ՍԻՐՈ ՄՐՄՈՒՆՋ

Անոնք գացի՜ն խորհուրդով ու գաղտնիքով բեռնավոր,
Գացին նավերը սիրույս իմ աչքերուս առջևեն,
Ցըռուկնին վեր, դեպի մութ եզերքները հեռավոր,
Առագաստները գինով, մայրամուտի գաղջ հովեն:
ՈՒ տեսա, որ հինավուրց դիցուհիի պես աղվոր,
Իրենց ձյունի անարատ սրբության մեջ համորեն,
Թևերնին վեր, անծանոթ ափունքներու ուխտավո՜ր,
Անրջանքիս կարապները սահեցան համրորեն...
Իրիկուն է: Կըդիտեմ ես լույծը անհուն ջուրի,
Հովը լըռիկ կըպատմե ինծի հուշքեր երջանիկ,
ՈՒ անմատում խորհուրդով անսահման ջուրը կուռի:...
Քար ու փրփուր ափին վրա կը համբուրվին իմ առջիս...
Ես կը դիտեմ հեռավոր հորիզոնին որ լըռիկ
Գացին նավերը սիրույս ու կարապներն անուրջիս:
Անոնք գացին խարհուրդո՜վ ու գաղտնիքո՜վ բեռնավոր...