ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ, ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ...

Ա

Ավա՜ղ, սպարանքի մը պես մեծ էիր և շքեղ,
ՈՒ ես` երդիքներուդ սպիտակ կատարեն,
Աստղածորան գիշերներու լույսին հետ,
Վարեն, ահեղավազ Եփրատին կ'ունկնդրեի...:

Բ

Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ ավերակ առ ավերակ
Քու լայնանիստ պատերդ իրարու վրա կործանեցին,
Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արյունի...
Զքեզ եզերող պարտեզիդ ծաղկըներուն վրա:

Գ

ՈՒ մոխրացա՜վ այն սենյակը կապույտ,
Որուն որմերուն ետև և գորգերուն վրա
Իմ երջանիկ մանկությունս կը հրճվեր,
Եվ կյանքս կ'աճեր և հոգիս իր տևերը կ'առներ...

Դ

Փշրեցա՞վ, ուրեմն, այն հայելին ոսկեծիր,
Որուն եթերային խորությանը մեջ,
Երազներս, հույսերս, սերերս և կամքս կարմիր,
Տարիներով, մտածումիս հետ, ցոլացին...:

Ե

ՈՒ բակին մեջ երգող աղբյուրը մեռա՞վ,
ՈՒ կոտրտեցա՞ն պարտեզիս ուռին և թթենին.
Եվ այն առվակը որ ծառերուն մեջեն կը հոսեր,
Ցամքեցա՞վ, ըսե', ո՞ւր է, ցամքեցա՞վ, ցամքեցա՞վ...

Զ

Օ', այն վանդակին կ'երազեմ հաճախ,
Որուն մեջ գորշագույն կաքավս, առավոտուն,
Արևածագին հետ և վարդի թուփերուն դիմաց,
Զարթնումի ժամուս` հստակորեն կը կարգճեր...:

Է

Հայրենի՜ տուն, հավատա' որ մահես հետո,
Քու ավերակներուդ սևին վրա իմ հոգիս
Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր,
Իր դժբախտի երգն և արցունքը լալու...:

Ը

Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե,
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ,
Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու...

Թ

Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի տուն,
Ափ մը մոխի՜ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե,
Քու հիշատակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ,
Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...: