ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՅԱԹ–ՆՈՎԱ
(~1712 - 1795)

(ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)


         Հայ ժողովրդական երգիչ–գուսան Սայաթ–Նովան պատկանում է գրականության և արվեստի այն բացառիկ դեմքերի շարքին, որոնց ստեղծագործական ժառանգությունը հաջող քննություն է հանձնում ամենամեծ քննադատին՝ ժամանակին, և իրենք էլ, որքան հեռանում են դեպի դարերի խորքը, նույնքան բյուրեղանում, պայծառանում են և դառնում գալիք սերունդների սիրելին։

    Հարուստ է միջնադարյան հայ աշխարհիկ տաղերգուների թողած ժառանգությունը, թեև այն հասել է մեղ ոչ ամբողջությամբ։ Սխալված չենք Լինի, եթե ասենք, որ հայ տաղերգության լեռնաշղթայի բարձր գագաթներն են հանդիսանում Ֆրիկը, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը, Գրիգոր Աղթամարցին և նաղաշ Հովնաթանը։ Եթե, իրավացիորեն, հանդիմանություն ստանանք այս անունների քչության համար, ապա այդ միմիայն ուրախություն կպատճառի մեզ, սակայն, համոզված ենք, որ բոլոր հայ ընթերցողների և մասնագետների կարծիքն արտահայտած կլինենք, եթե ասենք, որ Սայաթ-Նովան հայ տաղերգության լեռնապարի բարձրագույն գագաթն է, որ 13—18-րդ դարերի այդ նշանավոր տաղերգուների համաստեղծության մեջ փայլում է որպես առաջին կարգի մեծության աստղ, որովհետև, իր բանաստեղծական հանճարի ուժով, ժողովրդական–գուսանական արվեստը հասցրեց համաշխարհային պոեզիայի բարձրագույն աստիճանին։

    Սակայն այս չէ միայն, որ ժողովրդի զավակ գուսան֊–բանաստեղծին դնում է բացառիկ վիճակի մեջ. Սայաթ-Նովան նույնպիսի տաղանդով, ժամանակակիցների վկայությամբ, միաժամանակ հանդես է եկել որպես անզուգական նվագող, որպես գերող ձայնով օժտված երգիչ, որպես ստեղծագործող երաժիշտ, որի հուզիչ, ախորժալուր երգերը հաճույքով ու անձանձիր լսել և լսում են ոչ միայն Հա֊ յա ստանում և Անդրկովկասում, այլ շատ հեռուներում։ Ավելին. Սայաթ-Նովան բացառիկ է և նրանով, որ համարյա հավասար ուժով տաղեր է հորինել երեք լեզվով — ոչ միայն իր մայրենի լեզվով, այլև վրացերեն ու ադրբեջաներեն (նույնիսկ պարսկերեն), քաջ տիրապետելով այդ բոլոր լեզուներին։

    Դեռ է՛լ ավելին, երկու հարյուր տարի առաջ վրաց և հայ գրականության մեջ Սայաթ-Նովան հիմք է դրել ժողովրդական-աշուղական նոր դպրոցների (արեվելյան ձևի) և ամենայն իրավունքով պատվավոր տեղ գրավել այդ երկու, դարերով ամենամոտիկ, ժողովուրդների գրականության պատմության էջերում։ Ինչպես տեսնում ենք, “մուսաները” ոչինչ չեն խնայել անհայտ ու աղքատ ընտանիքից ելած կիսաճորտ պատանի Արութինին։ Բայց ավելի ճիշտ է ասել նրա բնական առատ ու ներդաշնակ հատկությունները, ավելի քան երկու հարյուր տարի առաջ, հասարակական շատ կարճատև ամառ ապրող մի ժամանակաշրջանում, պարարտ հող են գտել ժողովրդական հանճարի անդաստանում) սնվել ժողովրդական ստեղծագործության անսպառ և վճիտ աղբյուրներից։

    Ո՞վ էր Սայաթ–Նովան։ Հալեպից եկած ոմն պանդուխտ Կարապետի և Թիփլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին։ Այս անվիճելի է, մի քանի անգամ նշված հենց իր՝ Սայաթ-Նովայի ձեռքով։

    Վրաստանի վերջին թագավորի որդիներից Թեյմուրազը, որն անձամբ տեսել էր Սայաթ–Նովային, նրա ծերության ժամանակ) ծանոթ էր երգչի եռալեզվյան ստեղծագործություններին (տիրապետելով այդ լեզուներին), որը պատվիրել էր երգչի որդուն, իր համար կազմելու Սայաթ–Նովայի խաղերից մի ժողովածու, իր հուշերում հետևյալն է գրել. “Այսպես Սայաթ–Նովան Իրակլի երկրորդի ժամանակ ճորտագրված էր Գիորդի 13-րդի (այսինքն իր հոր — Մ. Հ.) մոտ և համարվում էր արքայազուն Գիորդիի սեփականությունը, նրա գլեխին, սակայն հաճախ լինում էր Ւրակլի թագավորի մոտ, որովհետև շատ լավ սազանդար էր. զանազան գործիքներ նվագող։ նվագում և միաժամանակ ստեղծագործում էր և երգում զանգան երգեր։ Նա Վրաստանի Տայերից էր—Գիիորգի 13-րդին պատկանող արքունական Սանահին գյուղից։ Ստեղծագործում էր հայերեն և թուրքերեն երգեր ու բանաստեղծություններ՝ զանազան դեպքերի նվիրված։ Յուրաքանչյուր դեպքին զարմանալի սազացնում էր հարմարավոր, խելացի տողեր ու երգում։ Թեև հասարակ տողեր էին դրանք, ժողովրդական գունավորումով կազմված, բայց խիստ դուրեկան” (Գ. Լեոնիձեի “Սայաթ–Նովա” գրքից)։

    Եթե պանդուխտ Կարապետը հիմնավորվել Էր Սանահնում, ապա, ընդունված կարգով, պարտավոր Էր կալվածատիրոջ ցուցակում գրանցվել որպես գլեխի (անձնական ազատությունից չզրկված մի տեսակ կիսաճորտ, ժամանակավոր պարտադրված)։ Եվ իրոք, երգիչը, իր վրացերեն հայտնի բողոք–ոտանավորի մեջ պարզ ասում է. Մե գլեխի վար, թավադոբա արմինդա (ես գլեխի (ռամիկ) եմ, իշխան լինել չեմ ուզում)։ Իսկ խաղերի մեջ նրա, բազմիցս, գործածած ղուլ, ստրուկ, ճորտ բառերը, սոսկ բանաստեղծական արտահայտություններ են։

    Երգչի առաջին կենսագիր և հրատարակիչ Գ. Ախվերդյանից սկսած նրա ծննդյան տարին ընդունված Է 1712 թվականը։ Դրանից շատ ուշ, մինչև վերջերս սկսվեց այդ թվականի վերանայումը, առաջարկների ու թվաբանական հանում– գումարումների տարափով, վեճը տարուբերելով 1711—1722 թվականների արանքում։ Նշվեցին նույնիսկ 1710 և 1724 թվականները։ Այս հարցում (և ընդհանրապես համառոտ այս ակնարկում) բանավեճի մեջ չենք մտնում ոչ մի բանասերի հետ։ 1942 թվականին, վերլուծելով երգչի հայերեն աղավաղված մի խաղը (51), եկանք այն հաստատ համոզման, որ Սայաթ–Նովան ծնվել Է 1717 թվա֊ կանին (տես խաղի ծանոթ.) ։

    Բնավ Էական հարց չէ, թե այդ ծնունդը տեղի է ունեցել Սանահնում, թե Թիփլիսում։ Ավելի հավանականն այն է, որ ապագա երգչի մ անկության տարիներին նրանց ընտանիքը ապրել է Սանահնում, իսկ 1719 — 1722, կամ 1723—1724 թթ. լեզգիների ասպատակության, կամ թուրքական արշավանքի տարիներին, ողջ գյուղի հետ, գաղթել Թիփլիս։ Այստեղ պա տանի Արութինը սովորում է արհեստ, երևի ջուլհակություն։ Անտարակույս, նա աշակերտել է մի վանական դպրոցի—հավանաբար 15—17 տարեկանում (1732 — 34 թթ.), և այդ կլիներ հինավուրց հռչակված Սանահնի դարոցը։

Իր “կենսագրական” ոտանավորում Սայաթ–Նովան գրում է.

“Քսան տարուց էշխի րնկած, լալ կծախեմ սովդաքարին”։ Այս “լալ ծախելը անկասկած, իր երգերի ու խաղերի մասին է ասված, իսկ նրա քսան տարիքը լրանում է 1737 թվականին։ Իրոք, 1742 թ. երգչի գրած ադրբեջաներեն մի բարձրորակ ոտանավորից պետք է եզրակացնել, որ նա մինչև այդ ևս գրել է, ունեցել տարիների փորձ ու վարժություն։ Չի կարելի, իհարկե, բառացիորեն Հետևելով ընդհանրապես գրված “կենսագրական” ոտանավորի տողերին, ժխտել, որ Արութինը խաղ հորինելու ավելի վաղ փորձեր չի արել հենց պստիկ ժամանակից (“պստուց”)։ Չէ՞ որ ինքն ասում է. “Ես չիմացա, թե աշըղությունր ոնց փաթաթվեց իմ գլխին, գուցե կաթի հետ եմ ծծել՝ լուս դառնա իմ մոր հոգին (Ա 47)։

    Ըստ երևույթին, երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ–Նովա գրական–կեղծանունը (ճիշտը՝ Սէյագ Նէվա), որը պետք է համարել (պարսկերեն) “որսորդ սիրահար երգի–ձայնի”, կամ, որ ավելի քիչ հավանական է, պարզապես (թուրքերեն)—“Սայադի թոռ”է Այս դեպքում հնարավոր է, որ երգչի պապի անունը Սայադ լինի, մի անուն, որը սովորական է եղել հայերի մեջ։

    Արվեստի մի քանի բնագավառներում (պոեզիա, երդ, նվագ) իր բացառիկ ունակությունները, շուրջ տասը տարի, Թիփլիսի նման քաղաքում ցույց տված երիտասարդը չէր կարող վրիպել նաև բարձր խավերի աչքից, մասնավորապես պալատական շրջաններից, երբ ինքը ծառայագրված էր և գրանցված թագավորական տան ցուցակներում։

    Ինքը՝ Սայաթ–Նովան, իր կյանքի վերջին տարիներին պատմել է հետևյալը. “Ես գիտեի սազ նվագել. միաժամանակ պարսկական եղանակներին վրացերեն երգեր հարմարեցրի, մի բան, որը դեռ ոչ ոք չէր արել։ Երբ Իրակլի թագավորը մեջլիս կազմակերպեց և երաժիշտներիս տարան այնտեղ, ես պարսկական եղանակներով երգեցի վրացերեն։ Այդ բանը թագավորին շատ դուր եկավ և ինձ պարգև տվեց (խալաթ շնորհեց)։ Դրանից հետո շատերր ցանկացան իմ օրինակին հետևել։ Ինձ սիրով էին ընդունում ամենքը ոչ միայն իմ երգելու արվեստիս, այլև կատակներիս ու այլ աշխարհային գործերիս — մարդկանց մեջ ինձ լավ պահել գիտենալուս համար” (Գ. Լեոնիձե, էջ 29— 30)։ Համարյա նույն բառերով, այդ մասին պատմում են և վրաց ժամանակակիցները (նույն տեղում, էջ 11 —12)։ Բոլոր տվյալներից երևում է, որ երգչի համար բախտորոշ այս դեպքը եղել է 1744—45 թթ., ուստի այդ տարիներին էլ նա, ադրբեջաներենին զուգահեռ, սկսել է նաև վրացերեն գրելը։

    Հայտնի է, որ Սայաթ–Նովան սիրո երգերին զուգահեռ արձագանքել է և սոցիալական կյանքի հուզող հարցերին. “Խալխի նոքարը” ծաղրել, շանթել է ֆեոդալներին, վաշխառուներին և բարձր հոգևորականներին։ Այստեղից էլ ծագել է կոնֆլիկտ և անհավասար պայքար։ Օրինակ, անկասկած է, որ 1752 — 53 թթ. Սայաթ–Նովան ընկնում է աչքից և վտարվում պալատից. պետք է ենթադրել, որ նրա հակառակորդներին, ավելի շուտ նրանից վիրավորանք կրած մեծամեծներին հաջողվել է համոզել Հերակլին՝ սաստելու և վտարելու հանդուգն ռամիկին։ Բավական է կարդալ 1753 թվականին գրված երգչի հայերեն երկու ոտանավորներր, մե֊ կը դիմում վրաց թագավորին. “Դուն էն գլխեն իմաստուն իս”, մյուսը իր անձնական մտորումներն արտահայտող “Արի ինձ անգաճ կալ ա՛յ դիվանա սիրտ”, որպեսզի պարզ լինի երգչի առաջին հալածանքն ապրելր։ Սա նրա համար կըրկնակի վիշտ էր, որովհետև դրանով բաժանվում էր և իր գաղտնի սիրո օբյեկտից, որը եղել է նույն պալատական միջավայրում։ Անհավանական չէ, որ երգչի սիրո այս փաստը ևս օգտագործած լինեն նրա դեմ, որն արտահայտվում է նույն թվականին գրված “Յիս կանչում իմ Լալանին” (11), ծածկատողեր պարունակող խա՛ղում (տես խաղի ծանոթ.)։ Որ այս կոնֆլիկտի հիմնական պատճառը երգչի սոցիալական մոտիվներով գրված սուր տողերն էին, հաստատվում է նաև վրաց “Դրոեբա” թերթում, 1878 թ., Զ. Մթածմի)՝ դելու հաղորգած վերսիայով. իբր Մայսէթ֊նովան կալվածատերերին դատապարտող վրացերեն մի խիստ ոտանավոր է գրել, ճորտ գյուղացիներին հարստահարելու առթիվ, որը տարածվել է ժողովրդի մեջ և աղմուկ առաջացրել, և, որ ամենից ուշագրավն է, զայրացած ֆեոդալների գանգատները Հերակլը թողել է անհետևանք։ Եթե բարձր իշխանավորներին չհաջողվեց դրանով սասանել թագավորին, ապա երգչի սիրահարության գաղտնիքը բաց անելով անպայման կհասնեին իրենց նպատակին։

Երգիչը կրկին պալատ է վերադարձվում, ըստ երևույթին, 1755 թ.։

    Հայտնի չէ, թե Սայաթ–Նովան մինչև երբ մնաց պալատում, որպես երգիչերաժիշտ, բայց առայժմ գուցե պետք է համաձայնել, որ նա իր սիրո և իմաստուն խրատների ((դավթարը փակել է” 1759 թ. կեսերին։ Իսկ եթե 1759 թ. երկրորդ կեսից, թերևս մայիս ամսից, մինչև գեթ 1762 — 63 թթ. ևս շարունակել է գրելը, որն ավելի հավանական է, ապա պետք է ենթադրել, որ այդ ժամանակամիջոցում հորինած խաղերի ժողովածուն անհետ կորել է, գուցե և իր իսկ հեղինակի, կամ մեկ ուրիշի ձեռքով ոչնչացվել։ Դժվար թե միանդամից նա խաշ քաշած լիներ իր վբա որպես երգիչ, կամ բավարարվել վրացերեն գրված մի երկու բողոք-դիմում ոտանավորներով (30, 31)։

    Այսպիսով, Սայաթ–Նովայի կենսագրության ամենակարևոր և անհայտության ամենից թանձր մշուշով ծածկված էջը 1759 թ. երկրորդ կեսից մինչև 1762 — 64 թվականներն են։ Կարելի է համաձայնվել արդեն ասված բանասիրական շատ տրամաբանական մի եզրակացության հետ, որ նա պալատից վտարվել է 1762 թ.։ Ունենք և պակաս հնարավոր, բայց պատմա–բանասիրական գրավչություն ունեցող այլ ենթադրություն, կապված հայ քաղաքական գործիչ Հովսեփ էմինի և վրաց թագավորի միջև, նույն այս թվականներին անհաջողությամբ ավարտված բանակցությունների հետ, սակայն իրականը և անժխտելին այն է, որ մի քանի տարի հետո, Սայաթ–Նովան, Տեր–Ստեփան անունով, այս անգամ հոգևորականի իր ձայնը լսելի է դարձնում Զաքաթալայի Կախի կոչվող հայաբնակ փոքրիկ ավանից։

    Ինչպես երևում է երգչի ձեռագիր դավթարի ազատ էջերում նրա հարազատ որդու և բարեկամների ժլատ հիշատակարաններից, Սայաթ-Նովան մենակ է քշվել այդ խուլ անկյունը, Թիվ/լիսում թողնելով և իր սիրած դավթարը և իր ընտանիքը։

    Իսկ ո՛վ կարող էր նրան պոկել իր սիրելի, իր “հոգևոր հայր”, ամենազոր՝ Հերակլ թագավորից։ Միմիայն ինքը թագավորը, և ուրիշ ոչ ոք։

    Մեր հաստատ համոզմամբ, այդպիսի պատիժը կրկին և միմիայն համապատասխանում է երգչի սիրո ռոմանը ջրի երես հանելուն։

    Սխալ է գրականության մեջ տեղ գտած այն կարծիքը, որ իբր Սայաթ-Նովան հուսահատված, հոգնած աշխարհիկ կյանքից, իր կամքով է ընդունել հոգևորականի ծանր լուծը ապաշխարելու նպատակով։

    Սայաթ–Նովայի պալատից վտարվելը տեղի է ունեցել երեքից հինդ տարվա ժամանակամիջոցում, որպես պատիժ, սակայն, անմիջապես անբաստանումից հետո՞ է ձեռնադրվել քահանա, թե՞ երկու—երեք տարի անց, առայժմ դժվար է իմանալ։ Անկասկած է այն, որ հայոց ՌՄԺԵ (1215+551) = 1766 թ. նրա ձեռքով, բավականին վարժ ու գեղեցիկ բոլորագրով ընդօրինակված և հավանաբար իր կողմից կազմած եկեղեցական բավականին ստվար ժողովածուն չէր կարող հևիհև գրվել հենց նույն թվականին։ նոր կրած ծանր հարվածից հետո ժամանակ էր պահանջվում, որպեսզի նա հաշտվեր, հարմարվեր, տրամադրվեր և ձեռագրեր, նյութեր հավաքեր։ Եվ իրոք, իր թողած հակիրճ հիշատակարաններից զգացվում է, որ արդեն գրիչ Ստեփաննոսը մի քանի տարվա քահանա է։ Դրան֊ ցից բերենք մի օրինակ.

 

    Թուլին հայոց ՌՄԺԵ, գիր տարւոյն 80-ն է, տանուտէրն Այծեղջիւրն է, իսկ խեցգետինն և կարիճն և ձուկն նահանջ են։ Երբ գիր տարւոյն ի նոցա կարգն հասնիս ի մարտի ամիսն, թե Քէ է, դու Փիւր-ն բանեցոյ և թե Փիւր է, դու՝ զՀիւն–ն, սոյնպես մինչև ցԱյբն։ Ի տարւոջն ա գիր յառաջ տուր և թիլ մի ավելի կալ զթուականն. և ուղիղ դաս։ Գրեցաւ է Կախոյ քարվասարէն. ով ընթերցող յիշեայ զգծող գրոյս մեղապարտ Ստեփանոս քայհանայս, որ Սաեադ նովայ կոչեն, և հայրն իմ մահտեսի Կարապետն և մայրն իմ Սառայ և դուք յիշեալ լինիք յառաջի Ա՛յ ամէն։

 

    Անվիճելի է, որ Սայաթ-Նովային քահանա են ձեռնադրել իր կամքին հակառակ, և այդ տմարդի վերաբերմունքը նա չմոռացավ մինչև վերջ։ նախապես գանգատվել– բողոք ել էր իր “հոգևոր հայր” թագավորին, որ “արդար դատե”, որովհետև իրեն անարգել, վտարել են պալատից, որ չի կարող նրանից հեռանալ, եթե Քուռը բավական չլինի, ծովը կնետի իրեն։ Այստեղ էլ նշում է, որ իր լեզվի պատճառով է ավելացրել իր դարդերը (Վ. 30)։

    Այս աղերսանք–ոտանավորը մնացել է երգչի որդու կազմած ժողովածուի մեջ՝ վերջինիս հետևյալ ծանոթագրությամբ. “Հիշատակված է, որ Սայաթ-Նովան, իր ողորմած, ամենուրեք հայտնի, Վրաստանի բարձրապատիվ տեր թագավորի կողմից դժդոհության է արժանացել և նա խռովել է իր խեղճ ստրուկ Սայաթ– Նովայից և հեռացրել պալատից, ասելով՝ “էժան առած չկարծես”։ Սակայն այս֊ տեղ դժվար հասկանալի են “էժան առած (գնած) բառերը, որոնք համընկնոմ են մի՝ բողոք–ոտանավորի “թանգ առած իմ քու ահագին ծախսերով” տողին։ Սայաթ–Նովան ճորտ չի եղել, այլ արքունական տանը պատկանող անձնապես ազատ, բայց պարտագրված, կախյալ վիճակում դրված գլեխի, որը չէր կարող գնված լինել, եթե գերի տարված չի եղել որևէ ասպատակության ժամանակ և փրկագնված։ Ուստի կարելի է հասկանալ կամ նրա վրա արված ծախսերը՝ հագուստ, սնունդ, վարձատրություն, կամ սոսկ՝ բարոյական իմաստով, որ “թանկ” է նստել թագավորին, իր հանդուգն վարքագծի, գրգռիչ երգերի պատճառով, անվերջ հովանավորելով նրան։

    Մինչդեռ այլ տրամադրությամբ է հանդես գալիս նա, որպես պատիժ հոգևորական դարձնելու նախօրյակին գրած բողոք-ոտանավորի մեջ։

 

Ձեռը վի կալ, վատ մարթութին չիմ ուզում…
Յիս մարդ մարթ իմ՝ նամարդութին չիմ ուզում.
Յիս ռամիկ իմ՝ թավադութին չիմ ուզում։
Եկ մի՛ վիթի իմ արունըս թասերով,—
Թանգ առած իմ քու ահագին ծախսերով.
Դուն ինձ պահիր ատլասով ու խասերով…
Սիվ կաբայում սըքվորութին չիմ ուզում։

    Բայց զգալով, որ իր ասածները (բացատրությունը) թագավորը ճիշտ չէ հա– մարելու, որ սգվորի (հոգևորականի) սև կաբան վճռված է հագցնել, կտրել կյանքից, զրկել արվեստից, նա վերջին տողում, խռոված տոնով, բայց համարձակ և արժանապատվության բարձր զգացումով, ինչպես և հայերեն 10֊րդ խաղում, բացականչում է.

 

“Աղ ու հացիտ ախպերութին չիմ ուզում” (Վ. 31, նախորդ հրատ. 25)։

 

    Կնոջ մահից մի քանի տարի հետո, երևի 1770-ական թթ., Սա յաթ–Նովա–ՏերՍտեփան քահանային վանականի (վարդապետի) աստիճան են շնորհում և փոխագրում իր հայրենի Հաղպատի վանքը՝ “Վրաց տան”, հայոց հոգևոր թեմի կենտբոնը։ Այստեղ նա լուսարարի պաշտոն է ստանում, որը հայտնի է իր մի կորած ոտանավորից պահպանված երկու տողից. “Հաղպատի լուսարար Սայաթ–Նովեն իմ, մէ կանթիղս վառելու ձեթ չուն իմ”։

    Այս երկու տողր շատ բան են ասում կենդանի թաղված բանաստեղծի տրամադրության և բոլորովին անհայտ կենսագրության համար։ նախ, որ այստեղ էլ խաղերում իրեն կոչում է Սայաթ–Նովա, երկրորդը՝ շարունակել է գրելը, եթե ոչ խաղեր, գեթ՝ խրատական–խոհական տաղեր։ Աշխարհական, գուցե և, ավելի Հավանականը, քահանա կամ վանական ժամանակ գրված ոտանավորներից պետք է համարել նաև հայերեն երկու հայտնի առակները (58, 59)։ Բայց, որ ունի վրացերեն լեզվով իր վիճակը ողբացող, և գուցե նույնիսկ 70–ական թվականներին (երբ արդեն շուրջ 60 տարեկան էր) գրված մի ոտանավոր, այդ արդեն անկասկած է։ Սա հայտնի “Իմ խիղճ գլուխ քիզիդ էս ինչ պատահից” ոտանավորն Է, ուր հիշում է իր անցյալ լավ օրերը, կրկին չմոռանալով իր պատժված լինելու հանգամանքը.

 

Բըրինձ էի, գարի դառնալն ինչիս էր…
Ասե՛ք, կրոնավոր դառնալն ինչիս էր,
Յիս ազատ մարթ՝ աբեղա դառնալն ինչիս էր…
Իմ տունըս էլ, վուր էսօր էս խուցն էլավ,
Դե էլ յիս ում միղ դընիմ, ինչից էլավ.
էս ամենըն հենց իմ էս խելքից էլավ (Վ. 32)։

 

    Այս խաղը իր խցի մեջ վրացերեն երգել է՝ չոնգուրի նվագակցությամբ, Հազա պատի ծեր վանականը՝ Սայաթ–Նովան, և նույն ժամանակ, գրի է առել երիտասարդ մի վրացի աբեղա, որ Էջմիածնից վերադառնալիս հյուրընկալվել է, մինչ այդ անծանոթ, վրացերեն քաջ իմացող վանականի կողմից։

    Երիտասարդ աբեղան զարմացած, ծեր վարդապետի այս անսովոր “անվայել” ելույթից, որը ողբում է իր հոգևորական դառնալը, բացականչում է.“Վարդապետ, դեպի ձախ ես խոտորում”.— “Երբ քո տարիքին էի, դեպի ձախ էլ էի գլորվում, դեպի աջ էլ”. — “Ուրեմն դրա համա՞ր ես սգում ու լալիս”. — “Դրա համար էի, քեզ համար էլ, որ այդքան ջահել դարձել ես կուսակրոն”, ստանում է հյուրասեր, վանականի պատասխանը։ Հյուրի հարցին, թե ո՞ւմ հետ է խոսում. — “Ես դժբախտ Սայաթ–Նովան եմ, եթե լսել ես, իհարկե”։ Աբեղան պատասխանում է. “Ինչպե՛ս չեմ լսել. քո համբավը, որպես լավ երաժիշտ և խելոք մարդ, տարածված է ամեն տեղ”, և այնուամենայնիվ խորհուրդ տալիս, որ նա իր աշխարհիկ երգերից ու սազից ևս ձեռք քաշի։

    “Իմ վանահայրն էլ է նույնն ասել ինձ, սրամտելով, պատասխանում է Սայաթ֊նովան, բայց ևս հետևյալ պայմանը դրի, քանի որ այս լարերը չեն կտրվել և սազիս վրա են, ես նրանցից ձեռք քաշողը չեմ, որովհետև ինձ աբեղա ձեռնա գրելու ժամանակ այս լարերը գրպանումս էին մնացել և ինձ հետ միասին օրհնվել, ուստի, նվագում եմ օրհնված լարերով”։ “Այսպես խաղաղ ու կատակներով մենք վերջացրինք մեր ճաշը”, պատմում է երիտասարդ աբեղա Իոնե Խելաշվիլին։

    Սկսած Գ. Ախվերղյանից, մինչև 1930 թվականը, 80 տարի, անվիճելի է համարվել այն ավանդությունը, որ Սայաթ–Նովան, շատ– շատերի հետ, սրախողող սպանվել է Պարսկաստանի դաժան տիրակալներից մեկի՝ ներքինի Աղա–Մահմեդ խանի զինվորների կողմից, 1795 թ. սեպտեմբերի 20֊ին, Թիփլիսի գրավման և ավերման ժամանակ։ Այդպես են պատմել Ախվերդյանին նրա թաղմանը մաս֊ նակցած իր ժամանակի ծերերը, 1848 —1851 թվականներին, որը չեն ժխտել երգչի թոռները և ժամանակակիցները։

    Պարսից բանակը, հազարավոր գերիներով ու մեծ ավարով Թիփլիսից դուրս գալուց հետո Սայաթ–Նովայի դին “թաղում են մեծ բերդի եկեղեցու հյուսիսաձին փոքր դռան առջևն։ Թեպետ Սայաթ–Նովու գերեզմանն չունի քար գցած, բայց էսպես պատմում են նրա թաղման պատահողներն”, գրում է Գ. Ախվերդյանը։

    Սակայն գիտական միտքը չի կարող բավարարվել ավանդություններով, երբ հանդես են գալիս դրանք մերժող կամ սրբագրող իրական փաստեր։

    Վրացական արխիվներից և այլ գրական տվյալներից, Գ. Լեոնիձեն և պրոֆ. Մելիքսեթ–Բեկը հայտնաբերեցին վկայություններ, որ Սայաթ–Նովան մեռել է իր բնական մահով՝ 1801 թվականին։ Անկախ դրանից, վերը հիշված վրացի աբե– զան Սայաթ–Նովային հանդիպել է Հաղպատում 1800 թ. աշնանը։ Իսկ եթե սրանց գումարում են և այն, որ Սայաթ–Նովայի նահատակության մասին ոչ մի ժամանակակից իր հիշողություններում չի նշել, բայց այդ օրը սպանված, նույնիսկ երկրորդական մարդկանց անուններ են տալիս, ապա նրանց կռվաններն ավելի զորավոր են դառնում։ Իր որդիները, մասնավորապես Օհանը՝ իր գրություններում, (և թոռները) նույնպես ոչինչ չունեն ասած այդ մասին, բայց չունեն ասած և հակառակը։

    Սակայն այս ամենը իրավունք չի տալիս առ այսօր ժխտել, որ Սայաթ–Նովան չի սպանվել, կամ չէր կարող իր բնական մահով, ավելի ուշ, մեռած լինել։ Բայց զորավորը և ան՛ժխտելի դարձածը երգչի գերեզմանի գոյությունն է, որի վրա 1914 թ. մայիսի 15֊ին, հայ գրողների, մասնավորապես Հովհ. Թումանյանի և նկարիչ ու դրական գործիչ Գ. Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, ողջ Թիփլիսի հասարակայնության կողմից կանգնեցվեց մահարձան։

    Թիփլիսի բոլոր լեզուներով խոսող բազմահազար բնակիչներ, համքարներն իրենց դրոշակներով, հայկական դպրոցների աշակերտները, բանվորներ, ծառաթողներ, գիտնականներ, գրողներ և արվեստի գործիչներ, յուրաքանչյուրի կրծքին մի կարմիր վարդ, որպես երգչի սիրո սիմվոլը՝ այդ օրվա խորհրդանշանը, շարժվում են դեպի Կաթողիկե եկեղեցին և բացվում է համաժողովրդական շքեղ ուս պատմական հանդես՝ նվիրված Սայաթ–Նովայի անմահ հիշատակին, նրա սրբադան դարձած գերեզմանի վրա։ Ահա՛, ո՛րն է անժխտելին։

 

* * *

 

    Երկու դար անցյալ ունեցող Սայաթ–Նովայից մնացած գրական ժառանգության գլխավոր առավելությունն այն է, որ չհաշված չնչին բացառությունները, ինչ մնացել և հասել է մեզ, պատկանում է իր՝ հեղինակի սեփական գրչին, մասամբ էլ նրա որդու արտադրությամբ։

    Արդ, երեք լեզվով, մինչև 1758 — 59 թթ., այսինքն երդչի 20—25 տարվա ստեղծագործական ոչ երկարատև ժամանակաշրջանում հորինած խաղերի ո՞ր մասը հասած կլինի մեզ։ Այս հարցին ճիշտ պատասխանել չի կարելի, բայց զանազան աստերից կարելի է մոտավոր ենթադրության հանգել, որ ընդհանուրի մեջ կորուստր կազմում է շուրջ մեկ երրորդը, իսկ մեր ձեռքը հասել է 220—225 խաղ, որոնց մեջ ադրբեջաներենը կազմում է կեսից քիչ ավելին։

    Այս քանակը, իհարկե, քիչ չէ, բայց և չի կարող տալ Սայաթ–Նովայի և նրա ստեղծագործության ամբողջական պատկերը։ Սորած նույնիսկ մեկ ոտանավորը կարող է շատ կարևոր մի ամբողջ էջ պոկել հեղինակի կյանքից և աշխարհայացքի ամբողջությունից։

    Թեև ադրբեջաներեն ամբողջական և անվիճելի 114 խաղերից 43–ը դեռ չենք թարգմանել, նույնիսկ կիսով չափ չենք վերծանել (բարդ բառախաղով՝ թեջնիսով գրված լինելու պատճառով), բայց և այնպես անհամեմատ ավելի ճանաչելի է դարձել Սայաթ–Նովան, սույն ժողովածուում տեղ գտած իր 170 խաղերով։

    Սակայն վերջերս եռապատկված այս քանակից առաջ Էլ, միայն 46, ապա մեր դարասկզբին 54–ի հասած խաղերով, Սայաթ–Նովան նույն սիրուն և հմայքին Էր արժանացած, ինչ որ այժմ։ Մի քանի հայերեն խաղերին ծանոթանալուց հետո Էր, որ ռուս գրականության և կուլտուրայի մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ Վալերի Բրյուսովը, մոտ 45 տարի առաջ, դրեց հետևյալ տողերը.

    “Աշուղների պոեզիան անհասանելի բարձունքներին հասցնող երգիչը եղել Է Սայաթ–Նովան. իր հանճարի ուժով ժողովրդական երգչի արհեստը նա՛ դարձրեց պոետի բարձր կոչում ը”։

    Ինչպես հայտնի Է, տասնյակ հայ, վրացի, ռուս, ադրբեջանցի և օտար հան՛ րահռչակ հեղինակություններ ամենաբարձր, ամենաջերմ և անկեղծ գնահատականներով են խոսել Սայաթ-Նովայի մասին, վեր հանել նրա արժանիքները և տաղանդի ուժը։

    Ինչպես Հ. Թումանյանն Է ասել, Սայաթ-Նովան ((մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի... գեղեցիկ ձևի մեջ մի մշտական հուր հոգի Է նա, մի ազնիվ և լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհքի հարազատ շնչի նման միշտ խաղալու Է Կովկասի ժողովուրդների վրա…”։

    Իր ժամանակակիցներից մի ամբողջ գլխով բարձր կանգնած Սայաթ-Նովան, իրավամբ համարվել ու համարվում Է Անդրկովկասի ժողովուրդների դարավոր բարեկամության մի անթառամ սիմվոլ։ Մանավանդ հայ իրականության մեջ, նա սիրված անուն դարձավ իր 4 — 5 տասնյակ հայերեն խաղերով միայն։ Իրոք, իր հայերեն խաղերում նա անկրկնելի Է անմիջականությամբ ու պարզությամբ, անօրինակ Է իր նրբությամբ ու գունագեղությամբ, բացառիկ Է հոգու և մտքի, աչքի և Լեզվի ներդաշնակությամբ, մի պարզ, գերող կախարդ, մշտապես բաբախուն ջերմ սիրտ, ժողովրդական մի իսկական հանճար։ Հայ գրականության մեջ մարդու և աշխարհի հետ այդպես են խոսել հատկապես նարեկացին ու պատմիչ Լաստիվերացին, Աբովյանն ու Կոմիտասը, Թումանյանն ու Իսահակյանը, Դուրյանն ու Տերյանը* վերջապես այդպես Է մրմնջացել դարերով տառապած հայ ժողովուրդը՝ հայ կնոջ և հա( պանդուխտի շուրթերով։

    Ունկնդրած հայ ժողովրդական և ընդհանրապես արևելյան բանահյուսության գոհարներին, Սայաթ–Նովան մի կողմից ձայնակցում Է միջնադարյան հայ տա՛ղերգուներ Կոստանտին Երզնկացուն, Գրիգոր Աղթամարցուն և այլոց, իր անմիջւսկան նախորդ նաղաշ Հովնաթանին, մյուս կողմից Դոստիին, ադրբեջանական աշուղ–բանաստեղծ Աբրաս Դիվարգանլուն և այլոց. մի կողմից՝ բիբլիական “երդերգոցին)), մյուս կողմից՝ իր մինոր ձայնով, արևելյան հսկաներին՝ Ֆիրդուսուն և Բաբաթահերին, Նիզամուն և Ֆուզուլուն, Սաադիին ու Հաֆեզին…

    Իր սիրո մեծ տրագեդիան, մարդու հանդեպ տածած, անհասանելի և հրկիղող բուռն սիրո թափն ու մեծությունը երգելու համար երեսուն տարեկան Սայաթ–Նովան խորապես զգաց մայրենի լեզվի կարիքը, այն լեզվի, որով թոթովել Է մանկուց, որով մտածել ու մտածում Էր։ Սիրատոչոր բանաստեղծի վարար զգացմունքների համար լայն հուն Է բացվում մայրենի լեզվի միջոցով և նրա հայերեն երգերը հորդում են ամբարտակը ճեղքած լեռնային գետի պես։ Սա բանաստեղծի ինքնաճանաչությունն Էր, մեծ գյուտն Էր, որին հասավ բնական և հասարակական զորավոր մղումով։

    Անվիճելի Է, որ Սայաթ–Նովան, մանավանդ հայ իրականության մեջ, հըռչակվել Է որպես լիրիկ) սիրո երգիչ, հատկապես իր անձնական անբախտ սերը անօրինակ թափով ու նրբությամբ երգելու համար։ Այս ամենը, իհարկե, նախ և առաջ պարտական Է նրա բանաստեղծական տաղանդին, բայց երգչի նույնիսկ անձնական սերը և այդ մեծ սիրո մասին հորինած չափածո խոսքը հավասար չափով վառ ու անմար են մնում նաև այլ պատճառով։ Այն, որ երգչի անձնական սիրո պատմության և գրական–երաժշտական արտահայտության մեջ, նրա տաղանդի շնորհիվ, զարմանալի վարպետությամբ, չափի զգացումով ու անկեղծությամբ, հարազատորեն ցոլացել Է իր ժամանակի հասարակական հարբերությունների և կրոնական կապանքների մեջ խեղդվող ու բոցկլտացող սերն ընդ֊ հանրապես և աշխատավոր ժողովրդի դարերով բանդած անբախտ սերը մասնավորապես։ Իսկ այս մեղ հետ կապված մի ամբողջ Էպոխա Է, մի աշխարհ, որի մեջ մարմնավորված Է մեծ գուսանի անմեռ հմայքի գաղտնիքը, և որին նա հասնում Է մայրենի լեզվով շարահյուսելու հատուկ ձևերով, կենդանի ոճերով ու պատկերներով։ Իր մայրենի լեզվով ևս մտնելով գրական ասպարեզ, Սայաթ–Նովան համարձակ կերպով դիմեց ժողովրդական հարուստ, կենսալի խոսակցական լեզվի օգնությանը, մերժեց տաղերգուների դարավոր քարացած բանաստեղծական ձևերը, առաջ քաշելով ժողովրդական ոճերն ու ներդաշնակ՝ բացառիկ սիմֆոնիայով հանգավորման եղանակները։ Սակայն սրանք ևս անբավարար Էին նրա այդ մեծ գործի համար և նա ավելի մեծ համարձակությամբ դիմեց ժողովրդի մեջ տարածված ու հարազատացած պարսկական և թուրքական պոեզիայի հարուստ ձևերին ու հանգավորման եղանակներին և, հայերին ծանոթ, այդ լեզուներից ընդհանրացած բազմաթիվ բառերի ու տերմինների։

    Ավելին. Սայաթ–Նովան կոտրեց նաև շեշտադրման քարացած կանոնները և կիրառեց ժողովրդական–զրույցային ազատ շեշտը, հաճախ դնելով բառերի առա֊ ջին վանկի վրա, մանավանդ, որ հայոց լեզվում շեշտը չի փոխում բառի իմաստը։ Այսինքն Սայաթ–Նովան կատարեց այն, ինչ չկարողացավ հաղթահարել իր ավելի կրթված ու գրագետ նախորդը՝ նաղաշ Հովնաթանը։

    Սայաթ–Նովան հպարտությամբ իրեն կնքեց աշուղ անունով, մերժելով նունիսկ տաղ բառը, իմանալով, որ այդ գալիս է եկեղեցական, հոգևոր երգերի անունից, փոխարենն ընդունելով ժողովրդական խաղ բառր։ Որպեսզի չթվա, որ նա այդ արել է բարբառի ազդեցությամբ,— ինքնաբերաբար, հիշենք մի երկու օրինակ, “Խաղ իս էլի, Սայաթ–Նովա”, “Խաղի դավթար իմ քիզ համա”, և միաժամանակ, հստակ նշում է խաղն ու տաղը՝ անջատված իմաստով.

 

Մեջլիսներու խաղըն ղուն իս,
Վանքերումրն տաղըն դուն իս,
Սայաթ–Նովու բաղըն դուն իս (28)։

 

    Իհարկե, Սայաթ–Նովան ևս իր շատ բարձրորակ խաղերի մեջ ունի միջին որակի խաղեր, բայց ոչ թույլ ու ձանձրալի։ Ասում են, թե արծիվը երբեմն հավից էլ ցածր է թռչում, բայց միշտ արծիվ է մնում։ Միաժամանակ դժվար գործ է լավերի մեջ լավագույնի ընտրությունը։ Նայած ո՞վ է ընտրում, ի՞նչ աշխարհայացքով–մոտեցումով, ե՞րբ է ընտրում, նույնիսկ կյանքի, տարիքի, անգամ տրամադրության ո՞ր պահին։

    Սակայն նշելու է Սայաթ–Նովաի բախտավոր եզակիությունր միջնադարյան հայ գրականության մեջ, որ մոտ երկու երրորդով մեզ հասած նրա եռալեզու ստեղծագործությունների շարքում բանա ստեղծական գոհարները հաշվում ենք ոչ թե մատներով, այլ տասնյակներով։

    Երգչի գրական ժառանգության մեջ սիրային մոտիվին նվիրված բազմաթիվ խաղերի շարքում հանդիպում ենք իր անձնական վշտերն ու ապրումներն արտահայտող շուրջ 15 խաղի, նույնքան էլ ինքնաճանաչությանն ու իր արժանապատվության զգացումներին է նվիրված, բայց այս ամենի մեջ զգալի տեղ են գրավում Սայաթ-Նովայի խոոական-խրատական մոտիվները, որոնց նվիրված է նրա ստեղծագործության մեկ հինգերորդից ավելին։ Դրանցից շուրջ 30 խաղ գըրված է ադրբեջաներեն լեզվով, երկու երրորդը թարգմանված և տեղ գտած սույն ժողովածուում։ Ըստ երևույթին, մոտավորապես այդքան էլ պետք է եղած լիներ վրացերեն, բայց որովհետև վրացերեն խաղերի ժողովածուն, դավթարի մի զգալի մասի հետ կորել է (գուցե և անդարձ), ուստի մեզ հասել է նման մի քանի խաղ միայն (օր. 22, 23, 29)։

    Համարձակ կարելի է ասել, եթե Սայաթ–Նովայից պահպանվեին միայն այս ոչ սիրային մոտիվներով գրված խաղերր, թեկուզ և համեմված կրոնական մորալով, նա կրկին պատվավոր տեղ կգրավեր գրականության և գրականության պատմության մեջ։ Առանց այս մոտիվների, Սայաթ-Նովան չէր լինի իր հասարակության կյանքն արտահայտող խոշոր ներկայացուցիչն ու քարոզիչը, իր էպոխայի հայելին։

    Յուրահատուկ փիլիսոփա-բարոյախոս, առաշավոր քաղաքացի և մարտիկ Սայաթ–Նովայի պոետական մեծությունր սակայն հանդես է գալիս գերազանցորեն սիրո խաղերի մեջք նրա անմահությունը նրա թողած սիրո երգերի մեջ է, իր անհավասար սերը մեծ խորությամբ ու նրբությամբ երգելու մեջ, իր ազնիվ հոգու և պայծառ մտքի ողջ կարողությամբ։ Եվ այդ, ինչպես ասվեց, միայն իր՝ երգչի անձնական սերը չէր, այլ ֆեոդալական–ավատական պայմաններում, կրոնական քարացած դոգմաներով շղթայված մարդու շղթայված հույզերի պոռթկումն էր, Հանճարեղ գուսանի շուրթերով։

    Բավական էր, որ “խալխի նոքարր” դուրս եկավ այդ քարացած սկզբունքների դեմ հետևյալ համեստ բառերով.

“Թե վուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում…”

    Իր սիրային երգերում օգտագործելով ոչ միայն հայ ժողովրդական երգերի ու տաղերգուների սիրած մոտիվները, այլև Առաջավոր Ասիայում ընդհանրացած մոտիվները, ձևերն ու պատկերները, բոլոր դեպքերում նա ինքնուրույն է և ինքնատիպ, սեփական ոճով, և ոչ պասսիվ հետևորդ։ Ամբողջ արևելյան պոեզիայում սոխակը անվերջ երգում–դայլայլում է, լալիս, բայց մեր երգիչը երբ սիրածին առաջարկում է գիշերը պարտեզ գնալ զբոսնելու, գիշերվա անդորրը պատկերելու համար, ասում է.

“Բլբուլը քնած վարդի սաջարին” (թփին)։

    Արտաքուստ նմանվող նրա բազմազան պատկերները չեն կրկնվում երբեք, Ինչպես չեն կրկնվում երբեք առաջին հայացքից շատ նմանվող հայկական զարդաքանդակները ։

    Այդ նկատել են ռուս հեղինակներից — բանասեր պոետներից երկուսը՝ Յակով Պոլոնսկին և Վալերի Բրյուսովը։ Պոլոնսկին այն մարդն էր, որն առաջին գրավոր և ջերմ խոսքն ասաց երգչի մասին՝ 1851 թ. “Կավկազ” ռուսատառ թերթում, իր բարեկամ Գ. Ախվերդյանի դեռևս անտիպ ժողովածուից վերցնելով և հրապարակ հանելով երգչի մի քանի տաղերր։ նա գրում է այդտեղ, որ Սայաթ–Նովայի երգերը “բնավ նման չեն ոչ հարևան ցեղերի երգերին, և ոչ էլ այլ երդերի, որ եկել են Արևելքից, թեև հիշեցնում են նրանց”, որ “չափազանց անհատական” այդ Հեղինակի երդերում “կա քիչ երևակայություն, բայց շատ զգացմունք”։

    Դրանից 65 տարի հետո ռուս ականավոր պոետ և գրականագետ–բանասեր Վալերի Բրյուսովը “Հայկական պոեզիայի անթոլոգիան” պատրաստելիս, թարգ֊մանելով Սայաթ-Նովայի երգերից մի քանիսը, նրան դասում է “առաջնակարգ այն պոետների շարքին, որոնք իրենց հանճարի զորությամբ, դադարում են մեկ ժողովրդի սեփականությունը լինելուց, բայց դառնում են ողջ մարդկության սի֊ րելին”։ Վ. Բրյուսովը Սայաթ–Նովային համարում է “երկնային այն հազվագյուտ պարգևներից… որոնք “օրհնանք են թողնում իրենց դարին ու իրենց ժողովրդին”։

 

Մ. Ս. ՀԱՍՐԱԹՅԱՆ