Ո՜, ի՞նչ
ես դու, սե՞ր,
երկնի հո՞ւր
կամ ժըպի՞տ...
Չունի երկին
աչացդ կայծերն
ու կապույտ,
Վարդը չունի
քու լանջդ
անբիծ, լուսափթիթ...
Չունի լուսինն
վարդերն շիկնոտ
այտերուդ:
Գիշերն երկնի
կայծից, լուսնույն
սիրադեմ,
Ցերեկն ալյաց,
ծաղկանց ժպտիս...
մեկո՜ւն գեթ...
Իսկ քեզ համար
ես արցունքով
կաղոթեմ,
Դու չես շնորհեր
նայվածք մ'ինձ
հուր աչերեդ:
Արդյոք էա՞կ
մ'ես, թե՞ երկնի
զվարթուն.
Կը նախանձին
փայլիդ վրա
վարդ, լուսնակ,
Ձայնիկդ ապշած
լսելով քաղցր
ու թրթռուն`
Նոճերու մեջ
սգա լըռիկ
լուսինյակ:
Ծնեի իցի՜վ
թ'հևացող հով
մ'անուշիկ
Եվ գգվելով
երազք ճակտիդ
այդ անսուգ,
Տայի շունչըս
շուրթերուդ
մեջ ես հուշիկ,
Լոկ սրբելով
եթե շողար
աչքդ արտասուք:
Պարտեզդ իցի՜վ
թե փթթեի վարդ
լացող,
Եվ երբ գայիր
այգուն շաղին
ժպտով պերճ`
Գունովս ներկել
այտերդ, թափել
գոգդ իմ ցող,
Վերջին շնչիկս
ի գիրկդ առներ
ելևէջ:
Բղխեի ես ից՜իվ
թ'առու մը վըճիտ,
Եվ երբ հուշիկ
գայիր մոտ
իմ եզերքին,
Ցոլանար իմ
հայելվույն
մեջ քու ժըպիտ,
Պղտորելով
կապույտ ալիքս
ցամքեին:
Ա՜հ, իցի՜վ
թե լինեի ես
ճառագայթ,
Շողշողայի
դեմքիդ վրա
վայրիկ մի,
Խաբեի քեզ
թ' ես ավելի
գեղազարդ,
'Վ անուշաբույր
մազերուդ մեջ
մարեի:
Այլ ո'չ, անգո'ւթ,
եթե տըվիր
մեկուն սեր,
Իցի՜վ թ'անոր
գերեզմանին
քարն լինիմ,
Եվ դու թոշնած
գաս շնչել
շուրջս... արտասվե՜
Քեզ հըպելու
համար հարկ
լոկ գոլ շիրիմ...