Ինչո՞ւ
ապշած ես, Լըճա'կ,
ՈՒ չեն խայտար
քու ալյակք,
Միթե հայլվույդ
մեջ անձկավ
Գեղուհի՞ մը
նայեցավ:
Եվ կամ միթե
կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի
կապույտին,
Եվ այն ամպոց
լուսափթիթ,
Որք նըմանին
փրփուրիդ:
Մելամաղձոտ
Լըճա'կ իմ,
Քեզ հետ ըլլանք
մըտերիմ,
Սիրեմ քեզի
պես ես ալ
Գրավիլ, լռել
ու խոկալ:
Որքան ունիս
դու ալի,
Ճակատս այնքան
խոկ ունի,
Որքան ունիս
դու փրփուր,
Սիրտս այնքան
խոց ունի բյուր:
Այլ եթե գոգդ
ալ թափին
Բույլքն աստեղաց
երկնքին,
Նըմանիլ չե'ս
կրնար դուն
Հոգվույս`
որ է բոց անհո՛ւն:
Հոդ աստղերը
չեն մեռնիր,
Ծաղիկներն
հոդ չե'ն թոռմիր,
Ամպերը չեն
թրջեր հոդ,
Երբ խաղաղ
եք դու և օդ:
Լըճա'կ, դո'ւ
ես թագուհիս,
Զի թ'հովե մ'ալ
խորշոմիս,
Դարձյալ խորքիդ
մեջ խըռով
Զիս կը պահես
դողդղալով:
Շատերը զիս
մերժեցին,
"Քնար մ'ունի
սոսկ" - ըսին.
Մին` "դողդոջ
է, գույն չունի"
-
Մյուսն ալ
ըսավ. - "Կը մեռնի՛":
Ոչ ոք ըսավ.
- "Հե՛ք տղա,
Արդյոք ինչո՞ւ
կը մըխա,
Թերևս ըլլա
գեղանի,
Թե որ սիրեմ,
չը մեռնի":
Ոչ ոք ըսավ`
- "Սա տըղին
Պատռե'նք սիրտը
տըրտմագին,
Նայինք ինչե՛ր
գրված կան..."
- Հոն հրդեհ
կա, ո'չ մատյան:
Հոն կա մոխի՛ր...
հիշատա՛կ...
Ալյակքդ հուզի՛ն
թող, լըճա'կ,
Զի քու խորքիդ
մեջ անձկավ,
Հուսահատ մը
նայեցավ...