Սալբի

Պարոն Աշխարունին, գլուխը քարշ գցած, աչքերը խուփ՝ մի սրտառուչ և ազդու աղոթքով օրհնեց սեղանը, յուր աշակերտի և աշակերտուհու պսակի խորհուրդը հոգվույն սրբո ընտրողությանը թողնելով:

 

Հացկերույթը մի ամբողջ ժամ տևեց: Նրանք բավական գինու բաժակներ դատարկեցին. ավելի խմում էին պարոն Մելիքզադեն և Ռուստամը: Վերջինն յուր վշտացած սրտի տխրությունը գինու թմրության մեջ էր կամենում կորուսանել: Երբ նրանց գլուխը բավական տաքացել էր, պարոն Մելիքզադեն մի-մի բաժակ գինի նրանց տալով, ասաց.

 

— Խմենք մեր խեղճ ազգի կենացը:

 

— Խմենք, — կրկնեց պարոն Աշխարունին և ավելացրեց, — տեր աստված, պահպանիր հայոց ազգը քո ամենախնամ աջովդ. ուր ուրեք որ կան նրանք աշխարհի երեսին՝ ուղարկիր նրանց քո սուրբ հոգվույդ շնորհը, թող ծագե նրանց հոգու մեջ Ավետարանի լույսը: Տեր աստված, հալածիր տգիտության խավարը այդ թշվառ ազգից. փայլեցրու նրանց մեջ մտավոր և բարոյական լուսավորության արեգակը: Տեր, դու օրհնե մեր ազգը, մեր սուրբ հայրենիքը, և մեր ազգայնությունը անջնջելի պահպանիր՝ քանի արևը լույս է տալիս երկնակամարի վրա:

 

Պարոն Աշխարունու խմելուց հետո Ռուստամը բաժակը ձեռքն առավ ևօրհնեց.

 

— “Տեր աստված, դու վե՜ր կանգնեցրու մեզանից մի ծիրանազգեստ հզոր իշխան. տո՜ւր նրան ուժ և հաղթող գավազան. Թող նա ազատե մեր ազգը գերության շղթաներից. թող նա վերականգնե Հայաստանը յուր ավերված փոշիներից և ժողովի մեզ, որպես թխսամայր, յուր հանգիստ և ապահով թևքերի տակ: Տե՜ր, դու ազատիր մեր հայ ազգը յուր պանդխտության գերությունից, տո ՜ւր մեզ մովսեսներ և նավյան որդի հեսուներ, որ առաջնորդեն դեպ նոր Քանանը՝ դեպի Հայաստան”:

 

— Անուշ, անուշ — կոչեց պարոն Մելիքզադեն և յուր գավաթը վեր բարձրացնելով ասաց. — տեր աստված, պահպանիր հայը յուր ազգային հիման վրա. տո՜ւր նրան հանճար, լուսավորություն և կրթություն, որպեսզի հայը, առանց ուրիշի կարոտության, ինքնուրույն շինե՜ և նորոգե յուր դրությունը, յուր կյանքը, և հետեվելով լուսավոր ազգերի օրինակին՝ աշխարհի տան մեջ յուր համար ձեռք բերե մի անկյուն, մի կտոր հող՝ յուր որդոց արմատը նրա վրա ձգելու համար:

 

— Բռավո՜, բռավո՜, — կրկնեց Ռուստամը. — անո՜ւշ, անո՜ւշ, ա՜ռ քեզ մազա: Եվ տվեց նրան մի պատառ խորոված միս:

 

— Իսկ դու, Խաչո, մի գավաթ պիտի չխմե՞ս քո ազգի կենացը:

 

— Ինչո՞ւ չեմ խմի, աղա, — ասաց նա, որ կանգնել էր ոտքի վրա. — միթե ես հայկա արյունից չե՞մ: Խաչոն վերցրեց գավաթը և աչքերը վերև բարձրացնելով ասաց. — տեր աստված, մեր սուրբ հայերի բարեխոսությամբ պահպանիր հայոց ազգը, առաջնորդե նրան քո սուրբ հոգու շնորհիվ, որ անմոլոր ընթանան իրանց հարենական կրոնքի, Գրիգորյան սուրբ եկեղեցու ընթացքով: Տո՜ւր երկար կյանք և անփշրելի գավազան ազգի հովվապետին, վեհափառ կաթողիկոսին, նրա աթոռը միշտ հաստատ պահպանիր սուրբ Էջմիածնում, որով մեր սուրբ ազգը և մեր սուրբ լեզուն մնա անխափան...:

 

— Անո՜ւշ, անո՜ւշ, Խաչո, — կոչեց Ռուստամը նրա խմելուց հետո. — ա՜ռ քեզ մազա, քո խոսքերը լի հնամոլությամբ են շնչում... իրավ այդպես են ռամիկների աղոթքները իրանց ազգի համար...:

 

Ռուստամը խիստ անուշ ձայնով երգեց “Տե՜ր կեցո՜ դու զհայս” երգը, յուր կախարդիչ զորությամբ ճմլեց պատանի Մելիքզադեի սիրտը, և նրա աչքերից գլորվեցան արտասուքի մի քանի սրբազան կաթիլներ:

 

Այնուհետև պարոն Աշխարունին և պարոն Մելիքզադեն “բարի գիշեր” ասելով, ամեն մին գնաց յուր տունը:

 

Նրանց գնալուց հետո Ռուստամը երկար նստեց. քունը և հանգստությունը փախել էին նրանից: Նա սեղմեց յուր կրծքին սազը և սկսեց նվագել: Ասիական այդ նվագարանի ճրջնկոցը դարձյալ վառեց նրա երևակայությունը, — նա տեսնում էր յուր առջև նազելի սիրուհին յուր հրեշտակային գեղեցկությամբ, նա երգեց.

 

Արդյոք կլինի՞ մինչ գալոց տարի՝

Աստված տա շնչել՝ ինձ կյանք բարի.

Իմ ձեռքս էլ վառե այն սուրբ կրակը40,

Իմ սիրտս կատարե յուր ջերմ փափագը:

 

Ինձանից հեռու կփախչիս, անգո՛ւթ բախտ,

Դու կսիրես գգվել հարուստների թախտ.

Մի օր էլ միտ բեր քո խեղճ Ռուստամ,

Որ քեզ պաշտող լինիմ , որ հոգիս քեզ տամ:

 

Ֆալաք41, օրենքներդ մի փարա կարժե՛ն,

— Ոսկի օրերդ մեկին տվիր բաժին,

Մյուսին սև սուգ և դառն մրմունջ

Ախ ու վախ քաշել՝ մինչ յուր վերջին շունչ:

 

Թ’արդար դատաստան աստված կանե՝

Մեր սիրուց բաժնել խիստ շատ մեղք բան է.

Ինչո՞ւ տեսնում չէ հրամայողն ամպերին,

Որքան տանջվում են Ռուստամն ու Սալբին:

 

Աշխարհիս միջում, կապույտ երկնի տակ

Հատ-հատ տեսե՞լ եք սոնա կամ օրդակ42.

Կամ թե անտառում տատրակը բաժան

Ման գալու լինի՝ առանց վարուժան:

 

Ո՜րքան առավել ունի սիրտ հոգի՝

Սալբիի սիրով՝ գերված պատանի.

Պիտ թո՞ղ տալ գերվույն մաշվիլ չարաչար,

Տե ՜ր, չե՞ս խղճալու, չե՞ս անելու ճար:

 

Մի խանչալ տվեք, որ սիրտս բանամ,

Ինչ կա նրանում, բոլորն ձեզ ցույց տամ

Թունավոր նետեր, գնդակներ, կապար…

Դուք կասեք դրան՝ վշտերու ամբար:

 

Ես սիրում եմ քեզ, Սալբի, իմ ազիզ,

Որքան մի հայ մարդ կսիրե յուր Մասիս.

Ես գիտեմ քո գին, բարի հրեշտակ,

Դու աննման ես բոլոր երկնի տակ:

 

Սալբի, իմ Սալբի, հրաշալի՜ Սալբի,

Ե՞րբ աստված կհասցնե “Նասիբը Նասիբի”.

Մինչ այդ չկատարվի, քա՜վ թե հրեշտակ

Կարի պահանջել ինձանից հոգի:

 

ԺԸ

 

ԵՐԱԶ

 

Ռուստամը ամբողջ գիշեր չկարողացավ հանգիստ քնել. նրա երևակայությանը սաստիկ ջերմախտական խառնակություն էր տիրել, որով նա տանջվում էր սարսափելի երազներով — երբեմն նրան երևում էր, թե անթիվ, անհամար շներ, գայլեր, կապիկներ, իրանց հետքի ոտերի վրա կանգնած, ականջները խլուզած, փիլոնի նման մի սև վերարկու իրանց ուսերի վրա ձգած, անճոռնի և ծիծաղելի կերպով — պա՜ր են գալիս և տեսակ-տեսակ ծամածռություններ ձևացնելով իրանց երեսի վրա` իրան ջիգրեցնում էին: Շատ անգամ նրան զարհուրեցնում էր մի այլ տեսիլք, — իբր թե քուրդերը թափված իրանց գյուղի տների վրա` թալան էին անում, տղաներ, փոքրիկ երեխաներ, կին և այր մարդիկ, յուր աչքի առջև մորթում էին և նրանց գլուխները ուղտի բեռներում լցրած — տանում էին: Ինքը կամենում էր գնալ, Սալբիին որոնել, բայց շղթաներով կապված լինելով` չէր կարողանում շարժվիլ:

 

Բայց մի երազ, որ ավելի տպավորվեցավ նրա երևակայության վրա, մի երազ, որ նա կարող էր հիշել, եթե հազար տարի ևս կյանք ունենար՝ այսպես էր. — երազում ձևանում էին նրան Աղվանա սարերը և ինքը ձիավորված` միայնակ ման էր գալիս այդ սարերի վրա: Նրանք այնպես տրտում և այրված չէին, որպես լինում են ամեն տարի աշնան որսորդության ժամանակ, այլ հիանալի, այո՜, շատ հիանալի էին: Այն ամուլ, չոր ու ցամաք ապառաժները և քարաժայռերը ծածկվել էին կանաչ խոտերի թավշյա օթոցներով, և նրանց միջից վառվում էին ծաղիկների բյուրավոր գույներ: Անտառը, որ ձգվում էր խիստ հեռու սարերի վրա, յուր լիմոնի, նարնջի, մագնոլիայի, դափնիի և այլ մշտականաչ ծառերով լցրել էր օդը անուշ և թարմ քաղցրահոտությամբ: Փոքրիկ առվակները, գաղտուկ սողալով թավախիտ թփերի միջից, իրանց կարկաչյուն ձայնը խառնում էին երգող թռչունների ճլվլոցի հետ:

 

Դեռ մութ էր, դեռ գիշերը բոլորովին չէր վեր քաշել յուր խորհրրդական ծածկոցը երկրի վրայից. բայց արշալույսը արդեն սկսել էր շառագունել, և այդ սարերի հրաշալի պատկերները այնքան շռայլ և փառահեղ զարդարված բնության գրչով — սկսում էին հետզհետե տեսանելի լինել:

 

Հանկարծ ոսկի արևը դուրս բզբզաց թուխ ամպերի միջից: Նա հրդեհեց հանդիպակաց լճակի երեսը, և սարերի ձյունապատ գագաթները ներկվեցան ալ-վարդի գունով, և նրանց կանաչ կուրծքերը ոսկեզօծեց զառիկի փայլով: Աննկարագրելի է, թե քանի զմայլեցուցիչ նվագներով թռչունների անհամար տեսակները սկսեցին բարովել տվնջյան լուսատուի գալուստը:

 

Բայց արևը գնալով բարձրանում էր դեպ հորիզոնի ավելի բարձր կամարակապը: Ռուստամը թափառում էր սարերի մեջ, բայց տակավին չէր գտել և ոչ մի որս: Տոթը ավելի և ավելի բորբոքում էր, բոլոր առարկաները, որոնց բնությունը տվել էր տեղափոխվելու և շարժվելու կարողություն` սկսան փախչիլ կիզող արևի երեսից և թաքնվել անտառի հովասուն խորքում, ուր նրա լույսը չէր թափանցում:

 

Կեսօր էր: Կրակոտ երիտասարդը անդադար քշում էր յուր ձին, և չնայելով տոթի սաստկության՝ չէր կամենում դառնալ առանց որսի:

 

Հովիվները հավաքել էին իրանց հոտերը մի աղբյուրի մոտ, այն զովացուցիչ հովանիի տակ, որ լայն տարածել էր Ղարնիյարուղը: Այդ հովանին գնալով ընդարձակվում էր, քանի որ արևը դիմում էր դեպ յուր մուտքւ: Նրանց ոչխարները թուլացած տոթից, գլուխները միմյանց կողքին խթած, ծուլորեն մակաղել էին: Բայց հովիվները մի կողքի վրա ընկողմանած, գլուխները ցուպի և մախաղի վրա դրած — անհոգ և հանգիստ քնել էին, նրանց հոտերի պահպանությունը թողնելով ահագին գամփռ շներին, որոնք լեզուները երկար դուրս պարզած, արագ-արագ շունչ էին քաշում, և թոքին տալիս:

 

Հեռուն, հեղեղատի ափերի վրա, կանաչ արոտամարգերի մեջ, երևում էին խաշնարած ցեղի վրաններ: Նրանց մատակ ձիերը արածում էին երկայն եղեգնաբույսերի մեջ, որ այնքան խիտ աճել էին հեղեղատի եզերքին: Թափառական ցեղի մանուկ օրիորդները նստած եղեգնաբույսերի հովանիների տակ՝ մի կրակոտ, ախտաբորբոք և բարբարոսական մեղեդի երգելով, արմավենու փափուկ ճյուղերից հյուսում էին զամբյուղներ: Ռուստամը արևի տաքությանը այլևս չդիմանալով, մտածեց գնալ հեղեղատի ափը, այն չքնաղագեղ ներեիդների (ջրային հավերժահարսեր) մոտ, մի քանի րոպե զով օդ վայելել և յուր արդեն հոգնած ձիուն հանգիստ տալ այն կանաչ խոտերի մեջ:

 

Նա անցավ այն վրանների մոտից, բայց դրսում ո՜չ մի մարդկային էակ չէր շարժվում: Վրանների մեջ, գրկախառնված, քնած էին նրանց տեր պարոնայքը և տիկնայքը: Գեղեցիկ մանուկ աղջիկներ սիրամարգի փետուրներով հովահարելով՝ հալածում էին չար ճանճերը և հովացնում քնողների տոթից շառագունած եբեսները, որպեսզի նրանց քունը անդորր և դյուրին լիներ: Վրանների սյուներից քարշ էին ընկած քնող քաջերի զենքերը. վրանների մուտքի առջև գետնի մեջ ցցված տեսանելի էին նրանց երկայն նիզակները, որոնց գլխին փողփողում էին սև, փետրազարդ փնջեր: Վրանների դռան առաջ կանգնած էին նրանց թամքած ձիերը, ուտելով մետաքսանման փափուկ խոտը, որ դրված էր նրանց առաջ, և, ասես թե, անհամբերությամբ սպասում էին, թե երբ նրանց հզոր տերերը կնստեն և կերթան բերելու իրանց թշնամիների ավարը:

 

— Երջանիկ մարդիկ, — ասաց Ռուստամը ցավելով, — այո՜, քաջերի վրանները այդպես պիտի լինին... բայց մի թշվառ հայի վրանը այնչափ աղքատին և գծուծ է, որպես ինքը, հայը...:

 

Մի նեղ շավիղ, որ հազիվ նշմարելի էր, տեղ-տեղ կորուսանելով յուր հետքը թավ խոտաբույսերի մեջ, տանում էր դեպ հեղեղատի ափը: Ռուստամը խորասուզված ծանր մտածությունների մեջ, քշում էր յուր ձին: Հանկարծ ստվերախիտ եղեգնաբույսերի միջից երևան եկավ մի սիրուն եղջերու` նա, յուր գլուխը վեր թեքած քամակի վրա, սկսեց փախչել դեպ մոտավոր սարաձորը: Որսորդը յուր ձին սաստիկ վազեցնելով, սկսեց հալածել կենդանիին, բանիցս անգամ հասնելով նրան` ջանք արեց նիզակահար անել որսը, բայց ճարպիկ կենդանին միջոց էր գտնում այնպես սաստկությամբ սողել նիզակի տակից, որպես սև օձը թովչի դյութական գավազանի տակից: Բայց դիպվածը ձեռնտու եղավ. եղջերուն մտնելով արդեն միմյանց հետ փակված թփերի մեջ, մի վայրենի տանձենի յուր ոստերով բռնեց նրա եղջյուրները: Ռուստամը չկամենալով սպանել որսը, ձգեց պարանը նրա վզից, բայց հանկարծ ի՛նչ սարսափելի հրեշ... — գեղեցիկ եղջերուն աներևութացավ, և թփերի միջից սողաց մի հսկայական վիշապ: Սարսափելի գազանը յուր թեքուն պոչը ամրացնելով գետնի վրա, օղակ-օղակ պտտելով վեր բարձրացրեց ահագին գլուխը, և յուր ամեհի բերանը լայն բաց արած, սուր և թունավոր ժանիքներով բռնեց Ռուստամի ծոծրակից և պոչը ձիու փորի տակով անցկացնելով, երկու փաթույթ արեց նրա վրա...: Մահը յուր սև դեմքով կանգնեց Ռուստամի առաջ: Տաք արյունը սկսեց ջերմացնել նրա քամակը, ձին` երկյուղից խրտնեց, և խռռալով, սաստիկ փնչալով գետին տապալվեց: Ձին, Ռուստամը և յուր հոգեառը — խառնվեցան միմյանց...:

 

Անգիտելի է, թե որպիսի հոգեբանական հարված ունեցավ այդ երազի սարսափելի ներգործությունը Ռուստամի վրա, որով նա առավոտյան ծանր հիվանդությամբ բռնված` յուր մահճի մեջ վառվում էր տիֆուսյան ջերմախտով:

 

Մեծ պասի առաջին օրը լինելով, գյուղացիները՝ տերտերների հետ տանից տուն էին ման գալիս, պաս շնորհավորում, և ուտելով, խմելով ուրախանում էին: Բայց տեր-Առաքելենց տան մեջ ամեն ինչ միանգամայն փոխվեց: Ռուստամի ծանր և վտանգավոր հիվանդությունը ձգեց բոլորին անասելի տխրության մեջ: Տիկին Սկուհին գաղտնի լաց էր լինում. մահտեսի Ավետիսը, ձեռքերը ծալած, լուռ ու մունջ նստել էր մի անկյունում: Հուրի Խան-Դայան, այդ եփուն և փորձառու պառավը, յուր երկաթի կարծրությամբ սրտով, դա էր միայն հոգս տանում յուր բժշկական հնարներով հիվանդի ցավին մի դարման անելու:

 

Մերձավոր բարեկամներից և դրացիներից մի քանի մարդ և կանայք եկել էին հիվանդի մոտ, և նստած՝ շրջապատել էին նրա մահճի չորս կողմը: Հիվանդը, ջերմի սաստկությունից, խորին անզգայության մեջ, կցկտուր բառերով խոսում էր.

 

“Դհոլ-զուռնան ածվում է... հարսն ու աղջիկ պար են բռնել… ա՛հ. ինչ ուրախություն է... հա, այդպես վայել է իմ հարսանիքին... տղերք, ձեր հոգուն մատաղ, ուրախություն արեք... հարսանիք է... իմ հարսանիքն է... ահա ես նստած եմ թախտի վրա...խաչեղբայրս կողքիս... պսակի նարոտը իմ ճտովս գցած...: Սկուհի, մայրիկ, սիրական, դու ասում էիր` ե՞րբ հարսանիք կլինի... ահա քեզ հարսանիք… դե՜ , մայրի՜կ, հոգիս, դո՜ւ էլ պար բռնե... ինչո՞ւ ես շփոթված կանգնել...: Տո՜, մի թո ՜ղ տվեք ես ինքս պարեմ իմ սիրելի Սալբիի հետ... բա իմ ուրախությունը ո՛ր օրվա համար է պահված”:

 

Վերջին խոսքերի հետ հիվանդը վեր է թռչում մահճից, բայց չորս կողմից բռնում և պառկեցնում են. առժամանակ լուռ է մնում նա, թույլ և անլսելի կերպով շունչ քաշելով: Նրա երևակայական ցնորքները կերպարանափոխվում են և նա մյուս անգամ սկսում է.

 

“Վա՛յ, վա՛յ... տարան, տարան... վա՛յ իմ գլխին… տարան, տանում են Սալբիին...: Անդունդը պատռվեցավ, դժոխքի ոգիքն դուրս թափվեցան. խլեցին. տանում են իմ Սալբին... իմ հարսնացուն... իմ նազելին... քոռացեք աչքեր, թող ես չտեսնեմ…Թուրերը պսպղում են. խանչալները կայծակ են տալիս... արյուն է թափվում, մահ և կոտորած է...: Տո, բերեք իմ զենքերը, ես դրանց հետ կկռվեմ… ես դրանց կկոտորեմ և իմ Սալբին հետ կառնեմ...”:

 

Նա սկսում է արհամարհական եղանակով ծիծաղել և թույլ, նվաղած ձայնով երգել. —

 

“Կռվի օրում քաջ տղամարդը ուրախ է.

“Փառք կորոնե պատերազմի դաշտումը.

Թուլասիրտը յուր արյունից կվախե,

Ես հիվանդ եմ ասելով, կթաքչի յուր տան քնջումը”:

 

Հիվանդը դարձյալ լռում է: Հուրի Խան-Դայան և շրջապատող պառավները ունայն սնոտիապաշտությամբ երեսները խաչակնքում, աղոթքներ են կարդում, կարծելով, թե նա բռնվել էր դևերից:

 

Այնտեղ են գալիս տիկին Թարլանը, տիկին Սալլաթինը և մի քանի այլ բարեկամուհիներ և շրջապատում են հիվանդի անկողինը:

 

— Տիրուհի, այսպես են կոչվում քահանաների կանայք, — ասաց տիկին Թարլանը Հուրի-Խան-Դայային, որ երեսը թթվեցրած, ձեռքերը ծալած, նստել էր յուր թոռան բարձի մոտ. — քույրիկ, չէ՞ որ դու աշխարհ ես տեսել, ծամ ես սպիտակացրել, հոգիս, հիվանդը, այդպես անհոգ թողնելու չէ, դրան մի ճար անելու խնամք տարեք:

 

— Ինչ ճար, — ասաց Հուրի Խան-Դայան հոգվոց հանելով. — ճարս հատել է, խնամի, ես ինձ կորցրել եմ, ինձանում խելք չէ մնացել. մնաց, աստված ինքը մի ճար անե:

 

— Ճշմարիտ, — նրա խոսքը կտրեց դարձյալ տիկին Թարլանը, — առանց աստուծո կամքին տերևը ծառից վայր չի ընկնի. բայց և ա՜յնպես մարդիկ պիտի իրանց խելքը գործ դնեն:

 

— Աստծո կամքը թող օրհնված լինի, — պատասխանեց Հուրի Խան-Դայան լի հավատքով:

 

Տիկին Թարլանը ոչինչ չխոսեց:

 

— Շատ անգամ տեր ամենակալը մեզ փորձելու համար է ցավ տալիս, — խոսեց պառավ Մարթան, — որպես Հոբ երանելին: Բայց մենք փոխարենը պետք է փառք տանք նրա ամենաողորմությանը:

 

— Դրանք բոլորը ավելորդ խոսքեր են, — նրանց խոսքը կտրեց տիկին Սալլաթինը, հիվանդի մորաքույրը. — իրավ աստված ցավ է տվել, բայց ցավին էլ դարման է տվել: Դուք փոխանակ այդպիսի ունայն խոսքերով ժամանակ անցնելու, ավելի լավ է շուտով կանչել տաք մի բժիշկ:

 

Հուրի Խան-Դայան չէր կարող համբերել տիկին Սալլաթինի խոսքերին, յուր հնամոլ հայացքով նրա խոսքերի մեջ խիստ անհավատություն նկատելով, այդ պատճառով ամենևին ուշադրության չառնելով նրա ասածը, — խոսեց.

 

— Տերը և նրա սուրբերը թող ազատեն իմ թոռը այս հիվանդությունից և ջերմեռանդությամբ խաչակնքեց յուր երեսը:

 

— Դարձյա՜լ սնոտի հավատ... — ասաց տիկին Սալլաթինը:

 

— Ի՞նչ պետք է արած, իմ քույրեր, ա՜յն բոլորը, որ հայ-քրիստոնյայի օրենքը հրամայում է՝ անթերի կատարել եմ: Տերտերին Նարեկ և Սաղմոս կարդալ տվել եմ, սուրբ պատկերների առաջ մոմեր վառե՜լ եմ... այլևս ի՛նչ է մնացել, որ չեմ արել:

 

— Հիվանդությունը կրոնին ո՜չ մի վերաբերություն չունի, — դարձյալ կրկնեց տիկին Սալլաթինը տհաճությամբ. — հիվանդությանը հմուտ և փորձառու բժիշկնե՜ր են պետք:

 

— Վերին բժշկապետը գիտե ամենայն ցավի դարման տանել. նա ավելի հմուտ և փորձառու է, քան բոլոր ստեղծվածները:

 

— Այդ մի անօգուտ հույս է, որ առժամանակ կհրապուրե ձեր սնահավատությունը, իսկ դուք հետո կստանաք ձեր կամակորության վարձը՝ մի անմխիթար փոշիմանություն...: Մնաք բարյավ, ասաց նա, և գնաց հայտնելու յուր ամուսնուն, պարոն Արամ Աշխարունուն, — յուր քեռորդու, վտանգավոր հիվանդության մասին:

 

Տիկին Սալլաթինի մեկնելուց հետո մի նոր սնապաշտական զրույցների ասպարեզ բացվեց: Հուրի Խան-Դայան պատմեց, թե ինչեր էր արել հիվանդի առողջությունը հետ դարձնելու համար:

 

— Զարմանալի է. ապա այդ բոլոր զորավոր արարողությունները ոչ մի օգուտ չարեցի՞ն, — հարցրուց տիկին Թարլանը:

 

— Ո՜չ... — գլուխը շարժելով պատասխանեց Հուրի Խան-Դայան: — Խնամի, “խաչը տերը զորավոր կանե”, և “հուսով սև քարին ապավինիս, քո մուրազը կտա”: Բայց իմ թոռը մի կասկածոտ և անհավատ տղամարդ էր. նա հերքում էր սուրբ արարողությունները: Չէ՞ որ առածը ասում է. “երբ որ չունիս հույս, բարին քեզնից կտա խույս”: Բայց դուք, իմ աչքիս լույս բարեկամներ, առաջ տարավ նա, — դուք չգիտեք իմ ընտանեկան գաղտնիքը, թե ի՞նչ էր պատճառը, որ աստված այդպես խեթ աչքով է նայում մեզ վրա. ես կպատմեմ, դուք կհասկանաք, թե ո՜րքան դժվար է կրոնքի և օրենքի հակառակ կենալը:

 

— Պատմիր, պատմիր, — ձայն տվին ամեն կողմից մոլեռանդ պառավները:

 

— Դուք, իմ քույրեր, — առաջ տարավ նա, — ձեզնից շատերը տեսել են իմ ամուսինը, այն բարի քահանան, յուր ժողովրդի այն բարեգութ նահապետը:

 

— Աստված յուր հոգին լուսավորեսցե, — կոչեցին ամենքը:

 

— Դուք գիտեք, — շարունակեց Հուրի Խան-Դայան, — որ այդ տիրոջ իմաստուն պաշտոնյան, միանգամայն յուր ժողովրդի հոգևոր և մարմնավոր մխիթարությունը, նրա բանգետ խորհրդատուն, նրա տրտմությունների և ուրախությունների կարեկիցն էր: Այս գալիք մեծ պահոց միջինքին կլրանա քսան և հինգ տարին նրա վախճանից հետո: Բայց այս քսան և հինգ տարիների ընթացքում, թեպետ նա գնացել, հեռացել է մեզանից, բնակելով երկնքում, հրեշտակների մեջ, բա՜յց հավատացնում եմ ձեզ, նրա արթուն հոգին էր իմ գերդաստանի պահապան հրեշտակը, որ խափանում էր մեզնից բոլոր չար պատահարները: Ի՞նչ էր դրա պատճառը — այն լուսահոգին երբ տեսավ թե մոտ է մահը, մտածեց պատսպարել յուր ընտանիքի ապագան զորավոր գրվածքներով: Նա դրավ յուր տունը և յուր ընտանիքը մի թիլիսմի ներգործության տակ, որը յուր զորությամբ խափան էր ամենայն չարիքի: Այդ թիլիսմանական թղթերը ապակյա սրվակների մեջ դնելով` թաղեց տան դռների շեմքում, թոնրի շրթան մոտ և ջրհորի ափում: Բայց իմ թերահավատ թոռը անարգեց յուր պապի խորհրդավոր թղթերը, և ամենևին չնայելով իմ աղաչանքին և արտասուքին, կախարդական գրվածքներ համարելով, դուրս բերեց թիլիսմը և անխնա այրեց կրակում...: Ահա այդ դժբախտությունը հանդիպելուց հետո, ասես թե, մեր աստղը խավարեց. չարը համարձակ մուտք գործեց մեր օրհնյալ բնակարանը, վիշտ, նեղություն և հազարավոր թշվառություններ անպակաս եղան մեզնից...: Մեր վարուցանքը անպտուղ եղավ, մեր տավարներն և ոչխարները արդյունք չտվին... և բախտը յուր աչքերը խփեց մեզանից: Բայց այդ վերջինը... այդ վերջինը... անիրավ կրոնափոխությունը... ահա՜, ճաշակել է տալիս յուր թունավոր պտուղները, և այդ հիվանդությունը ևս նրա հետևանքն է...:

 

Հուրի Խան-Դայան, բոլորովին լցված արտասուքով, նրա ձայնը խեղդվում էր սրտի զեղմունքից. երկար նա սկսեց հեկեկալ և դառնապես լալ. մյուսները նույնպես սկսեցին սուգ անել:

 

Ներս մտան մի քանի տղամարդիկ, որոնց թվում էին պարոն Արամ Աշխարունին, պարոն Մելիքզադեն և անգլիացի բժիշկ մըստր Սեյսունը: Բոլոր կանայք աներևութացան: Բժիշկը մոտեցավ, բռնեց հիվանդի շնչերակը և սկսեց հարցուփորձել մահտեսի Ավետիսին:

 

Բայց հիվանդի զգայարանները անհանգիստ խառնակության մեջ էին, և նրա լեզուն չէր դադարում երևակայական խառնափնթոր պատկերներ արտահայտելուց:

 

“Ա՛հ... վիշապը... դարձյա՛լ այն սարսափելի վիշապը...: Աստվա՛ծ իմ. դա չէ հեռանում ինձանից...: Ահա Սալբին, ո՛րքան զվարթ է նա... նա աներկյուղ, մի քաջ աստվածուհու նման, եկել է օգնելու ինձ... եկ, Սալբի, ե ՜կ օգնիր ինձ...”:

 

Մի քանի րոպե լռությունից հետո զառանցանքը դարձյալ շարունակվում է.

 

— “Դե՛հ, իմ նազելի, դե՛հ, մի հարված ևս... ահա սատակեց նա... սատակեց վիշապը... բեր համբուրեմ քո նուրբ ձեռքերը, իմ նազելի Պալլաս. դու քաջությամբ կռվեցար...”:

 

Եվ նա սկսեց ավելի որոշակի ձայնով երգել. —

“Քնքուշ ձեռքերը հարեմին սիրուն՝

“Հինան ներկում է վարդագույն-կարմիր.

“Նա այդ ձեռքերով հրապուրել գիտե՝

“Ամուսին խանը, ջերմ, հեշտախնդիր :

 

“Բայց ես սիրում եմ արյունով ներկված՝

“Նուրբ մատիկները իմ սիրուհիիս,

“Երբ որ նա ինձ հետ պատերազմում է

“Ոսոխների դեմ իմ անբախտ ազգիս”

 

Նա դարձյալ լռեց:

 

Բժիշկը, հեռուն, խորհրդակցում էր պարոն Աշխարունու հետ հիվանդի մասին. նա դուրս բերեց յուր փոքրիկ կաշյա պարկից մի քանի տեսակ դարմաններ, պատվիրեց խմեցնելու կերպը, և ինքը դուրս գնաց, խոստանալով գալ կեսօրվա պահուն:

 

Միևնույն ժամանակ ներս մտավ Ռես Վասակյան. նա թույլ ձայնով սովորական ողջույնը տալուց հետո, մոտեցավ, ապշած կանգնեց հիվանդի գլխի վերը. նրա կեղծավոր կերպարանքի վրա ձևացված էր ցավակցության պես մի բան. նրա շիլ աչքերից գլորվեցան մի քանի հատ արտասուքի կաթիլներ, և նա յուր տզրուկի նման սև շրթունքը շարժում էր, իբր թե աղոթք էր կարդում:

 

— Այդ ի՛նչ անբախտություն է, Մահտեսի, — ասաց նա, դառնալով դեպի հիվանդի հայրը: — Հատկապես ինձ խիստ ցավալի է տեսնել ձեր որդին, իմ սիրելի բարեկամը, այդ դրության մեջ:

 

— Աստծո կամքն է, — պատասխանեց ջերմեռանդությամբ մահտեսի Ավետիսը:

 

— Հա՜, աստծո կամքն է, իմ բարեկամ... բայց ի՞նչ հույս տվեց բժիշկը, — կամաց շշնջաց Ռեսը նրա ականջին:

 

— Բժիշկը մի ուրախալի հույս չտվեց... — պատասխանեց տխրությամբ մահտեսի Ավետիսը:

 

— Մնաք բարյավ. ես իմ հետ անչափ տրտմություն եմ տանում. երեկոյան դարձյալ կմտնեմ ձեզ մոտ, — ասաց չարագործը և հեռացավ: “Հա՜, բժիշկը մի ուրախալի հույս չտվեց…”, կրկնում էր նա յուր մտքի մեջ, գոհունակ սրտով:

 

— Պետք է հեռու պահել հիվանդը տանեցի և դրացի այցելուներից, — ասաց պարոն Աշխարունին. — դրանք կձանձրացնեն նրան իրանց շատախոսությամբ և ավելորդ սնապաշտական արարողություններով: Թող պարոն Խոսրովը մնա այստեղ, թող նա հանձն առնե ծառայել հիվանդին, որպես յուր մտերիմ բարեկամին: Առավելապես ջանացեք հեռու պահել հիվանդից ձեր մայրը, Հուրի Խան-Դայան, որովհետև պարոն Ռուստամը յուր առողջ օրերում անգամ չէր կարողանում համբուրել նրան: Պարոն Մելիքզադեն գիտե, թե ինչպես պետք է գործադրել դեղերը: Մնաք բարյավ, առողջություն եմ մաղթում, մահտեսի:

 

Ռես Վասակյանը, տեր-Առաքելենց տանից դուրս գալով, իսկույն հայտնվեց մեծ ամրոցում և մտնելով պատանի Ավազակյանցի սենյակը, դիվական հրճվանքով ասաց.

 

— Նո ՜ր ավետիս:

 

— Ի՞նչպես, — հարցրուց Սոլոմոն-բեկը յուր խաժ աչքերը լայն բացելով:

 

— Ռուստամը ամենասաստիկ կերպով հիվանդ է. այս ժամիս ես նրա մոտ էի:

 

— Արդարև՜, ավետիս, — կրկնեց պատանի Ավազակյանցը նույնպես ուրախանալով:

 

— Բայց գիտե՞ք, որքա՜ն ձեռնտու է մեզ այդ բախտավոր հիվանդությունը. մի կովմից հեռացնում է մեզնից, Մելիքզադեի խորհրդով, առանց քահանայի պսակ կատարելու խորհուրդի երկյուղը. մյուս կողմից, օրիորդ Սալբին հեռու գտնվելով նոր ազդեցությունից, հիվանդությունը հնար է տալիս մեզ ազատաբար գործադրել մեր ծրագրները: Եվ եթե այդ հիվանդության վերջը աստուծո հաջողությամբ մի բարի մահով պսակվի՝ այն ժամանակ դուք ամենևին առիթ չէիք ունենա գանգատվելու ձեր բախտից:

 

— Հա՜, մահը կազատեր մեզ երկար հոգածություններից, — պատասխանեց Սոլոմոն-բեկը բոլորովին սառնասրտությամբ:

 

“Արդյոք չփորձե՞լ.այդ կարելի կլինի՞ բժշկի միջոցավ. թեթևամիտ անգլիացի, փողի համար հոգի կտա… ”,մտածում էր յուր մեջ եղեռնագործը:

 

— Լսիր, աղա, — խոսեց նա լսելի ձայնով. — ժամանակը թանկ է մեզ համար. պետք է գործ սկսել. դարձյալ կրկնում եմ իմ դասը. — դուք կաշխատեք ձեզ ցույց տալ պարոն Աշխարունուն, որպես նրա համախոհ և սրտակից բարյացակամը. և սկսեցեք բարեկամական հարաբերություն ունենալ, և նրանց բոլորովին կասկածներից դուրս բերելու համար, ձեր քույրը կհանձնեք ուսանելու տիկին Սալլաթինի մոտ. ես էլ իմ քույրը կսողացնեմ այնտեղ, որպես ձրի ծառայող աղախին: Նրանք երկու կողմից կսկսեն համոզել օրիորդ Սալբիին: Եվ դուք ձեր քրոջ պատճառով միշտ գնալ գալ կունենաք աղջիկների մոտ, և կարող կլինեք տեսնել օրիորդ Աալբիին, և երբեմն գաղտուկ խոսել նրա հետ: Չմոռանաք, առաջ բարեկամանալ, հետո քույրդ հանձնել, այնուհետև սկսել երթևեկություն կատարելը: Այդ կլինի մեր առաջին փորձը: Այնուհետև` գործերի բերմունքի համաձայն կլարենք մեր որոգայթները: Այժմ մնաք բարյավ:

 

ԺԹ

 

ԿԵՂԾԱՎՈՐԸ

 

Առավոտյան ութ ժամին, պարոն Աշխարունին միայնակ նստած յուր առանձնասենյակում, սպասում էր ընդունել մի հյուր, որ հատկապես խնդրել էր նրանից մի գաղտնի տեսակցություն:

 

“Այդ զարմանալի է, մտածում էր նա. պատանի Ավազակյանցը տեսակցություն է խնդրում ինձ մոտ գալու...: Նա՜, որ յուր հոր հետ մեր վտանգավոր թշնամիներն են, որ միշտ հալածել են մեզ և ա՜յնքան ցավալի նեղություններ պատճառել, գրել է մեզ մի ա՜յնպիսի նամակ, որ արտահայտում է նրա անչափ ցանկությունը մեր գործի առաջադիմության համար”:

 

Նա կրկին վերցրեց նամակը, և յուր ուշադրությունը դարձրեց հետևյալ տողերի վրա.

 

“Մի գաղտնի զորություն իմ սիրտը քաշում է դեպ ձեր կողմը, երանի թե այդ լիներ սուրբ հոգու ազդեցությունը”: Մի քանի տողից հետո՝ “Սողոսին Դամասկոսի ճանապարհում կոչող ձայնը՝ իմ հոգու ներսից սպառնում է խղճմտանքիս, թե “Սա՜վուղ, Սա՜վուղ, ինչու կհալածես զիս”: Եվ նամակը վերջանում էր այս խոսքերով. “պատիվ եմ համարում Քրիստոսով մնալ ձեզ միշտ անձնվեր բարեկամ — Սոլոմոն-բեկ Ավազակյանց”:

 

Մինչ պարոն Աշխարունին տարուբերվում էր խառն մտածությունների մեջ, ծառան հայտնեց հյուրի գալուստը:

 

— Թող հրամայե, — ասաց նա:

 

Ներս մտավ մելիքի որդին, փառավոր հագնված, յուր երկու ծառաներով. նա քաղաքավարությամբ սեղմելով պարոն Աշխարունու ձեռքը, անցավ և նստեց սոֆայի վրա, յուր ծառաներին ականացի անելով, որ դուրս գնան և սպասեն դռան մոտ:

 

— Բարի է ձեր գալուստը, — գլուխ տալով ասաց պարոն Աշխարունին, ասիական քաղաքավարությամբ. — ձեր այցելությունն ուրախացնում է մեզ:

 

Սոլոմոն-բեկը, ի նշան շնորհակալության, նույնպես շարժեց գլխով:

 

— Ի՞նչ լուր ունիք Թեհրանից, ձեր հորից, — հարցրուց պարոն Աշխարունին սովորական ընդունելությունից հետո:

 

— Վերջին սուրհանդակով նամակը ցույց է տալիս, որ հայրս շնորհ է ունեցել տեսություն ստանալ շահից. թագավորը խիստ շատ բարեսրտություն է ցույց տվել և խոստացել է կատարել նրա բոլոր խնդիրները:

 

— Ուրախալի է... բայց ի՞նչ նպատակ ունին խնդիրները:

 

— Տեղույս հայերի նեղությունների մասին. մի փոքր թեթևացնել հարկերը և խաների անտանելի բռնակալությանց դեմը առնել:

 

Ծառան մատույց ղահվե շաքարով. և վերջացնելուց հետո տվին նրան ղեյլան. Ավազակյանցը մատուցեց ղեյլանը պարոն Աշխարունուն, բայց նա հրաժարվեց, ասելով թե ծխելու սովորություն չուներ: Ավազակյանցը միայնակ սկսեց ծխել: Բայց իմ հոր գլխավոր խնդիրը ձեր մասին է, որ ես հայտնում եմ ձեզ որպես գաղտնիք, — խոսեց Սոլոմոն-բեկը: — Ատրպատականի գլխավոր հոգևոր առաջնորդի խորհրդով, հայրս պիտի բողոքեր շահին, որ ձեր տունը արտաքսվի այս երկրից:

 

— Օհո՛... — բացականչեց պարոն Աշխարունին ժպտելով. — հետո :

 

— Հորս մի այդպիսի ձեռնարկությունը չափազանց ընդդեմ լինելով իմ կամքին, ես միշտ գրել եմ նրան, չիցե՜ թե ձեր մասին բողոքավոր լինի Թեհրանում. երկար թախանձելուց հետո, ահա այդ վերջին նամակը մի փոքր մխիթարեց ինձ:

 

Նա դուրս բերեց յուր թղթերի կաշյա պահարանից մի նամակ, որի վերջում գրված էին այս խոսքերը. —

 

“Այն մոլորեցուցիչների մասին դու այնքան երկար գրելով, իրավ, ձանձրացրիր ինձ, վերջապես, պատիվ դնելով քո որդիական սիրուն, խոստանում եմ քեզ այլևս չբողոքել նրանց մասին վսեմափառ շահին, ամենևին չհասկանալով, թե դու ի՞նչ նպատակ ունեիր նրանց այդչափ պաշտպանելու:

 

— Այդ կնիքը ձեր հո՞րն է, — հարցրուց պարոն Աշխարունին, նայելով մեծ կնիքին, որ դրոշմված էր նամակի վերջում թղթի վրա:

— Հրամեր եք. որովհետև հայրս գրել չգիտե, նա սովորաբար դրոշմում է յուր կնիքը յուր ստորագրության փոխարեն:

 

Բայց սուտ էր խոսում կեղծավորը. նամակը բոլորովին հնարված էր Ռես Վասակյանի ձեռքով. իսկ մելիք Պիլատոս Ավազակյանցը վաղուց էր խնդրամատույց եղել Աշխարունու մասին Թեհրանում: Բայց բարեսիրտ քարոզիչը յուր բոլոր պարզամտությամբ միանգամայն հավատաց, թե իրավ Սոլոմոն-բեկը իրանց մի այդպիսի բարերարություն է արել:

 

— Շնորհակալություն, — ասաց նա. — ձեր բարերարությունը, աստուծո գործի համար անվարձ չի մնալ տիրոջ առաջ:

 

— Ճշմարիտ, ես չեմ կարողանում գտնել բառեր բացատրելու, թե ի՞նչ գաղտնի զորություն է, որ միշտ գրգռում է իմ նախանձը, ո՜րքան կարելի է ուժ տալ աստուծո խոսքի քարոզությանը այս խավար երկրի մեջ. և միշտ աշխատել մեր ազգայինների լուսավորության և կրթության համար:

 

— Իհարկե, այդ ձեր պարտքն է. մարդասիրության և ազգասիրության պտուղները ավելի ձեզնից է պահանջելի, քան թե մի աղքատից, որ յուր գլուխը չէ կարողանում պահպանել:

 

Սոլոմոն-բեկը սկսեց ավելի ուժով ծխել. ծխախոտի արբեցուցիչ ազդեցությունը սկսեց բորբոքել նրա ուղեղը, և նա ավելի ոգևորված խոսեց.

 

— Ես վաղուց արդեն, ողորմած տեր, սրբազան նախանձ ունեի լինելու մի զորավոր շարժառիթ աստուծո գործի հառաջադիմության — այս երկրի մեջ, և դրանով կատարել իմ պարտքը դեպ աստված և դեպ մարդկությունը: Բայց դժբախտաբար իմ հոր սնոտի մոլեռանդությունը թույլ չէր տալիս երևան հանել այդ խորհուրդը, որ ա՜յնքան ծանր դրված էր իմ սրտի վրա: Բայց այժմ, իմ հոր բացակայությունը հնար է տալիս ինձ իրագործել այն՝ որի համար վաղուց մտադրված եմ — խոստովանելով ձեր առջև իմ անկեղծ համակրությունը, և խնդրելով, պարոն, ընդունել իմ ի սրտե բարեկամական ջերմեռանդությունը դեպ ձեզ...:

 

Պատանի Ավազակյանցը մոլորվեց յուր սերտած խոսքերի լաբիրինթոսի մեջ, որ արտասանում էր նա, որպես աշակերտը յուր դասը:

 

Իսկ պարոն Աշխարունին հասկանալով նրա միտքը, ասաց յուր սովորական սառնասրտությամբ.

 

— Ես ուրախ եմ... և մեծ ուրախություն է եթե, կներեք ինձ. այսպես արտասանել — աստուծո հրեշտակների առաջ, երբ մի մեղավոր դիմում էր դեպ ապաշխարություն:

 

Վարժատան զանգակը ընդհատեց նրանց խոսակցությունը. վարժապետը ժամացույցին նայեց — իննի կեսն էր.

 

— Իրա՜վ, ժամանակը թանկ է ձեզ համար. ես արգելք եղա... — խոսեց կեղծավորը. — միայն խնդրում եմ շնորհել ինձ մի քանի րոպե ևս, մի այլ խնդիր ունիմ — ես մի քույր ունիմ տասնևինն տարեկան, որին շատ եմ սիրում, յուր խելացի և սուր ընդունակության համար: Ես ափսոսում եմ, որ այդպիսի քանքարավոր բնավորության տերը մնա առանց ուսման և առանց կրթության: Երկար ստիպմունքներից հետո, վերջապես, կարողացա համոզել մորս. նա հաճեցավ Ալմաստը — այսպես է քրոջս անունը — հանձնել ձեր առաքինուհի տիկնոջ հոգաբարձության, որպես ասացի, ուսում և կրթություն սովորելու: Այժմ ա՜յդ է իմ խնդիրը, եթե դուք ևս կշնորհեք ինձ ձեր բարի հաճությունը, ընդունելով իմ սիրելի քույրս, դրանով չափազանց կպարտավորեք ինձ:

 

— Դուք կարծում եք մեր վարժարանները այնքան բարեկարգ դրության մեջն են, որ նրանց մեջ կարելի լիներ ընդունել փափկասուն տան որդի, — պատասխանեց պարոն Աշխարունին ցավելով. — մեր վարժատների աղքատությունը հազիվ է ներում ուսանելու նրանց մեջ մի քանի անտերունչ որբերի միայն:

 

— Արդարև, ձեր վարժարանի վիճակը այժմ ցավալի դրության մեջն է. և դրա պատճառը, որքան հայտնի է ինձ, չարանախանձ խավարամիտների հալածասիրոլթյունն է: Բայց ես, պարոն, հաստատ հույս եմ տալիս ձեզ, ո՜չ միայն այդ հալածանքները հեռացնել, այլ ձեր վարժարանի կատարյալ ազատությունը ապահովել, որ սկսի օրեցօր ծաղկել և կատարելագործվել:

 

Պարոն Աշխարունին խորին մտածությանց մեջ ընկղմվեց:

 

— Ես իմ քրոջ վարձը, — շարունակեց Ավազակյանցը, — կվճարեմ որքան կարելի է առատ քանակությամբ, որ ո՜չ միայն նրա ուսման և օրինական պահպանության համար բավականանա, այլև հնար կտա նրանով մի քանի խեղճ աղջիկներ կառավարել, որ դուք, չնայելով ձեր այժմյան նյութական անկարողությանը — պահպանում եք ձեզ մոտ ձրիաբար:

 

— Ուրեմն դուք կամենում եք ձեր քույրը գիշեր ցերեկո՞վ հանձնել մեր հոգաբարձությանը:

 

— Հրամե՜ր եք. ըստ իմ կարծիքի, միայն չոր և ցամաք ուսումը բավական չէ մի օրիորդի կատարելության համար. գլխավորը մի բարեկարգ կրթությունն է` Ավետարանի անաղոտ լուսով, և այդ, այլ եղանակով չի լինի, բայց միայն՝ երբ աշակերտը ամբողջովին է գտնվում յուր դաստիարակների աչալուրջ հսկողության ներքո:

 

— Ներեցեք, խնդրեմ, որ անմիջապես չե՜մ կարող պատասխանել ձեզ, ձեր քրոջ մասին, — ասաց պարոն Աշխարունին, — ես կհայտնեմ ձեզ վաղը առավոտ:

 

Վարժատան զանգակները հայտնեցին դասերը սկսվելը:

 

— Իրավ, ես արգելք եղա ձեզ, — ոտքի վրա կանգնելով խոսեց Ավազակյանցը. — բայց մոռացա հարցնել. ես լսեցի, տեր-Առաքելենց պարոն Ռուստամը հիվանդ է, ի՞նչպես է այժմ նրա առողջությունր:

 

— Խիստ վա՜տ, — պատասխանեց յուր հյուրը ճանապարհ դնելով պարոն Աշխարունին: — Եթե շուտով մի փոփոխություն դեպի լավը չէ լինի, նրա կյանքին հույս չկա:

 

— Ա՜հ, ցավալի է, ցավալի... բայց ես կուզեի տեսնել ձեր գրատունը, — ասաց նա կանգ առնելով նախասենյակում, — ինձ պետք է ձեզանից գնել մի հատ Աստվածաշունչ. խիստ շատ եմ սիրում այդ գիրքը: Թեպետ ես մի հատ ունիմ, բայց այն հիմար վենետիկցոց տպածն է, հին և մեռած լեզվով. բայց ինձ խիստ սիրելի է սուրբ գիրքը աշխարհաբար լեզվով:

 

Պարոն Աշխարունին բացեց սենյակին կից դուռը և առաջնորդեց հյուրը դեպի գրատուն: Սոլոմոն-բեկը անխորհուրդ կերպով, մեքենաբար նայում էր պատուհաններում դրած մեծ և փոքր գրքերի վրա: Նա վերցրեց մի հասարակ կազմով Աստվածաշունչ և տվեց ծառային, դնելով սեղանի վրա հինգ հատ ոսկի:

 

— Դուք, պարոն, գնից ավել հատուցիք, — ասաց պարոն Աշխարունին, — դրա գինը հինգ կռան է:

 

— Դուք առհասարակ ձեր գրքերը էժան գնով եք վաճառում, և շատ անգամ, ինչպես հայտնի է ինձ, ձրի եք բաշխում աղքատներին:

 

Այնուհետև նա խնդրեց, որ նրան ցույց տային վարժարանը:

 

— Մեր վարժարանները այնպիսի բան չեն, որ արժանի լինեին ձեր հարցասիրությանը, — առարկեց պարոն Աշխարունին:

 

— Ո՜չ, ո՜չ, ես կսիրեմ նրանց արդի չքավորության մեջ ևս, — պատասխանեց նա մեծահոգության հովեր առնելով — աղքատությունը պարսավելի չէ՜ :

 

Պարոն Աշխարունին ներս տարավ նրան մի մերկ և սառն սենյակ, որ դասատունն էր կազմում: Այնտեղ տասը նստարան կար աշակերտների համար, բայց նրանցից միայն մինի վրա նստել էին յոթն աշակերտ: Այդ փոքրիկ սենյակը միանգամայն և՜ դասատուն էր, և՜ աղոթարան, որովհետև կյուրակե օրերը այնտեղ ժողովում էին մարդիկ և կանայք աղոթքի և քարոզ լսելու համար: Այնտեղ կար մի սև գրատախտակ և մի ամբիոն, սև փայտից, որի վրա քարոզի և դասախոսության ժամանակ կանգնում էր պարոն Արամը:

 

Աշակերտները ոտքի կանգնելով, ցույց տվին արժանավոր հարգանք: Սոլոմոն-բեկը մոտենալով, նայում էր նրանց դասագրքերին: Նա գնալով կանգնեց պատից կախ ընկած դասացուցակի առաջ և սկսեց կարդալ ամեն մի ժամի համար որոշված դասերը.

 

— “Աստվածաբանություն... մեկնություն սուրբ գրոց... եկեղեցական պատմություն... բնական պատմություն... մաթեմատիկա...”, էլ ի՞նչ եք ուսուցանում. շատ զարմանալի է մի այդպիսի կարճ ժամանակում այդքան հառաջադիմոլթյո՜ւն, — ասաց նա, դառնալով դեպի վարժապետը:

 

Այստեղից դուրս գնալով, վարժապետը նրան ներս տարավ աղջիկների դասատունը: Սոլոմոն-բեկը հազիվ էր կարողանում բռնել իրան, այնտեղ մտած ժամանակ: Այդ սենյակը յուր աղքատիկ կերպարանքով շատ նման էր տղայոց դասատանը: Այստեղ տիկին Աշխարունին միայնակ, ոտքի վրա, կանգնած սև գրատախտակի առաջ թվաբանության դասն էր բացատրում: Աշակերտուհիները թվով երեք հոգի էին: Հեռուն, լուռ և մունջ, նստել էր արդեն յուր ուսումը ավարտած չորրորդ աշակերտուհի՜ն — օրիորդ Սալբին: Պատանի Ավազակյանցը շփոթվեցավ, տեսնելով չքնազագեղ օրիորդին, որ յուր տխրամած դեմքով՝ ավելի ևս հիացուցիչ էր: Ավազակյանցը մտածեց հնար գտնել մի քանի րոպե այնտեղ ավել մնալու. նա քաղաքավարությամբ մոտեցավ տիկին Սալլաթինին, և նրա ձեռքը քնքշաբար սեղմելով, հարցրուց.

 

— Ձեր սիրելի աշակերտուհիները միմիայն ուսմա՞մբ են պարապում:

 

— Ո՜չ կեսօրից հետո ասղնագործությամբ, — պատասխանեց տիկին Աշխարունին:

 

— Դուք կհավանեք, պարոն, երբ որ տեսնեք, թե որպես գեղեցիկ նկարներով ասղնագործում են աշակերտուհիները թղթի և կտավի վրա, — ավելացրեց պարոն Աշխարունին:

 

— Ցույց տվեք, աղաչում եմ, նրանց գործերից,— ես շատ ուրախ կլինեմ տեսնելու, — ասաց Սոլոմոն-բեկը:

 

Տիկին Աշխարունին դուրս բերեց ահագին փայտյա պահարանից գույնզգույն թելերով նկարված թղթերի և կտավների մի ծալք, դրեց գրասեղանի վրա և սկսավ մեկ-մեկ ցույց տալ:

 

Պատանի Ավազակյանցը, գեղեցիկ ճարտարությանց մեջ առանց որևէ ճաշակ կամ համազգացություն ունենալու՝ ամեն մինը նայելու ժամանակ, թե լավ և թե վատ, առհասարակ բոլորի համար ասում էր.

 

— Ա՛խ հրաշալի՛ է, հրաշալի... իմ քրոջ խելքը կգնա, երբ իմանա թե այստեղ ուսուցանում են այսպիսի գեղեցիկ ասղնագործական նկարներ:

 

Վերջը նրա ձեռքը հասավ մի հատկապես պատրաստված թուղթ, որ կարված էր ծիածանի գույներով մետաքսյա երիզի վրա. թղթի վրա գույնզգույն թելերով նկարված էր մի բոցավառված սիրտ, որ կրակի ճաճանչներ էր արձակում. նրա ամեն մի կողմը կարմիր սիրուն վարդ, և վերևը՝ գեղեցիկ ասղնագործ տառերով գրված էր. “աստված սեր է”. իսկ ներքևը՝ զարմանալի ճարտարությամբ` մանր, գույնզգույն տառերով “Հովասաբենց Սալբի”:

 

Ավազակյանցը չկամեցավ ձեռքից թողուլ այդ հրաշալի նկարը, որ օրիորդ Սալբին էր ասղնագործել, յուր սիրականին ընծայելու, գրքի մեջ դնելու համար, նա վերցրեց նշանիկը ասելով.

 

— Պատվելի տիկին, ես շատ հույս ունիմ, դուք ինձ առավել ուրախացնելով... հիշատակի համար կընծայեք ձեր աշակերտուհիների ձեռագործներից մինը, այն թանկագին ընծան թող լինի այս գեղեցիկ նշանիկը...:

 

Տիկին Աշխարունին յուր հաճությունը ցույց տվեց, և Սոլոմոն-բեկը թաքցրեց խորհրդավոր նշանիկը յուր թղթերի պահարանի մեջ:

 

Օրիորդ Սալբին, հեռվից նշմարելով, որ յուր նշանածի համար նկարած նշանիկը ուրիշի ձեռքը անցավ, տհաճությամբ եռում էր:

 

Հազարավոր կեղծավորության ցույցերով, պատանի Ավազակյանցը յուր ուրախությունն և բարեկամությունը կրկին և կրկին շեշտելուց հետո, հեռացավ վարժատնից:

 

Ճանապարհին, մինչև իրանց տուն հասնելը՝ նա մի քանի անգամ դուրս բերեց “սիրո հիշատակարանը”, նայեց նրա վրա, և կրկին տեղավորեց պահարանի մեջ: Իսկ յուր սենյակը մտածին պես՝ նա սկսեց խելագարի նման համբուրել և սեղմել յուր սրտին, ասելով, “այդ քնքուշ սիրտը, որ այդպես բոցավառված՝ ցույց է տալիս սիրո վարդերը՝ նկարել են նրա սիրուն մատները”:

 

Նա մոտեցավ ահագին երկաթյա արկղին, բաց արավ, դուրս բերավ այնտեղից հարյուր հատ ոսկի աշրաֆի, և ամեն մի հիսունը առանձին թղթի մեջ փաթաթելով, կնքեց. մինի վրա գրելով “աղջիկներին”, իսկ մյուսի՝ “տղաներին”: Եվ հետո մի նամակ ևս գրեց հետևյալ բովանդակությամբ.

 

“Պարոն,

 

Ձեր սիրելի աշակերտների և աշակերտուհիների գեղեցիկ աշխատությունները իմ մեջ մի անմոռաց սեր ազդելով, ես, ի նշան իմ շնորհակալության, իբրև ընծա, ուղարկում եմ նրանց այդ չնչին արծաթը, խնդրում եմ հընդունեք ներողամտությամբ:

 

Սոլոմոն-բեկ Ավազակյանց”:

 

Նա հանձնեց նամակը ընծաների հետ — ծառային, ծառան հեռացավ, և ինքը, հափշտակված խորին հոգեզմայլությամբ, ընկողմանեցավ սոֆայի վրա և սկսեց հրճվանքով նայել հրաշալի նշանիկին:

 

Հանկարծ ներս մտավ Ռեսը:

 

— Ի՞նչպես անցավ, — հարցրուց նա:

 

— Շատ լավ. արդարև՜, շատ լավ, Ռես, — պատասխանեց Սոլոմոն-բեկը: — Բախտը ձեռնտու եղավ ինձ, այնտեղից այս գեղեցիկ հիշատակարանը ևս բերելու:

 

Նա տվեց Ռեսին նշանիկը:

 

Ռեսը ուշադրությամբ զննելով՝ ասաց.

 

— Նկարիչը չէ սխալվել. այո՜, “աստված սեր է… ”: Երևում է, օրիորդի թարմ ուղեղի մեջ երևակայություն է խաղում... սերը, յուր կախարդական սլաքը դիպցրել է նրա սրտին: Եթե ես էլ ասղնագործել գիտենայի, այդ նշանիկի վրա կավելացննի մի նազելի բանաստեղծի երգը.

 

— Ո՞ր բանաստեղծի, ի՞նչ երգ, — հարցրուց Սոլոմոնբեկը.

 

— Մելիքզադեի, ահա այս երգը.

 

Եվ նա սկսեց յուր խռպոտ ձայնով երգել:

 

“Զի սեր է աստված,

Սիրով ստեղծեց՝

Աշխարհը հրաշակերտ”:

Այսպես մեզ խոսեց

Սեր քարոզողի

Իմաստուն աշակերտ:

 

Քո հոգվո՜ միջում,

Ո՞վ իմ հրեշտակ

Գտա այդ սուրբ սեր.

Ուրեմն ես քեզ

Կոչեմ համարձակ՝

“Իմ աստված, իմ տեր”:

 

Եթե չե՜ս աստված,

Ինչո՞ւ ես կրում

Քո հոգվո միջում

Այդ աստվածություն:

 

Եթե չե՞ս աստված`

Ուրեմն չկա

Երկինք և երկրում —

Բնա՜վ աստվածություն:

 

— Ճշմարիտ է ասել բանաստեղծը, — առարկեց Սոլոմոն-բեկը: — Երբ աստված սեր է, և սերը աստված է, ուրեմն, ուր կա սեր, այնտեղ կա և աստվածություն: Կարծեմ, Ռես, ես չսխալվեցա իմ տրամաբանության մեջ:

 

***

 

Նույն օրվա իրիկնապահին, օրիորդ Սալբին, տխուր և սրտաբեկ մտավ տիկին Սալլաթինի սենյակը և գտավ նրան նույնպես տխրամած դեմքով, նստած յուր գրասեղանի առաջ: Խղճալի օրիորդը դեռ նոր էր լսել Ռուստամի հիվանդությունը: Նա երկար, լուռ նստած նայում էր հատակին, ամաչելով խոսել և հարցնել յուր սիրականի հիվանդության մասին: Տիկին Աշխարունին նկատեց այդ:

 

— Լսե՞լ ես, Սալբի, Ռուստամը հիվանդ է,— ասաց նա: Օրիորդը պատասխան չտվեց. նրա սիրտը լցված էր:

 

— Դու գնա նրա մոտ, Սալբի, դո՜ւ կթեթևացնես նրա հիվանդությունը, — ավելացրեց տիկին Աշխարունին:

 

— Ես շատ եմ ցանկանում, — պատասխանեց օրիորդը, — բայց կարելի՞ է այդ, մի այնպիսի երկրում, ուր այնքան չարաչար դատապարտված է կանանց սեռի ազատությունը:

 

— Ուրիշ մարդկանց հիվանդի մոտ գնալը — արգելված է, պարոն Մելիքզադեն է մենակ նրա մոտ. ես նրան իմաց կտամ քո մասին, և նա կգտնե մի արձակ միջոց, քեզ հիվանդի մոտ գաղտնի ներս թողնելու:

 

— Ես շնորհակալ կլինեմ, — պատասխանեց օրիորդը, — միայն որքան կարելի է զգուշությամբ, խայտառակ չլինեմ, եթե տեսնեն մեզ:

 

— Այդ մասին ինքը, պարոն Մելիքզադեն կհոգա: Դու սպասիր քո սենյակում, մինչև քեզ իմաց տամ:

 

Գիշերվա տասն և մեկ ժամից անց էր: Օրիորդ Սալբին, տեր-Առաքելենց տանը, միայնակ նստած էր մի մերկ և ցուրտ սենյակում, մթին խավարի մեջ: Չնայելով, որ դուրսը կատաղի մրրիկն էր մռնչում, չնայելով, որ ցուրտը անվառ սենյակում սառեցնում էր, բայց և այնպես օրիորդը այնքան բորբոքված և լցված սրտով` չէր զգում ոչ մի սարսուռ:

 

Հանկարծ լսելի եղավ բանալիի շարժվելու ձայնը, դռները հետ գնացին, ներս մտավ պարոն Մելիքզադեն, միայնակ և ճրագը ձեռքին:

 

— Ներողություն, — ասաց նա, — ես ձեզ երկար սպասել տվի. այս գիշեր պարոն դոկտորը չկամեցավ շուտ գնալ:

 

Մերձակա սենյակում ժամացույցը զարկեց տասնևերկու:

 

Նրանք դուրս եկան սառցատնից: Պարոն Մելիքզադեն կրկին հանգցրեց ճրագը: Ներեցեք, — ասաց նա, — մութի մեջ ևս կարելի է գնալ. բայց ես չեմ ուզում, որ տեսնեն ձեզ:

 

Օրիորդ Սալբին, որպես ուշակորույս, ոչ մի պատասխան չէր տալիս, միմիայն մեքենաբար հետևում էր յուր առաջնորդին, և նրանք, մթին, ոլոր-մոլոր սանդուղքներով բարձրանում էին դեպ հիվանդի քնարանը: Պարոն Մելիքզադեն բաց արեց մի սենյակի դուռ, ուր աղոտ լուսով վառվում էր ճրագը, և ներս թողեց օրիորդ Սալբիին ասելով.

 

— Դուք, պատվելի օրիորդ, այստեղ կգտնեք հիվանդը: Բայց ինքը դուռը կողպելով հեռացավ:

 

Դեղերի դարմանների սուր հոտավետությունը, որով լցված էր հեղձուցիչ սենյակը, բավական էր զարկելու օրիորդի սրտին այն սաստիկ հարվածը, որ զգաց նա...: Նա, հազիվհազ զսպելով յուր սպառված զորությունը, մոտեցավ մահճակալին, ուր դրված էր հիվանդը` բոցավառված կրակի մեջ: Նրա դեմքը գունատ և նվաղած չէր` մաշված հիվանդների նման, այլ սաստիկ շառագունած, վառվում էր, որպես լրացած լուսինը: Նրա մեծ սևորակ աչքերը բարակացավ ունեցողների պես մեռած և խոր գնացած չէին, այլ կարմրած` փայլում էին լի կրակով: Իսկ նրա արագ-արագ շնչառությունը էր — լիքը, զորավոր և սարսափելի:

 

Խղճալի օրիորդը, Եղիսեի նման, յուր մարմինը տարածեց հիվանդի վրա, բերանը` բերանին դրեց, երեսը՝ երեսին քսեց, սիրտը` սրտին շոշափեց, և այսպիսով, ասես թե յուր բոցավառված սիրո էլեկտրականությամբ, կամենում էր նրան նոր շունչ տալ և կենդանություն ներշնչել: Բայց հիվանդը չզգաց այդ մարգարեական հոգու ներշնչությունը, որպես սունամացի կնոջ զավակը... նա չարթնացավ յուր անզգայությունից:

 

Ռուստամը վառվում էր սաստիկ տաքության մեջ: Նրա խոսքերի մեջ, որ անդադար զառանցում էր յուր երևակայական ցնորքներում, միայն բացորոշակի, հասկանալի էին — “Սալբի” — “Իմ սիրական” — բառերը:

 

Օրիորդը ծունկ չոքեց հատակի վրա, և յուր քնքուշ ձեռքերը փակելով կրծքի վրա, յուր ոգևորված հայացքը բարձրացրեց դեպի վեր և սկսեց խորին ջերմեռանդությամբ աղոթել... և աղոթել ա՜յնքան երկար, մինչև լուսաբացին պարոն Մելիքզադեն ներս մտավ, բռնեց նրա ձեռքից և վեր կանգնեցրեց ասելով.

 

— Այժմ, իմ բարեկամ, հեռացե՜ք, բժշկի գալու ժամանակն է:

 

Ի

 

ԴԵՐՎԻՇԸ

 

Կես օր էր:

 

Պարոն Աշխարունիի տանը, տղաների դասատնում, տասը նստարաններից հինգը ամբիոնի աջ, իսկ հինգը՝ ձախ կողմում էին տեղավորված — կարգով: Ձախ կողմի նստարանները, բոլորը բռնված էին կանանցով և վարժատան աղջիկներով, որոնց թվում, զուգված-զարդարված, նստել էր առաջին նստարանի վրա Ավազակ-յանց Ալմաստը՝ Սոլոմոն-բեկի քույրը, որ քանի օր առաջ ընդունվել էր իբր աշակերտուհի տիկին Աշխարունու մոտ: Նրա կողքին նստել էր միականի պառավ Գոզեն, քառասուն և հինգամյա աղջիկը՝ Ռես Վասակյանի քույրը, որի ծաղկահար եղած և թռթշնած մռայլոտ դեմքը ավելի նման էր աբեթի կամ սարադի (խարբալի): Օրիորդ Գոզեն յուր անհամեմատ տգեղության պատճառով, — ուր մնաց, որ անգութ ծաղիկը տարել էր նրա աչքերից մեկը, — մնաց միշտ աղջիկ: Ոչ ոք չկամեցավ խնդրել նրա ձեռքը, թեպետ նրա եղբայրը շատ աշխատեց մոլորեցնել մինը յուր քրոջ որոգայթի մեջ: Նա, մտադրված լինելով՝ որպես հավատացնում էր նրա եղբայրը — առանձնանալ մի վանքում, և յուր անձը նվիրել ճգնության և ապրել աստուծո համար, նախամեծար համարեց որպես կամավոր աղախին, ձրիաբար, յուր հոգու համար, ծառայել Ավետարանի դուստրներին՝ Աշխարունու տան մեջ:

 

Ամբիոնի աջ կողմի նստարանները բոլորը բռնված էին մարդկանցով, որոնց թվում, առաջին նստարանի վրա, փաթաթված յուր թանկագին մուշտակի մեջ, նստած է Սոլոմոն-բեկ Ավազակյանցը, թիկն տված հետակա նստարանին, ձեռքը ծնոտին դրած, միակողմանի թեք նստած, յուր աչքերը ջրած՝ անդադար նայում է յուր սրտի ամենասիրելի առարկային — օրիորդ Սալբիին, որը բոլորի հետևը նստած լուռ և տխրամած դեմքով, ասես թե նրա ուշքը ու միտքը բարձրացած, խելքը հափշտակված՝ տարվել էր մի այլ աշխարհ, և այնտեղ ողբում էր մի բոլորովին այլ առարկայի համար...:

 

Տիրում էր խորին լռություն: Քարոզիչը ամբիոնի վրա կանգնած թերթում էր Աստվածաշունչը, նշանակելով յուր քարոզության հարկավոր վկայությունները սուրբ գրքից:

 

Երբ այդ փոքրիկ եկեղեցու բոլոր անդամները հավաքված էին, քտրոզիչը ժամացույցին նայելով հայտնեց երգվելիք երգերի գլուխը: Ժողովրդի ամեն մինը յուր ձեռքի երգարանի մեջ բաց արին ցույց տված երգը և բոլորը, այր և կին, տղա և աղջիկ սկսեցին միաձայն, ջերմեռանդ և քաղցր եղանակով ներդաշնակել հոգևոր տաղերգը:

 

Երգից հետո կրկին տիրեց լռություն:

 

Քարոզիչը ոտքի ելավ, յուր ջերմեռանդ հայացքը դեպ վեր բարձրացնելով, աչքերը խփած, մտքով երկինքը վերացած, սրտառուչ և ազդու եղանակով — կարդաց մի հրաշալի աղոթք:

 

Աղոթքից հետո քարոզիչը բացեց նոր կտակարանում երկրորդ Կորնթացոց Ժա գլուխ 29 համարը, և սկսեց կարդալ. “Ով կտկարանա, ու ես չեմ տկարանար, ո՜վ կգայթակղի, ու իմ սիրտը չայրիր”: Եվ Պողոս առաքյալի այդ խոսքը իբրև բնաբան ընտրելով, պարոն Արամը ատենախոսեց: Նրա շրթունքներից մեղր ու կաթ էին ծորում, և քաղցրալուր ու գրավիչ խոսքերով հեղհեղում էր նա աստծո բանի քարոզությունը: Նրա արտասանությունը, ճարտաասանական ձևերը, նրա բոլոր խորհրդական շարժմունքների հետ զուգավորված՝ հալում, թափում էին Ավետարանի խրատները ունկնդիրների գլխի մեջ:

 

Բայց այդ հռետորի ատենախոսությունը ոչ մի ազդեցություն չարեց Սոլոմոն-բեկի բթացած և սառած ուղեղի վրա, որ նույն րոպեում, ո՞վ գիտե որպիսի երևակայական ցնորքներով էր հրապուրված: Նա, յուր ապառնի հույսերով ոգևորված, աչքերը անթարթ լարած` նայում էր օրիորդ Սալբիի վրա:

 

Քարոզից և կրկին տաղերգությունից հետո, պարոն Արամի նշանի վրա, եղբայրները ոտքի ելան, և պարոն Մելիքզադեն սկսեց աղոթել, միևնույն ժամանակ խնդրելով աստծուց առողջություն իրանց եղբայր Ռուստամի համար:

 

Այդ աղոթքը դառնացրեց Սոլոն-բեկի սիրտը, նա չէր ուզում աղոթեին այն մարդու համար, որի կյանքը այնքան անտանելի էր իրան, ա՜յնքան վայրենի և անգութ սրտով նրա մահն էր ցանկանում:

 

***

 

Միևնույն ժամուն, երբ Քրիստոսի այդ փոքրիկ հոտը հավաքված անցնում էին տիրոջ շաբաթը աղոթքով և սուրբ գրքի ընթերցանությամբ, տիկին Թարլանը, յուր փեսայի տեսության գնալով, նստած Հուրի Խան-Դայայի մոտ՝ ծանր ու բարակ խոսում էին:

 

— Այդ հիմարների բոլոր գործերը այնքան անխելքությամբ են, որպես իրանց բռնած ճանապարհը (կրոնքը), — ասաց վերջապես Հուրի Խան-Դայան: — Էլ ի՞նչ ասեմ, խնամի, սիրտս այրվում կրակվում է, չեմ կարում խոսել... մաշեցին, սպանեցին իմ խեղճ թոռնիկը, տալով մի ցնդած ինկլիզ բժշկի ձեռքը, որ ոչ լեզու է իմանում և ոչ էլ խոսք հասկանում:

 

— Հա՜, այդպես է, խնամի, — պատասխանեց տիկին Թարլանը: — Բայց նրանց ականջ դնելու չէ. դու քո գիտցածը ձեռքից մի թողուր, թոռիդ ճարն արա՜ :

 

— Է՛հ, եթե ինձ իմ կամքին թողնեին, հիմա Ռուստամը տասն անգամ առողջացած կլիներ: Բայց այժմ, ո՞վ է ծերին պատիվ դնողը, ո՞վ է նրա խրատը լսողը. ամեն մարդ ինքնագլուխ է դարձել. — ինչ որ խելքին փչում է` անում է. աշխարհս փոխվել է. — հույս, հավատ չէ՜ մնացե. ո՜չ աստված են ճանաչում և ո՜չ սուրբը. ո՜չ խունկ են իմանում և ո՜չ մոմը, ո՜չ խաչը, և ո՜չ պատկերը, ո՜չ մասը և ո՜չ էլ մասունքը... ամենքը դարձել են անաստված:

 

Ներս է մտնում Նազլու աղախինը:

 

— Աղջի, ի՞նչ եղավ, չեկա՞վ Դերվիշը, — հարցրուց Հուրի Խան-Դայան:

 

— Դերվիշը դռանը սպասում է, — պատասխանեց աղախինը:

 

— Ասա՜ թող գա, — հրամայեց տանտիկինը:

 

Մի քանի րոպեից հետո ներս մտավ դերվիշը, — մի բարձրահասակ և նիհար մարդ. նրա դեմքը սոսկալի էր և արևից այրված. աչքերը վառվում էին կատաղի կերպով: Նա հագած ուներ մի սպիտակ շապիկ, որ իջնում էր մինչև նրա մերկ ծնկները: Կուրծքը բաց, նույնպես այրված արևից. գլուխը առանց գդակի, երկայն ծամերը կապած էր մազե թելերից հյուսած վարսակալով: Նրա հոլանի, բոլորովին մերկ թևերի բազուկների վրա փաթաթված էին նրա սև թասբահները: Ուսին գցած ուներ յուր փոսա փալանքին (ընձու կաշին): Աջ բազուկից քարշ էր գցել փաշկուլը. կշտից կախել էր յուր նաֆիրը (եղջերափողը) և ջուլբանդը (մախաղը), որի մեջ դրած էին մի քանի գրքեր: Նա, ձեռքին բռնած յուր հաստ գավազանը, առաջ եկավ, և յուր սովորական եղանակով ողջունեց, ասելով.

 

— Յա՜ — հու-հակ:

 

Հուրի Խան-Դայան և տիկին Թարլանը տարան նրան հիվանդի մոտ: Դերվիշրը նստեց հիվանդի մոտ և աչքերը պշուցած՝ սկսեց նայել նրա երեսին. հետո ականջը դնելով նրա սրտին, խորին ուշադրությամբ սկսեց լսել:

 

— Դա խոսո՞ւմ է ինքը իրան, — հարցրուց նա:

 

— Հա՜, Բաբա՜-Դերվիշ, — պատասխանեցին պառավները, — հիվանդը ամենևին դադար չունի խոսելուց:

 

Դերվիշը դուրս բերավ մախաղից ռամը43 և սկսեց գցել նրան պղնձի սկուտեղի վրա:

 

— Հիվանդը բռնված է դևերից. չար ոգիները չարչարում են դրան, — ասաց իսլամի ճգնավորը ռամը գցելուց հետո:

 

— Մենք էլ գիտենք, այդպես է, — պատասխանեցին պառավները. — միայն դրա ճարը քեզնով է, աղա Դերվիշ:

 

— Տվեք ինձ տասը կրան, այնպես անեմ, որ առավոտյան ձեր հիվանդը վեր կենա մահճից:

 

— Մենք չենք խնայի քսան կրան ևս, միայն թե մեր որդին առողջանար:

 

— Ուրեմն բերեք ինձ ալյուր, մի թասի մեջ պաղ ջուր, մի լայն բերանով սրվակ և մի սև գույնով չարշապ:

 

Երբ տվին նրան խնդրած բաները, Դերվիշը վրանաձև ծածկվեց չարշապուվ և չոքեց, կզվեց բերանքսիվայր, տանելով յուր ծածկոցի տակ ալյուրը, ջուրը և սրվակը: Կես ժամի չափ զարհուրելի արտասանությամբ նա կարդում էր մի արաբերեն գիրք. այնուհետև լսելի եղան խառն ձայներ, որ նման էին բոլոր կենդանիների ձայների, և ահ ու սարսափ էին ազդում:

 

— Լո՜ւռ, անիծված, լո՜ւռ, ով լիրբ, — ասում էր Դերվիշը կոչելով ոգիների անծանոթ անունները:

 

Մի քառորդ ժամ է տևում Դերվիշի կռիվը ոգիների հետ, մինչև նա, ձգելով ծածկոցը, վեր է բարձրանում, ձեռքին բռնած սրվակը, որի բերանը պինդ կալա ծ էր մատով:

 

— Ահա՜ այդպես, գարշելիներ, խոսեց Դերվիշը, դուք կմնաք բանտարկված այս սրվակի մեջ մինչ խելոքանաք:

 

Հուրի Խան-Դայան և տիկին Թարլանը հետաքրքրությամբ նայեցին սրվակին: Բայց ինչե՛ր չկային նրանում: Թափանցիկ ապակիից երևում էին — փոքրիկ դեղին և կանաչ գորտեր, փոքրիկ մկներ, մի քանի հատ մանրիկ օձեր, կարիճներ, խեցգետին, մարախ — ինչ որ ուզես: Դերվիշը սկսեց սրվակը դրսից մատով ցույց տալ, թե այդ կենդանիներից որը՝ ո՜ր դևն էր:

 

— Ահա այդ կանաչ գորտը՝ Իբլիսի որդին է. այդ կարմիր օձը՝ Բելիարն է, այդ դեղին կարիճը՝ Լեգեոնն է. և այլն, և այլն:

 

Բայց երբ նա մոմով կալում էր սրվակի բերանը՝ հանկարծ մարախը թռավ:

 

— Դու փախա՞ր, ամբարիշտ, — ասաց նա, — վնաս չունի, քո ընկերները այստեղ են. դե՜ գնա, դու մենա՜կ ոչինչ չես կարող անել:

 

Պառավները շատ տրտմեցան, երբ փախավ դևերից մեկը: Դերվիշը նկատելով նրանց վրդովմունքը, մխիթարեց նրանց, տալով մի թիլիսմանական թուղթ, որ դնեն հիվանդի բարձի տակ, և կապեց նրա բազուկին բամբակե մի թել, որը մի քանի րոպե բերանի դեմ բռնած՝ աղոթք էր կարդում նրա վրա: Այնուհետև առնելով տասը կրանը, Դերվիշը հեռացավ միամտացնելով պառավներին, թե այդ թուղթը և թելը հեռու կպահեն հիվանդը այն մի հատ դևից, որ փախավ, և կնքելով սրվակի բերանը մոմով, դրեց յուր մախաղի մեջ:

 

Երեկոյան պահուն, բժիշկը գալով հիվանդի մոտ, երբ շոշափեց նրա զարկերակը, զարմացավ, տեսնելով նրա բազուկի վրա փաթաթված թիլիսմանական թելը: Նա ժպտաց, ասելով.

 

— Կախարդությունը դեռ չի կորցրել յուր հիմարական հետքերը խավար ազգերի միջից...:

 

Բայց և այնպես, Ռուստամի հիվանդությունը նույն երեկո բավական փոփոխություն էր արել — դեպ լավը: Նա կամաց-կամաց խոսում էր և հասկանում էր, ինչ որ ասում Էին նրան: Եվ Հուրի Խան-Դայան առանց տարակուսանքի հավատում էր, թե Դերվիշի ջանքերը իզուր չանցան:

 

Դեռ մըստր Սեյսունը նստած էր հիվանդի մոտ, երբ ներս մտան տեր Մարկոսը և Սոլոմոն-բեկը՝ Ռես Վասակյանի հետ: Հետո եկան պարոն Արամ Աշխարունին և պարոն Խոսրով Մելիքզադեն:

 

Տեր Մարկոսը առանց լռելու խոսում էր: Ռես Վասակյանը հանդես էր մտել յուր կեղծավոր զվարճախոսությամբ: Հիվանդը գտնվում էր յուր հոգու բարվոք տրամադրության մեջ: Ինքնաեռը եփ էր գալիս սեղանի վրա: Պարոն Մելիքզադեն ընտանեբար թեյ էր պատրաստում:

 

— Դե՜, բավական է, օրհնած, որքան քնեք, — ասաց քահանան հիվանդին. — հիմա, փա՜ռք աստուծո, ձեր առողջությունը լավ է:

 

— Եթե կարողանայի, իհարկե, ինձ ախորժելի չէ մաշվել այս տխուր ու տրտում մահճի մեջ, — պատասխանեց հիվանդը թույլ ձայնով:

 

— Շնորհակալություն մըստր Սեյսունին, — մյուս կողմից ասաց Սոլոմոն-բեկը ստորաքարշ մարդահաճությամբ: — Իրավ, այդ մարդը հրաշք գործեց. պարոն Ռուստամի համար ես շատ հուսահատ էի:

 

Բժիշկը համարյա չլսեց այդ գովասանքը. նա խոսում էր պարոն Մելիքզադեի հետ:

 

— Գիտե՞ք, պարոններ, ո՜րքան թշվառ էր մեր հիվանդների դրությունը, քանի որ մըստր Սեյսունը չէր եկել մեր երկիրը, — նրանց խոսքը կտրեց Ռեսը.— ա՛խ, քանի՛ հազարավորներ մեռնում էին անօգնական:

 

Տեր Մարկոսը նկատելով, որ անգլիացու գովասանքը չափից պատշաճից անցավ, ասաց.

 

— Ինչո՞ւ, մենք ևս ունեինք հմուտ բժիշկներ, որոնք իրանց իմաստությամբ հետ չէին մնում Լոկմանից:

 

— Արդարև, — պատասխանեց Ռեսը կատակով, — նրանց էլ շնորհակալություն, որովհետև նրանց շնորհիվ ամեն տարի, թվով շատ մարդիկ էին գնում դեպ Պլուտոնի թագավորությունը:

 

— Ամենայն ճշմարիտ հայ-քրիստոնյա, — ասաց քահանան, — չպիտի հավատա, թե բժիշկները կարող են փոխել օրհասը, որովհետև, ինչ որ գրված է մարդու ճակատին, այն կկատարվի: Բայց ներողություն, մըստր Սեյսուն, իմ կարծիքը թող չվշտացնե ձեզ:

 

Բժիշկը արհամարհական կերպով ժպտաց:

 

— Ըստ ձեր կարծիքի, — ասաց նա, — ճակատագիրը, որպես նախասահմանյալ դատավճիռ, առանց փոփոխության, առանց մի կետ զանց առնելու իրականությունից — եթե կատարվում է, ուրեմն այլևս ի՞նչ հարկավոր է հոգալ մեր կյանքի համար:

 

— Իհարկե, ի՞նչ հարկավոր է հոգալ, — պատասխանեց քահանան: — Մի՞թե չես կարդացել, ինչ է ասում Քրիստոս Մատթեոսի Ավետարանի վեցերորդ գլխում. “Մի հոգայք վասն կենաց ձերոց...: Իսկ արդ, ո՞ր ձէնջ առ հոգալ իւրում յաւելուլ կարիցէ ի հասակ իւր զկանգուն մի: ” Եվ այդպես, մեր կյանքը աստուծո ձեռքումն է, առանց նրա կամքի մենք չենք կարող մեր գլխից մեկ մազ սպիտակացնել կամ սևացնել, որովհետև, առանց աստծո ոչ մի տերև չի ընկնում ծառից:

 

Բժիշկը դարձյալ ծիծաղեց:

 

— Հայր, — ասաց նա յուր սովորական հանդարտությամբ, — երեխայությանս օրերին կարդացել եմ, և տակավին իմ մտքումս են այդ խոսքերը. կարծեմ, Մատթեոսի միևնույն վեցերորդ գլխում գրված է, որ մենք մեր ապրուստի, մեր ուտելու և հագնելու մասին ևս հոգս չունենանք:

 

— Ճշմարիտ, այդպես է, — պատասխանեց քահանան. — “Մի այսուհետև հոգայցեք. և ասիցէք, զի՞նչ կերիցուք, կամ զի՞նչ արբցուք, կամ զի՞նչ զգեցցուք...: Հայեցարուք ի թռչունս երկնից, զի ո՜չ վարեն, ո՜չ հնձեն, և ո՜չ ժողովենի շտեմարանս և հայրն ձեր երկնատր կերակրէ զնոսա...: Եւ վասն հանդերձի մի հոգայք, հայեցարուք ի շուշանս վայրենի, ո՞րպես աճե, ո՜չ ջանայ և ո՜չ նիւթէ”:

 

Բժիշկը իսկույն չափեց հայ քահանայի հասկացողության ամբողջ սահմանը:

 

— Արդարև, — ասաց նա — եթե աստված ստեղծած լիներ մեզ երկնքի թռչունների նման, և եթե մեր արմատը դներ գետնի մեջ վայրենի շուշանների նման, մենք խիստ սակավ հոգս կունենայինք մեր կյանքի և մեր ապրուստի համար:

 

— Ի՞նչպես, — աչքերը լայն բացելով հարցրուց քահանան:

 

— Այնպես, որ բնությունը ինքը բուսցնում է վայրի շուշանները գետնից — իրանց ամբողջ զգեստավորությամբ: Նրանց հանդերձները աճում, կատարելագործվում են նրանց կյանքի հետ, այդ պատճառով նրանք կարոտություն չունին ո՜չ գործվածքի — հագուստի համար, և ո՜չ դերձակի — կտրելու համար: Բայց մարդը, բոլոր կենդանիներից ամենատկարը աստծու ձեռքով ստեղծված լինելով, կարոտ է յուր կյանքի և յուր ապրուստի հոգածությանը: Ինչո՞ւ, որովհետև նրա լերկ և մերկ մարմինը զգում է եղանակների բոլոր փոփոխությունները — արևի տոթը այրում է նրան, ցրտի սաստկությանը չէ դիմանում, որովհետև մարդուս մարմնի մերկությունը՝ կաթնակեր անասունների նման՝ բրդով կամ մազով չէ պատած, և ո՜չ երկնքի թռչունների նման՝ փետրով, որ առանց հոգածության, ինքնուրույն փոխվեր և նորոգվեր որոշյալ ժամանակներին: Ուրեմն մենք չենք կարող չհոգալ, թե “ինչ պիտի հագնենք”: Իրավ, երկնքի թռչունները չեն վարում, չեն հնձում, ոչ էլ ժողովում են իրանց ամբարներում, որովհետև բնությունը — աստծո այդ համատարած ամբարը — ձրիաբար և անաշխատ` բաշխում է նրանց կյանքի բոլոր պիտույքները: Բայց մարդը սովոր չէ ուտել խոտ, բանջար և կերակրվել հունդերով, որ ամենուրեք պատրաստի դրած են բնության սեղանի վրա. նա պիտի ճակատի քրտինքով վաստակե յուր հացը: Եվ մարդը մեքենաբար այնպես չէ կազմված, որ յուր մարմնի զենքերով կարողանա պաշտպանել յուր անձը — նա յուր եղունգներով և ատամներով — առ յուծի և արծվի նման — չէ՜ կարող պատերազմել յուր թշնամիների հետ: Եվ նրա ոտքերը այնչափ ամուր չեն, որպես ձիու և իշի սմբակները, որ կոշիկի կարոտություն չունենային և աքացիով պաշտպանեին նրան: Բայց այդ ֆիզիկական տկարությունների փոխարեն ստեղծողը իմացական կարողությամբ կատարելագործեց մարդը, ներշնչելով նրանում բանական հոգի և խելք կամ հանճար: Եվ կարիքը` եղավ մարդկության առաջին վարժապետը, որ ուսույց բանեցնել խելքը— այդ աստվածային ծանրակշիռ պարգևը, և նրանով գտնել մեր կյանքի բոլոր պիտույքները:

Բայց տեր Մարկոսը չհասկանալով մըստր Սեյսունի ասածները՝ հարցրուց.

 

— Ուրեմն Քրի ստոս խաբել է մեզ:

 

— Քրիսաոս չէ խաբել մեզ, — մյուս կողմից պատասխանեց պարոն Աշխարունին. — եթե մենք ճշմարիտ քրիստոնյաներ լինեինք, իրավ, մենք սակավ հոգս կունենայինք մեր կյանքի և մեր ապրուստի համար, ինչպես էին առաջին դարու քրիստոնյաները Քրիստոսից հետո:

 

— Հրաշքների ժամանակները անցել են, — ասաց մըստր Սեյսունը– այժմ ո՜վ չգործե՛, չէ կարող ուտել, և ո՜վ չուտե– կմեռնի:

 

Քահանան յուր կամավոր հակաճառությամբ կամենում էր առաջ տանել վիճաբանությունը, բայց տեսնելով, որ Սոլոմոն-բեկը վեր կացավ, նա ևս, հիվանդին առողջություն մաղթելով, միասին հեռացավ:

 

— Ռես, — ասաց Սոլոմոն-բեկը, երբ տեր Մարկոսը բաժանվեց նրանցից — հիվանդը ոչ մի վտանգ յուր կյանքի դեմ՝ չէ ցույց տալիս, մեր հույսը դարձյալ կորած է...:

 

— Մեր հույսը կորած չէ, — պատասխանեց Ռեսը յուր անդրդվելի հաստատամտությամբ.— բայց առժամանակ կորած է մեր հանգստությունը — նրա մահը կդյուրացներ գործը, բայց նրա կյանքը մի փոքր երկար աշխատել կտա մեզ:

 

— Բայց չէ՞ կարելի դյուրացնել գործը նրա մահվամբ:

 

— Ինչո՞ւ չէ կարելի. ամենայն անկարելին՝ արծաթը կարելի է դարձնում... ես այդ մասին մի բան մտածել եմ... միայն դուք շնորհեցեք փող, որքան հարկավոր լինի:

 

— Ես չեմ խնայում իմ արծաթը. միայն, Ռես, զգուշացնում եմ քեզ, այդպիսի հանգամանքներում ամենևին և երբեք չհիշել իմ անունը. չասել՝ թե ես նույնպես խորհրդակից էի քեզ, որովհետև երբ գործը ընդուներ հակառակ ընթացք՝ մեր օգտին ընդդեմ-այն ժամանակ ես չեմ կարող անպատվություն տանել, իսկ դու` անարգանքներ կրել սովորել ես...:

 

Ռեսը մի քսակ ոսկի ստանալով, դիմեց դեպ մըստր Սեյսունի տունը: Առաջին խաբողը, յուր խորամանկությամբ ոգևորված՝ այնպիսի ուրախությամբ չսողաց նախաստեղծների անմեղ բնակարանը — դրախտը, որպես Ռես Վասակյանը, չարության մտքերով լի՝ մտավ բժշկի տունը: Այդ եղեռնագործը կարծում էր, թե արծաթի մեջ կա այն ուժը և կարողությունը՝ ինչ որ չկա աստծո մեջ: “Թեթևամիտ անգլիացի է. մտածում էր նա հաստատ հույսով — ես նրա համոզումը կորսամ ա՜յս քսակով…”:

 

Նա գտավ բժշկին յուր դեղարանում միայնակ նստած:

 

— Դոկտոր, դուք կարո՞ղ եք լինել այնքան ողորմած, որ շնորհեք ինձ մի քանի րոպե ձեզ հետ գաղտնի խոսելու, — հարցրուց նա փաղաքշաբար բռնելով բժշկի ձեռքը:

 

— Խոսեցեք, — պատասխանեց նա սառնությամբ, — ոչ ոք ձեզ չի արգելի:

 

— Բայց նախապես, ինձ պետք է ստանալ ձեր խոստմունքը, որ իմ ասելիքս կմնա ձեզ մոտ իբրև գաղտնիք, եթե ես չկարողանամ օգտվել ձեր հաճությունից:

 

— Դժվար է խոստանալ մի բանի մասին, որ մեզ հայտնի չէ՜:

 

Ռեսը մտածության գնաց: Բժշկի սառնասրտությունը փակել էր նրա բերանը: Նա չէր համարձակվում վստահանալ և իսկույն հայտնել յուր նպատակը, բայց նրա անամոթությունը խրախույս տվեց նրա սրտին.“ինչ վնաս ունի, եթե գործը անհաջող ելք ստանա”, մտածեց նա, ասելով.

 

— Բարեհաճեցեք, դոկտոր, լսել այդ` թեև անտանելի — հարցումը, կարո՞ղ էիք դուք ձեր դեղերը որևիցե հիվանդի համար գործադրել դեպ վատը, այսինքն` դեպ նրա մահը:

 

Մըստր Սեյսունի սիրտը դղրդեց այդ օտարոտի հարցումը:

 

— Ես բժիշկ եմ, և ո՜չ դահիճ, — պատասխանեց նա շփոթվելով:

 

— Բայց երբ հարկադրում էր ձեզ դեպ այդպիսի մի ձեռնարկություն մեծակշիռ նյութական օգուտը, օրինակ, ահա, այս ոսկիներով լի քսակը: — Եվ Ռեսը դրեց բժշկի առաջ հուդայան արծաթները:

 

Մըստր Սեյսունի աչքերը վառվեցան անսովոր բարկությամբ.

 

— Հեռացեք, դավաճան, — կոչեց անգլիացին, ոտքով դեն գցելով քսակը, — դուք կամենում եք կաշառել ինձ և մա՞հ գործել տալ: Կորեք այստեղից, ես չեմ կամենում տեսնել ձեզպիսի նենգավոր:

 

— Փա՛հ, փա՛հ, կատակը դիպավ յուր նպատակին…— ասաց Ռեսը ծիծաղելով և միաժամանակ ծածկելով յուր խորին վրդովմունքը: — Պարոն դոկտոր, դուք խիստ շուտ բարկացաք, բայց վնաս չունի, ազգային բնավորություն է այդ — անգլիական արյունը դյուրագրգիռ է...: Բայց բարեհաճեցեք հավատալ, որպես անկեղծ խոսքի, որ իմ առաջարկությունը ոչինչ չէր, բայց միայն փորձ:

 

— Որպիսի՞ փորձ, — հարցրուց բժիշկը, դեռ չհանգստացած յուր բարկությունից:

 

— Մի քանի օր առաջ ես գտնվեցա մի տան մեջ, որտեղ կային մի քանի անձինք. այնտեղ խոսք բացվեց ձեր մասին. մինը սկսեց չարաչար բամբասել ձեզ, ա՜յլև ամբաստանել կեղտոտ արատներով, թե դուք Պոլսում, քանի-քանի անգամ կաշառված լինելով, շատ հիվանդներ եք սպանել, և թե մեծ անխելքություն էր վստահանալ ձեր բժշկական օգնությանը: Բայց իմ խղճմտանքս չէ ներում ստախոսություններ լսելու, իսկույն այն ստախոսին հակառակ դուրս եկա, և երկար հակաճառություններից հետո պայմանադրվեցա փորձել ձեր հավատարմությունը. այժմ, պարոն, ես շատ ուրախ եմ, որ տարա մրցանակը, որովհետև սխալված չեմ եղել իմ կարծիքի մեջ:

 

Այդ ճարտար գյուտը, որ վայրկենապես ստեղծեց Վասակյանի հնարագետ խելքը, բոլորովին հանգստացրեց բժշկին, և նա, զզղջալով յուր շուտափույթ բարկության համար, բռնեց Ռեսի ձեռքը, ասելով.

 

— Նե րողություն, Ռես, հազար անգամ ներողություն:

 

— Վնաս չունի, որպես ասացի՝ ազգային բնավորություն է, բայց ես գիտեմ ձեր բարեսրտությունը:

 

— Բայց ես խնդրում եմ, եթե կարելի է, հայտնեցեք այն մարդու անունը, — ասաց մըստր Սեյսունը:

 

— Այդ չեմ կարող անել. բայց դուք, երկմտությունից բոլորովին դուրս գալու համար՝ կստուգեք այդ խոսքերի ճշմարտությունը Սոլոմոն-բեկից, որովհետև այդ խոսակցությունը տեղի է ունեցել նրա տան մեջ: Այժմ մնաք բարյավ:

 

Ռեսը հեռացավ, վշտացած յուր ձեռնարկի անհաջողության վրա: Նա շատ ուրախ էր, որ չհիշեց Ռուստամի անունը: Խորին մտահուզության մեջ, նա դիմեց դեպի Ավազակյանց տունը, որպեսզի Սոլոմոն-բեկին հայտնե այն օրվա անցքը, և պատվիրե նրան, որ նա ևս, պատահած ժամանակ, եթե բժիշկը հարցնելու լիներ, յուր խոսածին վկայություն տար:

 

Բայց նույն րոպեին նրա գլխում լույս ընկավ մի նոր միտք, և նրա սև տրեխի գույնով կնճռված երեսր պարզվեց: “Ա՜յն, որ չընդունեց կատարել մարմնավոր բժիշկը, անշո՜ւշտ կկատարե — հոգևոր բժիշկը...”, ասաց նա յուր մտքի մեջ — դիվական հրճվանքով:

 

ԻԱ

 

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՎԱԾ

 

Այն նահանգը, որտեղ կատարվում է մեր վիպագրության նյութ ծառայող անցքը, տեղավորված էր Ատրպատականի այն մահլի մեջ, որի արևմտյան սահմանակից սարերի մեջ բնակում էին քրդերի թափառական ցեղեր, որոնք, որպես պատերազմասեր բարբարոսներ, շատ անգամ ավազակաբար հարձակվում էին նրա բնակիչների վրա, կողոպտում, ավար տանում նրանց ոչխարները, տավարների նախիրները և շատ անգամ չարաչար սպանելով բնակիչները: Այս պատճառով, այն սարերը, որտեղից նրանք դուրս էին գալիս, կոչվում էին դուշմանա սարեր, այսինքն թշնամյաց սարեր:

 

Օսմա-աղա քուրդը անխնա ասպատակում էր երկիրը: Բոլոր Զարեհավանը լցվել էր շիկակների, ռավանդների, հարքիների և քրդերի այլ բարբարոս ցեղերի ավազակներով: Բնակիչներից ոմանք Հովատար և Ճարա բերդերը փախչելով հազիվ ազատվեցան: Իսկ մնացյալները` իրանց կյանքով զոհ գնացին թշնամու անգութ սրին...:

 

Տեր-Առաքելենց տանը, Ռուստամի սենյակում, արեգակը ճառագայթում էր թույլ և աղոտ լույսով: Հիվանդի մոտ նստած էին տեր Մարկոսը և Հուրի Խան-Դայան: Քահանան պատմում էր, թե ո՜րքան վնասներ են գործել քուրդերը, և թե շատ երկյուղ կար, որ նրանք հարձակվեին Ծաղկավանի վրա ևս: Այդ դիպվածին տեր Մարկոսը խորհուրդ էր տալիս, որ ժողովուրդը հավաքվեր եկեղեցում, և նրա տանիքից, հարկավորած ժամանակ, կռվեին թշնամիների հետ:

 

— Գերիների վիճակը միշտ այդպես է... — կրկնեց հիվանդը դառն եղանակով:

 

— Մի թույլ, փոքրոգի և երկչոտ ազգ միշտ ապրում է հալածանքի մեջ:

 

Քահանան կրկնում էր, թե այդ հալածանքները ուրիշ ոչինչ չեն, բայց միայն աստուծո բարկություն, որով կամենում է պատժել հայերը, իրանց մոլորությունների համար:

 

— Ո՜չ, տե՜ր հայր, — մեջ մտավ Հուրի Խան-Դայան, — դրանք բոլորը ուղիղ նշաններ են, որ ցույց են տալիս, թե աշխարհիս վերջը հասել է: Դեռ ո՛ւր է... շա՜տ չարիք տեսնեն մեր մեղավոր աչքերը — սով, սրածությունք, մահտարաժամք, սուտ մարգարեներ, սուտ քրիստոսներ, — իսկ բոլորից հետո կհայտնվի Նեռը, նստած յուր ահագին խայտաճամուկ իշու վրա, որի ականջների միջի տարածությունը երեք մղոն է: Նրա քամակը կնմանի մի ընդարձակ դաշտի, որի վրա հոսում էին ջրի առվակներ, ա՜յլև այդ զարհուրելի անասունի մեջքի վրա կազմված են հաց թխելու թոնիրներ և ցորենի ամբարներ: Բոլոր ազգերը, նեղված սովից, կըդիմեն դեպի Նեռը. “ինձ հավատացեք, ինձ երկրպագություն տվեք”, կա՜սե նա. “ես ձեզ կկերակրեմ հացով, և սառն ջուր կխմեցնեմ ձեզ”: Եվ երկրպագողները կտանե յուր մոտ, ավանակի վրա: Նույն օրերին կհայտնվին աջուջ-բաջուջները. նրանք ունեին մեկ թզաչափ հասակ, բայց այնպիսի երկար և լայն ականջներ, որ գործ են ածում որպես սփռոց գետնի վրա նստելու ժամանակ, իսկ քնելու միջոցին՝ փաթաթվում են նրանցով, որպես վերմակներ...:

 

Սնահավատ Հուրի Խան-Դայայի այդ առասպելական զրույցները զարթեցրին քահանային մտքի մեջ ավետարանական բանի հիշողությունը, և նա ջերմեռանդությամբ սկսեց կարդալ այս խոսքերը:

 

— Յարիցէ ազգ յազգի վերայ, եւ թագաւորութիւն ի թագաւորութեան և եղիցին սովք և սրածութիւնք, եւ սասանմունք ի տեղիս տեղիս...: Եւ բազում սուտ մարգարէք յարիցեն և զբաղումս մոլորեցուցեն...: Եւ վաղվաղակի յետ նեղութեան աւուրցն այնոցիկ արեգակն խաւարեսցի եւ լուսինն ոչ տայցե զլոյս իւր…:

 

Հուրի Խան-Դայան երկյուղածությամբ խաչակնքեց յուր երեսը և ջերմեռանդությամբ աղոթում էր աստծուն, որ ազատե իրան այդ օրերի նեղություններից, որովհետև նա ստուգիվ հավատում էր թե աշխարհի վերջր հասել է:

 

— Էլ ի՞նչ մնաց պակաս, — խոսեց նա. — արդեն մարախից հետո սովը մեր աշխարհից չէ վերանում. սրածությունն էլ վրա հասավ... իսկ սուտ մարգարեքը... ա՛խ, այդ անիրավ մոլորեցուցիչները... մեր միջո՜ւմն են... մեր տներումն են բույն դրել, բա՜յց մենք չենք հասկանում:

 

Հուրի Խան-Դայայի վերջին խոսքերը պարոն Աշխարունու և նրա կողմնակիցների համար էին:

 

Ռուստամին խիստ վատ ներգործեց մի այդպիսի զրպարտություն:

 

— Հայոց ազգի անբախտ պատմությունը, — ասաց նա, — մեզ պատկերացնում է այդ ազգի կրոնամոլական թուլությունները... մի այդպիսի հանգամանքներին, երբ կոտորում` գերի էին վարում նրանց, միշտ կարծել են տալիս, թե ահա հասել էր աշխարհիս վերջը... Բա՜յց, երբեք չեն մտածել իրանց սրով, իրանց քաջությամբ — պահպանել իրանց գլուխները...:

 

— Քաջությունը և սուրը ի՞նչ կարող են անել աստծո պատժին, — ասաց տեր Մարկոսը:

 

Ռուստամը ո՜չինչ չպատասխանեց, երեսը թեքեց դեպի պատը, և միևնույն ժամանակ արտասուքը հեղեղի նման սկսեց թափվել նրա լցված աչերից:

 

Հուրի Խան-Դայան և տեր Մարկոսը, զգալով հիվանդի խռովությունը, և թե իրանց ներկայությունը ծանր և անտանելի էր նրան, վեր կացան և դուրս գնացին:

 

Երեկո էր, հիվանդի սենյակի մեջ տիրում էր խորին խավար, բայց շուտով հսկայամարմին Խաչոն ներս բերավ ճրագը:

 

— Ի՞նչ լուր կա, Խաչո, հարցրուց հիվանդը:

 

— Շատ ցավալի լուրեր, — պատասխանեց քաջասիրտ ծառան. — Ավղանա և Արավուլ սարերի մոտ եղած բոլոր հայերի գյուղորայքը ավերել են... և քառասուն ուղտի բեռ, հայի գլուխներով լիքը, սպանվածների գույքի և ոչխարների հետ՝ թշնամին տարավ դեպ Հախպակ...:

 

— Այդ մի նոր բան չէ հայերի կյանքում... — պատասխանեց հիվանդը դառն եղանակով: — Խա՜չո, հայերը սովորած են սև օրերի...: Այլևս ի՞նչ լուր ունիք:

 

— Նայիբ Ուլ-Սալթանան գնաց քրդերի վրա, Հախպակա և Հայոց Ձորի գերիները վերադարձրել է44. բոլորը հայ նորահաս պատանիք և մանկահասակ աղջիկներ են...: Մեր գյուղացիներից շատերը արծաթով գնեցին այդ գերիներից, մեկից մինչև տասն թումանով...:

 

— Այդ ևս նոր լուր չէ, Խաչո, — պատասխանեց հիվանդը ցավակցաբար. — գերությունը մեր պապերի միակ ավանդն է, որ թողել են մեզ...: Բայց դու չմոռանաս գնել մի քանի հատ այդ գերիներից, ահա քեզ արծաթ:

 

Ռուստամը դուրս բերեց յուր բարձի տակից արծաթով լի մի քսակ, տվավ ծառային` և նրա աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով: Նա դառն եղանակով երգեց.

 

“Մի՜թե արյունո՞վ գրվեցավ՝

Ճակատագիրդ — անբախտ հա՜յ.

Հայրենիքդ՝ քեզ բանտ դարձավ.

Օտար աշխարհն էլ բերեց վայ...”:

 

— Այլևս ի՞նչ կա, Խաչո, — հարցրուց հիվանդը:

 

— Ասում են Հախպակը թալանեցին և սուրբ Բարթուղիմեոսը քարուքանդ արին:

 

— Թող մնան դրանք, թե աստված կսիրես. դու վշտացնո՜ւմ ես ինձ, Խաչո, — նրա խոսքը կտրեց Ռուստամը — ա՜սա խնդրեմ, դու տեսա՞ր նրան:

 

— Հրամեր ե՜ք, աղա, — պատասխանեց ծառան, — նա ասաց. “ես կգամ կես գիշերվա պահուն”:

 

— Ուրեմն արթուն եղիր, բակի դռները բաց թող. և երբ գա՜ , առաչնորդիր դեպ իմ սենյակը:

 

Ծառան հեռացավ:

 

Դրսում մրրիկը կատաղաբար մռնչում էր. լուսամուտի ապակիները զարհուրելի ձայներ էին հանում. վառարանում կրակը սկսել էր հանգչիլ. մի քանի ածուխներ հազիվ պլպլում էին իրանց թույլ կանաչագույն բոցերով: Ահա աքաղաղները խոսեցան: Կես գիշեր է: Հասավ ուխտյալ ժամը, բայց նա տակավին երևան չեղավ: Հիվանդը, յուր քնաշորերում անհանգիստ, անքուն, սպասում է՝ մի կողմից դեպ մյուսը շրջվելով: Ճրագը ծխրտում էր յուր աղոտ լուսով:

 

Քնարանի դուռը հեզիկ զարկեցին. րոպեական լռությունից հետո մինը ներս մտավ, փաթաթված մի լայն մեշեդյան շալով. նրա փափուկ թշերը լրջացել էին ցրտից.— այդ օրիորդ Սալբին էր:

 

— Դու երկար սպասել տվիր ինձ, իմ հրեշտակ, — նրա ձեռքը բսնելով, ասաց Ռուստամը:

 

— Ի՞նչ պիտի արած... դևերը քնեցին, սատանայք ննջեցին, բայց իմ մոլակրոն մայրը դեռ անքուն նստած` տակավին խաղում էր յուր պատկերների և յուր խաղերի հետ... — պատասխանեց ծիծաղելով օրիորդ Սալբին:

 

— Ա՛խ, այդ մոլեռանդ ծնողները... — կրկնեց հիվանդը խորհրրդական ձայնով:

 

— Ի՞նչպես ես զգում այժմ քեզ, — հարցրուց օրիորդը:

 

— Ոչ բոլորովին լավ... միայն այժմ մեռնելուս երկյուղը անցել է:

 

— Ասա, Ռուստամ, ի՞նչ է քո հիվանդության պատճառը:

 

— Ճշմարիտն ասած՝ ստույգ չգիտեմ... միայն, գլխավոր պատճառն համարում եմ այն զարհուրելի երազը, որ տեսա ես բարեկենդանի գիշերը:

 

Օրիորդը արհամարհաբար ծիծաղեց:

 

— Դու մի երազ տեսար, և մի երազ է պատճառ եղել քո հիվանդության, — ասաց նա արագությամբ. — ֆո՛ւ այդ ներելի չէ քեզնից լսել:

 

— Հա՜, երա՜զ, ա՜յն սարսափե՛լի երազը, — կրկնեց հիվանդը առաջին եղանակով:

 

Օրիորդը չկարողացավ զսպել յուր զարմացքը:

 

— Պատմիր, Ռուստամ, պատմիր խնդրեմ, որպիսի՞ երազ, — հարցրուց նա հետաքրքրությամբ:

 

Ռուստամը սկսեց մանրամասնաբար պատմել երազը, որ այնքան ուժգին պաշարել էր նրա միտքը: Միևնույն ժամանակ օրիորդը չէր դադարում հոգվոց հանելուց. նա, ականջները լարած, խորին ուշադրությամբ լսում էր:

 

— Թեպետ ես մի հմուտ հոգեբան չեմ, — ասաց օրիորդ Սալբին, — բայց այսքանը գիտեմ, շատ անգամ, երևակայական խառն պատկերները, ուղեղի ուժգին գրգռումները՝ ծնեցնում են զարհուրելի երազներ, որոնք սաստիկ ներգործելով մեր հոգու վրա, պաճառում են հոգեկան հարվածներ, որոնք չարաչար հիվանդություններ են բերում:

 

— Հա՜, Սալբի, մեր պսակի հետ ընկնելը խիստ սաստիկ կերպով պաշարեց իմ միտքը, որով երևակայությունս վառված էր տխուր և տրտում մտածություններով, և մի անտանելի կասկածանք, մի տարապայման երկյուղ` ինձ անգամ անհասկանալի — մաշում էին իմ անձը. և այժմ իսկ, այդ դժնդակ երկյուղը և կասկածանքը ինձնից չեն հեռանում:

 

— Ինչո՞ւ, այդ թուլասրտություն է:

 

— Ա՛խ, վիշապը... այն կատաղի վիշապը... միթե չէ՞ ցույց տալիս, որ մի թշնամի ձեռք հսկում է մեր վրա:

 

Օրիորդը համակրաբար նայում էր յուր սիրողի երեսին, ասես թե, միևնույն կասկածանքը նկարված էր նրա աչքերի մեջ ևս: Այո՜, և մի այդպիսի երկյուղ թաքնված էր խեղճ օրիորդի սրտում...:

 

— Պետք է հեռու դնել այդ ունայն և սրտամաշ տրտմությունները, իմ սիրելի, — մխիթարական կերպով խոսեց օրիորդ Սալբին, — առանց դրանց, դարձյալ մեր կյանքը լի է տառապանքներով:

 

Ռուստամը մտածության գնաց, ոչինչ չպատասխանեց:

 

— Արդարև. ո՜րքան քաղցր է մահը, երբ այս կյանքը լի է ցավերով, — ասաց օրիորդը:

 

— Մահը հանգստացնում է մարդու դժբախտությունները, — պատասխանեց Ռուստամը:

 

— Ա՛խ, ո՛րքան կփափագեի ես շուտ մեռնել, եթե քեզ, Ռուստամ, չթողնեի այս աշխարհում միայնակ:

 

— Ինչո՞ւ, քո անձը դեռ լի է դալար և թարմ կյանքով:

 

— Չէ՜, իմ սիրելի, որպես ասացիր — մահը հանգստացնում է մարդկանց դժբախտությունները, — ասաց օրիորդը:

 

— Ուրեմն ես կհետևեմ քեզ դեպի հավիտենական կյանքը, — պատասխանեց Ռուստամը:

 

Օրիորդ Սալբին, երեսը մի կողմ շրշեց և սրբեց աչքերի արտասուքը, խղճալու սիրտը նույն րոպեին դարձրել էր տրտմության մի ծով...: Մի ցավալի իրողություն, որ այնքան ծանր դրված էր նրա սրտի վրա, կամենում էր հայտնել, բայց չէր համարձակվում: Նա մտածեց հայտնել այդ — հարևանցի կերպով:

 

— Այսպիսի անմխիթար խոսակցությունները, — ասաց օրիորդը, — դարձյալ կավերեն քո առողջությունը. լավ է խոսենք մի փոքր ուրախալի բաներ:

 

— Լեզուն արտասանում է այն՝ ինչ բանով որ լցված է սիրտը, — պատասխանեց Ռուստամը:

 

— Բայց և այնպես, ես կերգեմ քեզ մի ուրախալի տաղ:

 

— Երգիր, խնդրեմ, ես շնորհակալ կլինեմ քեզանից: Օրիորդը սկսեց ազդու և գրավիչ ձայնով երգել այն սարսափելի երազը, որ ինքն էր տեսել մի քանի գիշեր առաջ:

 

Կարծես եդեմի ճեմելիքներով

Մնջիկ, միայնակ զբոսնում էի,

Բյուր ծաղիկների վառ-վառ գույներով

Իսպառ հիացած՝ զմայլում էի:

 

Անթիվ թռչուններ, մին մնից սիրուն,

Լսեցնում էին ինձ՝ յուրյանց երգեր.

Եվ քերոբեներ, անհամար, անհուն,

Գեղգեղում էին սրբազան երգեր:

 

Այդ մի երազ էր… Բայց կախարդական…

Թողեց իմ սրտում վշտեր անհամար…

Կամ թե առ աչոք թիլիսմ դյութական,

Որ կրակ վառեց հոգվույս մեջ անմար:

 

Ինձ այն ժամանակ՝ քանի՛ գեղեցիկ

Երևեցավ նա այն ծառերի տակ.

Չէր նա հողեղեն — մարմնազգեցիկ,

Որպես հրեղեն՝ էր սիրուն հրեշտակ:

 

Նրա կիսամերկ մարմին ծածկում էր

Շղարշի թեթև սփածանելիք.

… Պայծառ երեսի վերա խաղում էր

Մի սիրտ գրավող և ուրախ ժպիտ:

 

Նրա այն մեծ-մեծ սև աչիկները

Փայլեին որպես մի վառած ղամբար,

Եվ փղոսկրյա պարանոցի վրա

Թուխ գանգուրները՝ բռնել էին պար:

 

Նա թեթև, որպես մի բարակ զեփյուռ,

Վազեց, կանգնեցավ ինձ խիստ մերձակա:

Հազար պչրանքով՝ հազար հրապույր

Արտափայլում էր երեսի վրա:

 

“Ուսկի՞ց հայտնվեցար դու այգ երկնաճեմ

Զբոսարանում միշտ — անմահների,

Ո՞ր ձեռքը բերավ քեզ աստ ի հԵդեմ.

Պատմիր, խնդրեմ, ով իմ նազելի”:

 

Նա այդպես խոսեք, բայց մեղր կաթեց

Նուրբ շրթունքն երեն վարդագույն կարմիր,

Այլ ծանոթ ձայնը ինձ քաջալերեց,

Ես հառաջ տարա այդպես իմ խնդիր:

 

— “Ուժգին հողմերի թևերի վերա՝

Չափեցի անհուն այդ տարածություն.

Ես քո տեսության այս տեղում եկա.

Ինձի պաշտպանեց գաղտնի Զորություն”:

 

— “Այստեղ ես եկա, ով իմ հրեշտակ,

Տեսնել, արդյո՞ք, թե հավիտենից

Մեր ճակատագիր, մեր բախտ և վիճակ

Ո՞րպես են վճռված Նախախնամողից”: —

 

“Ե՜կ ինձ հետ, ցույց տամ այն տխուր հանդես

Մեր ճակատագրի, սիրելիդ անգին.

Եթե սիրտ ունիս, դու նայի՜ր և տե՜ս

Ցավալի պատկեր մեր դառն վիճակին”:

 

Այդպես նա խոսեց, բայց իսկույն փոխվեց

Սիրուն երեսի այն կարմիր գույնը.

Փայլուն աչքերեն արտասուք թափվեց

Բռնեց իմ ձեռքեն, տարավ մյուս կողմը:

 

Այն մի պարտեզ էր, ուր նա ինձ տարավ,

Թարմ ծաղիկներով զարդարած համակ.

... “Ահա՜ այդ վարդը”, նա ինձ ցույց տվավ,

“Է մեր վիճակի ստույգ օրինակ”:

 

Աչքերուս առջև մթնեց, սևացավ.

Տրտում տեսարան խռովեց իմ հոգին.

Սիրտս պաշարեց հազար ու մեկ ցավ,

Գլուխս բորբոքեց մի կրակ ուժգին:

 

Ես տեսա մի վարդ, ի՛նչ քնքշիկ վարդ…

Դեռ նոր էր փթթել ծաղիկ ու սաղարթ,

Դեռ նոր էր օդը նրանից ծծում

Յուր եթերական անուշհոտություն:

 

Տեսա ես վարդը… օ՛հ, զզվելի բու

Դեղին թաթերով էր նրան գրկել.

Գրկել էր վարդը... օ՛հ դեպք ահարկու,

Եվ յուր ժանտ կուրծքին նրան պինդ ճնշել:

 

Քրքրում էր թերթերը… բերում էր սարսափ,

Ստվերախիտ թուփը կաներ տերևաթափ,

Քրքրում էր թերթեր, թափում էր գետին,

Խառնում էր նրանց հետ սյավ հողին:

 

Աչքերս խփեցի, շուտով անց կացա,

Այլևս չտեսնեմ այդպիսի ևղեռ.

Նորան չէր հեռու, այլ խիստ մերձակա՝

Տեսա ես մի այլ սգավոր պատկեր:

 

— Տխո՛ւր անապատ… տատասկի մացա՛ռ,

Ուր բուսել էին փուչեր հոգեառ.

Փուշե՛ր թունավոր, փուշե՛ր ծակոտող...

Ո՛հ, ես զգացի սարսուռ, ահ ու դող:

 

Մի սիրուն սոխակ, վարդի ջերմ երգակ,

Փուշերու վերա, թռչոտում էր միակ.

Թռչոտում էր նա, լալով, ճչալով,

Հոգնած թևիկներ հեզիկ շարժելով:

 

Դեպ վարդ գնալու կ’ուներ նա միշտ փույթ,

Գոգցես արգելեր ձեռք աներևույթ.

Գուցե թե նորան ավերակաց ժառանգ՝

Սպառնում էր շատ սարսափ ու զարզանդ:

 

Ծակում էր փուշը խղճի նուրբ դոշը,

Չէ՜ր կարում թառիլ ձայնով անուշը.

Այնպես թռվռաց, երկար ճլվլաց,

Աչերեն թափեց շատ արտասուք, լաց:

 

Նվազած թևիկներ՝ կախեց, վայր ընկավ,

Յուր փափուկ կուրծքը փուշերուն զարկավ,

Նետեր ցցվեցան սրտում սոխակին,

Վա՜րդ, վա՜րդ, կոչելով փչեց սուրբ հոգին…

 

Երկինքը գոռաց, մրրիկը սուլեց,

Կայծակ և կրակ միմյանց հետ խառնեց.

Մտավ արեգը՝ ամպերու տակը`

Անիրավ գործի չդառնալ վկա:

 

Ճղացի որպես կատղած խելագար,

Հարձակեցա շուտ՝ գե՜թ հասցնել մի ճար.

Արդեն մեռա՛ծ էր... տաք արյան բոսոր

Ներկել էր կարմիր՝ կուրծքը փառավոր:

 

— “Այս ի՞նչ օրենք է, այս ի՞նչ դատաստան, —

Գոռացի հայնժամ — “Այս ո՞ր անպիտան՝

Բարի գործի մեջ՝ անարդար վճիռ

Խառնեց, կատարել այդպիսի ոճիր”:

 

“Տե՜ս, այնտեղ նստած միակ ծեր մարդը”.

Մեկնեց նազելին նուրբ ցուցամատը.

“Նա յուր վիճակված հոտերու անթիվ

Է կեղեքիչ գայլ, անիրավ հովիվ”:

 

“Այսպես վճռեց, որ լինին բաժան

Երկու սիրահարք՝ միմյանց սիրարժան.

Այսպես վճռեց. Ռուստամ և Սալբին՝

Չիասցնեն նասիբ միմյանց նասիբին...”:

 

Աչքերս վառվեց, եայծակ փայլակեց,

Ահ ու դող, զարզանդ՝ ինձի պաշարեց.

Ամպի գոռոցը, մրրիկն ահաբեկ

Միախառնվեցան վերջին ձայնի հետ...:

 

Երգեց սիրուհին, սիրողի վզին փաթաթեց դալար թևքերը կրկին: Նվաղեց խեղճի փայլուն աչքերը. թուլացավ, մնաց՝ լանջացը վրա: Ռուստամն էլ նույնպե՜ս իբր անկենդան լեշ, շնչասպառ ընկել — գետնին էր կպել: Որպես զույգ շուշան, սիրո սերտ նշան, որպես մանիշակ` գարնան հեզ գուշակ. անգութ գերանդին՝ տապալե գետին: Որպես զույգ գառնուկ, դեռածին մանուկ, ամպի ոլորտը, կայծակի թունդը՝ գոռա, դղրդե, լեռներ սասանն, զույգն էլ ապիկար, սրտով թույլ-տկար, ահով սարսափած, դողով սասանված` անշունչ, անհոգի՝ թավալվում են մեջ — կանաչ արոտի: Այսպես երկնքին սիրողք կաթոգին՝ թուշ թշի դրած՝ միմյանց ճտով, ընկած անզգա, խորին ուշագնացությամբ ընկել էին սառն հատակի վրա: Երգը ամենասաստիկ հարված ունեցավ երկուսի վրա ևս :

 

Իրապես, առավոտյան Ռուստամի հիվանդությունը կրկին վատթարացավ: Մըստր Սեյսունը վերսկսեց յուր բժշկական հոգածությունը, և պարոն Խոսրով Մելիքզադեն չէր դադարում յուր բարեկամական խնամատարությունը մատուցանել յուր ընկերին:

 

Տեր-Առաքելենց տունը ընդունեց յուր նախկին տրտում և տխուր կերպարանքը:

 

Բայց չարության դևը թուխս էր նստել Վասակյանի սրտի մեջ. նա՝ յուր անաջող ձեռնարկությունից հետո մըստր Սեյսունի տանում, օր ու գիշեր անհանգիստ մտածում էր նյութել մի նոր հնար, կատարելագործելու յուր եղեռնական խորհուրը: “Այն որ չուզեց կատարել մարմնավոր բժիշկը, անշուշտ պիտի կատարե հոգևոր բժիշկը...”, դարձյալ կրկնեց յուր մտքի մեջ կատաղի ուրախությամբ և սկսեց դիմել դեպ տեր Մարկոսի տունը:

 

ԻԲ

 

ՀՈԳԵՎՈՐ ԲԺԻՇԿԸ

 

Տեր Մարկոսը կանուխ զրկվեցավ յուր կնոջից, որ չթողեց նրա համար ոչ մի զավակ և հայ քահանաների դատապարտված իրավունքի համաձայն, նա չկարողացավ ունենալ երկրորդ կին. թեպետ, այդ մասին նա օր հանապազ չարաչար այրվում էր, անիծելով յուր կոչումը, թե ինչո՞ւ քահանա եղավ: Նրա ամբողջ ընտանիքը բաղկանում էր երկու հոգուց: — Ինքը տեր Մարկոսը և նրա խեղանդամ ծառան, որ երկու ոտից կաղլիկ մի տղա էր, որը, եթե մի այլ տեղ կուշտ փորով ապրիլ կարողանար` երբեք հանձն չէր առնի ծառայել խստասիրտ տեր Մարկոսի մոտ առանց վարձի, տհաճությամբ տանելով այն բոլոր նախատինքները, հիշոցները և հայհոյանքը, որ քահանան տեղում էր նրա գլխին, ամենափոքր սխալմունքների համար:

 

Նրա տանը չկային ո՜չ շուն և ո՜չ կատու. քահանայի կարծիքով, սրանք կերածի չափ չէի՜ն ծառայում: Այդ պատճառով, չարագործ մկները, ազատ գտնվելով իրանց սատակչի ազդեցությունից, ամեն գիշեր կատարում էին իրանց ուրախալի հարսանիքը, արձակ և համարձակ, — քահանայի մահճի չորս կողմը, և շատ անգամ` խաղ էին բռնում նրա փառավոր մորուքի և գլխի երկայն ծամերի հետ:

 

Նրա մաշված, հնացած տունը բաղկանում էր երկու փոքրիկ մրոտ սենյակներից, որ դրած էին ցածրիկ շրջապարսպի մեջ: Ոչ մի խելացի մարդ երբեք չէր համարձակվելու բնակվել մի այնպիսի խարխուլ և փլփլած շենքի մեջ, որը, ո՜ւր էլ որ մարդ նայելու լիներ` նրա աչքին կերևային ծակոտիք, սարդի հնադարյան ոստայն, հող և փոշի: Երբ հարցնում էին տեր Մարկոսին, թե ինչո՞ւ նա յուր տունը չէ նորոգում, սովորաբար պատասխանում էր. — “Օ՛րհնած, մեր փրկիչը չուներ յուր գլուխը դնելու մի տեղ անգամ. ես նրանից ավելի չեմ. ա՜յս դեռ շատ է ինձ համար”: Անտարակույս, այդ համեստաբանությունը չէր բխում քահանայի ուղիղ և ներքին համոզմունքից. և եթե մի մարդ նրան ձրի բաշխելու լիներ մի փառավոր ապարանք` տեր Մարկոսը երբեք չէր համաձայնի բնակվիլ աղքատին խրճիթի մեջ:

 

Գյուղական տնտեսությանց պայմանների նկատմամբ շատերը մտածում էին, թե տեր Մարկոսի համար խիստ դժվարին էր միայնակ, յուր կուզ և խեղանդամ ծառայի հետ կառավարել յուր ապրուստը: Որովհետև գյուղերը քաղաք չեն, որ ամեն ինչ կարելի լիներ պատրաստի գնել շուկայից: Այստեղ ամեն մարդ յուր տան մեջ պիտի հաց թխե, կերակուր եփե, գինի շինե և պատրաստե ամեն բան, որ մեր կենսական պիտույքն է կազմում: Տեր Մարկոսի համար` ո՞վ էր պատրաստում դրանք — ո՜չ ոք: Նրա թոնիրը սառն էր` որպես անապատի մեջ մի գերեզման: Նրա տան գիշերները երբեք չեն լուսավորված յուղային ճրագով, — և պետք է՜լ չկար, որովհետև, սկսած այն երջանիկ օրից, երբ նրա ուսերի վրա ձգեցին քահանայական փիլոնը, հացի և կերակրի խնդիրը վերացավ, մանավանդ, հյուր ընդունելու և աղքատ պատսպարելու հարկադրիչ պարագաների չգոյության շնորհիվ, ուր որ կար հարսանիք, կնունքաճաշ, մեռելի հոգեհաց կամ որևէ այլ կոչունք՝ սեղանների առաջին տեղը բռնում էր տեր Մարկոսը, յուղալի բաժինները նրա առջև էին դրվում, և նրան էին մատուցանում լի-լի բաժակները: Յոթն հարյուր տուն ժողովուրդ ունեցող մի գյուղի մեջ՝ որպիսին էր Ծաղկավանը — համարյա՜ ամեն օր պատահում են այդպիսի բախտավոր դեպքեր: Տեր Մարկոսի ծառան, որ “եւ եւս խաղաղութիվնից” ավել բան չգիտեր, սովորաբար, բուրվառը ձեռքից քարշ գցած, կաղկղալով՝ հետևում էր քահանային, ուր և գնալու լիներ նա:

 

Փա՛ռք մատուցանելով այն երանելի հանգամանքներին, թե “Մաշտոցի և Տոնացուցի” շնորհիվ ո՛րքան օգտաշատ արտոնություններ էին վայելում հայ քահանաները — տեր Մարկոսը, ո՜չ թե մինչև տարեգլուխ մի փարա ծախս չունե՜ր, այլ, ընդհակառակն, կարողանում էր բավականաչափ արծաթ որսալ: Մենք ավելորդ ենք համարում մի ըստ միոջե թվել, թե ո՛րքան արծաթ էր նա ստանում պսակի, մկրտության, թաղման և այլ եկեղեցական խորհուրդների համար, բայց չէ կարելի չասել նրա շահախնդրությունը — խիստ մասնավոր իրողությանց մեջ: Օրինակ, Ծաղկավանում ամեն մի շաբաթվա ընթացքում, քանիցս անգամ պատարագ էր մատուցվում: Գյուղերի սովորության համաձայն, ժամհարը և տեր Մարկոսի ծառան, ամեն մինը մի-մի ջվալ (պարկ) և տիկ գցած ուսերնին՝ դռնից դուռ ման են գալիս, ալյուր հավաքում նշխարքի համար և գինի՝ բաժակի համար: Դժվար չէ՜ երևակայել, թե յոթն հարյուր տուն ժողովրդից՝ ամեն մի անգամ ո՜րքան կհավաքվի՝ երբ ամեն մի տան պառավ տիկինը, ջերմեռանդ սնահավատությամբ լեցնում է ժամհարի պարկը ալյուրով, և մեծ տիկը — գինիով՝ աղաչելով, որ յուր տան ալյուրից և գինուց միայն մատուցանեին սուրբ ընթրիքին հարկավոր նյութերը. այդ անում էր նա՝ լի հավատով, թե դրանով յուր տան ալյուրով լի փեթակները և գինու թակույկները շնորհ և բարաքյաթ կգտնեին: Կեղծավոր ժամհարհը, լավ ճանաչելով պառավների թուլությունները, բոլորին միաժամանակ հուսադրում էր, թե նրանց կամքը անպայման կկատարե...: Բայց իզուր. բոլոր մթերքը խառնվում է միմյանց... և այդ բոլորի մեկ հազարերորդ մասը բավականանում է սուրբ խորհրդի պիտույքի համար, իսկ մնացածը լեցնվում է տեր Մարկոսի ամբարի մեջ, մի փոքր մասը միայն բաժին հանելով աշխատասեր ժամհարին: Եվ այսպիսով, տեր Մարկոսը, թեպետ չուներ ոչ հունձքի արտեր, և ոչ խաղողաբեր այգիներ, բայց ժողովրդից հնձում էր ավելի ալյուր և ցորյան` քան թե վաստակավոր երկրագործը և նրա գինու թակույկները ավելի լիքն էին՝ քան թե մի այգեգործին:

 

Մեծ պասի ավագ չորեքշաբթի երեկոյան, եկեղեցու մեջ, տեր Մարկոսը “ծանուցում” է անում — “ժողովուրդ, գիտե՞ք, առավոտյան ոտնալվա պիտի լինի, և որպես հրամայում է մեր սուրբ կրոնքը— պիտ ի յուղ օրհնվի: Կանայք, ձեզ եմ ասում, ականջներդ բաց արե՜ք, լավ լսեցե՜ք. բուռներդ շատ հուփ մի տվեք — ամեն տարվա պես. այլ այս տարի յուղն առատապես սեղան հանեք, որ մասնակից լինեք ա՜յն երանությանը, որ Քրիստոս տվեց բեթանիացի կնոջ, որը օծեց տերը թանկագին նարդոսի յուղով: Իսկ եթե խնայողություն գործ դնեք, ես անպարտ՝ դուք պարտավոր, գիտցած լինիք, որ ձեր կովերը կցամաքեն կաթ տալուց, և ձեր հավաքած յուղը և կարագը առատություն չի ունենա”: Բայց սնահավատությունը, առավել քան տեր Մարկոսի փաստերը — զորավոր էր՝ ժլատ պառավների առատաձեռնությունը շարժելու. Այդ պատճառով, տոնասեր ժամհարը այսօր քարշ չէ գալիս դռնից դուռ: Ամեն մի բարի գյուղացի այսօր գիտե յուր սրբազան պարտքը — ավագ հինգշաբթի օրերին, երեկոյան ժամերգության միջոցին, եկեղեցում, տիրոջ սեղանի վրա ասեղ ձգելու տեղ չկա: Ամբողջովին ծածկված է լինում զանազան մեծ և փոքր ամաններով՝ լիքր կովի, գոմեշի և ոչխարի յուղով: Այդ ամաններից մի քանիսի յուղը բավական էր բաժանելու ժողովրդին, որ իրանց գլուխը օծեին, և կանայք, իրանց տունը տանելով խառնեին իրանց յուղ հարելու ծծումի մեջ — մնացորդը տեր Մարկոսի բաժինն էր:

 

Տեր Մարկոսը չէ մոռանում ամենայն տարի ի հիշատակ քառասուն մանկանց ձեթ հավաքել: Եվ նա, յուր ճարտարությամբ, շատ անգամ զարմացնում է ժողովուրդը — մի սեհինի մեջ ջուր լցնելով և նրա երեսին ածելով մի փոքր ձեթ, մի հնարքով վառում է սեհինի մեջ քառասուն ճրագ, որոնց ամեն մինը հանգչելու ժամանակ նշանակում էր, թե մեռնում էր մանուկներից մեկը:

 

Այն բիբլիական օրենքը, որով ամեն մի իսրայելացի պարտավոր էր յուր պտուղների երախայրիքը տիրոջ նվիրել, մի սնապաշտական հավատքով անցնելով և մեր մեջ, սուրբ աստվածածնի վերափոխման տոնախմբության օրում, ամեն մի բարի գյուղացի յուր խաղողի պտուղներից դնում է տաճարի սեղանի վրա, քահանան օրհնում է խաղողը, այնուհետև ժողովուրդը կարող էր ուտել նրան, որ պաս էր մինչև այն օր: Տեր Մարկոսը շատ անգամ անիծում էր այս ինչ այգեգործը, թե՜ նրա նվերը Կայենի պատարագ էր համարվելու՝ խաղողի սակավության կամ տեսակի վատության համար: Խաղող-օրհնենքից ավելացուցած խաղողից տեր Մարկոսը ամեն տարի ունենում է մի փոքրիկ թակույկի մեջ՝ դեռահաս միլանի (մաճառ):

Այդպիսի արդյունավոր աղբյուրներից էին բխում տեր Մարկոսի ապրուստի չորս գլխավոր պիտույքները — հաց, գինի, յուղ և ձեթ վառելու` համար, որոնք ուրիշների տնտեսության համար այնքան անհրաժեշտ էին, բայց տեր Մարկոսի համար բոլորովին ավելորդ լինելով դառնում էին վաճառքի նյութ: Տեր Մարկոսը զուրկ չէր մնում նաև առատ մսից, որ ամեն տարի, որոշյալ օրերին հասնում էր նրան միանգամայն ձրի:

 

Ծաղկավան գյուղի մեջ, բացի սուրբ Գեորգ եկեղեցուց, կար մի այլ հին եկեղեցի — սուրբ Սարգիս անունով: Այդ բոլորովին փլատակված եկեղեցին ձևացնում էր ավերակների մի բլուր, որի միջի կիսաթաղ սրբատաշ քարերը — խաչանիշ դրոշներով, և կիսակործան կամարները` մի հոյակապ շինվածքի մնացորդներն էին: Սնահավատ մարդկանց ավանդությունը պատմում է, թե հարուստ իշխաններից շատերը, իրանց հոգվո համար, կամեցել են նորոգել այդ եկեղեցին, բայց սուրբ Սարգիսը նրանց երազում երևալով հայտնել է, թե ինքը ուրախ է բնակվելու մի այդպիսի աղքատ ավերակների մեջ, այդ պատճառով նրան անվանում են անփառասեր, աղքատ սուրբ Սարգիս: Ռամիկների մեջ այդ սրբազան ավերակները մեծակշիռ համարում ունին: Կիրակեմուտ երեկոներին գյուղացի մոլեռանդ պառավները նրա փլատակած քարերի վրա վառում են իրանց յուղային ճրագները, աթարի կրակի վրա ծխում են լի բուռով անուշահոտ խունկեր, և իրանց երեկոյան աղոթքը ջերմեռանդությամբ կատարելուց հետո, թավալվում են նրա սուրբ հողերի և փոշիների մեջ, և իրանց երեսները այն նվիրական քարերին քսելով, սրբազան զգացմունքներով լի` դառնում են տուն: Ջերմախտով և այլ ցավերով տկարացած բազմաթիվ հիվանդներ ամեն օր քնած են լինում այդ կիսակործան կամարների տակ, ջերմ հույսով, թե զորավոր սուրբ Սարգիսը իրանց ապաքինություն կպարգևե:

 

Սուրբ Սարգսի տոնախմբության օրերին, ամեն տարի, Զարեհավանի բոլոր գյուղերից այդտեղ հավաքվում են երկու սեռի անթիվ և անհամար ուխտավորներ: Ծաղկավանում հանդիսանում է մի մեծ բանայիր, ուր տեր Մարկոսը յուր բոլոր եկեղեցական խաբեությամբ մի մեծ և առատ վաստակ է ժողովում ռամիկ խառնիճաղանջի սնապաշտությունից:

 

Այդ սպանդարամետական հանդեսի մեջ հայ մարդը ձևանում է յուր հոգևոր և մարմնավոր բոլոր խնդություններով: Բազմաթիվ նորահարսեր, աղջիկներ, սիրուն կանայք, տղամարդիկ, պառավ տանտիկիններ, ալևոր ծերունիներ, բոլորը զուգված-զարդարված իրանց հարսանիքի հագուստներով, մի կողմից կատարում են սրբազան պաշտամունքներ, մյուս կողմից` ամբողջ յոթն օր և յոթն գիշեր, տեսակ-տեսակ նվագարանների, սազի, չոնգուրի, դհոլի, զուռնայի ձայներով, խառնված միմյանց, պար բռնելով, երգ երգելով, ուտում, խմում, ուրախանում են...: Շատ անգամ մի ախտալից, սիրաբորբոք պատանի, ոգևորված այն ռոմանական զգացմունքներով, թե ինչպես էր սուրբ Սարգիսը փախցրել հույնի աղջիկը, երբ տեսնում է մի գյուղացի սիրուն աղջիկ, որ յուր մոր հետ եկել էր ուխտ, իսկույն նրա մեջ վառվում է սերը... նա պարի մեջ մոտենում է աղջկան… շշնջում է նրա ականջին մի քանի սիրո խոսքեր... այդ կախարդական խոսքերը հրապուրում են աղջկա սիրտը... և կեսգիշերային լռին և խաղաղ պահուն, երբ ուխտավորներից շատերը հարբած, հոգնած, քնած էին իրանց վրանների մեջ, տեր Մարկոսը միայնակ, լուսնի արծաթափայլ լուսով, մի քարի տակ, կատարում է երկու սիրահարների պսակը... Մայրը երկար որոնում է կորած աղջկան, բայց առավոտյան տեր Մարկոսը, նորահարսի և նորափեսայի ձեռքից բռնած տանում է նրանց նորահարսի մոր վրանը: Նորահարսը ամոթխածությամբ կարմրած, երեսը ծածկելով՝ ընկնում է մոր ոտքերը...: Մայրը մի փոքր տհաճություն ցույց տված դեպքում “դե՜ , օրհնած, — ասում է քահանան. — այսօր սուրբ Սարգիս է, “աբեղաթող” է, սիրածը՝ սիրողինն է, փախցրածը` փախցնողինը... այսօր այդպիսի բաների համար չկա ոչ մի արգելք, այսօր ազատություն է...: Մի քանի կաթիլ արտասուք գլորվում են մոր աչքերից և նա ակամա օրհնում է նորապսակները:

 

Մի այդպիսի անհամար բազմության մեջ, յուրաքանչյուր ուխտավորի մորթած մեկ, երկու կամ ավելի մատաղների բուդերը (գիստը), ղևտական իրավունքով — հասնում էր տեր Մարկոսին, իսկ հայոց քահանան այդ իրավունքի վրա ավելացրել է մի երկրորդ բան — մատաղացուների կաշիները ևս...: Տեր Մարկոսի խեղանդամ ծառան, ժամհարի հետ, կաղկղալով քարշ է գալիս ուխտավորների մեջ մատաղների բուդերը և կաշիները հավաքում:

 

Տեր Մարկոսը, շատ անգամ, կռիվ է անում այսինչ ուխտավորի հետ, թե ինչո՞ւ էր նա երկու կաշի տվել, երբ մորթել էր երեք մատաղ: Ուխտավորը չէ ուրանում, չէ ասում, թե երեք մատաղ չէր, բացատրում է, թե կաշիներից մինը շունն էր գողացել, քահանան պահանջում է կորած կաշվի արժեքը: Այսպիսի վեճեր, հաճախ, հասնում են տարաձայնության մինչ այն աստիճանը, որ պատճառ են տալիս քահանային և ուխտավորին — միմյանց գլուխ կոտրելու և մորուք փետելու: Տեր Մարկոսը չէ նահանջում, հազարումեկ անեծք թափելով խեղճ ուխտավորի գլխին, թող չէ տալիս նրան, մինչև կաշու գինը ստանում է:

 

Ստացած ոչխարների բուդերից տեր Մարկոսը պատրաստում է օրինավոր ղավուրմա, իսկ նրա ծառան, ձմեռային օրերում, երբ միսը թանկանում է, վաճառում է այդ ղավուրման բազարում շահավոր գնով:

 

Տեր Մարկոսի խորամանկությամբ և հնարագիտությամբ ավելի հորդացած այդպիսի և դրա նման առատաբուխ աղբյուրները, բաշխում էին նրան ամեն տարի մեծակշիռ արդյունքներ: Դրա վրա ավելացնելով տեր Մարկոսի ժլատությամբ և չափազանց կծծությամբ ապրուստը, հասկանալի է, որ նա կարողացել էր ժողովել բավականաչափ արծաթ: Նա յուր արծաթը փոխառության կամ շրջաբերության չէր դնում, ո՜չ՝ այդ արարքի աստվածային օրենքով արգելված լինելու պատճառով, այլ՝ յուր գանձը թաղում էր հողի մեջ, կամենալով ժողովրդի աչքին ձևանալ աղքատ, ողորմելի և խեղճ քահանա-ավելի աջահամբույր ստանալու համար: Այդ նկատառումով նա միշտ ման էր գալիս պատառոտված հագուստներով և բոբիկ ոտներով: Նրա մահուդի վերարկուն, քրքրված և եղոտված, կրում էր յուր վրա նրա նորընծայության օրերի թվականը: Նրա մորթի գդակը, կորցնելով յուր բուրդը, նմանում էր գլխի վրա դրած մի պարկի...:

 

Տեր Մարկոսը (քանի՛ հազար այդպիսի տեր Մարկոսներ ունինք մենք...), Մաշտոցին և Տոնացուցին ծառայելը յուր քահանայության միակ նպատակը դարձնելով և քրիստոնեության բուն խորհրդին մի տարապայման և խոտորնակի կերպարանք տալով՝ փրկչի սուրբ Ավետարանը արել է մի ուռկան — յուր նյութական օգուտը որսալու:

 

— Հը՛մ... դո՞ւ էլ սկսեցիր մեր հոգևորականների ջիղը ծամել և նրանց ոտից քարշ տալ, — իմ խոսքը կտրում է նեղսիրտ հնամոլը, երեսը խոժոռելով և աչքերից կայծակ թափելով:

 

— Ո՜չ, պարոն, — պատասխանում եմ ես. — իմ ասածը տեր Մարկոսի համար էր... դուք կճանաչեք, թե ինչ պտուղ է տեր Մարկոսը... հրամայեցե՜ք Ռեսի հետ, ձեզ ներս կտանեմ նրա տունը, և ավելի լավ կծանոթացնեմ նրա հետ:

 

***

 

Չարության դևը մտած Ռես Վասակյանի սրտի մեջ, չարաչար խռովում և ամբոխում էր նրա հոգին: Նա, միայնակ, վաղ առավոտյան, գնում էր Ծաղկավանի մի նեղ և ցեխոտ փողոցով, և նրա գլուխը նույն րոպեին ծանրացած էր ամենազարհուրելի մտածություններով... “Այն՝ որ հանձնառու չեղավ կատարել մարմնավոր բժիշկը... անպատճառ կկատարեմ հոգևոր բժշկի ձեռքով...”, ստեպ– ստեպ կրկնում էր նա յուր մտքի մեջ:

 

Վերջապես նա կանգ է առնում մի դռան առաջ, որ ճխանի վրա բաց էր, և առանց մուրճը զարկելու, կամ իմացում տալու, ներս է մտնում նախագավիթը, և յուր հետևից փակում է դուռը: Նա, ոտքի մատերի վրա, ուշիկ-ուշիկ, առանց մի ձայն հանելու, մոտենում, կանգնում է սենյակի փակ դռան առաջ, որտեղից լսելի էր լինում հետևյալ խոսակցությունը.

 

— Ա՜յ տղա, Կարո՜ :

 

— Հրա՜մմե, տեր հա՜յր:

 

— Մոմերը հալեցի՞ր, քանի՞ գլուխ եղավ:

 

— Հրամերեք, հալեցի, տասն և չորս գլուխ եղավ:

 

— Ինչո՞ւ այդպես քիչ… բե՜ր մինը տեսնեմ:

 

Մի քանի րոպեից հետո.

 

— Հէ՛յ դու գարշելի, — գոռաց առաջին ձայնը, — քանիցս անգամ պատվիրած եմ, որ մոմերի այրվածքը կտրես, որպեսզի այդ սևությունները չերևեին, բայց դու անմիտ ես, առավել քան մեր դրացու ավանակը:

 

Մի քանի րոպե լռություն. առաջին ձայնը դարձյալ կոչեց.

 

— Ահա քեզ եկեղեցու բանալին, կմտնես այն խորանը, որ գիտես, նույն արկղի մեջ դարձյալ կգտնես կիսավառ մոմի պատրույգներ. կբերե՜ս, կհալե՜ս...:

 

Ռեսը իսկույն հասկացավ, թե տեր Մարկոսը սովորություն է ունեցել եկեղեցուց գողանալ կիսավառ մոմերը, և հալել տալով, մեծ-մեծ մոմի գլուխներ շինել՝ վաճառքի համար: Բայց քանի որ նա մի այլ նպատակով էր եկել, քան թե լրտեսության համար, չսպասեց նրանց խոսակցության վերջը լսելու, երեք անգամ հազաց, իմացնելու յուր մոտենալը. դուռը հեզիկ բաց արեց և ներս մտավ:

 

Ռես Վասակյանը քաղաքավարությամբ սովորական ողջույնը տալով, նստեց քահանայի մոտ:

 

— Բարի լինի, Ռես, — խոսեց տեր Մարկոսը, — ի՞նչ բախտով, ճանապարհներդ ծռե՞լ եք, հա՜... փառք քեզ տեր, երկու հակառակ ծայրերը միանում են...:

 

— Ինչո՞ւ հակառակ, տեր հայր, — պատասխանեց Վասակյանցը, — ձեզ հայտնի է իմ դեպի ձեզ միշտ ի սրտե բարյացակամությունը:

 

— Թող այդպես լինի... բա՜յց և այնպես՝ տերտերի ու Ռեսի ջուրը մի առվակով չի գնալ, մինը՝ դեպի մի կողմն է քաշում, մյուսը՝ դեպի այլ կողմ:

 

— Ես գիտեմ, այդ բոլոր խոսքերը կատակ են, — խոսեց Ռեսը գործատեր մարդու ոճով: — Բայց թող առժամանակ հանաքը մնա: Տեր հայր, ես պիտի խոսեմ ձեզ հետ մի ամենակարևոր գործի մասին. հրամայեցեք, որ ծառան հեռանա:

 

Տեր Մարկոսը աչքով արեց. ծառան դուրս գնաց: Ռեսը ավելի մոտեցավ քահանային և խոսեց:

 

— Հայր, ի՞նչ է ձեր կարծիքը սպանության մասին:

 

— Քրիստոնեությունը թույլ չէ տալիս սպանություն գործել, — կտրուկ պատասխանեց տեր Մարկոսը:

 

— Բայց եթե այդ գործը դնեինք մեր թշնամիների դեմ, մի այնպիսի թշնամու, որի մահը հազարավոր ազգայինների կյանք կորստից ազատելու պատճառ էր դառնում:

 

— Ով էլ որ լինի, թշնամի թե բարեկամ` արգելված է:

 

— Ճիշտ է, որ մեր կրոնքի հեղինակը հրաման չէ տալիս սուր բարձրացնել մեր թշնամիների և մեր նեղիչների դեմ: Բա՜յց ազգասիրության և նախանձախնդրության սուրբ ձգտումը, որով գրգռվում է մեր արյունը, գործադրելու մեր սուրը` մեր իրավունքը, մեր ազգայնությունը և մեր կրոնը պահպանելու համար, — այդ բնական զգացումը, որով ամեն մի անհատ պարտավորվում է պահպանել յուր անձնական և յուր ազգակցի պատիվը — այդ բնական սուրբ զգացումը, կրկնում եմ, — համարելու է զուտ ճշմարտություն և աստվածային օրենք:

 

Տեր Մարկոսը ժպտաց: Նա Ռեսի բերնից լսում էր նոր խոսքեր, որոնք ամենևին չէին համապատասխանում նրա մինչև այն ժամանակ ճանաչված բնավորության:

 

— Ռե՜ս, որի՞ դեմ եք կամենում բարձրացնել ձեր վրեժխընդրության սուրը, — հարցրուց տեր Մարկոսը ծիծաղելով:

 

Այս սուր և կծու կատակը բնավ չկարողացավ խախտել Վասակյանի երկաթի հաստատությամբ մտադրությունը: Նա առանց շփոթվելու, սառնասրտությամբ առաջ տարավ յուր խոսքը, ասելով.

 

— Պատվելի հայր, իմ վրեժխնդրության սուրը ես չեմ բարձրացնում մի այլ ազգի կամ մի մեծ բազմության դեմ, այլ, որպես քահանա, խոստովանաբա՜ր եմ հայտնում ձեզ, որ ես չափազանց ոխ ունիմ դեպ մի մարդ, և կամենում եմ վրեժխնդիր լինեք նրան մահվամբ. ո՜չ թե նրա համար, որ այդ մարդը ինձ որևէ անձնական վնաս է հասցրել, այլ, առավելապես, այն պատճառով, որ իմ խղճմտանքս ինձ տանջում է, տեսնելով այդ մարդը ազգային մարմնի մեջ, որպես ապականիչ և փտեցուցիչ կերցավ, օրեցօր ավերում է ազգային մարմնի շինվածքը, և անտարակույս, մի օր պատճառելու է նրա ցավալի կործանումը...: Մովսեսի օրինակը բավական է ինձ՝ ազգասիրաբար վերջ տալու մի այդպիսի մարդու կյանքին:

 

Բայց տեր Մարկոսը դյուրավ խաբվելու մարդ չէր. նա ավելի խորամանկ էր՝ քան հարյուր սատանա: Նա ակներև տեսնում էր Ռեսի խոսքերի մեջ մի թաքնված գաղտնիք, որ Ռեսը կամենում էր վարագուրել կեղծավոր խոսքերով: Այլապես, նա քաջ ճանաչում էր Ռեսի հոգին, որը ոչ միայն հայոց ազգը, այլ բոլոր մարդկությունը պատրաստ էր վաճառել մի քանի փարայի, եթե նրան արծաթ տային:

 

Տեր Մարկոսը բռնեց Ռեսի ձեռքը, համակրաբար նայեց նրա երեսին և ասաց.

 

— Պարոն Վասակյան, ավելի լավ կլիներ, եթե դուք բոլորովին բացեիք իմ առաջ ձեր սիրտը, միանգամայն հուսալով, որ կգտնեիք իմ կարեկցությունը և իմ հաճությունը:

 

Ռես Վասակյանը մտածության գնաց և ոչինչ չպատասխանեց:

 

— Ո՞վ է ձեր ասած մարդը, — հարցրուց տեր Մարկոսը:

 

— Մի՞թե դուք չգիտեք, թե ո՞վ է մեր ազգի և կրոնքի թշնամին:

 

— Այդպիսի մարդիկ շատ ունինք, դուք ասացե՜ք, թե որի մասին եք խոսում:

 

— Պարոն Ռուստամը, տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսի որդին:

 

— Նա արդեն հիվանդ է, դուք թողեք աստուծո կամքին, գուցե աստված ինքը վերջ տա նրա կյանքին:

 

Բայց Ռես Վասակյանը վստահ լինելով, որ արծաթը ավելի գործակատար է քան աստված՝ դրեց տեր Մարկոսի առաջ մի քսակ լի ոսկով, միևնույն քսակը, որ նա առաջարկել էր մըստր Սեյսունին, անգլիացի բժշկին, որ նա յուր դարմաններով թունավորեր պարոն Ռուստամին:

 

— Ահա, այդ ոսկիները ձեզ պարգև. դուք կատարեցեք իմ խնդիրը. — ասաց Ռես Վասակյանը:

 

— Ինչ է ձեր միտքը, — հարցրուց քահանան շփոթվելով:

 

— Ձեր ձեռքով առավել դյուրին է սպանել նրան. դուք կարող եք անել այդ սուրբ հաղորդության միջոցով:

 

— Սուրբ հաղորդությա՞ն միջոցով... ո՞րպես:

 

— Դրա օրինակները քիչ չեն մեր ազգային պատմության մեջ... օրինակ` թույն խառնելով սուրբ հաղորդության մեջ, և այնպես մատուցանելով հիվանդին:

 

— Այդ դարձյալ սպանություն է... մեղք է...:

 

— Ես քանի-քանի՜ փաստերով ապացուցեցի, թե մեղք չէ՝ դուք ընդունեցեք այդ ոսկիները:

 

Տեր Մարկոսը վերցրեց Հուդայի արծաթը, համբուրեց, այնուհետև ասաց.

 

— Բայց պետք է այդ գործը մնա գաղտնի մեր երկուսի մեջ:

 

— Բերեք Ավետարանը, ես կերդվեմ, եթե չեք հավատում: Տեր Մարկոսը դրեց գետնին Ավետարանը: Ռես Վասակյանը սկսեց զարհուրելի երդումներով երդվել:

 

— Ես կպատրաստեմ թունավոր հաղորդությունը, միայն պետք է մի հնար գտնել, որ նրանք, այսինքն տեր-Առաքելենք ցանկանային հաղորդել իրանց հիվանդը, — ասաց տեր Մարկոսը:

 

— Այդ հոգսը թողեք ինձ, — պատասխանեց Ռեսը ուրախությամբ. — միայն դուք պատրաստ եղեք, երբ կանչեն ձեզ:

 

— Շատ բարի:

 

— Մնաք բարյավ:

 

— Գնացեք խաղաղությամբ:

 

Ռես Վասակյանը հեռացավ:

 

ԻԳ

 

ՏԻՐՈՋ ՄԱՐՄԻՆԸ

 

Պարոն Ռուստամի հիվանդությունը օրըստօրե ծանրանում էր: Մըստր Սեյսունը բանացրել էր յուր բժշկական բոլոր հնարները — մնացել էր անճար: Նկատելով յուր հիվանդի մեջ ավելի բարոյական ցավեր, քան թե ֆիզիկական, նա պատվիրում էր հեռու պահել հիվանդից այն բոլորը, որ կարող էր նրան հոգեկան խռովություն պատճառել: Մանավանդ նա արգելում էր տեր-Առաքելենց բարեկամների անտանելի այցելությունները, որոնցից խորշում էր հիվանդը յուր առողջության ժամանակ իսկ:

 

Պարոն Մելիքզադեն, միայնակ հիվանդի մոտ, կատարում էր նրա բոլոր ծառայությունները: Աշխարունիները գալիս էին երբեմն: Մահտեսի Ավետիսը և տիկին Սկուհին չէին կարողանում ցամաք աչքով նայել իրանց որդու վրա, այդ պատճառով գալիս էին նրա մոտ խիստ սակավ: Բայց Հուրի Խան-Դայան յուր մի քանի պառավ ընկերուհիների հետ չէին թողնում հիվանդին հանգիստ մնա: Նրանք շատ անգամ, մըստր Սեյսունից գաղտնի, միջոց գտնելով, մտնում էին պարոն Ռուստամի մոտ և նյութում նրա համար զանազան բժշկական հնարներ, գործ դնելով ոչ այնքան դարմաններ, որքան կախարդական գործողություններ:

 

Մի օր, արևածագից առաջ, Հուրի Խան-Դայան, նստած թոնրի մոտ, խորին մտածողության մեջ տաքանում էր: Հանկարծ ներս մտավ նրա մոտ միականի Գոզեն, Ռես Վասակյանի քառասունամյա քույրը, որի սպնգանման երեսը, ցրտից լրջացած` միևնույն ժամանակ խիստ անտանելի էր:

 

— Բարի լինի… ի՞նչ կա, աղջի, այսպես վաղ առավոտյան, — հարցրուց Հուրի Խան-Դայան, նրա երեսին նայելով:

 

— Փա՛ռք աստուծո, բարի է, — պատասխանեց օրիորդ Վասակյանը ծամծմելով: — Եկա ձեզ մի նեղություն տամ, հույս ունիմ ընդունեք ձեր բարեսրտությամբ, առաքինի մայրիկ. “պորտըս ընկել է” քանի օր է, որ բոլորովին քուն չունիմ ցավից, օրըստօրե տկարանում եմ, ցերեկով ամաչեցի ձեզ մոտ գալ, առավոտյան կանուխ եկա, որ “աղոթել տամ”:

 

Օրիորդը պես-պես տարապայման շարժմունքներով կամենում էր ցույց տալ, թե իրոք փորի մեջ մեծ ցավեր էր զգում:

 

— Ե՜կ, նստի՜ր, խղճալի աղջիկ, — ասաց պառավը ցավակ-ցաբար, — երևի կարողությունիցդ դուրս ծանր բան ես վեր առել և պորտդ վեր ես գցել, ե՜կ, նստի՜ր, մի կանգնի՜ր, — կրկնեց նա:

 

Գոզեն մոտեցավ, նստեց թոնրի ափին, Հուրի Խան-Դայայի մոտ: Նրա փոքր տաքանալուց հետո պառավը ձեռքը տարավ դեպ նրա փորը և մի քանի րոպե շոշափելուց հետո ասաց.

 

— Վա՛յ խղճալի, մեկ թիզից ավել է իջել դեպի ցած. հո՜ղը քո գլխին. ինչո՞ւ շուտով խաբար չտվեցիր, որ մի ճար անեինք:

 

— Ա՛խ, ի՞նչ անեմ, մայրիկ, քանի որ մտել եմ այդ անիծված վարժարանը, գլուխս քորելու ժամանակ չունիմ, այնքան աշխատեցնում են...:

 

— Այդպե՞ս է... հենց այն սատանայի բունի մեջ պիտի՞ մի կտոր հաց ճարեիր, — ասաց տհաճությամբ պառավը և հրամայեց Գոզեին պառկել քամակի վրա: Բոլորովին բաց անելով նրա փորը, նա սկսեց ձեռքերով ու մատներով զանազան շարժումներ անել և մաժմաժել, միևնույն ժամանակ չդադարելով կարդալ այնպիսի աղոթքներ, որոնք ոչ մի գրքում գրված չեն:

 

Պառավ օրիորդը շուտով բարձրացավ, մի քանի անգամ հազաց և Հուրի Խան-Դայայի ձեռքը պաչեց, ասելով.

 

— Մայրիկ, քո հոգին լույսի մեջ լինի. այժմ բոլորովին հանգստացա:

 

Բայց Գոզեի ո՜չ պորտն էր ընկել, ո՜չ մորտը: Նա մի ուրիշ փորացավ ուներ...:

 

— Ի՞նչպես է այժմ Ռուստամի հիվանդությունը, — հարցրուց նա ցավակցաբար:

 

— Ա՛խ, Ռուստամից ամենևին մի հարցրու, քույրիկ, — հառաչանոք պատասխանեց պառավը: — Ռուստամը դժվա՜ր մեկ էլ աշխարհ տեսնե...:

 

— Վա՛յ, իմ աչիկս քոռանար, այդ ի՞նչ եմ լսում, — ձայ տվեց միականի օրիորդը և սկսեց լալ:

 

Պառավի ցամաքած աչքերը նույնպես լցվեցան:

 

— Աստված մեզանից առել է... — ասաց նա գլուխը չարժելով:

 

— Բայց դուք, մայրիկ, դուք այդպես չէիք, դուք մեռելներ էիք ողջացնում, այժմ ի՞նչպես է, որ ձեր թոռան համար մնացել եք անճար:

 

— Ժամանակը փոխվել է. այժմ ո՞վ է լսում ծերի խրատը...: Մի՞թե ինձ իմ կամքի՞ն են թողնում. մի քանի անաստվածներ հավաքված, չեն իմանում ի՞նչ են անում…մաշեցի՛ն, մեռցրի՛ն խեղճ երեխաս:

 

— Աստված փչացնե նրանց, — ասաց պառավ աղջիկը ավելի ևս կեղծավորվելով: — Բայց, մայրիկ, — խոսքը փոխեց նա, — երբ այդքան երկյուղ կա Ռուստամի կյանքի համար, գոնյա՜ դո՜ւք մտածեցեք սուրբ հաղորդության մասին:

 

— Բա՛, սուրբ հաղորդությո՞ւն ... — կրկնեց խորհրդական ձայնով պառավը: — Ախ, վաղուց արդեն սուրբը և սրբությունը վերացել են տանից...:

 

— Բայց ի՞նչ վնաս ունի, հիվանդի համար հոգևոր կերակուր է. մարմնին առողջություն և ցավերին փարատություն կտա:

 

— Դժբախտաբար իմ տան մեջ սնուցանվում է մի այնպիսի կրոնք, որի համար ո՜չ մի հայ քահանա հանձնառու չէ լինելու իմ տան մեջ կատարել յուր այդ սուրբ քրիստոնեական պարտքը:

 

— Բայց եթե դուք կամք կտաք, ես կհայտնեմ իմ եղբորը, նա կխնդրե տեր Մարկոսից, որ բարեհաճե հաղորդել ձեր հիվանդը:

 

— Դուք չափազանց կպարտավորեք մեզ:

 

— Այժմ մնաք բարյավ:

 

— Տեր ընդ ձեզ:

 

Բանսարկուի քույրը, ոգևորված ուրախությամբ, դուրս գնաց տեր-Առաքելենց տնից: Նա գտավ եղբոր սենյակում՝ Ռեսը տեր Մարկոսի հետ միասին:

 

— Ի՞նչ եղավ, — հարցրուց նրա եղբայրը:

 

— Հուրի Խան-Դայան սիրով ընդունեց իմ խորհուրդը, և նա շնորհակալությամբ կընդունե քահանան, եթե կամենար հաղորդել նրանց հիվանդը, — պատասխանեց նրա քույրը:

 

— Շա՜տ բարի, — ասաց Ռեսը սառնությամբ, կամենալով ծածկել յուր ներքին ուրախությունը: — Շատ ուրախ եմ, որ այդպիսով մեր քրիստոնյա եղբայրներից մինը չէ կորչելու... միայն թե, Գոզալ, ասացեք խնդրեմ, Հուրի Խան-Դայան ե՞րբ ժամադիր եղավ քահանան ընդունելու:

 

— Արևմուտքից երեք ժամ անցած, որովհետև այդ միջոցին հիվանդի մոտ չեն լինելու յուր բարեկամները, որոնք կարող էին արգելք լինել:

 

— Շա՜տ լավ. դուք, քույր իմ, այժմ կարող եք հեռանալ, ամենևին ոչ ոքի չհայտնելով, թե դուք այսօր եղել եք տեր-Առաքելենց տանը և կամ խոսացել եք մի այդպիսի առարկայի մասին:

 

Գոզեն դուրս գնաց:

 

— Գիտե՞ք ինչ կա, տեր հայր, — խոսեց Վասակյանը, երբ նրանք մնացել էին միայնակ — լա՜վ է մտածել Հուրի Խան-Դայան, այո, պետք է մտնել հիվանդի մոտ մի այնպիսի ժամանակ, երբ բժիշկը, Աշխարունիները, Մելիքզադեն այնտեղ չլինեին, եթե ոչ մեր բոլոր հույսերը կորած են:

 

— Այդ առավել լավ է, — պատասխանեց քահանան բանիմաց մարդու եղանակով, — բայց վնաս ևս չունի, եթե նրանք այնտեղ գտնվին, որովհետև թույնը ա՜յնպես է պատրաստված, որ եթե աստուծո հաջողությամբ հիվանդը շնորհ տաներ դեպի ստորին աշխարհը, դարձյալ կասկածել չէր տա մեր մասին:

 

Շուտով հասավ անբախտ երեկոն և արևմուտից անց երեք ժամը...: Թանձր մութի մեջ երկու կետեր շարժվում էին դեպ տեր-Առաքելենց տունը:

 

— Դուք ներս գնացեք, տեր հայր, — ասաց մի ձայն, — ես մի փոքր կսպասեմ. թող չիմանան, մենք երկուսս եկել ենք միասին:

 

— Լա՜վ, դուք մնացեք այստեղ, — պատասխանեց երկրորդ ձայնը:

 

Բժիշկը կատարելով յուր երեկոյան այցելությունը, հեռացել էր: Հիվանդի մոտ մնացել էր միայն պարոն Խոսրով Մելիքզադեն, երբ տեր Մարկոսը ներս մտավ: Իսկ տանեցիք լսելով քահանայի գալուստը, շուտով բոլորը հավաքվեցան հիվանդի սենյակը:

 

Կես ժամից հետո հայտնվեց Ռեսը: Նա, մոտենալով հիվանդի մահճակալին, սկսեց նայել նրա նիհար երեսին:

 

— Մինչև ե՞րբ, աստված, պիտի թողնես դրան այդ տրտում մահճի մեջ, — կոչեց նա հառաչանքով և սկսեց լալ:

 

— Ռեսի երկսայրի խոսքը նրա համար չէր, որ աստված հիվանդը վեր կանգներ յուր հիվանդության մահճից դեպ լույս աշխարհ, այլ տաներ դեպ մահվան գերեզմանը:

 

— Դուք խիստ շուտ փղձկեցաք, օրհնած, — ասաց Ռեսին տեր Մարկոսը, մխիթարելով, — ի՞նչ կա եղել, աստուծո շնորհիվ շուտով չենք տեսնելու մեր բարեկամը այդպես պառկած հիվանդության մահճի մեջ: Տերը կհատուցանե նրան...:

 

— Ո՜չ, տեր հայր, Ռուստամը... ա՛խ, Ռուստամը... մեր սիրելի բարեկամը... դա չպետք է այդքան մաշվեր…-կրկնեց նա հեկեկալով:

 

Վասակյանի արտասուքը շարժեց բոլորի լացը, և տեր Մարկոսը նույնպես երեսը դեպ մյուս կողմը թեքեց, թաշկինակ քսեց երեսին, որպես թե չորացնում էր յուր աչքերի արտասուքը:

 

Պարոն Մելիքզադեն, հեռվից արհամարհանոք նայում էր դրանց վրա, ոչինչ գին չդնելով նրանց սրտերի անտեղի զեղմունքին:

 

Միևնույն միջոցին, Հուրի Խան-Դայան, մոտենալով քահանյին, սկսեց համբուրել նրա ձեռքերը, ասելով.

 

— Տեր հայր, ծառա եմ սուրբ աջիդ, մատաղ լինեմ ոտքիդ հողին, աստծո սիրույն, ողորմություն արեք և մի թողեք, որ իմ թոռս մեռնի որպես մի թուրք, առանց սուրբ հաղորդության, առանց քահանայի:

 

— Դուք, մայրիկ, պիտի մտածեք, որ ձեր թոռը հրաժարված է հայոց սուրբ եկեղեցու հաղորդակցությունից, — պատասխանեց քահանան սառնությամբ:

 

— Ես աղաչում եմ, ես խնդրում եմ, եթե հնար էր…

 

Եվ սկսեց պառավը թախանձել, նրա ոտքերը համբուրելով:

 

— Բայց գիտե՞ք, ինձ արգելված է իմ մեծավորի կողմից, և գուցե պատժի տակ կգցեի իմ անձս, գործելով սրբազան առաջնորդի հրամանի դեմ:

 

Իսկապես, Ատրպատականի սրբազան առաջնորդը, նզովելով պարոն Ռուստամին յուր ընկերների հետ, հրաժարեցրել էր հայոց եկեղեցու հետ հաղորդակցությունից: Եվ տեր Մարկոսը, այդ իրողությունը պատճառ բերելով, աշխատում էր ավելի թանկ գնով վաճառել յուր թույնը:

 

— Ի՞նչ պետք է հիվանդին հաղոոդել տիրոջ մարմնով, — մյուս կողմից, նրանց խոսքը կտրելով, մեջ մտավ պարոն Մելիքզադեն:

 

— Ի՞նչպես պետք չէ, — պատասխանեց քահանան մի փոքր բարկացած. — տիրոջ մարմինը մեզ համար և՜ հոգևոր, և՜ մարմնավոր կերակուր է. նա զորություն է տալիս տկարացած մարմնին:

 

— Այդ հիմարություն է, — կրկնեց մանուկ տղամարդը:

 

— Ի՞նչպես հիմարություն, մի՞թե սուրբ Ավետարանը ամեն օր այդպես չէ՞ քարոզում մեզ:

 

Պարոն Մելիքզադեն կամենալով ճանաչել հայ քահանայի հայացքը սուրբ գրվածքի գիտության վրա, ավելորդ չհամարեց մի փոքր ավել խոսացնել նրան. այդ պատճառով հարցրեց.

 

— Դուք կարդացե՞լ եք, դուք գիտե՞ք ինչ է գրված սուրբ Ավետարանի մեջ:

 

— Հա՜... հա՜... հա՜... հա՜... — սկսեց ծիծաղել տեր Մարկոսը: — Դուք, պարոն, հարցնում եք ինձ, որպես մի վարժատան աշակերտի:

 

— Այո՜, հարցնում եմ, ի՞նչ է գրված սուրբ Ավետարանի մեջ: — Սուրբ Ավետարանի մեջ — անթիվ և անհամար բաներ:

 

Զոր օրինակ. Քրիստոսի կյանքի բոլոր պատմությունը, թե ո՜րպես նրան յուր երեխայության ժամանակ հանձնեցին հրեա Ռաբբիի մոտ — գիր և գիտություն սովորելու, և նա, առանց այբ և բենը դաս առնելու սկսեց կարդալ Թովրաթը: Այնուհետև, ո՜րպես նա աշակերտ եղավ մի հյուսան մոտ, և յուր վարպետի պատվերին հակառակ՝ երեք կտոր կտրեց գերանը, որ պիտի երկու կտոր կտրեր, և թե` ո՜րպես զարմացավ վարպետը, տեսնելով, որ գերանի երեք մասի ամեն մեկ կտորը նույն չափը ուներ, որքան պետք է ունենար գերանի կեսը: Եվ այնուհետև, ո՜րպես նա աշակերտ եղավ մի ներկարարի մոտ և այնտեղ նույնպես ցույց տվեց յուր հրաշքը — մի կարասի միջից, որ կապույտ էր ներկում՝ դուրս բերելով անթիվ և անհամար գույներով կտավներ...: Եվ թե, ո՜րպես նա ազատեց լճակում խեղդվող հեթանոս երեխայքը...:

 

Պարոն Մելիքզադեն նկատելով, որ տեր Մարկոսը յուր պատմությանը վերջ չէ տալու, կտրեց նրա խոսքը, ասելով.

 

— Երևի դուք չեք հասկանում սուրբ Ավետարանը, որովհետև այդպիսի առասպելներ նրա մեջ գրված չեն:

 

— Ապա “Մանուկ Ավետարա՞նը”, հարցրուց քահանան:

 

— “Մանուկ Ավետարանը” ավանդությունների լոկ ժողովածու է:

 

Տեր Մարկոսը, լսելով նրա կոշտ պատասխանները, չափազանց վշտացավ և կամենալով պապանձեցնել նրան, մտածեց առաջարկել մի այնպիսի հարց, որին չկարողանար պատասխանել նա:

 

— Դո՜ւք, որ այդպես մեծ-մեծ խոսում եք, պատասխանեցեք, եթե գիտեք — ինչո՞ւ համար Քրիստոս աշխարհ եկավ:

 

Պարոն Մելիքզադեն ակամա ժպտեց:

 

— Քրիստոս յուր կամքով աշխարհ չեկավ, որ հարկ լիներ քննել նրա նպատակը: Նույնպես, եթե նա յուր կյանքի ասպարեզում ընտրել էր առավել ուղիղ և ազնիվ պարտք — բարեկարգել և վերանորոգել ավերված մարդկությունը — նրա հոգու մի այդպիսի ձգտումը, չենք կարող համարել մի գերբնական և նախասահմանյալ բան — այլ բարի և խելացի մարդու գործ:

 

Տեր Մարկոսը, համարյա չհասկանալով յուր խոսակցի ասածը, առաջ տարավ.

 

— Ձեր խոսքերը այնպես մութն են, որպես դրսում խավար գիշերը: Բայց եթե դուք կխոստովանեք ձեր տգիտությունը սուրբ գրոց մեջ, ես կպատմեմ, թե ի՞նչ պատճառով Քրիստոս աշխարհ եկավ:

 

— Իհա՜րկե, ո՜րպես կարող է մի աշխարհական մարդ ձեր չափ տգիտություն ունենալ... — կատակով ասաց պարոն Մելիքզադեն:

 

Տեր Մարկոսը, յուր լսածը ուղիղ համարելով, ասաց.

 

— Քրիստոս աշխարհ եկավ Ադամի սատանային տված “ձեռագիրն” ջնջելու համար:

 

— Ի՞նչ ձեռագիր էր այդ, — հարցրուց նա ծիծաղելով:

 

— Սատանան, օձի կերպարանքով դրախտն մտնելով, խաբեց նախաստեղծ մարդիկը, նրանց ուտեցնելով թզենու արգելված ծառի պտղից: Աստված անիծեց Ադամին և Եվային և արտաքսեց դրախտից ա՜յն ժամուն, երբ դրսում մութ էր: Նրանք, դրախտի մեջ միշտ լուսո մեջ բնակված լինելով՝ շատ տխրեցան խավարի համար: Սատանան գիտենալով, որ լուսաբացին հազիվ մեկ ժամ էր մնում՝ մոտեցավ նրանց, ասաց, թե ինքը կարող էր նրանց համար լույս բերել: Նախածնողքը ուրախացան, աղաչեցին չար ոգուն: — “Ինձ ի՞նչ վարձ կտաք դրա համար”, ասաց սատանան: — “Մենք մերկ ենք, մենք ո՜չինչ չունինք”, պատասխանեցին նրանք: — “Ո՜չ, դուք ունիք մի բան, որ կարո՜ղ եք տալ ինձ”, խոսեց սատանան. “խոստացեք ինձ տալ ձեր ու ձեզանից ծնված սերունդի հոգիները”:

 

Ադամն ու Եվան, չհասկանալով, թե ինչ բան է հոգին՝ խոստացան նրան տալ: Նրանց խոստումը, վկայության համար, գրվեցավ մի քարյա տախտակի վրա, և այդ քարյա տախտակը ձգվեցավ Հորդանան գետի մեջ: Շատ չանցավ, բնականաբար արևը ծագեց, որովհետև մոտ էր լուսաբացին: Ահա այդ պատճառով մենք ևս մինչև այսօր արևածագից մի ժամ առաջ եղած խավարին՝ “Ադամամութն” անունն ենք տալիս: Այդ անիծյալ ձեռագիրն մնաց Հորդանան գետի մեջ, մինչև Քրիստոս աշխարհ եկավ: Մինչև այդ օրը սատանան տիրում էր մարդկանց հոգիներին, բայց երբ Քրիստոս Հորդանան մտավ, և սուրբ Հովհաննես քավոր դառնալով մկրտեց նրան, այն ժամանակ նա` ոտքը կոխելով այն քարետախտակի վրա` ջնջեց Ադամի տված ձեռագիրը. իսկ յուր Հարությունից հետո, դժոխքն մտնելով՝ ազատեց արդար հոգիները, որոնք նույն ձեռագրի զորությամբ սատանան գերի էր տարել:

 

— Այդ ձեր պատմածը նույնպես Ավետարանում գրվա՞ծ է, — նրա խոսքը կտրեց պարոն Մելիքզադեն:

 

— Իհա՜րկե, օրհնած, արդյոք կա՞ մի բան, որ սուրբ Ավետարանում գրված չլինի:

 

— Վա՛յ այն ազգին, վա՛յ այն ժողովրդին՝ որ ունի ձեզ նման քահանաներ… — ասաց պարոն Մելիքզադեն վշտանալով:

 

— Այո՜, այդպես է... որովհետև գրված է “մի արկանեք զմարգարիտս ձեր առաջի... ”: Տեր Մարկոսը ոչ թե քաղաքավարության համար չկամեցավ արտասանել վերջին բառը, այլ մոռացավ Ավետարանի խոսքը:

 

— Ասացեք “առաջի սոխոց”, — կատակաբանեց պարոն Մելիքզադեն:

 

— Դուք արդեն իմանում եք, էլ ես ինչ ասեմ:

 

Պարոն Մելիքզագեն նայեց ժամացույցին, տեսավ գիշերից բավական ժամանակ անցել էր:

 

Որպես ես նկատում եմ, — ասաց նա, — ձեր խոսակցությունը կերկարի, լավ է, որ հանգիստ թողնեք հիվանդը, ես գնում եմ քնելու, դուք, տեր հայր, գնացեք մյուս սենյակը, այնտեղ ձեզ ունկնդիրներ կգտնեք:

 

Ռես Վասակյանը իսկույն որսաց հաջող միջոցն, մտածելով, թե ավելի ձեռնտու էր իրանց խորհուրդին, երբ պարոն Մելիքզագեն գնար քնելու: Իրանք մյուս սենյակում ժամանակ անցնելով Հուրի Խան-Դայայի հետ, այնուհետև կարող էին գտնել հիվանդը միայնակ և անպաշտպան:

 

Երբ նրանք տեղափոխվեցան մյուս սենյակը, տեր Մարկոսը, ազատվելով յուր հակառակորդի ձեռքից և կամենալով ավելի ոգևորել Հուրի Խան-Դայայի ջերմեռանդությունը սուրբ հաղորդության համար, ասաց.

 

— Դուք այժմ բավական հասկացաք, թե ինչ էր Քրիստոսի աշխարհ գալու խորհուրդը: Բայց մնաց մի բան էլ ձեզ հասկացնելու, որ տերն մեր Հիսուս Քրիստոս, յուր աշխարհ գալով և մարդու կերպարանք ընդունելով, ո՜չ միայն ջնջեց Ադամա ձեռագիրը և ազատեց մեր հոգիները սատանայի իշխանությունից, ա՜յլև կենդանացրեց հոգիները, յուր սուրբ մարմինը և սուրբ արյունը կերակուր և ըմպելի տալով նրանց, որ և մենք` քահանայքս, կատարում ենք սուրբ պատարագի խորհրդով, հացի և գինու օրինակներով, որոնք, թեպետ ձեր — աշխարհականներիդ աչքին անտեսանելի են` բայց մենք` քահանայքս — տեսնում ենք` որ սկիհի մեջ ճշմարտությամբ փոխվում են միս և արյունի...:

 

Այդ միջոցին Ռես Վասակյանը անդադար խաչակնքում էր յուր երեսը, աղոթք կարդում, “փառք քեզ Քրիստոս, աստված մեր, փառք քո սքանչելիքներին”, ասում էր նա կեղծավորաբար:

 

Հուրի Խան-Դայան խնդրեց, որ ավելի պարզ կերպով մեկնաբանե նրան սուրբ հաղորդության խորհուրդը:

 

— Օրհնած, ի՞նչ անհասկանալի բան կա իմ ասածներիս մեջ: Մարդ ասածդ բաղկանում է երկու բանից — մարմնից և հոգուց: Մարմինը ա՜յն է, որ մենք տեսնում ենք. ունի ձեռք, ոտք, գլուխ, և այլն, խոսում է, շարժվում է, գործում է, ապրում է, և յուր կենդանությունը պահպանելու համար, կարոտ է կերակուրների — հացի և ջրի: Բայց հոգին` մի լուսեղեն էակ է, որ ավելի նմանություն ունի աղավնիի, և դրած է մարդու սրտի մեջ` որպես մեկ թռչուն վանդակի մեջ: Ձեռքդ դիր սրտիդ վրա, շոշափիր կուրծքդ, իսկույն զգալու ես, թե որպես անդադար թրթռում է նա. այդ նրա հանապազօրյա սաղմոսերգությունն է, փառաբանությունն է աստծուն, որ կատարում է ծնրադրությամբ և երկրպագությամբ: Որպես ասացի, մեր մարմինը կարոտ է կերակուրի. հոգին նո՜ւյնպես այդ կարիքն ունի: Դրա համար տերն մեր Հիսուս Քրիստոս սահմանեց սուրբ հաղորդության խորհուրդը, յուր մարմինը կերակուր՝ և յուր արյունը` ըմպելի բաշխելով մեր հոգիներին: Յուրաքանչյուր տարի մի քանի անգամ սուրբ հաղորդություն ընդունելը՝ բավական է հոգին միշտ կուշտ պահելու համար:

— Ուրեմն, ով որ չընդունի սուրբ հաղորդությունը՝ նրա հոգին կմեռնի՞, — հարցրուց Հուրի Խան-Դայան:

 

— Ոչ միայն հոգին կմեռնի, այլև տկարանալով՝ կմեռնի նրա մարմինը, որպես օրինակը տեսնում եք ձեր թոռան մեջ, — պատասխանեց տեր Մարկոսը:

 

Երկրորդ անգամն էր, որ Ռես Վասակյանը մտնելով հիվանդի մոտ, գտավ նրան միայնակ քնած: Իսկ պարոն Մելիքզադեն հեռու մի այլ սենյակում՝ խռխռում էր խորին քնի մեջ:

 

***

 

Վաղուց արդեն աքաղաղները սկսել էին խոսել:

 

Գիշերային լռության այդ պահուն, երբ բոլոր խրճիթների գերդաստանները գիշերվա հանգիստն էին վայելում՝ Հովասաբենց տան մեջ վառվում էր մի ճրագ: Օրիորդ Սալբին, տխուր և հուսահատ, միայնակ նստած էր յուր քնարանում: Նա անխորհուրդ կերպով ականջ էր դնում ժամացույցի չկչկոցին, որ ահա զարկեց տասնևերկուսը:

 

Նրա ննջարանի դուռը ներսից կողպած էր: Բայց ո՜րքան մեծ եղավ նրա զարմացքը, երբ երեսը թեքեց, տեսավ դռան մոտ կանգնած մի բարձրահասակ, թխազգեստ կին: Սարսափը և զարհուրանքի սարսուռը ցնցեց խղճալի օրիորդի բոլոր անդամները. և նա զգաց մի անսովոր երկյուղ, կարծելով՝ թե դա ղույլաբանին էր:

 

Մի քանի աղոթքներ կարդալով, օրիորդը զորություն առավ և ժողովելով յուր ուժը, հարցրուց. — Ո՞վ եք դուք:

 

Հսկայամարմին ոգին շարժվեց դեպ առաջ, և միևնույն ժամանակ նրա երեսից վեր առած դիմակի տակից երևան եղավ նրա թուխ, որպես թե արևից այրված — զարհուրելի կերպարանքը, որ լուսափայլում էր նրա ճրագի նման վառվող աչքերից:

 

Օրիորդ Սալբին յուր բոլոր հոգեկան կարողությամբ դարձյալ դողդողում էր երկյուղից, կարծելով, թե արդեն մահը, յուր սև կերպարանքով եկել է առնելու նրա հոգին:

 

— Չքնաղագեղ օրիորդ, մի երկնչիր, — խոսեց ոգին մեղմ և գրավիչ ձայնով — արդարև, իմ արտաքին կերպարանքը զարհուրելի է, բայց, հավատացնում եմ, որ այդ սարսափելի կերպարանքի մեջ, ամենաքնքուշ սիրտ` ջերմ զարկում է ձեզ համար:

 

Օրիորդը, չհավատալով չուր ականջներին, պնդեց յուր սիրտը և մյուս անգամ հարցրուց.

 

— Ո՞վ եք դուք:

 

— Ձեր ընտանեկան պատմությունը, ձեր Հովասաբ նախապապի օրերից, ո՜չ բոլորովին ծածուկ է թողնում մի ժամանակ ձեր տան մեջ ծառայող Խլվլիկ անուն դևիկի ցավալի ավանդությունը: Ահա կանգնած է նա ձեր առաջ, որպես ձեզ շնորհապարտ աղախին:

 

— Ի՞նչ շնորհ եմ ցույց ավել ես քեզ, երբ քո սարսափելի երեսը առաջին անգամն եմ տեսնում:

 

— Դուք այրեցիք իմ մոր ձեռքով ձեր տան մեջ թողած իմ գլխի մազերից մի հյուս, որի չարաչար գործադրությամբ Հովասաբենք միշտ չարչարել են ինձ, բայց դուք ազատեցիք Խլվլիկին յուր ծառայությունից, և այրելով այն խորհրդական մազերը` ջնջեցիք նրանց թիլիսմը:

 

Օրիորդը իսկույն մտաբերեց Խլվլիկի մասին առասպելական պատմությունը, և թե ո՜րպես ինքը այրել էր նրա մազերը, որ յուր մայրը գործ էր ածում զանազան կախարղությանց մեջ:

 

— Այժմ ի՞նչ ես դու կամենում, — հարցրուց նա:

 

— Ես հայտնվեցա հայտնելու, թե դևերը նույնպես ունին բարի սիրտ, և թե նրանք կարող են վարձատրել իրանց բարերարներին բարի գործով: Բայց, լսիր, չքնաղագեղ օրիորդ. քո թշնամիները անթիվ են. նրանք ամեն ժամ և ամեն րոպե զանազան որոգայթներ են լարում քեզ որսալու համար: Նրանք հսկում են քո սիրած նշանածի կյանքի վրա. այս րոպեիս մի սևսիրտ քահանա, թույն պատրաստած հաղորդության սկիհի մեջ՝ պիտի մատուցե քո Ռուստամին: Դուք իմացում տվեք պարոն Մելիքզադեին՝ որ արգիլե սպանության գործողությունը: Այդ լուրը ձեզ տալուց հետո, հայտնում եմ, որ, որպես մինչև այսօր, այսուհետև նու՜յնպես՝ Խլվլիկը միշտ պատրաստ է օգնել ձեզ փորձանքի ժամերին: Նա թողնում է ձեզ յուր մազերից մի պուրակ, որը երբ երեք անգամ շարժեք դեպ արևմուտք, իսկույն Խլվլիկը երևան կգա:

 

Այդ խոսքերի հետ նա վերցրեց օրիորդ Սալբիի պչրանքի սեղանի վրայից մկրատը, կտրեց յուր գլխի սև հյուսերից մինը և դրավ սեղանի վրա:

 

Խլվլիկը աներևութացավ:

 

— Օրիորդ Սալբին, յուր տեսիլքը համարելով երևակայական ցնորք, և ամենևին չհավատալով յուր լսածներին, ծունկ իջավ հատակի վրա և սկսեց ջերմեռանդությամբ աղոթել:

 

Միևնույն րոպեին մի ձեռք խթեց պարոն Մելիքզադեի կողքը: Նա աչքերը բաց արեց, յուր մահճի մոտ տեսավ օրիորդ Նազանին, օրիորդ Սալբիի աղախինը:

 

— Վեր կաց, — ասաց նա, — հալածիր այդ չարագործները, որ հաղորդության մեջ թույն են կամենում մատուցանել Ռուստամին:

 

— Դա Խլվլիկն էր՝ օրիորդ Նազանու կերպարանքը առած...:

 

ԻԴ

 

ԽԱՉԱԳՈՂԸ

 

Ռես Վասակյանի մինչ այժմ կատարած չարագործություններն անգամ բավական կարող էին լինել բնորոշելու նրա նկարագիրը: Մեզ ներելի կլինի մի լրացուցիչ տեղեկություն ևս տալ նրա պատանեկան և երիտասարդական հասակում վարած կյանքի և արարքների մասին:

 

Ռեսը, յուր տասնևութ տարեկան հասակում, մի չնչին պատճառով` Ծաղկավանում, մի մարդ սպանած լինելու համար՝ այլևս չկարողացավ գլուխ պահել այնտեղ, փախստական եղած, հեռացավ դեպ օտար աշխարհնեը: Թափառելով Եվրոպայի քրիստոնյա տերությունների մեջ, նա երկար ժամանակ ապրում էր մուրացկանությամբ: Բայց երբ մի փոքր ծանոթացել էր այդ ազգերի բնավորությունների հետ` մի այլ դժնդակ միտք հղացավ նրա մեջ: Եղեռնական գաղափարը շուտով կերպարանագործվեցավ նրա մտքի մեջ, և դրա իրագործման համար նա անցավ դեպ Ռուսաստան: Այնտեղ նա գտավ յուր երկրացի մի քանի շրջմոլիկ ծանոթներ, որոնք նույնպես ապրում էին մուրացկանությամբ, և գրավելով նրանց կամքը` իսկույն որսաց դեպ յուր կողմը:

 

— Հունձքի ժամանակ է, եղբայրնե՜ր, — ասում է նա յուր ընկերներին. — նայելով այս ազգի հիմարության, մեր գործը լավ առաջ կգնա այս երկրում:

 

Ի՞նչ գործ էր այդ:

 

Ռեսը յուր ընկերների հետ իսկույն կազմեց ավազակների մի զարհուրելի խումբ, զինվորված խաբեբայության բոլոր հնարքներով, որոնց նպատակն էր կողոպտել, հափշտակել, սպանել:

 

Նրանք հեռացան Ռուսաստանի այն գավառները, որոնք ավելի հեռու էին մայրաքաղաքներից, բայց այնտեղ ճանաչելով մուժիկների (ռամիկ) մոլեռանդությունը և նանրահավատությունը՝ նրանք իրանց գործին մի այլ կերպարանք տվեցին: — Երուսաղեմից եկած հույն աբեղաների անունով, սև մազից կոշտ հագուստներ հագած նրանք սկսեցին ման գալ ռուսների տները, և պատմելով Երոոսաղեմի աղքատությունը և նրա թշվառությունը թուրքերի ձեռքում, շարժում էին ֆանատիկոսների կարեկցությունը դեպի սուրբ վանքը՝ և աննկարագրելի խաբեբայություններով — փող որսում: Նրանք իրանց հետ շրջեցնում էին խաչեր, սրբոց մասունքներ և փոքրիկ պատկերներ...: Կարդում էին Ավետարան և այլ հոգևոր երգեր — իրանց հնարած լեզվով և ծանր գներով վաճառում էին` իբրև սուրբ Վանքի հիշատակներ, ձիթապտղի կորիզներից հորինված տերողորմյաներ, սադափյա փոքրիկ խաչեր, որ իրանք էին շինում գիշերներով:

 

Եվ այդպես, շուտով կազմվեցավ աբեղայական մի կարգ՝ կեպարանագործված զարհուրելի խաբեբայությամբ:

 

Եթե աշխարհիս մեջ անիրավությունները և չարագործությունները արժան են որևէ գովասանության` Ռես Վասակյանը միայն իրավունք ունի վայելելու այն սև փառքը, պարծենալով այդ կարգի հիմնադրի անունով: Պարծանք և հայերին. չէ՞ որ մենք էլ ենք ունեցել մեր...:

 

Խաբեբաների կարգը գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում: Նրանք տարածվեցան երկրագնդի ա՜յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ո՜ւր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ:

 

Հնարել էին նշանախոսություններ զանազան տեսակի: “Գեղի խոտ” նրանց բառարանում նշանակում էր միս: Երբ կամենային հասկացնել, թե տանուտերը հիմար մարդ է, կարելի է կողոպտել: Նրանք, իրենց սուտ ավետարանը կարդալուց հետո, շատ անգամ երգում էին այսպիսի և սրա նման շարականներ.

 

“Ալելույա, ալելույա,

Վերնատունը դատարկ է,

Էշը մեզ հպատակ է,

Բարձի՜ր, քանի ատակ է,

Երուսաղեմա հիշատակ է”:

 

Իսկ երբ կամին հայտնել, թե բանը անհաջող դրության մեջ է, կամ իրանցից հեռու չէ վտանգը, պետք է փախչել՝ երգում էին.

 

“Ալելույա, ալելույա,

Մեր տղա, շունը հաչում է,

Կծոտը մեզ ճանաչում է,

Աչքերդ շուտ թաց արա,

Գնա դուռը բաց արա”:

 

Շատ անգամ երգում էին այնպիսի ջանգյուլումներ, որ որևէ իմաստ էին հայտնում: Բայց նրանք ավելի հաճախ իրենց միտքը հայտնում էին նշանախոսությամբ, առանց որևէ բարբառի — ձեռքով, աչքով, ոտքով, հունքով և այլն: Նրանք հնարեցին առանձին գիր, կարդալ և լեզու:

 

Ռուսաստանի անկարգ ոստիկանությունը, յուր թույլ հետազոտություններով` երբեք չկարողացավ այդ չարագործներից մինն անգամ բռնել: Երբ մի տեղ նրանց խաբեբայությունը հայտնվում էր, և բռնվելու կասկած կար՝ նրանք շուտով փոխում էին իրանց եկեղեցական սև հագուստը. Ավետարան, խաչ, պատկեր և մասունքները պարկ էին դրվում, և այնուհետև, մի փոքրիկ արկղ շալակած՝ նրանք դռնից դուռ մանէին գալիս, և թափառաշրջիկ ջհուդների անուններով, վաճառում էին երեխաների խաղալիքներ և զանազան մանրուք, որ միշտ իրանց մոտ պատրաստ ունեին: Շատ անգամ ևս ձևանում էին իբր օտարերկրյա բժիշկներ, և վաճառում էին անօգուտ փոշիներ: Իսկ եթե այդ ևս չէր հաջողվում, նրանք ընդունում էին թափառական բոշաների կերպարանք. գուշակություններ էին կատարում, հմայում էին, և զանազան նվագարաններ ածելով` պար էին գալիս և դրամ ժողովում:

 

Դրանց չբռնվելու գաղտնիքներից մինը ևս արծաթի շնորհիվ ռուսաց ոստիկաններից ազատվելու դրությունն էր: Հակառակ դեպքում կարգի անդամները պատրաստ ունեին տարբեր տերությունների, զանազան գործերով և անուններով անցագրեր, ո՜ւր և ո՜րը հարկավոր էր լինում, այն էին ցույց տալիս:

 

Եվ այդպիսով դրանք շահեցին մի քանի կեղտոտ անուններ. որպես — “պառավ խեղդողներ” — “խաչագողներ” — “էշ ներկողներ” և այլն:

 

Այդ անունները առանց պատճառի չէին ընդունել նրանք:

 

“Պառավ խեղդող” կոչվում էին նրա համար, որ շատ անգամ մի ջերմեռանդ և երկյուղած պառավ կին, կամ ալևոր մարդ, հրավիրում է “Երուսաղեմի աբեղաներին” յուր տունը — պատվասիրելու համար: Իսկ գիշերը, երախտագետ “աբեղաները” խեղդում են հյուրընկալը և կողոպտում նրա տունը:

 

“Խաչագող” կոչվում էին նրա համար, որ շատ անգամ նրանք իրանց ընկերներից մինը մեռած ձևացնելով՝ դագաղի մեջ դնում են եկեղեցում: Մեռելը, գիշերվա ընթացքում հարություն առնելով՝ գողանում է եկեղեցու թանկագին անոթները, արծաթի խաչերը և այլն: Պատահել են այնպիսի դեպքեր, որ եկեղեցու խաչերը իրանց դագաղի մեջ առած միասին մտնում են գերեզման, այնուհետև գերեզմանից հարություն է առնում ավազակը յուր կողոպուտներով: Հրաշալի՛ գողություն...:

 

“Էշ ներկող” կոչվում էին նրա համար, որ շատ անգամ կարգի անդամները, գողանալով սպիտակ գույնով ավանակներ և ձիեր, ու մի այլ գույնի ներկելով` վաճառատեղի էին դուրս բերում և ծախում, այնպես, որ եթե տերերն անգամ իրանք ևս գնելու լինեին՝ դժվարությամբ կարող էին ճանաչել իրանց գրաստները:

 

Վասակյանը Ռուսաստանում գտավ առևտրի մի նոր եղանակ, այսինքն, վաճառել յուր կրոնը և ընդունել հունա-սլավոնական դավանություն: Երբեմն՝ հա՜յ եմ, ասելով, երբեմն` հրեա, և երբեմն՝ թուրք եմ ասելով, խաբում էր նա ռուսաց մանախներին (կուսակրոն) և մեծ արծաթ ստանալով` պարբերաբար ընդունում էր նրանց կրոնը: Այդ տեսակ կրոնավաճառությունը շարունակել է նա ամեն տեղ, ուր չէին ճանաչում նրան: Բայց այն միակ կարոտը մնաց Վասակյանի սրտում, և կմնա մինչև նրա մահը, որ, չնայելով նա Ռուսաստանում քսան անգամ ռուս էր դարձել, քանի՜ անգամ կաթոլիկ, քանի՜ անգամ պրոտեստանտ, բայց Թուրքիայում չհաջողեց երկու անգամ փող ստանալ և ընդունել իսլամը, որովհետև, երկրորդ անգամ, երբ կամեցան թլփատել նրան՝ տեսան, արդեն կտրած էր...: Վասակյանը երկար հավատացնել էր ջանում, թե ինքը հրեա է և երեխայությունից ունի թլփատություն, բայց քանի որ նա առաջուց սխալվել էր, ասելով, թե հայ է — նրան չհավատացին:

 

Չնայելով Վասակյանի սատանայական խորամանկությանը, նրա անսանձ հանդգնությանը և ճարտարամիտ հնարագիտություններին, նա մի անգամ բռնվեց, երբ յուր ընկերների հետ նստած կեղծ թղթադրամներ էին շինում: Դրանով նա ո՜չ միայն կորցրեց յուր ունեցած բոլոր հարստությունը, այլև աքսորվեցավ դեպի Սիբիրիայի հեռավոր գավառները:

 

Աքսորանքի մեջ նա երկար չմնաց. շուտով փախչելու հնար գտավ: Մտնելով Չինաստանի փակյալ կայսրության երկիրը՝ մի քանի տարի այնտեղ թափառելուց հետո նա անցավ Հնդկաստան: Այստեղ նրա ժիր և գործունյա հանճարը դարձյալ դատարկ չմնաց: Գիտնալով մի քանի լեզու, նա շուտով պաշտոն ստացավ հնդկաց կռապաշտ թագավորի մոտ: Հայտնի չէ, ընդունե՞ց արդյոք նա բրահմինների կրոնը, թե ոչ, բայց տարակույս չունինք, որ նա յուր նյութական օգտի համար պատրաստ էր ընդունել բոլոր կրոնները: Հայտնի է միայն, որ կարճ ժամանակում նա ժողովեց բավական արծաթ: Այնուհետև, ասես թե հոգնած յուր գործունեությունից, նա մտածեց դառնալ յուր հայրենիքը և հանգիստ առնել:

 

Հնդկաստանից անցավ Բաղդադ, այնտեղից՝ Երուսաղեմ: Կամենալով մոռացության տալ յուր գլխից անցածը և ընդունել մի ոչխարի զգեստ՝ Երուսաղեմում, յուր ձեռքը և բազուկները դրոշմեց մահտեսության կնիքով, և, մի նոր մարդ դարձած, իբրև կատարյալ հայ-քրիստոնյա, մի օր հայտնվեց Ծաղկավանում, յուր հետ բերելով յուր մահվան պատանը: Երկար տարիներ պանդխտության մեջ թափառելով՝ նա վերադարձավ յուր հայրենիքը` արդեն հասակն առած: Յուր ազգակիցներից նա կենդանի գտավ միայն յուր քույրը — միականի պառավ Գոզեն, որը, յուր ամենազզվելի տգեղության համար, չկարողացավ ոչ մինի կին դառնալ:

 

Վասակյանը արդեն մտածում էր “տնավորվել” և հայերի ասության ոճով աշխարհ մտնել: Շուտով, յուր արծաթի շնորհիվ, նա հաջողեց իրան կին բերել մի պարկեշտ և առաքինի մանկահասակ այրի, գեղեցիկ կերպարանքով: Բայց ափսո՜ս, որ “Մեղրը շան տիկի մեջ” էր: Անբախտ կինը ոչ մի մխիթարություն չգտնելով յուր մոլի և չարաբարո ամուսնուց, օրեցօր մաշվելով նրա անտանելի կենակցությունից, բարակացավ ստացավ, և ապա անգութ մահը հանգիստ տվեց խղճալուն սառը հողի տակ:

 

“Քամու բերածը՝ քամին կտանե”, ասում է հայկական առածը: Երկար չդիմացան Վասակյանի փայլուն ոսկիները և պսպղուն գոհարները, որ նա բերել էր Հնդկաստանից. բոլորը ճարակ դարձան նրա շռայլությանը, և մի քանի տարուց հետո նա նո՜ւյնպես աղքատ էր, որպես առաջ: Նա մտաբերեց Եվրոպան... կարգը... աբեղայությունը... ավազակությունը... և կրկին կամեցավ հագնել պանդխտության տրեխները՝ բայց արդեն ուշ էր, նրա հասակը չէր ներում այդ, նա արդեն անցել էր հիսունից:

 

Վերջապես նա տաղտկանում է անգործությունից և աղքատության կարիքը ստիպում է նրան գտնել մի պարապմունք: Նա, յուր ոսկիների մնացորդը գործ դնելով, կարողացավ կաշառել Զարեհավանի տիրող խանը և Ծաղկավանի մելիքը, որով ստացավ յուր հայրենի գյուղի մեջ ռեսի կամ ռայիսի (այսինքն տանուտերի) պաշտոն:

 

Ռեսը դարձյալ համարում էր իրան հասած ծայրացյալ երջանկության: Արդարև, ո՜րքան բախտավորություն է չարագործ և կաշառասեր մարդկանց համար տանուտեր լինելը: Ամեն մարդ նրան խոնարհվում է, ամեն մարդ նրան հարգում է, բոլորը նրանից վախենում են, դողում են...: Ո՜ր տան մեջ խաշ կամ հարիսա են եփել՝ ո՛վ կարող է առանց տանուտերի մի պատառ բերանը տանել. ո՜րտեղ կնունքաճաշ են տալիս կամ ժամուհաց, և կամ — հարսանիք է` տանուտե՜րն է նստում սեղանների պատվավոր գըլխում, լիքը բաժակները ստանում է տանուտերը, գեր ու պարարտ բաժինները ուտում է — տանուտերը: Ամեն հանդիսի, ամեն մեջլիսի, ամեն ժողովքի մեջ նա պատվավոր բարձի տեղ ունի, և Ծաղկավանում ամենածանրակշռից մինչև ամենաչնչին գործերը կատարվում են տանուտերի խորհրդով:

 

Ռեսը յուր պաշտոնով լինելով մելիքի որպես թե օգնականը և նրա ստորադրյալը, նպատակ ուներ միշտ ծառայել յուր և նրա օգուտի համար: Սրանք, երկուսը միասին, պետք էր իրանց որսացած կաշառքներից մի մասը հանեին Զարեհավանի տեր խանին, որ կարողանային իրանց ավազակությունները առանց կասկածի և աներկյուղ առաջ տանել: Դրա համար խղճալի գյուղացիք միշտ ստիպված են հաշտվել և բարեկամանալ Ռեսի հետ, որովհետև վայ այն մարդու սև օրին, որին մի փոքր թեք աչքով էր նայում Ռեսը:

 

Տանուտերին հարգում են ավելի անտերունչ և այրի կանայք, և կամ այնպիսիները, որոնց ամուսինները գնացել էին օտար աշխարհ պանդխտության: Այսպիսի կանայք ավելի են կարոտ նրա կարեկցության, և առավելապես են ենթարկված նրա կամքին... ո՜չ միայն նրա համար, որ տանուտերը պաշտպան էր նրանց խանի հարկերի ծանրությունից, այլ՝ որպեսզի պատկանածից ավել հարկ չդներ նրանց վրա:

 

Ահա՜ այդ հին գայլը, այդ զարհուրելի ավազակը, որ յուր սատանայական խորամանկությամբ ամբողջ մարդկությունը համարում էր մի գործիք յուր օգտին ծառայեցնելու համար, այժմ, հուսահատված, անճարացած, տխուր ու տրտում սրտով, միայնակ, նստած յուր տան մեջ, հեղեղում էր յուր սրտի մեջ այսպիսի մտածումներ:

 

“Այդ փորձը նո՜ւյնպես անհաջող անցավ... — ասում էր նա դիվական ափսոսանքով: — Հոգևոր բժիշկն ևս ոչինչ չկարողացավ անել... գուժաբեր ժամանակը հասնում է...: Այո՜, անցավ մեծ պասը, և այսօր Զատիկ է: Ես նախանձով տեսնում եմ մարդկանց երթևեկությունը միմյանց տները, և նրանց՝ ուրախ սրտով միմյանց շնորհավորելը տիրոջ հարությունը: Բայց իմ դռները այսօր փակ են իմ բարեկամների առաջ, որովհետև իմ մեջ սիրտ չէ՜ մնացել ուրախանալու...:

 

“Ես խիստ թանկ գնով գնեցի բարեկենդանից մինչև Զատիկ յոթն շաբաթը՝ այն հիմար վարդապետից... բայց ի՞նչ արինք մենք, ինչ գործ կատարեցինք — իսկապես — ոչինչ...: Մեզ մնում է քառասուն օր ևս, երբ “զկնի հինանց”, մեր հիմար պապերի ավանդության համաձայն — հարսանիք անելը թույլատրվում է: Ա՛խ, եթե այս քառասուն օրերը ևս անցնենք առանց որևիցե գործ կատարած լինելու, առանց պսակելու մեր նպատակը, ո՛ւֆ, այդ մա՛հ է, մա՛հ...: Ո՛հ, հեռացե՜ք, գիշերադեմ մտքեր...: Ես մաղեցի բոլոր աշխարհը իմ օգուտը գտնելու համար, բևեռից բևեռ էի ես լարում իմ որսողության ուռկանները, բայց երբեք և ո՜չ մի ժամանակ ես չմնացի անճար, ամեն ինչ հնարավոր էր դառնում ինձ համար, ո՛հ, ասես թե մի գերբնական զորությամբ` բոլոր բնությունը հնազանդում էր ինձ...: Բայց այժմ մնացել եմ անճար մի հպարտ և հաստատամիտ օրիորդի և մի հանդուգն, անագորույն տղամարդի ձեռքում:

 

“Սողոմոն-բեկը հիմար է, որպես գառնուկ, նրանից կարելի է շորթել, ո՜րքան կամենաս...: Բայց վա՛յ թե ես չկարողանամ որսալ նրա սրտի սիրուհին. այն ժամանակ, ո՛հ, կորա ծ են իմ բոլոր հույսերը...”:

 

Ռես Վասակյանը երկար մտածելուց հետո կանչեց յուր մոտ յուր քույրը:

 

— Քույրիկ, — –– ասաց նա կոտրած սրտով. — քեզ հայտնի է այն նպատակը, որի համար քեզ հանձնարարեցի ծառայել պարոն Աշխարունու աղջկանց վարժարանում. բայց դու մինչև այսօր չբերիր մեզ մի հուսալի լուր օրիորդ Սալբիի մասին:

 

— Ա՛խ, եղբա՜յր, — պատասխանեց հառաչանոք նրա քույրը. — օրիորդ Սալբին ասես թե դևերից յոթն օր առաջ ծնված լինի և սատանաների ծիծ է ծծել... Դու կարծում ես, թե նրա հետ համարձակ կարելի՞ է խոսել, ոչ... արծվի նման ծվատում է և օձի նման թույն է թափում...:

 

— Ուրեմն, ի՞նչ ես կարծում դու, չէ՞կարելի...

 

Ռեսի ձայնը խեղղվեցավ սրտի վրդովմունքից: Նրա քույրը հասկանալով, թե յուր եղբայրր ի՞նչ էր կամենում ասել՝ պատասխանեց.

 

— Ես ամենևին հույս չունիմ, որ այդ սատանայի պտուղը համոզվի սիրել Սոլոմոն-բեկին, քանի կենդանի է նրա նշանածը — պարոն Ռուստամը:

 

“Արդարև՜, նրա մա՜հը, մա՜հը կպսակե մեր նպատակը... ա՛խ, իսկ այդ ցանկալի մահը չէ՜ հաջողվում մեզ…”, մտածեց նա դիվական ախորժանքով:

 

Քրոջ խոսքերից ավելի հուսահատված, Ռես Վասակյանը վեր կացավ, հագուստը փոխեց և գնաց Ավազակենց տունը Զատիկ շնորհավորելու համար:

 

Սոլոմոն-բեկը, այն օր հիվանդ ձևանալով, չէր ընդունում ավելորդ այցելուներ, բայց լսելով Ռեսի գալուստը, հրամայեց, որ յուր մոտ կանչեն:

 

— “Շնորհավոր Զատիկ, Քրիստոս հարյա՛վ ի մեռելոց”, — ասաց Վասակյանը, բռնելով նրա ձեռքը:

 

— Սև՛ և դժբա՛խտ Զատիկ, “զի Ռուստամ հարյավ ի մեռելոց...”, պատասխանեց տրտմությամբ մելիքի որդին:

 

Եվ իսկապես, պարոն Ռուստամը միջինքից հետո, բոլորովին առողջանալով, վեր էր կացել յուր մահճից, և օրեցօր կազդուրվելով նրա կազմվածքը՝ խափանում էր նրանց հույսը յուր մահվան վերաբերյալ:

 

Ծառաները իմացում տվին, թե պարոն Արամ և տիկին Սալլաթին Աշխարունիները կամենում էին ներկայանալ: Նրանք իրանց խոսքը կիսատ թողին, և ընդունելով մի փոքր ուրախ և զվարթ կերպարանք, պատրաստվեցան ընդունել պատվելի այցելուները:

 

Սովորական շնորհավորությունից հետո, պարոն Արամը և նրա կինը, քնքշությամբ համբուրելով Սոլոմոն-բեկի և Ռեսի շրթունքը, քաղաքավարի կերպով նստեցին նրանց մոտ:

 

Ծաղկավանում, մի ասիական կեղտոտ սովորության համաձայն, օրենք չէր կանանց՝ մարդկանց այցելության գնալ, և նրանց հիտ շրթունք-շրթունքի հպեցնել: Այդ պատճառով, տիկին Սալլաթինի այսօրինակ համարձակությունը և նրա տարապայման ընթացքը խիստ խոտելի էր թվում ռամիկ ծաղկավանցոց աչքին, ո՛ւր մնաց, որ ա՜յդ նրանք համարում էին մի արտաքո կարգի լրբություն:

 

Ռես Վասակյանը նկատեց, որ Սոլոմոն-բեկը չէր մտածում զբաղեցնել հյուրերին խոսակցությամբ, ո՜ւր մնաց, որ նա խոսել անգամ չգիտեր: Բայց քանի որ ինքր ձիրք ուներ կոտրատել ամեն տեսակ նյութերի մասին, քաշկռտվիլ ուսումնական խնդիրների մեջ, և երբեմն, որպես հմուտ աստվածաբան` վերասլանալ մտքով դեպ վերացական գաղափարները — Ռես Վասակյանը, պարոն Աշխարունուն հաճոյանալու համար, ասաց.

 

— Թեպետ Ավետարանի ճշմարիտ վարդապետության համա — ձայն, մեզ, քրիստոնյաներիս համար չկա որոշված տոներ, կյուրակիներ, ամսամուտներ և այլ հանդիսավոր օրեր, թեպետ մեզ, քրիստոնյաներիս չէ թույլատրված ավետարանական կրոնի մեջ պաշտել հեթանոսական սովորություններ, բա՜յց տոներին հարգ տալու սովորությունը ժամանակի խորին հնությունից, ավանդորեն գալով՝ հասել է մինչև մեր օրերը, և մեր կյանքում, սնվելով մեր շունչի, մեր արյունի հետ, և միանալով մեր հանճարի, մեր մտքի ու ամբողջ մեր իմացականության հետ — դարձել են, համարյա՜, մեր հոգու մի մասը և չեն բաժանվում մեզանից: Մտածեցե՜ք, ար — ժանապատիվ պարոններ, թե որքան անհեռադրելի է նախապաշար — մունքը և. կույր հնամոլությունը...: Այսօր իմաստությունը և հիմարը, լուսավորյալը և խավարամիտը, աղքատ թե հարուստ` բոլորը ուրախանում են Զատկի տոնախմբությամբ...:

 

Ռեսի խոսքերի հեղեղը մինչ ա՜յն աստիճան պաշարեց պարոն Աշխարունուն, որ նա չկարողացավ ոչինչ պատասխանել: Եվ Ռեսը, առանց պատասխանի սպասելու — առաջ տարավ.

 

— Քանի Ավետարանի ճշմարիտ լույսը չէ ծագում մեր ազգի վրա, քանի նա հայերի համար դրված է գրվանի տակ, քանի ճշգըրիտ ուսում և գիտությունը անմերձենալի են հասարակ ժողովրդին, և քանի նրանք՝ թողնելով սուրբ գրքերի ճշմարտաքարոզ վարդապետությունը, կհետևեն հայրապետական մոլորություններին — ճշմարիտ եմ ասում, ա՜յնքան ժամանակ կապրեն նրանք իբրև լոկ նյութական մարմիններ, զուրկ մարդկության հոգևոր մասնից:

 

Նա կտրեց յուր ուսած և սերտած ֆրազները, որոնցով միևնույն բանը արտաբերում էր այլևայլ դարձվածքներով, և աչքով արեց Սոլոմոն-բեկին, որ մի բան ևս նա խոսե:

 

Պատանի Ավազակյանցը, ուշիմ աշակերտի նման, իսկույն հասկացավ յուր վարժապետի միտքը և կարդաց յուր սերտած դասերից մինը.

 

— Ես շատ հույս ունիմ, որ մեր սիրելի հայրենակիցները, պատվելի Աշխարունիների շնորհիվ, միշտ զուրկ չեն մնալու Ավետարանի լույսից, և առավելապես հուսով եմ, որ ո՜չ միայն Ծաղկավանը կփառավորվի նոր կրոնի լուսով, այլ բոլոր Պարսկաստանիմեջ պայծառապես կշողշողա քրիստոնեական հավատքի դրոշակը:

 

Թեպետ պարոն Աշխարունին յուր մտքի մեջ ուրախանում էր կեղծավորների մի փոքր առողջ դատողության վրա, բայց նրան դուր չգալով Սոլոմոն-բեկի առերես գովասանությունը՝ կտրեց նրա խոսքը, ասելով.

 

— Մենք ո՜չինչ ենք, մենք ևս Քրիստոսի մեղավոր պաշտոնյաներ ենք, տերը ինքը կօգնե մեզ` ձեզանով, մյուսներին հոգ տանել նրա եկեղեցու հաստատության համար:

 

Լսելով նրա ցամաք պատասխանը, Ռես Վասակյանը խոսքը փոխեց.

 

— Բայց, ներողություն, պարոն, բյուր անգամ ներողություն. մենք զբաղվելով այդ խոսակցություններով, որ այնքան մոտ են մեր սրտին, արդեն մոռացանք` մի բանով պատվասիրել ձեզ, և ձեզ, պատվելի տիկին, դարձավ նա դեպ տիկին Սալլաթինը: — Հրամայեցե՜ք խնդրեմ ճաշակել մի փոքր այդ բիբլիական խորոված գառնից, կամ մի պատառ այդ իսրայելյան պասքայից, չէ՞ որ Քրիստոս ինքը, իբրև մարդ, ենթարկվեցավ հնամոլության ազդեցությանը... բայց խնդրեմ ներել իմ այդ կատակը: Կամեի՞ք մի բաժակ օղի կամ մի փոքր գինի:

 

Պարոն Աշխարունին հայտնեց, թե ինքը սովորություն չուներ ոգելից ըմպելիք գործածելու: Նույն ժամանակ հրամայեցին, որ շուտով թեյ մատուցանեն: Թեյից հետո Աշխարոլնիները հեռացան ավազակյանների տանից, լի ուրախ մտքերով, որ այդ երկու անձինք, որ այդ երկրի մեջ մեծ համարում ունեին, մինը՝ յուր իշխանությամբ և արծաթով, մյուսը` յուր հնարագիտությամբ և խոլքով — արդեն իրանց կամակից և սրտակից էին: Բայց իզուր, պարոն Աշխարունին խաբված էր — “արջերը ման էին գալիս փեթակի բոլորտիքը` այդ մեղրի սերիցն էր”:

 

Ռես Վասակյանը մի քանի ժամ ևս մնալով Սոլոմոն-բեկի մոտ, մի փոքր հույս տալով նրան, մի փոքր մխիթարելով, դուրս գնաց, ճանապարհին անիծելով յուր փոխադարձ բախտը, որով ոչինչ նրան չէր հաջողվում, և ընդհանրապես, հանդիպում էին նորանոր արգելքների:

 

ԻԵ

 

ԳԱՐՈՒՆ

 

Զարեհավանի գարունը լինում է շատ գեղեցիկ:

 

Հին և պատմական անուն կրող Զարեհավանը հանդիսանում է գարնան մի շքեղազարդ պատկեր՝ նկարած տխուր և տրտում հիշողություններով: Այստեղ արևը, ամեն առավոտ, վսեմ փառահեղությամբ երևան է գալիս Ուրմիո լճակի միջից, և նրա կարմրագույն երեկոյան վերջալույսի մեջ հիանալի նկարվում են մեծ Արավուլը և Դուշմանա սարերը՝ իրանց բարձր, ձյունապատ գագաթներով: Եվ Սոլայի հեղեղատը, ընդունելով բյուրավոր առվակներ նոր հալված ձյունի վտակներից, հորդանում է, բարձրանում է, և հազարավոր ճյուղերի բաժանված՝ գոռալով, ֆշֆշալով, վազում է, ոռոգելով ամբողջ հովտի երեսը: Նույն ժամանակ, կարծես մի կախարդական զորությամբ, մեռած գետինը կենդանանում է, և շուտով կանաչեղեն սփռոցը, անթիվ գույներով զարդարված, ծածկում է հարթ և հավասար դաշտը:

 

Մշակը, լի ուրախությամբ, դուրս է գալիս դաշտը. լսելի է լինում գութանի ճռնչալը խոր ակոսների մեջ. խոփի արծաթափայլ շողշողալը աչք է ծակում, և մաճկալի կրակոտ երգերը– հիանալի են:

 

Բա՜յց այստեղ երկրագործի երգերը չունին այն ուրախալի և կենդանի զվարթությունը. նրանք երգվում են, ասես թե ակամայից: Նրանք ավելի նման են թաղման տաղասացությունների...: Այստեղ անբախտ երկրագործը հերկում է երկիրը տխուր և հուսահատ սրտով: — Նա երբեք հույս չունի հավաքել մի հասուն հունձք... որովհետև, շատ անգամ, նրա կանաչ և դեռահաս հասկերը կերակուր են դառնում բարբարոս ասպատակների ձիաներին. և շատ անգամ ևս հնձած ցորենի դեզերը կրակի ճարակ են դառնում անգութ թշնամու ձեռքով, որ սովորաբար միշտ հարձակվում է այդ երկրի անբախտ բնակիչների վրա և կողոպտում է նրանց բոլոր ստացվածքը:

 

Այդպիսի անհանգիստ և անբախտ դրության մեջ գտնվելով, Զարեհավանի բնակիչ հայերը, թողնելով օրհնյալ երկրագործությունը և ընդունելով մի փոքր բարբարոսական բնավորություն, իրանց կյանքը ընծայեցին խաշնարածության: Դատարկաշրջիկ խաշնարածը, որևիցե հաստատ կացություն չունենալով, ավելի նվազ է ենթարկվում հալածանքի նեղիչ ազդեցություններին, և ավազակների ասպատակություններից շատ անգամ ազատվում է նա: Երբ չէր կարողանում դեմ դնել յուր թշնամուն, նա յուր հոտերով, յուր վրաններով տեղափոխվում է դեպ սարերի ավելի խորին հեռավորությունները: Այդ պատճառով, Զարեհավանում, հայերը երբեք չեն աշխատել հաստատ տուն ու տեղ ունենալ: Իսկ վաճառականությունը մի երկրորդական բան է. ո՜չ ոք ավազակների երկյուղից չէ կարող ցույց տալ, թե ինքը ունի արծաթ:

 

***

 

Կանաչ կյուրակեի երկուշաբթի օրն էր, երբ վաղ առավոտյան Ծաղկավանի մեջ լսելի եղավ զուռնայի սուր և ձգական ծլվլոցը, և դհոլի դաշնակավոր դմբդմբոցը:

 

Գյուղի ծերունիները անդադար ելումուտ էին անում տեր-Առաքկենց տունը. երևում էր, որ մի գործի համար խնդրում և հորդորում էին պարոն Ռուստամին, որ չէր կամենում հանձն առնել: Վերջապես ներս է մտնում մըստր Սեյսունը:

 

— Դուք ընդունեցեք գյուղացիների հրավերը, — ասաց նա:

 

— Մի՜թե իմ դեռևս տկար կազմվածքին հարմա՞ր է հանձն առնել մի այդպիսի դժվարին պաշտոն, — պատասխանեց պարոն Ռուստամը:

 

— Բայց, ընդհակառակն, ասում եմ ձեզ, այդ անհրաժեշտ և կարևոր է ձեր առողջությունը կազդուրելու համար:

 

— Այնուամենայնիվ դժվար է:

 

— Ո՜չ, դուք առանց դրա ևս այս տարի պարտավոր եք յայլաղ գնալ՝ սարի մաքուր օդ շնչելու, — կրկնեց բժիշկը:

 

Կամա-ակամա պարոն Ռուստամը ընդունեց բժշկի խորհուրդը, և հանձնառու եղավ կատարել գյուղացիների խնդիրը, որոնք կամենում էին կարգել նրան իրանց գյուղի և Զարեհավանի մյուս գյուղերի իլիաթի վրա Էլբակի, այսինքն՝ մի գլխավոր, որ պիտի կառավարեր սարերում բոլոր խաշնարած և վրանաբնակ հայ ժողովուրդները:

 

Զուռնայի և դհոլի ձայները գնալով սաստկանում էին, և հովիվները ուրախ-ուրախ դուրս էին բերում ոչխարների հոտերը, ձիաների և ավանակների ջոկերը, կովերի և եզների նախիրները՝ իրանց ձմեռանոցներից: Այդ չորքոտանիներից, որոնք ունեին պսակավոր և խայտաբղետ մարմիններ, նրանց մորթերը ներկված էին զանազան կարմիր, կապույտ և դեղին գույներով և նրանց եղջյուրներից ու պարանոցներից կախված էին փոքրիկ բոժոժներ և զանգակներ, որոնց արվեստական զնգզնգոցը, խառնվելով գառների բառանչին, այծերի բըկըկալուն, կովերի բոռալուն, մատակների և նրանց նորածին քուռակների խրխնջալուն, էշերի զռոցին, շների ուրախաձայն հաչոցներուն, — այդ բոլորը կազմելով մի ներդաշնակություն, բնականաբար և բարձրաձայն հնչեցնում էին հովվական կյանքի անմեղ և պարզ պոեզիան:

 

Երբ անասունները դուրս էին եկած գյուղից, նրանցից հետո քշեցին գրաստները, որոնք տանում էին վրաններ, պղնձեղեն կաթսաներ և ուտելու պաշարներ, որոնք սարում հարկավոր էին:

 

Այնուհետև ճանապարհ ընկան նորահարսները՝ հարսանիքի հագուստներով, մանուկ աղջիկները, մանուկ կանայք նույնպես գեղեցիկ զուգված զարդարված, և ամեն մինը նստած մի սիրուն ձիու վրա, նրանց ետևից հասակավոր և պառավ կանայքը` նստած ավանակների, եզների վրա իրանց մեծ-մեծ փաթաթած գլուխներով:

 

Բայց մանուկ տղամարդիկը և նորահաս պատանիք բոլորը վայելուչ կերպով ձիավորված, բոլորը միասին սպասում էին գյուղի մեջ մի լայն հրապարակի վրա: Հանկարծ երևացավ Էլբակին, այնպես սիգապանծ և փառավոր, որպես մի շահ ղաջարյան ցեղից: Նրա արաբացի քահլան նժույգը, ամբողջ ձմեռը վայելած տաք փարախի հանգստությունը, գիրացած և լցված, որպես մի ահարկու աժդահա, խաղում էր, տռտիկ տալիս և ծլունկ լինում: Նրա փայլուն զենքերը վառվում էին և բղբղում նոր ծագած արևի լույսով և նրա երկայն մզրախի գլխում փողփողում էին սև փետրազարդ փնջեր:

 

Երբ նա հասել էր մեյդանում, ուր սպասում էին նրան սպառազինված բազմությունը, հանկարծ արձակվեցան հազարավոր թվանգների բոմբյունք... հնչեցին նվագածություններ, և այդ խառն որոտմունքի միջից գռռացին հարյուրավոր ձայներ. — “թող կենդանի լինի մեր էլբակին...”: Երբ Պարոն Ռուստամը ձեռքը շարժեց, կրկին տիրեց լռությունը:

 

Դատարկվեցան գինվո և օղիի գավաթներ, աստուծուց բարի երթ և բարի հաջողություն մաղթելով, քահանայք կարդացին “Տե՜ր, ուղղյա՜ զճանապարհս դոցա”: Էլբակին առաջ քաշեց յուր ձին, և բոլոր ձիավոր բազմությունը հետևեցին նրան:

 

Այդ միջոցում երբ ամեն աղջիկ յուր սրտում ցանկանում էր այդ քաջարի երիտասարդի հարսն լինել, երբ ամեն մայրերը անձկանոք ուզում էին նրան իրանց փեսա լինել, օրիորդ Սալբին միայնակ իրանց դրացու կտուրին վրա թաքնված վերնապարսպի հետքում, վառվռուն աչքերով հետևում էր յուր հերոսի շարժումներին. “Գնա, ով քաջ, տերը քեզ հետ”, ասաց նա խորին ոգևորությամբ, “քո ճակատին գրված է ոսկի տառերով՝ միշտ զենք կրել և առաջնորդել մի մեծ բազմության...”:

Ծաղկավանը համարյա դատարկված էր բնակիչներից. տներում մնացել էին միմիայն ալևորներ և պառավ կանայքը, մի քանի վարձկան գործավորների հետ, որոնք մնացել էին հողերը մշակելու համար:

 

Ավազակյանց տանից այս տարի ոչ ոք սար չգնաց, նրանք չէին կարող տանել իրանց ատելի տղամարդի գլխավորությունը: Բայց ոչխարները հովիվներին հանձնելով, իրանք մնացին գյուղում:

 

Մահու չափ հարվածք ունեցավ այդ անցքը Սոլոմոն-բեկի վրա. նա չէր կարողանում տանել յուր սրտի կսկծին. սև նախանձը ուտում մաշում էր նրա լերդը: Նա կատաղի հուսահատությամբ խելագարի նման մտավ յուր առանձնասենյակը, և ամբոխված, վրդովված, տարուբերվում էր զարհուրելի մտածությունների մեջ: Երկար այդ տենդանման բորբոքման մեջ չարչարվում էր նա, մինչ վճռեց յուր մտքի մեջ սարսափելի խորհուրդ, մի խորհուրդ, որով մտածեց վերջ տալ յուր կյանքին...:

 

Նա առեց պատուհանից ատրճանակը և բերանը դրեց յուր սրտին և քիչ էր մնում որ քաշեր բացեր նրա չախմախը. այդ միջոցին նրա հետևից մի մարդ բռնեց նրա ձեռքից, ասելով — է՛յ, վա՛յ, ի՞նչ եք գործում:

 

Դա Ռես Վասակյանն էր: Այդ դևը, էլիաթը ճանապարհ դնելուց հետո, գուշակելով յուր տիրոջ ցավալի դրությունը, քանի րոպե առաջ, աննկատելի կերպով, սողացել էր Սոլոմոն-բեկի սենյակը, և մունջ թաքնված էր մի անկյունում, հետզհետե հետազոտում էր նրա բոլոր կատաղի շարժումները, նրա երեսի վայրենի գծագրությունները:

 

— Այդ ի՞նչ փոքրոգություն է, — կրկնեց նա:

 

— Տուր ինձ ատրճանակը, — ասաց պատանի Ավազակյանցը:

 

— Զգաստացեք, ուշքի եկեք, Սոլոմոն:

 

Ա՛հ, մահը, սիրելի մա՜հը միայն ցանկալի է ինձ: Պարոն Վասակյանը, մահու գործիքը պատուհանից դուրս նետելով, բռնեց նրա ձեռքից, նստացրեց աթոռի վրա, հետո հրամայեց ծառային, որ ղեյլան բերեր նրան:

 

Նա չկարողացավ ծխել թամբաքուն, նրա բոլոր մարմինը դողդողում էր տենդանման ջերմախտի մեջ, նրա ձայնը խեղդվում էր, նրա շնչառությունը այնքան զորեղ էր և արագ, մինչև հավաքվել էր նրա բերանում բավականաչափ փրփուր: Նրա վառված աչքերը, երեսի կատաղի գծագրությունները կասկած հարուցին պարոն Վասակյանին, թե իրավ ցնորվե՜լ էր նա, բայց շուտով պառկեց սոֆայի վրա, թմրությունը շուտով տիրեց նրան և սկսեց արտախոսել խառնիխուռն զրույցներ, որոնց միջից շատ անգամ պարզ որոշվում էին — “Եվ թող կենդանի լինի մեր Էլբակին...”:

 

Պարոն Վասակյանը չհեռացավ նրա մոտից մինչև երեկո: Արևը մտնելեն հետո նա զարթեցավ մի փոքր զգաստացած:

 

— Ինչպե՞ս եք զգում ձեզ այժմ, — հարցրուց Ռեսը:

 

— Ոչ շատ լավ, — պատասխանեց նա՝ թույլ ձայնով, միայն հրամայեցեք, որ շուտ տան թեյ և մի փոքր արաղ (օղի):

 

Բանսարկուն մտածեց, թե առավել օգտակար է նրան նույն ժամուն խառնված դրությանը, մի քանի ստերով, մի քանի դատարկ հույսերով առժամանակ խաբելով, հրապուրել նրա միտքը, մինչև կհայտնվեր գործի վերջը:

 

— Այսուհետև ավելորդ են ձեր տխրությունները, — ասաց նա, — որովհետև թեև մեր առաջին ձեռնարկությունները բոլորովին իզուր անցան, բայց այսօր իմ քրոջմեն ստացա խիստ ուրախալի լուրեր օրիորդի մասին:

 

— Ի՞նչ լուրեր, — հարցրուց անհամբերությամբ Սոլոմոն-բեկը:

 

— Օրիորդը այժմ համարյա թե համոզված է ձեզ իրան համար փեսա ընտրելու, միայն մի քանի պատճառներով այժմ չէր կարող վճռականապես խոստանալ և հայտնել յուր հաճությունը:

 

— Ինչ պատճառներ են դրանք:

 

— Հանգամանքները չեն ներում այժմ հայտնել այդ պատճառները, միայն դուք միամիտ եղեք, որ մի. ամսից հետո օրիորդ Սալբին տիկին կունենաք այդ փառավոր ամրոցում:

 

— Դուք միշտ հուսադրում եք, Ռես:

 

— Ես հաստատ գիտեմ, և իմ հուսադրությունները անտեղի չեն:

 

Սոլոմոն-բեկը մի քանի ումպ թեյ ընդունելեն հետո սկսավ անհագ կերպով ծխել ղեյլան, որ նույն ժամանակ կարծես թե նրան դուր եկավ:

 

— Միայն դուք, աղա, — առաջ տարավ խաբեբան, — մի՜ վշտանաք դրա համար, որ գյուղացիք հիմարությամբ ընդդեմ ձեր հոժարության ընտրեցին Ռուստամին էլբակի, բայց ի նկատի ունեցեք, որ այդ նրանց ընտրությունը ավելի ձեռնտու է մեր նպատակի առաջադիմության, և մեզ համար շատ հարկավոր է նրա բացակայությունը Ծաղկավանից, այդ դեպքում նա քանի ամիսներով հեռու կմնա մեզանից, մինչև որ մենք աստուծո ողորմությամբ կկատարենք խորհուրդը:

 

Պարոն Վասակյանը ուռեցնելով Սոլոմոն-բեկի գլուխը ունայն հույսերով, հեռացավ:

 

Բայց պատանի Ավազակյանցը բոլորովին ճշմարտություն համարելով Ռեսից լսածները, մյուս օրվա առավոտյան պահուն՝ կանչեց յուր քույրը Ալմաստին (որ գնում էր վարժարանը ուսանելու) և տվավ նրան մի թանկագին մատանի, պատվիրելով, որ տա օրիորդ Սալբիին: Նրա քույրը դժվարանում էր հանձն առնել այդ ծառայությունը, որովհետև նա վարժարանում եղած ժամանակները քանի-քանի անգամ խոսք էր բացել յուր եղբոր մասին, միշտ ստացել էր կոշտ պատասխաններ, բայց այս անգամ նա ստիպված հնազանդվելով իր եղբոր հրամանին, մտածեց հանձն առնել և փորձել վերջին փորձը:

 

Գարունքը օրեցօր երևան էր գալիս յուր շքեղ կերպարանքով, եղանակը գնալով տաքանում էր: Պարոն Աշխարունիի տան բակի պարտեզը ստացել էր հիանալի գեղեցկություն: Ամսական վարդը, սոխատեսակ ծաղիկները, զամբաղը և հասմիկը, բուրում էին անուշ հոտով: Նշենին, ծիրանին զարդարված էին իրանց սիրուն ծաղիկներով: Տիկին Սալլաթինի աշակերտուհիները, այդպիսի եղանակներում, ըստ մեծի մասին պարտիզում էին սովորում արձակ օդի մեջ, նստարանների վրա, որոնք դրված էին սաղարթախիտ և անթափանցիկ նարվանդի տակ:

 

Աշակերտուհիներից երկուսը՝ հեռացած պարտեզի մի անկյունը, թաքուն խոսում էին.

 

— Աղջի Սալբի, — ասաց նրան բարեկամաբար Ալմաստը, — որքան անգութ ես դու, և գուցե շատ հպարտ, որ չես կամենում ընդունել իմ սերը և իմ բարեկամությունը:

 

— Չէ, Ալմաստ, երբեք հուսալու չէ իմ և քո մեջ մի ճշմարիտ սեր, երբ դու հարուստ ես, իսկ ես աղքատ, երբ դու կհայիս խիստ բարձրից և ամենայն ինչ քո աչքին փոշիի նման կերևի, — ասաց երգիծաբանությամբ օրիորդ Սալբին:

 

— Ա՛խ, որքան ցավեցնում է իմ սիրտը այդ պատասխանը, — կրկնեց կեղծավորաբար Ալմաստը, — հավատա, սուրբ տիրամայրը վկա է, որ ես ամենևին խտրություն չեմ դնում անձիս և թե իմ ընկերներիս մեջ, մտածելով, թե նրանք ամեն բանով ստոր էին ինձանից:

 

— Թեպետ դուք խտրություն չդնեք, բայց ստորներին իրանց չափը ճանաչել արժանի է, հարգել մեծությունը` սուրբ բան է, — ասաց դարձյալ կատակով օրիորդ Սալբին:

 

Ալմաստը ավելի մոտեցավ նրան և փաղաքշանոք բռնելով նրա ձեռքից, ասաց. — Սալբի, աստված գիտե, որ շատ եմ սիրում քեզ և միշտ ցանկանում եմ ունենալ քեզ հետ թարմ սիրո հարակցություն:

 

— Ի՞նչ հարակցություն, — հարցրուց սառնությամբ օրիորդ Սալբին:

 

— Ես կամենում եմ խնամանալ ձեզ հետ խրձիկների (տիկնիկների) միջնորդությամբ:

 

Մի քնքուշ ժպիտ շարժեց օրիորդ Սալբիի վարդագույն շրթունքները:

 

— Ձեզանից, որպես մի չափահաս օրիորդից, ներելի չէ լսել այդպիսի տղայական առաջարկություն, — ասաց խստությամբ օրիորդ Սալբին, — որովհետև խրծիկները, որպես երեխաների խաղալիքներ, չեն ծնուցանում ճշմարիտ սեր. իսկ սերը բխում է բարի և առաքինի սրտերից:

 

— Ես հանաք (կատակ) արեցի, Սալբի, իրավ խրծիկները երեխաների խաղալիքներ են, բայց ես ունիմ մի առանձին պատճառ քեզ սիրելու, պատվելու և պաշտելու:

 

— Ի՞նչ պատճառ էր այդ, — հարցրուց սառնությամբ օրիորդ Սալբին — բայց դուք հասկացեք, որ ես չեմ սիրում կեղծավորություն:

 

Օրիորդ Ավազակյանցը շառագունեցավ ամոթուց, իրավ խոսակցի սառնասրտությունը կապում էր նրա լեզուն, նա չգիտեր, թե ո՜րպես առաջարկեր նրան իր եղբոր հանձնած մատանին:

 

— Սալբի, ես ուզում եմ մի առաջարկություն անել քեզ, միայն խնդրեմ երդվիր, որ ընդունելու ես իմ խնդիրը:

 

— Բոլորովին անկարելի է, որ ես խոստանամ ընդունել մի առաջարկություն, մի խնդիր, որ ինձ առաջուց հայտնի չէր, ուր մնաց, որ երդումով հաստատեի նրան:

 

— Ուրեմն ընդունիր այդ մատանին և ամենայն ինչ հայտնի կինի քեզ:

 

— Ի՞նչ մատանի է այդ:

 

— Առեք ձեր ձեռքը, նայեցեք, հետո կասեմ ձեզ:

 

Օրիորդ Սալբին մատանին առեց և հետաքրքրությամբ սկսեց նայել նրա քարին (ակին), որի վրա ճարտարությամբ քանդակագործված էր մի սիրտ, բոցավառված կրակով, և նրա բոլորտիքը գեղեցիկ տառերով գրված էր “աստված սեր է”:

 

— Այժմ ասացեք, ի՞նչ մատանի է այդ, — հարցրուց օրիորդ Սալբին:

 

— Այդ մատանին իմ եղբայրը, Սոլոմոն՜բեկը, ուղարկել է քեզ, — կարմրելով պատասխանեց Ալմաստը:

 

— Երևի սիրում է ինձ, հա՞:

 

— Հրամեր եք, սիրում է և սիրում է առավել քան յուր հոգին:

 

— Բայց դժբախտաբար ես չեմ կարող սիրել նրան:

 

— Ինչո՞ւ:

 

— Նրա համար, որ որպես մի տերության մեջ չեն կառավարում երկու թագավորներ, նույնպես և մի սրտում չեն կարող լինել երկու սեր: Ալմաստը շփոթվեցավ: — Այդ ճշմարիտ է, — ասաց նա, — բայց պետք է հմուտ ճաշակ ունենալ ընտրության մեջ, և վատը չգերադասել լավեն. իմ եղբայրս փառավորված է աստուծո բոլոր պարգևներով — իշխանություն, հարստություն, ճոխություն, բոլորը ունի նա:

 

— Ես չեմ կամենում իմ անձս վաճառել, թեև գնողներն կամեին գնել նրան այն բաներով, որոնք ավելի փառավոր և վառվըռուն էին հիմար աշխարհի աչքերում, — պատասխանեց օրիորդ Սալբին:

 

— Դուք սխալվում եք, քույրիկ, — ասաց նրան օրիորդ Ավազակյանցը խրատողի ոճով: — Մի մարդ, որ հնար ունի բախտավոր և երջանիկ լինելու, բայց երբ նա իր կամքով ընդունում է աղքատությունը, նշանակում է, որ նա ինքն իրան դատապարտում է:

 

— Սերը չէ որոշում այդ իրողությունները, նրա համար միևնույն է աղքատի խրճիթում բնակվել կամ վրանի տակը և թե փառավոր ապարանքում:

 

— Սերը կույր է, — նրա խոսքը կտրեց Ալմաստը:

 

— Եվ բախտը կույր է, — պատասխանեց օրիորդ Սալբին:

 

— Բայց բախտի մեջ կա վայելչություն, փառավոր կյանք, երջանկություն և այն բաները, որոնց համար որ աշխատում է ամբողջ մարդկությունը. — հավատացնում եմ ձեզ, որ դուք մի օր չարաչար կապաշխարեք ձեր այդ սխալի համար, հավատացնում եմ ձեզ, որ աղքատության մեջ, բացի տրտում և տխուր վշտերի, ոչինչ ավելի գտնելու չեք. — հավատացնում եմ ձեզ, որ իմ եղբայրս կարող է սիրել ձեզ միշտ և բախտավորեցնել ձեզ:

 

— Բայց ես հավատացնում եմ ձեզ, Ալմաստ, որ ձեր եղբայրը մի դատարկ մարդ է, դարձյալ հավատացնում եմ, որ արծաթի ժանգը նստելով նրա սրտի վրա, մաշել է նրանում ամենայն գեղեցիկ բան:

 

Օրիորդ Ավազակյանցը խիստ վշտացավ այդ կծու խոսքերից. տոհմական սնափառությունը շարժեց նրա բարկությունը և նա փոխելով յուր փաղաքշական ոճը, ասաց խստությամբ. ձեր չար լեզուն, ձեր համարձակ և անպարկեշտ սովորությունները, ձեր տարապայման բնավորությունը, իզուր չէ, որ ձեր անձնավորությունը ատելի է արել հասարակության աչքում, և ամեն մարդ պատճառ ունի համարել ձեզ լիրբ և անամոթ:

 

— Ինձ ցավ չէ ընդունել բամբասանք մի անկիրթ ամբոխից, բայց դուք չափ դրեք ձեր լեզվին, եթե կկամենայիք պահպանեք ձեր պատիվը:

 

Այդ խոսակցության ժամանակ վրա հասավ տիկին Սալլաթինը, — Սալբի, Ալմաստ, — կոչեց նա, — դասի ժամանակ է, ի՞նչ եք խոսում այնտեղ:

 

Ալմաստը հեռացավ, գնաց յուր վարժուհու մոտ, բայց օրիորդ Սալբին մնաց յուր տեղում անշարժ: Նույն միջոցին մոտեցավ նրան պառավ Գոզեն:

 

— Արժանապատիվ աղջիկ պարոն, պետք չէր, որ այնպես անքաղաքավարի կերպով վարվելով վշտացնեիք մելիքի դուստրը: Բայց օրիորդ Սալբին մինչ այն աստիճան բորբոքված էր բարկությամբ, որ առանց պատիվ դնելու պառավ աղջկա ծերության, իսկույն յուր սրտի թույնը թափեց նրա վրա՝ ասելով.— հեռու կորիր դու, սատանա, եթե չես ուզում, որ ես այդ միակ աչքդ հավասարեի մյուսին:

 

Գոզեն առանց մի բան խոսելու հեռացավ նրա մոտից:

 

“Այժմ հասկանում եմ այն խոսքերի բոլոր խորամանկ խորհուրդը, որ այդ երկու սատանայի ծնունդները մինչև այսօր ասել և կրկնել են ինձ, — հիշեց յուր մտքում օրիորդ Սալբին, — հողը ձեր գլխին, հիմարներ... դրանք ուզում են խլել ինձնից իմ Ռուստամը, որի հոգին կապված է իմ հոգու հետ, որի աստղը, ճակատագրական նախասահմանությամբ, միավորված է իմի հետ...”:

 

Եվ արդարև, Ալմաստի սրտի մեջ նույնպես թաքնված էր մի գաղտնիք. նրա աշխատությունը ոչ այնքան նրա համար էր, որ յուր եղբոր սիրած աղջիկը միավորեր նրա հետ, ոչ, այլ նա աշխատում էր ձեռք բերել յուր թաքուն նպատակը, այսինքն օրիորդ Սալբիին սիրել տալով յուր եղբայրը, ինքը հնար կունենար խլել նրա ձեռքից այն վայելչագեղ տղամարդը, որ մի օր առաջ այնքան՝ փառավորությամբ դուրս եկավ Ծաղկավանից:

 

Ալմաստի ծածուկ սերը պարոն Ռուստամի հետ ունի յուր ռոմանական հրապուրիչ կերպարանքները...:

 

ԻԶ

 

ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԵՐԻՑ

 

“Գիտեմ, դու կսիրես կարդալ, իմ նազելի Սալբի, թե ո՜րպես անցուցանում եմ ես սարում իմ օրերը առանց քեզ, մեր պարզամիտ հովիվների հետ, արածացնելով մեր անասունները:

 

“Այսուհետև ամեն գիշեր իմ վրանի մեջ նստած, փոքրիկ լապտերիկի լույսով, գրելու եմ քեզ իմ օրագիրը. ա՛խ, ո՛րքան ուրախություն է զգում սիրտս, երբ մտածում եմ, թե դու սիրով կարդալու ես այդ բոլորը:

 

“Գիշերը ծանր է և մթին. ահա` վառվում են բոլոր չադրների՝ առջև օջախները, և պղնձների մեջ եփ եկող կաթնի շոգիները լցրել են օդը ախորժելի հոտով: Հեռավոր սարերի լանջերում տեսանելի են հրավառ կետեր, սնահավատ ճամփորդը սարսափելով անցնում է դրանց մոտից: Դրանք մենավոր հովիվների խարույկներն են, որ նրանք վառել էին սարում մի փոքր կաթ տաքացնելու և իրանց քաղցը հագեցնելու համար: Բայց դու լսում ես, թե ինչպես սնոտիապաշտ պառավները պատմում են զանազան առասպելներ այդ հեռավոր խարույկների մասին՝ իրանց թոռնիկներին ասելով. կամ նրանք թագուցած գանձեր են, կամ այնտեղ մի սուրբի մարմնի մասը թաղված է, և կամ պատառող գայլերը, քավթառները գալիս են գողանալու ոչխարներ, և նրանց աչքերն այդպես լույս են տալիս:

 

“Բայց ես չեմ ախորժում լսել առասպելներ, ես և դու սիրում ենք հրաշալի բնությունը... Բայց ո՛րքան գեղեցիկ է երևացնում նա իրան այստեղ, այս սարերի մեջ...: Այն իրողությունները, որ մինչև այսօր ես երևակայությամբ մտաբերում էի հովվական կյանքի մասին, այն երգերը, որ ա՛յնքան ոգևորությամբ փառաբանում են հովվի անմեղությունը, երբեք չէին կարողացել տալ ինձ մի ստույգ գաղափար այդ օրհնյալ կյանքի մասին, որով ապրել են Աբրահամը, Իսահակը և Հակոբը: Բայց այժմ, սիրելի Սալբի, ափսո՛ս, առանց քեզ ես վայելում եմ այդ բանաստեղծական կյանքի պարզ ու անմեղ պոեզիան: — Հովասուն և աստղազարդ գիշերներ, վարդագեղ արշալույսներ, զեփյուռաբեր և ոսկի առավոտներ, թարմ և կենսատու օդ, հոտավետ ծաղիկներ, կանաչ մարգեր, երգող թռչուններ, — ամեն օր, ամեն ժամ գգվում են, փայփայում են, սնուցանում են մեզ:

 

“Բայց ցավալի սրտով ես նկատում եմ, որ մեր հայերը չունին գեղեցկասեր ճաշակ. նրանք դեռ չեն սովորած զգալ և պաշտել վսեմը և վայելուչը: Հրաշալի բնությունը յուր շքեղությամբ չէ հիացնում նրանց և ոչ յուր կատաղի կերպարանքներով բերում է նրանց սարսափ: Ես զարմանում եմ, թե ինչու դրանց սրտերը, դրանց հոգիները այդքան կոշտ են և անզգա, և իրանց մտքերն այդքան մեռած են...: “Ես ամենևին չեմ տեսնում մի հասուն օրիորդ կամ մի մանուկ տղամարդ, որ իրանց երգերով փառաբանեին արևի առավոտյան հրաշալի ծագումը, կամ թե նստած լուռ և մունջ խորին ոգևորությամբ հիանային վսեմ հափշտակության մեջ, արշալույսի փառահեղ պատկերովը:

 

“Արևմտյան պահուն, արևի վերջալույսը կարմիր, հրագույն ներկերով նկարում է երկնքի վրա հազարավոր կախարդական պատկերներ, տարուբերական ամպերը մի րոպեում տալիս են այդ պատկերներին հազարավոր հսկայաձև կերպարանքներ. նրանք փոփոխվում են... փոփոխվում են... երբեմն զարհուրանք, դժոխք և վիշապներ ձևացնում մեր աչքի առջև... իսկ երբեմն՝ դրախտ, անտառախիտ ծառեր և ծիծաղող հուրիներ...: Բայց հայ մարդը չէ նկատում բնության այդ հրաշարվեստ ճարտարությունները, նա միայն զգում է, որ արևը մտնում է... արևը գնում է հանգստանալու յուր գիշերային կայարանում, որ առավոտյան կրկին լուսավորե իրանց հովիտը: Եվ հայ մարդը, յուր հորիզոնից դեպի մյուս կողմը, յուր ծանոթ սարերի ետևումը, չգիաե թե ինչ կա: Նա չգիտե, թե այն տեղերում նույնպես կան երկրներ և այն երկրների վրա բնակված են յուր նման հայեր, նույնպես ծառայության լծի տակ նույնպես գերության մեջ...:

 

“Բայց հայ մարդը բոլոր աշխարհը կենտրոնացնում է յուր հովտի մեջ... և բոլոր մարդկությունը համարում է թե ծնված է միմիայն ծառայության և ստրկության համար…:

 

“Ես տեսնում եմ ամեն առավոտ նորահաս օրիորդներ, մանկահասակ նորահարսներ, որ գնում են զբոսնելու կանաչ արոտամարգերի մեջ: Առավոտյան ցողը յուր մարգարիտներով թրջում է նրանց ոտքերը, երգող թռչունները բարևում են նույն առավոտը, անուշահոտ ծաղիկները բյուր հրավերք են կարդում նրանց... բայց հայ օրիորդների ականջները խուլ են լսելու այդ ձայներից մինը, նրանց աչքերը կուրացած են նկատելու բնության հրապուրիչ քնքշությունները, նրա գրավիչ ծիծաղը, նրա շռայլ և հրաշափառ պչրանքը...: Ես չեմ տեսնում այդ աղջիկներից ոչ մինը, որ յուր գլուխը, յուր կուրծքը զարդարած վարդերով` հետ դառնար զբոսանքից, և թաքուն յուր չադրի ետևից սողցներ յուր սիրողի ձեռքում մի փունջ ծաղիկ...:

 

“Թեպետ վայրենի կյանքի բնական ազդեցությունն այստեղ տվել է այդ մանուկ աղջիկների, այդ նորահաս կնիկների վարքին մի փոքր ազատություն, մի փոքր արձակ համարձակ ընթացք, և մարդ շատ անգամ տեսնում է հետ քաշված քողի տակից նրանց վարդ երեսները, նրանց անխորհուրդ ծիծաղը և լսում է մի քանի հատ ու կտոր բառեր նրանց խոսակցությունից, բայց այդ բոլորը առանց համակրության, առանց զգացողության, մեքենաբար, սառն և ցամաք...:

 

“Թեպետ մեր վրաններն այստեղ շատ մոտ են կազմված միմյանց և բոլոր խաշնարածների ընտանիքը, համարյա՜, կազմում են մի գերդաստան, բայց միևնույն այդ ամփոփված և խառն կացության մեջ, ամեն մի հանգամանքներում տեսանելի են` անմեղությունը, սրբությունը և հիմարությունը...:

 

“Այժմ հասկանում եմ ես, սիրելի Սալբի, այն խնդրի խորհուրդը, որ շատ անգամ քեզ հետ չենք կարողացել լուծել, թե ինչո՞ւ հայերը չեն ունեցել ազգային բանաստեղծություն:

 

— Ինչո՞ւ, կհարցնես դու ինձանից:

 

“Երբ մենք մեր մտքին, մեր սրտին, մեր կրքերին, մեր զգացմունքներին, մեր բոլոր հոգեկան զորություններին տալիս ենք սանձարձակ ձգտողություն, համարձակ թռիչք և ազատ ներգործություն, նրանք գնալով աճում են, ընդարձակվում են և կատարելագործվում են: Նույն ժամանակ ֆանտազիան, որ բնական է մարդուն, ներշնչում է մեր հոգու մեջ մի մոգական զորություն, և մարդկային միտքը, վառված, բորբոքված այդ աներևույթ կարողությունից, վերասլանում է բնական աշխարհից դեպի գերբնականը, վերափոխվում է մարմնավոր դրությունից դեպի հոգևորը, և այնտեղ, վերին, կախարդական երկնակամարում, հրճվում է, սքանչանում է, զմայլում է վսեմ զդացմունքներով:

 

“Բայց ավա՛ղ, հայ մարդու միտքը, սիրտր, կրքերը և բոլոր հոգեկան զորությունները — հավիտենիթ միշտ ճնշված լինելով մշտնջենավոր ստրկության լծի տակ, կաշկանդված լինելով առօրյա հոգսերից, վարակված լինելով դարավոր խավարի մեջ, մեռած և սասանված լինելով բռնավորի ահից և նրա սրից — երբեք և մի րոպե չեն ունեցել ազատ շունչ, և որպես ասացինք, ազատ թռիչք և ձգտողություններ...: Եվ բնականաբար մի բան, որ միշտ կենում է անշարժ դրության մեջ, նա ապականվում է և փտում է. մի բան, որ օրըստօրե դիմում է դեպի նվազումն և դեպի տկարություն, նա վերջապես սպառվում, ոչնչանում, և որպես հասարակաբար ասում ենք` մեռնում է…:

 

“Բայց հոգին չէ մեռնում, կասես դու, իմ Սալբի. մի կրոնական մտքով՝ նա ընդունակ է, որպէս նեոբողելու յուր ուրախությունները, նույնպես և ողբալու յուր ցավերը:

 

“Բայց թող մնա ավելի խոր գնալը հոգեբանության մեջ, որ վեր է մեր կարողությունից, մենք դառնանք դեպի մեր խոսքը:

 

“Ես փորձ փորձեցի, թե արդյոք կարո՞ղ էի զարթեցնել իմ այժմյան ընկերների հոգու մեջ հայկական նախկին քաջաարտություն և տալ նրանց մի ստույգ գաղափար իրանց ազգի և իրանց հայրենիքի մասին: Այդ պատճառով իր վրանում՝ որոշյալ ժամերում հավաքում եմ մի քանի նորահաս տղամարդիկ. ես կարդում եմ նրանց Խորենացին, Եղիշեն և հայոց ազգի այլ պատմական գրքերը: Ես պատմում եմ նրանց, թե հայերը նույնպես ունեցել են մի ժամանակ՝ տերություն, թագավորություն և զորություն աշխարհի մեջ: Ես ցույց եմ տալիս նրանց այն երկրները, որ առաջ պատկանում էին հայերին և որ այժմ այլք տիրացել են: Ես հասկացնում եմ նրանց, թե մի ազգ, որ չունի երկրի վրա մի կտոր հող և ապրում է օտարի հողի վրա, այդ ազգը կլինի այն հողատիրոջ ծառան, նրա ստրուկը, և այդ ազգի աչքերից երբեք չեն պակասելու արտասուք և լաց:

 

“Քանի օր է, որ շարունակում եմ իմ դասերը, և իմ սիրելի ունկնդիրները խորին ուշադրությամբ լսում են: Ես նկատում եմ մի բան, որ գաղտնի կերպով եփ է գալի նրանց սրտի մեջ. նրանց արյունը բորբոքվում է, նրանց կրծքերը բարձրանում են, և ես տեսնում եմ հայասիրության սուրբ արտասուքն անձրևում է նրանց աչքերից...:

 

“Ի՞նչ անեն հայերը, ի՞նչ հող ածեն իրանց գլխներին, մի՜թե առանց ուսումի, առանց գիտության և առանց լուսավորության մարդ կարո՞ղ է կատարյալ մարդ լինել, յուր օգուտը ճանաչել, յուր վնասը հեռացնել, յուր ազգը սիրել և յուր հայրենիքը պաշտել:

 

“Հայը յուր աչքերը բացում է՝ իրան ծառայության և գերության մեջ է տեսնում: Նա չէ հասկանում, թե ինքը նույնպես մի մարդ է աշխարհի մեջ և ունի մարդկային իրավունք, հավասարաբար վայելելու այն բոլոր շնորհքները, որ աստված պարգևել է մարդուն: Նա չէ հասկանում, թե աստված այդ երկիրը յուր բոլոր բարիքներով մարդու համար ստեղծեց, և ինքն իբրև մարդ բաժին ունի դրանից: Նա չէ հասկանում, որ բոլոր մարդիկ մի տեսակ են ստեղծված, մի կերպարանք ունին, բոլորն էլ ազատ են և ամենեվին մեկն իրավունք չունի իշխելու մյուսի վրա:

 

“Բայց երբ ճշմարտությունը վարագուրվում է խաբեությամբ և արդար իրավունքը փշրվում է հաղթահարության ու բռնության ոտքի տակ, այն ժամանակ մարդը յուր իրավունքը առաջ տանելու համար պարտավորվում է գործ դնել յուր ֆիզիկական զորությունը — յուր թուրը:

 

“Ես աշխատում եմ տալ իմ ընկերներիս տեղեկության այդ բոլոր իրողությանց վրա: Ես աշխատում եմ բաց անել նրանց միտքը, նրանց աչքը և նրանց ձեռքը: Իմ դասերը լինում են գիշերներով, լուսնյակի կաթնագույն լուսով, երբ բոլոր չադրների մեջ քնած են լինում հովիվները: Բայց առավոտյան և երեկոյան պահուն իմ նորահաս աշակերտներիս պարապեցնում եմ զինվորական կրթություններով: Նրանք այժմ խիստ վարժ են կառավարելու իրանց ձիաները և շարժելու զենքերը:

 

“Եվ ես ուրախությամբ նկատում եմ, որ քաջազնական արյունը դեռ բոլորովին չէ սառած Հայկա որդիների երակների մեջ: Եվ այս օրերում մի անցք փորձով ցույց տվեց և նրանց արիությունը կռվի մեջ: Մեզանից մի քանի մղոն հեռու Ճարայան սարերի մեջ իջևանել էին մի քանի չադրներ՝ քրդստանցի հայ խաշնարածներից: Հանկարծ մեզ լուր հասցրին, թե Ռավանդները կողոպտեցին նրանց չադրները և տարան նրանց անասունները: Մի ակնթարթում ավելի քան հիսուն սպառազինված տղամարդիկ գտնվեցան ձիաների վրա. նրանք կայծակի արագությամբ հասան ավազակներին Ծաղկաձորում. կռիվն սկսվեցավ մի նեղ փապարում: Քրդերն ավելի քան երկու հարյուր ձիավոր էին, նրանք կռվում էին զարհուրելի կատաղությամբ: Բայց մեր քաջերից ամեն մինը մի ասլան էր դարձած. ես զմայլած էի ուրախությունից, չէ՞ որ, Սալբի, երկար ժամանակ է, որ կռվում չէի եղած: Ամբողջ մի քանի ժամ տևեց կռիվը, որ և վերջացավ մեր հաղթությամբ: Մենք թափեցինք ավարը, խլեցինք ավազակներից ձիաներ և զենքեր, սպանելով նրանցից տասնևերեք հոգի, մյուսները վիրավորված՝ բոլորը փախան: Բայց մեր ընկերներից սպանվեցավ միայն Մուրադի որդի Քյալաշը և հինգ հոգի էլ ստացան անվնաս վերքեր:

 

“Դու չես տխրելու, Սալբի, լսելով, որ ես մի թեթև վերք եմ ստացել աջ թևիս, դու կմտածես, որ անվնաս է դա, որովհետև այժմ համարձակ գրում եմ քեզ: Բայց հայտնիր, խնդրեմ, մըստր Սեյսունին, թող ուղարկե իմ և ընկերներիս համար մի փոքր սպեղանիք:

 

“Բայց, իմ սիրելի, մի զարմանալի անցք, որ պատահեցավ կռվի սեջ, մինչև այժմ ո՜րքան մտածում եմ, չեմ կարողանում ոչ մի կերպով մեկնել ինձ: Դու գիտես, սնահավատությունն ինձ համար ծիծաղելի բան է, դու գիտես, ես ամենևին չեմ հավատում այն գերբնական կամ աներևույթ կոչված զորություններին: Բայց և այնպես, այդ գաղտնիքը մնում է ինձ համար անլուծելի, թե ի՞նչ էր այն, որ պատահեցավ ինձ...: Մի ահարկու քուրդ, դարան մտած քարի հետևում, ուղղեց դեպի ինձ յուր հրացանը, յոթն այլ քրդեր պաշարեցին իմ բոլորտիքը, վտանգը հեռու չէր ինձանից...: Հրացանները ճայթեցին, ես կորա ծխի մեջ... բայց ի՞նչ էր այն, չգիտեմ... թե որպիսի աներևույթ ձեռք ազատեց ինձ... մին էլ աչքս բաց եմ անում, տեսնում եմ՝ որ իմ ձիու վրա գտնվում եմ ավելի ապահով տեղում, իմ ընկերների մեջ, որոնք, ինձ միայնակ թողնելով, հեռացել էին դեպի քարափի մյուս կողմը… թող մնա այդ, գուցե ծիծաղես ինձ վրա, Սալբի, թե երկյուղը ծնուցել է իմ գլխում երևակայական ցնորք, դառնանք դեպի մեր խոսքը:

 

“Ահա՜ այդպես, իմ նազելի, նայիր, թե կրթությունն ինչ հրաշքներ է գործում մի անուս ռամիկ ամբոխի վրա, և դու կտեսնես, թե մարդիկ միօրինակ ստեղծվածներ են, թե նրանց մեջ մինը չկա, որ ստեղծված լինի “անոթ ընտրության” և մյուսը՝ “անոթ ապականության”:

 

“Ես իմ ընկերների մեջ ազգային սերը զարթեցնելու համար, բացի այլևայլ հնարքներ գործ դնելը, ուսուցել եմ նրանց մի քանի ազգային երգեր: Նրանք խորին ոգևորությամբ երգում են “Ա՛խ, թե իմ ալևոր հերքս սևնային” սքանչելի երգը: Եվ իմ հոգիս փառավորվում է, երբ շատ անգամ կեսգիշերային պահուն, կամ արևածագից առաջ, հեռու սարերի մեջ, լսում եմ մի հիանալի ձայն՝ “Տե՜ր, կեցո՜ դու զհայս”: Ահագին լեռնաժայռերը կրկնում են կախարդական երգի արձագանքը: Բայց մեր վրանաբնակների սրտերն առավել կարծր են, քան թե այն պինդ քարաժայռերը. նրանք չեն զգում և ո՜չինչ այդ երգից, նրանց համար այդպիսի ձայներ, ասես թե քամիներ են հնչում...:

 

“Բայց նրանք մեղ չունին, երգերը հորինած են այնպիսի լեզվով, որ անհասկանալի են ռամիկներին: Այդ պատճառով ես մտածեցի հորինել մի քանի տաղեր այդ երկրի աշխարհիկ բարբառով, որպեսզի մոտ լինեն ռամիկների սրտին և նրանց հասկացողությանը. և այդ տաղերը, հույս ունիմ, որ թե՜ կազդեն և թե՜ կներգործեն նրանց սրտերին և զգացմունքներին:

 

“Բայց ես շատ ափսոսում եմ, իմ նազելի, որ դու այստեղ չես. ես գիտեմ, որ դու էլ կաշխատեիր հավաքել մի քանի նորահաս աղջիկներ և կուսուցանեիր նրանց երգեր և իրանց ազգի պատմությունը: Բայց սիրտս ճաքում է, երբ շատ անգամ լսում եմ, թե ինչպես այստեղ աղջիկները երգում են օտար ազգերի լեզուներով և մայրերը նանիկ են ասում օտար ազգի բարբառով:

 

“Բայց մի քանի օր առաջ, որսորդության համար, ես միայնակ իմ ձիով, գնացել էի հեռու սարերի մեջ. այնտեղ, մի նեղ հովտում, հանդիպեցա մի քանի աղքատիկ չադրների, որ ավելի նման էին թափառական ղարաչիների չադրներին: Ավազակները, կարծես թե, դեռ նոր էին հեռացել այդ անբախտ չադրներից, այնքան տխուր և տրտում էր նրանց տեսքը: Ես իմ ձիուց իջա աղբյուրի մոտ` մի փոքր հանգստանալու, ինձանից ո՜չ այնքան հեռու կազմած էր մի վրան. արևը յուր կիզող շողքերը ներս էր կաթեցրել նրա պատառոտած ճեղքերից: Մի մանկահասակ կին, տխուր, բայց վայելուչ կերպարանքով, ճոճում էր յուր տղայի լանտիկը, որ քարշ էր տված չադրի երկու սյուներից: Նա խիստ ցավալի ձայնով եղանակում էր այս ողբալի օրորոցի երգը: Հնչող քամիները նրա ձայնը տանում էին հեռո՛ւ և խառնում մուզաների ձայնի հետ...:

 

“Նանիկ արա, սիրուն որդյակ,

Դու նանի՛կ, նանի՛կ, նանի՛կ,

Նանիկ, արա, շուտ մեծացի՜ր,

Քեզ մատա՛ղ է իմ ջանիկ:

 

“Օրորոցդ մոր ձեռքով՝

Մեղմիկ, հանդարտ՝ կշարժեմ,

Քո մեռած հոր հիշատակը

Քեզ երգելով կպատմեմ.

 

“Հայրդ էր հզոր առյուծ,

Այն քաջ արին Երվանդ,

Նա ուներ դեպի յուր ցեղը`

Շատ սեր, շատ գութ, շատ եռանդ:

 

“Մի օր հեծավ յուր սև ձին,

Ելավ նա դեմ ոսոխին,

Յուր հետ յուր քաջ ծառաներ`

Գնաց վանել թշնամին:

 

“Թշնամին էր քաջն Ռավո՝

Այն վիթխարի աժդահան`

Զարկեց հորդ սրտի մեջ

Յուր նիզակը հոգեհան:

 

“Զարկեց հորդ սպանեց,

Մեր հոտերն ավար տարավ,

Վրանները կողոպտեց,

Նա մեզ ոչինչ չթողավ:

 

“Նանի՛կ արա, աչքի լո՛ւյս,

Նանի՛կ, որ շուտ մեծանաս՝

Քո անտերունչ քաջ ցեղին

Հորդ փոխան տիրանաս:

 

“Մեր ծաղկավետ սարերը,

Մեր խոտավետ արոտներ,

Արածում են թշնամիաց

Եվ օտարներու հոտեր.

 

“Մեր պաղ, հստակ աղբյուրներ

Պղտորում են պիղծ շրթունք,

Մեր թշնամյաց կուրծքերը

Զարդարում են մեր ծաղկունք:

 

“Հպարտ, ազատ մեր ցեղը,

Ամոթալի հիշատա՛կ…

Ծռել է յուր պարանոց

Մեր հաղթողի լծի տակ:

 

“Իսկ մենք պանդուխտ, անտերունչ,

Թափառում ենք սարեսար,

Օտար ձեռքերու կարոտ,

Հողի՛ն եղած հավասար:

 

“Անա՜րգ, գերի՜, անպատի՜վ,

Որպես պիղծ ազգ, անամոթ,

Թքում են մեր երեսին,

Ապտակ զարկում մեր գլխին:

 

“Նանի՛կ կասեմ, իմ հրեշտակ,

Նանի՜կ կասեմ երգելով,

Նանի՛կ կասեմ երգելով,

Ողբերգելով ու լալով…:

 

“Երբ մեծացար ասաուծով,

Ա՜ռ հորդ նետ-աղեղը,

Հեծի՜ր նրա նժույգը,

Կրկին տիրե՜ քո ցեղը:

 

“Խնդրե՜ հորդ վրեժը

Այն սեգ, անգութ հաղթողին,

Ա՜ռ նրանից հոտերը,

Արտաքսե մեր սարերեն:

 

“Նորա երկաթի կուրծքի մեջ

ԴՈԼ էլ ցցե՜ քո մզրախ,

Երկու բուռն արյունից

ԴՈԼ խմե ուրա՜խ-ուրա՜խ45:

 

“Խմե՜, և թո՜ղ զովանա

Քո մոր կրակված սիրտը,

Խմե՜, և թո՜ղ հանդարտվին

Հորդ կարոտ ոսկերքը:

 

“Նանի՛կ կասեմ, դու քնե՜,

Ո՜վ իմ հրեշտակ արդար,

Քնե՜, զի դու միայն ես

Մորդ սրտին մխիթար...”:

 

ԻԷ

 

ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

 

“Արդարև, դու, իմ սիրելի Սալբի, կարդացիր այրի կնոջ օրորոցի երգը, ես հույսով եմ, որ այդ կախարդական երգը միևնույն ազդեցությունն արած կլինի քո սրտին, ինչ որ արավ իմի. ես հույսով եմ, որ դու առանց արտասուքի, առանց սրտացավության չես կարդացել այդ երգը:

 

“Բայց այդ ի՞նչ ողբալի երգ է, որ լսելի է լինում, հեռու, այս ասիական սարերի մեջ, այդ ի՞նչ սգավոր մայր է, որ այսպես ցավալի կերպով ճոճում է յուր որբիկի օրորոցը, և այնպես այրված, կրակված սրտով ցանկանում է` օր առաջ մեծանար յուր տղան և տիրեր յուր ցեղին ու հոր կորուսած երկրներին:

 

“Այդ հայի մոր ձայնն է, Սալբի, այդ այն սգավոր այրիի ձայնն է, որ այդպես ցավալի եղանակով հնչում է ասիական սարերի մեջ... բայց հայոց տիկնայքը ձայնակից չեն լինում նրան... և ո՜չ հայոց որդիների ականջներն են լսում այդ մոգական ձայնի ազդու հնչյունները...:

“Ահա՜ քեզ օրորոցի երգ, ահա՜ քեզ մի քաջազնական կրթության սկզբունք:

 

“Ամենից առաջ մայրը ցանում է յուր երեխայի ամուլ և դեռ բնությունից ոչինչ չընդունած գլխի մեջ ազատության սերմերը: Այդ բարեպտուղ սերմերը, — ոռոգելով մայրական կաթնով, որ բխում է մի ջերմ, ախտաբորբոք սրտից, — քաջազնական երակներից ծլում են, աճում են և հասունանում են երեխայի հասակի հետ:

 

“Առաջին խոսքերը, որ մայրը խառնում է յուր երեխայի օրորոցի երգերի մեջ, չեն կրոնամոլական անհոգի և տաղտուկ քարոզներ և ո՜չ սնապաշտական առասպելներ, այլ երեխայի հոր և նրա պապերի պատմությունը, իրանց կորուսած երկրների, սարերի, դաշտերի և հովիտների գեղեցկությունները, անտառների ու թփերի ծաղկավետ հոտավետությունները, իրանց հոտերի, անասունների կողոպտվելը, թշնամու հաղթությունը և իրանց ցավալի գերությունը...: Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե երեխայի ականջները լսում են յուր մոր այդպիսի խոսքերը, և առաջին գաղափարը, որ կերպարանագործվում է նրա թարմ երևակայության մեջ, է վրեժխնդրության կատաղի նախանձը:

 

“Այդ մի սուրբ նախանձ է... Սալբի. այդ ազգասիրության աստվածեղեն նախանձն է, որ ամեն կրքերից առաջ պիտի բնավորվի մեր երեխաների հոգիների մեջ:

 

“Բայց այս պաշտելի այրիի երեխան յուր առաջին աչքաբացից տեսել է յուր կողքին դրած հոր թուրը. այն միակ ժառանգական ավանդը, որ մնացել է յուր պապերից, իբրև մի նվիրական սրբություն: Այդ հզոր թրով կտրվել է երեխայի պորտը և նրա ազնիվ արյունը խառնվել է յուր պապերի արյան հետ, որոնք անջնջելի նշաններով մնացել էին այդ քաջության զենքի վրա...:

 

“Իմ սիրելի Սալբի, ես էլ քեզ հետ ծնված ժամանակ, մեր մանկաբարձ դայակը դողդոջուն ձեռքերով դրեց մեր խանձարուրի մոտ մի թուր... և այդ ավանդությունը մինչև այսօր կատարում են հայոց մանկաբարձները, բայց, ափսո՛ս, ո՜չ յուր իսկական խորհրդով... նրանք տվել են այդ խորհրդական իրողությանը մի սնապաշտական կերպարանք — որ դևերը չմոտենային նորածին մանկան և նոր ծննդականին: Եվ այդպես, յուր առաջին աչքաբացից՝ հայ մանուկը սկսում է սովորել սնապաշտություն...:

 

“Բայց փափկությունը և սնահավատությունը՝ սկսյալ տղայությունից, չեն թուլացնում այդ այրիի որբիկի հոգին ու մարմինը: Նա մեծանում է այնքան ամուր, այնքան անխորտակելի, որպիսի են ահագին որձաքարյա ժայռերը, որոնք եղան նրա խանձարուրը: Նա մեծանում է այնքան ուղիղ և բարձրագլուխ, որպես իրան շրջապատող բարձր եղևնիները: Աշխարհի փոթորիկները, կայծակների փայլատակումը, ամպերի բոմբյունները երբեք չեն կարողանում խոնարհեցնել, խորտակել այդ ուղղաբարձ, բարձրադիտակ հասակը: Բայց երբ ճակատագիրը փոխում է նրա բախտը` նա ավելի սիրով գրկում է մահը, քան թե յուր ոսոխի ոտքերը...:

 

— “Այդ այրին հիմար է, որ խոսում է յուր երեխայի ականջներին վրեժխնդրության խրատներ, — ասում է ինձ մի քուրմ սև հագուստներով և սև սրտով — որովհետև վրեժխնդրությունը մեղք բան է. պատճառ` մենք քրիստոնյա մարդիկ ենք, մեր պարտավորությունն այն է, որ չարության փոխանակ բարություն անենք և սիրենք մեր թշնամիներին:

 

“Գնա՜, կորի՜ր, ասում եմ նրան բարկացած, թո՜ղ վրեժխնդրության աստվածը թափե իմ գլխին կայծակ, կրակ, թո՜ղ նա բանա ինձ համար դժոխքի բերանը, բայց ես պիտի գոչեմ, աղաղակեմ այս անբախտ այրիի հետ՝ վրե՛ժ, վրե՛ժ...: Գնա՜, կորի՜ր, սևերես, կրկնում եմ ես՝ մի՜թե այն վրեժխնդիր աստվածը, որ Ադամին դրախտից արտաքսեց արգելված թուզն ուտելու համար և նրա գալոց սերունդը հավիտենական դատապարտության տակ դրեց, աշխարհը ջրհեղեղով կործանեց, Սոդոմն ու Գոմորը ծծումբով այրեց, յուր կամքին անհնազանդ լինողներու համար վառեց գեհենի կրակը, մի՜թե մի այդպիսի վրեժխնդիր աստվածը կարո՞ղ է պատժել ինձ վրեժխնդրության համար: Ո՜չ...: Պատիվ և իրավունք պաշտպանելը սուրբ բան է:

 

— “Ո՜չ, բարեկամ, դուք հետևում եք հին օրենքին՝ “ակն ընդ ական, ատամն ընդ ատաման”: Բայց մենք, որպես քրիստոնյա մարդիկ, պիտի դարձնենք մեր աջ երեսը, երբ զարկեն ձախին, պիտի տանք և մեր վերարկուն, երբ պահանջեն մեր շապիկը...:

 

“Տո՜, մի թող տուր, է՛յ, թե աստվածդ կսիրես, հենց այդ խոսքերն եղան խեղճ հայի տունը քանդողները: Այսօր աշխարհում մի ազգ էլ չկա, որ հայի նման նեղության մեջ լինի: Շատ ազգեր, որ հայի կիսի չափ չկան, ո՜չ մի ազգի առաջ չեն խոնարհեցնում իրանց անպարտելի գլուխը, այլ քաջությամբ և թրի զորությամբ պահպանում են իրանց ազգային անկախությունը: Հապա հա՞յը, միայն խե՜ղճ հա՞յը ամեն տեղ գերի, ամեն տեղ ոտքի տակ ընկած... հենց հա՞յը պիտի կատարե յուր փրկչի հրամանը. ո՜վ յուր թուրը բարձրացնե, նա՜ պիտի յուր անբախտ գլուխը դե՞մ տա...:

 

— “Այդպես է նրա հրամանը:

 

— “Եղբայր, նա մի անտուն, անտեր մարդ էր, եթե դու էլ նրա նման լինես, քո որդիքդ սովից կմեռնեն:

 

— “Նա ինքը կպահե իմ որդոց:

 

“Հա՜, կպահե, գնա՜ խաղաղությամբ հողը մտիր, քո որդիքը միշտ կուշտ են... հա՜, նա կպահե քո որդոցը...:

 

“Կարճելով զրույցներս իմ անտանելի խոսակցի հետ, դառնում եմ դեպի քեզ, իմ անգին Սալբի. բայց դու ներիր իմ մի փոքր անհավատ խոսքերիս, ես կամենում եմ ասել՝ կրոնք ասած բանը չարաչար վնասել է մարդկությանը և առավելապես հայերը կրել են քրիստոնեության վնասը:

 

“Արդարև, ես չեմ կարող ուրանալ քրիստոնեության օգուտները, որ նա հասույց մեր ազգին, գիտեմ, քրիստոնեությունը եղավ մի միջնապարիսպ և չթողեց հայերը խառնվեին իրանց դրացի ազգերի հետ: Նա ազատեց հայերին կուլ գնալուց սասանյան պարսիկների մեջ, և Մուհամմեդի, Արաբիայի ախտալից որդու կրոնքը, ճարակելով բոլոր ասիական ազգերը, չկարողացավ ուտել, մարսել և հայոց ազգը. նա հեռու պահեց հայերին և խաբեբա հույների հետ խառնվելուց:

 

“Բայց հայոց աբեղաները մի այնպիսի խոտորնակի ընթացք տվին քրիստոնեական կրոնքին, և մի այնպիսի թույլ, ստոր, փոքրոգի դիմակի մեջ պարուրեցին նրա ազատ հայացքը, որով քրիստոնեությունը հայերի մեջ մի այլ հոգի չկարողացավ ներշնչել, քան թե այն միակ ստրկության հոգին, որ և իրոք ստացան նրանք:

 

“Հայոց քահանայք միշտ քարոզեցին, թե այս աշխարհս մի փուչ անցավոր աշխարհ է, որ աստված ստեղծել է մարդու համար, որպես մի բով, որի մեջ մարդը, ոսկերչի արծաթի նման, պիտի հալվի, մաշվի և զտվելով մաքրվի` մի նոր փառավոր կյանքի համար մահից հետո...: Նրանք քարոզել են և այն առասպելական խոսքը, թե հայոց ազգի վրա լինելով մի անեծք յուր հին հոգևոր հայրերից, նրա որդիներին այս աշխարհի մեջ չկա հանգստություն, այլ նրանք պիտի հալածվին, վիշտ ու նեղություն կրեն, տնից, տեղից, հայրենիքից պիտի զրկվին, միշտ գերության մեջ, միշտ թշնամու լծի տակ պիտի լինին, որպեսզի դրանցով ապաշխարություն լինի նրանց մեղքերին և ազատվին նրանց հոգիները:

 

“Ահա՜, այդպես, իմ սիրելի, հայոց քահանայքը՝ խոստանալով իրանց ժողովրդին մի նոր կյանք ամպերի մյուս կողմում, միշտ հեռացրել են, միշտ սառեցրել են նրանց սրտերն այս աշխարհից և չեն թույլ տվել նրանց հաստատել իրենց համար երկրի վրա հիմնավոր կացություն, միշտ նրանց հրավիրելու դեպի երկինքը: Եվ այդպիսով միշտ խոնարհություն քարոզելով, միշտ հեզություն քարոզելով, միշտ աղքատություն քարոզելով, թուլացրել են հայերի քաջազնական և աշխատասիրության հոգին:

 

“Աշխարհի երևելի տիրապետողները չեն եղել քրիստոնյա մարդիկ: Թեմուրլենգը, Աթիլլան, Չինգիզխանյանք, Նադր-Շահը, Աղեքսանդր Մակեդոնացին, — բոլոր հզոր աշխարհակալները մարդկության պատմության մեջ, — դու գիտես, Սալբի, ի՜նչ հոգու, ի՜նչ կրոնքի տեր մարդիկ են եղած: Բայց քրիստոնեությունն աշխարհ գալուց հետո դադարեցավ ազգերի քաջագործությունները, քրիստոնեությունը կերավ, մաշեց հռովմայեցոց արևելյան և արևմտյան կայսրությունները:

 

“Խորամանկ Մուհամմեդը ներշնչեց Իսլամի հետևողների մեջ պատերազմասեր և քաջության հոգի, խոստանալով յուր մարտիրոսներին ճեննաթի բանաստեղծական վայելչությունները. և շուտով Իսլամը տիրեց հին աշխարհին: Եվ հայոց քաջազնական հոգին առավել վառվռուն փառքերով փայլում է նրա հեթանոսական դարերում, որովհետև հին քուրմերը աստվածացրին Վահագնին իսկ Տիգրանը, Արշակը և Միհրդաաը դյուցազունք եղան, որովհետև պատերազմի դաշտերում սպանվողները հույս ունեին Օլիմպոսում ընդունել Աթենասի և Արեսի ձեռքից նեկտար և փառաց պսակ: Ահա՜ այդքան կրոնական քաջալերություն կար դեպի կռիվը:

 

“Հայոց եկեղեցին նույնպես երգում է յուր շարականների մեջ անթառամ պսակ և անապական բաժակ ստանալն այն քաջերին, որ նահատակվեցան Ավարայրի դաշտումը: Եվ հայոց եկեղեցին սրբոց դասն է դասում Վարդանին և նրա քաջ ընկերներին: Եվ այդ կրոնական ոգևորությամբ, այդ ջերմեռանդ քաջալերությունն էր, որ պատճառ տվեց հայերին այնպիսի միահոգի սպառազինությամբ մղել այն սաստիկ պատերազմը՝ Զրադաշտի պաշտոնյաների հետ:

 

“Բայց ես չեմ կարծում, թե հայերն այնպես քաջությամբ կարողանային կռվել, եթե կռիվը լիներ հայրենիքի և ազգի ազատության համար: Բայց այնտեղ թշնամին սպառնում էր նրանց կրոնքի կորուստը, և կրոնասեր հայերն իրանց հավատքի համար զոհեցին այնքան շատ տղամարդիկ:

 

“Այդ խոսքերից, իմ Սալբի, դու կարող ես ապացուցանել, թե կրոնքները և կրոնական պաշտոնյաները կարող էին խլել ազգերից նրանց արիությունը և նրանց քաջությունը և ընդհակառակը՝ կարող էին ոգևորել ազգերը դեպի քաջագործություններ: Բայց երանի՛ այն ազգին, որի կրոնքը քարոզում է այդ վերջինը...:

 

“Հայոց եկեղեցին ջերմեռանդությամբ տոնում է Վարդանի և նրա ընկերների հիշատակը: Բայց այնքան շատ հոգիներ, որ մորթվեցան` հույների, պարսիկների, տաճիկների, թաթարների, մոնղոլների սրերով, դրանց հիշատակը կորած է...: Հայոց շարականները չեն անմահացրել դրանց անունները... և ոչ մի հայ եկեղեցական մարդ նրանց զորքի մեջ չէ կատարել յուր գիշերային ժամերգությունը... և պատմությունը թույլ, անհոգի բառերով խոսում է դրանց վրա...:

 

“Օրորո՜ց... դա առաջին դպրոցն է մարդկանց որդիների. օրորոցի ե՛րգ… դա առաջին դասն է, որ մայրերը խոսում են իրանց երեխաների ականջներին: Օրորոցից պատրաստվում է մարդս լինել մարդ այդ բառի բազմախորհուրդ նշանակությամբ: Բայց ի՞նչ խելք, ի՞նչ միտք, ի՞նչ զգացմունքներ կարող են ստանալ հայոց մանուկները այն օրորոցների մեջ, ուր դնում են նրանց իրանց մայրերը: Երբ երեխան ծնված օրից` նրա օրորոցի դաստակից կախում են նրա կրծքի վրա կախարդական բժժանք, հուռութուլունք և մի փոքրիկ խաչ... երեխայի ձեռքի խաղալիքը նրա մանկությունից մինչև նրա մահը, — երբ այդ խաչով քահանան դրոշմում է, կնքում է հանգուցյալի հողադամբարանը...: Անհավատ մայրերը տղայական հասակից ծանրաբեռնում են խեղճ երեխայի գլուխը սուտ առասպելներով — ծառայություն, խոնարհություն, համբերություն, ստրկական հնազանդություն, — այդ բառերը լսում է նա օրորոցի միջից մինչև այն ժամանակ, երբ ասում են նրան՝ “հող էիր և հո՜ղ դարձիր”: Արդարև, մի խորհրդական խոսք հայի համար... պատճառը` այդ ազգը յուր կյանքում չէ ցույց տվել որևիցե հոգեկան զորություն, այլ միշտ ապրել է նա որպես հող, քար և անշունչ մարմին...:

 

“Բայց այրի կնոջ մեջ, աղքատիկ վրանի տակ միտք կա, հանճար կա, զգացմունք կա, կյանք կա. նրա երգն այնքան ոգելից, ախտաբորբոք և կրակոտ է, որպես նրա հոգին, և այդ չադրի միջից կծագի հայի հույսը:

 

“Ես դառնալով իմ վրանը, Սալբի, իմ միտքը պաշարված էր կախարդիչ երգի զորությամբ, ես բոլոր գիշերր չքնեցի: Մի քնքուշ մուզա հանկարծ քսեց իմ երեսին յուր թևքը, և իմ երևակայությունը վառվեցավ, ձեռքս առա գրիչը, գիշերային լռության պահուն, լուսնյակի լուսով գրեցի այս երգը, իբրև նվեր այն պաշտելի այրիին:

 

Օ՛րո՛ր կարդա՜, ո՜վ գթոտ մայր,

Մինչ մեծանա քո որդին,

Հոր ոսոխից նա պահանջե

Յուր վրեժը դառնագին:

 

Այդ ձայնիկը քո օրորի,

Այդչափ տիո՛ւր և տրտո՛ւմ,

Բորբոքում է իմ արյունը,

Կրակ է ձգում իմ սրտում:

 

Այդ կրակը ինձ այրում է,

Ինձ կտանե՛ գերեզման…

Արդյոք կլինե՞ր` զինվորվեի

Քո թշնամու հանդիման:

 

Կիլիկիայի վեհ առյուծին`

Արժանավոր ո՜վ կորյուն,

Քո սարերի ազատության

Նվիրեի իմ արյուն:

 

Անգործ, հանգիստ` մեր պատիցը

Քարշ է ընկած թվանգը,

Յուր պատենում՝ իմ սայրասուր

Թուրս ուտում է ժանգը:

 

Իմ նժույգը՝ գետնին տալով

Յուր սմբակը տրոփում,

Պատերազմի ասպարեզին`

Նա էլ ինձ հետ փափագում:

 

Գութը շարժվում ամեն սրտի,

Որքան լիներ նա մեռած,

Երբ տեսնում է մի ամբողջ ազգ

Գերության մեջ շղթայած:

 

Հայոց որդիք խլացած են,

Լսել չկամին քո օ՛րո՛ր,

Ստրկության ծանր լծի տակ

Ճնշվել կամին ամեն օր:

 

Օ՛րո՛ր, կարդա՜, թող մեծանա

Առյուծենի մանուկը.

Պետք է նրա ամրացնել

Տկարացած բազուկը.

 

Որ կարենա քաջի նման

Կրել հոր նետ-աղեղը,

Թշնամու ժանտ գերությունից`

Ազատելու յուր ցեղը:

 

Կ’գա օրը… հսկայի պես`

Նա դեմ տված՝ յուր դոշը,

Դեպ պատերազմ կբարձրացնե ,

Ազատության դրոշը:

 

Եվ նրա հետ շատ քաջազունք

Ուխտ կ’ուխտեին այն դաշնով. —

Հայրենիքի փրկությունը

Գնել իրանց արյունով…:

 

“Առավոտյան շուտով, իմ թանկագին Սալբի վեր առա իմ գրած ոտանավորը և սկսեցի դիմել դեպի այրի կնոջ չադրը: Ես գտա նրան, երբ նրա մանուկը քուն էր եղած, և ինքը միայնակ, խորին մտածողության մեջ, նստած յուր վրանի մոտ հոսող աղբյուրի ափին, ականջ էր դնում արծաթափայլ ջրի խոխոջմունքին:

 

Նա նույն ժամանակ նմանում էր մի աղբյուրային հավերժահարսի, որ ասես թե, նոր էր դուրս եկել ջրից:

 

“Ողջունեցի նրա առավոտը և նվերը տվի նրա ձեռքը: Խորին ուշադրությամբ կարդաց ոտանավորը: Ես նկատեցի, արտասուքն սկսեց հեղեղի նման թափվել նրա մեծ սևորակ աչերից...: Ա՛խ, ո՜րքան արտասուքներ լացել են այդ սգավոր աչքերը...:

 

“Հանկարծ նա յուր լցված աչքերը բարձրացրեց դեպի երկինք.“փառք քեզ, տեր”, ասաց նա խորին ջերմեռանդությամբ, “որ գտա ինձ կարեկից, այսուհետև կմխիթարվեմ ես, պատճառ՝ կան հայոց որդիների մեջ և այնպիսիները, որոնք հասկանում են ինձ”:

 

“Բայց, իմ սիրուհի, դժբախտաբար ես չեմ կարողանում ամեն բան արձակ, համարձակ գրել քեզ. իմ օրագիրը լցված է այս, անբարբառ կետերով... պատճառ` մեր լեզուն կապ է և մեր գրիչը կաշկանդված: Մենք չենք կարող արտասանել՝ ո՜չ մեր ուրախությունը և ո՜չ մեր տրտմությունը. մենք չենք կարող` ո՜չ լալ և ո՜չ ծիծաղել. ա՛խ, մեր բոլոր մտքերը, մեր բոլոր զգացմունքները, պիտի ճնշվին, պիտի խեղդվին մեր սրտի մեջ...:

 

“Բռնավորի երկաթյա գավազանը միշտ և հանապաղ հսկում է մեր գլխի վրա. լաց ես լինում` լո՜ւռ կաց... ծիծաղում ես` լո՜ւռ կաց... խուսում ես` լո՜ւռ կաց… ա՛խ, ծեծում են ինձ` լո՜ւռ կաց…սպանում են ինձ` լո՜ւռ կաց... իմ երեխանց արյունն իմ աչքիս առջև թափում են` լո՜ւռ կաց... իմ ապրանքը խլեցին, տարան` լո՜ւռ կաց... իմ տունը քանդեցին՝ լո՜ւռ կաց... ա՛խ, չեմ դիմանում այդ ցավերին, ի՞նչ անեմ. — տո՜, թշվառ, քեզ ասում են` լո՜ւռ կաց, հա, լո՜ւռ կաց, միշտ լո՜ւռ կաց, թե ավելի խոսես, լեզուդ կկտրեմ, թե էլի խոսես, քեզ կենդանի հողում կթաղեմ և այնտեղ կսովորես լուռ կենալ...: Այդ անգութ գավազանն ամեն ժամ, ամեն րոպե պտտվում է մեր գլխի վրա և դու միշտ լսում ես այդ զարհուրելի սպառնալիքը:

 

“Այդ սպառնալիքի ձայնը քո ականջներին զարկում է, քանի կենդանի ես. այդ երկաթի գավազանքր քո գլխի վրա պտտվում է, քանի շունչ ես քաշում... Մի մարդ էլ չկա, որ ասե. չէ՞ խեղճ է, դա, դա էլ մեզ նման մարդ է, աստված լեզու է տվել, որ խոսե, խորհե, մտածե և յուր մտքերն արտասանե:

 

“Բայց ասես թե ամեն մարդ յուր գլուխն է պահում, յուր փորի, յուր հանգստության համար միայն ծառայում. մի բան, որ նրան վերաբերյալ չէ, դրա վրա չէ մտածում: Եվ այդպես, մարդիկ սառն աչքով են նայում իրանց նման մարդկանց չարչարանքներին, նրանց նեղություններին: Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. նա տեսնում է, յուր պաակերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում...:

 

“Երբ մեր աստվածը, երբ մեզ նման մարդիկ, ամենևին հոգս շեն քաշում մեզ համար, որ մեզ ազատեն մեր նեղիչների ձեռքից, էլի մեր ցավը մնում է մեր վզին, էլի հարկավոր է, որ մենք մեզնից մի սիրտ, մի հոգի լինենք, միմյանց օգնենք մեր անբախտ գլուխը ազատելու համար ուրիշից, որ մեր միսը, մեր արյունը չէ, մեզ ոչինչ օգուտ չկա:

 

“Որովհետև բոլոր ազգերը, որոնցից որևիցե օգնության հույս ունինք մենք, բոլորն էլ առանց մեղքի չեն: Երբ նրանցից մինը` ասում է իմ նեղիչին՝ դուրս հան աչքիդ միջից շյուղը, նա նրան պատասխանում է. — ուրեմն դու էլ դուրս հան քո աչքի միջի գերանը, հետո խրատիր ինձ: Ահա՜ այդպես, նա նրան ասում է` կույր ես, նա պատասխանում է` դու էլ քաչալ ես:

 

“Եվ արդարև, այդ երևելի տիրապետողներից, այդ վիթխարի հրեշներից ամեն մինը, առած յուր ճանկերի մեջ մի քանի մանր ազգեր, ծամում են նրանց լերդը, ծծում են նրանց արյունը: Խղճալի զոհերը ճչում են, աղաչում են, ոչ ոք չէ լսում նրանց ձայները. և նրանք լսում են ճակատագրական սպառնալիքը — լո՜ւռ կաց...:

 

— “Այս կյանքի չարչարանքների փոխարեն մյուս կյանքում աստված կհատուցանե. այդ ապաշխարություն է, վնաս չունի:

 

— “Դարձյալ երևեցա՞ր, սևերե՜ս, անե՛ծք քեզ, չար սատանա...:

 

— “Հոբ երանելին քեզ օրինակ:

 

— “Գնա՜, կորի՜ր, ասում եմ քեզ, քո խրատները մեզ պետք չեն:

 

— “Իսրայելցիք քեզ օրինակ Եգիպտոսում:

 

— “Դարձյալ սկսեցի՞ր, ձայնդ չե՞ս կտրելու:

 

— “Ապա որպե՞ս ժառանգեցին Քանանու երկիրը:

 

— “Տո՜, հիմար, նրանք ունեցան Մովսես, Ահարոն, Նավյա որդին Հեսու, մի՜թե քեզպեսնե՞րը պիտի հայի խավար տանը ճրագ վառեն, նրա ձեռքից բռնեն և գերությունից ազատեն:

 

“Բայց այդ սև սիրտը լիրբ է. դա չէ ամաչելու, դա չէ հեռանալու ինձանից: Ես ինքս կփախչեմ դրանից, եթե ոչ, քանի կանգնած եմ դրա մոտ, միշտ իմ ականջներս ծակելու է դրա միջնադարյան զուռնայի ձայնը... տասնևինը դար այդ զուռնան փչում են հայի ականջներին, բայց նա չէ զարթնում յուր քնից... նա քնած է և գուցե կքնե անթվելի շատ ժամանակներ...:

 

“Մնաս բարյավ, իմ Սալբի, գալոց օրագրությանս մեջ կտեսնվենք քեզ հետ:

 

ԻԸ

 

ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

 

“Եվ ես, իմ սիրուհի, ամեն օր տեսության համար՝ գնում եմ այն պաշտելի տիկնոջ վրանը. իմ խելքս տարել են` նրա պարզ ձևերով, արդար սրտով ընդունելությունները, և նրա ազնիվ հյուրասիրությունը հիացնում է ինձ:

 

“Օրըստօրե ես ծանոթանում եմ այդ վրանաբնակների երևելի տղամարդկանց, նրանց տիկինների և նրանց պատկառելի ալևորների հետ: Եվ ես տեսնում եմ այդ անմեղ ժողովուրդը, իրանց պարզ բարք ու վարքով, իրանց առաքինական բնավորությամբ, իրանց միամիտ սրտերով ձևացնում են մարդկության առաջին ժողովուրդը, յուր կիսավայրենի և բնական կերպարանքներով: Եվ դրանց մեջ պատկերանում է բիբլիական աշխարհը` յուր աբրահամներով, յուր իսահակներով և յուր հակոբներով: Եվ արդարև, ես նկատում եմ դրանց բոլորի մեջ, համարյա՜ ելումուտ է անում մի շունչ և շարժվում է մի հոգի:

 

“Ես տեսնում եմ դրանց մեջ ալևորներ դարավոր հասակներով, բայց տակավին ժիր, գործունյա և աշխույժ: Այդ ծերունի հսկաները, իրանց մարմնի երկաթի կազմվածքով, որպես անմահ աստվածներ, միշտ արհամարհել են մարմնական տկարությունները: Նրանք իրանց հարյուր քսան, հարյուր հիսուն տարեկան հասակում ևս որպես իրանց մարմնի անդամներ՝ չեն հեռացնոամ իրանց մոտից իրանց թուրը, իրանց թվանգը — իրանց կյանքի մտերիմ ընկերները, և այն մի զույգ ատրճանակները, որ խնամքով խրել են իրանց հաստ գոտիների մեջ: Այդ հինավուրց նահապետները, որպես կենդանի պատմագրքեր, պատմում են, թե քանի՜ հալածանքներ, քանի՜ չարչարանքներ և քանի՜ կոտորածներ է կրել իրանց ցեղը այնքան երկար թափառելով աշխարհի երեսին, և նրանց ցամաքած աչքերի մեջ պահված են մի քանի կաթիլ արտասուք, որոնք շուտով գլորվում են նրանց փառահեղ, սպիտակ մորուքի վրա, երբ մտաբերում են ցավալի անցյալը:

 

“Նրանց տղամարդիկն այնքան ամուր, այնքան պնդակազմ են, որ ձևացնում են Հերքուլեսի չուգունից արձանները: Նրանք միանգամայն պատած պողովատի զրահներով, միշտ իրանց վրա ունին զենքեր: Նրանց ձիաները միշտ թամքած սպասում են վրանների առջև, որ երբ պատահե թշնամու հանկարծահաս հարձակմունք, շուտով քաշերը թռչեն նրանց վրա և դուրս գան ավազակների դեմ:

 

“Նրանց կանայք բոլորն ունին բարձր նոճիների նման ուղիղ հասակ, նրանք ավելի նրբակազմ են, բայց ջլուտ և ոսկրոտ. ես չեմ տեսնում նրանց մեջ և ոչ մեկը, որ մսալի և հաստլիկ լինի: Նրանք ունին թուխ, կրակոտ աչքեր, բարակ սև հոնքեր, մետաքսի նման փափուկ, բայց ղավայի նման սև և փայլուն ծամեր: Նրանց երեսները նիհար են, գորշ կարմրագույն թշերով, որոնց կաշին փայլում է առավել կոկությունից, բայց խիստ շատ վայելուչ և գրավիչ հայացքով: Այդ ախտալից կանայքը, այդ հայկազնյան արտեմիսները, դու տեսնում ես շատ անգամ թեթևաշարժ եղջերուների նման աներկյուղ և համարձակ վազվզում են բարձր և մեծ ապառաժների վրա որսի համար. նրանք նույնպես կրում են զենքեր, նրանք նույնպես կռվում են, երբ նեղում է նրանց թշնամին, երբ հարկավորվում է պահպանել իրանց անասունները:

 

“Այս ո՜չ այնքան բազմաթիվ վրանաբնակները, իրանց կյանքի պարզ և բնական կերպարանքներով, ձևացնում են նախկին մարդկությունը, որ ապրում էր միմիայն յուր հոտերով: Ոչխարների կաթնից պատրաստում են` մածուն, սեր, կարագ, յուղ, պանիր և ժաժիկ. — դրանք բավական են նրանց կերակուրների համար: Ոչխարների բրդից մանում են թելեր, որոնցից գործում են կապերտներ, օթոցներ, գորգեր` սփռոցի, վերմակի համար, և աբաներ, վերարկուներ, արխալուղներ, շալվարներ՝ հագնելու համար, ձեռնոցներ, թաթմաններ և գլուխը դնելու թաղիքե քոլոզներ: Նրանց մնում է գնել միմիայն հաց, այդ էլ փոխարինում են իրանց անասունների բերքերի հետ: Այծերի մազերից հորինում են չվաններ և վրանների պաստառներ:

 

“Բայց այդ բոլոր գործերը կատարում են կանայք: Նրանց տղամարդիկն ավելի հանգիստ են: Նրանց կանայքը միշտ կրկնում են իրանց սովորական առածը, թե “կնոջ գործն է աշխատելը, տղամարդը պիտի հանգիստ ապրի, որ գիրանա, զորանա կռվելու համար”: Եվ այս է պատճառը, որ երբ նրանց տղամարդիկը կամենում են վշտացնել իրանց կանանցը, գնում են և անծածկույթ պառկում են սառը քարերի վրա, որ հիվանդանան:

 

“Այդ բնության հավատարիմ որդիների հագուստները, անտարակույս, ունին մեր նախնի հայերի զգեստաձևերը: Թաղիքե երկայն քոլոզներ, փաթաթած ապարոշներով, դրած են գլխներին. հագած են լայն շալվարներ, որոնց մեջ թողնելով իրանց վարտիքը և բաճկոնի կամ զբունի երկայն դրոշակները, բավականին ուռցնում են, և նրանց իշխանները` համարյա կիսաքարշ գետնից տանում են իրանց շալվարները: Մեջքները պնդած են հաստ գոտիներով, որից վերև հագել են կարճլիկ քազախա կամ գառիկ, և մի լայն վերարկուի (աբայի) մեջ ծածկվում են նրանք: Նրանց շապիկների թևքերը, երկայն և լայն, քարշ են ընկած, որ և շատ անգամ փաթաթում են իրանց բազուկների վրա:

 

“Նրանց կանանց հագուստներն ավելի պարզ են. մի շապիկ իջնում է մինչև նրանց ոտքերը. նրանց վարտիքի բերանը սրունքներից վերև պինդ բուզմայած է լարանով. շապկի վրա հագած ունին անթարի կամ բնիշ` երկայն և բաժանված դրոշակներով: Նրանց գլխի զարդերը ցուցանում են, թե հայոց կանայքը հին ժամանակներից միշտ սովորություն են ունեցել կրել թագ և պսակ, որպես մեր Զարեհավանի կանայքը կրում են գոտի: Ուլունքներ, մատանիներ, գնդեր, ապարանջաններ, քթի օղեր կրում են համարյա բոլորը:

 

“Բայց այնքան բազմության մեջ ես չեմ տեսնում մի մարդ, որ կարդալ գիտենար: Մի բան, որ պակաս է դրանց՝ է ուսումը և կրթությունը: Բայց դու կզարմանաս, իմ սիրուհի, թե ասեմ, որ դրանց մեջ կան և քահանայք, որոնք կարդալ չգիտեն...: Այդ քահանա յքը չեն որոշվում հասարակ ժողովրդից. նրանք նույնպես ունին իրանց գոտիների մեջ ատրճանակներ, և նրանց կողքից քարշ է գնում երկայն թուրը...: Ես քննեցի այդ քահանաներից մինի ուսումը. սուրբ գրքերից գիտեր միայն տերունական աղոթքը և երրորդության անունները. նրա հավատքի հանգանակն էր այն, որ աստված ստեղծել է երկինքը և գետինքը. նա միայն կառավարում է բոլոր աշխարհր, և ինքը, յուր թախտը դրած ամպերից վերև, քննում է արդարների և մեղավորների գործերը: Եվ Քրիստոսը նրա որդին է, որին ուղարկեց աշխարհ մեզ սատանայի գերությունից ազատելու համար, և աշխարհից վերանալոլց հետո թողեց սուրբ խաչը իբրև յուր օրինակը, որ մենք պաշտենք, այդ պատճառով այդ մարդիկն իրանց կոչում են առավել խաչապաշտ, քան թե քրիստոնյա: Եկեղեցու խորհուրդներից նրանց հայտնի է միաչն մկրտությունը, պսակը և հաղորդությունը, որոնք քահանան կատարում է երեք անգամ երրորդության անունը հիշելով:

 

“Նրանք ճանաչում են և մի քանի սրբերին, որոնց մեջ երևելի են սուրբ տիրամայրը, սուրբ Կարապետը, որի գերեզմանը Տարոնումն է, սուրբ Լուսավորիչը և սուրբ Էջմրածինը. աչդ երեքին ճանաչում են որպես աստուծո վեզիրներ: Գիտեն և այլ սրբերի անուններ, որոնք աստուծո ատյանում ունին զանազան բարձր և խոնարհ աստիճաններ, որոնց հանձնված են մարդկանց զանազան տեսակ հսկողությունները:

 

“Դրանք ունին և մի հատ սուրբ Ավետարան գրչյա և մի քանի մասունքներ, որոնք ման են ածում իրանց հետ, որպես սրբություններ: Այդ մարդկանցից ոչ մինը չէ տեսած, թե ինչ բաներ են դրանք, պատճառ` որ նրանք միշտ փաթաթված են զանազան գույներով թաշկինակների մեջ: Մի առանձին վրան ամեն մի իջևանում կրում է յուր մեջ այդ սրբությունները: Եվ ամեն առավոտ ջերմեռանդ վրանաբնակները, հավաքվելով այդ վրանի առջև, մի քանի անգամ ծունր են իջնում, երկրպագություն տալիս, մի քանի անգամ խաչակնքում իրանց երեսները, և այդ է նրանց աղոթքը: Իսկ այդ սրբությանց խորանը և միանգամայն կացուցանում է նրանց ժամատունը:

 

“Հայկական բարբառը տակավին չէ կորուսել դրանց լեզվի մեջ յուր հին ձևերը: նրանք տակավին գործ են ածում իրանց խոսակցության մեջ՝ ի, զ, ընդ, առ նախդիրները: Նրանց խոսակցությունը խիստ արագ է և կենդանի. նրանց ձայնը զանգակի հնչյուն ունի:

 

“Վերջին փոթորիկները Փոքր Ասիայի մեջ, կործանելով մեր Ռուբինյան թագավորությունը, խլեցին մեր ազգի այդ մի հատվածն իրանց բնիկ աշխարհից, և երկար տարուբերելով աշխարհի վրա, այժմ հասցրել են մեր սահմանակից սարերին. բայց ո՞վ գիտե, մինչև ո ՞ւր պիտի քշե, տանի դրանց անգութ ճակատագիրը…:

 

“Այդ մարդիկը բնությամբ խիստ կրակոտ են և աշխույժ, սիրում են երգել, պարել, մանավանդ դրանց կանայքը, և միշտ ոգևորված են կենդանի ավանդություններով իրանց ազգի է իրանց կրոնքի մասին: Ես հույս ունիմ քաղել դրանցից շատ իրողություններ, որոնք լույս կտան մեր ազգի միջնադարյան և նոր ժամանակների պատմությանը:

 

“Բայց մի ցավալի կորուստ հանկարծ աղմկեց բոլոր վրանաբնակների ուրախությունը: Այսօր առավոտյան շուտ գնացի իմ բարեկամ այրիի վրանը. ես գտա նրան բոլորովին միայնակ նսաած լաց լինելիս: Տեսնելով ինձ նա սրբեց յուր աչքերի արաասուքը, բայց նրա կերպարանքը տակավին տխուր էր և մռայլված:

 

— “Ի՞նչ է պատահել ձեզ, — հարցրի ես:

 

— “Միթե չեք լսած մեռա՜վ Հասոն, այն մեծ և հռչակավոր տղամարդը, — պատասխանեց կինը հոգվոց հանելով:

 

— Հասո՞ն. մեռե՞լ է, — կրկնեցի ես:

 

— “Հա՜, Հասո՜ն, — առաջ տարավ այրին. — մեր ցեղի փառքն ու պարծանքը... մեր վրանաբնակների աղան…: Վա՛յ մեզ, վա՛յ մեր սև օրերին, այսուհետև էլ ինչպես պետք է ապրել` այդ հզորը կորուսանելուց հետո...:

 

“Նույն րոպեին նրա վշտալի թշերի վրա երևեցան արտասուքի կաթիլներ, նա ակամա փղձկեցավ:

 

— “Արժե՞ր ափսոսալ մի այդպիսի անձը, — հարցրի ես, — –– որ յուր գործը՝ յուր կյանքի նպատակը շինել էր միշտ արյուն թափել:

 

— Չէ՜, այդ մի ասեք. նա երբեք չէ թափել մի արդար արյուն, բայց գործ դնել յուր սուրը թշնամու առջև` այդ մի սուրբ բան է, և կողոպտել բերել նրա ավարը նույնպես մեղք չէ:

 

— “Ի՞նչ էր պատճառը, որ մեռավ այդ քաջը:

 

— “Ոչինչ... նա մեռավ անարգ և անփառունակ մահով... հանգստությամբ, յուր վրանի տակ, հիվանդության մահճի մեջ...:

 

— “Հապա ո՞րպես պիտի մեռնիլ:

 

— “Ջրի կուժը պիտի ջրի ճամփին կոտրվի”, ասում է մեր Հորերու առածը: Քաջերը, որ թափել են այնքան շատ արյուններ, պետք է արյունով մեռնին, բայց դժբախտ Հասոն չվայելեց այդ փառքը...:

 

— “Արդարև այդպես է, — պատասխանեցի ես մի գաղտնի համակրությամբ հիշելով հոմերյան տողերը.

 

“Մարտ մարտընչել և մեռանել փառք են առույգ պատանվույն, և վեր և խոց սուր սըլաքաց զարդ գեղեցիկ են մահուն”:

 

— “Բայց նա թողեց յուր ցեղի վրա ավելի երախտիք, — խոսեց կինը կարեկցությամբ. — տեսնո՞ւմ եք այդ լայն և ընդարձակ հովիտը, այդ խոտավետ արոտամարգերը, նրա շնորհիվ մեր ոչխարներն արածում են այս սարերում. նա խլեց Ջալալիներից այդ բոլորը:

 

— “Ի՞նչպես, — հարցրի ես:

 

— “Ի՞նչպես... — կրկնեց այրին հեգնությամբ. — “ղարբե սնուր նինա, ասաց քրդի առածը:

 

“Այդ սրբազան առածը, Սալբի, որ շնչում է յուր մեջ պատերազմասեր հոգի, նշանակում է հայոց բառերով` “ուժը, կամ զորությունը, կամ քաջությունը՝ սահման չունին”: Մի այդպիսի առած ևս գործ էին ածում մեր նախնիքը, որ հիշեցնում է արժանահիշատակ խորենյան ծերը. “սահմանք քաջաց — զենք յուրյանց”:

 

Բայց այդ առածն այժմ չէ լսվում և ոչ մի հայի բերանից... նա վաղուց լռել է հայերի համար...:

 

Տեղեկանալով, որ առավոտյան է լինելու քաջի թաղումը, ես խոստացա ներկա գտնվիլ իմ ընկերներով, և ցավալի զգացմունքներով հեռացա նրանց վրաններից:

 

“Ես հայտնեցի Ծաղկավանի խաշնարածներին այդ սգավոր անցքը և առավոտյան շուտով` բավականին բազմություն` երկու սեռից ցանկացան ինձ հետ գնալ քաջի թաղումը կատարելու համար:

 

“Թաղման հանդեսը խիստ տխուր էր և ցավալի. այստեղ ոչ մի քարացյալ սիրտ չէր կարող յուր արտասուքը զսպել, յուր սրտի ցավին դիմանալ: Սև պաստառներով պատած նաշի մեջ դրած էր քաջի դին. յոթը տղամարդ սև հագած տանում էին նաշը. դրանք մեռնողի ընկերներն էին: Դագաղի առջևից տանում էին հանգուցյալի նժույգը՝ գլուխը, պարանոցը և թամքը սևով պատած: Նրա վրա կարգով կախված էին նրա տիրոջ բոլոր զենքերը — նրա ահագին թուրը, թվանգը, թափանչեքը, դալխանը, մզրախը, երկաթի զրահը և գլխի սաղավարտը: Խելացի երիվայրն արթնանում էր տխուր և սրտաբեկ, կարծես զգալով, թե յուր վրա այլևս չէր նստելու նրա հսկայամարմին տերը: Նա էլ յուր աչքերից թորում էր արտասուք...:

 

“Նժույգի հետևից գնում էին մի կարգ վրանաբնակների բոլոր կանայք` բաց գլուխներով, հերարձակ, մերկացրած իրանց կրծքերը: Նրանք փետում էին իրանց գլխի ծամերը, նրանք փետում էին իրանց խոպոպիքն ու գանգուրները և թափում էին դագաղի առջև ճանապարհի վրա... նրանք կոծում էին իրանց կրծքերը, հող և փոշի էին ցանում իրանց գլխի վրա, տխուր և ցավալի ձայներով եղանակելով այսպիսի ողբեր.

“Այլևս պետք չէ՜ մեզի ապրել,

Խավար արևի երեսը տեսնել.

Կորա՛վ մեր հույսը, կորա՛վ մեր փառքը.

Վա՛յ մեր սև օրին… հողե՛ր մեր գլխին...”:

 

“Նաշի հետևից գնում էին բոլոր այր մարդիկը՝ գլուխները քարշ գցած, լաց լինելով, նույնպես իրանց կրծքերը ծեծելով, և նրանց գլխների վրա ածած էր հող և մոխիր:

 

“Դագաղի բոլորտիքը շրջապատել էին հանգուցյալի ազգակիցները և նրա մերձավոր բարեկամները, նրա կինը, որդիքը: Ինչ որ դրանց դրությունն էր` դժվար կարելի է գրչով նկարագրել: Աստված ինքը հեռու անե այդպիսի տեսարաններ... մազեր փետած, հագուստներ պատառոտած, աչք, երես ծվատած, արյունաշաղախ, ամեն մինը մի քար ձեռքում անդադար բախում էր կուրծքը, նրանք թավալվում էին գետնի վրա նաշի առջև, հողերը, փոշիները ցանում կին իրանց գլխներին:

 

“Այդ ողբալի տեսարանը այրեց և իմ հետ եկած ծաղկավանցոց սրտերը, և նրանք բոլորը միաձայն սկսան լալ: Ի՞նչ սիրտ կարող էր դիմանալ, ի՞նչ աչք կարող էր յուր արտասուքը պահել, ախ՛, քարերն էլ էին լաց լինում, ծառերը ողբում, թռչունները ձայնակից լինում, հնչող քամիները նրանց ողբը խլում և հասցնում էին երկնքի հրեշտակներին...:

 

“Ճանապարհին մի քանի տեղ դադար առին և նաշը դրին գետին և լաց եղան: Կանայք հերթով գովաբանում էին հանգուցյալի քաջությունները և բոլորի սրտի մեջ կրակ էին վառում... մինչև իսկ նրա կինը տխուր և ողբալի ձայնով առաջ տարավ:

 

(“Ա՛խ, Սալբի, այստեղ կտրում եմ իմ խոսքը, այդ վրանաբնակների և՜ ողբերն ունին իրանց քաջազնական ոգևորությունները...: )

 

“Այսպես էր նրա ողբը.

 

— “Ափսո՛ս, որ այդպես անփառք և անշուք,

Փափուկ մահճի մեջ` փչեցիր քո հոգին.

Ափս՜ս, որ մահը քեզի հանդիպեց

Քո խաղաղ տնակի կամարի տակին:

 

Դու մի քաջ էիր` արի և հզոր,

Քաջերի սուրը թող նյութեր քեզ մահ,

Կռվի դաշտիցը քո արյունոտ դին

Ես տուն բերեի՝ սրտով գո՛հ, ուրա ՛խ…

 

“Ինձ դառն չէր հայնժամ թափել արտասուք

Քո արյունաներկ դիակի վերան,

Ինձ ցավ չէր հայնժամ ողբալով երգել

Քո պարծանքներով կանգնած գերեզման:

 

“Զի Հայոց տիկնայք ինձի կասեին՝

Փա՜ռք, պատիվ քեզի, երջանիկ այրի,

Դու բախտավոր ես կնիկների մեջ,

Զի կորուսիր այր՝ քաջ, հսկա, արի:

 

“Ինձ քաղցր էր հայնժամ թափել արտասուք

Արնով զարդարված դիակիդ վերան,

Եվ ծաղիկներով պճնել, զարդարել

Քո միշտ պաշտելի հողադամբարան:

 

“Թող պատերազմում, քաջ Հարքիների,

Հարյուր գերիներ բերելով թալան,

Հազար ձիավոր քեզ հալածելիս,

Քո կրծքին դիպչեր թշնամու գուլլան46:

 

“Թո՜ղ կռվի միջում, Արարատյան դաշտում,

Ազգի, կրոնքի, հայրենյաց համար

Սուրը քո ձեռին, փառավոր մահով:

Թո՜ղ դու զոհեիր քո արյուն արդար:

 

“Ինձ քաղցր է հայնժամ իմ ձեռքով փակել

Քո այդ սև, հպարտ, շիջած աչերը,

Զի հազար աչեր պիտի արտասվեին

Քո հզոր թրից սպանվածները:

 

“Զի ես գիտեի, որ դու թռցրիր

Հարյուր գլուխներ թշնամու ուսերից,

Զի ես գիտեի, որ դու զրկեցիր

Հարյուր կնիկներ իրանց այրերից:

 

“Այդ զարհուրելի խոր-խոր սպիներ`

Քո արությանցը — վկա և նշան,

Չունի մի տղամարդ հայոց քաջերից,

Ո՜չ քուրդ, ո՜չ արաբ և ո չ մի թուրքման:

 

“Բայց, ափսո՛ս, քեզ հետ՝ ալ-վարդ կարմիր

Դու մի թարմ սպի չտարար գերեզման,

Դու մեռա՜ր, անբախտ, հասարակ մահով`

Փափուկ մահճի մեջ… քո բարձի վերան ...:

 

“Ողբը վերջացավ: Քահանան կատարեց աղոթքը: Ժամանակ էր. երբ քաջի դին կամենում էին հանձնել հողին, նույն րոպեին հանգուցյալի կինը կատարեց մի խիստ վսեմ և սրտաշարժ իրողություն. — նա կտրեց յուր գլխի ծամերի հյուսերը, յուր գանգուր խոպոպիքը, յուր գլխի բոլոր արծաթի և ոսկի զարդերը, դրեց դագաղի վրա. “քեզանից հետո թող մի այլ աչք չտեսնե իմ զարդարանքը”... — ասաց նա: Նաև դրեց մի փունջ ծաղիկ նրա նաշի վրա... այդ նրա սիրտն էր, Սալբի, որ մեռնող ամուսինը տարավ յուր հետ հողի տակ...:

 

“Հանգուցյալի վրանում պատրաստված էր հոգեհաց. բոլորը հավաքվեցան այնտեղ ճաշ ուտելու: Երբ կերան, լիացան, քահանան կանգնեց ոտքի վրա և խոսեց մի կարճ, բայց ազդու ճառ. “աստծո կամքը գուցե այդպես էր եղած, և թող օրհնյալ լինի նրա կամքը, արդարև, նա չթողեց երկար ապրել մեր վրանների առաջնորդին, բայց առանց դրա այդ քաջը շատ բարիք գործեց յուր կյանքում, նա թողեց յուր հետքից միշտ գովելի հիշողություններ:

 

Դուք, իմ սիրելիք, սրբեցեք արտասուքի ձեր աչերից, թո՜ղ մխիթարենք ընտանիքը պատվելի հանգուցյալի”:

 

“Քահանան նստեց: Ծերերից մի քանիսը ներս բերեցին մեռնողի տասնևերկու տարեկան որդուն` հագնված սգազգեստի մեջ, և նրա թուրն ու կամարը: Քահանան օրհնեց այդ զենքերը և մի ծեր պատերազմող կամարը կապեց նրա մեջքը և քարշ տվեց հոր թուրը: Այնուհետև բոլորը մի-մի սկսան համբուրել նրա երեսը, շնորհավորելով նրա գլխավորությունը”:

 

ԻԹ

 

ՍԱԼԲԻԻ ՆԱՄԱԿԸ

 

“Սիրելի Ռուստամ,

 

“Ես կարդացի քո օրագիրը, երբեմն ուրախանալով և երբեմն արտասվելով. ես քեզ հետ զգացի բազմախորհուրդ օրորոցի երգի նպատակը այն այրի տիկնոջ. քո ոտանավորով նվերը հիանալի է…: Բայց, ափսո՛ս, այժմ չեմ կարող գրել քեզ իմ զգացմունքները քո ոգելից օրագրի վրա. ուրիշ ժամանակի թողնելով այդ, այժմ

 

շտա պում եմ հայտնել քեզ մի նոր խաբար, որ վերաբերում է ինձ և քեզ:

 

“Դու չծիծաղես, սիրելի Ռուստամ, իմ այս անքաղաքավարի խոստովանությանս վրա. — ինձ այժմ հայտնվել է մի նոր սիրող...: Ի՞նչ ես կարծում, ո՞վ է դա. — Ավազակյանց Սոլոմոնը, այն անզգա հիմարը, այժմ սկսել է սիրել ինձ...: Այդ մի նոր լուր չէ՞... ներիր, որ փոխանակ պատասխանելու քո սրբազան օրագրին, գրում եմ դատարկ բաներ: Որովհետև ես առանց քո գրելու գիտեմ, որ հայի օրը վաղուց խավարել է և հայի աստղը վաղուց նսեմացել է...: Ես առանց քո գրելու գիտեմ. մեր ականջներին զարկում է մի օրորոցի երգի ձայն, այդ խրախուսական ձայնը՝ Հայաստանի մոր ձայնն է...: Բայց դու տեսնո՞ւմ ես այն անթիվ, անհամար հերովդեսները, որոնք դեռ չստուգած մոգերից — իմաստուններից մի այդպիսի գուշակություն, հրամայում են կոտորել բոլոր մանուկներին, որպեսզի նորածինը ևս նրանց հետ կորչի...: Ես չեմ կարողանում ավելի պարզ գրել քեզ. ստույգ ես գրել, մեր լեզուները կապ են, մենք դատապարտված ենք մշտնջենավոր համրության, պատճառ՝ Զաքարիայի պատիժը եկել է մեր գլխին... ուրեմն մի նոր Հովհաննես պետք է, մինչև արձակվին մեր լեզուների կապերը...: Դառնանք դեպի մեր խոսքը:

 

“Ավազակյանցը, միով բանիվ, խնդրել է իմ ձեռքը, ուրիշ խոսքով, նա միտք ունի ինձ հետ պսակվելու: Նրա մի այդպիսի խորհուրդը հառաջագույն հայտնեց ինձ նրա քույրը, որ, որպես երևում է, եղբոր նպատակը կատարելու համար, հանձնված է տիկին Սալլաթինի մոտ ուսանելու օրինակով: Բայց մի քանի օր առաջ մի անցք բոլորովին հայտնի կացույց նրա միտքը: Ես հարկավոր եմ համարում գրել այդ մի ըստ միոջե: — Ես մեր այգումն էի, և նստած մի ծառի տակ, փունջ էի կապում ծաղիկներից, որ նոր բուսել էին հալված ձյունի տակից: Մեր այգեպանը գնացել էր հեռու, այգիի խորքումը կտրում էր որթերը. ես միայնակ էի: Հանկարծ տեսա այգիի ցանկապատից ներս սողաց մի մարդ և մոտեցավ. ճանաչեցի, Ավազակյանց Սոլոմոնն էր: Նա սկսավ ման գալ այգիում: Երբ ո՜չ ոք չտեսավ, և կարծելով ևս միայնակ եմ, տեսա, ուղղակի եկավ ինձ մոտ: Ես ամենևին ընդունելության նշան ցույց չտվի նրան, բայց նա ինքնագլուխ նստեց ինձանից մի փոքր հեռու խոտերի վրա: Երկար այնպես նստած լուռ նայում էր դեպի ինձ, բայց երբ հասկացավ, որ ես իրան ուշադրություն չեմ դարձնում, խոսեց. — “Որքան անողորմ եք, աղջիկ պարոն, չեք մատուցանում ինձ գոնյա մի վարդ”:

 

“Ես իսկույն հասկացա նրա ինչ խորհրդով ինձ մոտ գալը. այդ պատճառով մտածեցի նրա բերնի համը տալ:

 

“Ես ուրիշի համար եմ պատրաստում այս փունջը, — ասացի սառնությամբ:

 

— “Բայց ես այժմ ձեզ հյուր եմ և հյուրի պատիվը սուրբ բան է, — պատասխանեց նա:

 

— “Նա՝ որ դռնից չէ ներս մտնում, այլ պատից է վեր գալիս, գող է և ավազակ, — ասում է գիրքը:

 

“Նա բարկացավ:

 

— “Դուք շատ անքաղաքավարի եք, ես խնդրեցի ծաղիկ, — ասաց նա վշտացած ձևով:

 

“Բարկությունը խռովեց և իմ արյունը. այդ պատճառով բոլոր քաղաքավարությունները մի կողմ դնելով, ավելի կոշտությամբ պատասխանեցի նրան.

 

— “Ներեցեք, պարոն, դուք տակավին այն արժանավորությանը չեք հասած, որ կարող լինիք իմ ձեռքից ընդունեի ոչ թե ծաղիկ, այլև փուշ:

 

— “Ե՞ս... մելիք Պիլատոսի որդի՞ն... այս գավառի իշխանը... արժան չէ՞ ընդունել ձեր ձեռքից և փուշ... — գոռաց նա կատաղի եղանակով:

 

— “Արդարև, ձեզ արժան է տեր-Առաքելենց Ռուստամը, այն արյունախում սրիկան...կցորդեց նա;

 

“Բայց ես, կամենալով ավելի խոր խոցել նրան, պատասխանեցի.

 

— “Անպիտան, դուք ինչպե՞ս եք համարձակվում առանց ահ ու դողի բերան առնել այն պաշտելի տղամարդի անունը, որին այնքան սիրում եմ ես:

 

“Երբ նա նշմարեց, որ խստությամբ չէ կարող համոզել ինձ, տեսա, ստրկաբար ծունկ իջավ իմ առջև և կամենում էր համբուրել իմ ոտքերը: Մերժեցի ես այն փոքրոգին և թույլ չտվի, որ նրա պիղծ շրթունքը մերձենային ինձ: Բայց նա մերկացույց յուր դաշույնը, դրեց իմ առջև. — “Երբ դուք այդպես անխիղճ եք, — ասաց նա. — երբ չեք կամենում ձեզանով բախտավորել ինձ, ուրեմն առեք այս սուրը և այդ մահու գործիքով հասուցեք մի խորին հարված իմ սրտին, որ այդպես սաստիկ կերպով զարկում է ձեզ համար... թող դադարե նրա զարկը... և այդ պարծանքը կհանգստացներ ինձ գերեզմանի խորքում, թե սպանվեցա Սալբիի ձեռքով...

 

— “Հեռացեք ինձանից, ասում եմ ձեզ, ես չեմ կամենում տեսնել ձեր երեսը, սպառնացա նրան: Ինչո՞ւ եք խռովում իմ հանգստությունը, ինչո՞ւ իզուր ստորացնում եք ձեզ. հավատացնում եմ ձեզ, ո՜չ ձեր փառքը, ո՜չ ձեր հարստությունը և ո՜չ ձեր այդ փոքրոգի, ստորաքարշ կեղծավորությունները, ոչինչ բան ձեր կողմից՝ չեն կարող խաբել ինձ...: Եթե կրակը և վառոդը կունենային որևիցե ընկերություն, այն ժամանակ և դուք կվայելեք այն փառքը՝ կոչվիլ Սալբիի փեսա:

 

“Երբ նա կամենում էր յուր աղվեսաբար շողոքորթությանց երկրորդ փորձն անել, հանկարծ ծառերի հետևից երևան եկավ ծերունի Մարտիրոսը, մեր այգեպանը, հազալով և փռշտալով, իսկ կեղծավորը աներևութացավ թփերի մեջ:

 

“Այդ անցքը եղավ ինձ ամենօրյա մտածությունների նյութ, և ես սպասում էի, թե ինչ է լինելու դրա վերջը: Մինչև ներկա օրերումս հարսանիք էր մեր դրացու տանը, մի գիշեր ես էլ էի հրավիրված այնտեղ: Նորահաս աղջիկներ և մանուկ պատանիներ պար էին բռնած, տեսա ինձ մոտեցավ կրկին անգամ այն հիմարը և խնդրեց իմ ձեռքը պար բռնելու. ես մերժեցի նրան այս մի քանի խոսքերը նրա ականջներին հասցնելով. “Հիմար, դուք արդեն առել եք ինձանից ձեր առաջին անմտության վարձը, դարձյալ լրբանո՞ ւմ եք վշտացնելու ինձ”:

 

“Մյուս օրը առավոտյան մի անծանոթ կնոջ ձեռքով ստանում են մի նամակ, ահա՜, նրա խոսքերը բառ առ բառ հաղորդում եմ քեզ.

 

“Անխի՜ղճ և անողորմ օրիո՜րդ,

 

“Ես մոռանում եմ այն բոլոր դառնությունները, որ դուք պատճառել եք ինձ և դարձյալ դիմում եմ դեպի ձեզ սիրո խոսքերով, հուսալով, թե ձեզանից նույնպես գտնվում է կարեկից սիրտ: Սալբի, աղաչում եմ ձեզ, մի թողեք ինձ երկար տանջվել, ձեր ձեռքումն է այժմ իմ մահը և իմ կյանքը...: Նախախնամությունը գրել է ձեր ճակատի վրա ոսկի տառերով. — Դուք իմն եք: Բայց, Սայլբի, ես ցավում եմ, դուք սնուցանում եք ձեր սրտի մեջ սերը մի տղամարդի, որ խիստ ատելի է ինձ: Դուք չեք կարող կատարեք ձեր անխոհեմ նպատակը: Ձեզ համար մի ճար կա. — ընդունել իմ ձեռքը: Բայց եթե դուք ընդ երկար կմնաք ձեր կամակորության վրա համառած, անտարակույս պատճառ կլինեք երեք անպարտ զոհերի՝ իմ, քո և քո սիրածի...: Ես սակավ գրեցի, Դուք շատ հասկացեք:

 

“Սպասում եմ ձեր պատասխանին:

 

“Ս. Բ. Ավազակյանց”:

 

“Ես իսկույն գրեցի հետևյալ պատասխանը և տվի գրաբերին.

 

“Պարոն,

 

“Ես, այլև չկարողանալով տանել ձեր վշտացուցիչ խոսքերը, առաջարկում եմ ձեզ մենակռիվ, արևմուտքից հետո, գյուղից դուրս, սպասելով ձեզ կալերի դաշտում”:

 

“Սալբի”:

 

“Երբ արևը մայր մտավ, ես, հաստատ մնալով դիտավորությանս վրա, հագուստս փոխեցի, իմ հանգուցյալ եղբորս զենքերը վեր առա և երբ մութը մի փոքր պատել էր աշխարհը, ես լուսնի ծերացած լուսով նրան սպասում էի կալերի դաշտումը, ինձ հետ ունենալով մեր ծառան: Տեսա, նա երևեցավ մի քանի մարդկանց հետ: Երբ մոտեցած էր ինձ, երբ տեսավ ինձ, խոսեց. “դո՞ւք եք, Սալբի. ներեցե՜ք, խնդրեմ, ես չկարողացա ճանաչել ձեզ. իրավ” ձեզ չէ կարելի որոշել մի նորահաս չերքեզ իշխանազնից: Բայց չե՞ք վախենում այսպես տարաժամ... այստեղ միայնակ...

 

— “Ես վախենա՞մ, տեսնում ե՞ք այս խանչալը, այս կարաբինան, այս ատրճանակները, — պատասխանեցի ես, զենքերս ցույց տալով:

 

— “Ես հանաք էի համարում, բայց դուք, իրավ, պատրաստվել եք կռվելու, — ասաց նա հանդարտությամբ: Բայց մտածեցե՜ք”, որ մենակռիվ կոչված բանը մինչև այսօր սովորություն չէ եղած մեր երկրում, ուր մնաց, որ արգելված է: Բայց դուք, փոխանակ այդ մահու գործիքները ձեզ վրա կրելու, առավել լավ էր փնջերով հանդիպեիք ինձ այստեղ:

 

— “Վառոդը միշտ բուրում է վարդի անուշահոտություն, երբ գործ է դրվում նա մեր ատելիների դեմ, — ասացի ես:

 

“Նա նշան արավ. պատի հետքից, ուր թաքնված էին, դուրս եկան մի քանի հոգիներ. — “հափշտակեցե՜ք”, հրամայեց նա: Նրանք հարձակվեցան ինձ վրա: Զուր էր ինձ իմ զենքերով պաշտպանել իմ անձը: Նրանք շրջապաաեցին ինձ...: Բայց մինչև այժմ ես չեմ կարողանում երևակայել, թե ինչ հնարքով պրծա նրանց ձեռքից... կարծես թե մի աներևույթ ձեռք ազատեց ինձ...”:

 

***

 

Մինչ օրիորդ Սալբին գրում էր յուր նամակը յուր սիրողին, Ավազակյանց տանում անց էր կենում հետևյալ խոսակցությունը.

 

— Դուք չե՞ք հավատում, Ռե՜ս, նա կատարյալ դևիկ է, — խոսեց Սոլոմոն_բեկը:

 

— Ո՜չ, ձեր մարդիկը քաջություն չեն արած, եթե ոչ՝ խիստ դյուրին էր նրան հափշտակել, — պատասխանեց պարոն Վասակյանը:

 

— Իմ մարդիկը, դուք գիտեք, կարող են բռնել և հափշտակել կենդանի առյուծներ, կատաղած արջեր, բայց այդ սատանի ծիծ կերածը կարծես թե աներևութացավ մեր միջից, որպես ուրվական:

 

— Արդեն անցել է, դուք կորուսիք հաջող միջոցը:

 

— Բայց ես կմեռնիմ հուսահատությունից...:

 

— Եթե դուք կընդունեք իմ խոսքերը, որսը դարձյալ մեր ձեռքումն է:

 

— Դուք միշտ հուսադրում եք, բայց…: Եվ նրա ձայնը խեղդվեցավ շնչափողի մեջ:

 

— Անհամբերությունը սեփական է թուլասիրտ և փոքրոգի մարդիկներին, պետք է ունենալ մտքի հաստատություն և հեռատեսություն, — պատասխանեց պարոն Վասակյանը:

 

— Մինչև ե՞րբ...:

 

— Մինչև դուք հասած կլինիք ձեր նպատակին: Սոլոմոն-բեկը լուռ կացավ:

 

— Գիտե՞ք, աղա, — առաջ տարավ պարոն Վասակյանը, — մեր մինչև այս րոպեիս խորհած բոլոր հնարքները՝ որսալու օրիորդ Սալբին, իզուր անցան: Աշխարունու տանից մեզ օգուտ չեղավ: Այժմ պետք է փոխել առաջին մտքերը և մտածել նոր հնարքներ: Մեր միմիայն հույսը, որ մնացել է, է նրա մայրը: Մենք կսկսենք այսուհետև ներգործել նրա մոր վրա. երբ կարողացանք շահել նրա կամքը, այնուհետև ոչինչ չէ մնում նրա աղջկանը: Տիկին Թարլանը ավելի ժլատ է, քան թե ջհուդ: Դուք այդպես չսեղմեք ձեր քսակի բերանը. այսուհետև արծաթն պիտի լինի մեր լարած մեքենաների շարժառիթը: Ես վաղուց մտածել եմ մի հնար, որով տիկին Թարլանը կարոտություն կունենա փողի. երբ այդ կատարված է, այնուհետև գործը կերթա յուր կարգով…: Մենք այժմ խիստ կարճ ժամանակ ունինք մեր ձեռքում... մի ամսից հետո մեր հույսը կորած է... որովհետև Ռուստամը կպսակվի օրիորդ Սալբիի հետ, այնուհետև ոչինչ չէ կարելի անել...:

 

— Ես չեմ կարծում, որ իմ փափագը կատարվի, — ասաց Սոլոմոն-բեկը երկար լռությունից հետո: — Որովհետև այդ աղջիկը ոչինչ բանով չէ կարելի խաբել. նա մի երկաթի պնդությամբ հաստատամիտ աղջիկ է:

 

— Ես ասացի, թե աղջկա հետ գործ չունինք այսուհետև, — պատասխանեց պարոն Վասակյանը: Եվ եթե մինչև այսօր մտածել ենք օրիորդ Սալբիի կամքով շինել բանը, այդ մեր անխելքությունից է եղած, որովհետև Ասիայում աղջիկների ու տղամարդերի կամքը ամուսնության մասին ոչինչ նշանակություն չունի. նրանց կամքը նրանց ծնողների սրտումն է. նրանց ընտրությունը կախված է նրանց ծնողների հաճությունից: Դուք լսե՞լ եք մինչև այսօր Պարսկաստանում մի աղջիկ յուր կամքով ընտրեր փեսա, կամ թե մի տղամարդ ինքնագլուխ իրան կին առներ: Ուրեմն ի՞նչ շահ կար մեզ աշխատել շահելու օրիորդ Սալբիի կամքը, երբ նրա մայրը կարող էր յուր աղջիկը ամեն մարդու տալ: Եվ օրիորդ Սալբին յուր կողմից ոչ մի իրավունք չուներ յուր մորն ընդդիմանալու:

 

— Ձեր խոսքերն ստույգ են, Ռե՜ս, մենք մինչև այսօր սխալվեցանք, իզուր ժամանակ կորուսինք: Արդարև, Ասիայում ծնողքներն ո՜չ միայն կարող են իրանց աղջիկներն ուզած մարդուն տալ կնության համար, այլև վաճառել ստրուկի, գերիի նման:

 

— Ես ուրախ եմ, որ դո՜ւք հասկացաք իմ միտքը, — առաջ տարավ Ռեսը, — բայց արդյոք կարո՞ղ եմ հասկացնել ձեզ, որ ձեզ պետք է հանձն առնուլ և մեծ զոհաբերություն:

 

— Միթե փողը կարո՞ղ է մի բան շինել այստեղ:

 

— Ի՞նչ եք խոսում, օրհնած, ես փողի մեջ ճանաչել եմ մի վերին աստվածեղեն զորություն. ի՞նչ անհնարին գործեր կան, որ չէ կատարում արծաթը…:

 

Պարոն Վասակյանի վերջին խոսքերը խիստ ծանր էին պատանի Ավազակյանցի սրտին. նրան դժվար էր այնպես շռայլաբար բաց անել յուր քսակի բերանը, որով նրանում դրված էր և՜ նրա հոգին, որ իսկույն դուրս էր թռչելու արծաթի հետ: Բայց օրիորդ Սալբիի սերը, առավելապես նրան խելքից հանած լինելով, քան ոսկին, ակամա հոժարվեցավ Ռեսի խորհուրդին:

 

— Ես ասացի, թե մեզ պետք է շահել տիկին Թարլանի կամքը, — պատասխանեց պարոն Վասակյանը յուր սովորական հանդարտությամբ: — Որպեսզի կարողանանք շահել նրա կամքը, պետք է պարտավորացնել այդ կինը արծաթով: Եվ այդ իրողության մի կարգին կերպարանք տալու համար եմ մտածել եմ ահա թե ի՜նչ հնարք: — Ես վաղուց գիտեմ, որ տիկին Թարլանի հանգուցյալ այրը, վարպետ Պետրոսը, հաստատ գրավատոմսակով` հազար թումանի պարտք է թողել Միրզա՜Ֆաթալի պարսկին, որ և մնում է նրա կնոջ վրա մինչև այսօր: Հայտնի է, տիկին Թարլանը չունի այնքան կարողություն, որ կարողանա վճարել մի այսքան ծանր պարտք. դրա համար Միրզա-Ֆաթալին պարտավորված է տիրել յուր գրավները, այսինքն՝ Հովասաբենց տունը և նրանց այգին, տիկին Թարլանի միակ ժառանգությունները, որ են և նրա ընտանիքի ապրուստի միակ աղբյուրները: Միրզա-Ֆաթսղին մտերիմ բարեկամ է ինձ, ես մտադիր եմ խնդրել նրան, այս օրերում տիրե գրավները, որ նրա գրավատոմսակի պայմանով այժմ պատկանում են պարտատիրոջը: Տիկին Թարլանը զրկվելով յուր տանից, կորուսանելով յուր այգին, այլևս չի կարող ապրել, այսինքն՝ կընկնի անբախտ աղքատության մեջ: Կարոտությունը ու չքավորությունը խոնարհեցնում է մարդիկ: Մենք՝ հաջող միջոցը որսալով՝ կառաջարկենք նրան ձեր օգնությունը, եթե դուք պատրաստ եք վճարել Միրզա-Ֆաթալիի պահանջելի արծաթը, և հետ առնելով նրա տիրած գրավները, դարձնել տիկին Թարլանին այն պայմանով, երբ նա կհաճեր յուր աղջիկը տալ ձեզ կնության: Եվ դուք այդ մեծահոգությունը կատարելեն հետո, տիկին Թարլանը ուրախությամբ կցանկար ունենալ ձեզ նման փեսա: Եվ օրիորդ Սալբին անտարակույս սիրելու էր ձեզ, երբ պատճառ կդառնայիք նրանց ապրուստի կրկին ապահովությանը:

 

Սոլոմոն-բեկը երկչոտ աչքերով նայում էր պարոն Վասակյանին և դողում էր բոլոր մարմնով: Սերը եթե չլիներ, փոքրոգի մարդերի մեջ այնքան զորեղ, պարոն Ավազակյանցը ոչ մի պայմանով չէր համաձայնվելու այդ նրա համար ամենածանր զոհաբերությանը: Բայց նրա հիմար գլուխը այնպես խռովել էր օրիորդ Սալբիի կախարդական սերը, որ այժմ նրա աչքերում ո՜չ մի բան բացի նրանից արժեք չուներ: Նա հրամայեց, նրան տվին ղեյլան, և մի քանի շունչ ծխելեն հետո ասաց.— Ես հոժար եմ, Ռե՜ս, ես ո՜չ մի բան չեմ խնայում, միայն թե կարողանայի շահել օրիորդ Սալբիի սերը:

 

— Շատ լավ. այժմ ինձ մնում է կապել ձեզ հետ և մի դաշինք, այսինքն դուք հայտնի կացուցանեիք, թե որքանո՞վ կվարձատրեիք իմ ծառայությունը, — հարցրուց Վասակյանը:

 

— Բայց դուք հայտնի կացուցեք ձեր գործը:

 

— Ի՞մ գործը. — իմ գործը կլինի, որ օրիորդ Սալբին յուր հոժարությամբ կընդունի պսակվել ձեզ հետ:

 

— Ձեր մի այդպիսի աշխատությունը կվարձատրեմ ևս երկու հարյուր թումանով և մի թազա ընտիր շալով:

 

— Թեպետ խիստ սակավ է իմ ծառայության հետ համեմատելով, բայց ձեզ մոտ կորած չէ՜, եթե ոչինչ չտաք, ես դարձյալ շնորհակալ եմ. մնաք բարյավ.

 

— Տերը ձեզ հետ: Խաբեբան հեռացավ:

 

Բայց պարոն Աշխարունիի տանում պարոն Արամը և նրա կինը՝ տիկին Սալլաթինը` այդպես խոսում էին.

 

— Պետք է շնորհակալ լինել Սոլոմոն-բեկին, որ այդպես շուտ դուրս տարավ քույրը մեր վարժարանից, — ասաց պարոն Արամը:

 

— Արդարև, օձը բույն էր դրած դրախտի մեջ, — պատասխանեց նրա կինը:

 

— Սոլոմոն-բեկը սկսել է այժմ աշխատել մեր գործի վնասի համար:

 

— Հուդաները միշտ պակաս չեն աշխարհից...: Բայց տիրոջ գործը միշտ գնում է առաջ և առաջ... հալածանքները, արգելքները՝ միշտ զորություն են տալիս նրան...:

 

— Սոլոմոն-բեկը սկզբանե ուներ չար միտք... — ասաց տիկին Սալլաթինը. — և նրա այնպես բարեկամաբար մեզ մոտենալը առանց պատճառի չէր:

 

— Ի՞նչ պատճառ կար:

 

— Նա սիրում էր Սալբին և միտք ուներ մի հնարքով նրան խլել պարոն Ռուստամի ձեռքից:

 

— Ա՜... ա՜... ա՜... այդպե՞ս... դա ծիծաղելի է... — բացականչեց պարոն Արամը:

 

Հանկարծ ներս մտավ պարոն Խոսրով Մելիքզադեն:

 

— Օրիորդ Սալբին խոստացել է ինձ տալ կարդալու պարոն Ռուստամի օրագրությունները, — ասաց նա. — այժմ հասկացա, ձեզ մոտ են, կխնդրեմ տալ ինձ:

 

— Հա՜, մեզ մոտ են, — պատասխանեց տիկին Սալլաթինը և տվեց նրան թղթերը:

 

Պարոն Մելիքզադեն առեց թղթերը և անփույթ կերպով թեք ընկավ սոֆայի վրա, սկսավ կարդալ:

 

— Արդարև, հեղինակը խիստ խոր զգացել է անբախտ այրիի հետ նրա օրորոցի երգը, — ասաց նա, ուշադրությամբ նայելով թերթին:

 

— Պարոն Ռուստամը, — մյուս կողմից խոսեց պարոն Աշխարունին, — ոգևորված գովաբանում է վայրենի քաջազնական կյանքը, կամ ուրիշ խոսքերով` բարբարոսությունը, բայց հույները իրանց ճարտարությամբ թողել են արժանի հիշատակի մի արձան գալոց ազգերին — մի արձան, որ միանգամայն ձևացնում էր կռվի և իմաստության աստվածուհին: Այդ մի մեծ խրատ է մարդկությանը, որ առանց իմաստության, առանց ուսման, առանց կրթության, միով բանիվ՝ առանց լուսավորության, այսօրվա օրս ոչ մի գործ չէ կարելի կատարել: Անցան, գնացին այն ժամանակները, երբ մի Ալեքսանդր, մի Աթիլլա, մի Լենկ-Թեմուր, մի Նադր-Շահ աշխարհի մի ծայրից դեպի մյուսն արշավել են: Այդ մեծամեծ ավազակները միշտ նմանել են ցոլացող մետեորաներին, որ հանկարծ երևան էին գալիս և իսկույն չքանում մթնոլորտի մեջ...:

 

Լ

 

ՈՒՂՂԱՓԱՌ ՄԱՀՄԵԴԱԿԱՆԸ

 

Առավոտյան շուտ պարոն Վասակյանը հրամայեց թամքել յուր ջորին. հեծավ և սկսավ դիմել դեպի գյուղաքաղաքը, որ ոչ այնքան հեռու էր Ծաղկավանից:

 

Այդ գյուղաքաղաքում վաղուց արդեն բնակվում էր Միրզա-Ֆաթալի անուն հարուստ պարսիկը, մի եկվոր այս կողմերը Շիրազից:

 

“Մեծ հարստությունները միայն կարելի է վաստակել անիրավությամբ, արդարությամբ չէ՜ կարելի միշտ փլավ ուտել, ցամաք հաց է աղքատիկ կերակուրը արդարների... ”: Այդպես էր սովորական առածը Միրզա-Ֆաթալիի: Յուր նպատակի հիմը դնելով այդ բնաբանի վրա` Միրզա-Ֆաթալին յուր մանկությունից ամենևին չուներ պահեցողություն մեղք գործելու մեջ. — սուտ խոսել, սուտ երդվել, ուրանալ, գողանալ, թեթև քարով կշռել, կարճ կանգունով չափել, փոքրիկ թուրայով (քոռով) տալ, մեծով առնել՝ էին միակ վաստակարարության աղբյուրները նրա առևտուրի մեջ: Այսուամենայնիվ, նա յուր հավատակիցների մեջ համարվում էր մինը ուղղափառ մուսուլմաններից: Ավելի ճշտությամբ կատարելով Իսլամի շառիաթական կանոնը, “թե օրենքը երևելիին հրաման կանե”– — կամ “քննությունը պիղծ է”. — Միրզա-Ֆաթալին կարողացել էր մուսուլմանների արդարության գույներով ներկել յուր արտաքին կերպարանքը: Կամ ըստ հայոց ասության, լինել մի ոչխարազգեստ գայլ: Նա ոտքից գլուխ ծածկված էր մեշետյան սև վերարկուով, բարեպաշտության հաստ գոտիով պնդել էր յուր մեջքը, յուր ճկույթը անցուցած էր արդարության մատանին, միշտ ձեռքում ուներ փառաբանության թասպահը, գլխին կապած էր նվիրական չալման, հագած էր ժուժկալության սպիտակ թումբանը (վարտիք), նրա աչքերը միշտ սուրմայած էին սև դեղով, նրա երեսը ամեն առավոտ թաց էր լինում վարդաջրով, և եթե մի մուսուլման՝ յուր կյանքում գործածելով մի բաթման հանա, ազատվում էր դժոխքի կրակից, Միրզա-Ֆաթալին արդեն գործ էր ածել քանի-քանի՛ բաթմաններ հանա, ամեն ուրբաթ ներկելով յուր ձեռքերը, ոտքերը և մորուքը` նրա աղյուսագույն ռանգով:

 

Միրզա-Ֆաթալին ամեն օր գնում էր բաղնիք. ով որ տեղյակ է Իսլամի խորին գաղտնիքներին՝ իմանում է, թե Միրզան դրանով լցուցանում էր մի մեծակշիռ կրոնական պարտավորություն, ամեն օր մերձավորություն անելով յուր կնիկներին... և այդ ցանկասիրական առաքինությունը ստանում էր յուր վարձքը ճեննաթի մեջ…”

 

Վաստակել արդարությունը Իսլամի մեջ խիստ հեշտ է և դյուրին` նյութական ծեսերի և արարողությունների միջոցով, Իսլամի հոգևոր մասը մռայլված է՝ հանդեսների խրատներով:

 

Դու տեսնում ես, Միրզա-Ֆաթալին նստած է յուր դուքանում, հանկարծ լսելի է լինում կեսավուր ազանի ձայնը, և ահա նա, յուր դապայի երկայն դրոշակները հավաքած, յուր հագուստների թևքերը մինչև արմունկները ծալած, վեր է առնում աֆտաֆան, լվացվում, դաստամազ առնում, և կատարում է յուր նամազը: Նա կարդում է յուր աղոթքը (որ մարգարեն հորինել է արաբացվոց լեզվով), ամենևին չհասկանալով յուր աղոթքի իմաստը. նա կարդում է բարձր և լսելի ձայնով, որպեսզի բազմաթիվ բազմությունը լսե նրա աղոթքը և գովե յուր բարեպաշտության համար:

 

Միրզա-Ֆաթալին ճշտությամբ պահում էր երեսնօրյա ծոմը (օրուջը), մուհարլեմի ամսում ամբողջ քառասուն օր հագնում է սև քուրձ ի պատիվ իմամ Հյուսեինի և նրա ընկեր մյուս մարտիրոսվածների, և նշանավոր զատիկ օրերում բաժանում էր աղքատներին հաց և արծաթի շահիներ:

 

Միրզա-Ֆաթալին, գալով այդ երկիրը Դաղստանից, առաք ապրում էր որպես փաստաբան մոլլաների դիվաններում. այդ գործով, նա խիստ փոքր ժամանակում, մեծ հարստության տեր դառնալով, սկսավ վաճառականություն անել: Բայց միևնույն ժամանակ նա բոլորովին չկտրեց յուր հաղորդակցությունը մոլլաների հետ. կարծես թե Միրզա-Ֆաթալին պարտավորված էր կերակրել այդ մարգերի ստամոքսը, որոնց ձեռքումն էր Իսլամի օրենքը: Բացի դրանից` նա ամեն շաբաթ ուներ յուր տանում մի քանի առանձնակի հյուրեր, որ էին այն կարգի մարդերից, որ իրանց կեղծավորությամբ և փարիսեցիությամբ ո՜չ միայն ստացել էին ուղղափառ մուսուլմանի անուն, այլ օրինական մոլլաների դիվաններում գրավել էին մեծակշիռ համարում իրանց արդարության մասին: Միրզա-Ֆաթալին կարոտ էր պահպանելու յուր բարեկամությունը այդպիսի խաբեբաների հետ, որ շատ անգամ օգնում էին նրան յուր չարագործությունների մեջ. — հարկավորած ժամանակ` լինելով նրա համար սուտ վկաներ, և շատ անգամ կնքելով նրա կեղծյալ և խարդախ տոմսակները և մուրհակները:

 

Մի քանի դերվիշներ ապրում էին նրա հացով՝ նրա տան նախագավթում նրանց համար առանձին շինված խուցերում: Միրզա-Ֆաթալիին գովաբանում էին, որ կերակրում էր այդ ֆաղիրները աստուծո համար: Եվ շատերը կարծիք ունեին, թե այդ իմաստունները ալքիմիայի արհեստով շինում էին նրա համար ազնիվ մետաղներ, որով այնքան հարստացած էր Միրզա-Ֆաթալին: Բայց ո՜չ այս, ո՜չ այն, դերվիշները նրա համար շինում էին խարդախ դրամներ:

 

Միրզա-Ֆաթալիի ծառան իմաց տվավ, թե Ռես Վասակյանը կամենում է առանձնակի տեսություն անել` հարկավոր խոսելիքի համար:

 

— Մաշատի-Սմայելի, — ասաց նա յուր որդուն, — դուք այստեղ վերահասու եղիք առևտրական գործերին, մինչև ես կվերադառնամ:

 

Նա մտավ կրպակին կից փոքրիկ սենյակը, ուր սպասում էր նրան պարոն Վասակյանը:

 

— Հը՛մ, ի՞նչ կա, Ռե՜ս, բարի լինի, — ծիծաղելով ասաց Միրզան սովորական ողջունից հետո:

 

— Աստուծով բարի է... ես չար և անօգուտ գործերի համար ձեր շեմքը չեմ կոխել, — պատասխանեց պարոն Վասակյանը:

 

— Դարձյալ ո՞րս... կա՞ մի այդպիսի բան, — հարց արավ պարսիկը խորհրդական եղանակով:

 

— Այո՛, որս... բայց որպիսի՛... խիստ գեր և պարարտ... ես կթռցնեմ, դուք զարկեք, — պատասխանեց խաբեբան իրանց միայն հասկանալի ոճով:

 

— Շատ լավ. ես պատրաստ եմ կատարել սուրբ պարտականությունները, միայն դուք պարզեք գործի իսկությունը:

 

Պարոն Վասակյանը խոսեց.

 

— Մեր գյուղում բնակվում է Հովասաբենց տիկին Թարլան անուն այրին: Դա մի աղքատ կին է, որի ապրուստի միակ աղբյուրներն են՝ նրա տունը և այն մեծ այգին, որ ժառանգությամբ մնացել են նրա հանգուցյալ ամուսին այրից: Այդ կինը ունի մի ամենագեղեցիկ աղջիկ Սալբի անունով, որ նշանված է տեր-Առաքելենց Ռուստամին: Բայց իմ տերը, Սոլոմոն-բեկը, մելիք Պիլատոսի որդին, ամենասաստիկ կերպով սիրահարված է օրիորդ Սալբիի աննման գեղեցկությամբ: Մեր բոլոր ջանքերը, որևիցե հնարքով հրապուրել մանուկ օրիորդի սիրտը դեպի պատանի Ավազակյանցը, բոլորը իզուր անցան: Եվ որքան օրիորդ Սալբին մնացել է հավատարիմ յուր նշանածի սիրույն, այնքան Սոլոմոն-բեկը պահանջում է ինձանից նրա սերը գրավել դեպի ինքը: Միրզա, լսեցեք, — առաջ տարավ պարոն Վասակյանը. — ինձ խիստ պետք է ձեր գործակցությունը, և մի առատ դրամացի օգուտ ստիպում է մեզ սառն աչքով չնայել այդ գործի վրա, այլ աշխատիլ մի հնարքով կատարել Սոլոմոն-բեկի կամքը, ընդսմին և տեր դառնալ այն բավականաչափ գումարին, որ ես կորսայի մեջտեղից:

 

— Որպիսի՞ հնար, — հարցրուց անհամբերությամբ Միրզա-Ֆաթալին, — և ի՞նչ գումար կարելի է որսալ այդ գործի միջից:

 

— Միակ գործադրելի հնարը, — առաջ տարավ պարոն Վասակյանը, — չէ այլ ինչ, միայն նյութական միջոցներով պարտավորել տիկին Թարլանը, կամ ավելի պարզ ասած՝ գնել նրա աղջիկը արծաթով: Այդ իրողությունը կարելի անելու համար՝ պետք է գտնել մի հնարք, որ նրանք կարոտություն ունենային արծաթի. — այսինքն մի անհրաժեշտ կարիք, որ ստիպե տիկին Թարլանին յուր աղջիկը փոխարինել արծաթի հետ:

 

— Կա՞ մի այդպիսի ստիպողական միջոց կամ հնարք, որով տիկին Թարլանը հանձն առներ, որպես ասացիք, յուր աղջիկը փոխարինել արծաթի հետ, — հարցրուց պարսիկը, ավելի ուշադրությամբ մտադիր լինելով յուր լսածներին:

 

— Կա, — պատասխանեց Ռեսը բանիմաց մարդի եղանակով: — Կա մի ավելի հաջող հնարք այդ անելու: Ես պատմեցի Սոլոմոն-բեկին, թե տիկին Թարլանի հանգուցյալ այրը թողել է մի հազար թուման պարտք Միրզա-Ֆաթալի պարսկին և նրա տունը ու այգին գրավ են այդ փողի գումարին: Սոլոմոն-բեկը հրամայեց, թող տիրե Միրզան յուր գրավները, և տիկին Թարլանը չունենալով այդքան կարողություն վճարելու պարտքը, անշուշտ դիմելու է դեպի մի ուրիշի օգնությունը: Այն ժամանակ մենք կհատուցանենք Միրզայի փողը, և գրավները ձրիաբար տիկին Թարլանին դարձնելով, կպարտավորեցնենք նրան, և որպես ասացինք, կգնենք նրա աղջիկը արծաթով:

— Երբ չկա մի այդպիսի գրավատոմսակ, ի՞նչ պետք է արած:

 

— Ես գիտեմ, որ չկա, բայց ի՞նչ դժվար գործ է խարդախ գրավատոմսակներ շինելը ձեր ձեռքում…:

 

— Այդ իրավ... բայց պետք են մի քանի հավատարիմ վկաներ.

 

— Վկաները հայերի կողմից կլինինք մինը ես, մյուսը՝ տեր Մարկոսը, մեր քահանան, և մի քանի այլ հոգի ես կարող եմ գտնել, իսկ թուրքերի կողմից դուք կարող եք գտնել շատերը, — պատասխանեց Ռեսը:

 

— Բայց դուք միամտացա՞ծ եք Սոլոմոն-բեկի զոհաբերության մասին:

 

— Բոլորովին: Նա, չնայելով յուր այնքան ժլատությանը, գիտեմ, յուր բոլոր հարստությունները չէ խնայելու այդ գործի մեջ յուր նպատակը հառաջ տանելու համար: Միայն թե դուք աշխատեցեք որքան կարելի է շուտով հնարելու գրավաթուղթը և տիրելու այն անշարժ կայքերին: Եվ այդ գումարը բաժանելու համար ես անում եմ այդպիսի պայմաններ. հազար թումանի հինգ հարյուրն քո բաժինն է, իսկ մնացյալ հինգ հարյուրն ես պետք է կես կիսեմ տեր Մարկոսի հետ, որ մեզ խորհրդակից է:

 

— Շատ լավ. քահանայի գործակցությունը հարկավոր է մեզ:

 

— Քահանայի գործակցությունը հարկավոր է և մի ուրիշ պատճառով, որ եթե այդ գործի մասին դատաստանական քննություն լինի, քահանան կվկայե, թե հանգուցյալը յուր մեռնելու ժամանակ խոստովանվել է մի այդպիսի պարտքի մասին: Մեր ժամանակը մի բախտավոր ժամանակ է, — կրկնեց Ռեսը հրճվանոք. — մոլլաներն, որպիսի թուղթ ուզում ես, տալիս են չնչին արծաթով... քահանաները վկայում են ամեն տեսակ ստություն... և սուտ վկաներ կարելի է ճարել ամեն ազգից մի բաժակ արաղով… միայն ճարտարություն պետք է, որսալու արծաթ...:

 

— Արդարև, այդպես է, — ասաց Միրզա-Ֆաթալին: — Բայց դուք անհոգ կացեք, Ռես, ես առավոտյան կսկսեմ գործը, և հույսով եմ, որ բոլորը կվերջացնեմ մի քանի օրվա մեջ:

 

Պարոն Վասակյանը մնաք բարյավ ասելով, հեռացավ:

 

Մի քանի օրից հետո Միրզա-Ֆաթալին խանի հրամանով տիրեց տիկին Թարլանի այգին և արտաքսեց նրան այն նվիրական տանից, ուր երկար տարիներով բնակվել էր Հովասաբենց ազգատոհմը: Տիկին Թարլանը ճարահատյալ տեղափոխվեցավ յուր դրացի ծերունի Մկրտչի՝ մեզ նախածանոթ տունը:

 

Այդ հանկարծակի անցքը մահու չափ ցավալի եղավ տիկին Թարլանին. նա չէր կարողանում տանել յուր անբախտությունը: Մի օր, երբ նա միայնակ նստած լաց էր լինում յուր սև օրը, լսելի եղավ, որ զարկում էին բակի դռները. սարսափելի դող եկավ խեղճ տիկին Թարլանի վրա: — Գնա, ասաց նա օրիորդ Նազանուն, գնա, տե՜ս, այլևս ո՞վ կամենում է վրդովել մեր հանգստությունը... եթե այն անիծյալ Միրզա-Ֆաթալիի մարդիկ լինեն, ասա՜, ես հիվանդ եմ, չեմ կարող ընդունել մարդիկ:

 

Աղախինը շուտով հետ դարձավ, հայտնեց. Վասակյան Ռեսը հարկավոր խոսելիք ունի:

 

— Բարի՛ լինի... — կրկնեց տիկին Թարլանը և հրամայեց աղախնուն, որ ասե, թող ներս գա: Եվ ինքը, չորելով աչքերի արտասուքը, ընդունեց պարզ և հանդարտ կերպարանք:

 

Ներս եկավ Ռեսը. տիկին Թարլանը ոտքի ելավ նրա առջև, ցուցանելով արժանավոր ընդունելություն. երկուքն կրկին նստեցան միմյանց շատ մոտավոր:

 

Ռեսը սկսավ հարցնել տիկին Թարլանի առողջությունը և նրան պատահած դժբախտությանը ցույց էր տալիս խորին ցավակցություն: Նազանին ոտքի վրա սպասավորություն էր անում. նա շուտով մատույց հյուրին ղեյլան, և պարոն Վասակյանը սկսավ ծանր ու հանդարտ կերպով ղռղռացնել:

 

— Ասացեք, խնդրեմ, — հարցուց պարոն Վասակյանը երկար լռությունից հետո, — ի՞նչպես վերջացավ ձեր վեճը Միրզա-Ֆաթալիի հետ:

 

— Ես իմ բնակությունը փոխելով այդ աղքատին տան մեջ, դուք պիտի հասկանաք, ես զրկված եմ իմ տանից, — պատասխանեց տիկին Թարլանը հոգվոց հանելով:

 

— Տեր ողորմյա... — գլուխը շարժեց խաբեբան ավելի ցավակցություն ցույց տալով: — Ասացեք խնդրեմ, ձեր լուսահոգի ամուսին այրը յուր կենդանության ժամանակը երբեք պատմե՞լ էր մի այդպիսի պարտքի մասին:

 

— Ոչ, երբեք, նա ամենևին հաղորդակցություն չուներ Միրզ-Ֆաթալիի հետ:

 

— Ուրեմն դուք կարծում եք այդ պարտքը ձեր ամուսինը թողած չէ՛:

 

— Աստված գիտե... այդ չեմ կարող ասել, մթին և հին գործ է:

 

Պարոն Վասակյանի հոնքերը ավելի և ավելի խոժոռվում էին.

 

Նրա կերպարանքը ընդունում էր հետզհետե կատաղի գծագրություն, նա նմանվում էր նույն ժամանակ գազանին, որ պատրաստվում էր հարձակվել յուր զոհի վրա:

 

— Գիտեք, տիկին, — խոսեց նա, — Դուք գիտեք, որ մենք ոչ մի անգամ չենք ցանկանալու մի հայ քրիստոնյայի ապրանքին տիրե այլազգին: Բայց մենք հոգի ունինք աստծուն տալու, ինչպե՞ս կարող ենք սուտ խոսիլ. աստված ինքն վկա է երկնքում, և ես գիտեմ, որ այն պարսկի գրավատոմսակը սուտ չէ. ձեր այրը մի այդքան գումար պարտք էր նրան յուր կենդանության ժամանակ: Եվ տեր Մարկոսը, ես և մի քանի այլ մարդիկ մեր դրկիցներից՝ վկա ենք այդ իրողությանը:

 

— Իհարկե, դուք լավ գիտեք:

 

— Լսեցեք ինձ, մայրիկ, — առաջ տարավ նա յուր սովորական ճարտարախոսությամբ, — ես ունենալով ձեր հանգուցյալ ամուսնի հետ մի անկեղծ բարեկամություն, մեծ պարտավորություն եմ համարել մինչև այսօր միշտ մտածել նրա ընտանիքի բարօրության մասին: Եվ այդ դժբախտությունը ձեզ պատահելեն հետո, քանի օր է, որ ես գիշեր ու ցերեկ հանգիստ չունիմ, միշտ մտածելով մի հնար` ազատելու ձեզ այդ թշվառությունից:

 

— Տերը թող միշտ օգնական և պահապան լինի քեզ, — խոսեց տիկին Թարլանը ջերմեռանդությամբ:

 

— Ես մտածել եմ մի իրողություն, որի մեջ, եթե, դուք ևս ինձ հետ համաձայն կլինիք, հույսով եմ, որ կրկին տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին:

 

— Ես ձեր ոտքի հողն եմ, դուք ինչ ասեք, ես կլսեմ:

 

Պարոն Վասակյանը այն կարգի մարդերից էր, որ հայերի ասածին պես, “սև ջրից սեր վեր կառներ”: Նրա հնարագետ միտքը իսկույն գտավ մի նոր միջոց այստեղ նույնպես յուր օգուտը որսալու:

 

— Այո, այդպես, — ասաց նա հաստատամտությամբ, — դուք կրկին տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին միայն մի քանի պայմաններով:

 

Տիկին Թարլանը կարծես թե երազի մեջ էր. չէր հավատում յուր ականջներին. նրա շնչառությունը ուրախությունից խեղդվում էր:

 

— Աստված է ուղարկել քեզ, Ռես, մխիթարելու խեղճ այրին, — ասաց նա ուրախությամբ համբուրելով պարոն Վասակյանի ձեռքերը:

 

— Ես ասացի ձեզ, թե դուք տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին, միայն մի քանի պայմաններով, — շարունակեց Ռեսը անվրդով եղանակով: — Այժմ հարկավոր է ձեզ, պատվելի տիկին, գիտել թե ի՜նչ պայմաններ էին դրանք: Մի մեծահոգի տղամարդ իմ բարեխոսությամբ հանձն է առել բարերարել ձեզ, վճարելով Միրզա-Ֆաթալիին ձեր մի հազար թումանի պարտքը, հետ առնելով գրավներն և դարձնելով նրանք ձեզ բոլորովին ձրիաբար: Առաջին, որ դուք խոստանայիք տալ նրան կնության ձեր աղջիկը, երկրորդ, որ իմ այս ծառայության փոխարեն վարձատրեք արծաթով:

 

— Կարելի՞ է գիտենալ այդ բարերարի անունը, — հարցրուց տիկին Թարլանը:

 

— Մելիք Պիլատոսի որդին, Սոլոմոն-բեկը:

 

Քիչ էր մնում տիկին Թարլանը խելքից գնար, լսելով այդ փառավոր անունը:

 

— Իմ աղջիկը ոչ թե արժան է լինել Սոլոմոն-բեկի կինը, այլ նրա տան մեջ մինը ստորին աղախիններից: Այդ աստծո շնորհն է. ես անարժան եմ մի այդքան բախտավորության...: Բայց դուք, որ ձեր բարեսրտությամբ պատճառ եք եղել իմ և իմ աղջկա բախտավորությանը, ձեզ ես իմ հոգին տալու լինիմ դեռ սակավ է... իհարկե, ձեզ առանց վարձատրության չեմ թողնելու:

 

— Դուք հայտնեցեք, թե ի՞նչ կամիք տալ:

 

— Ես ամենայն խնայողությամբ իմ վաստակներից ավելացրել եմ մի հարյուր թուման փող, որ միտք ունեի Երուսաղեմ ուղարկելու. այդ գումարը քեզ կուտամ. եթե դրանից ավելի ունենամ և չտամ, թող Հուդայի արծաթ լինի:

 

Պարոն Վասակյանը ոտքի ելավ:

 

— Այժմ ի՞նչ հույսով գնում եմ ես, — հարցրուց նա:

 

— Դու բոլորովին միամիտ կաց, թե ձեր մի հարյուր թումանի մասին և թե իմ աղջկա մասին: Միայն աշխատիր որքան կարելի է, մենք շուտով դուրս գանք այդ անտանելի բնակությունից, — կրկնեց տիկին Թարլանը:

 

Խաբեբան հեռացավ: Բայց անմիտ տիկին Թարլանը ամենևին չմտածելով յուր աղջկա հպարտ և հանդուգն բնավորությունը, և թե նա` բոլոր աշխարհի հետ չէր փոխելու պարոն Ռուստամի մի մազը. — իզուր հանձնառու եղավ պարոն Վասակյանի առաջարկությանը:

 

Երեկոյան պահուն, երբ տիկին Թարլանը գնացել էր ժամ, օրիորդ Սալբին դարձավ պարոն Աշխարունու տանից: Նա գտավ իրանց նոր բնակարանում միմիայն օրիորդ Նազանին և յուր սովորական կատակասիրությամբ սկսավ նրա հետ խաղալ. բայց տեսնելով նրա տրտում և տխրամած երեսը, ասաց. — Նազանի, միթե դուք տկա՞ր եք:

 

— Ոչ, ես տկար չեմ, — պատասխանեց վշտացած օրիորդը. — բայց, Սալբի քույրիկ, ձեր մայրը մի անագորույն ծնող է. դուք մի ընդունեք նրա խոսքերը. նա կամենում է ձեզ ձգել անբախտության մեջ` զրկելով պարոն Ռուստամից և տալով Սոլոմոնին, այն հիմար անասունին, որին այնքան ատում եք դուք:

 

— Ի՞նչ էր ստիպում նրան այդ անել:

 

— Շահասիրությունը և անխելք փառասիրությունը, իմ սիրելի, որովհետև Սոլոմոն-բեկը խոստացել է վճարել ձեր հոր պարտքը և ձեր տունը և այգին ձրի դարձնել ձեզ:

 

— Այդ դուք ո՞րտեղից գիտեք:

 

— Այսօր եկել էր ձեր տունը Ռես Վասակյանը և դրա վրա խոսում էր ձեր մոր հետ. մայրդ խոստացավ նրան մի հարյուր թուման փող, երբ նա կկատարե այդ գործը:

 

Ախ, չար վասակներ... ա՛խ, դժոխքի որդիք… մինչև ե՞րբ դուք պիտի անպակաս լինիք խեղճ հայերի միջից... մինչև ե՞րբ ձեր թունավոր շունչը պիտի ապականե մեր աշխարհի օդը... — բացականչեց օրիորդ Սալբին տխուր հառաչանքով:

 

— Ոչ. դուք մի խաբվիք, Սալբի, Ռուստամը ափսո՛ս է:

 

— Ես չեմ խաբվիլ, Նազանի, և ոչ մի բան աշխարհում չէ կարող խաբել ինձ... ես չեմ լսելու ոչ մի ձայն. բայց կլսեմ սիրո ձայնին, որ միշտ զարկում է իմ սրտի մեջ...:

 

Օրիորդ Նազանին լուռ կացավ և գնաց ճրագ վառելու: Մեր անբախտ հերոսուհին միայնակ նստած էր մութի մեջ: Հազարավոր դառն մտածմունքներ պաշարեցին նրան: “Անտարակույս գործը կընդունե վատ ուղղություն, երբ մայրս նույնպես անցավ նրանց կողմը... այդ հիմարը կխանգարե յուր այրի, իմ հոր սուրբ ուխտը... և ի՞նչ կլինի այն ժամանակ իմ և խեղճ Ռուստամի վիճակը…”, մտածում էր նա խորին տխրությամբ:

 

Օրիորդ Նազանին ճրագ բերավ. աղջամուղջին խրճիթը լուսավորվեցավ պայծառ լուսով: Միևնույն րոպեին ժամից հետ դարձավ տիկին Թարլանը: Օրիորդ Սալբին նկատեց, նրա երեսը փայլում էր ուրախությունից:

 

ԼԱ

 

ՀԻՄԱՐ ԾՆՈՂՔ

 

Տիկին Թարլանը բոլոր գիշերը չէր քնացել ուրախությունից: Առավոտյան նա սովորականից խիստ շուտ զարթել էր: Նա հրամայեց յուր մոտ կոչել յուր աղջիկը:

 

— Մայր իմ, — ասաց օրիորդ Սալբին նշմարելով նրա պայծառ դեմքը, — այսօր խիստ ուրախ եմ տեսնում ձեզ:

 

— Այո, Սալբի, պետք է ուրախանալ և օրհնել վերին նախախնամությունը, — պատասխանեց նրա մայրը հրճվանոք: — Որովհետև տերը ողորմություն է արել մեզ անբախտներիս:

 

Օրիորդ Սալբին արհամարհական ձևով ժպտեցավ:

 

— Ի՞նչ ողորմություն, ասացեք, խնդրեմ, թող ես նույնպես բաժանորդ լինիմ ձեր ուրախությանը, — հարցրուց նա:

 

— Իմ աչքի լույս, մի մեծամիտ և մեծահոգի բարերար շնորհ է գործել մեզ. մենք մյուս անգամ տեր կլինինք մեր կորուսած ժառանգություններին և մեր ապրուստը կրկին ապահովության մեջ կլինի:

 

— Ես կարո՞ղ էի գիտենալ այդ բարերարի անունը:

 

— Աոլոմոն-բեկը, մելիք Պիլատոսի որդին:

 

Ծիծաղը կրկին ցնցեց օրիորդ Սալբիի վարդագույն շրթունքը:

 

— Ես չեմ կարծում նրա կողմից մի այդպիսի մեծահոգություն, — ասաց նա:

 

— Նա պատճառ ուներ այդպես անելու, — պատասխանեց տիկին Թարլանը: — Աստված դրել է նրա սրտի մեջ այն բարենպատակ ցանկությունը, որով նա խնդրում է ձեր սերը: Աստված նրան ազդել է այն վսեմ հոժարությունը, որով նա խոնարհվում է պսակ կապել մի աղքատ աղջկա հետ:

 

Օրիորդ Սալբին ոչինչ պատասխան չտվավ: Արտասուքը նրա աչքերի մեջ չէին կարողանում շիջուցանել կրակը բոցավառված աչքերի, և նրա շնչառությունը խեղդվում էր սրտի տհաճությունից և մրրկահույզ վրդովմունքից:

 

— Սալբի, սիրական, — հառաջ տարավ մայրը, — մի լավ մտածեցեք. Սոլոմոն-բեկը, մեր երկրի առաջին իշխանի որդին ցանկանում է պսակվիլ քեզ հետ... այդ աստուծո ողորմությունը չէ՞ ...:

 

— Ուրեմն դուք միտք ունիք պղծել իմ հոր սուրբ ուխտը, — պատասխանեց օրիորդը վշտացած կերպով:

 

— Ի՞նչ պետք է արած... երբ աղքատությունը ստիպում է...: “Հարկ զօրէնս լուծանէ”, ասում է գիրքը, — պատասխանեց նրա մայրը:

 

— Ուրեմն դուք կամիք վաճառե՞լ ինձ:

 

— Ոչ: Բայց ես իբրև մայր, իբրև առավել փորձառու իմ այնքան անցուցած օրերով, կամենում եմ բախտավորել քեզ. հաստատ գիտելով այդ չար աշխարհի գործը, որ նա յուր դառնությունները միշտ թափում է աղքատների վրա..., բայց արծաթից, իբրև կախարդական թիլիսմից, միշտ փախչում են կյանքի հոգսերը...:

 

— Մայր իմ, — ասաց նա հանդարտությամբ, — դուք խիստ սխալվում եք ձեր դատողությանց մեջ. որովհետև արծաթը թունավորում է երջանկություն ասած բանը:

 

— Ձեր մանուկ սրտին դյուրին է այդպես մտածել, բայց իմ ծամերը սպիտակացել են վշտակրության մեջ. ես առել եմ աշխարհի դառն համը... այդ պատճառով, մտածում եմ քեզ համար, գոնյա, ես հանգստությամբ գերեզման մտնեմ, չտանելով իմ հետ հողի տակ և այն ցավը, թե դուք մնացիք արևի տակ ինձ նման դժբախտ...:

 

— Աղքատությունը մեղք բան չէ, — պատասխանեց օրիորդ Սալբին սառնությամբ: — Եվ եթե մարդիկ կսանձեին իրանց եսական շահասիրությունները և մարդասիրությունը տեղի կգտներ բարի քրիստոնյաների մեջ, այն ժամանակ կարող էին ասել, աղքատություն ասած բանը չէ ապրում աշխարհի մեջ:

 

— Դրանք վերացական մտքեր են, որդի, — նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը: — Մենք պետք է մեր անձը հարմարեցնենք ներկա ժամանակի և մեր կյանքի պիտույքների հետ:

 

— Ժամանակի հետ ես գործ չունիմ. ես ամենևին ուշադրություն չեմ դարձնում, թե ի՞նչ բաներ գործվում էին իմ շրջակայքում. բայց ես գործ ունիմ իմ սրտի, իմ մտքի, իմ գաղափարների հետ. ես իմ անձս կհարմարացնեմ իմ կամքի հետ, մտածելով, թե երկու սիրավառ սրտերի համար և այն փոքրիկ, համեստ խրճիթների մեջ կարելի էր գտնել բախտավորություն:

 

— Դուք ապրում եք ֆանտազիայով, — կրկնեց նրա մայրը վշտացած սրտով և ավելի չկամեցավ խոսել նրա հետ, այլ առավ չարսավը, սկսավ գնալ առավոտյան ժամը խռոված սրտով: Նա ճանապարհում անիծում էր ինքն յուր անձը, յուր անխելքությունը, թե ինչու յուր աղջիկը տվեց ուսում և գիտություն սովորելու, որ կարողանա մինչև այն աստիճան լրբանալ, ընդդիմանություն գործելով յուր կամքին, կամ այնպես համարձակ և անամոթ կերպով խոսել սիրո վրա: Նա գնաց ժամ աղոթելու և սրբերու բարեխոսությունները խնդրելու, որ յուր աղջկա միտքը փոխեին...:

 

Ժամից դուրս գալուց հետո նրան հանդիպեց ճանապարհում Ռես Վասակյանը, որ յուր կյանքում եկեղեցվո երես տեսած չլինելով, նույն առավոտ գնացել էր այն մտոք, որ կարողանա խոսել տիկին Թարլանի հետ:

 

— Եկեղեցում մեր պարտքը աստծուն հարուցանելեն հետո այժմ մնում է մեզ լցնել, մեր պարտավորությունները դեպ մարդիկ, — խոսեց նա ավելի բարեպաշտություն ցույց տալով: Գիտե՞ք, պատվելի տիկին, որքան անհանգիստ եմ ձեր գործի մասին... Ես մտադիր էի ձեզ մոտ գալ այս առավոտ, լավ եղավ, հանդիպեցանք միմյանց. դուք խոսեցի՞ք ձեր դստեր հետ այն խորհրդի մասին, որ անցյալ օր այնքան սիրով ընդունեցիք դուք:

 

Տիկին Թարլանը, տակավին հույս ունենալով, թե մի կերպով կարող էր համոզել յուր աղջիկը, պատասխանեց. — Ի՞նչ հարկ կար այդ մասին խորհրդակցել իմ դստեր հետ. միթե մեր աղջիկները մինչ այն աստիճան լրբացա՞ծ են, որ կարողանային ընդդիմություն գործել իրանց ծնողների կամքին: Մենք ունինք իշխանություն մեր աղջիկների վրա, ոչ միայն մեր ուզած մարդին տալու, այլև վաճառելու:

 

— Ահա՜ ամենաճշմարիտ խոսվածքը, — կրկնեց բանսարկուն: Միայն հիմար Եվրոպան շնորհել է յուր որդիներին այնքան անտեղի ազատություններ ամուսնության մասին: Բայց իրավ, մեր ասիացի ծնողները առավել իրավացի վարվել գիտեն իրանց որդիների հետ...: Եվ Եվրոպայի պղծությունները մեծ ապացույց են, նրանց չարաչար սխալմունքներին:

 

— Իշխանություն տալ հասուն աղջիկներին, իրենց կամքի ազատությամբ ընտրել փեսա, ասել է թե փչացնել, ոչնչացնել նրանց, — պատասխանեց տիկին Թարլանը:

 

— Օ՛հ, խելքս տանում են այդ ճշմարտաքարոզ խոսքերը, — կրկնեց կեղծավորը: Դուք, տիկին, խոսում եք իսկ և իսկ Ավետա — րանի միջից. բայց ներողություն, խնդրեմ, որ մի ամենահարկավոր գործ դժբախտաբար ինձ զրկում է ձեր մեղրաճաշակ զրույցներից, առայժմ մնաք բարյավ:

 

Տիկին Թարլանից բաժանվելով, պարոն Վասակյանին հանդիպեց Միրզա-Ֆաթալին, որ թանկագին ջորու վրա նստած, գնում էր յուր գյուղը, որ ոչ այնքան հեռի էր քաղաքից:

 

— Հը՜մ... բարեկամ, ի՞նչ եղավ, — հարցրուց նա, — ես կատարեցի ձեր կամքը, դուք էլ կատարեցեք ձեր խոստումները:

 

— Անտարակույս, այս րոպեիս գնում եմ Սոլոմոն-բեկի մոտ. առավոտյան կստանաք հինգ հարյուր թումանը, — պատասխանեի պարոն Վասակյանը:

 

— Մնացյալ հինգ հարյուր թումանը դուք պիտի բաժանեք տեր Մարկոսի՞ հետ:

 

— Իհարկե:

 

— Ա՛յ դու սատանա, — կրկնեց Միրզան և յուր ձեռքի մտրակը դեպի նա շարժելով, հեռացավ:

 

Սատանա բառը Միրզա-Ֆաթալին սովորաբար գործ էր ածում խելոք բառի փոխարեն:

 

Այնտեղից անցնելով Ռեսը ուղղակի դիմեց դեպի Ավազակյանց իշխանի տունը և գտավ Սոլոմոն-բեկին միայնակ յուր սենյակում:

 

— Ի՞նչ արեցիք, — հարցրուց Սոլոմոն-բեկը:

 

— Մինչև մի բան չպարգևեք ինձ, չեմ ասի, — պատասխանեց պարոն Վասակյանը, ավելի թանկ ծախելով յուր գիտցածը:

 

— Թե աստված կսիրես, ասա:

 

— Էլ ի՞նչ ասեմ, երկնային ավետիք, որ աստված ուղարկում է յուր հրեշտակների լեզվով, օրիորդ Սալբին այժմ ձերն է...:

 

— Ուղղո՞րդ, եթե այդպես լինի, ես կավելացնեմ իմ խոստացածի վրա և մի քանի թուման:

 

— Ճշմարիտ... աստված է վկա, որ սուտ չեմ ասում: Սոլոմոն-բեկը հափշտակվեցավ հիացմունքով:

 

— Բայց ժամանակ կորցնել պետք չէ, — կրկնեց Ռեսը. — դուք հրամայեցեք, թե որտեղից կամենում էիք տայլ մի հազար թումանը, այսօր իրիկնապահին ժամադիր եմ եղած հասցնել Միրզա-Ֆաթալիին:

 

— Առեք այդ տոմսակը, գնացեք բազառ. այնտեղ գանձապետից կստանաք բոլոր գումարը, և հատուցանելով Միրզա-Ֆաթաիին` կստանաք նրանից գրավաթուղթը, և առավոտյան Հովասաբենց գերդաստանը կրկին կտեղավորեք իրանց հայրենական բնակությանց մեջ:

 

— Շատ լավ, — ասաց Ռեսը և առնելով տոմսակը հեռացավ:

 

Իրիկնապահին մի ընդարձակ դահլիճ Ավազակյանց ամրոցում լուսավորված էր բազմաթիվ ճրագներով, և պարսկական ճաշակով խիստ ճոխ զարդարված դահլիճը շողշողում էր, վառվռում էր զառիկից, բրոնզից, ֆարֆորից, ոսկուց և արծաթից, միանգամայն կացուցանելով շռայլության աստուծո տաճար: Մի հսկայաձև հաստլիկ մարդ, քիշմիրյան շալից խալաթը հագին, չափավոր քայլերով անցուդարձ էր անում թանկագին գորգերի վրա: — Դա էր մելիք-Պիլատոս Ավազակյանցը:

 

Մի մարդ, մռայլոտ կերպարանքով, ստրկաբար յուր գլուխը դեպի ցած խոնարհեցուցած, կանգնել էր դռան մոտ ոտքի վրա, և յուր աչքերը մեքենաբար հետևցնում էր մելիքի քայլերին:

 

Ինքը մելիքը կլիներ հիսուն տարեկան մարդ: Ժամանակը բոլորովին սպիտակացրել էր նրա ալիքը: Բայց նա, կամենալով իրան ավելի մատաղահասակ ցույց տալ, գլխի մազերը ածիլել տալով մորուքը կարմիր ներկել էր հինայով: Նրա բարձր, հսկայաձև հասակը, յուր նախկին ուղղությունից թեքվելով դեպի քամակը, առջևից դուրս էր ընկել ահագին հաստլիկ փորը: Նրա աղյուսագույն մսալի երեսը ցույց չէր տալիս ոչ մի մարդկային գծագրություն, այլ մի վագրի կերպարանք, որ յուր կատաղի արտահայտությամբ` բացատրում էր նրա գազանական հոգու վայրենի տրամադրությունները: Նրա խոժոռված աչքերը, սև, փայլուն, շուտաշարժ, լի էին արյունով և բարկությամբ:

 

Ոչ թե մելիքի արտաքին կերպարանքին նայելով` չէր կարելի որոշել նրան մի խաբեբա և փառասեր պարսկից, այլ նրա բոլոր սովորությունները, բարք ու վարքը միանգամայն նման էին կեղծավոր մահմեդականի, որ արտաքին ձևականությամբ միայն կամենում էր երևիլ բարեպաշտ մուսուլման, բայց հոգին լի է ամենայն չարությամբ:

 

Նա մեղմաշարժ ընթացքով գնաց, մոտեցավ փառավոր կիսաթախտին, որի տախտակները բարձր հնչումով ճռացին այդ վիթխարի անասունի անհամեմատ ծանրությունից, երբ նա նստած էր նրա վրա, և խորամանկ աչքերը ուղղելով դեպ Ռես Վասակյանը, որ կանգնած էր դռան մոտ, խոսեց.

 

— Վասակ, այսօր մեր գանձապետը տվավ ինձ մի տոմսակ, որ գրել էր մեր փչացած Սոլոմոնը, որով դուք ստացել եք հազար թուման, Միրզա-Ֆաթալիին հասցնելու համար:

 

— Ստույգ է, աղա՜, — երկյուղածությամբ պատասխանեց պարոն Վասակյանը:

 

— Առանց ինձ հայտնելո՞ւ, նզովյալ, — գոռաց նրա ձայնը: Պարոն Վասակյանը շփոթվեցավ երկյուղից:

 

— Ես պիտի չգիտենամ, թե ի՞նչ է գործվում իմ տանում, — կրկնեց մելիքը բարկությամբ: Ի՞նչ հարաբերություն ունի իմ փչացած որդին Միրզա-Ֆաթալիի հետ. այդ ի՞նչ փող է, որ տալիս է նրան:

 

— Թող աստված փչացնե ինձ, թե ես գիտեմ, նրանց մեջ ինչ հարաբերություն կա, — պատասխանեց Ռեսը դողալով:

 

— Միթե դու չե՞ս բոլոր չարության խմորը:

 

— Թող ես Քրիստոսի մեխ զարկողներից լինիմ, թող ես սուրբ Հովաննու գլուխ կտրողն լինիմ, թող ես սուրբ Ստեփանոսի քարկոծողներից լինիմ... թե գիտեմ ձեր որդու և Միրզա-Ֆաթալիի մեջ ի՞նչ գաղտնիք կա... թող ես դժոխքի շունը լինիմ և աստուծո երես չտեսնեմ, թե գիտեմ ինչ փող է, որ Սոլոմոն-բեկը տալիս է նրան: Եթե չեք հավատում ինձ... հրամայեցեք ձեր ծառաներին թող թափեն իմ արյունը, իմ լեշը թող ուտեն ձեր դռան շները:

 

Եվ պարոն Վասակյանը կեղծավորաբար փղձկեցավ և նրա աչքերը լցվեցան արտասուքով:

 

Այդ սարսափելի երդումները մի փոքր մեղմացրին մելիքի բարկությունը և նա հարցրուց.— միթե դուք չէի՞ք գնացել հարսնախոսության համար Հովասաբենց տանում, տիկին Թարլանի մոտ, նրա աղջկա մասին:

 

— Եթե այդ ստույգ լինի, եթե մի այդպիսի բան արել եմ ես, դուք տվեք իմ կաշին քերթեն, իմ լեզուն կտրեն, իմ աչքերը դուրս հանեն: Բայց, աղա, — խոսքը փոխեց նա, — ձեր ոտքերի հողն լինիմ, ձեզ մատաղ դառնամ, ես քանիցս անգամ ձեզ խնդրած եմ, թե ձեր ծառաներից ոմանք մի հին ոխակալության պատճառով չարախոսություն են անում ծառայիս համար և վառում են ձեր բարկությունը խղճալուս վրա...: Դուք ստուգեցեք ճշմարիտը, եթե ձեր լսած-ները ուղիղ են, ինչ պատիժ կամիք, տվեք ինձ:

 

Մելիքը, յուր անչափ փառասիրության պատճառով, շուտով կզիջաներ յուր բարկությունից, երբ մինը աղաչավոր կերպով, փաղաքշաբար՝ խոնարհվում էր նրա առջև:

 

— Ո՞վ է նա, որ այդ մասին չարախոսել է ձեզանից, — հարցրուց մելիքը մի փոքր հանգստանալով:

 

— Ձեր գանձապետը, որ ոչ սակավ դիպվածներում ցույց է տվել ինձ յուր թշնամությունները:

 

Պարոն Վասակյանը, վաղուց դարանակալ լինելով հափշտակելու գանձապետի պաշտոնը, հաջող միջոցներով, միշտ սուտ և խորամանկ չարախոսություններով, աշխատում էր նրան կացուցանել մելիքի աչքում մի ավազակ և ստախոս մարդ:

 

— Եթե գանձապետը սուտ ամբաստանություն է արած ձեր մասին, ես կպատժեմ նրան:

 

— Ինձ այնքան ցավալի չէ, երբ ես ձեր առջև կորցնում եմ իմ բարի համարումը, բայց առավել զգալի է ինձ, երբ ես բաց աչքով տեսնում եմ նրա գողությունները:

 

Դյուրահավան մելիքը իսկույն հավատաց ստախոսին, բայց չկամենալով նույն րոպեին խոսել մի այդպիսի առարկայի վրա, ասաց.

 

— Մենք ուրիշ ժամանակի ենք թողնում խոսել դրա մասին, ես ինքս հասկացել եմ գանձապետի անհավատարմությունները, միայն ասեք, ի՞նչ է ձեր կարծիքը Սոլոմոնի մի այդպիսի հիմար ցանկության վրա:

 

— Ես մինչև հիմա չեմ լսել և չեմ հասկացել, թե ձեր որդին կամք ունի Հովասաբենց աղջիկը իրան կին առնուլ. եթե եղել է մի այդպիսի բան, այդ խիստ հակառակ է իմ կամքին, և ես կաշխատեմ նրա սրտից դուրս բերել մի այդպիսի հիմար ցանկություն:

 

Հանկարծ ներս մտավ մելիքի կինը, Նազլու խանումը, յուր ամուսնի նման հաստլիկ և մսի կոճղ:

 

— Մենք իզուր բարկացել ենք Ռեսի վրա, — ասաց նա յուր կնոջը:

 

— Ի՞նչպես, — հարցրուց Նազլու խանումը:

 

— Մենք սխալված ենք, կարծելով, թե Ռեսը նույնպես խառն է եղել Սոլոմոնի գործի մեջ:

 

— Թող երեսը սպիտակ լինի, երբ այդպես է, — պատասխանեց նրա կինը:

 

— Դուք, Ռես, աշխատեցեք հեռացնել Սոլոմոնին յուր ցնորված մտքերից, և այս անգամիս բաշխում եմ նրա մեղքը, և չեմ ցույց տալու, թե ինձ հայտնի եղած են նրա գործերը: Դուք հայտնեցեք, որ ես Թեհրանուց դառնալու ժամանակ նրա համար Թավրիզում նշանադրել եմ Ն... խանի աղջիկը:

 

— Դուք անհոգ կացեք, տեր, ինձ համար դյուրին է ձեր որդին զարթեցնել յուր երևակայական երազներից. միայն գանձապետը...:

 

— Թող մնա այդ, ես միտք ունիմ գանձապետին հեռացնել յուր պաշտոնից, և եթե խելոք կլինիք և հավատարիմ` կստանաք նրա պաշտոնը:

 

Պարոն Վասակյանը մոտեցավ, կամենում էր խոնարհվիլ համբուրելու մելիքի ոտքերը: Բայց նա թույլ չտվավ, Ռեսը գլուխ տալով դուրս ելավ դահլիճից:

 

Դուրս գալով Ավազակյանց դահլիճից, պարոն Վասակյանի միտքը նմանում էր մի ամենաուղիղ կշիռի, որի ամեն մի թաթի մեջ ամենաթեթև ծանրությունը զգալի էր: Մտաբերելով մելիքի վերջին խոսքը, երբեմն նա մտածում էր, դուրս հանել Սոլոմոն — բեկի գլխից նրա ցանկությունը և կատարելով մելիքի կամքը, հափշտակել գանձապետի պաշտոնը... ուր մեծավորի անհոգությունը և ծուլությունը պատճառ էր տալիս ինքնակամ ներգործել արծաթի վրա... ուր ամեն օր պիտի խաղ անել մետաղների հետ...:

 

Բայց հանկարծ նրա մտքում լույս էին ընկնում խոստացածները՝ տիկին Թարլանի, Սոլոմոն-բեկի, Միրզա-Ֆաթալիի և այլն...: Կրկին տիրում էր նրան ագահության դևը և փոխում նրա միտքը...:

 

Չէ, ասում էր նա, այդ իմ կողմից մեծ հիմարություն է, երբ ես “եփած հավը թող տամ օդի մեջ թռչուն որսալու”...: Ի՞նչ արգելք կա, ես չեմ թող տա իմ ձեռքից երկու կողմերն էլ: — Մի կողմից պետք է աշխատել, Սոլոմոն բեկի նպատակն կատարվի, մյուս կողմից պետք է ձեռք բերել և այն հնարները գանձապետը ցած գլորելու յուր աթոռից..:

 

Խորասուզված մտածությունների մեջ, նա ներս մտավ Սոլոմոն-բեկի մոտ. պատմեց նրան հոր սպառնալիքը, և երկար խորհրրդակցությունից հետո, պատվիրեց՝ մի քանի օր հիվանդ ձևանալ, մինչև նա կաշառված բժիշկների վկայությամբ կիմացներ մելիքին, թե նրա որդին առանց օրիորդ Սալբիին` վտանգի մեջ կգցե յուր անձը: Եվ դուրս գալու ժամանակ սաստիկ պատվիրեց, որ Սոլոմոն-բեկը այնպես ցույց տա, թե Ռեսը այս գործի սկզբից մինչև նրա վերջը ոչ մի տեղեկություն չունի:

 

Մինչև նրանք այդ խորհրդածության մեջ էին, օրիորդ Սալբին միայնակ յուր սենյակում գրում էր այդ նամակը.

 

“Անգին բարեկա՜մ,

 

“Հանգամանքները օրեցօր փոխվում են, ընդունելով ավելի և ավելի վտանգավոր կերպարանքներ... և հետադարձ բախտը, ասես թե կամենում է զորություն տալ մեր հակառակ կողմին...:

 

“Սոլոմոն-բեկը, հաստատ յուր դիտավորության վրա, խիստ հիմար և անխելք կերպով սիրում է ինձ: Եվ մի նոր դժբախտություն. — մեր տան և այգիի կորուստը պատճառ են տվել նրան գրավել և իմ մոր կամքը...: Ա՛խ, որքան փոփոխամիտ և թույլ են այդ անսիրտ ծնոդները:

 

“Դու լսել ես Միրզա-Ֆաթալիի անցքը: Այժմ մայրս հոժարել է ինձ տալ Սոլոմոն-բեկին կնության, միով բանիվ, ինձ վաճառել այն արծաթին, որ մելիքի որդին խոստացել է վճարել յուր քսակից և ազատել մեր կորուսած ժառանգությունները:

 

“Իմ սիրելի, դժվար է ապրել մի այսպիսի երկրի մեջ, ուր անկարգ շարիաթը, առանց երկար քննությունների, հաստատություն է տալիս քսան տարվա հին գրավաթղթին և պարսիկը տիրում է խեղճ հայի կալվածքին, ուր մայրերը վաճառում են իրենց որդվոց, պարտք վճարելու համար: Արդարև, դժվար է բնակվել մի այնպիսի երկրի մեջ, ուսկից արդեն դուրս է կորել աքսորված արդարությունը...:

 

“Բայց դու անխիղճ ես, Ռուստամ, դու երկար պիտի թողնես ինձ տանջվել մի խստաբարո և հիմար ամբոխի մեջ, որոնց համար սիրո կախարդական գաղտնիքը դեռ չէր դուրս բերված հավիտենական խավարի միջից: Արդյոք դու ինձ չե՞ս ափսոսում, ի՛նչ հիմար ցանկություն է բնակվել մի այսպիսի անբարոյական ժողովրդի մեջ: Եկ, հասիր, ազատե՜ ինձ: Մի՜թե այն լայն և ընդարձակ անա-պատները չունի՞ն այնքան տեղեր մեզ ապրելու: Մի՜թե այն բարձրարերձ սարերը և ծառախիտ անտառներր չե՞ն կարող պահպանել մեզ իրանց ծոցերում: Արդարև, առավել երջանիկ կլինինք մենք բնակվելով այծյամների, թռչունների, վայրենի ծառերի և ծաղիկների հետ, քան թե մարդկանց հետ, որոնք խիստ ստոր են անասուններից...:

 

“Անաստված երկրում բնակվի՜ր, բայց անօրեն երկրում մի բնակվիր”, այդպես է հայերի խրատը, որ և եղել է սովորական առած: Արդարև, մեծ հիմարություն է բնակվել մի երկրում, ուր օրենքը, իրավունքը, արդարությունը ոտքի տակ են ընկած, ուր զորեղը տիրում է անզորին, ուր հարուստը արծաթի զորությամբ կատարում է յուր կամքի ամենագարհուրելի բաղձանքները...:

 

“Իմ թանկագին բարեկամ, ճշմարիտ, ես երկյուղ ունիմ, գուցե մեզ զրկեն միմյանցից...:

 

“Ե՜կ, հասիր, ազատե ինձ, գնանք, հեռանանք այս չար երկիից, գնա՜նք, ուր ճակատագիրը կոչում է մեզ: Գնանք, խառնվինք այն քաջ վրանաբնակների հետ, բառնանք նրանց սրբությունները, և նրանց հետ միասին թափառինք սարից սար, ձորից ձոր, մինչև նախախնամությունը կհաստատե մեր կացությունը ամուր երկրի վրա, ուր հայկական տունկը՝ ազատ, ինքնուրույն կաճեր, կհասունանար…:

 

“Այն օրից, որ կարդացել եմ քո օրագիրը, իմ սրտի մեջ գոյացել է մի անհանգստություն՝ դեռևս ինձ անհասկանալի բաղձանքի հետ: Վրանաբնակ այրին և նրա անբախտ որբիկը միշտ իմ մտքիս մեջ են, ես չեմ մոռանում նրանց: Շատ անգամ ես մտածում եմ, իմ բոլոր կյանքս ընծայել նրա սպասավորությանը, իմ կրծքի վրա գրկելով նրա որբիկը, իմ բազուկների վրա մեծացնելով և ձեռքով շարժելով նրա օրորոցը:

 

“Եկ, մի ուշացիր, բեթլեհեմյան աստղը առաջնորդում է մեզ դեպի այրի կնոջ չադրը. եկ, գնանք, երկրպագություն տանք այն մանուկին...:

 

“Քո Սալբին”:

 

Նա ծալեց և կնքեց նամակը, տվավ Խաչոյին, որ սպասում էր նրա սենյակի դռան մոտ:

 

ԼԲ

 

ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Հուսահատությունը միշտ բնական է փոքրոգի մարդիկներին, որոնց միտքը, սիրտը, խելքը և բոլոր հոգեկան զորությունները չեն կարող տանել դժբախտության հարվածներին:

 

Պարոն Վասակյանի խորհուրդը, — որով մարգարեաբար պատվիրեց Սոլոմոն-բեկին՝ մի քանի օր հիվանդ ձևանալ, գուցե մելիքը հասկանալով, թե նրա հիվանդության պատճառն էր օրիորդ Սալբին, համոզվեր կատարել նրա կամքը, — եղավ ուղղորդ — “մարդի ասած, տերի լսած” — Սոլոմոն-բեկը իրավ հիվանդացավ: Եվ նրա հիվանդությունը օրեցօր սաստկանում էր, չնայելով, թե նրա ծնողքը ուշադրություն չէին դարձնում դեպի նա:

 

Պարոն Վասակյանը չէր հեռանում հիվանդի մոտից:

 

Մի գիշեր նրան յուր մոտ կոչեց մելիքը:

 

— Նա տակավին չէ՞ վեր կենալու յուր հիվանդության մահճից, — հարցրուց նա:

 

— Նրա հիվանդությունը սաստիկ է, — պատասխանեց Ռեսը:

 

— Այն աղքատ աղջկա համար:

 

— Հրամեր եք. բժիշկները այդպես ասում են:

— Ուրեմն թող մեռնի յուր հիվանդության մահճի մեջ, — պատասխանեց անագորույն հայրը, գուցե մյուս աշխարհում կտեսներ յուր սիրուհին...:

 

Պարոն Վասակյանը կոտրած սրտով դուրս եկավ մելիքի դահլիճից: Գիշերը մթին էր և զարհուրելի, ամրոցում տիրում էր գերեզմանական լռություն: Ռեսը, անցնելով հիվանդի սենյակի մոտից, տեսավ, դեռ ճրագը վառվում էր. մոտեցավ դռանը, կամեցավ բաց անել, փակ էր: Մի քանի րոպե նա ականջ դրեց դռան ճեղքերին, ներսից լսելի էր լինում հիվանդի նվաղած ձայնը և մի զարհուրելի խռռոց: Նա առավել լարեց յուր լսողական գործարանը, դարձյալ լսելի էր լինում այն չարագուշակ խռռոցը, որ ավելի նման էր խեղդվողի հեծկլտոցի խառն ձայներին:

 

Ռեսը, չկարողանալով ներս մտնել դռնից, մի հնարքով բաց արավ լուսամուտը: Սարսափելի ապշություն տիրեց նրան, երբ տեսավ Սոլոմոն-բեկը յուր մեջքի գոտիով յուր պարանոցեն քարշ ընկած: Նա իսկույն կտրեց մետաքսյա գոտին, և յուր գրկի մեջ առնելով անզգայացած տղամարդը, դրեց նրան մահճի մեջ: Նա շոշափեց խեղդվողի շնչերակը, նկատեց՝ տակավին զարկում էր. ձեռքը դրեց նրա կուրծքի վրա, զգաց, սիրտը թրթռում էր և դրանցով Ռեսը իմացավ, թե տակավին հույս կար նրա կենդանությանը:

 

Ռեսը չկամեցավ իմացում տալ մելիքին, մտածելով այդ անցքը գաղտնի պահեր:

 

Սոլոմոն-բեկը մի քանի րոպեից հետո ուշի եկավ, սկսավ շարժել յուր ձեռքը, բայց նրա բերանից և պնչածակերից հոսում էր արյունը: Ապա նա բաց արավ յուր կարմրած, արյունով լեցուն աչքերը, տեսավ Ռեսին նստած յուր մոտ: Նա ասաց թույլ

 

ձայնով. — Ինչո՞ւ դուք շփոթեցիք իմ հանգստությունը...:

 

Ռես Վասակյանը ոչինչ պատասխան չտվավ: Նա ջուր ածեց, Սոլոմոն-բեկը լվաց բերանը և քիթը. մի փոքր հանգստանալեն հե տո բոլորովին զգաստացավ և խոսեց. —

 

Երանի՛ մի քանի րոպե հետո հասած լինեիք:

 

— Ինչո՞ւ, — հարցրուց Ռեսը:

 

— Որովհետև ես մնաս բարով կասեի իմ կյանքին, — կրկնեց հիվանդը:

 

— Այդ ի՞նչ հիմար ցանկություն է:

 

— Ախ, դու չգիտես, Ռես, որքան ծանր է ինձ ապրելը... մահը միայն կհանգստացնե իմ խղճալի անձը:

 

Ռեսը ոչինչ պատասխան չտվավ, նա ուշադրությամբ նայում էր նրա երեսի վայրենի գծագրությանցը:

 

— Թողեք իմ գլուխը բարձի վրա, — ասաց Սոլոմոն-բեկը:

 

Պարոն Վասակյանը յուր գրկից նրա գլուխը դրեց բարձի վրա և զգուշությամբ ծածկեց նրա երեսը, որ նույն րոպեին գունատված, կապտագույն, երևցնում էր զարհուրելի կծկողություններ: Նրա աչքերը փակվեցան, սաստիկ ջերմախտական կրակը տիրեց նրան: Նա շփոթված էր երևակայական ցնորքների մեջ, և երբեմն դուրս էր թողնում բերանից անորոշ և կցկտուր բառեր: — “Սալբի” — “իմ նազելի” — “հոգիս” — ըստ մեծի մասին լսելի էին լինում նրա խոսքերի մեջ:

 

Պարոն Վասակյանը բոլոր գիշերը անքուն հսկեց հիվանդի մոտ: Առավոտյան Սոլոմոն-բեկը աչքերը բաց անելով տեսավ յուր մոտ նստած Ռես Վասակյանը:

 

— Երևի բոլոր գիշերը անքուն եք մնացած, — ասաց նա, — գնացեք մի փոքր հանգստանալու:

 

— Ոչ. ես բոլորովին հանգիստ եմ. բայց ասացեք, ի՞նչպես զգում եք ձեզ այժմ, — հարցրուց Ռեսը:

 

— Ես ծանր հիվանդ եմ և շատ կարելի է այդ հիվանդությունը ինձ տանե դեպի գերեզման:

 

Նույն ժամանակ պարոն Վասակյանը նշմարեց նրա աչքերը նվազած և ներս ճնշված. նրանց մեջ տեսանելի էր ցավալի հուսահատությունը և կատաղի նախանձ: Նրա դեմքը գունատված էր. մահվան դալուկը ներկել էր նրա զարհուրելի երեսը քրքմագույն դեղնությամբ: Նրա ձայնը ստացել էր կոշտ և խռպոտ հնչումներ:

 

Պարոն Վասակյանը, նշմարելով, որ հիվանդի դրությունը վտանգավոր էր, հարցրուց. — կամի՞ք իմացում տալ ձեր մասին:

 

— Միայն ասացեք, Սոլոմոնը հիվանդ է, ուրիշ ոչինչ...:

 

Ռեսը դուրս գնաց:

 

Ռեսը գտավ մելիքին, միայնակ, յուր գործակալի հետ խոսում էին: Երբ հայտնել էր նրա որդու դրությունը. — թող մեռնի, — ասաց նա անգութ սրտով, — գուցե հողը կպարտակեր այդ նզովյալ, մարմինը:

 

Եվ նա բոլոր սառնասրտությամբ հառաջ տարավ հարցուփորձը գործակալից: Ռեսը հեռացավ:

 

— Ղ…գյուղի ամբարը չափեցի՞ք, — հարցրուց մելիքը:

 

— Հրամեր եք, — պատասխանեց գործակալը, որ կանգնած էր ոտքի վրա:

 

— Գիտեմ, որ չափել եք, — կրկնեց նա, — բայց ո ՞ր քոռով կամ սոմարով:

 

— Ոչ այն հասարակաց քոռով, որով միշտ առևտուր է լինում, և որով խոսացել եք խանի հետ, այլ մի բավականին մեծ քոռով:

 

— Ո՞րքան զանազանություն կանե:

 

— Հարյուրին տասն և հինգ բեռ:

 

— Խանի մարդը չհասկացա՞վ:

 

— Մինը հասկացավ, բայց ես նրա ափում դրի մի քանի աշրաֆի, հետո լուռ եղավ:

 

— Հա, ապրիս... — կրկնեց գոհությամբ մելիքը: — Միայն աշխատեցեք, մնացյալ ամբարներն նույնպես այդ քոռով չափվին:

 

Մի քանի րոպե տիրեց նրանց մեջ խորին լռություն:

 

— Գյուղերի նախրապաններին և հովիվներին ասացի՞ք, չորքոտանիների թիվը, որքան կարելի է, պակաս ցույց տան, — հարցրուց մելիքը:

 

— Ասացի, համարյա կես ու կես գցել տվի:

 

— Ի՞նչպես:

 

— Համբարքից մի օր առաջ տավարներն և ոչխարներն պահել տվի շրջակա գյուղերում:

 

— Այդ որ քո հին արհեստն է, — ծիծաղելով կրկնեց մելիքը: — Բայց թող երեսդ սպիտակ լինի:

 

Դարձյալ տիրեց լռությունը:

 

— Երկրաչափին տեսա՞ք:

 

— Հրամեր եք. պատվիրեցի, որքան կարելի է, չվանը երկար անե:

 

Այդ հատուկտոր խոսակցությունը մեր ընթերցողին հասկանալի կացուցանելու համար ավելորդ չեմ համարում մի քանի տեղեկություններ տալ նրան:

 

Մելիքը Զարեհավանում սովորություն ուներ ամեն տարի վարձով վեր առնել խանից մի քանի գյուղեր: Եվ մի գյուղի վարձը որոշվում էր՝ հաշվելով նրա բնակիչների և չորքոտանիների թիվը և հողերի չափը, որոնց քանակության համեմատ ստացվում էր հարկ: Դրա համար մելիքը հրամայել է, որքան կարելի է սակավ ցույց տան անասունների թիվը և հողերի չափելու չվանը սովորականից երկար անեն, որպեսզի արտերը չերևցնեն ավելի տարածություն: Նա և գնում էր խանի ամբարների ցորյանները, ով որ տեղեկություն ունի այդպիսի առևտուրներից գիտե, որ մեծ չափով առնել, փոքրով վաճառել, որքան օգուտ կբերի վաճառողին:

 

— Խանին հայտնեցի՞ր այդ լիրբ աղջկա մասին: — Հարցրուց մելիքը:

 

— Հայտնեցի... — պատասխանեց գործակալը:

 

— Ի՞նչ ասաց:

 

— Ուրախությամբ ընդունեց:

 

— Այլևս ի՞նչ խոսեցիք:

 

Ինչ որ պատվիրած էիք ինձ. առաջին՝ այն հային, որ այժմ կալանավորված է, հայտնեցի, որքան կարող է չարչարե. և քանի կտանջե նրան, այնքան ավելի փող դուրս կգա...: Երկրորդ՝ թե դուք համոզել եք ժողովրդի ծերերին, որ ավելացվի գյուղացիների գլխահարկը: Երրորդ՝ հայտնեցի այն իրողությունը, որ պատվիրեցիք ձեր ու խանի մեջ գաղտնի պահվի...:

 

— Ապա դուք այն նորեկ հայի մասին ոչինչ չխոսեցի՞ք, որ այնքան փող է բերել Ռուսաստանից:

 

— Հրամեր եք. ես ասացի, թե այդ հայը յուր արծաթից փքվելով խիստ բարձրից է գնում, պետք է սեղմել նրան և հայտնեցի, թե դուք ուսուցել եք մի մարդու, որ բողոքե խանին, իբր նորեկ պարոնը բռնություն էր գործ դրել նրա կնոջը վրա. և մի այդպիսի սուտ ամբաստանություն բավական էր նրանից դուրս քաշելու յուր բերած ոսկիները:

 

— Խանը ի՞նչ ասաց:

 

— Հրամայեց, կնոջ այրը շուտ յուր մոտ ուղարկեք:

 

Մինչ մելիքը այդպես խոսում էր յուր գործակալի հետ, Ռես Վասակյանը ներս մտավ Նազլու խանումի մոտ և հայտնեց նրա որդու երկյուղալի հիվանդությունը: Բայց մայրական սիրտը՝ յուր բոլոր թուլությամբ` առավել փափուկ և գթառատ է: Նա շուտով զիջավ յուր բարկությունից, և առանց ժամանակ կորցնելու, մտավ որդու սենյակը: Խղճալի մայրը զարհուրեցավ, երբ տեսավ յուր որդու մեռելատիպ երեսը: Միևնույն ժամանակ հավաքվեցան այնտեղ և նրանց բարեկամ կանայք, բոլորեցին հիվանդի շուրջ:

 

Լացի հետ խառնել սգավոր երգեր, մի ծանր հիվանդի մոտ, կամ մեռելի վրա, այդ սովորություն է արևելյան ազգերի մեջ: Ամեն մի լացող աշխատում է յուր երևակայության և խելքի զորությունը ցույց տալ` առավել տխրեցուցիչ և սրտաշարժ խոսքերով հորինելով յուր ողբը: Բայց ափսոս, արևելքում և սգի ողբերը երգում են այլազգի բարբառով:

 

— Վա՛յ... վա՛յ... ամա՛ն... վա՛յ... ազատեցեք, օգնության հասե՜ք, մեռա՛վ... մեռավ... իմ որդիս... ազատեցե՜ք, վա՛յ ինձ... վա՛յ իմ հոգուս... Սոլոմոն ջան, հոգի ջան, աչքի լույս... ի՞նչ պատահեց քեզ... տունս քանդվեցավ... օրս ու արևս մթնեցավ... աստված ջան... Քրիստոս ջան... Ով սուրբ աստվածածին... ազատեցեք, օգնության հասեք... ազատեցեք իմ սիրականը... իմ ծերության միակ հույսը...

 

Մյուս կանայքը սկսեցին ավելի դաշնակավոր եղանակով:

 

— Երկինք, դու փուլ եկ... մեզ տակով արեք` որոտ, կայծակներ...: Անդունդ բաց արա անհագ բերանդ, մեզ ձեզ մոտ տարեք, հրեշ ճիվաղներ... թող մեր աչքերը չտեսանեն, ավա՛ղ, այդ զարհուրելի տխուր տեսարան... թող մեր աչքերը չտեսնեն չքնաղ` այդ սիրուն տղամարդ` ընկած անկենդան...

 

Սկսում է մայրը, մյուսները ձայնակից են լինում.

 

Այդ ի՞նչ եմ տեսնում... քոռացեք, աչքե՜ր,

Այդ ի՞նչ է աստված, ինչ տխուր պատկեր...

Դժո՜խք, ով դժոխք, ինչո՞ւ չես բացվում,

Իմ խղճիկ մարմին դեպի քեզ քարշում:

 

Վեր կաց, մի քնե, որդյակ իմ չքնաղ,

Իմ սիրուն հոգիս՝ քեզ կտամ մատաղ.

Բաց արա աչերդ, ով իմ կենաց հույս,

Մի խավարեցրու մեր արև, մեր լույս:

 

Մի՜ փակե աչերդ, այգ սև-սև աչեր,

Ա՛խ, քեզ թող օգնեն սուրբ աջեր, խաչեր...

Քեզ եմ աղերսում, հզոր սուրբ Սարգիս,

Կա՜մ փրկիր որդիս, կա՜մ առ իմ հոգիս:

 

Լսե իմ ձայնիս, խղճա քո խեղճ մայր,

Մի՜ցցե սրտումը նետեր քառասայր,

Մի՜թող դու նորան դնել գերեզման`

Յուր անգին որդին, որդին աննման…

 

Վեր կաց, մի քնե, որդյակ իմ սիրուն,

Մի քանդե քո հոր և քո խեղճ մոր տուն,

Հիշե մեր սարեր, հիշե մեր դաշտեր,

Ծաղկած այգիներ, աղբյուրներ, գետեր:

 

Առանց քեզ ծաղկոց, պարտեզ, բուրաստան

Են փուշ, տատասկի մացառ անպիտան.

Առանց քեզ մեխակ, շուշան, նունուֆար

Չեն անուշահոտ՝ և վարդերը քյաֆուր:

 

Երբ որ պարտեզում դու ծաղկապսակ՝

Մնջիկ ման գայիր, որպես հրեշտակ,

Վարդը նուրբ թերթերն կամենար ներկել՝

Քո շքեղափայլ թշերուն հասցնել:

 

Երբ որ անտառում՝ ուրախ խնդամիտ՝

Կհնչեցնեիր ծառեր թավախիտ,

Սոխակը ձայնիդ երգակից լիներ,

Հովվի հոտերը քեզնով կհրճվեր:

 

Վեր կաց, իմ հրեշտակ, վեր կաց, կյանքիս հույս,

Մեր խավար օրին դու ծագե մեզ լույս,

Առանց քեզ մի ժամ, և հոժար ինքնակամ,

Անգութ Գրողին՝ ես հոգիս կտամ…:

 

Պարոն Վասակյանի աչքերը նույնպես լցված էին արտասուքով, նա լաց էր լինում. ոչ առավել նրա համար, որ երկյուղ կար յուր աղայի կյանքի մասին, այլ որ նրա հետ կկորչեին յուր այնքան օգուտները, որ հույս ուներ ստանալ Սոլոմոն-բեկի ամուսնությունից...:

 

Մինչ Ավազակյանց տանում այդպես սուգի մեջ էին, տեր-Առաքելենց դռանը վեր եկավ ձիուց մի տղամարդ. նրա զենքերը հնչեցին բարձր ձայնով, և նա՝ յուր ձիու սանձը ծառայի ձեռքը տալով, ներս մտավ:

 

— Բարով, բարով, — նրան ասաց մահտեսի Ավետիսը, հանդիպելով յուր որդուն բակի մեջ:

 

Բայց պարոն Ռուստամը գլուխ տվեց և անխոս մտավ յուր սենյակը:

 

Երեկոյան պահուն նրան տեսության եկան՝ պարոն Աբամ Աշխարունին և պարոն Խոսրով Մելիքզադեն:

 

— Օ՛, որքան չաղացել եք, — նրա ձեռքը բռնելով ասաց Մելիքզադեն. — երևի լեռնային օդը ձեզ համար առավել առողջարար է եղել:

 

— Դուք գիտեք, մեր սարերում որքան չաղանում են մեր ոչխարները, միթե ես նրանցից պակա՞ս էի, — պատասխանեց ծիծաղելով պարոն Ռուստամը:

 

Պարոն Աշխարունին սկսեց երկար հարցուփորձ անել այն տարվա արոտների մասին, ոչխարների մասին, նա մի առ մի հարցնում էր գյուղացիների առողջությունը: Բայց պարոն Ռուստամը միշտ տալիս էր կարճ և անորոշ պատասխաններ: Նրա միտքը այն րոպեին օրիորդ Սալբիի մոտ էր:

 

— Դուք լսե՞լ եք, Ռուստամ, Հովասաբենց մասին մի բան, — . հարցրուց պարոն Մելիքզադեն:

 

— Հա, լսել եմ, Միրզա-Ֆաթալին տիրել է նրանց ժառանգությունները և Սոլոմոն-բեկը կամենում է պսակվիլ օրիորդ Սալբիի հետ, — պատասխանեց պարոն Ռուստամը կատականոք:

 

— Ես չէի կարծում տիկին Թարլանի կողմից մի այդպիսի հիմարություն, — խոսեց պարոն Աշխարունին, — որ նա յուր փառասիրության համար ցանկանար ավերել յուր ամուսնի ուխտը:

 

— Ինչո՞ւ համար չեք կարծելու, — նրա խոսքը կտրեց Խոսրովը, — կանանց սեռի փոփոխամտությունից և մանավանդ նրանց թուլությունից ամեն բան կարծելի է:

 

— Մինչև ա՞յդ աստիճան:

 

— Բանը, իրավ, աստիճանից է կախ, աշխարհի աչքերը միշտ հարգությամբ նայում են դեպ աստիճանները:

 

— Ի՞նչպես:

 

— Այնպես որ, մեզ հայտնի է՝ տիկին Թարլանը մի աղքատիկ կնիկ է:

 

Պարոն Ռուստամը լուռ ականջ էր գնում:

 

— Եթե տիկին Թարլանը ընդդեմ յուր աղջկա կամքին կգործեր մի այդպիսի ուխտազանցություն, հայնժամ ես կբողոքեի հոգևոր կառավարությանը, — կրկնեց պարոն Ռուստամը:

 

— Այ եղբայր, որքան պարզամիտ եք դուք, — նրան պատասխանեց պարոն Խոսրովը. — միթե չե՞ք գիտում, որ հոգևոր կառավարության շունչը, հոգին մելիքի քսակի մեջն է:

 

— Ի՞նչպես, — հարցրուց պարոն Ռուստամը ավելի տհաճությամբ:

 

— Այնպես որ, երբ մի մարդ մի՝ ուրիշի ձեռքով գործում էր մեղք, նա նրա ծառան է: Այժմ մտածեցեք, մեր հոգևոր կառավարությունը որքան ավազակություններ, որքան գողություններ, որքան անիրավություններ գործել է մելիքի ձեռքով: Եվ եթե գիտեք, հոգևոր կառավարությունն էր, որ բարեկենդանին արգելեց քո պսակը. երևում է, այդ գործի մեջ Ավազակենց հետ խորհրդակից են և սևագլուխները:

 

Պարոն Ռուստամը դարձյալ լուռ կացավ:

 

— Ի՞նչ պետք է արած, — հարցրուց պարոն Աշխարունին յուր սովորական հանդարտությամբ:

 

— Որպես ես մտածում եմ, պարոն Ռուստամի պսակվելու գործը օրիորդ Սալբիին հետ՝ ազատ չէ վտանգներից, — խոսեց պարոն Խոսրով Մելիքզադեն: Ես գիտեմ, որ հայոց բոլոր քահանաները հրաժարվելու են այդ պսակը կատարելուց, և այդպիսի հանգամանքներում պետք է վարվել այնպես, որպես ես արժան տեսա երեք ամիս դրանից առաջ, այսինքն առանց քահանայի` մեր ձեռքով պսակել:

 

— Ահա այդ տեղից են սկիզբն առել հայերի մեջ բաժանմունքները կաթոլիկների, պրոտեստանտների և այլն, — պատասխանեց Արամը: — Երբ մի հայ մի փոքր ընդդիմացել է հայ հոգևորականի կամքին, նա, իսկույն փոխանակ քրիստոնեական եղբայրասիրությամբ նրա սիրտը ամոքելու և նրա հետ հաշտվելու՝ հրաժարեցնում է յուր եկեղեցուց, չկատարելով նրա հոգևոր պիտույքները: Եվ խղճալի հայը ճարահատյալ դիմում է դեպի մի այլ եկեղեցի, մտնում է նրա ծոցը, ընդունում է այլ անուն... և այդպես, մեր չար եկեղեցականների հիմարությամբ, ամեն տարի որքան հոգիներ կորչում են, անհետանում են և կուլ են գնում մյուս ազգերի անդնդում...:

 

Նույն ժամանակ ներս մտավ մահտեսի Ավետիսը, նրան արժանավոր ընդունելություն ցույց տվին, նստեց:

 

Բայց նույն միջոցին, երբ մանուկ տղամարդիկը տաքացած էին խոսակցությամբ, դրսից մի բան քանի անգամ զարկվեցավ լուսամուտի ապակիներին: Նրանք՝ կարծելով թե քամին շարժեց պատուհանները, ուշադրություն չդարձրին:

 

— Ապա ի՞նչ պետք է արած, — հարցրուց պարոն Մելիքզադեն:

 

— Եղբայրք, մենք մի բանի հիմքը դրել ենք այդ երկրում, — խոսեց պարոն Արամը, — պետք է նույն հիման վրա, նույն ուղղությամբ բարձրանա շինվածքը: Մեր դիտավորությունն այն չէ այստեղ ազգի մեջ հերձված գցել, նոր կրոնք բաժանել, և նրանց սերն ու միաբանությունը խռովել: Եվ ոչ մեր նպատակն այն է, մի նորանան ընդունել մեզ վրա. բայց մի փոքր զտելով հայոց կրոնքը յուր պղտորություններից, մնանք դարձյալ հայ, սիրելով մեր ազգը, մեր պատմությունը և մեր հայրենիքը: Տեսնենք, եթե այդ գործի մեջ տեղիս եկեղեցական հարք կսկսեին մեզ հետ հակառակիլ, մենք մեր խոնարհությամբ կաշխատենք նրանց հետ վարվիլ որպես եղբայրներ:

 

Դրսում խորին մութ էր, պարոն Աշխարունին հրաժարական ողջույն տալով, հեռացավ: Պարոն Մելիքզադեն մնաց այնտեղ:

 

— Եղբայր, — խոսեց նրա գնալուց հետո պարոն Խոսրովը, — թեպետ պարոն Աշխարունու խոսքերը հեռու չեն ճշմարտությունից, բայց դարեր հարկավոր են, մինչև մենք հայոց եկեղեցականներին սովորեցնենք միաբանություն և եղբայրասիրություն: Իսկ քո պսակը չէ կաելի թողուլ մինչև դարերի վերջը: Շատ լավ, մենք չենք կամենա այստեղ հերձված գցել, միայն մի բան ասեմ քեզ, Ռուստամ, լսիր, եթե կամենում ես օրիորդ Սալբին քեզ կին լինի, առ նրան, փախիր դեպ հեռավոր աշխարհ, այնտեղ կատարել կտաս քո պսակը...:

 

— Ճշմարիտ, լավ է խոսում Խոսրովը, — կրկնեց մահտեսի Ավետիսը: — Մենք չենք կարող մարտնչիլ մի երկրի ժողովրդի հետ:

 

— Դուք կարծում եք աշխարհը շարժող մեքենան արծա՞թն է, — հարցրուց պարոն Ռուստամը հորից:

 

— Հա, աշխարհի աստվածը այդ ժամանակում նույնպես արծաթն է, — պատասխանեց մահտեսի Ավետիսը:

 

Պարոն Մելիքզադեն վեր կացավ, նույնպես կամենում էր գնալ: Պարոն Ռուստամը հայտնեց նրան, թե նրա խորհուրդը հավանական է, միայն պետք է խոսել օրիորդ Սալբիի հետ: Պարոն Մելիքզադեն հեռացավ:

 

Բայց մի քանի րոպեից հետո, մի մարդ դուրս գալով պարոն Ռուստամի նախասենյակից, մութի մեջ, կտուրների վրայով գնալով, մոտեցավ պատին, յուր մեջքի պարանը կապեց պատից վեր ցցված ժանիքին, իջավ դեպի ցած, աներևութացավ խավարի մեջ: Եթե մինը կհարցներ, թե ո՞վ էր այդ գիշերային դևը, մենք կասեինք՝ Ռես Վասակյանը, որ լուսամուտի առջև լրտեսում էր:

 

ԼԳ

 

ՍՐԻԿԱ

 

Կեսգիշեր էր: Պարոն Ռուստամը, յուր հյուրերը ճանապարհ պնելուց հետո, որովհետև շատ հոգնած էր, շուտով քնեցավ: Հանկարծ նրա քնարանի դռները անլսելի ձայնով բացվում են: Խավարի մեջ շփվում է ծծմբառը. ձեռքի մոմպատի լուսով, որ վառվում է նույն րոպեին, սենյակի կենտրոնում երևան է լինում մի մարդ: Նա յուր ուսից վեր է գցում թեթև լեզգու յափունջին, և նույն րոպեին նրան կարելի է նմանեցնել մի մանուկ չերքեզ պարոնի, գեղեցիկ հագնված և ըստ կարգին զինված:

 

Այցելուն ծնկների վրա չոքում է մահճակալի մոտ, որի վրա քնած էր պարոն Ռուստամը. նա յուր ցուցամատով հեզիկ խեթկում է նրա կողքը: — “Ռուստամ” — “Ռուստամ”, — լսելի է լինում բարակ արծաթի հնչումի ձայնով: Քունը խիստ ծանր էր, տղամարդը ոչինչ չէ զգում՝ շարունակելով յուր խորին շնչառությունը: Այցելուն յուր բարակ, հեշտախոսությունից դողդոջուն շրթունքը հպեցնում է քնողի երեսին, մի քանի ջերմ համբույրներ քաղում է նրա նույն ժամանակ վառված թշերից և մյուս անգամ սկսում է մեղմիկ խեթել նրա կողքը, շփել յուր դալար մատներով նրա երեսը ու բաց կուրծքը:

 

Պարոն Ռուստամը զարթնում է, նա զարհուրած կերպով վեր է թռչում, և եթե այցելուն շուտով ծանոթություն չէր տված յուր մասին, իսկույն ջարդուփշուր կլիներ այդ հսկայի ոտքերի տակ:

 

— Մի վրդովիք, — հեզիկ ասաց նրան աղջիկը:

 

— Ախ, Սալբի, դո՞ւք եք, — կրկնեց պարոն Ռուստամը:

 

— Որքան անզգա քնած էիք, ես մտածեցի կողոպտել ձեր սենյակը:

 

— Իրավունք ունիք ամաչեցնել ինձ, — պատասխանեց մանուկ տղամարդը: — Ուրեմն եկ համբուրեմ քեզ, իմ նազելի Պալլաս, — կրկնեց նա՝ սեղմելով յուր կուրծքի վրա չքնաղագեղ օրիորդը:

 

— Մտածեցեք, Ռուստամ, որքան մեծ բան է սերը, — խոսեց օրիորդը գաղտնի համակրությամբ: — Եվ որքան մեծ է նա, այնքան կատաղի և անխելք է:

 

— Բայց որքան անխելք է, այն քաղցր է:

 

— Սերը քաղցր է, երբ երկու կողմից ևս ունի յուր հավասարակշիռ մագնիսական ձգողությունը, — պատասխանեց օրիորդը: — Բայց Սոլոմոն՜բեկը նույնպես սիրում է ինձ, և նրա սերը կատաղի ու անխելք է, բայց երբեք քաղցր չէ...:

 

Պարոն Ռուստամը ժպտեցավ:

 

— Ինչո՞ւ քաղցր չէ, և ինչո՞ւ չեք կարող սիրել նրան, — հարցրուց նա:

 

— Որպես մի տերության մեջ չեն կարող կառավարել երկու թագավորներ, նույնպես և մի սրտի մեջ երկու սեր, — պատասխանեց օրիորդ Սալբին:

 

— Ուրեմն դուք բացի ինձանից ոչ ոք չե՞ք սիրում:

 

— Ես բացի ձեզանից ուրիշները պատվում եմ:

 

Պարոն Ռուստամը լուռ եղավ և երկու կողմից առժամանակ տիրեց լռությունը:

 

— Ուրեմն Սոլոմոն-բեկը ի՞նչ խելքով մտածելն յուր արծաթով գնել ձեզ, — հարցրուց պարոն Ռուստամը: — Եվ ձեր մայրը ի՞նչ իրավունքով կամենում է անել մի այդպիսի վաճառականություն:

 

Օրիորդ Սալբին պատասխան չտվավ:

 

— Եթե ձեզ կանեին վաճառքի նյութ, — առաջ տարավ պարոն Ռուստամը, — ձեզ գնելու իրավունքը առավել հասնում է ինձ, որովհետև հառաջագույն ես իմ ձեռքս դրած եմ ձեզ վրա:

 

— Միթե դուք ունի՞ք այնքան փող, — հարցրուց օրիորդ Սալբին:

 

— Թեպետ ես չունիմ այնքան փող, բայց կարող էի Միրզա-Ֆաթալիից խնդրել մի ժամանակ, մինչև ես կգնայի օտար աշխարհներ և կվաստակեի այնքան արծաթ, որով կարողանայի հատուցանել ձեր հանգուցյալ հոր պարտքը, միայն թե դուք հավատարիմ մնայիք դեպ ինձ և չփոխեիք ձեր սերը, մինչև իմ գալուստը:

 

— Արդարև, դուք կլինեիք երկրորդ Աշըղ-Ղարիբը, — պատասխանեց օրիորդը ժպտալով:

 

Պարոն Ռո ւստամը կարմրեցավ ամոթից:

 

— Ռուստամ, հոգիս, — շարունակեց նա, — իրավ որ սերը գիժեցնում է... ինչո՞ւ դուք խոսում եք այսպես տղայաբար: Դիցուք թե Միրզա-Ֆաթալին տիրել է այն ժառանգությունները, որ թողել է իմ հայրը: Այդ ինձ ի՞նչ փույթ: Դրա վրա թող տրտմի իմ մայրը: Այդ անցքր ինձ չէր վերաբերում: Բայց եթե կհաջողեր աստված և մի օր տիրոջ օրենքով իմ անձս կկապվեր քոնի հետ, այնուհետև, որքան կտևեր մեր կյանքը, թե բարեբախտությունը և թե դժբախտությունը՝ ամենևին զանազանություն չէր անելու մեզ համար, որովհետև դրանց երկուսին մենք բաժանորդ կլինեինք միասին:

 

— Ախ, Սալբի, ձեր խոսքերը մահացնում են ինձ, — կրկնեց պարոն Ռուստամը, — միթե ես այնքան աղքա՞տ եմ, որ չեմ կարող վայելուչ կերպով պահպանել ձեզ:

 

— Դարձյալ խոսում եք որպես երեխա, Ռուստամ, մեր կյանքը ի՞նչ մի արժեքավոր բան է, որ պետք լինի նրա ապրուստի համար մտածել: Միայն իրողությունը, որ պետք է ամուսնական կյանքի համար, չէ ոսկի, չէ արծաթ, չէ թանկագին քարեր, միակ իրողությունը՝ որ շունչ է տալիս, կենդանացնում է ամուսնական կյանքը, է սերը:

 

Պարոն Ռուստամը ոչինչ չխոսեց, նա ախտալից սրտով միայն նայում էր յուր սիրուհու երեսին:

 

— Դուք պատմեցեք մի փոքր ձեր հովվական կյանքի մասին, — ասաց նրան օրիորդ Սալբին:

 

— Ես երկար գրած էի ձեզ այդ մասին և կխոսեմ ձեզ հետ, եթե դուք ախորժում եք լսել, բայց այժմ կամենում եմ առաջարկել քեզ մի խնդիր:

 

— Ի՞նչ խնդիր:

 

— Դու ցանկանո՞ւմ ես, որ մենք երկուքս միմյանց հետ ապրեինք միշտ այդպես անօրեն սիրով:

 

— Ոչ, — կարճ պատասխանեց օրիորդը:

 

— Ապա ի՞նչ պետք է արած, երբ թշնամիները ամեն կողմից շրջապատել են մեզ այստեղ, և քահանաները չեն կամենում կապել մեզ օրինավոր սիրով:

 

— Միթե մոռացե՞լ եք ինչ որ ձեզ գրած էի: Իմ միտքը, իմ դիտավորությունը միևնույն է, ինչ որ քանի օր առաջ հայտնել եմ ձեզ թղթով. այսինքն` գնալ, հեռանալ այդ երկրից մի այլ աշխարհ, ուր կարելի էր հանգիստ և անվրդով կյանք վարել:

 

— Միևնույնը և ես կամեի առաջարկել քեզ, հոգիկս, — կրկնեց պարոն Ռուստամը ուրախացած: — Ուրեմն ե՞րբ պետք է դնել մեր դուրս գալու պայմանը:

 

— Երբ որ կամիս, ես միշտ պատրաստ եմ:

 

— Երկու օր դրանից հետո, այսինքն՝ շաբաթ կեսգիշերին:

 

— Շատ լավ, — պատասխանեց օրիորդը և վեր կացավ:

 

— Ու՞ր, — հարցրուց պարոն Ռուստամը, ուղղակի նրա երեսին նայելով:

 

— Գողերը գործում են քանի մութ է, բայց լուսաբացին նրանք հեռանում են դեպ իրանց բնակարանները: Մեր երկրի անկարգ սովորությունները պատճառ են տվել մեզ գողանալ միմյանց սերը... բայց ահա մոտ է լուսաբացը... պետք է հեռանալ:

 

— Արդարև, — այդպես է... — կրկնեց պարոն Ռուստամը: — Եթե մի անբախտ ռոմանագիր մեր սերը նյութ կառներ յուր վիպասանությանը, ես զարմանում եմ, ի՞նչ մի ցանկալի բան կարող էր գտնել նրա մեջ:

 

— Ոչինչ... մեր երկուսիս կյանքը դատարկ է...:

 

Օրիորդը սկսեց հեռանալ, պարոն Ռուստամը գնաց նրան ճանապարհ դնելու:

 

Ծաղկավանի բոլոր տները կից են միմյանց, նրանց կտուրների վրայից կարելի էր գնալ գյուղի մի ծայրից դեպի մյուսն: Եվ այդ միմյանց հետ կպած տուների մեջ կային ծակեր, այնպես, որ, առանց դուրս գալու, ծակերի միջով, մի եղելություն մի րոպեում կարելի էր բոլոր գյուղի մարդկանցը իմացում տալ: Պարսկաստանի հայերի և ջհուդների բոլոր տուները ունին այդպիսի ձևեր: Եվ այդ առանց պատճառի չէ: Հարաժամ երկյուղը՝ գողերից, թշնամիներից պատճառ են տվել նրանց այնպես սեղմվիլ միմյանց հետ և այնպես սերտ գրկել միմյանց...:

 

Ճանապարհը, որ տանում էր տեր-Առաքելենց կտուրից մինչև ծերունի Մկրտիչի տունը, բավականին երկար էր և պետք էր անցնել բավականին շատ կտուրներ: Պարոն Ռուստամը յուր սիրուհու հետ անցավ մի քանի կտուրներ: Մութը խորին էր և աղջամղջին: Շուները կատաղած հաչում էին նրանց ոտնաձայներից ու կտուրների երդիկներից շատ անգամ լսելի էին լինում դեռևս քնած գյուղացիների ձայները — “Է՛յ, այն ո՞վ է...”:

 

Գյուղական կյանքում կից կտուրները մեծ բախտավորություն են անբախտ սիրողների համար: Նրանք, լույս ցերեկով չկարողանալով միմյանց տեսնել, շատ անգամ, օգուտ քաղելով գիշերների խավարից, կտուրների անմարդ անապատի մեջ կարողանում են գտնել մի անկյուն մի քանի ժամ միմյանց հետ խոսելու, և իրանց այրված սրտերի խորհուրդը միմյանց հայտնելու: Ասիական աշխարհի մեջ այդ փոքրիկ անկյունը առավել ախորժելի է. այդ անբախտների համար, քան թե մի պարտեզ, բուրաստան կամ ծաղկոց: Որովհետև, այստեղ նրանց ծնողքը և ոչ այլ մարդիկ չէին կարող տեսանել նրանց...: Լուսինը, փայլուն աստղերը երբեմն տեսնում են նրանց և լսում նրանց ջերմ, հեշտախոսությունից բորբոքված համբույրները:

 

Պարոն Ռուստամը մինչև ծերունի Մկրտչի տունը, ճանապարհ դրեց յուր սիրուհին, և մի քնքուշ գրկախառնությունից հետո նրանք բաժանվեցան միմյանցից:

 

Պարոն Ռուստամը դառնալով, յուր սենյակի դռանը հասնելով, ներսից լսեց մի թխկոց և մարդու զգեստների խշխշոց: Նա կասկածանոք մոտեցավ լուսամուտին, վառ ճրագի լուսով տեսավ յուր սենյակում մի պարսիկ` բարձր հասակով, որ կանգնած յուր մահճակալի մոտ, մերկացրած դաշույնը ձեռքին, անդադար հարվածներ հասցնում էր մահճի վերմակին, մտածելով, թե նրա տակին քնած էր մարդ: Նրա մանուկ սրտի անհամբերությունը թույլ չտվավ նրան երկար մտածել: Նա շուտով բաց արավ դուռը, ներս մտավ և աննկարագրելի արագությամբ հարձակվեցավ ավազակի վրա, և հետքից պինդ բռնեց նրա թևքերը: Ավազակը, ոչ այնքան պարոն Ռուստամի անհամեմատ ուժից, որքան մի այդպիսի հանկարծակի հափշտակվիլն գերբնական զորությունների ընծայելով, իսկույն թուլացավ և տարածվեցավ հատակի վրա մի քաջ հերոսի ծնկների տակ: Նա շուտով կապեց նրա թևքերը և ոտքերը, զենքերն առավ, սկսեց հարցնել.

 

— Ասա, չարագործ, դու ի՞նչ նպատակով եկել էիր այստեղ:

 

— Ես եկել էի քեզ սպանելու համար, — պատասխանեց ավազակը աներկյուղ համարձակությամբ:

 

— Ի՞նչ թշնամություն ունեիր ինձ հետ, չէ որ ես քեզ ոչինչ վատություն չեմ արած:

 

— Այդ ստույգ է, բայց ես կատարում եմ մի այլ մարդու քո թշնամու կամքը:

 

— Ո՞վ է այն մարդը, ուղղորդն ասա, եթե ոչ կսպանեմ քեզ:

 

— Ես կասեմ քեզ, թե ով է նա, ոչ այնքան երկյուղ կրելով քո սպառնալիքից, որքան պատիվ դնելով քո քաջությանը և տղամարդությանը, որով ընկած եմ ես այդ հատակի վրա: Իրավ, ոչ ոք մինչև այսօր չէ զարկել իմ կողքը գետնին... բայց ես ուրախ եմ, որ հանգամանքները այնպես բերեցին, որ իմ ձեռքը չթաթախվեցավ ձեր արյունով:

 

— Պատմիր, երկար մի խոսիր, կեղծավոր, ես լավ կճանաչեմ ձեր ազգի հոգին:

 

— Դուք ունիք մի ամենավտանգավոր թշնամի՝ Ավազակյանց Սոլոմոն-բեկը, նա ամենասաստիկ կերպով խելագարված է ձեր նշանածի՝ օրիորդ Սալբիի սիրով: Բայց այդ սերը ընդդեմ լինելով նրա հոր՝ մելիքի կամքին, և կամենալով հեռացնել յուր որդին մի այդպիսի ցանկությունից, մտածել է նա կորուսանել, որպես քեզ, նույնպես և օրիորդ Սալբին: Դրա համար այս գիշեր կանչեց ինձ յուր մոտ — “Ապպաս, ասաց նա ինձ, առանց ժամանակ կորուսանելու կմտնես տեր-Առաքելենց Ռուստամի քնարանը և նրա կտրած գլուխը կբերես ինձ, որի փոխարեն ես կտամ քեզ լի բուռով ոսկիներ, մինչև առավոտյան կմտածեինք և օրիորդ Սալբիի համար...”:

 

— Ի՞նչ հարաբերություն կար քո և մելիքի մեջ, որ դու հանձն ես առել գործել մի այդպիսի չար դավաճանություն, միթե միմիայն ոսկիների՞ համար, — հարցրուց պարոն Ռուստամը զարմանալով:

 

— Ո՜չ, թե ոսկի ևս չլիներ, դարձյալ ես պարտավորված էի կատարել նրա կամքը: Մենք ավազակներ ենք թվով ավելի քան տասն, որ ծառայում ենք մելիքին: Բոլոր Ասիան կողոպտում ենք

 

և լցնում նրա տունը: Մելիքը գաղտնի կերպով վաճառում է մեր կողոպուտները և հարկավորված ժամանակ արծաթը տալիս է մեզ: Մեր ձեռքով նա ժողովել է յուր այնքան մեծ հարստությունը: Բայց երբ պատահում էր, մեզանից մինը կալանավորված էր տերությունից, ուր որ լիներ այդ, մելիքը անհուն գումարներ գործի է դնում մեզ ազատելու համար, այդ պատճառով, մենք միշտ կարոտություն ունինք նրան, որ յուր ձեռքում ունի երկու զորություն՝ արծաթ և իշխանություն:

 

— Մելիքը վաղո՞ւց պարապվում է այդ արհեստով:

 

— Վաղուց... մենք շուտուց ճանաչում ենք նրան, համարյա նրա երեխայությունից... — պատասխանեց ավազակը խորհրդական ձայնով: Պարոն, դուք մի նայիք նրա երևելի բարեպաշտությանը, դա մի շատ վտանգավոր մարդ է: Երբ մի մարդու նա կամեր վրեժխնդիր լինել, նրա տունը կողոպտել է տալիս, նրա վիզը կտրել է տալիս, նրա կինը և աղջիկները խայտառակել է տալիս...: Իսկ առավոտյան ինքը իբրև թե ոչինչ բանից լուր չունի, սկսում է որոնել գողը...:

 

— Նա յուր այդպիսի չարությունները գործ է դնում և հայերի՞ վրա:

 

— Նրա համար ոչինչ զանազանություն չունի, թե հայ, թե թուրք և թե ջհուդ` բոլորը մի են:

 

“Խեղճ հայեր, բավական չէ, որ ուրիշները կողոպտում են ձեզ, և ձեր գլխավորները, ձեր իշխանները՝ ձեր մարմնին ցեց են դարձել...”: Նա ընկղմեցավ խորին մտածությունների մեջ. մինչև այսօր չէր լսել մի այդպիսի բան մելիքի մասին:

 

— Ես, պարոն, — խոսեց ավազակը. — ես չարագործ մեկն եմ, ինձ ներելի է, որ հանձն եմ առել քեզ սպանելու պաշտոնը, բայց դուք ձեր մեծահոգությամբ ներեցեք ինձ, առանց պատժի արձակելով ինձ:

 

— Ես բաշխեցի քո պատիժը քո ուղիղ խոստովանությանը, — ասաց պարոն Ռուստամը, և սկսեց բաց անել նրա կապանքները:

 

— Ես ուխտ եմ դնում այսուհետև միշտ մնալ ձհզ հավատարիմ բարեկամ, — կրկնեց ավազակը:

 

— Քո բարեկամությունը ինձ պետք չէ, միայն լավ է, որ դու ուխտես թողուլ քո այժմյան արհեստը: Որովհետև, քանի դու պարապվում ես չար գործերով, ի՞նչ հավատարմություն կարող է լինել քո բարեկամության մեջ:

 

— Լութիները (սրիկաները) նույնպես ունին իրանց հատուկ օրենքը և ճշմարտությունը: Գիտե՞ք, այսուհետև Ավազակյանք չեն թողնելու իրանց չար խորհուրդները, որպես քո, նույնպես և օրիորդ Սալբիի կյանքի դեմ որոգայթներ լարելու, և բոլոր այդ գործերի մեջ գործակատար լինելու ենք ես, իմ ընկերների հետ: Երդվում եմ ես Ապութալեպի որդի Ալիի անունով, միշտ հավատարիմ լինել ձեզ, միշտ հայտնելով ձեզ նրանց դավաճանությունները, և հարկավորած ժամանակ չխնայել իմ ծառայությունները գործիքով — իմ սրով:

— Դե՜ , վեր կաց, — ասաց Ռուստամը, — առ զենքերդ, հեռացիր– քանի մութ է, ոչ ոք չէ տեսնելու քեզ:

 

Սրիկան գոհունակությամբ համբուրեց յուր բարերարի ձեռքը և հեռացավ:

 

Պարոն Ռուստամի քունը փախավ աչքերից. զանազան խառն մտածմունքներ պաշարեցին նրան, նա հիշեց սրիկային խոսքը, որ ասել էր նրան մելիքը: “Ապպաս, կմտնես տեր-Առաքելենց Ռուստամի քնարանը... նրա կտրած գլուխը կբերես ինձ... մինչև առավոտյան կմտածեինք և օրիորդ Սալբիի համար... ”:

 

Քաջասիրտ տղամարդը, որին երկյուղ ասած բանը անծանոթ էր սկսեց վախենալ, և վախենալ ոչ թե յուր մասին, այլ յուր սիրուհու համար: Նա հաստատ որոշեց յուր մտքում, առավոտյան հրաժարական ողջույն տալ յուր բարեկամներին և երեկոյան գաղտնի դուրս գալ Ծաղկավանից:

 

— Նա մոտեցավ գրասեղանին, սկսեց գրել այդ նամակը յուր բարեկամին, որ թողել էր սարում իրան տեղապահ:

 

“Ազնիվ բարեկամ Պարոն Վ... ”:

 

“Ես մի քանի օրվա համար, խաշնարածների վերատեսչությունը ձեզ հանձնելով, եկա տուն, հույս ունենալով, թե շուտով կդառնամ դեպի ձեզ: Բայց հանգամանքները, ընդդեմ իմ կամքին, փոխեցին նպատակս, և ես ստիպված եմ խնդրել ձեզ, այս տարի մինչև վերջը հանձն առնել այդ նեղությունը:

 

“Սիրելի Վ... “խորհուրդ մարդկան — կամք աստուծո”, ասում են գրագետները. — “Մարդի ասած — աստծո լսած”, — ասում է առածը: Եղբայր, ձեր մարգարեությունը կատարվեցավ. ես ստիպված եմ, իմ սիրուհու հետ, դուրս գնալ իմ հայրենի երկրից. դուրս գնալ, չգիտեմ ուր:

 

“Ո՞ւր, կրկնելու եք դուք, հայի համար ամեն տեղ միևնույն է. հայի համար ամեն տեղ լույս է տալիս միևնույն մռայլված, խավարած արեգակը:

 

“Արդարև, այդպես է... բայց ես չեմ գնում ուրիշ աշխարհներում բախտ որոնելու, ես գնում եմ փորձելու նոր անբախտություններ. ես գնում եմ տեսնել նորանոր անբախտ հայեր, լսել նրան լացը, աղաղակը, նրանց ցավակից լինել, նրանց հետ արտասվել...:

 

“Բայց հայրենիքը — այս ի՞նչ հիմար բառ է, որ գործածում եմ ես. հայի համար ո՞ւր է հայրենիք: — Բայց Հայրենիքը, ասես թե, ատում է ինձ. նա խորթությամբ նայում է ինձ վրա:

 

“Եղբայր, այստեղ քահանան սրբության տեղ թույն է մատուցանում հիվանդին: Իշխանները ավազակների խումբ են բանացնում: Անկարգ շառիաթը իրավունք է տալիս մուսուլմանին խարդախ գրավաթղթով տիրել այրի կնոջ անշարժ կայքը: Եվ մայրերը վաճառում են իրենց աղջիկները, ազատելու համար իրանց կորուսած ժառանգությունները, որ ապրեին: Վասակները՝ օգուտ քաղելով մարդիկների տգիտությունից, որպես չղջիկները գիշերի խավարից, ծծում են իրենց զոհերի արյունը: Եվ արծաթը բեկերի ձեռքում հրաշք է գործում...:

 

“Ինձ երևում է, թե այդպիսի աշխարհի օդը թունավորված է և բնակիլ նրա մեջ անկարելի է:

 

“Ինձ կասեն, այդ մի նոր բան չէ հայերի կյանքի մեջ. հայերի մեջ ամեն տեղ անպակաս են եղեռնագործ տեր Մարկոսներ, ավազակ մելիքներ, խաբեբա Միրզա-Ֆաթալիներ, փոփոխամիտ տիկին Թարլաններ, օգտածարավ վասակներ և այլն...: Այդ իրավ, դրանք բոլորն կան: Բայց հայերի մեջ ամեն տեղ դժվար կարելի է գտնել — սիրահարված ագահներ:

 

“Ես ամենևին սառն սրտով դուրս եմ գնում այդ երկրից: Բայց մի տխրություն, որ տանում եմ ինձ հետ՝ է այն, որ ես չկարողացա երկար ժամանակ իմ խաշնարածների հետ մնալ, և իմ բոլոր սկսածներս նրանց մասին՝ մնացին անկատար, իմ բոլոր խորհուրդներս նրանց մասին՝ և պիտի տանջեն ինձ գերեզմանում: Բայց մյուս կողմից ուրախ եմ, որ նրանց համար թողնում եմ ձեզ նման մի ոգելից տղամարդ, որ կրում է իմ գաղափարներս, իմ հոգին...:

 

“Եվ միակ հույսը, որ մխիթարելու է իմ պանդխտությունս, է այն, որ ես իմ հետ տանում եմ մի ընկեր, որ կարող է կարեկից լինել ինձ, որ ընդունակ է հասկանալու իմ ուրախ և տխուր զգացմունքները, որ կարող է ինձ հետ լալ և ինձ հետ ծիծաղել:

 

“Բայց սիրելի Վ...դուք մի մոռանաք երբեմնապես գնալ այն անբախտ թափառական վրանաբնակների մոտ, դուք սրբեցեք արտասուքը այն այրի կնոջ աչքերից, դուք մխիթարեցեք նրան:

 

“Ողջույն մատուցեք սիրո համբույրներով իմ բոլոր բարեկամներին, մնաք բարյավ, իմ բարեկամ, գուցե այլևս չենք տեսնելու միմյանց...:

 

“Ձեր սրտակից բարեկամ այժմ և միշտ տեր-Առաքելենց Ռուստամ”:

 

ԼԴ

 

ԿԱԼՎԱԾԱՏԵՐ ԽԱՆԸ

 

— Ո՞ւր այդպես շտապով, Մարտիրոս եղբայր, առավոտյան շուտ գնում ես, — հարցրուց գյուղացի Խաչատուրը յուր դրկիցից:

 

— Գնում եմ... ասում են խանը եկել է Ավազակենց տանը, բոլոր մարդիկ գնացին սալամ, ես էլ գնում եմ... գիտես մեր դրկիցների սատանությունը, թե այնտեղ չգտնվիմ, իմ քարփուջը47 ջուրը կդնեն, — ասաց Մարտիրոսը:

 

— Ուրեմն կանգնիր, միասին գնանք, — կրկնեց Խաչատուրը: Նրանք հեռվից տեսնում են գյուղացիների բազմությունը, որ խումբ-խումբ գնում էին Ավազակենց տունը:

 

— Ի՞նչ գործի համար խանը եկել է Ավազակենց տունը, — հարց արեց Խաչատուրը:

 

— Բա, լսած չե՞ս, խանը պահանջել է Հովասաբենց աղջիկը՝ օրիորդ Սալբին՝ իրան կին առնուլ, այսօր պիտի բերեն, այնտեղ տեսնե:

 

— Օ՜յ, տեր աստված, — կրկնեց զարմանալով Խաչատուրը. — խանին ո՞վ է հասկացրել, թե օրիորդ Սալբին մեր գյուղի բոլոր աղջիկների գեղեցկուհին է:

 

— Է՛հ, եղբայր, — պատասխանեց Մարտիրոսը… — “Գողը որ տանից լինի, եզն երդիկից կհանե”: — “Ծառի որդը իրանից չլինի, հազար տարի կապրե”: — “Մեր գողն մեր տանից է, մեր որդն մեր ջանիցն է...”:

 

— Ո՞վ եք կարծում, որ լիներ այդ անաստվածը:

 

— Միթե չե՞ք ճանաչում մեր գյուղի չարության դևը, ո՞վ պիտի լինի, եթե ոչ մելիքը, խանի հետ խոսքերը մին են արած՝ խեղճ գյուղացիների տուները քանդում են:

 

— Այդպես է, եղբայր, երկու սատանա երբ միացան, աշխարհս մատի վրա պտույտ կտան: Բայց ասա, խնդրեմ, ի՞նչ առիթ ուներ մելիքը այդպիսի անիրավություն գործելու:

 

Որպես ես լսեցի, անցյալ օր մարդիկ խոսում էին, թե Սոլոմոն-բեկը միտք ուներ Հովասաբենց աղջիկը իրան կին առնուլ: Նրա մի այդպիսի ցանկությունը ընդդեմ էր հոր կամքին, և կամենալով հեռացնել յուր որդուց մի այդպիսի միտք մելիքը մատնել է օրիորդ Սալբին, որով մի կողմից Սոլոմոն-բեկը կզրկվի յուր սիրուհուց, մյուս կողմից` խանին մեծ ծառայություն արած կլինի մելիքը: — Աստված քեզ մի պատիժ չտա, մելիք Պիլատոս, — կրկնեց Խաչատուրը վշտանալով, — ի՞նչ ասել է լուսավորչյա լույս հավատը կորցնել և Քրիստոսի անմեղ գառը գայլերի բերանը գցել:

 

Մելիք Ավազակյանցի ընդարձակ դահլիճում զարդարած պարսկական ամենաշռայլ և զեխ ախորժակով, խանը, մեջքը տված մախմուրի փափուկ բարձերին, նստած էր մի թանկագին օթոցի վրա, ասզնագործած ոսկի թելերով: Նրա գեղեցիկ մանկլավիկները, փառավոր հագնված, ձեռքերը կուրծքի վրա փակած, կանգնել էին խանի առջև և զգուշությամբ սպասում էին նրա հրամաններին: Նրանցից մի փոքր հեռու, նույնպես ոտքի վրա, ձեռքերը սրտին դրած, ստրկական հնազանդությամբ, կանգնել է մելիքը, յուր հաստ ահագին մարմնով: Բացի դրանցից, դահլիճի մեջ ոչ ոք հրաման չուներ կանգնել խանի առջև: Բայց բակումը, դահլիճի բաց արած լուսամուտների հանդեպ, կանգնած են վարոցավոր ֆերրաշները, և նրա մյուս ծառաները, ղաջարի երկայն գդակներով և լեզգու խանչալներով:

 

Ֆերրաշներից շատ հեռու, բակի մեջ, բոբիկ48 ոտքերով, լուռ և անձայն, որպես անշունչ էակներ, իրանց ձեռքերը փակած, խառնիխուռն, միմյանց հետքից՝ կանգնած էին գյուղացիները: Նրանց ամեն մեկը, բակի դռնից մտնելով, մինչև խանին մի փոքր մերձենալն, հարյուր անգամ գլուխ էր խոնարհեցնում, թեպետ գոռոզ բռնակալը ամենևին ուշադրություն չէր դարձնում նրանց:

 

Մի քանի մարդիկ գյուղացիներից իրանց գլուխների վրա բերեցին ահագին փայտյա սկուտեղներ, որ տվին մանկլավիկներին, որ նույնպես իրանց գլուխների վրա առած` ներս տարան, դրեցին խանի առջև: Երբ ծառաները բարձրացուցին նրանց երեսներից շալ ծածկոցները, սկուտեղների մեջ դրված էին քաղցրավենիների անհուն տեսակներ, մեծ-մեծ շաքարների գլուխներ, թեյի կապոցներ և մի փոքրիկ ամանի մեջ լցրած ոսկի դահեկաններ — դիշքիրասի — խանի ատամների վարձը, որով բարեհաճեր նա ընդունել նրանց բերած ընծան, և յուր ատամներին նեղություն տալով, հաճեր ուտել...:

 

— Ի՞նչ նեղություն եք կրել, ես առանց դրանց շնորհակալ եմ ձեզանից, — ասաց նա հպարտությամբ աչքը ձգելով ընծաների վրա:

 

— Դուք ձեր չափազանց հնազանդությամբ միշտ գթացուցել եք իմ սիրտը ձեզ վրա և իմ աչքը միշտ քաղցրությամբ նայում է ձեզ վրա:

 

Ժողովրդի միջից մի մարդ ևս չկարողացավ համարձակվիլ մի քանի բառ խոսել խանի առջև: Միայն նրանք մինչև գետին երկրպագություն տալով, նրանց միջից լսելի էին այսպիսի խոսքեր. — “տերը թող երկար կյանք տա ձեզ, ձեր թուրը միշտ կտրուկ անե... մեր կյանքից կտրե ձերի վրա դնե...”:

 

Բայց մելիքը յուր երկար տարիների ծառայությամբ, մի փոքր համարձակություն ստացած լինելով խանի սպասավորության մեջ, ժողովրդի կողմից խոսեց այդպես.

 

— Քեզ մատաղ լինինք, վեհափառ խան, մենք ձեր ոտքի տակի հողն ենք և ձեր կոշիկների փոշին: Տեր աստված, ի պատիվ մեծ մարգարեին (Մուհամմեդին) թող օրհնե ձեր կյանքը, ձեր փառքը, ձեր կարողությունը և ձեր զորությունը՝ թող միշտ զորացնե:

 

Մենք ու մեր որդիները, բոլոր գերդաստաններով ձեր անարգ ծառաներն ենք, և դուք պետք է միշտ անպակաս անեք մեզանից ձեր կարող ձեռքի հովանավորությունը, ձեր բարեսրտության առատագութ ցողը, և ձեր մեծահոգի ողորմածության բարի խնամքը, որպեսզի, մենք՝ հանգստություն գտնելով, մեր ծառայությամբ աշխատինք ձեզ համար:

 

Մելիքը լռեց: Բոլոր բազմությունը զարմանում էին նրա անվախ ճարտարխոսության վրա և գովասանում էին նրան, որ այնպես համարձակվում էր փափկացնել խանի սիրտը:

 

─Հավատացնում եմ ձեզ տասն երկու իմամների անունով, — խոսեց խանը, ձեռքում շարժելով յուր փոքրիկ գավազանը, — և երդվում եմ իմ պապերի սուրբ ոսկորներով, որ ես երբեք իմ սիրելի ծառաներից չեմ որոշելու ձեզ, և որպես իմ արժանահիշատակ պապերը միշտ խաղաղությամբ պահպանել են ձեզ, ես էլ աշխատելու եմ ևս առավել բաշխել ձեզ հանգստություն և բարօրություն:

 

— Աստված երկայն կյանք տա ձեզ, — գռռացին գյուղացիները, — մենք մեր աչքերից գանգատ ունինք, ձեզանից երբեք ոչ:

 

“Ողորմելի ժողովուրդ”, խոսեց անլսելի ձայնով պարոն Ռուստամը, որ այն ժամանակ նստել էր բակի մի անկյունում և նայում էր գյուղացիների ստրկական հնազանդությամբ և լսում էր նրանց փոքրոգի խոսքերը: Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն: Արդարև, այդպես է աշխարհի կարգը, երբ մեկը չէ կարող ինքնուրույն պահպանել յուր անբախտ գլուխը, յուր մարդկության ազատ անձնիշխանության մեջ, նա պարտավոր է խոնարհիլ ուրիշի թրի տակ, և աղաչանքով, կեղծավորությամբ, նրա կամքին գործիք դառնալով, պահել յուր գլուխը...: Ահա այդպես է մեր ազգի վիճակը...:

 

Բոլոր բազմության մեջ քրթմնջոց ընկավ, թե ահա բերեցին Հովասաբենց Սալբին:

 

Եվ արդարև, երկու թուրքի կանայք, խանի հարեմատան պառավներից, իրանց կապույտ չարսավների մեջ փաթաթած, բերում էին մի այլ կին, սպիտակ չարսավով: Երբ հասցրել էին նրան խանի հանդեպ, նա հրամայեց պառավներին բարձրացնեն նրա երեսի քողը: Ի՞նչ զարմանալի փոփոխություն...: Երեսաքողի տակից դուրս երևաց մի այլանդակ և տգեղ կերպարանք, ներկված գորշ և մռայլոտ դեղնապղնձի գույնով, սովորականից շատ մեծ զարհուրելի աչքերով, որ վառվում էին գերբնական փայլողությամբ: Այդ ահագին, բարձրահասակ մարմինը, յուր կերպարանքի սարսափելի գծագրությամբ, ոչ միայն վրդովեց խանի կատաղի բարկությունը– այլև մի անսովոր եկյուղ ձգեց նրա սրտում:

 

— Դուք ինձ վրա ծիծաղո՞ւմ եք, դժոխքի ծնունդներ, — գոռաց նա պառավներին:

 

Պառավները սկսեցին զարհուրելի երդումներով հավատացնել խանին, թե այդ ճիվաղը միևնույն աղջիկն էր, որ խոստացել էին նրան, բայց իրանք նույնպես զարմանում են, թե որպես կերպարանափոխ եղավ նա:

 

— Քոփակ (գամփռ), — բարկանալով ասաց խանը մելիքին, — ա՛յս է քո ինձ խոստացած աղջիկը, ուրեմն դու խա՞ղ ես անում ինձ հետ. դու խայտառակե՞լ կամենում ես իմ հարեմատունը, սպասիր, դու կստանաս իմ վրեժխնդրության ծանր պատիժը:

 

Քրտինքը խոշոր կաթիլներով սկսեց թափվել մելիքի ճակատից և անհետանալ նրա մորուքի մեջ. նրա երեսը ամոթուց կարմրեցավ աղյուսի գունով. նա ուզում էր գետին մտնե, որովհետև խանը նրան բոլոր բազմության առջև կոչեց քոփակ: Բայց և այնպես, նա չէր կարողանում հասկանալ այդ զարմանալի և տարապայման անցքի պատճառը:

 

— Այ գյուղացիք, — ասաց խանը սպառնացած, — բոլորիդ գլուխները այս րոպեիս կտրել կտամ, եթե չգտնեք այս վայրկյանում այդ աղջիկը: Կորեք դուք, գարշելիներ, — ասաց նա պառավներին:

 

Սարսափը և զարհուրանքը տիրեց խղճալի ժողովրդին: Նրանց աչքերը սևացան, նրանց գլուխները պտույտվեցան. նրանք դողում էին ահից և երկյուղից:

 

Պարոն Ռուստամը ինքը մնացել էր զարմացած, որովհետև նա յուր աչքով տեսավ, երբ առավոտյան շուտ խանի անթիվ ֆերրաշները շրչապատեցին ծերունի Մկրտչի տունը, օրիորդ Սալբիին բռնեցին, տվեցին պառավների ձեռքը, ինքը չկարողացավ օգնել յուր սիրուհուն, և ճարահատյալ դիմեց Ավազակենց տունը, գուցե մի հնարքով ազատեր նրան: Բայց տեսնելով զարմանալի փոփոխությունը՝ նա մնաց սառած, թե ի՞նչ գաղտնիք էր այդ, ո՞ւր աներևութացավ օրիորդ Սալբին. ուսկի՞ց հայտնվեցավ այդ ղարաչի կինը, որ քանի օր առաջ տեսել էր տներում՝ ման էր գալիս, ֆալ բաց անում (հմայում) և հաց ժողովում: Նա որ երբեք չէր հավատում գերբնական զորությունների, ընկղմվեցավ խորին կասկածների մեջ, թե այդ գործի մեջ թագուցած էր մի անբնական գաղտնիք: Բայց լսելով խանի սպառնալիքը, տեսնելով գյուղացիների տագնապը և զարհուրանքը, թողեց յուր մտածմունքը, մոտեցավ խանին ու խոսեց.

 

— Ինչո՞ւ դուք մի խաբեբայի (մելիքի) խորհրդով խռովում եք այդ խեղճ գյուղացիների հանգստությունը. ինչո՞ւ հայհոյում եք այդ ողորմելի ժողովուրդը, որ այսպես հնազանդությամբ իրանց գլուխները ծռել են ձեր առջև: Բավական չէ՞, որ դուք խլում եք մեր կայքը, կարասիքը, մեր բոլոր ապրանքը, և մեր ընտանիքն էլ ծառա պիտի լինին ձեր անիրավ կամքին. ո՞վ է տվել ձեզ այդ իշխանությունը, դուք չե՞ք դիտում, որ մեր կրոնքը երկնքից մինչև երկիր մեզ հեռացրել է ձեզանից և մեր ու ձեր մեջ անկարելի է խնամություն:

 

— Որքան դուք այդպես պինդ կապված կլինիք ձեր մոլար կրոնքին, միշտ կմնաք խեղճ և մեզ ծառա, — պատասխանեց խանը թունավոր հայացքով:

 

— Ոչ, որքան մենք պինդ կապված կլինինք տգիտության և կործանիչ անմիաբանության, միշտ կմնանք խեղճ, բայց գիտցեք, որ հասել է ձեր բռնակալության վերջը... և հայը մինչև յուր արյունով կարող է վրեժխնդիր լինել ձեզ...:

 

— Ձայնդ կտրե, լիրբ շուն, — պոռաց բռնավորը.— ես այս րոպեիս կտրել կտամ քո լեզուն, և դու կճանաչես քո չափը:

 

Եվ նա հրամայեց դահիճներին, որ նրա լեզուն կտրեն:

 

Պարոն Ռուստամի մոտ կանգնած գյուղացիները, լուռ, աչքով, հոնքով՝ նշանացի էին անում նրան, որ չխոսե այդպիսի համարձակ խոսքեր, որով ոչ միայն յուր անձը կձգեր պատժի տակ, այլ բոլոր հայերը նրա պատճառով վտանգի մեջ կընկնեին: Բայց արիասիրտ տղամարդը ուշադրություն չդարձրեց թուլահոգի և վախկոտ ամբոխին, նա խոսեց խանի երեսին և ավելի անպատշաճ խոսքեր, մինչև անգամ հայհոյանքներ:

 

Անբախտ տղամարդը, արդարև, քո երակներում դեռ չէ սառած հայոց դյուցազունների արյունը... և քո սիրտը զարկում է վսեմ ազգասիրական նախանձով...: Բայց դու մինակ ես. “մի ձեռքը ծափ չի զարկում...”:

 

— Սպանե՜ք, սպանե՜ք, կտոր-կտոր արեք, — պոռաց խանը զարհուրանքով:

 

Երբ ֆերրաշները և խանի սարվազները մոտեցան նրան, քաջն Ռուստամ՝ դուրս եկավ բազմության միջից, քաշվեցավ դեպի բակի արձակ կողմը, և մերկացնելով յուր ահագին թուրը, որ թաքցրել էր լուր վերարկուի տակ, հարձակվեցավ ֆերրաշների վրա, կոչելով, — անիրավներ, երեխայի՞ վրա վազում եք դուք:

 

— Սպանե՜ք, սպանե՜ք, — գոռում էր կատաղած խանը:

 

— Տեսնենք ով շուտ կսպանե, — կոչեց մեր քաջը աներկյուղ սրտով. — մինչև այդ կատուները կհասցնեն ինձ մի չնչին վերք, ես բոլորին կուղարկեմ դժոխքը քո պապերի մոտ:

 

Այդ խոսքերի հետ նա զարկեց թուրը առաջին մոտեցող ֆերրաշի գլխին, արյունը խավարեցրեց նրա աչքերը, հասցրեց մի սաստիկ հարված երկրորդի կռան վրա, գցեց մի երրորդի ուսը: Բայց տակավին ոչ մի վերք չէր ստացել նա:

 

— Տո, հեռվից թափանչով, — ձայն տվեց խանը, ինքը նույնպես բարկությունից վեր կենալով և իջանելով դահլիճից կռվողների մոտ:

 

Երբ որ նրանք, չկարողանալով մոտուց սրով զարկել նրան, կամեցան հեռվից հրացան գործիքներ արձակել դեպի նա, պարոն Ռուստամը առանց ժամանակ կորուսանելու, յուր թուրը պատեհին հանձնեց, և դուրս բերելով յուր գոտուց երկու թափանչա, մինը ուղղեց դեպի ֆերրաշները, մյուսը դեպի խանը, ասելով — դու հրամայում ես ինձ սպանել թափանչով, բայց քո ծառաները խիստ թույլ են երևում կռվի մեջ, ուրեմն առաջագույն դու ինքդ փորձիր իմ գնդակի զորությունը:

 

Խանը, նշմարելով անհրաժեշտ մահը յուր աչքի դեմ և տեսնելով յուր ծառաների թուլասրտությունը, սկսեց կեղծավորության գործի դնել: Արդարև, նեղի ընկած միջոցին պարսիկը բացի կեղծավորությունից և խաբեբայությունից ավելի շնորհ չունի:

 

— Դու չե՞ս ամաչում, սևերես, որ քո խանի վրա ձեռք ես բարձրացնում, — ասաց նա:

 

— Ինձ համար ոչինչ զանազանություն չկա խանի և մի ստոր մարդու մեջ, երբ հարկավորում է պահպանել իմ կյանքը և իմ պատիվը, — պատասխանեց արիասիրտ Ռուստամը:

 

Նույն ժամանակ մի մարդ բազմության միջից դուրս եկավ, բռնեց պարոն Ռուստամի ձեռքը, ասելով.— ամա՜ն, Ռուստամ, իմ որդի, իմ աչքի լույս, խղճա քո ողորմելի հորը, բաշխիր այդ խեղճ ժողովրդին, որ բոլորը քո պատճառով պիտի վտանգի մեջ ընկնին, սանձիր քո բարկությունը, մտածիր, թե ինչ ծանր հանցանք ես գործում...

 

Մահտեսի Ավետիսը հանդարտացրեց որդու կատաղությունը և խլեց նրա ձեռքից թափանչաները:

 

— Ծերունիդ դու, — ասաց խանը մահտեսի Ավետիսին, — առ նրա զենքերը, ասա, թող գա իմ ձեռքս համբուրե, որ ես բաշխեմ նրա հանցանքը:

 

Մահտեսի Ավետիսը, հավատալով խաբեբա և խորամանկ պարսիկի խոսքերին, բոլորովին զինաթափ արեց յուր որդին: Խանը, տեսնելով նրան առանց զենքի, հրամայեց յուր ծառաներին, բռնեցին նրան և կապեցին թևքերը: Նույն ժամանակ մի անմաս մանկլավիկ բարձրացրեց խանչալը և ուզում էր խրել պարոն Ռուստամի սիրտը:

 

— Քո ձեռքո՞վ պիտի սպանվեմ ես, լակոտ, — ասաց նա և յուր ոտքով այնպես սաստիկ զարկեց մանկլավիկի փորին, մինչ նա գլորվեցավ և հինգ քայլ հեռու վեր ընկավ գետնի վրա:

 

Երբ բոլորովին կալանավորված էր նա, ուխտազանց պարսիկը հրամայեց յուր ծառաներին, ամեն մեկը մի թափանչա արձակեն նրա վրա: Խեղճ Ռուստամի մահը հասած էր: Այնքան բազմաթիվ հայերից ոչ ոք չօգնեց նրան: Բոլորը, ահից, երկյուղից սասանված, չորացած, սառն աչքերով նայում էին այդ ցավալի հանդեսի վրա: Եվ ոմանք շատ ուրախ էին, որ սպանվում է մի այնպիսի գոռոզ և հպարտ տղամարդ, որ չգիտեր չպփ դնել յուր լեզվին:

 

Բայց մահտեսի Ավետիսը, խանի ոտքերն ընկնելով, նրա սոլերը համբուրելով, լալով ասաց. — ողորմած խան, բաշխիր ձերունի հորը, մի սպանիր իմ որդիս, աստված չի ընդունիլ այդ, դուք խոստացաք բաշխել նրա հանցանքը, դրա համար ես զինաթափ արեցի նրան... այդ մի տղամարդություն չէ հարձակվիլ անզեն մարդի վրա, ողորմիր իմ ալիքներիս, այժմ անձնատուր է իմ որդին, արժան չէ այլևս սպանել նրան... նա դեռ մանուկ է, նրա խելքը հասուն չէ, խղճա ողորմելի հորը, քո ծառային, մի սպանիր իմ որդին:

 

— Դա մանուկ է, այո, — խոսեց խանը գլուխը շարժելով, — դա օձի ձագ է, երբ մեծանա, վիշապ կդառնա... սպանեք, ասում եմ, հրամայեց ֆերրաշներին:

 

Հանկարծ բոլոր բազմությանը տիրեց զարհուրելի սարսափ. յոթն հսկայաձև տղամարդիկ, կայծակի արագությամմբ, մերկացուցած թրերը ձեռքերում, հարձակվևցան ֆերրաշների վրա:

 

— Թող տվեք դրան, — գոռաց ամպի որոտի ձայնով նրանցից մինը, — թող ավեք, ասում եմ ձեզ, եթե ոչ, բոլորիդ կմորթեմ այս րոպեիս. դրանց մինն էր պարոն Խոսրով Մելիքզադեն:

 

Ֆերրաշները զարհուրեցան երկյուղից, տեսնելով Ապպասլութին և նրա ավազակ ընկերները, որոնց քաջությունը և արյունախում բնավորությունը բոլորին հայտնի էր: Խանը, որ բնությամբ մի վախկոտ մարդ էր, ավելի երկյուղ կրեց, մտածելով, թե ոչ միայն ինքն կամ յուր ծառաներն կարող չէին ընդդիմություն գործել նրան, այլև, այն վտանգավոր սրիկան, սպանելով բոլորին, մի գիշեր կկտրեր և յուր որդիների գլուխները: Այդ պատճառով նա, ընդունելով ավելի հանդարտ կերպարանք, խոսեց — Ապպաս, դու գիտես, ես սիրում եմ քեզ իմ որդիներից առավել, բայց մտածիր, այդ նզովյալը որքան վշտացրել է ինձ: Նա վիրավորել է իմ ծառաներից երեքին, որ անտարակույս կմեռնին, իրավունք չէ, մի այդպիսի հանցավորը անպատիժ մնա: Որովհետև ես իմ կյանքում մի այդպիսի նախատինք կրած չեմ ոչ ոքից, ուր մնաց, մի պիղծ հայից, որ իմ հպատակս է, որ պատկանում է ինձ յուր կյանքով ե արյունով:

 

— Արդար է ձեր հրամայածը, խան, բայց այդ մեծահոգի տղամարդը մի օր պարգևել է իմ կյանքը, ես պարտավոր եմ անեք նրան միևնույնը, — պատասխանեց սրիկան, պարոն Ռուստամի թևքերի կապանքներն արձակելով, առանց սպասելու խանի վճռին:

 

Մելիք Ավազակյանցը մեռնում էր տճահությունից, տեսնելով յուր ավազակները բռնել էին յուր թշնամու կողմը:

 

Խանը, մտածելով, որ այդ գործը կնդունե ավելի վատթար ուղղություն, հրամայեց բաց թողուլ կալանավորը:

 

— Ես և իմ ընկերները շնորհակալ եղանք ձեզանից, — ասաց սրիկան, և նրանք դուրս եկան Ավազակյանց բակից, իրանց հետ տանելով պարոն Ռուստամը:

 

Գյուղացիները նույնպես գլուխ տալով խանին, հեռացան– մինչև մնացին մելիքը և խանը երկուքը միասին:

 

— Ի՞նչ պետք է արած, մելիք, ես չեմ կարող տանել այդ անարգությունը, — ասաց խանը, — ես կմեռնիմ իմ սրտի կսկծից:

 

— Ես ինքս մնացել եմ շվարած, — պատասխանեց մելիքը հուսահատությամբ. — տեսա՞ր նրա գործը, տեսա՞ր նրա ընկերները:

 

— Ի՞նչ պետք է արած, — դարձյալ կրկնեց խանը տհաճությամբ:

 

— Դուք այժմ շատ վրդովված եք, խան, մի փոքր հանգստացեք, այնուհետև կխոսենք, թե ինչ պետք է արած:

 

Խանը յուր ծառաների հետ վեր կացավ և գնացին ամրոցը, որ քառորդ ժամու ճանապարհով հեռու էր Ծաղկավանից:

 

Բայց նախանձը և տհաճությունը ուտում էր, մաշում էր մելիք Պիլատոսի լերդն ու սիրտը, որ նույն րոպեին գտնվում էր զարհուրելի ալեկոծության մեջ: Նա կարմրելով հիշում էր այն անցքը, որ Ռուստամի նման աղքատ տղամարդը (նրա կարծիքով հարուստները միայն պիտի ունենային ձայն և կշիռ) — յուր քաջությամբ արհամարհեց, որպես խանի բռնակալությունը, նույնպես և յուր բոլոր ջանքերը օրիորդ Սալբին կորուսանելու: Նա մեռնում էր յուր բարկությունից, որ չկարողացավ յուր չարագործությունը կատարել:

 

Մինչ նա տարուբերվում էր յուր կատաղի ալեկոծության մեջ, նրան իմաց տվին, թե խանի հարեմատան ներքինիներից մինը կամի ձեզ տեսանել: Նա հրամայեց, որ ներս թողուն:

 

Ներքինին դորա բերավ յուր ծոցեն մի նամակ, տվեց մելիքին. նա կարդաց նրա մեջ հետևյալ խոսքերը.

 

“Անպիտան դու, այդ ի՞նչ աններելի հանդգնություն է, որ գործում ես: Բավական չէ՞, որ քո ամենայն տեսակ բանսարկությունով և չարախոսությամբ, մոլորեցնելով խանի միտքը, խռովում ես խեղճ գյուղացիների հանգստությունը, իսկ այժմ համարձակվել ես և աղմկել նրա հարեմատո՞ւնը: Թող վկա լինին աստծո բոլոր հրեշտակները, թե քանի ծանր ու դժնդակ կերպով դու կճաշակես քո չարությանց պատիժը իմ ձեռքից, թե չկամեիր քո սատանություններին չափ դնել”:

 

Կնիքի վրա կարդացվում էր խանի գլխավոր հարեմի անունը “Դուրի-Դարիա”:

 

Մահվան գունաթափությունը ներկեց նրա դեմքը քրքումի գունով, նա թուլացավ, ուշքը, միտքը կորցրուց, և հազիվհազ մի քանի րոպեից հետո յուր զորությունները պնդելով, ասաց ներքինուն. — ի՞նչ առիթ ուներ խանումը այդպես բարկանալ ինձ վրա:

 

— Դու խելագարվա՞ծ ես, այ մարդ, — կրկնեց ներքինին: — Ի՞նչպես թե խանումը առիթ չուներ քեզ վրա բարկանալու, միթե այդ փոքր գործ է, քեզ ի՞նչ վերաբերյալ է խառնվիլ խանի ընտանեկան գործերին. այդ ի՞նչ աղջիկ տալ է. դու չե՞ս իմանում, խանմները կբարկանան դրանով:

 

Մելիքը սկսեց հազար ու մի երդումներով հավատացնել, թե ինքը ամենևին այդ գործից տեղեկություն չունի եղել, և թե այլ մարդիկ հասկացրել են խանին օրիորդ Սալբիի մասին: Բայց ինքը կամենալով խանին անհավանելի կացուցանել նրան, հրամայել էր այն ղարաչի կինը ցույց տալ օրիորդ Սալբիի փոխարեն, և շատ ուրախ է, որ հաջողվեց նրան:

 

Բոլորովին սուտ էր խոսում մելիքը, որովհետև, նա ինքը չէր կարողացել մինչև այն րոպեին հասկանալ այն հրաշագործ փոփոխության գաղտնիքը...:

 

ԼԷ

 

ՄԱՏՆՈԻԹՅՈՒՆ

 

Այն ժամուն, երբ բոլոր Ծաղկավանը աղմկալի խռովության մեջ էր — խանի մասին, երբ ձայն դուրս եկավ, թե օրիորդ Սալբիին տարան, պարոն Ռուստամին սպանեցին, — տեր-Առաքելենց տանում ոչ ոք չէր մնացած. նրա մայրը, հայրը և բոլոր ընտանիքը՝ հավաքված Ավազակենց տանում, լաց էին լինում: Այդ ցավալի ժամուն Ռես Վասակյանը դևի նման սողաց պարոն Ռուստամի առանձնասենյակում: Նա առանց ժամանակ կորցնելու մոտեցավ ահագին փայտյա արկղին, որ պարոն Ռուստամի թղթերու պահարանն էր: Նա դուրս բերավ ջիբից մի շարք բանալիներ, մի քանիսը փոփոխելով, ապա բաց արեց արկղը և սկսեց ուշադրությամբ քրքրել թղթերը: Նրանց միջից նա վեր առավ երկու մեծ տետրակներ, մինը՝ պարոն Ռուստամի “Հիշատակարանը”, մյուսը՝ “Ազատ ժամեր” մակագրությամբ, որ պարունակում էր նրա բոլոր տաղաչափությունները: Այդ երկու տետրակները իրան հետ վեր առնելով Ռեսը զգուշությամբ փակեց արկղը, դուրս ելավ սենյակից և աներևութացավ Ծաղկավանի նույն ժամուն անմարդաբնակ փողոցների մեջ:

 

Նույն օրվա երեկոյան պահուն մելիքը Ռես Վասակյանի հետ ձիով գնում էին դեպի խանի ամրոցը: Նրանք հասան, ձիերը պահ տվին ախոռապանին, մտան ամրոցը: Բոլոր ամրոցը վառվում էր ճոխությունից, արևի վերջալույսը, խաղալով պատուհանների գույնզգույն ապակիների հետ, ձևացնում էր հազարավոր կախարդական գունավորություններ: Շատրվանները փողփողում էին հայելվո նման, ջուրը բարձրանում էր անհամեմատ բարձրությամբ, սենյակներից լսելի էին լինում զանազան եղանակներով երգերի և նվագարանների ներդաշնակություններ:

 

Նրանք մանկլավիկներից մեկին հայտնեցին, որ խանին իմաց տան իրանց մասին և շուտով ընդունվեցան մի առանձին սենյակում դրսի բակում: Շուտով հայտնվեցավ նրանց մոտ և խանը:

 

— Բարով եք եկել, քյոխվաներ, — ասաց նա:

 

Նրանք մինչև գետին խոնարհվեցան, երկրպագություն տվեցին և կանգնեցան ոտքի վրա:

 

Ասես թե, խանը այսօր մի առանձին ակնկալություն ուներ այդ երկու անձերից, նա խոսում էր նրանց հետ սիրով և մինչև անգամ հրամայեց նստեցան յուր մոտ: Այդ պատիվը նրա կյանքում նրանից չէր վայելած ոչ մի հայ մարդ: Այնուհետև հրամայեց ծառաներին հեռանան և ոչ ոք չթողնեն իրանց մոտ:

 

— Ռես, բերե՞լ եք այն թղթերը, — հարցրուց խանը:

 

— Հրամեր եք, խան, — պատասխանեց նա:

 

Եվ Ռեսը դրեց խանի առջև երկու մեծ տետրակները — “Ազատ ժամեր” և “Հիշատակարանը”:

 

— Ի՞նչ են գրված այդ տետրակների մեջ, — հարցրուց խանը թերթելով նրանց:

 

— Երկար քննություններ հարկավոր չեն, որ դուք հասկանաք այդ գրվածքների միաքը և հեղինակի գաղափարները, — ասաց պարոն Վասակյանը: — Միմիայն դուք կարդալով մի ոտանավոր, որ ես թարգմանել եմ “Ազատ ժամեր” կոչված տաղաչափություններից, կարող եք հասկանալ, թե ինչ հոգվո տեր մարդ է դրանց հեղինակը:

 

Եվ պարոն Վասակյանը տվեց խանին պարսկերեն թարգմանյալ հետևյալ ոտանավորը.

 

Երանի մի ժամ, երանի մի օր՝

Գեթ ես լինեի անմահ թագավոր,

Սուրբ Մասիս յուր գլուխը

Խոնարհեցներ ինձ աթոռ:

 

Ախ թե մի րոպե… գուցե մի վայրկյան

Ձեռումս կրեի տիրոջ գավազան:

Ամպերու վրա

Դնեի ես գահ,

Երկինք-երկիր

Դողացներ իմ ահ:

Գոռայի բոցով, որոտ-կայծակով.

Հայոց քաջերը զարթնեին շուտով,

Սուրբ բղբղային, նիզակք խաղային,

Վառոդք կապարած կարկուտ տեղային:

 

Գլխով, լեշով լցնեի

Արարատյան ձոր ու փոս.

Երեսը դաշտին ներկեի

Խոխոջներով կարմրահոս:

 

Հա՜յր Երասխ, ալիքներդ

Հրճվելով խազ առնեին.

Մեր թշնամյաց լեշերով`

Մասսի կուրծքը զարդարեին.

Մեր թշնամյաց արյունով՝

Նորա թշեր ներկեին:

 

Հիմքից դեպ վեր շրջեի

Արյունախում……

 

Ինտոս գետի ափի մոտ՝

Հաղթության դնեի արձան:

 

Ոտքի տակ ես փշրեի՝

…………………………

…………………………

…………………………

 

Պահանջեի որդիքս,

Որքան կուլ տվեց անհագ.

Ժողովեի հայ ազգը՝

Իմ հաղթող դրոշիս տակ:

 

Հայոց փշրված քաղաքներ

Վեր կանգնեի փառավոր,

...ծովի ափի մոտ

Ես դնեի իմ աթոռ:

 

Ռուբինյան վեհ թագը,

Անփշելին գավազան

Թող հովվեր հայոց ազգը

Միշտ, անփոփոխ, անսասան:

 

Ո՛հ, լռվեցեք, տխուր մտքեր

Իմ հոգվույս մեջ դուք անշարժ,

Այդ մեծ բախտը, այդ սուրբ օրեր՝

 

Հայի ճակտին չե՛ն գրված…:

 

— Արդարև, այդ մարդը հասարակ մարդերի կարգից չէ, — կրկնեց խանը կարդալը վերջացնելով: — Այդ մարդը մի վտանգավոր մարդ է:

 

— Մինչև հիմա ձեզ ասում էի, դուք չէիք հավատում, — խոսեց մելիքը. — բայց այսօր ձեր աչքով տեսաք նրա գործքը, ձեր ականջով լսեցիք նրա խոսքերը, և այդ թունավոր գրվածքները ցույց են տալիս նրա զարհուրելի մտքերը:

 

— Արդարև, դա վտանգավոր մարդ է, — դարձյալ կրկնեց խանը:

 

— Այդ մարդը, ոչ թե լոկ խոսքերով քամիներ է փչում, — պատասխանեց Ռեսը, — այլ նա աշխատում է յուր չար մտքերը կատարելագործել և գործով: Այս տարի նա սարում գտել է իրանց սրտակից բարբարոսների մի մեծ բազմություն, որոնց մեջ կան մոտ հազար հոգու չափ պատերազմող տղամարդիկ, որոնք, իրանց անպարտելի քաջությամբ և հաջողությամբ կռվի մեջ, կարող են նվաճել մի մեծ թագավորություն: Որպես ինձ հայտնի եղավ ստույգ տեղեկություններից, այդ բարբարոսների հետ, նա միաբանվել է` հարձակվիլ ձեզ վրա, տիրել Զարեհավանը և հաստատել այստեղ իրան համար անկախ տերություն:

 

— Ուղղո՞րդ — հարցրուց խանը զարհուրելով:

 

— Ճշմարիտ, այդպես է, — վկայեց մելիքը: — Բացի այն բարբարոսներից և Զարեհավանի հայերից շատերը միաբանվել են նրա հետ:

 

— Իհարկե, և զարեհավանցիները նրա հետ կմիաբանվեին, — նրա խոսքը կտրեց Ռեսը: — Որովհետև այդ մարդը միշտ և անդադար քարոզում է ազատություն… ազատություն... ազատություն...: Թե հայոց ազգը յուր հատուկ իշխանությունը և յուր հայրենի երկիրը պիտի ունենա, թե պետք չէ ծառայել ուրիշ ազգերին, և թե ամեն մի հայ պիտի սիրե յուր կրոնը, լեզուն, գրականությունը և յուր հայրենի հողն ու ջուրը: Նա խաբում է բոլորին, ասելով, թե հայերն էլ մի ժամանակ ունեին տերություն, իշխանություն և զորություն աշխարհի մեջ, և թե այդ հողը, որի վրա տիրում է — նրա խոսքով — բռնակալի գավազանը, մեր հոր տունն է, մեր պապերի բնակարանն է:

 

— Դուք ի՞նչպես եք մտածում, — հարցրուց խանը:

 

— Մենք մեր աչքերը բաց ենք արել, մեզ ձեզ ծառա ենք տեսել, — խոսեց մելիքը: — Մենք այսքան գիտենք, որ հայ ազգը, սկզբանե մինչև այսօր ապրում է ուրիշի հրամանի տակ: Այդ պատճառով, մենք և մեր որդիները, որքան կենդանի ենք, ուրախ ենք միշտ ընդունել ձեր կարող ձեռքի հովանավորությունը: Այդ խոսքերը, որ նա խոսում է, այդ ոտանավորները, որ նա գրում է, խանգարված երևակայության ցնորքներ են, փտած գլխի մտածմունքներ: Մեր ականջները միշտ փակ են այդ մոլորությունները լսելու, մենք միշտ պատրաստ ենք ձեզ հնազանդությամբ ծառայելու:

— Շատ լավ... — կրկնեց խանը: — Ես հասկացա բոլորը…: Ես կմտածեմ դրա ճարը...: Միայն դուք ասացեք, ի՞նչ է ձեր կարծիքը օրիորդ Սալբիի մասին, մինչև այժմ ես չեմ կարողանում հասկանալ այդ օրվա գաղտնիքը... այդ ղարաչի կինը զարհուրեցնում է ինձ:

 

Պարոն Վասակյանը չուզեց այդ հարցմունքին պատասխան տալ: Որովհետև մելիքի կամքը, օրիորդ Սալբին խանի ձեռքը գցելու, բոլորովին նրան ընդդեմ լինելով, չէր կամենում այս առարկայիս վրա զրույց լինի: Բայց մելիքը ասաց.

 

— Այն զարհուրելի ղարաչի կինը միևնույն օրիորդ Սալբին էր, միայն կերպարանափոխված, որովհետև այդ դևի կաթ ծծած աղջիկը մի կատարյալ կախարդ է, նրան դյուրին է ընդունել ամեն կերպարանքներ և հարկավորված ժամանակ աներևութանալ:

 

Մելիքի պատասխանը, յուր սրտին խիստ մոտիկ լինելով, Ռեսը շուտով ուզեց հետևցնել նրանից մի ուրիշ եզրակացություն, թե մի կախարդ կին անվայել էր խանին, ասելով. — ճշմարիտ է խոսում մելիքը, խան, այդ աղջիկը կատարյալ կախարդ է. նա ուսել է այդ արհեստը պարոն Աշխարունու վարժարանում, ուր սովորեցնում են կատարյալ կախարդություն: Եվ այդ վարժարանի մասին պետք է ձեզ անհոգ չլինել, որովհետև այդ աղբյուրից բխում են այդ բոլոր չարությունները...: Բայց թող մնա այդ, խոսքը փոխեց նա, վարժարանի համար կմտածենք հետո...: Բայց այժմ, եթե կընդունեք ծառայիդ անկեղծ խորհուրդը, և ամենևին կամք չեմ տալիս ձեզ ունենալ մի այդպիսի վտանգավոր կախարդ կին:

 

— Ո՜չ, ո՜չ, — նրա խոսքը կտրեց մելիքը. — սկսյալ մեր պապերից, խաները միշտ իրավունք են ունեցել մեր ազգի գեղեցիկ աղջիկներով զարդարել իրանց հարեմատունը. բոլորովին անխելքություն է մի այդպիսի սիրունը բաց թողնել:

 

Մելիքի խոսքերի մի փոքր ռոմանական ձևը, շարժելով խանի հեշտախտությունը, խոսեց նա. — ես երբեք բաց չեմ թողնելու օրիորդ Սալբին, մի անգամ տեսել եմ նրան դաշտում որսորդությանս ժամանակ, և մինչ այսօր նրա սիրուն պատկերը չէ հեռանում իմ աչքերի առջևից:

 

Ռեսը լռեց, երբ նկատեց նրանց երկուսի կամքը միացան, բայց նա յուր հնարագիտությունից վստահ էր, թե օրիորդ Սալբիին չէ թողնելու, բացի Սոլոմոն՜բեկից, գրկե մի այլ մարդ:

 

— Ի՞նչ պետք է արած օրիորդի մասին, — հարցրուց խանը:

 

— Ես կասեմ թե ինչ պետք է արած, միայն դրա ժամանակն չէ, — պատասխանեց մելիքը. — որովհետև, քանի այդ մարդը ապրում է մեր երկրի մեջ, դժվար է հափշտակել նրա ձեռքից նրա սիրուհին. դուք մտածեցեք նրա կորուստը, այնուհետև օրիորդը ձերն է:

 

Դուրս գալով խանի տանից, ճանապարհում մելիքին ասաց Ռեսը. — Աղա, դուք իզուր մտածում եք օրիորդ Սալբին տալ խանին, որովհետև այդ մի օրինավոր հնարք չէ, ձեր որդու սերը նրանից հեռացնելու:

 

— Ինչո՞ւ, — հարցրուց մելիքը բարկությամբ:

 

— Ներեցեք, խնդրեմ, որ մի քիչ երկար կամենում եմ պատասխանել ձեր ինչուին, — խոսեց խաբեբան յուր սովորական կոկ ոճով: — Այն մի իրողություն, որ կամենում ենք գործել մենք, պետք է հառաջագույն մտածել, թե ի՞նչ խոսելու է դրա վրա հասարակաց լեզուն, կամ ի՞նչպես նայում է դրա վրա հասարակաց աչքը, ամենևին տեղի չտալով վատ կարծիքների և չար բամբասանքների: Բայց մի այդպիսի իրողություն, որով դուք մտածել եք հեռացնել ձեր որդու սերը մի աղքատ աղջկանից, ոչ միայն հեռու չէ կացուցանում ձեր անձը ժողովրդի չար վատաբանությունից, այլև կոտրում է ձեր պատիվը և համարումը:

 

Հասնելով տունը մելիքը, հանկարծ նրա սենյակը մտավ Սոլոմոն-բեկը, քանի օրվա հիվանդությունից բոլորովին նիհարացած և տկարացած, ընկնելով հոր ոտքերը, նա ասաց. — հայր, ողորմություն արեք, լսեցեք ձեր որդու աղաչանքը, այդ ի՞նչ մտածմունք է, որով դուք կամեցել եք իմ պատճառով կորուսանել օրիորդ Սալբին: Դուք չե՞ք իմանում, ես սիրում եմ նրան, այո, մի կատաղի և ցնորված սիրով: Երբ նա ինձ համար չկա, և իմ կյանքը նրա հետ կորած է: Երբ դուք մտադիր եք նրան մատնել խանի ձեռքը, լավ է, հառաջագույն սպանեք ինձ. թող իմ աչքերս չտեսնեն այդպիսի դժբախտություն:

 

Ասիացի ծնողք չեն կարող առանց բարկության լսել իրանց որդիների և աղջիկների անկեղծ խոստովանությունը սիրո մասին: Վերջին աստիճանի անհամեստություն համարելով յուր որդու խոսքերը, կոչեց մելիքը գազանաբար. — Ձայնդ կտրիր, հիմար, դու ցնորված ես, դու գժված ես, եթե երկար կխոսիս այդպիսի բաներ` քեզ կարտաքսեմ իմ տանից, զրկելով բոլոր ժառանգությունից:

 

— Ես բոլոր հոժարությամբ կամեի զրկվիլ աշխարհի ամեն փառքերից, ամեն հարստությունից, բայց օրիորդ Սալբիից ոչ երբեք, — ասաց Սոլոմոն-բեկը և դուրս եկավ հոր սենյակից:

 

Ռես Վասակյանը, նույն գիշեր, անգիտելի է, թե ինչ խորհրդով, մնաց Ավազակենց տունը. հանդիպելով հուսահատված և սիրտը կոտրված Աոլոմոն-բեկին, ասաց. — Ձեզ պետք չէր առանց իմ խորհրդին խոսիլ ձեր հոր հետ՝ ձեր սիրո մասին. ես միշտ խրատել եմ ձեզ հետևիլ իմ կանոններին:

 

Գիշերից բավական անցել էր: Օրիորդ Սալբին, տեր-Առաքելենց տանում, յուր սիրականի հետ նստած, խոսում էին այն օրվա անցքի մասին: Պարոն Ռուստամը զարմանալով հիշում էր ղարաչի կինը և հետաքրքրությամբ հարցնում էր օրիորդից նրա մասին: Բայց օրիորդ Սալբին չուզեց նրան հայտնել և ոչ մի բառ Խլվլիկի մասին, որ աներևութացնելով օրիորդը, առել էր ղարաչու կերպարանք:

 

— Այլևս ժամանակ կորցնել հարկավոր չէ, — ասաց պարոն Ռուստամը յուր ճանապարհի պիտույքները խուրջիններում հավաքելով. — երեք ժամ լուսաբացին մնացած, Սալբի, դուք պատրաստ եղեք գյուղիցը դուրս, ավերված ջրաղացի մոտ. մենք այնտեղ կհանդիպենք միմյանց. ձեզ համար առանձին ձի կբերեմ. այնտեղից մենք երեք հոգի ճանապարհ կընկնինք, ես, դու և մեր Խաչոն:

 

— Շատ լավ, — պատասխանեց օրիորդը:

 

— Միայն դուք փոխեք ձեր զգեստը, հագնվեցեք տղամարդի ձևով, վեր առեք ձեր զենքերը և այն մորուքավոր դիմակը դրեք ձեր երեսին:

 

— Շատ լավ, — կրկնեց դարձյալ օրիորդը: — Բայց իմ վառոդը սակավ է, տվեք ինձ մի փոքր վառոդ և մի քանի գնդակներ:

 

— Առ քեզ, — ասաց պարոն Ռուստամը, տալով նրան մի աման լի վառոդով և գնդակներ: — Եթե կամենում եք, Խաչոյին առաջագույն կուղարկեմ ձեզ մոտ, որ շալակե ձեր ճանապարհի մթերքը և հասցնե մինչև ավեր ջրաղացը գյուղից դուրս:

 

— Պետք չէ, ես ինքս կշալակեմ իմ ճանապարհի պիտույքը և կհասցնեմ մինչև նշանակյալ տեղը: Այսուհետև պետք է մեր անձը սովորեցնել դժվարություններին...:

 

— Դե, գնացեք, ժամանակը կորչում է, լսեցի՞ք ինչ ասացի ձեզ:

 

— Հա, մնաք բարյավ:

 

— Օրիորդը հեռացավ

 

Ներս մտավ Խաչոն:

 

— Իմ բարեկամ, — ասաց նրան պարոն Ռուստամը, — լուսաբացին չորս ժամ մնացած ձիաներին գարի տուր, թամքիր, որովհետև երեք ժամ մնացած լուսանալուն մենք պիտի ավերված ջրաղացի մոտից ճանապարհ ընկնինք:

 

— Հրամեր եք, — ասաց ծառան:

 

— Դուք մի քնեք, բայց և մի մոռանաք ինձ շուտ զարթեցնել, ես կամիմ մի փոքր հանգստանալ:

 

— Լսում եմ, աղա:

 

Պարոն Ռուստամը, յուր ճանապարհորդության բոլոր պատրաստությունները կարգի դնելեն հետո, որովհետև այն օրը խիստ շատ հոգնած էր, այնպես յուր ճանապարհի զգեստով գլուխը բարձին դրեց, չուշացավ և քունը շուտով թափեց նրա վրա յուր թմրության բաժակը:

 

Բայց երանի թե նա քնած չլիներ... այդ դժբախտ քունը պատճառ եղավ նրա կորստյան: Հանկարծ մի քանի հոգի մտան նրա սենյակը, և գտնելով նրան բոլորովին անզգա քնած, հափշտակեցին նրան յուր մահճի միջից...:

 

Հասավ նշանակյալ ժամը: Օրիորդ Սալբին միայնակ սպասում էր ավեր ջրաղացի մոտ: Այնքան երկար սպասեց նա, մինչև արևը ցոլացրուց յուր ճառագայթները նրա երեսի վրա, բայց տակավին պարոն Ռուստամը չեկավ...:

 

Հետ դառնալով դեպի գյուղը, նա տեսավ բոլոր գյուղացիները հավաքված տեր-Առաքելենց դռանը: Խղճալի օրիորդը իսկույն հասկացավ, թե պատահել է մի օտարոտի անցք: Հասնելով ծերուհի Մկրտչի տունը, օրիորդ նազանին արտասուքը աչքերում, պատմեց նրան. — Գիտե՞ք ինչ է պատահել, Սալբի, այս գիշեր պարոն Ռուստամին հափշտակել են յուր սենյակից. գյուղացիները նրա արյունոտ հագուստը գտել են հեռու, Աղվանա սարերում...:

 

Կայծակի հարված ունեցավ այդ բոթաբեր լուրը խեղճ օրիորդի սրտին, նա շփոթվեցավ... խելքից գնաց... ուշաթափ եղավ...

 

Աստված իմ, աստված, բարերար աստված,

Ամեն քաղցրության լեղի՞ ես խառնած.

Աստված իմ հզոր, միշտ հանապազօր`

Խավա՞ր պիտ անես անմեղներու օր:

 

Ինչո՞ւ ոչ չարը, այլ խեղճ անճարը՝

Բար օր տեսնելու՝ չունենա չարա:

Անօրենն յուր գահեն՝ խլում չէ գեհեն,

Միշտ արդա՞ր Աբել պիտ սարսի քո ահեն:

 

Ափսոս չէ՞ վարդը. — սիրուն զվարթը.

Դեղնի, թառամի, — ծաղկոցի զարդը.

Ափսոս չէ՞ շուշան սիրո միակ նշան,

Փուշի մեջ բուսնի, թողնելով յուր գյուլշան:

 

Եթե դու ես տեր, միշտ եղիր արդար

Չարը խափանիր, բարվույն խնամք տար:

Երբ որ սատանան` առանձին բնություն,

Ես դորան կասեմ. — անիրավություն...

 

Առաջին հատորի վերջը