում՝
Իր մեջ առնելով ինձ,
Թռչուններին, երկինք ու երկիր,
Եւ դուրս թողնելով լոկ հորիզոնն ու մենակությունը,
Որպէսզի... մեկը ճոճվի ու ճոճվի,
Մյուսն էլ քարանա ու հավերժանա...
Ոչ մի ժամանակ, ոչ մի ժամանակ,
Մենք այնպէս մենակ ու մենակ չեինք,
Ինչպես որ հիմա, երբ միասին ենք բոլորս առավել,
Քան թէ որևե ուրիշ ժամանակ.
Ասում եմ քեզ, երկրորդելով երրորդում,
Որ երկնքում իրոք չկան աստվածներ.
Նրանք վաղուց երկրի վրա են բազմած
Բայց ոչ ուղտի սապատի պես, այլ ուղտի
Անտանելի բեռի նման, որ մի օր
Ցած կնետի համբերատար ուղտն անգամ:
Խռովության սերմն իբրև մանանեխ,
Տարածվում է արտաշմչմամբ մեր բերնի,
Տարածվում է երկրից երկիր, վարակում
Մինչև անգամ աստվածներին հողեղեն,
Որ մեր հոգում ոտնագնդակ են խաղում,
Որ խրվել են մեր կոկորդում՝ իբրև խորխ,
Որ մեր լեզվից կախ են տվել կեռերով
Անվերջ նեխող, բայց չփտող մի դիակ...

Խռովության սերմը, իբրեւ մանանեխ,
Իբրեւ որոմ փրկարար, իբրեւ ախտ,
Ահավասիկ և նրանց է վարակում,
Եւ ահա ես՝ մանանեխի մի պտղունց,
ՄԻ բառ՝ որոմ, ախտի մանրե մի սրվակ,
Ուզում եմ քեզ ուրախացնել ասելով
---Երբ աստվածներն են խռովում իրարից՝
Մարդիկ իրար հասկանալ են սկսում...